Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը

Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը

Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։ Գործընկերության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական և իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռևս առկա են մարտահրավերներ։ ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար: Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ավարտից հետո Հայաստանն այլևս չի կարող օգտվել համակարգով առաջարկվող` ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից: Այնուամենայնիվ, ընդգծվեց, որ թեև ՀԸԳՀ-ն չի նախատեսում ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ, այն կարևոր ներուժ ունի երկկողմ առևտրային հոսքերին նպաստելու համար, որը պետք է ամբողջությամբ իրացվի: Գործընկերության խորհուրդը համաձայնել է, որ միջուկային անվտանգությունը առաջնահերթություն է, և այս առումով ի գիտություն է ընդունել Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը՝ ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի ազգային գործողությունների ծրագիրը՝ որպես ԵՄ աջակցությամբ ընդունված սթրես-թեստերի գործընթացի մաս: Խորհուրդը նաև վերահաստատել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը՝ Փարիզի համաձայնագրի և ՀԸԳՀ-ի համաձայն: Այդ նպատակով ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» նորացված թիրախները և քաջալերել Հայաստանին՝ ընդունելու Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն՝ նպատակ ունենալով մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության՝ ԵՄ պարտավորություններին համապատասխան: Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը զբաղվածության և կրթության ոլորտներում՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և արհմիությունների և գործատուների մասին օրենսդրությունը վերանայելու կարևորությունը՝ Հայաստանի օրենսդրական դաշտը Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների հետ ավելի համապատասխանեցնելու համար: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ընդունելու կրթության նոր ռազմավարություն և վերահաստատել է իր շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կրթության, ուսուցման և երիտասարդության հարցերով ռազմավարությունների վերաբերյալ: Գործընկերության խորհուրդը գոհունակություն է հայտնել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հաջող համագործակցության կապակցությամբ և ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական և ինովացիոն նախագծերին: Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։ ԵՄ-ն արձանագրել է Վիզաների դյուրացման համաձայնագրի և Ռեադմիսիայի համաձայնագրերի՝ ընդհանուր առմամբ, հաջող իրականացումը և առաջարկել Հայաստանին՝ շարունակելու ջանքերը: Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես համագործակցության էական հարթակ: Խորհուրդը նաև վերահաստատել է, որ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հիմնարար խնդիրները մնում են Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնասյունը: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Հայաստանը կշահի Արևելյան գործընկերության՝ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգից, ինչպես նաև հավակնոտ Տնտեսական և ներդրումային պլանից՝ ԵՄ-ի և Հայաստանի կողմից որոշված՝ այս օրակարգի հիմքում ընկած ուղենշային նախաձեռնություններով, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության աճի խթանմանը, փոխկապակցվածությանը, ինչպես նաև կանաչ ու թվային անցմանը, հարավային շրջանների կրթությանն ու զարգացմանը: Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ կողմից հրապարակվել է Գործընկերության խորհրդի 2020 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած նիստից ի վեր Հայաստանում և ԵՄ-Հայաստան հարաբերություններում զարգացումների վերաբերյալ Գործընկերության իրականացման զեկույցը: Այն ընդգծում է Հայաստանի առաջընթացը ՀԸԳՀ-ի իրականացման գործում և ԵՄ-ի առանցքային դերը՝ գործընթացին աջակցություն ցուցաբերելու մեջ: Գործընկերության խորհուրդը նախագահում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։
09:45 - 19 մայիսի, 2022
Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առայժմ Ադրբեջանի կողմից դրական արձագանք չենք լսել․ Արարատ Միրզոյան

Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առայժմ Ադրբեջանի կողմից դրական արձագանք չենք լսել․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ․ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը, իսկապես, եզակի հարթակ է, որտեղ մենք խորքային քննարկումներ ենք ունենում և մտքեր փոխանակում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի կոնկրետ ասպեկտներից մինչև տարածաշրջանային և քաղաքական հարցեր։ Եվ ես ակնկալում եմ, որ արդեն իսկ հաստատված ավանդույթներին համահունչ, մենք կունենանք բաց և ընդգրկուն երկխոսություն: Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Եվրամիության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաև ՀԸԳՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 1-ամյակը։ Մենք, անշուշտ, կանդրադառնանք նաև այս համաձայնագրի իրականացմանը: Այսօր մենք կխոսենք նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացի մասին: Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն: Այսօր կքննարկվեն նաև դեռևս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ:Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է դեպի առավել ամուր փոխըմբռնում, գործընկերության, ինչպես նաև մեր քաղաքացիների համար խաղաղության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հարց. Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանն ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։ Արարատ Միրզոյան. Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը: Հարց. Եվս մեկ լրացուցիչ հարց. Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, սակայն այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու: Արարատ Միրզոյան. Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»:
09:29 - 19 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-18-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախարար Միրզոյանի նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը: Մտքեր կփոխնակվեն նաև առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ: Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:
10:20 - 17 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄէ-ի արտգործնախարարին

Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄէ-ի արտգործնախարարին

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին: Նախարար Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում: Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
20:43 - 14 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների կապակցությամբ

Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների կապակցությամբ

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։ Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի ու Տաջիկստանի միջև քաղաքական կապերի ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։ Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։
16:18 - 13 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 13-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հնարավորություններին: Քննարկվել են կազմակերպության գործունեության հետագա ուղղությունները։ Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել մայիսի 12-ին տեղի ունեցած՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ ԱՊՀ ԱԳ նախարարները դիտարկել են ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև բազմամակարդակ խորհրդակցությունների 2021 թ. ծրագրի մասին զեկույցը, անդրադարձ կատարել մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների վերաբերյալ գիտական նախագծերի ցանկին։ Համաձայնեցվել են «Մետաքսե ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանին զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին որոշումը և այլ փաստաթղթեր։ Ընդունվել է որոշում «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի վերաբերյալ, որի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը` երիտասարդության ներուժի խթանման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
13:57 - 13 մայիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ հանդիպումը

Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։
20:02 - 12 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված հարցեր

Մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։ Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր։
18:46 - 12 մայիսի, 2022
Սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում |azatutyun.am|

Սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ից 17-ը Մոսկվայում: «Ուզում եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հարցը: Կարծեմ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան կոմունիկացիաների հարցով քննարկումներ, կա պայմանավորվածություն, որ այնտեղ նույն օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության խնդրով երկկողմ հանդիպում»,- ասել է Միրզոյանը:
17:05 - 12 մայիսի, 2022
Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

Ռուսաստանի նախագահ Պուտինը երկրորդ կիսամյակում կայցելի Հայաստան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի, նախնական տվյալներով, կայցելի Հայաստան: Այդ մասին այսօր Դուշանբեում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: «Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումն է: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից դեկտեմբեր, ժամկետները, բնականաբար, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը: Դուշանբեում հավաքվել են ԱՊՀ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Ակնկալվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
16:55 - 12 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ: Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր), Նիդերլանդների խորհրդարանում կհանդիպի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
19:35 - 10 մայիսի, 2022