Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը: Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և  Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել են մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։ Նախարարությունը հայտնում է, որ արծարծվել են նաև ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման հնարավորությունները և մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգների գնահատման ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հակազդման ստորաբաժանման հետ իրականացվող ծրագիրը, Հայաստանի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի վերանայման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի մշակութային քաղաքականության վերանայման շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Էռնեստո Օտտոնեին շնորհակալություն է հայտնել նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ ևս Հայաստանի ու ՅՈՒԵՆՍԿՕ-ի միջև համագործակցությունը կլինի շարունակական: 
12:02 - 01 հոկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի հոբելյանական երեկոն սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի դահլիճում: Բացման և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման ընթացքում կցուցադրվի Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմ, տեղի կունենա համերգ, որին զուգահեռ կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը: Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կկատարի «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Միջոցառումը կարևորվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի նշանավորման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին այս տարի Հայաստանի անդամակցության նպատակով ներկայացված թեկնածության համատեքստում: Այն նպատակ ունի Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնելու Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորելու նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտելու ազգային ինքնության առանձնահատկությունը:
14:40 - 28 սեպտեմբերի, 2021
ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը   |armenpress.am|

ԿԳՄՍ-ն և ՀԱՕԿ-ը կխորացնեն համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կխորացնեն համագործակցությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկման ընթացքում նախարարությունը և ՀԱՕԿ-ը որոշեցին ավելի ակտիվ համագործակցել սպորտի զարգացման մի շարք ոլորտներում, առաջիկայում կշեշտադրվի մարզադպրոցների առաջընթացը: «Օլիմպիական կոմիտեն և նախարարությունը պետք է գտնեն այն ձևաչափը, որով կշարունակեն համագործակցությունը: Պետք է սպորտն առավել զարգացնենք: Այդ հարցում ՀԱՕԿ-ը և Գագիկ Ծառուկյանը հայտնեցին իրենց պատրաստակամությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը նախորդեց Վահրամ Դումանյանի շրջայցը Օլիմպավանում, որտեղ ԿԳՄՍ նախարարը ծանոթացավ մարզիկների համար նախատեսված պայմաններին:
15:06 - 17 սեպտեմբերի, 2021
«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում խաղերը կազմակերպչական տեսանկյունից, և ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի մարզական պատվիրակությունը: Ներկաները փաստել են, որ ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով, իսկ իրենք տրամադրված են հաղթանակների:  «Դուք մեր ուժն եք: Ձեր միջոցով մենք պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները: Այս խաղերը ևս մեկ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք եղել ենք, կանք և կլինենք: Լավ մասնակցության շնորհիվ դուք բացում եք ավելի մեծ հաղթանակների ճանապարհը»,- ասել է Վահրամ Դումանյանը՝ դիմելով հայ մարզիկներին:  ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում: Վահրամ Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել հայ մարզիկների ելույթներից և նշել, որ նրանք պետք է մրցահարթակ դուրս գան հնարավորինս անկաշկանդ. «Իհարկե, հաղթանակները կարևոր են, բայց ինքներդ ձեզ չկաշկանդեք անպայման հաղթելու մտքով. հաղթելու ցանկությունը պետք չէ դարձնել մոլուցք: Եթե այս անգամ չստացվի, կստացվի հաջորդ անգամ. կարևորը չընկճվելն է»:  Մարզիկները, խոսելով առաջին անգամ անցկացվող ԱՊՀ երկրների խաղերին իրենց մասնակցությունից, ընդգծել են, որ այս մարզական ստուգատեսը կարևոր է հատկապես փորձառություն ձեռք բերելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարը ևս փաստել է փորձի կարևորությունը. «Փորձառության շնորհիվ ձեռք եք բերում կամային հատկանիշներ, սառնասրտություն, էմոցիաները վերահսկելու կարողություն: Դուք դա ինձնից լավ գիտեք: Հնարավոր է՝ մարզումների ժամանակ ռեկորդներ գրանցել, իսկ բուն մրցումների ժամանակ՝ լարվել: Այնպես որ՝ համակարծիք եմ, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցության կարևոր նպատակներից է փորձ ձեռք բերելը. փորձն է հանգեցնում հաղթանակների»: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԿԳՄՍ նախարարության՝ սպորտի ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներից և առկա խնդիրներից: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ առկա հնարավորությունների սահմաններում արվում է առավելագույնը. «Գուցե այս պահին կտրուկ թռիչքաձև վերելքներ չկան, բայց կան հաստատուն քայլեր, որոնք ապահովելու են զարգացում: Վստա՛հ եղեք: Կատարվում են մարզադպրոցների, մարզադահլիճների շինարարություններ, մշակվում են մարզիկներին աջակցության ծրագրեր: Դուք պարզապես շարունակե՛ք նույն սպորտային ոգևորությամբ շարժվել դեպի նոր հաղթանակներ»: Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:
15:25 - 08 սեպտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

Վահրամ Դումանյանն ու Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել են ՌԴ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանի Դաշնությունում: Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանը Կազանում կմասնակցեն «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:  Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը կհետևեն այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով:
13:42 - 07 սեպտեմբերի, 2021
Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքը հայրենիքի հզորությանը ծառայեցնելու ժամանակն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքը հայրենիքի հզորությանը ծառայեցնելու ժամանակն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին պատշաճ ներկայանալու ժամանակն է: Մենք զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ ունենք՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը: Այժմ մենք կրթական ոլորտի բարեփոխումների փուլում ենք: Բարեփոխումներ, որոնք միտված են յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանը. վստահ եմ՝ միասին կհաջողենք: Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, վերջին մեկ տարին սթափեցման, արժեքների վերանայման, մեր արածն ու անելիքը նորովի վերլուծելու դժվարին ճանապարհ էր: Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը: Թո՛ղ նոր ուսումնական տարին ձեզ տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում: Հարգարժա՛ն մանկավարժներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ դժվարին օրերը միասին հաղթահարելու, առկա մարտահրավերների առաջ չընկրկելու և բազմապատիկ նվիրումով աշխատելու համար: Պետությունը ձեր կարիքը շատ ունի. դուք եք մատաղ սերնդին, երիտասարդներին սիրելի դարձնում կրթությունն ու մշակույթը, արվեստն ու գիտությունը, արհեստն ու սպորտը: Այժմ՝ առավել քան երբևէ, մեկտեղե՛ք ձեր ջանքերը. յուրաքանչյուր ներդրում կարևոր է պետության զարգացման համար: Բարձր պատասխանատվությամբ իրականացնենք մեր առաքելությունը և կերտենք մեր երազած հայրենիքը: Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ»։
09:29 - 01 սեպտեմբերի, 2021
Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է. Վահրամ Դումանյան

Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր  պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա մասնավորապես անդրադարձել է օպերային արվեստին առնչվող խնդիրներին և իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու օպերային արվեստի առաջընթացին վերաբերող պետական նախաձեռնություններին և միջոցառումներին:  Նախարար Վահրամ Դումանյանն էլ իր կողմից նշել է, որ միջազգային ճանաչում և միջազգային համագործակցության մեծ փորձառություն ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականության մասնակից դարձնելու խնդիրը նախարարության առաջնահերթություններից է, և այս առումով կարևորվում է նաև Բարսեղ Թումանյանի՝ Հայաստանում լինելու որոշումն ու պատրաստակամությունը, ինչպես նաև դա է եղել Կարեն Դուրգարյանին Երևան հրավիրելու և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մոտիվացիաներից մեկը: Նախարարն ընդգծել է նաև, որ մաեստրո Կարեն Դուրգարյանի առջև խնդիր է դրվել համախմբելու ոչ միայն թատրոնի ստեղծագործական ներուժը, այլև առավելագույնս ապահովելու թատրոնից դուրս գործող հայ արվեստագետների մասնակցայնությունն օպերայի և բալետի ոլորտների առաջընթացն ապահովող գործընթացներում:
18:01 - 31 օգոստոսի, 2021
Վահրամ Դումանյանն ու Ֆրանսիայի դեսպանը ստորագրել են գործընկերային համաձայնագիր ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

Վահրամ Դումանյանն ու Ֆրանսիայի դեսպանը ստորագրել են գործընկերային համաձայնագիր ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև օգոստոսի 30-ին Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: «Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ հայ-ֆրանսիական կապերն ունեն դարավոր պատմություն ու ամուր հիմքեր, և այս նախաձեռնությունն իրապես խորհրդանշական է նաև հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության ամրապնդման առումով: «Իմ համոզմամբ՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշտապես տարվում են լայնածավալ աշխատանքներ: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից և ընդգրկում է 10 հանրակրթական դպրոցներ: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից՝ ծրագրի ընդլայնման արդյունքում, ֆրանսերենի խորացված ուսուցումը կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և մեկ վարժարանում: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի յուրահատկությունն այն է, որ իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում: Սա վկայում է, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանում է նաև Հայաստանի Հանրապետության  մարզերում»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու դպրոցներում դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:  Անդրադառնալով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկություններին՝ նախարարը հույս է հայտնել, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կիրականացվեն նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը: «Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը, և այսօր ստորագրված գործընկերության համաձայնագիրը նույնպես հիմք կհանդիսանա համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- եզրափակել է նա: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ շեշտել է, որ այդ փաստաթղթով կնշանավորվի ֆրանսերենով խորացված ուսուցմամբ ծրագրի ընդլայնումը: «Սա ընդլայնում է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ առաջին անգամ է, որ ծրագրին միանալու են ավագ դպրոցները: Այն աշակերտներին, որոնք դպրոցում սովորել են ֆրանսերեն, ծրագիրը հնարավորություն կընձեռի շարունակելու ֆրանսերեն ուսումնառությունն ավագ դպրոցում: 148 ավագ դպրոցն էլ հնարավորություն կտա այս համայնքում գործող 4 դպրոցների աշակերտներին ավագ դպրոցում ևս շարունակելու ֆրանսերենի ուսումը»,-  շեշտել է դեսպանը և ուրախությամբ հավելել, որ այս ծրագրին միացել են նաև մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցները: Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն: «Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, վերջերս էլ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և ֆրանսերեն խորացմամբ ուսուցմամբ ծրագիրը ֆրանկոֆոնիայի համար կարող է հանդիսանալ Հայաստանի հանձնառության վկայություն»,- ասել է դեսպան Լաքոտը՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը և ընդգծելով այդ հարաբերությունների տիրույթում միմյանց լեզուները սովորելու կարևորությունը:  Համաձայնագրի՝  ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում: 2021-2022  թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ:  
17:56 - 30 օգոստոսի, 2021
Վահրամ Դումանյանը հանդիպել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները մեծ են. «Բոլորիդ հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում: Փորձե՛ք ձեր մրցելույթներով դրական լիցքեր փոխանցել մեր ժողովրդին. մենք դրա կարիքը շատ ունենք: Մարզաշխարհում հաջողությունները, դրական լիցքերից բացի, հաղորդում են ուժ և վստահություն, որ մենք հզոր ենք ու կարող ենք առաջ շարժվել: Իհարկե, ունենք հաղթական ակնկալիքներ, բայց կարևոր է նաև պարզապես լավ մասնակցությունը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Կազան է մեկնելու բավականին ուժեղ պատվիրակություն, ուստի մեդալային ակնկալիքներն արդարացված են. «Անկեղծ լինենք, կան մարզաձևեր, որոնցից մեդալային ակնկալիքները մեծ չեն, բայց և կան մարզաձևեր, որոնցում պարտավոր ենք մեդալ նվաճել: Նախապատրաստական աշխատանքներն ընթացել են հավուր պատշաճի, խնդիրները լուծված են: Ձեզ մնում է լավ մասնակցել և հիշել՝ հաղթանակների կարիքն իսկապես կա»: Պատվիրակության անդամները նշել են՝ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և հայկական դրոշն ի պատիվ հաղթանակի ծածանելու համար: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ հաղթանակներն աննկատ չեն մնա. «Մրցանակակիրները կգնահատվեն ըստ արժանվույն: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնացել և չեն մնա: Վստա՛հ եղեք, որ ցանկացած հաղթանակ արժանանում է հնարավոր առավելագույն գնահատականին»: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նաև պատասխանել է մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու նկատառումները հաշվի կառնվեն և կքննարկվեն պրոֆեսիոնալ շրջանակում: Հավելենք, որ Հայաստանի մարզական պատվիրակությունից Կազան առաջինը մեկնելու են բռնցքամարտիկները, որոնց մրցումները սկսվելու են սեպտեմբերի 2-ին: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին:
15:40 - 30 օգոստոսի, 2021
Վահրամ Դումանյանն ու Ջոն Գալլագերին անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին

Վահրամ Դումանյանն ու Ջոն Գալլագերին անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը շնորհավորել է նախարարին  նոր կառավարության ձևավորման համար`  նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` Վահրամ Դումանյանը առանձնակի կարևորել է  ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 20 ամյակը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` նախարարը նշել է Հայաստանի մարզերում անգլերենի 16 ակումբների բացումը, ինչը անգլերենի ուսուցիչների կարողությունների հզորացման նոր հնարավորություն է, և դիտարկվում է որպես աջակցություն  ոլորտի բարեփոխումներին:  «Նմանօրինակ ծրագրերը մեծապես նպաստում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը: Միջբուհական համագործակցության համատեքստում նախարարը խոսել է 2018 թվականին մեկնարկած «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Հաշվի առնելով «Ստեղծարար միտք» ծրագրի առանձնահատկությունը և հնարավորությունները` նախարարն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը` դիտարկելով նաև փորձի փոխանակման  հնարավորությունները: Հայկական կողմը մասնավորապես հետաքրքրված  է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական փորձով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար սահմանված կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) լավագույն մոդելներ,  բյուջետային ծախսերի արդյունավետության մեթոդական մոտեցումներ և վերապատրաստման դասընթացների կազմակերպում: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը և գիտնականների միջև ուղիղ կապերի հաստատումը, որոնք կարող են նպաստել   գիտության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Հայաստանում Բրիտանական խորհուրդն աջակցություն է ցուցաբերել նաև մշակույթի ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակույթի ներառականության խնդիրներին: Նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է ընդլայնել ծրագրերը` կազմակերպելով հայ-բրիտանական մշակույթի օրեր, արվեստի  փառատոններ և ցուցահանդեսներ:  Համագործակցության ընդլայնման մյուս ուղղությունները, նախարարի առաջարկությամբ, կարող են լինել մարզիչների և մարզիկների փոխանակման, սպորտային բժշկության, երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերը: Համագործակցության նոր ծրագրերն համակարգված իրականացնելու նպատակով` ԿԳՄՍ նախարարն առաջարկել է մշակել փոխըմբռնման հուշագիր:  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի ուշադրությունը հրավիրել է 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրի վրա: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների, այդ թվում` նաև Միացյալ Թագավորության կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իրենց հսկողության ներքո հայտնված շուրջ 4000 հայկական պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումը աղավաղելուց: Դեսպան Ջոն Գալլագերին այս առնչությամբ նշել է, որ հայ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը պահում է ուշադրության կենտրոնում` հարցը քննարկելով  ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաև կարևորելով  կայուն և տևական խաղաղության հաստատումը տրածաշրջանում: Հանդիպման ընթացքում ծավալված երկխոսության ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընթացքող կրթական բարեփոխումներին` նշելով, որ դրանք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները`  նախադպրոցական համակարգից մինչև բարձրագույն կրթության և  գիտություն: Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման  հնարավորություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը:
17:49 - 20 օգոստոսի, 2021
Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. Արշակ Կարապետյան

Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. Արշակ Կարապետյան

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Պաշտպանության նսխարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈՒ մարզական վաշտի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել։ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինվսծ ուժերի, այնպես էլ Հայաստանի մարզական կյանքին։  
18:04 - 16 օգոստոսի, 2021
Պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը. Վահրամ Դումանյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

Պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը. Վահրամ Դումանյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: ԿԳՄՍ նախարարության տարածած ուղերձի մեջ ասված է. «Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը:  Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը: Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, բարգավաճման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում աշխարհին պատվով ներկայանալու և պետությունն առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը: Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը, մարդկանց և աշխարհը: Երկրագունդը մեկ քայլով ևս ավելի լավը դարձնելու գործում սկսե՛ք ձեր ընտանիքից, գյուղից ու քաղաքից: Հիշե՛ք, այդ կարևոր ճանապարհին պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը, որ ամեն ինչ անելու է ձեր ներուժն ու հնարավորություներն իրացնելու հարթակները բարելավելու, նորերը ստեղծելու նպատակով: Ինչպես գիտենք, 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է: Առանձնակի շնորհավորում եմ նաև կապանցի երիտասարդներին: Թո՛ղ 2021-յան տիտղոսը հետագայում ևս ապահովի երիտասարդական միջավայրի աշխույժ և թիրախային կենսակերպը: Մեր երիտասարդներին մաղթում եմ խաղաղ երկինք, ապահով հայրենիքում ապրելու և արարելու, այն ավելի բարեկեցիկ դարձնելու կամք ու հաստատակամություն»:
10:19 - 12 օգոստոսի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին

Վահրամ Դումանյանն ընդունել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:  Կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ իրենց մտահոգությունները: Նրանց կարծիքով՝ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են: Ըստ աղբյուրի՝ Վահրամ Դումանյանը, կարևորելով բովանդակային քննարկումների անցկացումը և անկախ տարակարծություններից՝ բարեկրթության մթնոլորտի պահպանումը, պատասխանել է հնչած մտահոգություններին. «Մշտապես պատրաստ ենք ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների, բայց բարձրաձայնված հարցերը պետք է առնչվեն ԿԳՄՍ նախարարության գործառույթներին, լինեն մեր իրավասության շրջանակում: Նույնն ակնկալում եմ այս քննարկումից: Ծանոթ եմ բարձրացված հարցին, և պետք է հստակ արձանագրենք, որ քննարկումների առիթ դարձած տարածքը, որտեղ նախատեսվում են շինարարական աշխատանքներ, տարիներ առաջ վաճառվել է մասնավոր հատվածի»: Արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե քիմիական մասնաշենքերի հատվածում բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, Վահրամ Դումանյանը նշել է. «Հարցը պետք չէ կապել պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքի և ոլորտի զարգացման շուրջ ունեցած տեսլականի հետ: Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և մասնավորապես օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն: Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»: Եկե՛ք հարցերը և դրանց ակունքները ճիշտ սահմանենք, այդ դեպքում լուծումներն էլ հեշտ կգտնվեն»: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, Վահրամ Դումանյանն առաջիկայում ևս նմանօրինակ քննարկումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։
21:16 - 29 հուլիսի, 2021
Կամերային երաժշտական թատրոնի գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված. Դումանյան

Կամերային երաժշտական թատրոնի գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 23-ին ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
20:48 - 23 հուլիսի, 2021