ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021- 2025թթ. գործողությունների պլանի նախագիծը |armenpress.am|

Հանրային քննարկման է դրվել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021- 2025թթ. գործողությունների պլանի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման կարևորությունը՝ դեռևս 2014 թվականին Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը և 2014-2019 թվականների գործողությունների ծրագիրը: Այս ընթացքում ռազմավարության ներքո տարբեր պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվել են ֆինանսական կրթման մի շարք ծրագրեր դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար։ 2019 թվականին Կենտրոնական բանկն իրականացրել է «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքների հիման վրա 2020 թվականին Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը կազմել է ֆինանսական կրթման ազգային ծրագիրը և 2021-2025 թվականների գործողությունների նոր պլանը՝ «Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի» և Գերմանիայի կառավարության աջակցությամբ: Ռազմավարության իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Վերջինս պատասխանատու է ուսումնական հաստատություններում ֆինանսական կրթության համար: Հանձնաժողովում ընդգրկված ԿԲ-ն և մյուս  կառույցները պատասխանատու են ֆինանսական կրթման այլ ծրագրերի մշակման ու  իրականացման համար: Նոր ծրագրի նախագծով ամփոփվում է ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի իրագործման առաջին փուլի (2014-2019 թվականներ) ընթացքում գրանցված առաջընթացը, ինչպես նաև ներկայացվում են 2021-25 թվականների տեսլականը և գործողությունների պլանը: Փաստաթղթում սահմանվում են ֆինանսական կրթության առաքելությունը, նպատակները, նպատակային ցուցանիշները, խնդիրները, ուղղորդող սկզբունքները, թիրախային խմբերը և նրանց ուղղված ծրագրերը, դրանց արդյունավետության գնահատման և ֆինանսավորման մոտեցումները։ Ֆինանսական կրթման ազգային ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների ծրագրեր. օգնել երկրի բնակչությանը, որպեսզի ձեռք բերեն գիտելիքներ, հմտություններ, ձևավորել վերաբերմունք և վարքագիծ, որոնք անհրաժեշտ են անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար: «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիր (2014-2019 թթ.) «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը գործարկվել է 2014 թ.-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԲ-ի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի նպատակն էր ապահովել ֆինանսական կրթություն ոչ միայն աշակերտների, այլև նրանց ընտանիքների անդամների համար: Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Մշակվել և հաստատվել են կրթական չափորոշիչներ, ծրագրեր ու այլ ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր: 2017-2018 ուսումնական տարում պիլոտային ծրագիրն իրականացվել է 14 դպրոցներում: Ծրագրի արդյունավետությունը գնահատվել է ֆոկուս խմբերի միջոցով` ցույց տալով ծրագրի դրական ազդեցությունը:       Այդ արձագանքի հիման վրա 2018-2019 ուսումնական տարում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 2019 թ. դեկտեմբերի դրությամբ՝ ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220,000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել: Ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրում (2014-2019 թթ.) ՀՀ ԿԲ-ն համագործակցել է համալսարանների հետ՝ ապահովելու ուսանողներին ֆինանսական կրթության տրամադրումը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանն ունի «Անձնական ֆինանսների ներածություն» դասընթաց: ԿԲ-ն վերապատրաստել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի շարք դասախոսների՝ այդպիսով հնարավորություն տալով նրանց ապահովել իրենց ուսանողների ֆինանսական կրթությունը: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ծրագրերի բազմաթիվ միջոցառումներ հիմնականում թիրախավորել են ուսանողներին։ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի միջոցառումների շարքը ներառել է ֆինանսական բանավեճեր՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի հետ համագործակցությամբ, ֆինանսական թեմաներով ինտելեկտուալ առաջնություն՝ «Հայ գիտնականների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ և այլն: 2021-2025 թթ. գործողությունների ծրագիր 2021-2025 թթ. գործողությունների ծրագրի թիրախային խմբերն են աշակերտները, ուսանողները, գյուղական համայնքները, կանայք և ընտանիքները, միգրանտներն ու աշխատողները: Գործողությունների պլանը մշակելիս հաշվի են առնվել նախորդ ժամանակահատվածի ընթացքում քաղված դասերը և բազմակողմանի քննարկումները: «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Դպրոցներում ֆինանսական կրթությունն արդյունավետ իրականացնելու նպատակով  «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաները դասավանդող այն ուսուցիչները, ովքեր դեռևս վերապատրաստում չեն անցել, մինչև 2022-2023 ուսումնական տարվա վերջ կվերապատրաստվեն: ԿԲ-ն կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ` կազմակերպելու ֆինանսական կրթություն մատուցելու վերապատրաստում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են դառնալ վերոնշյալ առարկաների ուսուցիչ: ԿԲ-ն  կփոխգործակցի նաև այլ բուհերի հետ, որոնք իրականացնում են վերոնշյալ առարկաների ուսուցիչների ուսուցում: Բացի դրանից՝ ԿԲ-ն կաջակցի ընթացիկ նախաձեռնությունների իրականացման շարունակականությանը և կօժանդակի մի շարք բուհերի՝ ուսանողներին ֆինանսական կրթություն տրամադրելու համար: «Իմ ֆինանսների ամիս» և «Փողի միջազգային շաբաթ» ամենամյա ծրագրերը կշարունակեն ընդգրկել հիմնականում ուսանողներին ուղղված բազմազան մրցույթներ ու միջոցառումներ:
10:52 - 13 մայիսի, 2021
16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում: «Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար: «Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները: «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:
16:14 - 12 մայիսի, 2021
Անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հանրապետական գիտաժողով

Անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հանրապետական գիտաժողով

ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հանրապետական գիտաժողով։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այն տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 28-30-ը:   Գիտաժողովին զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղմամբ և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ: Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են․   Հնագիտություն, Ազգագրություն, Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն, Մշակութաբանություն, Թանգարանագիտություն:   Ժամանակացույց՝   հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ, օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ, սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում, սեպտեմբերի 20՝ վերջնական ծրագրի հրապարակում։   Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ՝ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում։
21:30 - 11 մայիսի, 2021
Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ

Բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ

Մայիսի 10-ին ավարտվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալներով` այս փուլում ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ։ Ըստ առարկաների՝ առավել մեծաթիվ են «Մաթեմատիկա», «Անգլերեն» «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաներից քննություն հանձնողները:  Մասնավորապես «Մաթեմատիկայի» քննության համար հայտագրվել է 5185,   «Անգլերենի» քննության համար` 4342, իսկ «Հայոց լեզու և հայ գրականության» համար` 4074 դիմորդ (Արցախի Հանրապետության դիմորդները ներառյալ): Հայտերի ընդունելությունը կատարվել է առցանց` dimord.am էլեկտրոնային հարթակում: Առաջին փուլում դիմորդները հայտագրել են մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգեր:  Դիմորդների այս տարվա ընդունելության առաջին փուլի ամբողջական վերլուծությունը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի առաջիկայում: Հունիսի 26-ից հուլիսի 1-ը կկատարվի երկրորդ փուլով դիմում-հայտերի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կատարվում է նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով: Հուլիսի 19-26-ը կատարվելու է լրացուցիչ փուլի հայտագրումը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:  Նշենք, որ 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ։ Դիմորդներն ընդունելության համար կհանձնեն երկու միասնական քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ: 
16:28 - 11 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել «Վերջին դասի» որևէ դրամահավաք

ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել «Վերջին դասի» որևէ դրամահավաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին՝ հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները: Շրջաբերականում նախարարությունը կոչ է արել նաև բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է, որ համավարակով պայմանավորված՝ «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: «Հատկապես վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականությունն է՝ զերծ մնալ ավելորդ ճոխություններից և ավելի շատ ուշադրություն դարձնել «Վերջին դասի» խորհրդին՝ որպես ուսումնական գործընթացի ամփոփում: Երբ խոսում ենք ուսումնական գործընթացի վերաիմաստավորման մասին, ապա դրա կարևոր բաղադրիչը բնավ նյութական կողմը չէ»,- փաստել է փոխնախարարը:
11:27 - 11 մայիսի, 2021
4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը |armtimes.com|

4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պաշտոնը ստանձնելուց (23.11.2020) շուրջ 5 ամիս հետո (21.04.2021)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Որպես անշարժ գույք Դումանյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղի Երեւանի Ավան վարչական շրջանում, որոնք բոլորը համատեղ սեփականություն են հանդիսանում: Որպես շարժական գույք ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հայտարարագրել է «MERCEDES-BENZ» մակնիշի 1 ավտոմեքենա: Դումանյանը հայտարարագրել է նաեւ 2010 թվականին ձեռք բերված բաժնետոմս՝ 7 մլն 95 հազար դրամ արժեքով: Նրա բանկային հաշվին կա 192 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են՝ 5 մլն դրամ եւ 50 հազար դոլար: 2020 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Դումանանն ունեցել է 6 մլն 999 հազար 55 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է ԵՊՀ-ում աշխատավարձից: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի կինը՝ Անահիտ Դումանյանը հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած 4 անշարժ գույքերը, որոնք համատեղ սեփականություն են հանդիսանում: Որպես շարժական գույք Անահիտ Դումանյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «HONDA» մակնիշի: Նրա բանկային հաշվին 2020-ի սկզբում եղել է 826 հազար 522 դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 966 հազար 369 դրամ: Դումանյանի կանխիկ միջոցները կազմել են 5 մլն դրամ եւ 10 հազար դոլար: 2020 թվականին Անահիտ Դումանյանն ունեցել է 4 մլն 37 հազար 471 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է «Արդշինբանկ»-ում աշխատավարձից:  
09:36 - 11 մայիսի, 2021
Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան

Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին e-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք. երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ԺՊ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում՝ խուսափել ԺՊ-ների նշանակման և այդ ընթացքում տարաբնույթ ինտրիգների հյուսման, հաստատության փաստացի կառավարման մասով առաջացող խնդիրներից, նաև կրճատել վարչարարությունը, օրինակ՝ կրկնակի հանձնման-ընդունման գործընթացը, ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել»:
23:05 - 10 մայիսի, 2021
Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Նոյեմբերի 23-ին ես նշանակվել եմ նախարար, այնուհետև որոշ կարճ շրջանից հետո մտել եմ գործի մեջ և ԵՊՀ-ի մասով շատ օպերատիվ Հոգաբարձուների խորհուրդը լրացվել է: Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ, ես այդպես եմ պատկերացնում: Այս մասին այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մասին: «Խորհրդում չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ, որը իհարկե, մեր երկրում դժվար է գտնել նրանց, ում ես պատկերացնում եմ, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություն անել այդ հիմնադրամում»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Մենուա Սողոմոնյանի հարցին՝ արդյոք 11 անդամի հրաժարականները եղե՞լ են նախարարի կողմից ուղղորդված, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց՝ որոշումը քննարկվել է: Նշենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին: «Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել, բնականաբար անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է և դա կարծում եմ, որ պարզ է»,- նշեց Դումանյանը: Վահրամ Դումանյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին՝ ժամանակին նախարարը այլ պատկերացումներ է ունեցել բուհական ինքնավարության մասին, նախարարը պատասխանեց՝ նա շարունակում է լինել համալսարանական և, երբ 2006 թվականին ռեկտորի ընտրությունները կեղծվել էին, ոչ-ոք չէր խոսում բուհի ինքնավարության մասին: «Դե բոլոր ռեկտորներն էլ միշտ ասում են՝ բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք և խոսքն ընտրական գործընթացի մասին է, և ես հիշում եմ 2006 թվականի ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում որոշ տեղեկությունների կեղծվեցին արդյունքները և որևէ մեկը չէր խոսում բուհի ինքնավարության մասին»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:
15:09 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է. քննարկվում է բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը |armtimes.com|

ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է. քննարկվում է բուհերի վերաբերյալ Կառավարության որոշումը |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում է: Նա ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ այժմ քննարկում է Կառավարության կողմից մայիսի 4-ին ընդունված որոշումը, որով փոփոխվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ 32-ից կամ 24-ից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից՝ 7-ը:  Քննարկմանը մասնակցում է նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած ԵՊՀ գիտխորհուրդի նիստի ժամանակ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն առաջարկեց հրավիրել ԿԳՄՍ նախարարին ու քննարկել նրա հետ ստեղծված իրավիճակը: Հավելենք, որ նախորդ նիստի ավարտին գիտխորհուրդը հայտարարություն ընդունեց, որով Կառավարության որոշումն անընդունելի համարեց իրավական եւ բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից եւ որոշեց դիմել Վարչական դատարան՝ վիճարկելու բուհերի հետ կապված Կառավարության որոշումը, ինչպես նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ խնդրելով կառավարության որոշումը վիճարկել Սահմանադրական դատարանում: ԵՊՀ-ում պնդում են, որ խորհրդի անդամների նշված հարաբերակցությունը հարվածում է համալսարանի ինքնավարությանը:
13:56 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍ փոխնախարարը՝ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման վերաբերյալ |hetq.am|

ԿԳՄՍ փոխնախարարը՝ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման վերաբերյալ |hetq.am|

hetq.am: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը։ Նշեց, որ այս տարի կամավոր սկզբունքով ատեստավորումը վերաբերում է 7-12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Գրականություն», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա» առարկաներ դասավանդողներին։ Մայիսի 3-ից սկսել է դիմումների ընդունումը, գործընթացը հնարավորություն կտա ստուգել առարկայական գիտելիքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ մասնակցության համար անհրաժեշտ է դիմում, տեղեկանք դպրոցից, որ տվյալ ուսուցիչը դասավանդում է տվյալ դասարանում, և դիպլոմի պատճեն։ Այս փաստաթղթերը ուսուցիչները կարող են նախարարություն ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ՝ առձեռն, մինչև մայիսի 31-ը։ Այնուհետև ԳԹԿ-ի հետ պլանավորվելու է թեստավորման գործընթացը։ Մինչև օգոստոսի 20-ը կտեղադրվեն քննությունների օրերը։ Սեպտեմբերին կիրականացվի բուն գիտելիքների ստուգման գործընթացը։ Ըստ փոխնախարարի՝ ամեն օր ստանում են դիմումներ և ակնկալում են, որ դիմումների թիվը կհասնի 2000-ի։ Հարցին՝ արդյոք լինելու է ձևանմուշ, Անդրեասյանը պատասխանեց, որ ԳԹԿ-ի կողմից այս շաբաթ կհրապարակվեն առարկաների մասով գրականության ցանկեր և կլինեն որոշակի ուղեցույցներ, որոնք պատկերացումներ կտան՝ ինչպիսի հարցեր է լինելու թեստավորման ժամանակ։ Մի քանի առարկա դասավանդող ուսուցիչն ատեստավորում կանցնի մի առարկայից՝ իր ընտրությամբ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դեպքում թեստավորում կիրականացվի «Հայոց լեզվից»։ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ» առարկաների դեպքում երկու առարկաներից միասին կկազմվի թեստը։ Կամավոր ատեստավորումից առաջ վերապատրաստում չի իրականացվելու։ Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերին արդեն կլինեն հավելավճար ստացող ուսուցիչներ։ Պարտադիր ատեստավորման վերաբերյալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա գիտելիքի ստուգում չէ, այլ իրականացվում է փաստաթղթերի առկայությամբ, որի համար ուսուցիչը դպրոցի միջոցով ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո դրանք տարածքային ու հանրապետական հանձնաժողովների կողմից դիտարկվում են, և տրվում է համապատասխան պատասխան։ Ատեստավորումից առաջ ուսուցիչները կանցնեն վերապատրաստում։ Ուսուցիչն ինքն է ընտրելու, որ կազմակերպության դասընթացին մասնակցել։  Փոխնախարարը նշեց նաև, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը», որտեղ կներկայացվի ատեստավորման վերջնական պատկերը։
13:19 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍՆ-ն հաստատել է 2021-2022 ուս. տարվա առարկայական փորձնական չափորոշիչները

ԿԳՄՍՆ-ն հաստատել է 2021-2022 ուս. տարվա առարկայական փորձնական չափորոշիչները

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Աշխարհագրություն» առարկաների, «Արվեստ» ինտեգրված դասընթացի և «Հայագիտություն» («Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկաներ) բնագավառի չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։ Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը փուլային տարբերակով կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից՝ ընտրված դասարաններում: 1-ին տարվա ընթացքում դրանք կփորձարկվեն 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ, երկրորդ տարում՝ 1-ին, 2-րդ  3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ, իսկ երրորդ տարում՝ բոլոր դասարաններում: Նախատեսվում է իրականացնել հանրակրթական և նախնական ուսումնական հաստատությունների ուսուցչական և դասախոսական անձնակազմերի ու տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ, ինչպես նաև ուսումնական նյութերի մշակումներ: Բացի դրանից՝ բոլոր դպրոցներում կստեղծվեն նոր չափորոշիչներով դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր և այլ ենթակառուցվածքներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականից կրկին փուլային տարբերակով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում՝ մինչև 2026 թվականը: Նշենք, որ մինչ հաստատվելը չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ. դրանք քննարկվել են ուսուցչական, դասախոսական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Աշխատանքային խմբերում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետներ, որոնք մշակել են չափորոշիչները, ապա դրանք հավելյալ քննարկվել են մասնագիտական առանձին խմբերի հետ՝ ի դեմս ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԳԱԱ-ի և այլն: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են: Հավելենք, որ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում էլ մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) չափորոշիչները: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։
11:27 - 10 մայիսի, 2021
Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ այս փոփոխությամբ այն առարկաների և դասարանների ուսուցիչները, որոնց մասով առարկայական օլիմպիադաներ չեն անցկացվում, հնարավորություն են ստանում որպես բնութագրիչ ներկայացնել նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը. կանխելով հարցերը, այո՛, Կենգուրու, Մեղու և մյուս մրցույթները, որոնք բավարարում են նշած պահանջը, հաշվի կառնվեն։ Բնութագրիչը հատուկ հստակեցվել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասով՝ տարընթերցումներից խուսափելու համար։ Ավելացվել է նոր բնութագրիչ՝ գիտական աստիճան կամ կոչում ունենալը: Մյուս բնութագրիչները հստակեցվել, խմբավորվել են՝ հիմնվելով նախորդ փուլերում առաջ եկող հարցերի և խնդիրների վրա: Կարևոր փոփոխություն է, որ փաստաթղթերը կարող են ընդունվել նաև էլեկտրոնային եղանակով, ուսուցիչներն այլևս կարիք չունեն առձեռն նախարարություն բերել փաթեթը»,- գրել է Անդրեասյանը։
10:29 - 08 մայիսի, 2021
ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկում է փոփոխություն կառավարման խորհուրդներում |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում ճգնաժամը հանգուցալուծելու համար առաջարկում է փոփոխություն կառավարման խորհուրդներում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍՆ-ն պետական բուհերում կառավարման խորհուրդների ճգնաժամի հանգուցալուծման հրատապ լուծում է համարում բուհերի կանոնադրություններում կատարված փոփոխությունների մասին ՀՀ կառավարության որոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նոր որոշմամբ, բուհերի խորհուրդների անդամների թվաքանակը 32-ից նվազեցվել է 20-ի: Փոխվել է նաև խորհուրդների ձևավորման սկզբունքը: Գործող  օրենքի շրջանակում խորհրդի ձևավորում նախատեսվում է հիմնադրի՝ կառավարության, ինչպես նաև լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից: Այժմ նույն կազմը լինելու է պարզապես այլ համամասնությամբ՝ հիմնադրի ներկայացուցիչները կլինեն 11 հոգի,լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ 2 , պրոֆեսորադասախոսական կազմից ևս 2 անդամ, իսկ ուսանողները՝ 5 անդամ: «Կանոնադրության փոփոխությունների հիմնական նպատակը բուհերում կառավարման հետ կապված խնդիրների լուծումն է: Օրինակ, ԵՊՀ-ում վերջին 2 տարին չէր ընտրվում ռեկտոր: Դրանից բացի, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չէր ընտրվում հոգաբարձուների խորհրդի նախագահ: Խնդիրներ ի հայտ եկան, ու խորհուրդը որպես այդպիսին հիմա գոյություն չունի, նույնը Շիրակի պետական համալսարանում էր: Խնդրին հրատապ լուծում տալու համար, նախարարությունը նախատեսել է բուհերի կանոնադրությունների այս փոփոխությունները»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նոր փոփոխություններով հիմնադիրը՝ կառավարությունը, մեծամասնություն է կազմում խորհուրդներում և նախարարություն հույս է հայտնում, որ դա հնարավորություն կտա խորհուրդներին արդյունավետ աշխատել: Անդրադառնալով կառավարության որոշման վերաբերյալ բուհերից եկած արձագանքներին, մասնավորապես, այն դիտարկմանը, որ նախարարությունը գաղտնի է գործել, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այդ պնդման հետ: Նրա խոսքով, այս մոտեցումներից տեղյակ էին բոլոր բուհերը դեռ «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Նախարարության դիրքորոշումը հայտնի է բոլորին: Գերատեսչությունն այդ քաղաքականությունը տարել է մինչև վերջ: Գաղտի ոչինչ չկա, այս մոտեցումը ծանոթ է եղել ի սկզբանե»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:   Նախարարության այս քայլի հետ կապված դիտարկումներ եղան այն մասին, որ փորձ է արվում բուհերը վերցնել իշխանության վերահսկողության ներքո: Այս առնչությամբ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը նման խնդիր իր առաջ չի դրել: Որպես պետական բուհերի հիմնադիր՝ պետությունն իր մասնակցությունն է ունենում այդ կրթական հաստատությունների կառավարման խորհրդում, դրանով կիսում և իր վրա է վերցնում բուհի հետագա գործունեության պատասխանատվությունը: «Հասարակությունը բուհերում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին փնտրում է նախարարությունում: Խնդրի դեպքում, պահանջում է, որ նախարարությունը քայլեր ձեռնարկի: Մեզ են մեղադրում, բայց խախտումը էթիկայի տեսակետից հենց բուհինն է, այնտեղ են խոչընդոտում բուհի կառավարման մարմնի աշխատանքներին: Նախարարությունը, որպես բուհի լիազոր մարմին, լուծումը գտել է նոր սկզբունքով խորհրդի ձևավորվման մեջ»,-հավելեց Լուսինե Գրիգորյանը:
17:24 - 07 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը: Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը: Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»: Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:
17:14 - 07 մայիսի, 2021
Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները. ԱՆ

Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները. ԱՆ

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը, և  երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն և սանիտարական կանոնների պահանջները։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի` անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց։ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները պետք է կազմակերպվեն՝ ապահովելով սահմանված կանոնների պահանջները։ Ինչպես նաև, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), դասարանը կամ խումբը 14-օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման։
16:07 - 07 մայիսի, 2021
Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագծի հանրային քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր  տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար  նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների  առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն  ընտրվում էր ձայների մեծամասնությամբ): Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով` վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի (ավագ դպրոցների պարագայում) և փոխվարչապետի (Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցների դեպքում) կողմից: Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նոր ժամկետներ  Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում` հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը: Աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացում Ըստ առաջարկվող նախագծի` հստակեցվել են աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները: Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել. տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն): Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում, ինչպես նաև հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները: Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական և ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական և ծնողական խորհուրդները:  Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ: Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ  քվեարկում են ազատ: Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 30-ը:
10:59 - 07 մայիսի, 2021