Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

ՀՀ-ն և Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

ՀՀ-ն և Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները:  Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին, մասնավորապես, նշել է.  «Պարո՛ն վարչապետ,  Պատվիրակության հարգելի՛ անդամներ,  Թանկագի՛ն ընկերներ,  Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Վրաստանում, ողջունում եմ իմ բարեկամ վարչապետ Փաշինյանին Թբիլիսիում: Պարոն վարչապետ, սա այս տարվա ընթացքում Ձեր երկրորդ այցն է Վրաստան, գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ես ևս երկու անգամ եղել եմ Հայաստանում: Ուրախությամբ եմ նշում, որ մեր միջև առկա են սերտ համագործակցության, բարեկամության վրա խարսխված հարաբերություններ և այդ վերաբերմունքի համար շնորհակալություն եմ հայտնում:  Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ձեզ նաև նրա համար, որ մեր նախաձեռնությամբ ու պայմանավորվածությամբ այսօր անցկացվող միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում վարչապետների մակարդակով: Այս հանձնաժողովը վերսկսեց գործունեությունը Ձեր անձնական նախաձեռնությամբ, տարիներ շարունակ նիստեր չէին ընթանում:  Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնելու առևտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին:  Ցանկանում եմ նշել, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է բարձր մակարդակի վրա, հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ:  Ցանկանում եմ նշել նաև, որ հետաքրքրված ենք տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ: Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն և այդ նպատակով ես խաղաղ հարևանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Պարոն վարչապետ, հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու:  Հարգելի գործընկերներ,  Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ Թբիլիսիում»։  Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, թանկագին Իրակլի Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի բոլոր մասնակիցներին։  Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին` ավանդական ջերմ ընդունելության համար:  Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ չնայած դժվարություններին, այսօր մեր երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում։   2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք  մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:  Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ:   Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի այսպիսի ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը վերոնշյալի իրականացման լավագույն հարթակներից է և վերը նշված նշաձողին հասնելուն ուղղված կարևորագույն քայլերից է այն, որ հիմա արդեն հանձնաժողովը համանախագահում են երկու երկրների ղեկավարները, ինչը նույնպես աննախադեպ է:     Միջկառավարական հանձնաժողովի այս նիստի անցկացումը նախանշված էր դեռևս նախորդ տարի և տեղի չունեցավ համավարակով պայմանավորված, այդուհանդերձ երկկողմ շփումները թե՛ ամենաբարձր և թե՛ ոլորտային պատասխանատուների մակարդակով շարունակել են ընթանալ նախանշված դինամիկ ուղիով:  Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ, իսկ  երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները նպաստում են մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը, ինչի կարևորության մասին վարչապետ Ղարիբաշվիլին արդեն խոսեց: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը, ապա այս ոլորտում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներ:  Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորագույն նախադրյալներից է փոխվստահությունը, որը խարսխված է մեր ժողովուրդների պատմական եղբայրության վրա։    Մի փոքր շեղվելով պաշտոնական արարողակարգից, պիտի ընդգծեմ մեր հարաբերությունների մարդկային և էմոցիոնալ հարթությունը: Ընդ որում, սա վերաբերվում է ոչ միայն վարչապետ Ղարիբաշվիլիին և իմ հարաբերություններին, այլև մեր կառավարությունների բազմաթիվ անդամների հարաբերություններին:  Հենց նոր հնչեցված այն թեզը, որ մեր ժողովուրդները դարերից եկող եղբայրական կապեր ունեն, այսօր, հենց հիմա արտահայտվում է մեր կառավարությունների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային հարաբերությունների մակարդակում:   Կա մարդկային, անձնական լուրջ փոխվստահություն և հարգանք ու մենք պիտի արժևորենք ու ամրացնենք այդ վստահությունը և հարգանքը:   Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների հանդիպումները պարբերական են, և մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Երկկողմ ֆորմատով Վրաստանի վարչապետի հետ մենք այս տարի հանդիպել ենք արդեն չորս անգամ: Նման դինամիկա մեր երկրների հարաբերությունների մեջ նախկինում երբեք չի եղել և մեր մեծագույն խնդիրն է այս ամենի արդյունքում տնտեսական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորել: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք մեր քաղաքական հարաբերությունների ավանդական բարձր մակարդակն առավել ինստիտուցիոնալ դարձնելու կարիք և անհրաժեշտություն ունենք:   Հարգելի՛ ներկաներ,  Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի բոլոր մասնակիցներին:  Շնորհակալություն»:  Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել երկու կառավարությունների ոլորտային գերատեսչությունների առաջիկա քայլերն ու ծրագրերը:  Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունը:
20:06 - 20 դեկտեմբերի, 2021
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
15:22 - 20 դեկտեմբերի, 2021
Պարտադիր պատվաստումները բացառվում են․ Ղարիբաշվիլի |azatutyun.am|

Պարտադիր պատվաստումները բացառվում են․ Ղարիբաշվիլի |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է երկրի տարածքում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների պրակտիկայի ներդրումը։ Այդ մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է այսօր Թբիլիսիում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Մեր քաղաքացիները ազատ ընտրության իրավունք և հնարավորություն ունեն։ Մենք Վրաստան ենք բերել բոլոր տեսակի պատվաստանյութերը։ Մենք պետք է համոզենք, այլ ոչ թե պարտադրենք մեր քաղաքացիներին, որ պատվաստումը միակ, այլընտրանք չունեցող որոշումն է», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Ավելի վաղ բնակչության մի շարք ռիսկային խմբերի պարտադիր պատվաստման հնարավորությունը չէր բացառել Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում պատվաստման ամբողջական կուրսն անցել է 921 հազար քաղաքացի, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 32 տոկոսը։
13:37 - 25 հոկտեմբերի, 2021
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգն ու հեռանկարները, մտքեր փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին զորակցության խոսքերի համար: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին արձանագրել են, որ երկկողմ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:
18:45 - 09 հոկտեմբերի, 2021
Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ Բաթումում շենքի փլուզման հետևանքով մահացածների հիշատակին |tert.am|

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ Բաթումում շենքի փլուզման հետևանքով մահացածների հիշատակին |tert.am|

tert.am: Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ Բաթումում բնակելի շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:  «Խոր ցավ եմ հայտնում՝ Բաթումում տեղի ունեցած ողբերգության հետ կապված և ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին և մտերիմներին: Նրանց հետ միասին սգում է ողջ Վրաստանը: Իմ որոշմամբ՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ զոհերի»,- Ղարիբաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:Վերջինս հայտնել է, որ պետությունն օգնություն կտրամադրի տուժածներին: Կատարվածի  բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:Հիշեցնենք, որ Բաթումում նախօրեին փլուզվել է հինգհարկանի շենքի մի մասը: Վերջին տվյալներով՝ վեց մարդ մահացել է: Քննության վարկածով՝ կատարվածի պատճառն առաջին հարկի բնակարանում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են եղել, որոնք իրականացվել են անվտանգության կանոնների խախտմամբ: Հայտնի է, որ ձերբակալվել են տան սեփականատերն ու երկու աշխատակից: Նրանց 2-10 տարվա ազատազրկում է սպառնում: Ի հավելումն՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղելՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ՝ սփոփանքի և տոկունության իր խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին փոխանցոլու խնդրանքով։ 
13:23 - 09 հոկտեմբերի, 2021
«Նրա հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը  |tert.am|

«Նրա հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել». Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Սաակաշվիլիի վիճակի փոփոխության պատճառը |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոգեկան վիճակը կտրուկ փոխվել է կալանավորվելուց հետո:«Միխեիլ Սաակաշվիլիի հոգեբանական և հոգեկան վիճակը կալանավորումից առաջ և հետո կտրուկ փոփոխության է ենթարկվել: «Ազգային շարժումը» (Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունը՝ խմբ.) մտահոգված է իր առաջնորդի ծանր վիճակով և պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել բանտից»,- «ՌԻԱ Նովոստի»-ի ասվում է վարչապետի հայտարարության մեջ:Ղարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ «կործանված պետության փոխարեն Սաակաշվիլին Վրաստանում հայտնաբերել է լավ կազմակերպված պետական համակարգ»: «Այդ ամենը բացատրում է Սաակաշվիլիի հոգեկան վիճակի կտրուկ փոփոխությունը»,- հավելել է երկրի վարչապետը:
12:42 - 06 հոկտեմբերի, 2021
Ղարիբաշվիլին հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը |civilnet.am|

Ղարիբաշվիլին հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մեկնել է Բաքու։ Առաջիկայում Ղարիբաշվիլին նախատեսում է նաև այցելել Հայաստան։ Նա հույս ունի, որ դրական դեր կխաղա Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վրացական IMEDI հեռուստաալիքին։ «Ես մեկնում եմ Բաքու, որտեղ հանդիպում կունենամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Որն է ամենակարևորը, մենք վստահում ենք միմյանց. երբ վստահություն կա երկրների և առաջնորդների միջև, կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն։ Ես նույնպիսի հարաբերություններ ունեմ պարոն Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր։ Առաջիկայում նախատեսում եմ նաև այցելել Հայաստան։ Ես կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել Է Ղարիբաշվիլին։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում համաշխարհային առաջնորդներին առաջարկել էր «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Ավելի ուշ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը հանդես է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակի շփումների հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:
15:33 - 29 սեպտեմբերի, 2021
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ |armenpress.am|

Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում Է ԱՄՆ-ում, մի շարք հանդիպումներ Է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաեւ մասնակցել զուգահեռ անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Ինչպես հաղորդում Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Նյու Յորքում տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպում Է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպմանը նշվել Է, որ 2022 թվականին լրանում Է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, եւ ողջունել են, որ պետությունների հարաբերությունները ակտիվորեն զարգանում են ինչպես երկկողմ, այնպես Էլ բազմակողմ ձեւաչափով: Վրաստանի կառավարության ղեկավարն Ավստրիայի կանցլերին նաեւ շնորհակալություն Է հայտնել աջակցության համար եւ նրան հրավիրել Է Վրաստան: Հանդիպման ավարտից հետո Վրաստանի վարչապետը մասնակցել Է Աֆղանստանի թեմայով բարձր մակարդակի երկխոսությանը, որը կազմակերպվել Էր Ավստրիայի վարչապետի կողմից: ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում Վրաստանի վարչապետը նաեւ հանդիպում Է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցկացվել Է ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով: Խոսք Է գնացել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ղարիբաշվիլին ընդգծել Է նախագահ Էրդողանի առանձնահատուկ ջանքերը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ: Հանդիպմանը նաեւ ուշադրություն Է դարձվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցին, որի շրջանակներում կողմերը քննարկում են հարցերի լայն շրջանակ: Նաեւ Վրաստանի վարչապետը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ միասին մասնակցել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից կազմակերպված միջոցառմանը: Հանդիպումն անցկացվել Է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք Է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել Է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հաղորդել Է Sputnik-ը:
18:01 - 22 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի համատեղ հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի համատեղ հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։ Երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հայտարարությունների տեքստի ամբողջական սղագրությունը ներկայացվում է ստորև. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի – Պարոն վարչապետ, պատվիրակության անդամներ, ողջունում եմ բոլորիդ։ Ողջունում եմ իմ բարեկամին, իմ գործընկերոջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Վրաստանում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պարոն վարչապետին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Սա, իհարկե, լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։ Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ։ Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ. դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս։ Վրաստանը, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։ Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր հետագա համագործակցության։ Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում։ Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Հենց այդ մասին էլ մենք քննարկում ունեցանք։ Մեր երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։ Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին ժամանման համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և ուրախ եմ հյուրընկալել նրան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն վարչապետ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Իհարկե, մեր երկրներին, մեր ժողովուրդներին իրար կապում է դարավոր բարեկամությունը, և ես պիտի շարունակեմ վարչապետ Ղարիբաշվիլիի արտահայտած միտքը՝ այսօրվա մեր քննարկումների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մեր խոսակցության մի հսկայական մասը նվիրված էր մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, ինչի վերաբերյալ մենք՝ ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը։ Պիտի ևս մեկ անգամ վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնեմ հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտ շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան։ Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում նորից կակտիվացնենք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Պիտի ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ նախկինում ընդգծվել է. մեր հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, որ մեր երկրները շարունակաբար ի ցույց են դնում իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին, և սա, կարծում եմ, նույնպես՝ մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Այնուամենայնիվ, ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։ Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորությունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։ Պիտի արձանագրեմ, որ նաև կորոնավիրուսի համավարակի համատեքստում մեր մասնագետները բավական ակտիվ համագործակցել են և շարունակում են համագործակցել։ Այստեղ էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու մեր կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Իհարկե, մեր հարաբերությունների համար չափազանց կարևոր գործոն է Վրաստանում հոծ հայկական համայնքի ներկայությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանի հայությունը՝ որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացիներ, պետք է շարունակեն ծառայել, լինել կարևորագույն առանցքային գործոն Վրաստանի կայունության, միասնության, զարգացման գործում, և սա այն դիրքորոշումն է, որը մենք ունենք, արտահայտում ենք։ Նաև պիտի շնորհակալութուն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական։ Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և կարծում եմ՝ նաև ժամանակը դա ցույց տվեց։ Մեր համագործակցության օրակարգը շատ լայն է, և ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք պայմանավորվեցինք, որ պիտի ավելի շատ կենտրոնանանք արդյունքների վրա, որպեսզի մեր քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կոնկրետ թվերով արտահայտություն ունենա տնտեսության ամենատարբեր ոլորտներում։ Շնորհակալ եմ։
20:30 - 08 սեպտեմբերի, 2021
Մեզ համար մեծ կարևորություն ունի տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի կայունությունը․ Ղարիբաշվիլի |armenpress.am|

Մեզ համար մեծ կարևորություն ունի տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի կայունությունը․ Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային համագործակցությանը և տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։ Ղարիբաշվիլին նշեց, որ Վրաստանի համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ «Այդ ամենն անմիջապես կապված է մեր երկրի կայունության հետ։ Համապատասխանաբար, մեր տարածաշրջանային նպատակները երեքն են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։ Ինչպես հայտնի է, Վրաստանը Հարավային Կովկասում միշտ եղել է խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, որոշ ժամանակ առաջ դա գործով ապացուցեցինք։ Մի քանի ամիս առաջ 3 երկրի առաջնորդներով՝ Վրաստանի և, հատկապես, իմ միջնորդությամբ, պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։ Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ մեդիատոր միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է»,- ասաց Ղարիբաշվիլին։ Նա շեշտեց, որ Վրաստանը պատրաստ է նոր համագործակցության գաղափարներ, նոր նախագծեր քննարկել։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի առաջնորդները քննարկել են նաև հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապերի հետ, այդ թվում՝ խոսել են Փաշինյանի մասշտաբային նախագծերի մասին։ «ՀՀ վարչապետի հետ խոսել ենք նաև զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի ոլորտների մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք մենք քննարկեցինք և որոնց շուրջ ունենք լրիվ նույն պատկերացումները։ Ցանկանում եմ ասել, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ, ինչի մասին նույնպես քննարկում ունեցանք։ Այդ ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի։ Տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարում բազմաթիվ հակամարտություններ են եղել, որոնք լուծելու մեր ընդհանուր տեսլականն ու ջանքը պետք է լինի այն, որպեսզի փուլերով հնարավորություններ ստեղծվեն տարածաշրջանի համար։ Մենք հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել»,- նշեց Ղարիբաշվիլին։
17:21 - 08 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա  ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործ ընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում: «Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։ Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,-  ասաց վարչապետ Փաշինյանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասաց Ղարիբաշվիլին։
15:50 - 08 սեպտեմբերի, 2021