ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին

Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:   Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը: Դրանք թույլատրելի չեն նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են:   Ավելին, Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված է յուրաքանչյուր մարդու մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը, ըստ Սահմանադրության, ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:   Սահմանադրական այս երաշխիքները վերաբերում են Հայաստանում բոլոր տեսակի դավանանքներին, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պարագայում խոսքը գնում է քաղաքացիների մեծամասնության մասին:   Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի իր կանոնները, և դրանց հիման վրա են տեղի ունենում եկեղեցական արարողությունները, որոնց ազատ իրականացումը մեր պետությունը երաշխավորել է Սահմանադրությամբ ու օրենքներով:   Ավելին, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ճանաչված է Սահմանադրության մակարդակով:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:   Մեր երկրում ցանկացած արարք ու այլ տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը, միմյանց նկատմամբ հարգանքն ու համերաշխության երաշխավորման հրամայականը:
11:30 - 27 դեկտեմբերի, 2020
Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ:   Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարազգի և 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա:   Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար:    
11:52 - 25 դեկտեմբերի, 2020
Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ: Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում:Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում»,- գրել է նա:  
13:49 - 24 դեկտեմբերի, 2020
Պատգամավորները ՄԻՊ-ից սպասում են քայլեր, որ հատուկ են իրավապահ համակարգին կամ դատարաններին. Արման Թաթոյան

Պատգամավորները ՄԻՊ-ից սպասում են քայլեր, որ հատուկ են իրավապահ համակարգին կամ դատարաններին. Արման Թաթոյան

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» կառավարող խմբակցության մի շարք պատգամավորներ, Հայաստանի գործադիր իշխանությունը ձևավորած և խորհրդարանի կառավարող խմբակցության մաս կազմող՝ հանրային դաշտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունության համար պատասխանատուն տարածում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, անում մակերեսային ենթադրություններ ու իրականացնում շահարկումներ, ինչպես նաև ակնհայտ հրահրում են կեղծ ընկալումներ Պաշտպանի դերի ու գործառույթների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ  իր կողմից նշվածն արվում է կազմակերպված ու նպատակային ձևով. այդ ամենը լրատվամիջոցների կամ անգամ հենց այդ պատգամավորների հրապարակումների ներքո զուգորդվում է սոցիալական ցանցերում կեղծ էջերից Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին արվող վիրավորական արտահայտություններով ու ատելությամբ: «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ տարօրինակ է, թե նշված պատգամավորներն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ 1) ադրբեջանցի զինվորականների կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելու ու պատերազմական այլ հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու ապացույցների ձեռքբերման համար ինչու՞ չեն դիմում Պաշտպանին կամ գոնե փորձ չեն անում Մարդու իրավունքների պաշտպանին օգնել ապացույցները ամրագրելու ու վերլուծելու հարցերում, 2) ինչու՞ նույն ջանասիրությամբ չեն դիմում Պաշտպանին, որպեսզի պատկերացնեն, թե Կառավարությունից անկախ գործող մարմինն ինչ խնդիրներ է արձանագրել պատերազմի հետևանքով բռնի տեղահաված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում ու ինչպե՞ս կարելի է նրանց ավելի արդյունավետ աջակցել, 3) ինչու՞ չեն դիմում Պաշտպանին՝ հասկանալու համար, թե Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար Պաշտպանի ձեռքբերած ապացույցներն ինչպես կարող են ստանալ կամ օգտագործել դրանք կամ ինչպե՞ս կարող են օգնել Պաշտպանին այդ բոլոր հարցերում, 4) ինչու՞ չեն բարձրացնում հարց այն մասին, թե ի՞նչ անել, որ ադրբեջանի իշխանության մարմինների պատասխանատվությունը խստանա այն բանի համար, որ նրանք պատերազմ են սկսել նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում և այլն: Փոխարենը՝ խորհրդարանի կառավարող խմբակցության նշված որոշ պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից իրենց «չբավարարված» ակնկալիքներում առանձնացնում են այնպիսի հարցեր, որոնք Պաշտպանը ոչ միայն անընդհատ է քննադատության ենթարկում, այլ նաև դրանց համակարգային վտանգներին հատկապես անդրադարձել է դեկտեմբերի 22-ի իր լայնածավալ հայտարարությամբ ու դա հատուկ է արել՝ այդ օրը հայտարարված զանգվածային միջոցառումներին ընդառաջ (այդ թվում՝ խիստ քննադատության ենթարկելով ընդդիմության առանձին շրջանակների կողմից «ժեխ», «զոմբի» կամ այլ նման պիտակներով հասարակությանը վիրավորելու ու լարվածությունն ավելի բորբոքելու խիստ դատապարտելի երևույթը, քանի որ այն վտանգում է մեր երկրում մարդու իրավունքների ողջ համակարգը ու բորբոքում լարվածությունը): Անհասկանալի է՝ լինելով մեր երկրի օրենքներն ընդունող միակ բարձրագույն մարմնի անդամներ, ինչու՞ են նշված պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում քայլեր, որոնք վերապահված են իրավապահ մարմիններին կամ դատարանին հենց այդ մարմնի ընդունած օրենքների ուժով: Եթե դա իրազեկման պակասի հարց է, ապա Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ իրազեկում այդ պատգամավորների համար, այդ թվում՝ միջազգային փորձի ակտիվ օգտագործմամբ: Կառավարող խմբակցության մեկ այլ պատգամավոր հրապարակային ակնարկով հնչեցրել է անուղղակի սպառնալիք այն մասին, թե Մարդու իրավունքների նախկին որևէ պաշտպան մինչև վերջ չի պաշտոնավարել իր գործունեության պատճառով: Ընդ որում, նույն պատգամավորը նաև մեծահոգաբար եզրահանգել է, թե Արման Թաթոյանը,լինելով Մարդու իրավունքների գործող պաշտպան, մինչև վերջ կպաշտոնավարի, քանի որ իրենք [քաղաքական իշխանությունը] նշանակություն չեն տալիս այն հարցին, թե իրենց հանդեպ Պաշտպանն ինչ վերաբերմունք ունի: Ցավալի է, որ կառավարող խմբակցության պատգամավորը ժողովրդավարական այս կարևորագույն հաստատության նկատմամբ ունի նման վերաբերմունք: Մեկ այլ դեպքում, ինչպես վերը հիշատակվեց, մեր երկրում գործադիր իշխանություն ձևավորած և խորհրդարանում կառավարող խմբակցության մեծամասնությունը կազմող կուսակցության հանրային կապերի պատասխանատուն պարբերաբար անում է Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող հրապարակային գրառումներ, որոնք ոչ միայն օրենքի ակնհայտ չիմացության, առհասարակ Հայաստանի օրենսդրությանը ծանոթ չլինելու արդյունք են, այլ նաև իրենցից ակնհայտ շահարկումներ են ներկայացնում: Պաշտպանի աշխատակազմի դիտարկումը հաստատում է, որ այդ անձի գրառումները հատկապես են զուգորդվում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ կեղծ էջերից վիրավորանքներով ու ատելությամբ: Ընդ որում, առկա են նաև նման գրառումներ անող պաշտոնյաներ, որոնց ացահայտ անօրինական վարքագծի համար պատասխանատվության հարցով Պաշտպանը կզբաղվի առանձին (անհրաժեշտ ապացույցներն ամրագրված են): Հաշվի առնելով, թե ինչ աստիճան են ստացել վերջին մի քանի օրերի «իշխանական արշավները» ու ինչ ռեսուրսների օգտագործմամբ է տեղի ունենում, հաշվի առնելով, որ վերը նշված պատգամավորների գրառումներն իրենց հավանումներով հաստատել են, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը, խորհրդարանի կառավարող խմբակցության մի շարք այլ պատգամավորներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ՝ ակնհայտ է, որ գործ ունենք Պաշտպանի գործունեության վերաբերյալ ակնհայտ սխալ պատկերացումներ ձևավորելուն ու կազմակերպված շահարկումներ տարածելուն ուղղված խիստ դատապարտելի, ակնհայտ անօրինական քայլերի հետ: Ցավալի է, որ մեր երկրում առկա մարդու իրավունքների խնդիրները համատեղ լուծելու ջանքերի փոխարեն, անթաքույց փորձեր են արվում խոչընդոտներ առաջացնելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար: Խիստ զգուշացնում ենք, որ կառավարող խմբակցության որևէ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի իրավունքների շրջանակից դուրս է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող շահարկումներ անելն ու այդ գործունեության վերաբերյալ հասարակությունում սխալ պատկերացոմներ տարածելը: Առավել ևս նշված պատգամավորների իրավական կարգավիճակից ակնհայտ դուրս է հրապարակային կամ անգամ ոչ հրապարակային խոսելն այն մասին, թե Արման Թաթոյանը շարունակում է պաշտոնավարել, քանի որ դա իրենց մեծահոգության արդյունքն է: Այդ մասին հրապարակում արած պատգամավորին իրազեկում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը, բայց իր աշխատանքում Պաշտպանն անկախ է և առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ ու օրենքներով: Ուստի, Արման Թաթոյանը շարունակելու է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ իրավական հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն գործադրմամբ: Որևէ մեկի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, որևէ «ֆեյքային» հարձակում չի կարող դեր ունենալ Պաշտպանի գնահատականների և հայտարարությունների հարցում, քանի որ ցանկացած հրապարակում հիմնված է մասնագիտական ուսումնասիրությունների, կոնկրետ փաստերի և օբյեկտիվ վերլուծություններ վրա՝ հիմնավորված միջազգային պահանջներով: Հետաքրքրությամբ Պաշտպանը կսպասի բոլոր նշված գրառումներն արած պատգամավորների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների նույն ինտենսիվությամբ հրապարակումներին այն մասին, թե այս պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների խախտված իրավունքների պաշտպանության հարցերում նրանցից յուրաքանչյուրն ինչ արդյունքներ է արձանագրել կամ ինչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք ապահովել աշխատանքի անհրաժեշտ արդյունավետություն ու արագություն ապացույցների ամրագրման հարցերում. անկախ ամեն ինչից՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն այդ ուղղությամբ շարունակում է աշխատանքները: Հ.Գ. Ցավում ենք, որ ստիպված ենք երկրի համար գերպատասխանատու ու ճգնաժամային այս ժամանակահատվածում անդրադառնալ առաջնային նշանակություն չունեցող այս թեմային»,-գրել է Պաշտպանը: Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը մեղադրանքներ էր հնչեցրել ՄԻՊ աշխատանքի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ «Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված ՄԻՊ գնահատականները օրեցօր նմանվում են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին»։ Ավելի ուշ նմանատիպ հրապարակումներ են արել նաև այլ պատգամավորներ։
09:29 - 24 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ի իրավասությունները շահարկողներին հորդորում եմ ուսումնասիրել Սահմանադրությունը, ինչպես նաև «ՄԻՊ-ի մասին» օրենքը. Արման Թաթոյան

ՄԻՊ-ի իրավասությունները շահարկողներին հորդորում եմ ուսումնասիրել Սահմանադրությունը, ինչպես նաև «ՄԻՊ-ի մասին» օրենքը. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ է համարում հատուկ պարզաբանում անել: «1) Եթե ինչ-որ մեկը, ով չունի որևէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա սպառնալիք տվողին կամ բռնություն գործադրողին  քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին իրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ: Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, Ոստիկանության, քննչական մարմինների կամ Դատախազության կամ դատարանի իրավասության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կատարել նրանց գործը: Այլ հարց է, թե շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասության առնչվող հիմքեր: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքով (ասենք, ինչ-որ մեկը հրապարակային կամ ոչ հրապարակային սպառնացել է մեկ այլ անձի կամ բռնություն է գործադրել) քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի կամ քաղաքացի-պետություն հարթություն, օրինակ՝ քաղաքացին դժգոհում է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն քննում իրեն տրված սպառնալիքներին վերաբերող գործը կամ թույլ են տալիս խախտումներ կամ առհասարակ հրաժարվում են քննությունից։ 2) Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է նաև երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործմանը, համերաշխության մթնոլորտին նպաստելը, մարդու իրավունքների համար բոլոր խնդրահարույց հարցերին Պաշտպանն անդրադառնում է նաև համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում՝ առանց մասնավոր անձանց կոնկրետ արարքներին իրավական գնահատականներ տալու ու դա արվում է միշտ՝ բացառելու համար իրավունքի որևէ հնարավոր խախտում: Օրինակ՝ այս հայտարարությամբ առկա է մանրամասն անդրադարձ վիրավորանքներին ու ատելությանը երեկվա զանգվածային միջոցառումներին ընդառաջ:  Ուստի, հորդորում եմ մանրամասն ուսումնասիրել իրավապահ մարմիններին ու դատարաններին վերաբերող իրավական կանոնները, մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և Հայաստանի միջազգային պայմանագրերը»,- գրել է Թաթոյանը և հավելել՝ շահարկումների մյուս մասին առավել մանրամասն կանդրադառնան օրվա ընթացքում:
14:28 - 23 դեկտեմբերի, 2020
Պաշտոնյաներն ու ընդդիմության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով չպետք է նպաստեն անհանդուրժողականության խորացմանը. ՄԻՊ

Պաշտոնյաներն ու ընդդիմության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով չպետք է նպաստեն անհանդուրժողականության խորացմանը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որով շեշտում է, որ պաշտոնյաներն ու ընդդիմության տարբեր շրջանակներ իրենց հրապարակային խոսքով չպետք է նպաստեն անհանդուրժողականության խորացմանը:  «Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը: Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է: Նույն սկզբունքով անթույլատրելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և կեղծ օգտահաշիվներ, որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ: Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները: Սա որևէ տեղ չտանող ճանապարհ է, որ լի է վտանգներով, այն ավերում է մեր երկրի ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքերի համակարգի տարիների ձեռքբերումները: Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:  Ընդամենը երեկ է Մարդու իրավունքների պաշտպանն այս թեմայով ավելի ծավալուն գրառում կատարել, սակայն, հաշվի առնելով շարունակվող նույն մտահոգիչ զարգացումները, կրկին հորդորում է համերաշխության ու համախմբվածության, ուղղակի հրամայական պահանջ է դարձել հարգանքը մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների նկատմամբ»:
10:22 - 23 դեկտեմբերի, 2020
Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է. ՄԻՊ

Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: «Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին»:
13:22 - 22 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ն ընդգծում է իշխանության և ընդդիմության պատասխանատու դերը հանրային համերաշխության հարցում

ՄԻՊ-ն ընդգծում է իշխանության և ընդդիմության պատասխանատու դերը հանրային համերաշխության հարցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է  տարածել՝ անդրադառնալով մարդու իրավունքների համակակարգի նկատմամբ իշխանության և ընդդիմության հարգանքի պարտավորությանը: Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ստորև. «1. Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, որոնք հանրային դաշտում ապահովում են հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակությունը, հանրային դիսկուրսը: Յուրաքանչյուրիս ներուժը պետք է ծառայեցվի մեր գերակայություններին՝ հետպատերազմական վիճակում սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովում, ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց կատարած պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հիմքերի ապահովում և այլն: Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է: Դրանից բացի, անթույլատրելի է իշխանության մարմինների, պաշտոնյաների կողմից այնպիսի բառապաշարի (հաճախ անհասցե) գործածումը, որոնք ստացան հանրային լայն կիրառություն ու ավելի նպաստեցին երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը (օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» և այլն): Իշխանության մարմիններին ու պաշտոնյաներին նշում եմ առաջնահերթ, քանի որ նրանք են ի վերջո պատասխանատու լայն իմաստով հանրային երկխոսության ու քննարկումների բովանդակության, երկրի գերակայությունների համար, ինչպես նաև անհանդուժողականության հաղթահարման համար: Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելացնում լարվածությունը: Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախոուսումը: Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տևական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջերի և կեղծ օգտահաշիվների կազմակերպված ու նպատակային հարձակումների համար օգտագործվող խմբեր: Այդ էջերն ու օգտահաշիվները գործում են խմբերով և կոնկրետ հանձնարարականներով՝ մարդկանց հայհոյելով, արժանապատվությունը վիրավորելով, սպառնալիքներով ու բռնության կոչերով: Առհասարակ, բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը: Խիստ դատապարտելի է, որ իշխանության դեպքում սոցիալական ցանցերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների հիմնավոր ենթադրութամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները: Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին մի քանի տարիների ընթացքում ստացան ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որևէ զարգացում ու կլինեինք համախմբված՝ հաշվի առնելով բոլորիս միասնական լինելու, միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը: Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլև ներկայում գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները (հոգեկան անձեռնմխելիությունը, մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքը և այլն), վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին խաթարում է մեր երկրի անվտանգությունը: Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ և ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով: Ուստի, մենք պետք է գործենք մարդու իրավունքների համակարգի նկատմամբ հարգանքով, ճիշտ որոշենք այս օրերի մեր գերակայություններն ու լինենք համախմբված` հանուն այդ գերակայությունների և հանուն մեզնից յուրաքանչյուրի իրավունքների՝ ապավինելով ինքներս մեր հզոր ներուժին»:
10:43 - 22 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ

ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի ներկայացուցիչները այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալվածներին պահելու վայրում առանձնազրույց են ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, ստուգման ենթարկել նրան ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Մասնավորապես, այսօր Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը վաղ առավոտից Պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել ահազանգեր այն մասին, որ նրա գտնվելու վայրն անհայտ է և որ հնարավորություն չունի ներգրավվելու քրեական վարույթին՝ Ա.Առուշանյանին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով: Դրանից բացի, փաստաբանը բարձրացրել է հարց այն մասին, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը իրավական հիմնավորում չունի: Ողջ օրվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Ոստիկանության և Քննչական կոմիտեի հետ, որոնք ապահովել են պատշաճ համագործակցություն Պաշտպանի աշխատակազմի հետ: Ի գիտություն են ընդունվել նաև Առուշ Առուշանյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակային պարզաբանումները: Օրվա ավարտին փաստաբանները Պաշտպանին են հասցեագրել Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու նրա նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդմանն առնչվող գրավոր բողոք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս պահին ամփոփվում են ՁՊՎ այցի արդյունքները և փաստաբանների կողմից Պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
22:48 - 21 դեկտեմբերի, 2020
Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովվի նկատմամբ սպառնալիքների ու բռնության մասին կոչերը բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ

Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովվի նկատմամբ սպառնալիքների ու բռնության մասին կոչերը բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ

Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ: Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: «Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում: Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար: Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»,-ասված է հաղորդագրության մեջ:
15:05 - 21 դեկտեմբերի, 2020
Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար: Միևնույն ժամանակ պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախում գտնվող լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու նպատակով Ադրբեջանը քրեական հետապնդման է ենթարկել և սև ցուցակներում ներառել Արցախում լրագրողական գործունեություն ծավալող արտասահմանյան որոշ լրագրողների: Ավելին, պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները սահմանափակել են միջազգային լրագրողների անկախ գործունեությունը Ադրբեջանի տարածքում՝ հսկողության տակ պահելով նրանց տեղաշարժը և արհեստական խոչընդոտներ ստեղծելով նրանց համար: Վերլուծելով լրագրողների թիրախավորման բոլոր դեպքերի հանգամանքները, ինչպես նաև ադրբեջանական կողմի այլ վերաբերելի գործողություններն ու հայտարարությունները՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից՝ թաքցնելու համար Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ու դիտավորյալ պատերազմական հանցագործությունները: Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի ժողովրդի նկատմամբ իրագործվող վայրագությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ, ինչպես նաև Արցախ են այցելել հարյուրավոր հայ լրագրողներ: Զեկույցի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
23:14 - 18 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ
 |armtimes.com|

ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում փակ հանդիպում ունեցան գերեվարված զինվորների ծնողների հետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողների ու հարազատների հետ նախընտրեցին հանդիպել փակ ձևաչափով: Թաթոյանն ասաց՝ եկել են, որ տեղում կարողանան բոլոր զինվորականների տվյալները փաթեթի տեսքով ամբողջացնեն հետագա գործողությունների համար: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, տասնյակ զինվորականներ Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ էին մնացել դեկտեմբերի 15-ի երեկոյից: «Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, քննարկել ենք նաև Շիրակի մարզի այս տղաների հարցերը, դրա հետ կապված  աշխատանքներ ունենք անելու: Ինչ հնարավոր է ՄԻՊ իրավասության շրջանակներում, անում ենք, մնացածը թե՛ Սյունիքում, թե՛ ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պարզաբանումներ ու բացատրություններ պետք է տան իրավասու մարմինները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրեց, որ փաստաթղթերը ուղարկելու են Եվրոպական դատարան, որպեսզի կիրառվի հրատապ միջոց, եւ ապահովվեն Ադրբեջանում հայտնված անձանց իրավունքները: «Չեմ կարող թվով ասել, թե քանի զինվորականի մասին է խոսքը, կան մարդիկ, որոնց տեսանյութերի միջոցով հարազատները ճանաչել են: Կարող եմ նշել, որ թիվը բավական մեծ է»,- ասաց Կիրակոսյանը: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։  
19:12 - 18 դեկտեմբերի, 2020