ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ: Նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեև կատարվել են որոշ սկզբունքային և խմբագրական փոփոխություններ: Դրանք վերաբերում են բուհերի հավատարմագրման կարգին, կառավարման խորհրդին, բուհերի ինքնավարության ավելացմանը, ռեկտորների տարիքին: Նախարարը նշել է, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այդպես էլ շահագրգիռ կողմերը համաձայնության չեն եկել: Անդրադառնալով գիտության ֆինանսավորման հարցին՝ հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը հարցրել է, թե Կառավարությունը նպատակադրվե՞լ է օրենքում ամրագրել ֆինանսավորման չափը: Նախարարը պատասխանել է, որ միանշանակ պետք է այն ավելացնել, բայց որևէ բնագավառում օրենքի մակարդակով ցանկալի չէ որևէ թիվ ամրագրել.«Պրակտիկայում կա, երբ ֆիքսվել է թիվ, ու չի կատարվել օրենքը: Ես ուզում եմ փարատել Ձեր կասկածները. վարչապետի մոտ երկու օր առաջ հանդիպում է եղել, և այդ հարցն ամենաբարձր մակարդակով քննարկվել է: Հստակ առաջադրանք է ձևավորվել, կա ճանապարհային քարտեզ, ու Կառավարությունը լիովին պատրաստ է անել հնարավորը՝ գիտության ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ: Ուղղակի դա պետք է չլինի ինքնանպատակ»: Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ առաջարկները հիմնականում վերաբերել են բուհերի ռեկտորների ընտրությանը և կառավարման խորհրդի ձևավորմանը: Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
12:26 - 01 մարտի, 2021
Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այսպես․ Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։ Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։ Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։ Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ՝ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար, Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Սոցիալական տարածությունը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։
19:10 - 26 փետրվարի, 2021
Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին |tert.am|

Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարել․ ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը․ ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին |tert.am|

tert.am: Ես նման կարծիք չեմ լսել․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը՝ անդրադառնալով շախմատիստ Լևոն Արոնյանի՝ ՀՀ-ից հեռանալու մասին հայտարարությանն ու հարցին՝ ո՞ր փորձագետներն ու ինչպե՞ս են եզրահանգել, որ Արոնյանն այլևս պոտենցիալ չունի։Դիտարկմանը, թե Արոնյանն է այդ մասին հայտարարել, նախարարն արձագանքեց․ «Արոնյանին հարցրեք, ես տեղյակ չեմ»,-ասաց նա՝ խնդրելով նաև լրագրողներին հարցերը հստակ ձևակերպել․ «Ես կրթությամբ մաթեմատիկոս եմ, խնդրում եմ հստակ հարց, որ կարողանամ պատասխանել»,-նշեց նա։ Դիտարկմանը, թե ինքը նաև սպորտի նախարարն է, Դումանյանն արձագանքեց․«Այո, սպորտի նախարարն եմ, պատասխանում եմ»,-ասաց նա։ Հարցին՝ համարո՞ւմ է, որ ՀՀ-ն իշխանությունների մեղքով է կորցրել Արոնյանին, Դումանյանն արձագանքեց․ «Այս իշխանությունների մեղքով՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությա՞ն։ Ոչ, չեմ համարում։ Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, և մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը, զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, և կարող եմ ընդամենը մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների հիման վրա՝ չկա որևէ պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարել»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ըստ Արոնյանի՝ 2018-ից ի վեր ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, ԿԳՄՍ նախարարն արձագանքեց․ «Դա իր կարծիքն է։ Նախարարության  մասով բոլոր պարտավորությունները ոլորտի նկատմամբ կատարված են և կատարվում են առ այսօր»։ Հիշեցնենք, որ այսօր Լևոն Արոնյանը հայտնել է, որ հեռանում է Հայաստանից, և այսուհետ հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո։
16:45 - 26 փետրվարի, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու Շրի Լանկայի միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կողմերի միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություններին՝ առանձնակի կարևորելով միջբուհական համագործակցությունը.«Հատկապես բժշկության և տնտեսագիտության ոլորտներում մենք արդեն իսկ ունենք համագործակցության փորձ: Շատ կարևոր փաստ է, որ Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ճանաչում է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմը: Բացի դրանից, կա համագործակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Շրի Լանկայի Հարավարևելյան համալսարանի միջև: Եղած համագործակցությունն անհրաժեշտ է ընդլայնել և զարգացնել՝ համատեղ ծրագրեր իրականացնելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում»:Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը: Կարևորելով փոխշահավետ ծրագրերի իրականացումը՝ դեսպանը նկատել է, որ կրթական ոլորտում համագործակցությունը կարող է ներառել ուսանողների և հետազոտողների համար ամառային դպրոցները, փոխանակման ծրագրերը:Միգահալանդ Դուրաջ Լամավանսան անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանը բազմադարյա և հարուստ մշակույթ ունի, ուստի հետաքրքիր կլինի փոխգործակցությունն այդ ոլորտում ևս: Դեսպանը նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են դպրոցներում շախմատի դասավանդման հայկական բացառիկ փորձով:ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դրական արձագանքելով հնչած առաջարկներին, հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի:
22:52 - 25 փետրվարի, 2021
Տարվա լավագույն մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով

Տարվա լավագույն մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ միայն խոսքով, այլև գործով բոլորը հասկանան, որ ուսուցիչը գերագույն արժեք է: Խոնարհվում եմ բոլոր ուսուցիչների առջև: Ձեզ նման ուսուցիչների որակը պետք է տարածվի ամբողջ հանրապետությունում. բոլորը պետք է ձգտեն նմանվել ձեզ, ունենալ այդ ձգտումը՝ լինել լավը, լինել իրական ուսուցիչ: Վստահեցնում եմ, որ արվում է առավելագույնը՝ ապագա սերունդներին որակյալ կրթություն փոխանցելու համար»,- դիմելով ներկա ուսուցիչներին՝ նշել է նախարարը և նրանց մաղթել նորանոր հաջողություններ:ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցույթի կարգը և արդյունքները: «Նախորդ տարի փոխվել է մրցույթի ձևաչափը, որպեսզի խրախուսվեն ոչ միայն այն մանկավարժները, որոնք արդեն վաստակ ունեն, այլև նրանց գաղափարները: Այսպիսով, մրցույթը դարձել է նորարարական ծրագրերի ներկայացման և գնահատման գործընթաց»,- փաստել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական, իսկ 18-ը՝ խմբային։Խմբային հայտերի մեջ եղել են ծրագրեր, որոնք ներկայացրել են հանրապետության տարբեր մարզերի տարբեր ուսհաստատությունների մանկավարժներ: Ըստ նախարարի տեղակալի՝ դա նշանակում է, որ կրթության ոլորտում համագործակցության ներուժը մեծ է:Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մրցույթի պարգևատրման կարգին՝ տեղեկացնելով, որ այն կարող է լինել նյութական կամ դրամական տեսքով. «Որոշել ենք, որ այս տարի մանկավարժները կստանան դյուրակիր համակարգիչներ: Կարծում եմ, որ մեր օրերում, հատկապես համավարակի պայմաններում, երբ կրթության շարունակականության ապահովման խնդիր է դրված, և տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են ամենակարևոր գործիքը, ուսուցիչներն արդյունավետ կօգտագործեն այս պարգևները»:Փոխնախարարի խոսքով՝ հանձնաժողովը բաղկացած է եղել 9 անդամից, որում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության, մանկավարժական բուհերի մասնագետներ, ուսուցչական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի 2 անդամ:Նշենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։
21:48 - 25 փետրվարի, 2021
Գենային ճարտարագիտության կենտրոն՝ Հայ-ռուսական համալսարանում

Գենային ճարտարագիտության կենտրոն՝ Հայ-ռուսական համալսարանում

Հայ-ռուսական համալսարանում կգործի «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը ստեղծվում է Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա: Կենտրոնը կխթանի համալսարանի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են բուհ՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկման նպատակով: Աշխատանքային խումբը շրջել է կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ տեղադրվել են ծրագրի շրջանակում ձեռք բերված կահույքը, լաբորատոր սարքավորումները և համակարգչային տեխնիկան: Միաժամանակ բուհը ոչ գումարային ներդրումների շրջանակում տրամադրել է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր: Կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը նշել է, որ ընթացքում է «Գենային ճարտարագիտություն» երկլեզու մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող փաստաթղթերի մշակման գործընթացը: Նրա խոսքով՝ այս փուլում վերանայվել և լրամշակվել է ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտում գործող «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը: «Առկա կրթական ծրագրերում բարելավվել են մասնագիտական առարկաների ծրագրերը, և ներառվել են նոր գործնական առարկաներ: Այս ամենը թույլ կտա պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել աշխատաշուկայում ձևավորվող պահանջարկը»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ընթացքում են նաև գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների, հետազոտական ուղեցույցների մշակման աշխատանքները: Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Ա. Առաքելյանը հավաստիացրել է, որ առաջիկայում կենտրոնը կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ առողջապահության և տնտեսության մի շարք ոլորտներում իրականացնելով հետազոտություններ և տեխնոլոգիական փորձարկումներ: «Արդեն իսկ ծրագրի շրջանակում ձեռք բերված լաբորատոր սարքավորումներով Հայ-ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, Կենսաինֆորմատիկայի և Մոլեկուլային կենսաբանության ամբիոնների, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի ու Կենսաինֆորմատիկայի գիտական խմբի գիտաշխատողներն առաջին անգամ Հայաստանում իրականացրել են նոր կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեքվենավորման կիրառմամբ։ Վիրուսի տարբերակների նույնականացման և գենոմում առկա մուտացիաների վերլուծության աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են»,- փաստել է դրամաշնորհային ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ գենոմիկան և գենոմի խմբագրումն արդեն իսկ սկսել են հեղափոխել կենսաբժշկությունը, կենսատեխնոլոգիաները և դեղագործությունը: Ներկայում աշխատաշուկայում առկա է ոլորտի մասնագետների և մասնագիտացված գիտատեխնիկական կենտրոնների մեծ պահանջարկ, հետևաբար կենտրոնի առկայությունը ՀՌՀ-ին թույլ կտա դառնալ այդ գործընթացների մի մասը, ընդլայնել գենոմիկայի և գենոմի խմբագրման հետազոտությունները:
20:16 - 24 փետրվարի, 2021
Կեցության վարձավճարի փոխհատուցում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին

Կեցության վարձավճարի փոխհատուցում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին

Ամփոփվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիություն մարզաբնակ ուսանողներին» դրամաշնորհային մրցույթը. հաղթող է ճանաչվել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամը, որը եղել է մրցույթին միակ դիմողը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացված 29 մլն 258 հազար դրամ գումարի շրջանակում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները «Զեյթուն ուսանողական ավանի» հանրակացարանային սենյակներում բնակվելու հնարավորություն կունենան` ստանալով կեցության վճարի փոխհատուցում: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները: Կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի).• երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին.• հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին: Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝• միակողմանի ծնողազուրկ ուսանողներին.• սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին.• հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին.• ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին։ Ծրագրից օգտվել ցանկացող ուսանողների թիվը նախարարության և «Զեյթուն ուսանողական ավանի» միջև կնքված պայմանագրով նախատեսված թվից ավելի լինելու դեպքում առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ՝• ծրագրից արդեն օգտվող ուսանողներ.• միջպետական համաձայնագրերի շրջանակում ուսումնառող ուսանողներ.• ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողներ.• առավել հեռավոր փաստացի բնակության վայր ունեցող ուսանողներ։ Ծրագրից արդեն օգտվող ուսանողներին կարելի է ցանկից հանել հետևյալ դեպքերում՝• ուսանողը կորցրել է ուսանողի իր կարգավիճակը.• ուսանողն ունի ավելի քան երեք ամսվա վարձավճարի կամ կոմունալ վճարների կետանց պարտավորություն.• ուսանողը, կազմակերպության ներքին կարգապահական կանոնների համաձայն, զրկվել է կեցության ծառայություններից.• ուսանողը հրաժարվել է կազմակերպության ծառայություններից։ Նշենք, որ կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով` չհաշված սենյակի էլեկտրականության վճարը:Համաձայն դրամաշնորհային մրցույթի պահանջի և ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրի` մարզաբնակ և օտարերկրյա ուսանողները կարող են դիմել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամ` ներկայացնելով ուսումնառության փաստը հավաստող տեղեկանք` տրված բուհի կողմից, ինչպես նաև արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
16:40 - 24 փետրվարի, 2021
Անցում եռաստիճան համակարգի. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նորամուծությունները

Անցում եռաստիճան համակարգի. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նորամուծությունները

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է նախագծի հիմնական նորամուծությունները՝ Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգին՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր Ներկայիս համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս որակավորումների համակարգ։ Ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական, մինչդեռ Եվրամիության անդամ բոլոր 27 պետություններում այն ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան, որի ավարտին շնորհվում է դոկտորի որակավորում։ Երկաստիճան համակարգից արդեն հրաժարվել են որոշ հետխորհրդային երկրներ, որոնց թվում՝ Վրաստանը, Ղազախստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։ Ռուսաստանի Դաշնությունում, որը նույնպես Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ է, դարձյալ աստիճանական անցում է իրականացվում միաստիճան համակարգի. 28 առաջատար բուհերի և հետազոտական ինստիտուտների իրավունք է վերապահվել շնորհելու դոկտորի (PhD) գիտական աստիճան։ Այդ բուհերն այժմ ազատ են՝ սահմանելու ընդունելության, խորհուրդների ձևավորման, աստիճանաշնորհման և այլ պահանջներ ու ավելի ճկուն մոտեցումներ։ Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։
12:21 - 24 փետրվարի, 2021
ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 22-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող հարցեր։ Այնուհետև Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։   Նախարար Ղարախանյանը ներկայացրել է կրթության ոլորտում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ կոչ անելով ուսուցիչներին հավատով և վստահությամբ նայել ապագային և իրենց առաքելության ճանապարհին ջանքեր չխնայել հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման գործում:   ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորելով կրթության դերը, հանդիպման ընթացքում նշեց, որ մեր երկրի անվտանգության հիմնաքարը կարող է հանդիսանալ միայն ու միայն բարձր դիրքայնություն ապահովող կրթությունը։   Նախարարները պատասխանել են նաև ուսուցիչների հարցերին։  
18:06 - 22 փետրվարի, 2021
Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը. Դումանյան

Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը. Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձը է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ.   «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր:   Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու մեր լեզվի գանձերը, մեր ոսկեղենիկ մայրենին՝ այն անաղարտ պահելու, կատարելագործելու, արժանի կրող լինելու անխախտ հաստատակամությամբ:   Մայրենի լեզուն լույս է, որը վառ է պահում սերունդների ճանապարհը: Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ պետություն չունենալով, աշխարհի տարբեր անկյուններում մեր գոյության պայքարը մղելով՝ լեզուն եղել է մեր ազգային միասնականության հիմնասյունը, համախմբվածության օջախը: Այսօր էլ կրկնակի ջանք ու եռանդով պետք է աշխատենք՝ պահպանելու, տարածելու մեր հարստությունը՝ մեր մայրենին, մեր հայրենասիրությունն ամրապնդենք մայրենի լեզվի նկատմամբ սիրով ու հոգատարությամբ, պատասխանատվության զգացումով ու հայերենին լիարժեք տիրապետելու բարձր գիտակցությամբ:   Կրթության, արվեստի, մշակույթի և մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, եղե՛ք մայրենիի լույսը կրող ջահակիրներ՝ լուսավորելով ձեր միջավայրը, փառաբանե՛ք և մեծարե՛ք մեր լեզուն, սիրե՛ք և փայփայե՛ք այն»:
12:21 - 21 փետրվարի, 2021
Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Գիրք նվիրելու օրվա առիթով այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:«Ուսուցիչներն առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության՝ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է ստացվում։  Իհարկե, խնդիրներ էլ ենք ունենալու և միասին փոխելու ենք, բայց ուսուցիչների պատրաստակամությունը՝ գնալ ընդառաջ փոփոխություններին և միասին անել այդ փոփոխությունը, ամենակարևոր բանն է»,- գրել է Անդրեասյանը:     
10:15 - 21 փետրվարի, 2021
Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները

Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին: «ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել է ռազմավարության նախագծի նախնական տարբերակ, որն աշխատանքային խումբն առաջիկայում կլրամշակի՝ լայն հանրային քննարկման ներկայացնելու համար: Երիտասարդության ոլորտի զարգացման համար ուղենշային այս փաստաթուղթն առաջիկա շաբաթներին պետք է շարունակի անցնել հանրային մասնակցության մի քանի շրջափուլ՝ ներառելով արցախյան վերջին պատերազմով և համավարակի մարտահրավերներով պայմանավորված վերանայումներ: Մեր նպատակն է մշակել այնպիսի հայեցակարգային փաստաթուղթ, որը կնպաստի երիտասարդական ոլորտի համակարգմանն ու զարգացմանը միտված թիրախային ծրագրերի իրականացմանը, կապահովի ոլորտային այլ ռազմավարություններում երիտասարդության շեշտադրումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ փաստաթուղթը նաև կներառի այնպիսի գործողություններ, որոնք ՀՀ միջազգային և այլ պարտավորություններով արդեն իսկ ամրագրված են ռազմավարական փաստաթղթերում և նպաստելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության օրակարգերին: Հանդիպման ընթացքում ռազմավարության մշակման ժամանակացույցը և մոտեցումները ներկայացրել է ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պետրոսյանը, իսկ նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ԵՄ փորձագետ Արսեն Սիմոնյանը: Այնուհետև նախագիծը քննարկվել է փոքր խմբերով, և ներկայացվել են դրա արդյունքները: Նշենք, որ «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խմբի նիստն անցկացվել է «Վիշեգրադ միջազգային հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «ՊրոԴեՖորմ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ստեփանավանի երիտասարդական կենտրոնը:
11:45 - 20 փետրվարի, 2021
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել է թանգարանում տեղ գտած որոշ եզակի ցուցանմուշներ, որոնք վերանորոգման աշխատանքներից հետո կցուցադրվեն հանրությանը: Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է՝ արդյոք վերջին երկրաշարժը որևէ հետևանք չի թողել: Ի պատասխան՝ տնօրենն ասել է, որ բոլոր նմուշներն էլ անվնաս են մնացել: Դ. Պողոսյանի վստահեցմամբ՝ մի քանի ամիս հետո թանգարանը դռները կբացի հանրության առաջ: Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է ավելի քան 25000 նմուշ, որոնք ժամանակակից օդափոխության և ջերմախոնավային համակարգի բացակայության պատճառով վտանգված են եղել: Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է շենքային պայմանների ընթացիկ խնդիրները, որոնք հրատապ լուծումներ են պահանջում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ դրանք լրացուցիչ քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու վերաբերյալ:
20:09 - 19 փետրվարի, 2021
Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան |armenpress.am|

Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա.Վահրամ Դումանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը անհիմն է համարում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերը: Նա հիշեցնում է, որ ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանն օրեր առաջ հերքել է միացման մասին համացանցում տարածվող ինֆորմացիան: Փետրվարի 19-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց. «Այդ հարցը պատահաբար եմ լսել: Չգիտեմ, թե այն ում երևակայության արդյունքում է թևավորվել: Թատերական ինստիտուտի ուսանողներն էլ ակցիա էին իրականացնում»,- նշեց Դումանյանն ու ընդգծեց, որ Թատերական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին խոսք չի եղել և չկա։ Ավելի վաղ համացանցում և այլ հարթակներում լուրեր էին պտտվում այն մասին, թե ԵԹԿՊԻ-ն առաջիկայում միացվելու է Մանկավարժական համալսարանին: Թատերական ինստիտուտի ուսանողներին մտահոգել էր շրջանառվող ինֆորմացիան, և նրանք բուհում բողոքի ակցիա էին նախաձեռնել:
14:45 - 19 փետրվարի, 2021