ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում  քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: «Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ թեկնածուն պետք է ունենար գիտական աստիճան, կատարվել է փոփոխություն և առաջարկվում է գիտական աստիճան ունենալուց բացի, ունենալ 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության փորձ»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՍՄ նախարարը նաև անդրադարձ կատարեց ամբիոնի վարիչների պաշտոնին: «Նախկինում համարվում էր վարչական, իսկ հիմա առաջարկվող տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը համարվում է ակադեմիական աշխատանք, և դա ակադեմիական պաշտոն է»,- նշեց նախարարը: Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց՝ ռեկտորների տարիքային սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հակասություն կա Սահմանադրության հետ, և կան որոշակի փոփոխություններ, բայց հակադրությունը չի վերացվել: Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց՝ կան օրինակներ, որոնց հիման վրա է այդ դրույթն ավելացվել:
14:14 - 22 մարտի, 2021
Մեկ ամիս է՝ հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը․ ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Մեկ ամիս է՝ հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը․ ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան

Վեց ամիս առաջ հեռացա ԲՈԿ-ից ու առաջին անգամ եմ գրում ԲՈԿ-ի մասին։ Ցավոք, այս վեց ամիսների ընթացքում չնշանակվեց նախագահ ու կառույցը չունի առաջնորդ։ Այս մասին գրել է ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։ «2019 թվականի մայիսի 22-ին Հ1-ի տաղավարում Պետրոսին ասացի, որ ԿԳՄՍ աշխատակցի ատենախոսության մեջ գտել ենք ծավալուն արտագրություններ, ԲՈԿ-ը նրան չի տվել գիտական աստիճանի վկայագիր և նա բողոքել է նախարարին։ԿԳՄՍ նախարարը վարչական վարույթ էր հարուցել ու ձևավորել հանձնաժողով։ Չնայած նրան, որ այդ հանձնաժողովը հաստատեց արտագրությունների փաստը ու գտավ ավելի ծավալուն արտագրություններ, այնուամենայնիվ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում։ ՈՒ ես եթերում ասացի, որ մերժման դեպքում աշխատակիցը կդիմի դատարան ու գրագող դատավորը նրան կպաշտպանի։ Շատերը դա մեկնաբանեցին որպես դատական համակարգի դեմ քայլ, բայց ինձ համար մեկ էր։ Ես այլ բանի մասին էի ասում. իմ վերադասը գրագողության դեմ պայքարում ինձ հետ թիմակից չէր։ Ես դա էի ասում, մինչդեռ գրեթե ոչ մեկ դա չլսեց։ Ինքս հայցորդին առաջարկել էի ատենախոսությունը փոխի, վերախմբագրի, բերի պատշաճ տեսքի ու նորից պաշտպանի։ Բայց չէ, իր նպատակն էր այդ արտագրած ատենախոսությամբ ստանալ գիտությունների թեկնածուի վկայագիր։  2019-2020 թվականների ընթացքում չորս թե հինգ անգամ ԿԳՄՍ նախարարը բավարարեց բողոքն ու ԲՈԿ-ին հանձնարարեց կայացնել նոր որոշում ու ամեն անգամ իմ ձեռքով ԲՈԿ-ը մերժեց ԿԳՄՍ աշխատակցին տրամադրել գիտական աստիճանի վկայագիր։ Նա հասկացել էր, որ դատարանում հաջողության չեն հասնի ու այսպես անվերջ շարունակվելու էր, եթե ես չհեռանայի ԲՈԿ-ից։  Արդեն մեկ ամիս է հայցորդը ստացել է իր գիտական աստիճանը, որի մասին ԲՈԿ-ի կայքը լռում է։ Կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը, փոխարենը հայցորդի անվան դիմաց հայտնվել է գիտությունների թեկնածու գրառումը։ Հավանաբար սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։ ՈՒ եթե անցած տարի տեսել էինք, որ առաջին տեսակի հետ մեր հասարակությունը հաշտ ապրում է, ապա երկրորդ տեսակի նորմալ լինելը նոր է ապացուցվում։ Ու հա, մի քանի օր առաջ վերաբացվեց այն մասնագիտական խորհուրդը, որում տեղի էին ունեցել այդ և արտագրություններով հեղեղված այլ ատենախոսության պաշտպանությունները։ Բացվեց նույն խորհրդի նախագահով, առանց անցյալի որևէ գնահատականի։ Ու այս ամենից հետո մոտս միայն մի հարց է առաջանում։ Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները։ Չէ՞ որ ես այդ բոլոր գրագողերի նկատմամբ անտարբեր եմ, անձնական ոչ մի վերաբերմունք չունեմ իրենց նկատմամբ, պարզապես փորձում էի պաշտպանել գիտությունը։ Իսկ 2019 թվականին մշակված ու գիտական հանրության հետ քննարկված  աստիճանաշնորհման նոր կանոնակարգն այդպես նախարարը կյանքի չկոչվեց, մինչդեռ այն բավականաչափ դրական ազդեցություն կունենար։  Ցավոք 2018-ի հեղափոխությունից հետո մենք որպես հասարակություն չսովորեցինք իրերը կոչել իրենց անունով, փոխանակ դատավորն ասեր չի հասկացել, սխալվել է, փոխանակ ռեկտորի ժ/պ-ն ասեր, որ սխալվել է, բայց անձամբ երաշխավորը կլինի, որ իր ղեկավարած կառույցում այլևս ոչ մեկ նման սխալ թույլ չի տա․․․․ մենք հերքեցինք անցյալի մեր արատները ու ձևացրեցինք թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ լավը ձևացնելը միշտ քանդվում է ու քանդվում է շատ ցավոտ։ Ու խնդիրը նախկին-ներկա հարթության մեջ չէ, խնդիրը մերն է։ Խնդրում եմ չքաղաքականացնել»,- նշել է Գոգյանը։  
10:21 - 22 մարտի, 2021
ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

ՀՀ ուսանողները բակալավրիական և մագիստրոսական կրթություն կստանան Չինաստանի բուհերում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ՀՀ 16 քաղաքացի մեկնելու է Չինաստան: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Չինաստանի բուհերում 7 քաղաքացիներ բակալավրիական կրթություն կստանան «Բժշկություն», «Տնտեսագիտություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա» և «Տեսական ֆիզիկա» մասնագիտությունների գծով: 9 քաղաքացիներ մագիստրոսական կրթություն են ստանալու «Չինարեն լեզու և գրականություն», «Համակարգչային գիտություն և տեխնոլոգիա», «Մեքենաշինություն», «Տնտեսագիտություն», «Բիզնես կառավարում», «Արվեստ և դիզայն», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով: Գործուղման համար հիմք են հանդիսացել «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը», «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության միջև կրթության բնագավառում» համաձայնագիրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշումը:
10:20 - 22 մարտի, 2021
Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու համար. Կարեն Թռչունյան

Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու համար. Կարեն Թռչունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախարարի տեղակալը ծանոթացել է բուհական միջավայրին, գործունեությանը և շրջայց կատարել համալսարանի գիտակրթական լաբորատորիաներում: Այցի շրջանակում քննարկվել են բուհի հեռանկարային զարգացման ծրագրերն ու կրթության որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Կողմերը մասնավորապես անդրադարձել են տարբեր մասնագիտություններում արտասահմանից ուսանողներ ներգրավելու նպատակով միջազգային համագործակցության, ուսանողական հանրակացարանների ապահովման խնդիրներին: Կարևորվել է բուհի կարողությունների օգտագործումը Հայաստանում տարբեր մասնագիտությունների ապագայի վերաբերյալ՝ ինչ նոր մասնագիտություններ կարող են ի հայտ գալ, կամ որ մասնագիտությունները կարող են վերափոխվել: Արծարծվել են նաև բուհում անվճար տեղերի ձևավորման սկզբունքների, որակյալ կադրերի պատրաստման ռազմավարության, կրթական, գիտական, հետազոտական ուղղություններով բուհը զարգացնելու վերաբերյալ պետական քաղաքականության մշակման հարցերը: Այս առումով նախարարի տեղակալ Կ. Թռչունյանը հատկապես կարևորել է ստարտափների իրագործումը. «Ամեն ջանք պետք է գործադրել նորարարական գիտելիքներն իրականություն դարձնելու և արդյունքի վերածելու համար»:
19:30 - 18 մարտի, 2021
Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և մեր պարագայում էլ դա բացառություն չէ: Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք այս ընթացքում իրականացրել ենք և իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ՝ մասնավորապես, արդեն կարող ենք արձանագրել, որ ընդունված է նախակրթության չափորոշիչը, հանրակրթության չափորոշիչը: Հիմա աշխատում ենք առարկայական չափորոշիչների վրա և համոզված եմ, որ հաջողությամբ նաև այդ աշխատանքը կիրականացնենք: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք մեր քննարկումներում գալիս ենք այն եզրակացության, որ կարևոր է ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկական և նաև ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը: Ուզում եմ կարևորել այն, որ մենք հիմա փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել է մեր քաղաքական և կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է, և սա չափազանց լուրջ թեմա է. որովհետև, մի կողմից, մենք արձանագրում ենք հանրակրթության չափորոշչի, առարկայական չափորոշչի կարևորությունը, բայց չենք արձանագրում մի շատ կարևոր նրբություն՝ մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին: Եվ, ընդ որում, դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար սեփական մասնագիտական վերապատրաստման խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա, ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը: Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի  համակարգը հետևյալ տրամաբանությամբ. հաջողությամբ ատեստավորում  անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ: Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով - ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու - ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը: Ի դեպ, քանի որ մենք օլիմպիական տարում ենք գտնվում, ուզում եմ հարցը կապել նաև սպորտի զարգացման հետ, որովհետև ամեն դեպքում պետք է արձանագրել, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգացման համար: Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք: Հարգելի գործընկերներ ևս մի հարցը, որը մենք շատ ինտենսիվ քննարկել ենք և պիտի առաջիկայում որոշում կայացնենք: Խոսքը գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին է: Այստեղ, ըստ էության, չկա որևէ տարընթերցում և նույնիսկ բանավեճ: Այն, որ հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, այստեղ քննարկելու նյութ չկա: Բայց շատ կարևոր է ունենալ համակարգ, որը մեզ կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծառայեցնել գիտության, իրապես գիտնականի ֆինանսավորմանը, իրապես գիտությամբ զբաղվող միջավայրերի և անձանց  ձևավորման գործին: Այս առումով մոտավորապես 10 օր առաջ մենք կառավարությունում խորհրդակցություն ունեցանք, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ և կլսենք, թե այդ պայմանավորվածությունների իրագործման առումով ուր ենք հասել: Եվ, ի վերջո, մշակույթի ոլորտի մասին հետևյալը կուզենայի ասել: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ համարում եմ, որ մշակույթը կամայական երկու քաղաքացու հարաբերությունների որակը բարձրացնելու միջոց է և հարթակ: Մեր քաղաքական դիրքորոշումն է, որ մշակույթը կրթության և հանրային կրթության անբաժանելի մաս է, և մշակույթի նշանակությունը հանրության ինտելեկտուալ մակարդակը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակում ես ուզում եմ ընդգծել մշակույթի ևս մի կարևոր գործառույթ, որի մասին մենք, իհարկե, չենք մոռացել, բայց որի դերը, ցավոք, երկար ժամանակ թերագնահատվել է, և մենք պետք է ճիշտ գնահատենք դերը: Խոսքը հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման և մշակման հարթակի մշակութային գործառույթի մասին է: Հիմա մենք, բնականաբար, շատ ենք մտածում, վերլուծում այն գործընթացները, որ  տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի համատեքստում, և այս իրավիճակի խորը և լուրջ վերլուծությունը մեզ բերում է հետևյալ հակադրության - ես Ղարաբաղի հարցի օրինակը բերեցի, բայց կարող ենք խոսել ցանկացած ռազմավարական հարցի մասին -  մշակութային հարթակներում ձևավորվում է որոշակի խոսույթ, որը դառնում է հանրային գիտակցություն: Եվ եթե մշակութային հարթակներում ձևավորված խոսույթը չի համապատասխանում այն բանակցային բովանակությանը, որն իրականության մեջ տեղի է ունենում, ճգնաժամը դառնում է անխուսափելի, որովհետև չկա և չի կարող լինել իշխանություն, կառավարություն, որը կարողանա, և, դա ճիշտ նպատակ էլ չէ, հակադրվել հանրային գիտակցությանը, որն առաջին հերթին մշակվում և ձևավորվում է մշակութային հարթակների վրա: Մենք պետք է այս հարցին շատ խորը և լուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև հանրային, այո՛, մշակութային հարթակները, բեմերը այն կարևոր, որոշ դեպքերում՝ կարևորագույն հարթակներն են, որտեղ ձևավորվում են  հանրության ռազմավարական ընկալումները, ձգտումները, և գործնականում իրականացվող քաղաքականությունը չպետք է և չի կարող հակասություն ունենալ այդ խոսույթի հետ: Եթե այդտեղ կա շեղում, խզում, ճգնաժամն անխուսափելի է: Եվ մենք շատ դեպքերում հենց այս պրոբլեմի պատճառով է, որ չենք կարողանում հասնել իրական զարգացման. որովհետև մշակութային հարթակներում ձևավորվում է մեկ տիպի հանրային գիտակցություն և խոսույթ, իսկ իրական կյանքում և քաղաքականության մեջ, փակ դռների հետևում փորձ է արվում ձևավորել բոլորովին ուրիշ խոսույթ, որը, ի վերջո, հնարավոր չի լինի կյանքի կոչել, որովհետև հակասում է ձևավորված մշակութային հանրային խոսույթին: Եթե վերցնենք համաշխարհային պատմությունը, կտեսնենք, որ այն իրականությունը, որը մենք ունենք, նախ ձևավորվել է գրքերում, պիեսների, վեպերի մեջ,  հետո է դարձել իրականություն: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը: Նկատի ունեմ՝ քաղաքականություններն ընդհանրապես ձևավորվում են, այո՛, կառավարություններում, քաղաքական քննարկումների արդյունքում: Բայց շատ կարևոր է, թե նրանք ինչ կապ, ինչ հարաբերություն ունեն այն խոսույթների հետ, որ հանրությունը ձևավորում է  մշակութային հարթակներում, որովհետև իրական մտածողությունը ձևավորվում է այստեղ, և մենք պետք է  կարողանանք ապահովել կապն իրական քաղաքականության և մշակութային միջավայրում ձևավորվող խոսույթի և գաղափարների միջև: Այդ ազդեցությունը, բնականաբար, պետք է լինի փոխադարձ: Ես չեմ ասում, որ դոմինանտ պիտի լինի քաղաքական ասելիքը կամ մշակութային խոսույթը, ես ասում եմ, որ այստեղ պետք է լինի օրգանական կապ, որովհետև սա է  կենսունակ քաղաքականությունը, որը հաշվի է առնում և՛ հանրային մտածողության առանձնահատկությունները, և՛ նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվում են իրական հարաբերությունների միջավայրում: Հարգելի  գործընկերներ, ուզում եմ նաև նախապես շնորհակալություն հայտնել բոլորիդ այն աշխատանքի համար, որ այս ընթացքում արվել է և հույս, համոզմունք հայտնել, որ մենք վճռականորեն  կշարունակենք իրականացնել այն ծրագրերը, որոնց ճշմարտության և օգտակարության մեջ համոզված ենք և որոնց հրատապ լինելու մեջ, ցավոք, շատ դեպքերում համոզվում ենք իրական կյանքում ունեցած շատ լուրջ բարդություններով: Սա նշանակում է, որ բազմաթիվ բարեփոխումներ ուղղակի ուշացել են, բայց դա ոչ միայն չպիտի մեզ հետ պահի այդ բարեփոխումների ճանապարհով գնալուց, այլև, ընդհակառակը, պետք է մեծացնի մեր վճռականությունը: Մյուս կողմից, կրկին ուզում եմ ընդգծել բարեփոխումների օրակարգի մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կապ ունի իմ նախորդ ասածի հետ: Ի վերջո, այո՛, բարեփոխումները  պետք է տեղի ունենան և պետք է ունենան շարունակական բնույթ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որպեսզի մենք հոգ տանենք, որ մեր բարեփոխումների բովանդակության և մեր քաղաքացիների կյանքի, կենցաղի, ապրվող բովանդակության միջև խզում տեղի չունենա: Մենք չպետք է մեր բարեփոխումների օրակարգը հակադրենք մեր իրականությանը: Մենք պետք է մեր բարեփոխումների օրակարգը բխեցնենք մեր իրականությունից և մեր իրականությունը պետք է որոշակի ազդեցություն ունենա մեր բարեփոխումների օրակարգի վրա: Մեր բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ, հակառակը, պետք է օրգանական կապ ունենան իրականության հետ, բխեն այդ իրականությունից,  իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Հարց է, թե մենք ինչքան պետք է բարեփոխենք մեր իրականությունը՝ այնքան, որքան այդ իրականությունն օբյեկտիվորեն  փոխվելու անհրաժեշտություն ունի իր կենսունակությունը մեծացնելու տրամաբանությամբ: Այս առումով կարծում եմ, որ մենք պետք է միջավայրի հետ կապված հարցերը նկատի ունենանք՝ միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ որևէ գործ առաջ չի գնա առանց առաջնորդության: Առաջնորդությունն ամենակարևոր գործընթացն է, որը, բնականաբար, մենք պետք է ստանձնենք, ստանձնել ենք և պետք է այդ պարտավորությունը կատարենք անմնացորդ»: Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ով անդրադարձել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղություններին: Նախարարը խոսել է նաև հանրային լայն դիսկուրսի առարկա դարձած առարկայական չափորոշիչների մասին՝ նշելով, որ հայոց լեզու և պատմություն առարկաների գծով քննարկումներն ավարտվել են, կոնցեպտուալ որևէ տարաձայնություն չկա, ներկայում քննարկվում են մասնագիտական շարադրանքին առնչվող որոշ հարցեր, որոնք ևս շուտով կավարտվեն: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքի, ընթացիկ վիճակի և հետագա անելիքների մասին: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության չափորոշիչների մշակմանը և իրականացմանը վերաբերող մանրամասներ: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ այս չափորոշիչները վերջնական կներդրվեն 2023թ. սեպտեմբերից: Մինչ այդ, դրանց լիարժեք ներդրման համար նախատեսվում է ուսուցիչների մեծածավալ վերապատրաստումներ, փորձնական ուսումնական նյութերի մշակում, նոր դասագրքերի հրատարակում և փորձարկում: Նախատեսվում է 2021թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսել մշակված չափորոշիչների փորձարկման գործընթացը: Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, ընթանում է ուսուցիչների, տնօրենների, վարչական աշխատակիցների վերապատրաստում: Կա նաև ենթակառուցվածքների արդիականացման խնդիր: Այս նպատակով, մասնավորապես, Տավուշի մարզում փորձարկման համար ԵՄ դրամաշնորհային ծրագրով ձեռք են բերվում լաբորատոր սարքավորումներ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում աշխատանք է տարվում մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ, որը զուգահեռաբար կփորձարկվի: Համաշխարհային բանկի հետ քննարկվում է լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման հարցը՝ լաբորատորիաների հիմնման և նոր դասագրքերի հրատարակման համար: Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մարզառազմական ճամբարի ստեղծում, որը պարտադիր է լինելու 11-րդ դասարանի համար: Այն պետք է օգնի ապահովել նախնական զինվորական պատրաստականության առարկայի գործնական ուսուցումը և փորձարկվելու է այս տարի ամռանը: Մյուս նախաձեռնությունը հայրենագիտական արշավներն են, որոնք պարտադիր են լինելու 6-րդ, 7-րդ դասարանների համար և ուղղված են լինելու հայրենաճանաչության մակարդակի բարձրացմանը: Նաև աշխատանք է տարվում օտար լեզուների և, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման ուղղությամբ: Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության չափորոշչին, այն մշակվել է և այժմ գտնվում է հանրային քննարկման վերջնական փուլում և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Որպես կարևոր փոփոխություն՝ այստեղ առաջարկվում է պետական ֆինանսավորման բաղադրիչի ներդրում որոշ թիրախային խմբերի համար, որը ենթադրում է, համայնքային ֆինանսավորումից բացի, նաև պետության ֆինանսական մասնակցություն նախադպրոցական կրթության զարգացմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս բարեփոխման իրականացման տեմպն օպտիմալ է, և դա նաև միջազգային փորձագետների գնահատականն է: Վարչապետը կարևորել է նախադպրոցական կրթության ոլորտում ևս ֆիզիկական միջավայրի ձևավորումը՝ այս առումով անդրադառնալով մոդուլային նախակրթարանների կառուցման ծրագրին: Ի պատասխան Ժ. Անդրեասյանը զեկուցել է, որ կատարված վերլուծության արդյունքում առանձնացվել է շուրջ 5 տասնյակ համայնք, որտեղ նպատակահարմար է կառուցել մոդուլային նախակրթարաններ: Ներկայում քննարկվում է այս նախագծի մեթոդաբանական և ֆինանսական գնահատականը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ հետևողական լինել, որպեսզի քննարկված որևէ նախագիծ ֆինանսավորման խնդիր չունենա և ողջ ծավալով իրականացվի, այդ թվում նաև՝ պարտքի ներգրավման մեխանիզմների կիրառմամբ: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է կարողությունների հստակ գնահատման և ծախսարդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: «Մեզ համար ռազմավարական խնդիր է, որպեսզի կրթության ոլորտում կոնսերվատիվ մոտեցումից դուրս գանք, օրինակ, մոդուլային նախակրթարանների առումով ֆինանսական միջոցներ ներգրավենք ու սկսենք կառուցել, ապա փոխանցենք համայնքին, որպեսզի վերջինս շարունակի իրականացնել մնացած ծախսերը: Այստեղ կարելի է դիտարկել նաև սուբվենցիոն ծրագրերի ձևաչափի կիրառումը», - նշել է կառավարության ղեկավարը: Ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ գործընթացը կամավոր բնույթ ունի, իրականացվելու է առաջին անգամ, այս տարվա համար նախատեսված է բնագիտական բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ուսուցչի գիտելիքներն ստուգելու համար նախատեսված թեստերն արդեն պատրաստ են, մայիսին նախատեսվում է դիմումների ընդունելություն, սեպտեմբերին տեղի կունենա թեստավորումը, և հաջորդիվ թեստավորման համապատասխան արդյունք արձանագրած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճարներ: Հավելավճարի չափը կախված է լինելու թեստավորման արդյունքներից: Նախատեսվում է այս տարի ունենալ 2000-ից ավելի դիմում, ակնկալվում է, որ մինչև 2023թ. ուսուցիչների կեսն այս գործընթացով անցած կլինի: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ հեռավոր շուրջ 101 բնակավայրում մանկավարժական կադրերի պակասը լրացնելու և կրթական բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացվել են հեռավար կրթության գործընթացը կազմակերպելու քայլեր. «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ձեռք են բերվել տեխնիկական սարքավորումներ,  և ստեղծվել են հեռաուսուցման՝ տեխնիկապես հագեցած դասասենյակներ կամ լաբորատորիաներ: Հեռավար ուսուցման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2021թ. սեպտեմբերից՝ ինչպես այդ դպրոցների մանկավարժական ներուժի, այնպես էլ դրա բացակայության դեպքում՝ մենթոր դպրոցների հետ համագործակցությամբ: Արթուր Մարտիրոսյանը զեկուցել է  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում զարգացման գործընկերների հետ աշխատանքի, երկկողմ, բազմակողմ ձևաչափով համագործակցության, ռեսուրսների ներգրավման, ռազմավարությունների և ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքների վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև երիտասարդության ոլորտի հետ կապված միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ ամփոփման փուլում է գտնվում այս ոլորտի ռազմավարությունը: Նշվել է, որ այս տարի Հայաստանում անց են կացվելու ԱՊՀ շրջանակին վերաբերող մի շարք կրթական և երիտասարդական միջոցառումներ, որոշները նախատեսվում է անցկացնել Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Խոսքը  վերաբերում է ԱՊՀ կրթության, երիտասարդության խորհրդի նիստին և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի եզրափակիչ փուլին, որին նախորդում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական գաղափարներ գեներացնող ծրագրի անցկացումը: Նախարարի տեղակալի խոսքով, որպես երիտասարդությանը մոտիվացնող գաղափար, դիտարկվում է մարզկենտրոններում երիտասարդական կառույցների ստեղծումը: Վարչապետը, մարզերում երիտասարդությանը մոտիվացնելու, աջակցելու համատեքստում, կարևորել է մարզկենտրոնների և մարզային քաղաքների մեծ մասում որոշակի մշակութային միջավայր ունեցող կենտրոնների ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է կատարվել: Զեկուցվել է, որ այս առումով դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են, կան հաղթող կազմակերպություններ, ներկայում քննարկվում է ֆինանսավորման հարցը: Նախնական հաշվարկով՝ այն կազմելու է 130 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ նպատակ ունենալով արդյունքում ստեղծել կրթամշակութային, ստեղծարար բաղադրիչով երիտասարդական կենտրոններ, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է: «Երիտասարդության աջակցության ծրագրերը պետք է միտված լինեն համապատասխան միջավայրի ձևավորմանը և իրական ազդեցության ապահովմանը», - նշել է նա: Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները: Բացի համապատասխան օրենքի նախագծի մշակումից, նախատեսվում է իրականացնել բուհերի ռեսուրսների գնահատում, ինչի արդյունքների հիման վրա կմշակվի բուհերի զարգացման ռազմավարություն: Շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանք է տարվում աշխատաշուկայի պահանջարկի գնահատման շուրջ, Գիտության պետական կոմիտեի հետ քննարկվում է գիտության ֆինանսավորման ծավալի ավելացումը ոչ միայն ակադեմիական, այլև բուհական և գիտահետազոտական համակարգերում կիրառելու հեռանկարը: Զեկուցվել է նաև ակադեմիական քաղաքի տեսլականի և անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը: Քննարկմանն ընդգծվել է Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման կարևորությունը, ինչը կխթանի որակյալ կրթական համակարգի ստեղծումը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը և գիտելիքահեն տնտեսության կառուցումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից կներկայացվի ոլորտի զարգացման համապարփակ ծրագիր: Վարչապետն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ մասնավորապես, ընդգծելով համապատասխան մասնագետների պահանջարկի խնդիրը: Քննարկվել են մասնագիտությունների քվոտավորման հարցեր, պահանջարկ-առաջարկ շղթայի կարգավորման մեխանիզմները, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների հետ մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապի ձևավորմանը միտված քայլերը: Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, և այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի հետ: Նախատեսվում է մինչև ամառ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել կառավարություն: Արա Խզմալյանը զեկուցել է մշակույթի բնագավառում կատարված աշխատանքների մասին. 2020թ. դեկտեմբերին ԵՄ գրասենյակի աջակցությամբ իրականացվել է մշակութային ՊՈԱԿ-ների կառավարման պրոբլեմների վերլուծություն և մշակվել են լուծման մեխանիզմներ: Կարևոր խնդիրներից է տնօրենների ինստիտուտի լիարժեք կայացումը, որը ենթադրում է ֆինանսական ինքնավարություն և պետական գույքի արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Հաջորդ քայլը արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) սահմանումն է, որի ուղղությամբ էլ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի մշակութային ծրագրերը, ստեղծագործական ռեսուրսը միտված են լինելու հետպատերազմյան ճգնաժամի հետևանքների մեղմացմանը: Թիրախայինը կրկին սահմանամերձ համայնքներն են՝ Արցախում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում ևս իրականացվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը: Աշխատանք արդեն սկսվել են, առաջիկայում մշակույթի ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց Արցախ: Համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Ա. Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում: Վարչապետը կարևորել է հետպատերազմական շրջանում հոգեբանական վերականգնման ծրագրերի իրականացումը և դրանցում մշակութային բաղադրիչի պարտադիր ներառումը: «Հետպատերազմական մշակութային քաղաքականությունը պետք է միտված լինի հանրության հոգեբանության վերականգնմանը և ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով համապատասխան աշխատանք իրականացնել: Ինչ վերաբերում է մշակութային ՊՈԱԿ-ների գործունեությանը, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է քաջալերել տնօրեններին՝ ակտիվ աշխատել սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ և միևնույն ժամանակ ընկալելի դարձնել, որ սեփական եկամուտների ավելացումը չի ենթադրում պետական ֆինանսավորման կրճատում: Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում կատարվող աշխատանքները  և առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ամռանը հնարավոր օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությանը, հայ մարզիկների համար պատրաստվածության պատշաճ պայմանների և միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկների անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածություն ապահովելու համար: Մշակվում է մեկ այլ ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, նաև զինծառայողներին սպորտում ներգրավելու համար: Այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ: Առաջիկայում Արցախում նախատեսվում է մարզադպրոցի բացում՝ հրաձգության, ըմբշամարտի և բռնցքամարտի խմբակներով: Մշակվում է ուսանողական սպորտը խթանելու ծրագիր, քննարկվում է սպորտային առանձին հեռուստաալիք ստեղծելու գաղափարը, դիտարկվում են մարզիչների համար սոցիալական երաշխիքների ապահովման հնարավորությունները: Վարչապետը կարևորել է սպորտի մասսայականացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել: Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բովանդակություն ձևավորող գերատեսչությունն է, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո:
18:17 - 17 մարտի, 2021
Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

Հաստատվել է դպրոցներում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2021-2022 ուստարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ 1-ին դասարանում երաշխավորվել է 14, 2-րդ դասարանում՝ 24, 3-րդում՝ 32, 4-րդում՝ 36, 5-րդում՝ 19, 6-րդում՝ 24, 7-րդում՝ 29, 8-րդում՝ 31, 9-րդում՝ 32, 10-րդում՝ 33, 11-րդում՝ 34, 12-րդում՝ 28 անուն դասագիրք: Երաշխավորված դասագրքերի ցանկում են նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերը: 2021 թվականին վերահրատարակվելու են 1-ին դասարանի «Այբբենարանը», «Եզդիերեն այբբենարանը»,  «Քրդերենի այբբենարանը», ինչպես նաև «Մայրենի», «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների դասագրքերը: Վերահրատարակվելու են նաև 2-րդ դասարանի «Ռուսաց լեզու», «Երաժշտություն», «Շախմատ», «Ֆիզկուլտուրա», 3-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», 4-րդ դասարանի «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», 6-րդ դասարանի «Երաժշտություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ինֆորմատիկա», «Տեխնոլոգիա», 9-րդ դասարանի «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», 10-րդ դասարանի «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերը: Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ»,  «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» «Նոյյան տապան», «Անտարես», «Ֆիլին» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը:
16:34 - 17 մարտի, 2021
ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 դասագիրք

ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 դասագիրք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում»  միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  «Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 10 անուն դասագիրք, մասնավորապես՝ «Եզդիերեն այբբենարան» «Քրդերեն այբբենարան», «Եզդի գրականություն», «Եզդիերեն» և «Քրդերեն»: Ընդհանուր առմամբ ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր, որոնց տարեկան գումարը կազմում է 919 170 109 ՀՀ դրամ: Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Արևիկ հրատարակչություն», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
10:12 - 17 մարտի, 2021
«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը ԱԺ-ի ու Կառավարության անդամների հետ հանդիպման վերաբերյալ

«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը ԱԺ-ի ու Կառավարության անդամների հետ հանդիպման վերաբերյալ

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Գիտուժ» նախաձեռնության անդամների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում գիտության բնագավառում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված գործողությունները։ Ստորև ներկայացնում ենք «Գիտուժ» նախաձեռնության՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունը։ Հարգելի հայրենակիցներ, Գիտության զարգացումը պետության հզորացման և անվտանգության ամրապնդման կենսական գործոն է։ Ինչպես գիտեք, մոտ մեկ ամիս է Հայաստանում գիտական ներուժի վերացումը կանխելուն և կտրուկ զարգացումն ապահովելուն ուղղված գործողությունների մեր պահանջը ստիպված վերածել ենք հանրային շարժման։ Վերջինս նաև պայմանավորված է այն գիտակցությամբ, որ բացառապես համատեղ ուժերով, գիտելիքներով և ջանքերով կարող ենք հզորացնել մեր գիտությունը՝ դրանով իսկ նպաստելով մրցունակ և անվտանգ պետության կառուցմանը։ «Գիտուժ»-ն այլևս միայն տեխնոլոգիական համայնքի նախաձեռնություն չէ։ Այս կարճ ժամանակահատվածում մեր պահանջին են միացել բազմաթիվ անհատներ, խոշոր ասոցիացիաներ, միություններ և ակումբներ, որոնք միասին ընդգրկում են ավելի քան 700 ընկերություններ։ Ընդհանուր խնդրի լուծման օրակարգի շուրջ այսպիսի կոնսոլիդացիան գործարար համայնքում աննախադեպ է։ Ամեն օր մեր պահանջին շարունակում են միանալ տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Մեր բազմաթիվ շփումները գիտական համայնքի հետ, ինչպես նաև հանրային ամենատարբեր խմբերի արձագանքները մեր կազմակերպած քննարկումներին, հրապարակած նյութերին և հարցազրույցներին, ցույց են տալիս, որ գիտության զարգացման հիմնախնդիրները մտահոգում են բոլորին, և մեր նախաձեռնության պահանջն այլևս հանրային է։ Անդրադառնալով բուն հանդիպմանը՝ փաստենք, որ ներկա պաշտոնյաները անհատական և հանրային քննարկումների ժամանակ բազմիցս նշել են, որ գիտակցում են մեր կողմից ներկայացված բոլոր խնդրիրների լուծման կարևորությունը։ Սակայն, այնուհանդերձ, ստիպված ենք անել ցավալի արձանագրում. Պատկան մարմինների՝ հանդիպման ընթացքում արված առաջարկները ռազմավարական բնույթ չեն կրում և չեն ներառում պետության կողմից երկարաժամկետ հանձնառություն։ Այդ առաջարկներն իրենց ձևով և բովանդակությամբ համարժեք չեն գիտության բնագավառում առկա խնդիրների հրատապությանն ու խորությանը։ Մենք համոզված ենք՝ նման ոչ համակարգային լուծումները և հստակ տեսլական ու ռազմավարություն չունեցող գործողությունները տարիներ շարունակ քայքայել են և վերջնականապես վերացնելու են գիտական ներուժը Հայաստանում։  Մենք իհարկե գնահատում ենք նույնիսկ ամենափոքր դրական քայլը, սակայն հաշվի առնելով գիտության խնդիրների օրհասականությունը և դրանց աներկբա բացասական ազդեցությունը երկրի կարևորագույն ոլորտների վրա, ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր որոշում կայացնողներին կտրուկ վերանայել իրենց մոտեցումներն այս հարցի նկատմամբ։ Մենք հաստատակամ ենք «Գիտուժ»-ի ողջ ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանում գիտության և գիտահեն տնտեսության զարգացման, սակայն իրական լուծումներ չարձանագրելու դեպքում ստիպված ենք լինելու այն ծախսել պայքարի վրա։
17:56 - 15 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-չինական հարաբերությունների զարգացման: ԿԳՄՍ նախարարը խոսել է համատեղ ծրագրերի կարևորությունից և դրանք հետևողականորեն խորացնելու պատրաստակամություն հայտնել. «Հաշվի առնելով կորոնավիրուսի և հետպատերազմական շրջանի հարուցած դժվարությունները՝ այժմ ավելի է ընդգծվում միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիների՝ Չինաստանի լավագույն բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու հնարավորությունը: Մասնագիտական պահանջարկով և առաջնահերթություններով պայմանավորված՝ համապատասխան մասնագետների պատրաստումը կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Մեր երկրների արդյունավետ փոխգործակցության հիանալի դրսևորում են նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում Կոնֆուցիուսի ինստիտուտը և Հայ-չինական բարեկամության դպրոցը, որը միջպետական համագործակցությամբ նմանատիպ հաստատությունների ստեղծման գերազանց օրինակ է»: Դեսպան Ֆան Յոնգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Հայ-չինական հարաբերությունները զարգանում են կայուն և առողջ ուղով, մեր երկրներին կապում է դարավոր պատմությունը: Պատրաստ եմ համագործակցության և վստահ եմ, որ կստանամ Ձեր աջակցությունը»,- ասել է ՉԺՀ դեսպանը և նշել, որ համատեղ ծրագրերն ընդլայնելու համար կան անհրաժեշտ նախադրյալներ: Կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում համագործակցելու հնարավորությունները: Նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության մարզահամալիր ստեղծելու, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ինչին ՉԺՀ դեսպանը դրական է արձագանքել՝ նշելով, որ պատրաստ են առավել կոնկրետ քննարկումների: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ: Դեսպան Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության կայացմանը:
16:37 - 15 մարտի, 2021
Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման արդյունքները

Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման արդյունքները

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև ներկաներին համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորություն ընձեռել: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Նրա խոսքով՝ օրակարգում է նաև նոր մասնագիտությունների ներդրման և դրանց աշխարհագրության ընդլայնման հարցը: Այդ նպատակով, ըստ փոխնախարարի, պետք է ուսումնասիրություն կատարվի՝ հասկանալու, թե կոնկրետ որ մասնագիտությունների պահանջարկ կա: Ելույթ ունեցողները կարևորել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես՝ համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի պայմաններում: Նրանք ընդգծել են տվյալ մոդելի իրագործման և զարգացման անհրաժեշտությունը՝ հեռանկարային նոր մասնագիտությունների և կրթական մոդուլների մշակման համատեքստում:      Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, «Եվրոպական կրթական հիմնադրամի», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Զբաղվածության պետական գործակալության, ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ու գործատուների, ինչպես նաև մի շարք այլ քոլեջների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել ԱՀՈՒ կրթական մոդելի ներդրման հետ կապված առկա խոչընդոտների, դրանց շտկման և արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ:  
13:35 - 15 մարտի, 2021
ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
 |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում |1lurer.am|

1lurer.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը մարտի 12-ին քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպման ընթացքում: Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ: Նախորդիվ Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և փաթեթի հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ էին քվեարկել վերոնշյալ փաթեթին: Քննարկումը տեղափոխվել էր գրավոր առաջարկների ներկայացման փուլ: Համատեղ առաջարկները վերաբերում էին ռեկտորների ընտրության և բուհերի հավատարմագրման կարգերին և վկայականների վավերականության ժամկետներին, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման սկզբունքներին, դրանց լիցենզավորման պայմաններին և օրենսդրական փաթեթի այլ հոդվածներին: Հնչած առաջարկները կքննարկվեն ԱԺ մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում:
20:00 - 12 մարտի, 2021
Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

2020 թվականին  փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ի ՞նչ է սահմանում չափորոշիչը Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության և զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաև նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձևավորման չափանիշները: Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են: Կրթության զարգացման այժմյան միտումները (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ուղղված են նրանց համակողմանի զարգացմանը` կարևորելով կրթության դերը, մասնավորապես սահուն անցմանը դպրոցական կյանքին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը, որը նոր մոտեցում է: Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Մասնավորապես տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել և հասկանալ։ Սահմանված են հետևյալ կարողունակությունները. Լեզվական և հաղորդակցական, Ճանաչողական և մոտիվացիոն,  Ինքնաճանաչողական և սոցիալական, Ժողովրդավարական և քաղաքացիական, Թվային և մեդիա, Մշակութային,  Մաթեմատիկական և տեխնիկական, Տնտեսական, Ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի: Վերջնարդյունքներ և կրթության բովանդակություն Չափորոշչով սահմանված են նաև երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ,  նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը, որոնք ներառում են  շարժողական,  խոսքի և հաղորդակցման,   հուզական, սոցիալ-անձնային,  իմացական,  ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները: Տրված են նաև խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ և խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին: Հավելենք, որ ըստ նախադպրոցական կրթության չափորոշչի` մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր: Ակնկալվում է, որ նոր չափորոշիչը հնարավորություն կտա վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին և ծնողներին ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր ակնկալիքներ, որոնք հիմնված կլինեն ավելի չափելի արդյունքների վրա: Նոր չափորոշիչը միտված է նրան, որ կանոնակարգված քաղաքականություն իրականացվի նախադպրոցական և հանրակրթական ծառայությունների որակի ու արդյունավետության համեմատական գնահատման, ինչպես նաև երեխաների, ծնողների, մանկավարժական աշխատողների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային մարմինների, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության բարձրացման ուղղություններով: Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 26-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
15:11 - 12 մարտի, 2021
ԿԳՄՍ փոխնախարարները հանդիպել են բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ

ԿԳՄՍ փոխնախարարները հանդիպել են բուհերի արտաքին կապերի պատասխանատուների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են պետական բուհերի արտաքին կապերի պատասխանատու պրոռեկտորների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման նպատակն է եղել առավել արդյունավետ դարձնել ԿԳՄՍ նախարարության և բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև քննարկել բուհերի միջազգայնացմանն ուղղված մի շարք հարցեր: Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նախարարության արտաքին կապերի, սփյուռքի և զարգացման ծրագրերի ոլորտները, առանձնացրել է օրակարգային այն երեք հարցերը, որոնք քննարկվել են պրոռեկտորների հետ: Առաջին հարցը վերաբերում էր տարբեր միջպետական, միջբուհական պայմանագրերով, ինչպես նաև ՀՀ գործընկերությամբ պայմանավորված՝ արտերկրում կրթություն ստանալու հնարավորություններին:   «Մեր խնդիրն է այնպես անել, որ բուհերի ուսանողներն առավելագույնս տեղեկացված լինեն այդ հնարավորության մասին, և մեծ թվով շահառուներ մասնակցեն շարժունության ծրագրերին: Այսինքն՝ տեղեկատվության հասանելիության և իրազեկության խնդիրն այստեղ առաջնային նշանակություն ունի»,- նշել է նախարարի տեղակալը և ընդգծել, որ օրակարգի մյուս հարցը վերաբերում է բուհերի միջազգայնացմանը: «Բուհերը պետք է իրենց հետաքրքրող մասնագիտությունները որպես պահանջարկ ձևակերպեն միջազգային հետաքրքրության և արտերկրի բուհերի հետ գործընկերության տեսանկյունից և ներկայացնեն ԿԳՄՍ նախարարությանը: Այն՝ որպես լիազոր մարմին, կամփոփի և որպես պահանջարկ կձևակերպի ԱԳՆ-ի և դեսպանների միջոցով՝ արտերկրի համապատասխան բուհերին վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով օրակարգի մյուս՝ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակում համագործակցության հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ այն միջբուհական կապերը նաև ԱՊՀ տարածքում ընդլայնելու լավ հնարավորություն է, և այդ առումով ՀՀ մի շարք բուհեր ունեն համագործակցության հաջողված փորձ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով համակարգում է բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտը, իր հերթին նշել է, որ բուհերի միջազգայնացման խնդիրն այսօր օրակարգային հարց է: «ՀՀ բուհերն այսօր իրենց կրթությունն արտահանելու հնարավորություն ունեն, բայց այն ամբողջությամբ չեն օգտագործում: Եթե բուհն օտար լեզվով կրթություն տրամադրելու հնարավորություն ունի, ապա պետք է ուսումնասիրի շուկան և իր առաջարկը ներկայացնի ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի համակարգված կերպով կարողանանք մեր երկրի կրթական ծառայությունները ներկայացնել արտերկրի բուհերին: Եթե ՀՀ բուհերը ցանկանում են մտնել միջազգային վարկանիշային ցանկեր, ապա պետք է մեծացնեն օտարերկրյա ուսանողների քանակը, քանի որ վարկանիշավորման չափանիշներից մեկը հենց դա է: Մեր բուհերն ունեն գիտական մեծ ներուժ, որը ևս տարբեր ուղղություններով կարող է ծառայել միջազգային համագործակցության զարգացմանը»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ այդ ամենի նպատակը որակյալ կրթություն ապահովելն է: Հանդիպման ընթացքում բուհերի արտաքին կապերի պատասխանատուները ներկայացրել են այն խնդիրները, որոնց բուհերը բախվում են միջազգայնացման տեսանկյունից: Դրանք հիմնականում վերաբերել են ուսանողների և դասախոսների՝ օտար լեզվի իմացության ոչ բավարար մակարդակի, դիպլոմների փոխճանաչման և մի շարք այլ հարցերի:
17:42 - 11 մարտի, 2021
Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը.  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները: «Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ:  Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Ժ. Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար: Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից վերջերս մեղմացվել են կանոնները. սոցիալական հեռավորությունը նախկին 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր:  Հետևաբար, դասարաններում կարող են գտնվել 20-ից ավելի աշակերտներ, եթե ապահովվում է նշված սոցիալական հեռավորությունը: Դրանով, ըստ փոխնախարարի, լուծում է ստացել այն դասարանների ամենօրյա ռեժիմով դասեր կազմակերպելու խնդիրը, որոնք, ունենալով 22-23 աշակերտ, դասեր էին կազմակերպում հերթափոխով` դասարանը կիսելու սկզբունքով: «Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,- նշում է Ժ. Անդրեասյանը` հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի: Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու  գրավական է: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` շատ քիչ թվով դպրոցներ են անցել հեռավար ուսուցման` պայմանավորված համավարակի թվերի աճով, ինչը նշանակում է, որ դպրոցները հետևողական են կանոնների պահպանման հարցում: Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` ռիսկի խմբերում ընդգրկված շուրջ 5000 աշակերտների համար կազմակերպվում է հեռավար ուսուցում` համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հեռավար ուսուցման կարգի:  Ըստ այդ կարգի` հեռավար կրթության մոդելը կարող է կիրառվել նաև հեռավոր բնակավայրերի այն դպրոցների համար, որտեղ առկա է մասնագիտական կադրերի պակաս: Այդպիսի շուրջ 101 դպրոց կա, որոնց համար ընտրված մենթոր դպրոցների ուսուցիչները կկազմակերպեն հեռավար դասեր: Հեռավար ուսուցում կարող է կազմակերպվել նաև դիվանագիտական գործունեություն իրականացնող անձանց երեխաների, ինչպես նաև սփյուռքահայերի համար` նրանց ցանկությամբ: Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում գործում է հեռավար կրթության հարթակ, որտեղ տեղադրվում են ինչպես տեսադասեր, այնպես էլ հեռավար դասեր` ինտերակտիվ ձևաչափով: Օրինակ, եթե սփյուռքահայերը ցանկություն ունեն լրացնել որոշակի առարկաների կրթական բացը, կարող են ընդգրկվել հեռավար դասերին: Գրանցվելով հեռավար կրթության հարթակում` նրանք կստանան մուտքանուն, ծածկագիր և կընդգրկվեն  ձևավորված առցանց դասարաններում ու դասերին մասնակցելու հնարավորություն կստանան:  Ժ. Անդրեասյանի խոսքով` անցյալ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, երբ համավարակի պատճառով անցում կատարվեց հեռավար դասերի, ուսուցչական համայնքն առցանց դասերի կազմակերպման որոշակի փորձ և հմտություն ձեռք բերեց: Այս ընթացքում շուրջ 7000 ուսուցիչ վերապատրաստվել է՝ ՏՏ գործիքների կիրառման հմտություն ստանալու նպատակով: Հաշվի առնելով կուտակված փորձը` ԿԳՄՍ նախարարությունն այժմ հեռավար կրթության կատարելագործման ծրագիր է մշակում:
16:18 - 10 մարտի, 2021
Նոր փաթեթներ ու մեթոդական  ցուցումներ. Իրականացվել է ՄԿՈՒ հաստատությունների գործունեության  հետազոտություն ՔՈՎԻԴ-ի պայմաններում

Նոր փաթեթներ ու մեթոդական ցուցումներ. Իրականացվել է ՄԿՈՒ հաստատությունների գործունեության հետազոտություն ՔՈՎԻԴ-ի պայմաններում

Համավարակով պայմանավորված Հայաստանում մեկ տարի է կրթական համակարգը լրջագույն խնդիրների առջև է կանգնած: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ այս մասին  նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների և քաղաքականություն մշակողների հարմարեցումը «նոր բնականոնին»՝ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում» թեմայով հետազոտության արդյունքների քննարկմանը:  Աշխատանքները կատարել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը ՄԱԶԾ-ի «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Հետազոտության արդյունքները ներկայացվել են ԿԳՄՍՆ աշխատակազմին: Գնահատման միջոցով հավաքագրվել և ամփոփվել է ՄԿՈՒ հաստատությունների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվություն, որի հիման վրա մշակվել են վերոնշյալ երեք սահմանամերձ մարզերի ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկություններ: «Սկզբում համավարակը, ապա պատերազմական գործողությունները նոր մարտահրավերներ են հարուցել, որոնց արդյունավետ արձագանքը ոչ միայն կրթության, այլև ազգային անվտանգության խնդիր է դարձել: Այս առումով շատ կարևոր է համապատասխան վերլուծությունների և հետազոտական տվյալների ամբողջություն ունենալ ու դրանց հիման վրա մշակել և իրականացնել փաստահենք քաղաքականություն»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով հետազոտության հեղինակներին: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ հատկապես ՄԿՈՒ ոլորտում, որի կարևոր բաղադրիչներից է սոցիալական գործընկերությունը, այդ համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրված: «Հատկապես համավարակի օրերին մենք ականատես եղանք բացառիկ համախմբման, երբ մեր գործընկերները շատ արագ կազմակերպեցին դասախոսական կազմի կարողությունների բարելավմանն ուղղված վերապատրաստումներ, ինչպես նաև անհրաժեշտ մեթոդական և այլ կարգի աջակցություն: Այս հետազոտության տվյալները և դրանց հիման վրա ձևավորված առաջարկությունները ևս մեզ թույլ կտան քննարկել ու հասկանալ, թե ինչ վերանայումների կարիք ունենք, քանի որ ներկա մարտահրավերները դեռևս մնալու են, և մենք պետք է  սովորենք ապրել ՔՈՎԻԴ-ի հետ: ՄԿՈՒ ոլորտը մեզ համար գերակա է, քանի որ այն ուղիղ կապ է ապահովում կրթության և աշխատաշուկայի միջև, ինչպես նաև արագ արձագանքում է տնտեսության փոփոխվող կարիքներին։ Այդ առումով կարևոր է, որ Արցախյան պատերազմի մասնակիցներն անցնեն վերապատրաստում, ստանան համապատասխան որակավորում և իրենց ներուժն օգտագործեն մեր հասարակության զարգացման համար»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ տեխնոլոգիական զարգացումը և այն փորձառությունը, որը կուտակվել է ՔՈՎԻԴ-ին դիմակայելու տեսանկյունից, կարող են ծառայել նաև ավելի լայն նպատակների, օրինակ, սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման համար: ԿԳՄՍՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին՝ շուրջ 13 տարի ՄԿՈՒ ոլորտին տրամադրած աջակցության համար։ Նրա խոսքով՝ երեք մարզում իրականացվող վերապատրաստումները կարող են նախադեպ դառնալ և տարածվել նաև մյուս մարզերի վրա։ ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանն ընդգծել է, որ հետազոտության շրջանակում ձևավորված առաջարկությունների հիման վրա  թվայնացման ուղղությամբ մեկնարկել են ՄԿՈՒ հաստատությունների դասախոսական կազմի լայնածավալ վերապատրաստումներ։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների համար ձեռք կբերվեն նաև ավելի քան 30 պլանշետներ՝ որակյալ կրթություն ապահովելու համար։ Գնահատման արդյունքները ներկայացրել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Բեգլարյանը։ Նրա հավաստմամբ՝ գնահատումն իրականացվել է  ՄԱԶԾ-ի կողմից տրամադրված նախնական հարցաշարի միջոցով, որը վերամշակվել է և տեղայնացվել։ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի 15 պետական քոլեջի ու 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների և աշխատակիցների շրջանում իրականացվել են հարցազրույցներ և հեռախոսային հարցումներ։ Արդյունքում պարզվել է, որ 2020 թ. մարտից հունիս ընկած ժամանակահատվածում ամբողջովին փակվել է ընդամենը 4 ուսումնական հաստատություն, մինչդեռ մյուսները սահմանափակել են միայն որոշակի գործողությունների իրականացումը: Նախքան ՔՈՎԻԴ-19-ի բռնկումը գրեթե ոչ մի հաստատություն երբևէ հեռավար ուսուցում չի իրականացրել և, բնականաբար, դրա փորձը չի ունեցել: Համավարակի ժամանակաշրջանում ուսուցումը բացառապես հեռավար է կազմակերպել 6 հաստատություն, այն լսարանային պարապմունքների հետ համատեղել է 7 հաստատություն, մյուսները կիրառել են տարբեր եղանակներ: Ըստ Լիլիթ Բեգլարյանի՝ հեռավար ուսուցում չիրականացնելու կամ ոչ լիարժեք իրականացնելու պատճառներից առավել հաճախ նշվել է՝ կապի խնդիրներ, անհրաժեշտ նյութերի բացակայություն, ՏՏ սարքավորումների բացակայություն, ինչպես նաև դասավանդող անձնակազմի շրջանում հեռավար կրթական հարթակների օգտագործման կարողությունների բացակայություն: Հեռավար դասընթացների իրականացման համար 6 հաստատություն ընտրել է միայն առցանց հարթակների օգտագործումը, իսկ 10 հաստատություն կիրառել է թե՛ առցանց, թե՛ ոչ առցանց հեռավար ուսուցման եղանակը: Ըստ հետազոտության՝ քննությունները, ներառյալ ամփոփիչ պետական ատեստավորումը, բնականոն անցկացվել են 6 հաստատությունում, մինչդեռ մյուսներում դրանք չեղարկվել են: Նշվել է, որ մարտահրավերներին դիմակայելու և մասնագիտական ուսումնական հաստատությունների քիչ թե շատ բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ առողջապահության նախարարների հրամաններով ձեռնարկվել են որոշակի իրավական կարգավորումներ։ Այդ ամենից զատ՝  ԿԳՄՍ նախարարությունը հաստատությունների համար մշակել է «Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում ՆՄԿՈՒ ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույց»: Լիլիթ Բեգլարյանը նաև ներկայացրել է հեռավար ուսուցման արդյունավետության ապահովմանն ուղղված ուսումնական հաստատությունների և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի մի շարք առաջարկություններ: Մասնավորապես,  ուսումնական հաստատությունների համար անվճար միասնական կրթական հարթակի ստեղծում, մանկավարժական և վարչական կազմի համար կանոնավոր ու շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպում, առցանց ուսուցման արդյունավետ կիրառման վերաբերյալ ուղեցույցների ու մեթոդական ցուցումների մշակում ու տարածում, առկա առցանց հարթակներից անվճար օգտվելու հնարավորության տրամադրում և այլն: Առաջարկվել է նաև մշակել ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում հեռավար (առցանց և ոչ առցանց) ուսուցման կազմակերպման և իրականացման հայեցակարգ և հեռավար ուսուցման իրականացման մեթոդական ցուցումներ, ինչպես նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի փաթեթներ: Հանդիպման ավարտին բոլոր առաջարկությունները քննարկելու և հնարավորության դեպքում դրանք կյանքի կոչելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
11:22 - 10 մարտի, 2021