Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին, առողջությանը թիրախավորված ոտնձգելու համար հարուցվել է 13 քրեական գործ

2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից  կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքերին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին: Մասնավորապես՝ նշված գործողությունների արդյունքում տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝ Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև Ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող Ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան, Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային, Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան, Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին, Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈւԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային, Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին: Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում: Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ՝ որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Քրեական գործերն ընդունվել են վարույթ: Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նապատակներով: Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈւ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքների վերաբերյալ:
16:28 - 16 հուլիսի, 2020
Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա․ ՀՀ ՊՆ

Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա․ ՀՀ ՊՆ

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ Այս մասին հայտարարություն է տարախել ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։ Կամավորագրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
16:19 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանը տապալում է Մինսկի խմբի բանակցային գործընթացը |hhpress.am|

Ադրբեջանը տապալում է Մինսկի խմբի բանակցային գործընթացը |hhpress.am|

hhpress.am: Միջազգային հանրությունը հետեւողականորեն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների եւ կրակոցների առնչությամբ։ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետագա լարվածությունը կանխելու համար։Առարկայական բանակցությունների վերսկսման կոչ են անում եւ կարեւորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները։ Վերջիններս կապի մեջ են կողմերի հետ, հորդորում են կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները։ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «Ֆեյսբուքյան» իր էջում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հակամարտության հետագա սրացումը։ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում շեշտում է՝ միջազգային հանրությունը հնարավորինս շուտ հորդորում է Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը տանել զինադադարի։ Հարցին, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի արձագանքում ադրբեջանական ագրեսորների գործողություններին, նա ասաց, որ ԵԽԽՎ-ն այն մարմինը չէ, որը քաղաքական հրատապ հարցեր է լուծում։ Բայց համոզված է, որ Ադրբեջանի այսպիսի վարվելակերպը՝ իր ագրեսիայի դրսեւորման համար խաղաղ բնակչությանը թիրախավորելը, անպատասխան չի մնա. «Մենք մեր գործընկերներին հայտնել ենք, որ ներկա իրավիճակում Ադրբեջանը տապալում է համավարակի դեմ պայքարը։ Խոսքը վերաբերում է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ արձակված կրակոցներին, այն զբաղվում է համավարակի պայքարի համար անհրաժեշտ իրերի արտադրությամբ, որտեղ աշխատում են հարյուրավոր կանայք»։Ինչպես գիտենք, որ Ադրբեջանը հուլիսի 14-ին ժամը 11։00-ին 120 մմ ականանետերից կրակել է Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ։ Գործարանը կորոնավիրուսի շրջանում արտադրում է նաեւ պաշտպանիչ դիմակներ. «Այսպիսի դեպքերը, հույս ունենք, տեղ կգտնեն Ադրբեջանի վարքագիծը գնահատող զեկույցներում։ Միջազգային հանրության արձագանքներից, ընդհանուր մտահոգություններից զատ կան նաեւ այլ հայտարարություններ, օրինակ՝ Թուրքիայինը, երբ վերջինս հայտարարում է, որ արդարացնում է Ադրբեջանի վարվելակերպը եւ պատրաստ է աջակցել։ Սա միանշանակ տանում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի շարունակմանը։ Շատ կարեւոր է Մինսկի խմբի հայտարարությունը, որը եւս ուղղված է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ, հրատապ դադարեցմանը»։Չնայած միջազգային հանրության՝ հրադադարի կոչերին, Ադրբեջանը շարունակում է լարված պահել հայ-ադրբեջանական սահմանը։ Հովհ. Իգիթյանը նկատում է՝ միջազգային հանրությունը նման իրավիճակները միշտ ուշացումով է դատապարտում կամ փորձում արձագանքել. «Ուստի Ադրբեջանի գործողություններին, ագրեսիային դիմակայելու միակ եւ արդյունավետ տարբերակը մեր բանակն է, մեր ժողովրդի պատրաստակամությունը։ Հայկական բանակը անում է իր գործը։Հույս ունեմ, որ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ հետագայում կունենանք համապատասխան գնահատականներ։ Ադրբեջանը տապալում է ոչ միայն Մինսկի խմբի բանակցային գործընթացը, այլեւ տարածաշրջանի խաղաղության ընդհանուր իրավիճակն ու պայմանավորվածությունները»։Չնայած Թուրքիան հայտարարում է ռազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող հնարավոր աջակցության մասին, բայց, ինչպես կարծում է պատգամավորը, նա ուղղակի ձեւով այդ քայլին դիմել չի համարձակվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ տարբեր երկրներից ձեռք բերած զենքին, ապա, ըստ Իգիթյանի, իրավիճակը ցույց է տալիս, որ զենք ունենալը դեռեւս բավարար պայման չէ՝ ծնկի բերելու որեւէ երկրի, ժողովրդի. «Մենք այս օրերին ցույց ենք տվել, որ մեր ունեցած զինատեսակով հայկական զորքերը խոցում են տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ զինտեխնիկա։ Մեր զինվորները կարողանում են հաջողությամբ լռեցնել այն կետերը, որտեղից Ադրբեջանը անհարմարություն եւ անհանգստություն է պատճառում հայկական բնակավայրերի բնակչությանը»։Պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մեջ աբսուրդային տրամաբանություն է տեսնում։ Իրավիճակի պատկերը դիտարկում է Իլհամ Ալիեւի՝ վերջին շրջանում արված հայտարարությունների համատեքստում։ «Ալիեւը հայտարարում էր, թե Հայաստանը գոյություն չի ունեցել, եւ հայերը ապրում են Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Երկրորդ հայտարարությունը՝ Ադրբեջանը հզոր երկիր է, ունի համապատասխան գումար եւ զենք՝ Հայաստանը ոչնչացնելու համար։Ալիեւը դժգոհ էր նաեւ Մինսկի խմբի գործունեությունից, եւ, ինչպես իրենք էին ասում, Ադրբեջանը պատրաստ է պատժել օկուպանտին։ Անհեթեթությունը հասել է այն մակարդակի, որ նրանք հայտարարում են, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Այս հայտարարությունն աբսուրդ է։Միջազգային լուրջ կազմակերպությունների մոտ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Ադրբեջանի որեւէ տարածք օկուպացվել է Հայաստանի կողմից։ Լեռնային Ղարաբաղը ապացուցել է, որ ինքնուրույն հանրապետություն է, ունի իր տարածքը, գործում է իր Սահմանադրությամբ եւ օրենքների շրջանակներում,–շեշտեց պատգամավորը՝ ընդգծելով՝ Ալիեւի հիշյալ հայտարարությունները բերեցին հայ-ադրբեջանական սահմանի ագրեսային։–Պատահական չէ, որ դա արվում է Հայաստանի դեմ, ոչ թե Արցախի։ Սրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն է ագրեսորն ու գործողությունների հեղինակը»։
15:22 - 16 հուլիսի, 2020
Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել |armtimes.com|

Հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպարի մանկապարտեզի խմբասենյակը. ըստ տնօրենի՝ ներսում այդ պահին ոչ ոք չի եղել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վնասվել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի մանկապարտեզի ընդհանուր խմբասենյակը: Այս մասին ասաց մանկապարտեզի տնօրեն Թեհմինե Առաքելյանը՝ նշելով, որ այդ պահին ներսում ոչ ոք չի եղել: Այգեպարի մանկապարտեզը երեք տարի առաջ՝ 2017 թվականին էր վերանորոգվել «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ունի 20 սան, դեռ 8 երեխա էլ պիտի ընդունվեր: Այս օրերին, սակայն, ինչպես տնօրենը նշեց, պարտեզը չի աշխատել. «Գյուղում էլ հիմա երեխաներ գրեթե չկան, ծնողները հիմնականում տարել են, ով կարողացել է, հեռացրել է գյուղից. որքանով տեղյակ եմ, հիմնականում տղամարդիկ են, մեծահասակներ, կանայք»,- ասաց Առաքելյանը: Վերջինս նշեց, որ ինքն էլ դեռ գյուղում չէ եւ վնասները անձամբ չի տեսել, սակայն ըստ նրա՝ դրանք ուսումնասիրելու հնարավորություն այս պահին դեռ չկա։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:20 - 16 հուլիսի, 2020
Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Հույն պատգամավոր

Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Հույն պատգամավոր

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ հույն գործընկեր՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դիմիտրիս Մարկոպուլոսի հայտարարությունը.«Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայր երկիր Հայաստանի համար:Մեզ խորապես անհանգստացնում է սահմանում լարվածության բռնկումը ողջ տարածաշրջանի համար այս ճգնաժամային պահին:Այս համատեքստում մենք մեր մտահոգությունն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և իրավիճակի ցանկացած սրացումից խուսափելու համար զինադադարի կոչ ենք անում:Որպես պետություն, որը ղեկավարվում է օրենքի գերակայությամբ, Հունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը»»։
15:01 - 16 հուլիսի, 2020
Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար հողային ճանապարհն է

Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար հողային ճանապարհն է

Այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե որ ավտոճանապարհներն են ներկա պահին անվտանգ։ Ըստ մարզպետի հաղորդման՝ Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային ճանապարհ է, սակայն անցանելի: «Այս օրերին մեր կողմից հատուկ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար: Անցակետեր են դրված բոլոր 3 ուղղություններով՝ Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ և Վազաշեն-Բերդ հատվածներում: Այդ անցակետերի նպատակն է նաև ճանապարհի անվտանգության ապահովումը, որ եթե լինեն որոշակի սրացումներ, թույլ չտանք երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր ճանապարհներով երթևեկություն կա, ներկա պահին որևէ վտանգ չկա, սակայն խորհուրդ կտամ հնարավորության դեպքում օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից», - ասաց մարզպետը։
14:05 - 16 հուլիսի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը |ermenihaber.am|

Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը։ Հայտարարության մեջ Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ  իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։ Թուրքիայի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը մի մտածելակերպի դրսևորում է, որն «իր ինքնությունը ստեղծում է  պատմության միակողմանի ընկալումից միայն թշնամանք քաղելով և ջանում է միջազգային իրավունքի դեմ իր ագրեսիան օրինական ներկայացնել» և հավելել, որ այդ դիրքորոշումը  Թուրքիայի համար «զարմանալի չէ»։ Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն և հնարավորինս շուտ սովորեն լինել Հարավային Կովկասում ոչ թե խնդրիների, այլ լուծումների մաս»։
13:32 - 16 հուլիսի, 2020
Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան |armtimes.com|

Տասնյակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը. Բաքոյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ այսօրվա նիստում ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանին իրականացրած սադրիչ գործողությունները՝ ընդգծելով, որ հայկական կողմը արժանի պատասխան է տալիս այդ սադրանքներին:  Միեւնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ բազմաթիվ եզդիներ պատրաստ են մեկնել առաջնագիծ եւ սատարել հայ զինվորներին: «Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ դիմել են եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել սահման եւ պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր ամբողջ եզդի ազգակիցներին ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի հետ աշխատել ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ մնացած երկրներում, որպեսզի կարողանանք Ադրբեջանի այս սադրիչ ռազմական գործողություններին հստակ, նաեւ դիվանագիտական պատասխան տալ»,- հայտարարեց Բաքոյանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդը անվերապահորեն հայ ժողովրդի հետ է, բոլորը գիտեն հայերի եւ եզդիների եղբայրական զգացմունքների մասին, եւ մի անգամ չէ, որ փորձություն է բռնել այդ եղբայրությունը:
12:12 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի իշխանությունները փակուղային իրավիճակում են հայտնվել. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

Ադրբեջանի իշխանությունները փակուղային իրավիճակում են հայտնվել. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները, Ադրբեջանի ներսում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը փակուղային իրավիճակում է հայտնվել: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «2012-2013 թվականներից  մինչ այսօր Ադրբեջանի իշխանությունները  20 մլրդ-ից ավելի գումար են ծախսել բանակի վրա: Հասարակությանն իրավիճակը ներկայացրել են այսպես՝ դուք վատ եք ապրում, բայց մենք լուծում ենք Ղարաբաղի հետ կապված խնդիրը: Գալիս է ժամանակ, երբ պարզվում է, որ այդ բանակն ի վիճակի չէ լուծել որևէ խնդիր: Մյուս կողմից տեսնում ենք ընթացող ներքաղաքական պայքարը: Ստացվել է մի վիճակ, ինչ այժմ ունենք, այն է, նրանք չեն ցանկանում գնալ բանակցությունների, իրենք ընտրում են ռազմական ճանապարհը, որը չի ընդունում որևէ միջազգային կառույց, բազմաթիվ պետություններ: Ես ենթադրում եմ, որ սա բերելու է լուրջ փոփոխությունների Ադրբեջանի ներսում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից  հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ավելի ուշ Ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական դիրքերը, թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները:  Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն էր:
12:08 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առաջ․ ԱԳՆ

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնարկում է արկածախնդիր քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առաջ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ. Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։ Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:
11:25 - 16 հուլիսի, 2020
Հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հնարավորությունները.Արայիկ Հարությունյան

Հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հնարավորությունները.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել։ «Հարգելի՛ հայրենակիցներ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Զրույցը ծավալել ենք համահայկական օրակարգի խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածության և, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարությունների շուրջ: Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ: Նաև հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և ՀՅ Դաշնակցության՝ տարբեր հարթակներում ունեցած քաղաքական հնարավորությունները՝ բարձրացնելու թուրքական իշխանությունների անհարկի միջամտության աղաղակող փաստերը՝ միջազգային հանրության պատշաճ արձագանքներն ու գործողություններն ապահովելու նպատակով: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի ու հայ զինվորի կողքին լինելու հանձնառությունը»:
10:45 - 16 հուլիսի, 2020