ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արմավիրի նախկին քաղաքապետը ձերբակալվել է 9 մլն դրամ ընտրակաշառքի փոխանցման պահին

Արմավիրի նախկին քաղաքապետը ձերբակալվել է 9 մլն դրամ ընտրակաշառքի փոխանցման պահին

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի  10-ին,  ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել են 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ են նետել իրենց ձեռքում գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ։ Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ նույն օրը Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությանը: Ռ. Խ.-ն և Գ.Պ.-ն բերման են ենթարկվել Ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել: Նրանք հրաժարվել են ցուցմունք տալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:     Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Նշենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու է:
12:04 - 11 հունիսի, 2021
Դատախազությունը հանձնառու է ընտրությունների օրինականությունըապահովելու հարցում. Արթուր Դավթյան

Դատախազությունը հանձնառու է ընտրությունների օրինականությունըապահովելու հարցում. Արթուր Դավթյան

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործըթնացը դիտարկման ենթարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ամբողջ ընթացքում դիտորդական առաքելության և ՀՀ դատախազության միջև հաղորդակցության և գործակցության եղանակներին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրական հանցավոր իրավախախտումների դեմ համակարգված պայքարի ընթացիկ արդյունքներին, այս ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնություններին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազն ընտրությունների ընթացքի վերահսկելիության մակարդակի բարձրացման տեսանկյունից կարևոր է համարել արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությունների և մասնավորապես ԱՊՀ դիտորդական խմբի ներկայությունն ու մասնակցությունը: Նա հավելել է, որ Դատախազությունը հանձնառու է առաջիկա ընտրությունների օրինականությունը, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանությունն ապահովելու, մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու հարցում և նշել է այդ նպատակով վերջին շրջանում իրականացված ակտիվ նախաձեռնողական աշխատանքը, ներկայացրել մինչ այս պահը առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, դրանցով իրականացվող ստուգողական աշխատանքների, քրեական վարույթների շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքները: Արթուր Դավթյանը դիտորդական խմբին առաջարկել է իրենց առաքելության շրջանակում ցանկացած առերևույթ հանցավոր իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ, տվյալներ ստանալու դեպքում դրանք փոխանցել Դատախազությանը՝ հավաստիացնելով, որ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն անխափան կերպով ապահովում է բոլոր հաղորդումների պատշաճ ստուգումը: ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը նշել է, որ իրենց գործունեությունն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը, ինչի նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի դիտորդների հիմնական մասը: Նա փոխանցել է տեղեկատվության փոխանակման միջոցով ՀՀ դատախազության հետ համագործակցելու  դիտորդական առաքելության շահագրգռությունը: Այս առումով հանդիպման արդյունքում ձեռք են բերվել շփումներն աշխատանքային կարգով շարունակելու պայմանավորվածություններ: 
15:17 - 10 հունիսի, 2021
Համայնքների հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու մասին 2 քրգործ ուղարկվել է դատարան

Համայնքների հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու մասին 2 քրգործ ուղարկվել է դատարան

Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան: Մեղադրանք է առաջադրվել Ջրաձոր և Հողմիկ համայնքի ղեկավարներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից մանրամասնելով. Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն 2009թ. փետրվարի 25-ին Երևան քաղաքի մի բնակչի հետ կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4.680 ՀՀ դրամ վարձավճարով վերջինիս հանձնելու պայմանագիր: Դրանից ընդամենը 1 ամիս անց նշված քաղաքացին այդ հողամասից միայն 0.02 հա տարածքը 24 տարի ժամկետով կնքված  ենթավարձակալության պայմանագրով, մոտ 8.5 անգամ բարձր գնով՝ ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկին, այնտեղ վերջինիս կողմից տեղադրվել է ալեհավաք կայան: Արդյունքում՝ այդ 2009-2016թթ.-ին նշված անձն ստացել է շուրջ 3.6մլն ՀՀ դրամ գումար, իսկ համայնքը զրկվել է իրեն պատկանող հողամասից կայուն ֆինանսական մուտքեր ապահովելու հնարավորությունից:   Նշված առերևրույթ հանցավորն արարքը կատարելու համար Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 2.5 մլն ՀՀ դրամը: 2020թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Հողմիկ համայնքի նախկին ղեկավար Ա.Կ.-ն, տեղեկացել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մեկի կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու և շահագործելու մտադրության մասին: Դրանից հետո ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի իրեն ծանոթ աշխատակցի քրոջ հետ 2009թ. ապրիլի 30-ին Ա.Կ.-ն կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վերջինիս վարձակալության հանձնելու մասին պայմանագիր: Ապա, գործարքից ընդամենը 7 օր անց 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա վարձակալ անձը նշված հողամասի մի փոքր հատվածը՝ 0,02 հա չափով, ավելի քան 100 անգամ բարձր գնով՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությանը: Դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով նախատեսված է եղել պահանջ` հողամասն օգտագործել բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, իսկ այդ պահանջի չկատարումը հանդիսացել է պայմանագիրը համայնքապետարանի կողմից միակողմանի և վաղաժամկետ դադարեցնելու հիմք, ինչը սակայն, ակնհայտ խախտման պայմաններում չի արվել: Արդյունքում ենթավարձակալության հանձնած անձի ընտանիքը 2009-2016թթ. ընթացքում ստացել է 3.6,լն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ նույն ժամանակահատվածում, համայնքը որպես վարձակալության վճար, ստացել է ընդամենը 36.800 ՀՀ դրամ գումար: Հողմիկ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք: Մինչդատական քրեական վարույթի ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1.750.000 ՀՀ դրամը: Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է նշված երկու գործերով մեղադրական եզրակացությունը և քրեական գործերն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։
15:09 - 09 հունիսի, 2021
Դատախազության պարզաբանումը հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի առնչությամբ

Դատախազության պարզաբանումը հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի առնչությամբ: Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.   «Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել, որ դեպքն այսօրվա չէ և նոր չէ, ինչպես նշված է սկզբնաղբյուր հանդիսացող թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ և ինչը տիրաժավորվում է առանձին լրատվամիջոցների կամ օգտատերերի կողմից:   Խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի է ուենցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին։   Նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ այսօր ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով»:  
21:27 - 08 հունիսի, 2021
Դատախազությունն ընտրական հանցավոր իրավախախտման 51 ահազանգ-հաղորդում է ստացել, 8 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Դատախազությունն ընտրական հանցավոր իրավախախտման 51 ահազանգ-հաղորդում է ստացել, 8 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր

ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 7-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 51 հաղորդում: Դրանցից  11-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 24-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ, 13-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, դիմումներ, 2-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ստացված տվյալներ և 3-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում բացված թեժ գծով ստացված ահազանգերն են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Դատախազության հանրային կապերի բաժինը: Նշված 53 հաղորդումներից 9-ով հանձնարարվել է քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստել նյութեր, որոնցից 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, իսկ 8-ը գտնվում են նյութերի նախապատրաստման ընթացքում: Ենթադրյալ ընտրական հանցավոր իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 42 հաղորդում, ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ դրանց կապակցությամբ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Դրանցից 16-ով իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշված տեղեկությունները չեն հաստատվել, ինչով պայմանավորված՝ դրանք թողնվել են անհետևանք: Իսկ 26 հաղորդման  առնչությամբ ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ևս 16 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ստուգման կամ նյութերի նախապատրաստման նպատակով ոստիկանություն ուղարկված առերևույթ հանցավոր իրավախախտումների դեպքերից 44-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 3-րդ կետ), իսկ 2-ը՝ այլ բնույթի են: ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին, ընտրություններին մասնակցող սուբյեկտներին հորդորում է  իրենց հայտնի դարձող՝ ընտրական հանցագործության յուրաքանչյուր առերևույթ դեպքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք իրենց մեջ պարունակում են որոշակի կոնկրետություն, հասու դարձնել իրավապահ մարմիններին՝ հնարավոր բոլոր իրավաչափ հաղորդակցային միջոցներով:
19:10 - 08 հունիսի, 2021
Չպետք է թույլ չտալ ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն․ գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի իրավապահների հետ

Չպետք է թույլ չտալ ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն․ գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի իրավապահների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ  մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով սահմանված կարգով, առանց հանցավոր միջադեպերի, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ քարոզարշավի պատշաճ  ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքի մարզում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ գլխավոր դատախազի՝ մարզի իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ բնույթի միջամտություն, ներգործություն՝ ինչպես պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, անհատների անձնական հեղինակությունների գործադրման, այնպես էլ մասնավոր, արտադրական կամ այլ կազմակերպություններում,  ՍՊԸ-ներում աշխատակիցներին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելուն հարկադրելու տեսքով: Նման դեպքերում անմիջապես պետք է գործադրվի նաև քրեադատավարական գործիքակազմը և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի տրվի իրավական գնահատական:    Գլխավոր դատախազը Սյունիքի մարզի իրավապահներին ևս զգուշացրել է քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջը անվերապահորեն պահպանելու անհրաժեշտության, այն խախտելու, իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելու իրավական հետևանքների անխուսափելիության մասին: Նման դրսևորումները Արթուր Դավթյանի գնահատմամբ աններելի են և չպետք է թույլ տալ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում լիակատար անաչառություն պահպանելու, իրենց գործառույթների կատարման մեջ իրավապահ մարմինների ազնվության և օրինահենության հանդեպ հանրության վստահության խաթարում: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների օրինական ընթացքի ապահովմանն ուղղված իրավապահ մարմինների փոխգործակցության կառուցակարգերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, գլխավոր դատախազի կոմղից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
19:20 - 07 հունիսի, 2021
ՀՀ զինդատախազի պաշտոնակատարը Վճռաբեկում բողոքարկել է զորամասը ինքնակամ լքելու գործով մեղադրյալի վերաբերյալ որոշումը

ՀՀ զինդատախազի պաշտոնակատարը Վճռաբեկում բողոքարկել է զորամասը ինքնակամ լքելու գործով մեղադրյալի վերաբերյալ որոշումը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադառնում է պատերազմի ընթացքում հարուցված քրգործի: «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական գործ: 2021 թվականի մարտի 16-ին այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ի. Վահանյանին: Նույն օրը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը 2021 թվականի մարտի 18-ին բավարարվել է: Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացվել մեղադրյալի պաշտպանի կողմից, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. մարտի 18-ի որոշումը բեկանվել է և մեղադրյալ Ի. Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Կտրականապես համաձայն չլինելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ՝ 2021թ. դեռևս մայիսի 6-ին ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք»,- գրել է Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատար Ի. Վահանյանը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով:
15:40 - 07 հունիսի, 2021
Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն․ Դատախազություն

Ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն․ Դատախազություն

Նկատի ունենալով, որ 2021թ. հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ընտրությունների ամբողջ ընթացքում ներգրավված բոլոր սուբյեկտներին հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես նախընտրական շրջանին բնորոշ ընտրական հանցագործություններ և ինչպիսի պատիժներ են նախատեսված դրանք կատարողների համար: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազությունն զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն: Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
10:44 - 07 հունիսի, 2021
Մեկուկես ժամում Լոռիում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի փայտանյութով 19 բեռնատար

Մեկուկես ժամում Լոռիում հայտնաբերվել է առերևույթ ապօրինի փայտանյութով 19 բեռնատար

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից որդեգրված՝ ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խստացման շրջանակներում մարզի տարածքում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունն ու օպերատիվ աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «Մասնավորապես, մարզի դատախազության կողմից տրված հանձնարարականների հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 2021 թվականի հունիսի 04-ին՝ ժամը 03։00-ից 04։30-նն ընկած ժամանակահատվածում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Լոռու մարզի վարչական տարածքում հայտնաբերվել և զննության է ենթարկվել թվով 19 տարբեր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոց: Զննության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 84 խմ ծավալով առերևույթ ապօրինի փայտանյութ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ ստուգմամբ պարզվել է, որ նշված փայտանյութը տեղափոխած անձինք չունեն դրանց ձեռքբերման վերաբերյալ համապատասսխան փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն համապատասխանել հայտնաբերված փայտանյութի իրական քանակին, ինչպես նաև ներկայացվել են վաղեմությամբ հին փաստաթղթեր։ ՀՀ դատախազությունից հայտնում են, որ հայտնաբերված տրանսպորտային միջոցները և ամբողջ փայտանյութը տեղափոխվել է համապատասխան ստորաբաժանումների հատուկ պահպանվող տարածքներ։ Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների ընթացակարգով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթացներ։
19:36 - 04 հունիսի, 2021
Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին

Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացող միջազգային տնտեսական համաժողովին։ Վերջինիս շրջանակներում կազմակերպված «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով։ ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին, դրանց կանխարգելմանը, առկա մարտահրավերներին և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների ձեռնարկած պայքարի կառուցակարգերին: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նման դրսևորումների հակազդման, քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձը, բիզնեսի հայաստանյան ներպետական իրավական պաշտպանության համակարգը: Շետադրում է կատարվել Հայաստանում ազատ տնտեսավարման և ներդրումների իրավական պաշտպանության ուղղությամբ իրականացված բարեփոխումների վրա: Ֆորումի ընթացքում քննարկվել են բիզնեսի զարգացման, տնտեսվարողների իրավունքների պաշտպանության միջոցների ունիվերսալացման, դրանց խոչընդոտող՝ հատկապես հաղորդակցային տեխնոլոգիաների միջոցով իրականացվող հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության, փորձի փոխանակման մեխանիզմների կատարելագործման խնդիրները: 
18:54 - 04 հունիսի, 2021
ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը բարձրացրել է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը

ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը բարձրացրել է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարում: Քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արձանագրել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հատկապես վերջին շրջանում արձանագրվող դրական միտումները, որոնք համարժեք են երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն: Արձանագրվել է, որ երկու կառույցների միջև փոխհարաբերությունների բնույթն այնպիսին է, որ թույլ է տալիս  փոխադարձ վստահության և կառուցողականության հիմքի վրա հնարավորինս արագ համատեղ լուծելու միջազգային համաձայնագրերով կարգավորման ոչ միշտ ենթակա խնդիրները: Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման  կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ: Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր: Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն:
20:40 - 03 հունիսի, 2021
Լոռու մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել

Լոռու մարզում անտառների պահպանության համար պատասխանատու 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել

Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը ՀՀ Լոռու մարզում լայն թափով շարունակվում է, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:Լոռու մարզի դատախազության հետևողականության և դատախազների կողմից արդյունավետ, պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ապօրինի ծառահատումների առնչությամբ 2021թ. ընթացքում հարուցված քրեական գործերով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերջիններս, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում արձանագրել անտառխախտման դեպքերը, ստուգել բնափայտի մթեր­ման, անասունների արածեցման, խոտհունձի և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց ծառայութ­յան նկատմամբ դրսևորել են ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք: Պաշտոնեական պարտակա­նութ­­յունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառա­հատում չկատարվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ: Արդյունքում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն ՀՀ դրամի չափով վնաս: Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում գործերի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու, այդ թվում՝ բնությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Լոռու մարզի դատախազի կողմից իրավասու մարմնին ներկայացվում է իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելուն ուղղված միջնորդություններ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:45 - 03 հունիսի, 2021
Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Գոռ Աբրահամյան

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից: Դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունների կատարման ընթացքում զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,- գրել է նա:
19:51 - 02 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Նա կմասնակցի հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժինը: Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակներում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։ Այցի շրջանակներում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։      
18:41 - 02 հունիսի, 2021
Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում, որոնցից 5-ով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

Ստացվել է ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում, որոնցից 5-ով նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է առաջիկա արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում:Նշվածներից 19-ով, որոնցում ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ առկա տվյալները եղել են վերացական և ընդհանուր բնույթի, ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Դրանցից 6-ի արդյունքում ստացված տվյալները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական աշխատանքները շարունակվում են:Հինգ դեպքով, նկատի ունենալով, որ տվյալներն ի սկզբանե եղել են առարկայական, կամ, ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, որոնք ընթացքի մեջ են:   Ստացված և ուսումնասիրված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին վերոնշյալ ահազանգերից 19-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ կետ): Նախապատրաստվող նյութերից 2-ի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզի, 1-ական՝ Երևան քաղաքի, Կոտայքի, Լոռու մարզերի դատախազությունների կողմից: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 15 դիմումների կապակցությամբ, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն բովանդակվել, քաղաքացուն տրվել է պարզաբանում կամ ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: ՀՀ գլխավոր դատախազությունը կշարունակի կայուն պարբերականությամբ հանրությանն իրազեկել աշխատանքային խմբի գործունեության արդյունքների, իրավապահ մարմիններին ներկայացվող տեղեկություններում, ահազանգերում, հաղորդումներում ներկայացվող տվյալների ստուգման, հարուցվող քրեական վարույթների շրջանակում իրականացվող քննությունների ընթացքի մասին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարի ներքո:
15:56 - 02 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ոստիկանապետի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ոստիկանապետի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական պայքարի կազմակերպման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  հանդիսանալով նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը, իր խոսքում շեշտել է ստեղծված իրավիճակում մեր երկրի համար կայանալիք ընտրությունների ճակատագրական նշանակությունը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններից յուրաքանչյուրի խնդիրն է իր լիազորություններն ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օպերատիվ համագործակցության միջոցով օրինական, թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու կամքի ազատ դրսևորմամբ ընտրությունների անցկացման ապահովումը:   Գլխավոր դատախազը հստակ և մանրամասն մատնանշել է այն հիմնական թիրախները, որոնց չեզոքացմանը, կամ որոնց շրջանակներում հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկելուն պետք է ուղղվեն իրավապահների համատեղ ջանքերը: Արթուր Դավթյանը նաև կարևորել է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների հետ իրավապահ մարմինների աշխատանքը, և ստացված հանցավոր ընտրախախատումների վերաբերյալ տեղեկություններին, ահազանգերին իրավապահ համակագի արագ արձագանքելու անհրաժեշտությունը: Խորհդրակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքելու, ստուգման առարկա դարձնելու, քրեադատավարական գործընթացներ նախաձեռնվելու դեպքում յուրաքանչյուր օղակի կողմից իր պարտականությունների կատարման անխափան ընթացքն ապահովելու կառուցակարգերը, աշխատանքային հնարավոր խնդիրները, դրանց կարգավորման եղանակները: ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության երաշխավորմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:      
18:28 - 31 մայիսի, 2021