ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

ՔՊ գրասենյակի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

ՔՊ գրասենյակի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ (ՔՊ գրասենյակի մոտ-խմբ.) զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված։ Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։ Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։  Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»։  💣 հայտնաբերվածը պայթուցիկի «մուլյաժ» է, այն վտանգ չի ներկայացնում․ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան
17:54 - 26 փետրվարի, 2024
Թուրքիայի 2 քաղաքացի ՀՀ քաղաքացու օժանդակությամբ կեղծ փաստաթղթերով հատել է ՀՀ սահմանը․ նրանց մեղադրանքներ են ներկայացվել

Թուրքիայի 2 քաղաքացի ՀՀ քաղաքացու օժանդակությամբ կեղծ փաստաթղթերով հատել է ՀՀ սահմանը․ նրանց մեղադրանքներ են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ծավալուն քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2023 թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի տարբեր հասցեներից հայտնաբերվել և ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ի.Ք-ն, Է.Յ.-ն և ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:   «Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ք.-ն և Է.Յ-ն, խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, «Բագրատաշեն» անցակետով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել են ՀՀ պետական սահմանը և մուտք գործել ՀՀ, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ-ն առերևույթ օժանդակել է Է. Յ.-ի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելուն և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն:   Քննիչի կողմից Ի. Ք-ին և Է.Յ.-ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-469-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:   Թուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:   Նախաքննությունը շարունակվում է»,- ասված  է հաղորդագրության մեջ:   Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:18 - 23 փետրվարի, 2024
ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են հասցրել․ ՔԿ

ԵԿՄ անդամը հանկարծամահ չի եղել, նրան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են հասցրել․ ՔԿ

2024թ․ փետրվարի 12-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և ըստ նախնական տվյալների՝ հանկարծամահ է եղել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Ինֆոքոմին հայտնեց, որ նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։
16:44 - 23 փետրվարի, 2024
Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արշակ Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Արշակ Դավիթի Գասպարյանի կենսագրությունը Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 12-ին, Երևան քաղաքում: 1995թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Աշխատանքային գործունեություն 1999-2005թթ.– ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-ին վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ IV-IX.2005թ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության բաժնի հետաքննիչ 2005-2006թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վանաձորի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-հետաքննիչ 2006-2008թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետաքննության բաժնի ավագ հետաքննիչ 2008-2009թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2009-2014թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2014-2016թթ.- ՀՀ կառավարությանն ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2016-2018թթ.-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ 2018-2019թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ 2019-2020թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 2020-2021թթ.- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 2022-2023թթ.- համատեղ աշխատել է «Ջի Էյջ Լո ֆիրմ» ՍՊԸ-ի համահիմնադիր 2022-2023թթ.- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գնումների և մատակարարման ծառայության պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
14:23 - 23 փետրվարի, 2024
Նախնական տվյալներով Գեղարքունիքի դանակահարության դեպքը կապված չէ տուժողներից մեկի ծառայողական գործունեության հետ

Նախնական տվյալներով Գեղարքունիքի դանակահարության դեպքը կապված չէ տուժողներից մեկի ծառայողական գործունեության հետ

2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2024թ. փետրվարի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել, ապա վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկում հաշվառված 19-ամյա երիտասարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների և դրանց կից փաստաթղթերի հիման վրա, 2024թ. փետրվարի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով /երկու դրվագ/, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից դեպի Արփունք գյուղ տանող ճանապարհին 29-ամյա երիտասարդը, ըստ նախնական տվյալների՝ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածներ է հասցրել նույն մարզի բնակիչ, 41-ամյա և 37-ամյա երկու եղբայրների մարմինների տարբեր հատվածներին, որի հետևանքով 1987թ. ծնված անձը հիվանդանոցում մահացել է։ Որոշում է կայացվել՝ 19-ամյա երիտասարդին, սպանություն և սպանության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու մասին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է արնանման հետքերով փայտ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք։ Հանցագործության հնարավոր գործիք դանակն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։
12:44 - 22 փետրվարի, 2024
Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Միջոցներ են ձեռնարկվում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի և հարակից օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում փետրվարի 20-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ հնարավոր կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի՝ կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։ Դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ, նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։ Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված` մի քաղաքացու պատկանող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, ինչպես նաև երկու ենթադրաբար կրակոցի հետք հայտնաբերվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքին հարակից գտնվող՝ Գայի պողոտա 17-րդ շենք հասցեում տեղակայված «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։ Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
14:47 - 21 փետրվարի, 2024
Աշոտ Դանիելյանի մոտ անձնական խուզարկությամբ թմրանյութ չի հայտնաբերվել. պաշտպան |aysor.am|

Աշոտ Դանիելյանի մոտ անձնական խուզարկությամբ թմրանյութ չի հայտնաբերվել. պաշտպան |aysor.am|

aysor.am:Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անվտանգության նախկին աշխատակից Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպանը։ «Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտանաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ»,-ասաց պաշտպանը։ Պաշտպանն ասաց, թե մինչ այս պահն իրենց ձերբակալման արձանագրությունը չի տրամադրվել, միայն որոշումն է տրամադրվել։ Բացի այդ, նա նշեց, թե Դանիելյանի մեքենան շուրջ 3 ժամ կնիքված չի եղել։ «Անհասկանալի է՝ ինչու է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել, ինչու են դիմակավորված եղել այդ անձինք, ինչու պարեկները չեն ուղեկցել, ինչու հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում, ինչու են այս ամենը տարբեր լրատվամիջոցներ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,-ասաց պաշտպանը։ Նա նշեց՝ այս պահին Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։ «Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-ասաց պաշտպանը։  
13:19 - 21 փետրվարի, 2024
Ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

Ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության ծառայողների կողմից Երեւանի Աբովյան փողոցից ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից, որի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց միայն, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով Ոստիկանության բաժին է տեղափոխվել մեկ անձ։  Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) մասերով։ «Ոստկանության կողմից վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել բերման ենթարված անձը, եւ քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հանցագործությունը առերեւույթ կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։ Նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք՝ երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Դանիելյանի եւ 24news.am լրատվական կայքի լրագրողի միջեւ: Ըստ լրատվական կայքի՝ երբ Սամվել Շահրամանյանը հրաժարվել է խոսել լրագրողի հետ, վերջինս ըմբռնումով է մոտեցել, ընդառաջ գնացել չնկարահանելու հորդորին։ Սակայն Շահրամանյանին ուղեկցող անձը, որը, ըստ նույն կայքի, Աշոտ Դանիելյանն է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։  Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Շտաբից նշել են նաեւ, որ անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:
11:50 - 21 փետրվարի, 2024
Պաշտոնատար անձինք համագործակցել են «Սիներջի»-ի հետ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Էկոնոմիկայի նախարարության հետ կապված քրգործի նախաքննությունից

Պաշտոնատար անձինք համագործակցել են «Սիներջի»-ի հետ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Էկոնոմիկայի նախարարության հետ կապված քրգործի նախաքննությունից

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը: ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից: Ընդ որում՝ նշված պաշտոնատար անձինք, մինչև մրցույթ հայտարարելը տեղյակ լինելով, որ Ընկերության գնառաջարկը կազմելու է մինչև 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ մրցույթի տարբեր փուլերում իմանալով, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման ողջամիտ արժեքը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, շարունակել են մրցույթում Ընկերության հաղթանակն ամեն գնով ապահովելուն ուղղված գործողությունները: Պարզվել է նաև, որ մրցույթի ընթացքում առաջարկներ են ներկայացվել ծրագիրն ավելի մատչելի գնով ձեռք բերելու այլընտրանքային տարբերակի մասին, սակայն այդ առաջարկը նույնիսկ չի քննարկվել: Նախաքննությամբ առերևույթ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախքան մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստը, «Ս» ընկերության տնօրենին հստակ հայտնել ու վերահաստատել են «Հ» հիմնադրամին մրցույթից հեռացնելու և «Ս» ընկերության հաղթանակն ապահովելու՝ իրենց դիրքորոշումը, ինչից հետո ընկերության աշխատակիցներին են հանձնել նրանց մրցակից «Հ» հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ու դրանց հիման վրա ստացել ընկերության եզրակացությունը՝ Հիմնադրամի՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու վերաբերյալ, որի հիման վրա էլ գնահատող հանձնաժողովի նիստում Հիմնադրամը հեռացվել է մրցույթից: Պարզվել է նաև, որ ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում Ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գին առաջարկած  ընկերությունը այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված Հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108մլն. ՀՀ դրամ: Հանձնաժողովի որոշման դեմ Հիմնադրամի կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և դատարանի 2023 թվականի հունիսի 20-ի վճռով «Ս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր, և միայն 2023 թվականի օգոստոսի 31-ին գնահատող հանձնաժողովի նիստում դատարանի վճռի հիման վրա մրցույթի հաղթող է ճանաչվել Հիմնադրամը: Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը: Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է: Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ Հիմնադրամը զրկվել է նշված ծառայության մատուցման համար անցկացված մրցույթին հավասարության պայմաններում և առանց խտրականության մասնակցելու, օրենքով նախատեսված հիմքերի աներկբա առկայության պայմաններում հաղթելու իրավունքից, ծառայություններ մատուցելու և շահույթ ստանալու հնարավորությունից, տևական ժամանակ հարկադրված ռեսուրսներ է ծախսել իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման համար։ Իսկ պետությունը մինչ օրս զրկվել է  հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման և դրա արդյունքում ներդրումների առավել արդյունավետ կառավարում և վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը։
20:55 - 15 փետրվարի, 2024
Բացահայտվել է խոշոր չափերով, սխեմատիկ եղանակով, կեղծ արտարժույթի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

Բացահայտվել է խոշոր չափերով, սխեմատիկ եղանակով, կեղծ արտարժույթի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։  «Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը իրացնելու նպատակով համաքաղաքացուց ձեռք է բերել և պահել խոշոր չափերով՝ 300 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամին նման և իսկականից ակնհայտորեն չտարբերվող թղթադրամներ, այսինքն՝ կեղծ արտարժույթ, դրանք, ըստ նախնական տվյալների, իրացրել է Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ հիմնականում բնամթերք գնելով, ինչի հետևանքով տուժել են ՀՀ տարբեր մարզերի բազմաթիվ քաղաքացիներ։ Այդ նպատակով վերջինս պայմանավորվել է ուղևորափոխադրումներ իրականացնող իր ծանոթի և վերջինիս կնոջ հետ՝ հանցանքը համատեղ կատարելու, այն է՝ գնումներ կատարելու եղանակով հիշյալ կեղծ թղթադրամները շրջանառության մեջ դնելու, կեղծ արտարժույթն իրացնելու շուրջ և 2024 թ. փետրվարի 7-ին, կեղծ արտարժույթը հիշյալ անձի կողմից վարած ավտոմեքենայով տեղափոխել Վայոց ձորի մարզ: Նույն օրը Ջերմուկ քաղաքի շուկայում գնումներ կատարելու եղանակով, 7 հատ 100 ԱՄՆ կեղծ թղթադրամներ իրացնելով վաճառողներին, դրանք դրել են շրջանառության մեջ: Օրեր անց կրկին փորձել են գնումներ կատարելու եղանակով կեղծ թղթադրամներն իրացնել,  սակայն ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից ուղևորափոխադրում կատարող անձը, իր կողմից վարվող ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ  կատարված անձնական խուզարկությամբ և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 11 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ արտարժույթ, ևս 46 հատ՝ բնակարանի խուզարկությամբ: Նախաքննության շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, զննություններ, վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակիչներ ամուսիններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ուղևորափոխադրում իրականացնող անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կեղծ թղթադրամները համաքաղաքացուն իրացրած անձին՝ 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություններ են հարուցվել դատարան՝ 4 մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ նրանցից 3-ի՝ կեղծ թղթադրամները ձեռք բերած, իրացրած, ինչպես նաև ուղևորափոխադրում իրականացնող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ Երևանի բնակչի կնոջ նկատմամբ՝ տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կեղծ թղթադրամները պատրաստած, հանցավոր շղթայում հնարավոր ներգրավվածություն ունեցող անձի (անձանց) ինքնությունը, հանցավոր խմբի կողմից առերևույթ կեղծ թղթադրամների իրացումից տուժած բազմաթիվ անձանց շրջանակը պարզելու նպատակով: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:07 - 15 փետրվարի, 2024
Վերականգնվել է «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ-ի գույքը օտարելու հետևանքով պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

Վերականգնվել է «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ-ի գույքը օտարելու հետևանքով պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը՝ դեռևս 2010 թ․ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: «Այսպես․ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը, իր երեք աշխատակիցների հետ ստանձնելով այն ժամանակ գործող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության տակ գտնվող «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատումը, առանց դրանց հասցեներում փաստացի հետազոտություններ կատարելու, միայն իրենց տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, հիշյալ պաշտոնատար անձի ցուցումով, խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ։ Այնուհետև, մեկ օրվա ընթացքում իրենց ստորագրություններով հաստատել են գույքերի շուկայական արժեքի բովանդակությամբ կեղծ հաշվետվություններն ու եզրափակիչ ակտերը։ Որից հետո, ՊՈԱԿ-ի մեկ այլ պաշտոնատար անձ, ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն ստորագրելով, հաստատել է փաստացի կեղծ փաստաթղթերը։ Նշված գործողությունների արդյունքում, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ 6.8 հա մակերեսով հողատարածքները, 4679քմ մակերեսով շենք-շինությունները, 7 հատ կառուցվածքների և փոխանցվող հարմարանքները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրատնտեսական գույքերը ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։ Դրանք հետագայում 50 տոկոս նվազեցված արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը օտարվել է ՍՊ ընկերությանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս: Իրականացված նախաքննության ընթացքում և արդյունքներով պատճառված վնասն ամբողջությամբ՝ 250.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, վերականգնվել է։ Որոշում է կայացվել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն փաստաթղթերը ստորագրած պաշտոնատար անձի վերաբյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:24 - 15 փետրվարի, 2024
Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է
 |azatutyun.am|

Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը րոպեներ առաջ ժամանեց Քննչական կոմիտե՝ ըստ երևույթին հարցաքննության։ Նա «Ազատության»-ն ասաց, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտավ կոմիտեի շենք։ Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։ Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Քերոբյանն երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։ Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։ Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։
15:16 - 15 փետրվարի, 2024
ՔԿ-ն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՔԿ-ն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև գործակցությունը շարունակում է զարգանալ։   Ինչպես հայտնում են ՔԿ-ից, փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Մայքլ Ռժեպչինսկին։   Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։   Համագործակցության հուշագիրն ամրագրում է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում կառույցների սերտ գործակցությունը։ Այն ուղղված է նշած հանցատեսակներով քննությունների շրջանակներում օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և վերլուծությանը, թմրամիջոցների, համանման նյութերի և պրեկուրսոր քիմիական նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված դրամական միջոցների ապօրինի հոսքը կանխելու և հակազդելու նպատակով փոխադարձ օգնության ցուցաբերմանը, այս ոլորտում միջազգային համագործակցության խթանմանը, տարբեր միջոցառումների միջոցով այս հանցատեսակների դեմ քրեաիրավական պայքարում անձնակազմի մասնագիտական զարգացմանը։   ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Ալիսոն Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է հուշագրի ստորագրումը։ Նա նշել է, որ փաստաթուղթը ոչ միայն ուժեղացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանով պայմանավորված փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի հնարավորությունները, այլ նաև Քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարբեր կառույցների հետ համագործակցությունը տեղափոխում է որակապես նոր հարթություն։ Արգիշտի Քյարամյանը հիշեցրել է, որ 2023 թ․ մայիսին համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ, որը լայն թափով գործում է՝ ապացուցելով իր բարձր արդյունավետությունը։   ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը լրջագույն աջակցություն ցուցաբերելու համար։
19:51 - 14 փետրվարի, 2024
«Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է». hայտարարություն

«Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է». hայտարարություն

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների փաստաբանները Աշոտ Հովհաննիսյանի կալանքի վերաբերյալ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ դատախազի որոշմամբ փոխվեց «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության գնումների մասնակցության գործով երկու մեղադրյալի խափանման միջոցը այն պատճառաբանությամբ, որ նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը։ «Այս առարկայազուրկ գործի շրջանակներում, մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Նորից պետք է ընդգծեմ, որ այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև Էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», -  նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։ Փաստաբանները պատրաստակամություն են հայտնում առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։ «Ամեն մեծ ու փոքր թվի համադրություն չէ, որ հանցանքի մասին է վկայում։ Մենք անպայմանորեն կանդրադառնանք թե՛ գնումների կատարման չափորոշիչները որոշելու կարգին, թե՛ գնագոյացմանը, թե’ մրցույթի անցկացման կարգին, առաջացած հետևանքներին և կապացուցենք, որ այստեղ քրեորեն հետապնդելի արարք չկա։ Այս ամենը թեև բարդ կլինի մեկ պարզ նախադասությամբ ներկայացնելը, այդուհանդերձ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանրության մոտ ոչ մի բաց հարց չմնա։ Մինչ այդ անհրաժեշտ է օր առաջ փոխել ապօրինի և խտրական իրադրության մեջ հայտնված վաստակաշատ և տարեց մարդու խափանման միջոցը», - նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի Synergy International Systems միջազգային ընկերությունը հիմնադրվել է 1997թ ԱՄՆ-ում հայ գործարար Աշոտ Հովհաննիսյանի կողմից, իսկ հիմնադրվելուց երկու տարի անց՝ 1999թ.,  բացվել է ընկերության հայաստանյան մասնաճյուղը։ Մինչ օրս Synergy International Systems-ը նախագծեր է իրականացրել աշխարհի ավելի քան 85 երկրներում։ Այն ծրագրային ապահովման և խորհրդատվության ընկերություն է, որը մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի և գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական և այլ ոլորտներում ՝ ինչպես պետական և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՀԿ-ների համար»:  
17:53 - 13 փետրվարի, 2024
Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից չորս անձի սպանության, ևս մեկի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

2024 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող շփման գծի հարավ-արևելյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «Դրա հետևանքով 4 անձ՝ Էդուարդ Հարությունյանը, Գագիկ Մանուկյանը, Արսեն Համբարձումյանը, Հրաչ Հովհաննիսյանը, ստացել են կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ։ Ես մեկ անձ՝ Ռուստամ Վարդանյանը, ստացել է աջ ձեռքի նախաբազկի շրջանի հրազենային վիրավորում: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու հիմք և առիթ` ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (չորս դրվագ) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 8-րդ և 15-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:11 - 13 փետրվարի, 2024