Սահման

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. ԱՆ

Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. ԱՆ

Սիսիան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ի` ժամը 14։00-ի դրությամբ, արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 370 դեպք, որից այս պահին հիվանդանոցում բուժվում է 7 պացիենտ: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 11-ին վերցված ջրի նմուշները, ըստ մանրէաբանական ցուցանիշների, չեն համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին, իսկ պացիենտների կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային ախտածին տարբեր հարուցիչներ (այդ թվում` բակտերիաներ՝ Էնտերոախտածին աղիքային ցուպիկ, Յերսինիա էնտերոկոլիտիկա և կամպիլոբակտեր, ինչպես նաև վիրուսներ՝ Նորովիրուս և Ադենովիրուս), ինչը բնորոշ է աղիքային վարակիչ հիվանդությունների ջրային գործոնով պայմանավորված բռնկումներին:
17:27 - 13 մայիսի, 2021
Ադրբեջանական զինուժի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ․ ՄԻՊ

Ադրբեջանական զինուժի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: Սյունիքի մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ, կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:
15:43 - 13 մայիսի, 2021
Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակի մասին

Երեկվանից իրադրության էական փոփոխություն չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակի մասին

Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը՝ Սև լճի հատվածում։ Եվ ուզում եմ ասել, որ երեկվանից ըստ էության իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը։  Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝  այս ամենը նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ կա նաև մեծ թվով հայ զինվորների ներկայություն։ Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ իրադրությունը ռազմական էսկալալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ «Ինչու՞ է այսպես իրադրությունը։ Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։ Բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։ Իհարկե կարևորագույն հարց է, թե ինչպե՞ս հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարիկման խնդիր է, որը իհարկե անպայման կդիտարկվի»,- հայտնեց Փաշինյանը։ Վերջինս նաև հավելեց, թե երեկվանից քննարկվում կամ ասվում է, որ ՊՆ-ն, ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց տեղեկատվությունը, սակայն իրականում ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ ինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն։ «Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շուտ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է ետ քաշվի ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են նրանք մայիսի 10-ի դրությամբ։ Հիմա տեղում ընթանում է աշխատանք։ Այսօր Կառավարության նիստից հետո կունենանք ԱԽ նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրույթունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները և կկայացվեն անհրաժշետ որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ։ Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար։ Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են այպես էլ վեչադառնան ելման դիրքեր և այս խնդիրը մենք պետք է լուծենք»- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:33 - 13 մայիսի, 2021
Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Ջո Բայդենի վարչակազմին |factor․am|

Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Ջո Բայդենի վարչակազմին |factor․am|

factor.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին. տեղեկանում ենք կոնգրեսականի ֆեյսբուքյան գրառումից: «Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է կյանքեր խլել: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր վարած քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հրահրելով նոր պատերազմ», – գրել է Շիֆը։ «Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով ու առավել առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ [Ազատության աջակցության օրենքի] 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», – գրել է ՆՊ Հետախուզության հանձնաժողովի նախագահը։
11:11 - 13 մայիսի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարի Թաղ 1-5 շարքերի սեփական տներ, Սարի Թաղ 1-3 փողոցների սեփական տներ, Որմնադիրների փ. 5-43 սեփական տներ, Խորենացի փ. 63-211 սեփական տներ, Դեղատան փ. 13 շենք, Սուրենյան փ. 1-30 սեփական տներ, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 4/1 շենքեր, Գայի պող. 3, 5, 7, 7/1 շենքեր, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գայի պող. 45 շենք, թիվ 252 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 5 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Չեխովի փ․ 15, 17 և Եղբայրության փ․ 14 շենքեր, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6 շենքեր, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-17:00 Կիևյան փ. 12 շենք, Նորք Մարաշ՝ Նորք 9-րդ փողոց սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ, Օշական և Սասունիկ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ գյուղ մասնակի, 10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Աբովյան, Արամ Խաչատրյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 22, 24 շենքեր, 10:00-16:00 Քաղցրաշեն և Նարեկ գյուղեր, Այգեզարդ, Լուսառատ և Դաշտաքար գյուղեր մասնակի, 10:30-16:00 Բերքանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Սարալանջ գյուղ, 10։30-14։00 Ջերմուկ քաղաք՝ Իսակովի փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Ալավերդյան, Զորավար Վարդանի, Չալաբյան փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-16։30 Չարենցավան քաղաք՝ 3-րդ թաղ. 12-21, 31-41; 4-րդ թաղ. 7-24; 6-րդ թաղ. 1-4, 13-29; 7-րդ թաղ. 1-14, 18-25 շենքեր, Մշակույթի տուն, №3 №4 №5 դպրոցներ, Քաղաքապետարանի շենք, Ոստիկանության Չարենցավանի բաժանմունք, «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, «Վեոն Արմենիա», «ՎիվաՍել- ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ, Արտավազ, Հանքավան, Ձորակ, Կաքավաձոր գյուղեր, Կաքավաձորի ասֆալտբետոնի գործարան, Մեղրաձորի ոսկու հանք, «Արջաձոր», «Թեժ Վոթերֆոլ» ՓՀԷԿ-եր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16։00 Ներքին Պտղնի գյուղ մասնակի, 11։00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 10։00-12։00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Սայաթ-Նովա, Մոմճյան, Արցախի, Հերացու փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Տավուշի մարզում՝ 10:00-12:30 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Սպիտակ քաղաք՝ հիվանդանոց, Բանավան, Սովխոզային, Էստոնական, Քրքորյան, Ավետիսյան, Շվեցարական, Գլենդել, Գալոի Պուճախ թաղամասեր, Ուզբեկական թաղամաս մասնակի և Լեռնանցք գյուղ,   Սյունիքի մարզում՝ 10:30-11:30 Սիսիան քաղաք` Երիտասարդական, Խանջյան, Գետափնյա, Այգեստան, Վահան Խորենի փողոցներ, 12:00-13:00 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 2, 4 շենքեր, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 6 շենք, 10:30-16:30 Գորիս քաղաք՝ Արզումանյան փողոց, 10:00-16:00 Խնածախ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Քարահունջ գյուղ:
09:32 - 13 մայիսի, 2021
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է: Պետք է նաև արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Բայց հարկ է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է: Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա: Կրկին ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»:
00:16 - 13 մայիսի, 2021
Չնայած տարածված լուրերին՝ ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն. Սիսիանի ԲԿ տնօրեն
 |armtimes.com|

Չնայած տարածված լուրերին՝ ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն. Սիսիանի ԲԿ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված 17 հիվանդից ստացիոնար բուժում է ստանում 5-ը: Նրանցից 3-ը 0-5 տարեկան են, 2-ը՝ 25-40: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով: Այս մասին ասաց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անի Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ նման ախտորոշմամբ նոր դեպքեր չենք արձանագրվել: Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ չնայած տարածված լուրերին, ոչ մի զինծառայող նման գանգատներով չի դիմել բժշկական կենտրոն: Նրա կարծիքով` կեղծ են նաեւ այն տեղեկությունները, թե ջուրը թունավորվել է ադրբեջանցիների կողմից: «Դա հնարավոր չէ, քանի որ մեր ջուրը Շաքիից է գալիս, որը շատ հեռու է ադրբեջանական վերահսկողությունից: Կարծում եմ՝ կեղծ տեղեկատվություն է դա։ Հետազոտությունների համար նմուշները վերցված են: Ե՛վ հիվանդների կղանքն ենք քննության ուղարկել Երեւան վիրուսոլոգիական լաբորատորիա, ե՛ւ նմուշառման ջուրն ենք վերցրել, նույնիսկ մտածել ենք՝ հնարավոր է կորոնավիրուս լինի, դա էլ ենք հետազոտել, բայց բացասական թեստեր ունենք: Վաղը օրվա վերջում պատասխանը կլինի»,- ասաց Անի Գրիգորյանը։
21:53 - 12 մայիսի, 2021
Սյունիքի մարզպետը Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել |hetq.am|

Սյունիքի մարզպետը Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մայիսի 10-ին Տաթև համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել Արթուր Մաթևոսյանին: Նույն որոշումով մարզպետը դադարեցրել է Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանի պարտականությունները, որին այս տարվա փետրվարի 22-ին էր նշանակել:  2021թ. փետրվարի 22-ին լրացավ Տաթև համայնքի ընտրված ղեկավար Մուրադ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը: Սակայն օրենքի պահանջով ընտրություններ չնշանակվեցին, քանի որ Հայաստանում 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը պահպանվում էր: Մարզպետը դադարեցրեց Մ. Սիմոնյանի լիազորությունները և համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց համայնքի ղեկավարի տեղակալ Մ. Հովսեփյանին:  «Մուշեղ Հովսեփյանին 2021թ. փետրվարի 23-ից նշանակել Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասվում է մարզպետի որոշման մեջ: Սակայն չսպասելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ մարզպետը կրկին համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել: Շինուհայր գյուղի բնակիչ Արթուր Մաթևոսյանը տեղական ինքնակառավարման համակարգում չի աշխատել:Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։
20:44 - 12 մայիսի, 2021
Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ
 |armtimes.com|

Քիչ առաջ եմ իջել Սեւ լճից. ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը քիչ առաջ Սեւ լճի տարածքից վերադարձել է: Մարզպետը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Զրույցը մարզպետի հետ՝ ստորեւ. - Պարոն Պողոսյան, ի՞նչ իրավիճակ է սահմանին, բանակցությունները ավարտվեցի՞ն, թե՞ ոչ: - Չէ, չէ, բանակցությունները ընթացքում են, գնում են, ես նոր իջա Սեւ լճի տարածքից, սպասենք այնտեղ բանակցություններին մասնակցող մեր պաշտոնյաները իջնեն, ճիշտ ինֆորմացիան կտանք, ԱԱԾ շտաբի պետն այնտեղ է: - Այսինքն հետ չե՞ն գնացել ադրբեջանցիները: - Գիտե՞ք ոնց, իրենք որ եկել-անցել են մեր պետական սահմանը, դրանք ստորաբաժանումներ են, բայց իրենց վերադասը պետք է ասի, որ հետ քաշվեն, զինվորական են: Իրենք էլ մի հատ քարտեզ են վերցրել, էդ քարտեզով ուզում են ապացուցել, որ դա իրենց տարածքն է, բայց մերն է, էլի, իրոք մերն է դա: Հիմա խնդիրը նրա մեջ է, որ բանակցության փուլում ապացուցենք, որ դա ոչ թե իրենցն է, այլ մերը: ԱԱԾ-ն, այդ ուղղության հրամանատարը հակառակորդի հետ պետք է հանդիպեն, որ ճշտեն, որից հետո զորքերը հետ քաշեն իրենց տեղը: - Այսինքն այն տարածքը, որտեղ իրենք հիմա փորձում են դիրքավորվել՝ դա մերն է, վստահ եք: - 100 տոկոսով է մերը: Մեր անձնակազմը մի տեղ է, բլուրները իրարից հեռու են. երբ որ ձյունը հալվել է, ճանապարհները բացվել են, հիմա ուզում են գալ, իրենց պոստերը դնել, բայց պոստերը թող դնեն իրենց սահմանում, ոչ թե մեր սահմանում: Եթե ասենք մոլորվել են, չէ, մտածված էլ եկել են: Մտածված եկել են, պետական սահմանը խախտել են, հիմա պիտի գնան իրենց տեղերը: - Շա՞տ են առաջ անցել: - Տարբեր հատվածներում տարբեր չափի՝ 1.8 կիլոմետրից 2 կիլոմետր: - Իրենք քանի՞ հոգի են: - Վաշտեր են, դասակներ՝ տարբեր ուղղություններով տարբեր քանակի: Այնպես էլ չի, որ շատ են: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
20:17 - 12 մայիսի, 2021
Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին |armenpress.am|

Խնդրի լուծումը շատ մոտ է, վիրավորներ և կրակոցներ չկան. Քոչարյանը՝ Սյունիքի սահմանային միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am: Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես: «Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ: Նրա խոսքով՝ հակառակորդի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ: «Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Քոչարյանն ընդունում է՝ խնդիր կա, բայց դա այն խնդիր չէ, որի համար մարդկանց վախի մեջ պահեն: «Պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,-ասաց Քոչարյանը: Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել: Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
16:45 - 12 մայիսի, 2021
Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ

Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք. ԱՆ

2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն: Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ: Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C: Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ: Այսօրվա դրությամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գանգատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով: Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում:
16:44 - 12 մայիսի, 2021
16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

16 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներ

Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառումն իրականացվել է ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Համակարգչային սարքավորումների հանձնման միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սա հերթական կարևոր քայլն է համավարակի հետևանքով կրթական համակարգում առաջացած խնդիրների լուծման գործում: «Սա գործընկերային ճկուն հարաբերությունների դրսևորում է, երբ ջանքերի համախմբմամբ ուսումնական հաստատությունների համար առաջացած ճգնաժամային իրավիճակում ստեղծվում են զարգացման, հեռավար ուսուցման բարելավման պայմաններ: Անկախ նրանից, թե երբ վերջնականապես կհաղթահարենք համավարակը, այս ընթացքում զարգացրած կարողությունների, գործիքների մի մասը կկարողանանք օգտագործել նաև հետագայում: Հույս ունեմ՝ այս սարքավորումները կծառայեն որպես ճգնաժամի հաղթահարման, հաստատությունների զարգացման գործիք: Գիտենք, որ կան ընթացիկ բարելավման խնդիրներ, բայց սա ևս շատ քայլ է: Պետք է մշտապես շարունակել զարգացման գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ-ին արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը ևս կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային հարաբերությունները և ասել, որ համակարգչային սարքավորումների տրամադրումը ոչ թե պարզապես գեղեցիկ քայլ է, այլ կարիքների գնահատման արդյունքում առաջացած գաղափար: «Մեր ծրագրերում փորձում ենք անպայման ներառել մարդկային կարողությունների զարգացման բաղադրիչը` կրթական խնդիրների հաղթահարման և երիտասարդության՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման նպատակով: Սա հակաճգնաժամային ծրագիր է, որն իրականացվել է հետպատերազմական և համավարակի պայմաններում՝ կոնկրետ 3 մարզի համար: Սարքավորումների տրամադրման որոշումը կայացվել է կատարված հետազոտության արդյունքում. ՄԿՈՒ հաստատություններն ունեն համակարգչային տեխնիկայի թարմացման և ստեղծված պայմաններին համապատասխան գիտելիքների զարգացման կարիք»,- ասել է Կարինե Սիմոնյանը և վստահեցրել, որ պատրաստ են ծրագրերն առավել բարելավել և դարձնել հասցեական՝ հաշվի առնելով ՄԿՈՒ հաստատությունների առաջարկները: «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում իրականացվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատոււթյունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին» ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտություն. հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: Բացի դրանից՝ առցանց դասընթացները լավագույնս նախապատրաստելու և վարելու համար վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 400 աշխատակից:
16:14 - 12 մայիսի, 2021