Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող' Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱՀԿ գլխավոր տնօրենը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրա հետ կապված վտանգների, վիրուսի դեմ պայքարի և տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանին: Նշվել է, լուրջ քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, մեր երկիր դրա ներթափանցումը թույլ չտալու ուղղությամբ: 
11:35 - 16 փետրվարի, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանն ու Լիտվան ունեն դարավոր բարեկամական կապեր, որոնք վերջին տարիներին զարգացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Հավատացած եմ, որ առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերն ու մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկումը կնպաստեն թե՛ երկկողմ, և թե՛ Եվրոպական միության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացմանը»,- ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։
11:24 - 16 փետրվարի, 2020
Աշխարհը փոխվելու է, եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

Աշխարհը փոխվելու է, եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

Աշխատանքային այցով​ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող​ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել ​ համաշխարհային մեծ համբավ վայելող ​ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ հանրային​ քաղաքականության​ կենտրոնի​ պրոֆեսոր​ Ժոզեֆ​ ​ Նայը (որը​ շրջանառել է​ «փափուկ​ ուժ»​ եզրույթը և տեսությունը),​ ամերիկացի​ հանրահայտ​ քաղաքագետ,​ փիլիսոփա​ և​ գրող Ֆրենսիս​ Ֆուկույաման, հայտնի քաղաքագետ,​ Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ պրոֆեսոր​ Գրահամ Ալիսոնը և այլք: ​ Որպես հիմնական բանախոս մասնակցելով քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկմանը՝ ​ նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է իր քվանտային տեսության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին: ​ Քննարկմանը ներկա են եղել ​ Ժոզեֆ Նայը, Լեհաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, բազմաթիվ հայտնի վերլուծական կենտրոնների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, հեղինակավոր վերլուծաբաններ ու փորձագետներ: «Աշխարհը փոխվել ​ և փոխվում է շատ արագ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հասկանանք անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները, պետք է գնալ խորքերը, գտնել պատճառները, որովհետև ​այն ամենն, ինչ այսօր մենք տեսնում ենք հետևանքներ են,- ասել է Հայաստանի նախագահը։- Մենք բոլորս արդեն իսկ ապրում ենք ամբողջությամբ ուրիշ աշխարհում։ Հնարավոր է՝ մենք դա չենք նկատում, հնարավոր է՝ մենք դրա մասին չենք խոսում, քանի որ դեռ դասական ձևով ենք մտածում։ Մենք մտածում ենք մեծ պատմության, մեծ իրերի մասին, որոնք դեռևս դասական են, բայց եթե դուք ավելի մանրամասն եք դիտարկում փոքր մասնիկները, այս դեպքում, օրինակ՝​ հանրությունը, իրերը կտրուկ փոխվում են։ Սա այն է, ինչ ես կանվանեի քվանտային քաղաքականություն։ Գաղափարը կարող եք փոխաբերական իմաստով ընկալել։ Դասական հաստատություններն ավելի և ավելի քիչ կարևոր և օգտակար են դառնում։ Քվանտային, նոր տեխնոլոգիաները մեր կյանքի վրա մեծ ազդեցություն են ունենում։ Ավելին՝ դրանք փոխում են ոչ միայն մեր կենսակերպը, այլ նաև՝ մեր հասարակությունների կերտվածքը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր առջև ծառացած խնդիրներին ոչ ստանդարտ լուծումներ գտնել։ Քվանտային մեխանիկայից եկած նորարարությունների շնորհիվ մենք սկսեցինք ապրել բոլորովին ուրիշ կյանքով։ Սկսեցինք թռչել Լուսին, ստեղծեցինք միջուկային կայաններ, արտադրեցինք խելացի հեռախոսներ։ Մենք պատրաստվում ենք այս ամենն ավելի լայն օգտագործել, քանի որ քվանտային տեխնելոգիաները, քվանտային հաշվարկները մեզ կտրուկ փոխելու են։ Դրանք փոխում են ոչ միայն սարքավորումները, տեխնոլոգիաները, այլ նաև՝ մեր հասարակությունը։ Ես ունեմ նյութական կյանք, բայց իմ կյանքի մեծ մասը վիրտուալ է։ Ես փոխկապակցված եմ աշխարհի հետ, որն ունի լույսի արագություն։ Իմ փոխկապակցվածությունը շատ լայն է և անկանխատեսելի, այն դասական ձևերով չի կառավարվում։ Այդ աշխարհը կարգավորումներ չունի , բայց այն մեր կյանքի մեծ մասն է զբաղեցնում։ Մենք՝ մարդկային արարածներս, ապրում ենք երկու կյանքով։ Մեկը վիրտուալն է, մյուսը՝ նյութականը։ Ուզենք թե չուզենք, վիրտուալությունն աճում է ամեն օր և ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա։​ Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի, ընդհուպ՝ ժողովրդավարության կայացման վրա։ Դասական աշխարհում ժողովրդավարությունը իրականացվում է ընտրությունից ընտրություն, երբ քո ընտրազանգվածին հանդիպում ես որոշակի ժամանակը մեկը։ Նրանք ձեզ կանաչ քարտ են տալիս՝ չորս կամ հինգ տարվա համար։ Այս նոր աշխարհում ժողովրդավարությունն իրականացվում է ամեն օր, ամեն ժամ և այն ավելի և ավելի է այդպիսին լինելու։ Մենք արդեն իսկ կիսով չափ​ քվանտային ենք, քանի որ ապրում ենք վիրտուալ աշխարհում։ Աշխարհաքաղաքական ռիսկերն ավելի և ավելի ոչ դասական են դառնում։ Վիրուսներ․ դրանք սկիզբ առան Չինաստանի ինչ-որ մի քաղաքից։ Մենք հաջողակ ենք, որ ինկուբացիոն շրջանը 14 օր է տևում։ Պատկերացրեք, եթե դա մեկ կամ երկու ամիս լիներ։ Արդյունքը ամբողջությամբ քվանտային կլիներ։ Այն սկսվել է Չինաստանում, այլ դեպքեր կլինեին Արգենտինայում, Կանադայում, ամբողջ աշխարհում։ Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում։ Աշխարհը դարձել է մի վայր, որտեղ անհատները շատ արագ են հաղորդակցվում։ Ահաբեկչություն․ այն քվանտային է։ Այն իրականացնելու համար այլևս քաղաքական կուսակցություն, կրոնական խմբեր, համապատասխան տարածք հարկավոր չեն, քանի որ ամեն ինչ վիրտուալ, արագ և քվանտային է։ Ահաբեկչության դեմ պայքարում մենք​ պետք է վերաբացահայտենք այն նոր աշխարհը, որտեղ ապրում ենք և փորձենք այն հասկանալ։ Մեզ շրջապատող շատ երևությներ հնարավոր կլինի բացատրել, կանխատեսել, եթե մենք կարողանանք փոխել սոցիալական կյանքի, քաղաքականության մոտեցումների​ փիլիսոփայությունը և տրամաբանությունը։ Հարյուր տարի առաջ Հայզենբերգերը, Ռիչարդ Ֆեյմանը և ուրիշներն ամբողջությամբ վերափոխեցին մարդկային տրամաբանությունը, թե ինչպես ենք մենք​ նայում բնությանը։ Նույն կերպ մենք պետք է վերափոխենք մեր մտածելակերպը և մեզ շրջապատող աշխարհը վերլուծենք, կանխատեսենք ամբողջովին ուրիշ ձևով։​Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը տարրական մասնիկների դասական խառնուրդ էր: Հասարակությունում կա դժգոհություն, և գաղափարախոսության անհրաժեշտություն չկա, քեզ անհրաժեշտ են մեծ էներգիայով լիցքավորված մասնիկներ, որոնք շղթայական ռեակցիա կառաջացնեն։​Աշխարհը փոխվում է։ Սա զարմանալի չէ, քանի որ հետաքրքիր է։ Մենք բնության մասն ենք։ Քվանտային մեխանիկան կարող է բացատրել ոչ միայն անհատական մասնիկները, այլ նաև՝ դրանց կապակցվածությունը, կլաստերները, խմբերը, ինչպիսիք են ատոմները, մոլեկուլները։ Ինչո՞ւ այն չի կարող բացատրել մարդկային հասարակությունը։ Հավատում եմ, որ կարող է։ Մենք, մեր վարքագիծը բնության մասն է։ Հնարավոր է՝ անհատապես մենք տարբեր ենք, բայց այն պահին երբ մենք փոխկապակցվում ենք, մենք հաղորդակցվում ենք լույսի արագությամբ, անհատականությունը դառնում է կարևոր։ Սա անհատի ուժի աշխարհ է։ Ապագայում տեղի ունենալիք շատ բաներ հնարավոր է բացատրել տրամաբանության փոփոխության միջոցով։ Այս կամ այն իրադարձության կատարման հավանականությունն ավելի մեծ կլինի։ Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր քաղաքական գործչի վրա ազդեցություն կունենա այն ամենը, ինչը շրջապատում է նրան։ Նրա գործողությունների վերաբերյալ դատողությունները կձևավորվեն հավանականության վերաբերյալ նրա մոտեցումներից կախված։ Այսօր մենք ապրում ենք կիսադասական և կիսաքվանտային աշխարհում։ Մենք այն չենք ճանաչում։ Չինաստանում համաճարակ է։ Ինչ անե՞լ։ Մենք փորձում ենք գտնել դասական լուծումներ, փակում ենք դարպասները, չինացիներին թույլ չենք տալիս գալ Եվրոպա։ Սա դասական լուծում է։ Աֆղանստանում ահաբեկչական գործողություն է իրականացվում։ Ի՞նչ ենք մենք անում։ Պայթեցնում ենք Աֆղանստանը։ Արդյունքում մենք լուծու՞մ ենք ահաբեկչության հետ կապված խնդիրը։ Ո՛չ․․․​»:​Պատասխանելով քննարկման ընթացքում հնչած հարցերին, այդ թվում՝ այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում քվանտային աշխարհը քաղաքականության վրա, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․«Հայաստանը փոքր պետություն է, համաշխարհային ազգ: ԱՄՆ-ում և Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում: Սա գլոբալ աշխարհ է, որը բավականին փոխկապակցված է: Ի՞նչ է անում Կալիֆորնիայում կամ Փասադենայում ապրող հայը՝ վերադառնալով տուն: Մի քանի տարբերակներ կան՝ վայելել հայկական կոնյակ​ կամ դիտել «Գահերի խաղը» սերիալը, նստել համակարգչի առաջ և փնտրել «Գահերի խաղը» սերիալը, որը զվարճանք է։ Սակայն նա մտնում է ֆեյսբուք, սկսում է խորհուրդներ տալ նախագահին, վարչապետին, այդ խորհուրդների թիվը կարող է մեկից հասնել տասի, տասը հազարի, հիսուն հազարի։ Նա խորհուրդ է տալիս կառավարությանը՝ ​ հարկերի հետ կապված:Կառավարությունը, վարչապետը կամ ֆինանսների նախարարը ստանում են հազարավոր մեկնաբանություններ։ Եւ եթե դու զգայուն ես և կարևորում ես վիրտուալ կյանքը, սա քեզ համար ուղերձ է դառնում, թե ինչ են քեզանից ակնկալում մարդիկ: Այնուհետև դու սկսում ես վերլուծել այս անվերահսկելի տեղեկության հոսքը: Այդ մեկնաբանությունների զգալի մասը կեղծ օգտատերերի կողմից է գրված:​ Այդ մեկնաբանությունների մի մասի հեղինակները Հայաստանի հայերն են, իսկ մյուս մասինը՝ Կալիֆորնիայի հայերը․․․ Իրականում, ֆանտաստիկ գաղափարներ են լինում, սակայն երբ դու ընդունում ես մի օրենք, որը դասական է, դա չի ազդելու նրանց վրա: Նրանք չեն վճարելու այդ հարկերը, քանի որ նրանք վճարում են դրանք ԱՄՆ-ում: Ի՞նչ անել այս պարագայում: Առաջինը, որ պետք է սկսենք անել, նոր ուղիների մասին մտածելն է՝ կանոնակարգելու վիրտուալ աշխարհը, որը քաղաքականության քվանտային աշխարհն է: Վիրտուալ աշխարհում չկան սահմաններ: Կան քվանտային մասնիկներ, անհատներ, փոխկապակցվածություն: Ապրելով Կալիֆորնիայում՝ դու կարող ես տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Շատ բարդ է տարբերակել՝ որն է իրական, որը՝ կեղծ: Քաղաքական առումով պետք է կարողանալ տարբերակել քո ընտրազանգվածը և դիմել հենց նրան: ​ Դրա համար կան ուղիներ, սակայն նախ և առաջ, ես կարծում եմ, մենք պետք է մտածենք, թե ինչպես պետք է կարգավորել քվանտային կամ վիրտուալ աշխարհը, որում մենք ապրում ենք: Ես որոշ գաղափարներ ունեմ, սակայն չեմ ցանկանա դրանք ներկայացնել այժմ, քանի որ դրանք կարող են ծիծաղելի լինել նույնիսկ քաղաքական գործիչների համար: Քանի դեռ մենք չենք սահմանել նոր քվանտային աշխարհի խաղի կանոնները, անհնար է լինելու մտածել դրանք օգտագործելու ձևի մասին: Մենք անելու ենք մի բան, որը լինելու է դասական, սակայն այդ դասական լուծումն արդյունավետ չի լինելու․․․ Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա: Եվրոպացիները կարող են ազդել​ Ամերիկայի վրա, ամերիկացիները՝ Ռուսաստանի վրա, ռուսները՝ Չինաստանի … և այդպես շարունակ: Մենք այդպիսի նոր աշխարհում ենք ապրում»:​ Հայաստանի նախագահն ասել է, որ ​ հետագա կյանքը բարդ է լինելու, բայց այն նաև ունենալու է իր առավելությունները: «Մենք այսօր կարող ենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ստանդարտից դուրս են,-ասել է Արմեն Սարգսյանը:- Ժամանակն է մտածել ստանդարտից դուրս, ոչ թե շարունակ կրկնել դասական ճշմարտություններ, որոնց մասին բոլորը գիտեն: Մենք այս համաժողովի շրջանակում քննարկել ենք նաև եղանակի փոփոխությանն առնչվող հարցեր: Եթե ես այստեղ՝ Մյունխենում ծառ տնկեմ, դա, հավանաբար, ներդրում կլինի ամբողջ աշխարհում: Եվ ես ինչ-որ առումով կփոխեմ նաև Հայաստանի եղանակը: Տարբեր երկրներ տարբեր կերպ են պայքարում այս խնդրի դեմ: Ի՞նչ անել այս իրավիճակում: Եկեք մտածենք ստանդարտից դուրս: Եկեք դիտարկենք Հայաստանը, Գերմանիան և Ֆրանսիան: Հայաստանն ունի արտաքին պարտք այս երկրներին, կամ, օրինակ, Չինաստանին: Հայաստանն այդ պարտքը վերադարձնելու փոխարեն կարող է ծառ տնկել՝ նպաստելով աշխարհն ավելի կանաչ դարձնելու գործին: Սա երկկողմ շահավետ գործընթաց է: Մենք ավելի բարեկեցիկ և կանաչ ենք դարձնում մեր երկիրը, նաև ներդրում ենք ունենում ավելի կանաչ աշխարհ ունենալու գործում: Սա աշխատող տարբերակ է՝​ հաշվի առնելով այն հանգամանքը, որը աշխարհը բոլորինս է: Եղանակը նույնպես սահմաններ չունի: Ինչու՞ չմտածենք ստանդարտից դուրս: Եթե ես փորձեմ այս գաղափարը ներկայացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին, նրանք ի սկզբանե այն չեն ընդունի, քանի որ ցանկացած նոր գաղափար անհարմարություն է առաջացնում: Քվանտային աշխարհը նաև նշանակում է փորձել գտնել ստանդարտից դուրս լուծումներ: Այս աշխարհը փոխվելու է, և եթե մենք շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, մենք շատ առումներով դեմ կառնենք պատի: Մենք շատ ավելի վատթար պայմաններում կհայտնվենք, եթե չգտնենք լուծումներ»: Հարցին, արդյո՞ք ֆիզիկոս լինելն ինչ որ ձևով ազդեցություն ունենում կամ փոխում է ​ քաղաքականության ու քաղաքական խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները’ նախագահ Սարգսյսնը, մասնավորապես, պատասխանել է.​ «Բնության մեջ առկա են մաթեմատիկական օրենքներ: Եթե բնության մեջ առաջնորդվենք միայն մաթեմատիկայով, ապա չենք կարող ճանաչել բնությունը։ Պետք է նաև ֆիզիկա, քիմիա և այլն: Մաթեմատիկան բնության Սահմանադրությունն է, ֆիզիկան, կենսաբանությունն իրական կյանքն են: Ուստի յուրաքանչյուր երկրի Սահմանադրությունն այն կարմիր գիծն է, որը չպետք է անցնել, հատել ։ Խնդիրներ ունենալու պարագայում մարդը սկսում է վերստեղծել մաթեմատիկան: Բնության հայտնագործություններն օգնում են զարգացնել մաթեմատիկան: ​ Իրական կյանքի հայտնագործությունները նույնիսկ օգնում են փոխել Սահմանադրությունն ու օրենքները: Եթե դու գործարար ես, դու պետք է իմանաս օրենքները: Եթե ուզում ես դառնալ գործարար, պետք է իմանաս մաթեմատիկա, օրենքներ, ֆինանսական ոլորտ: Քաղաքականության մեջ անհրաժեշտ է համակարգված մտածողություն և հավատ, որ տրամաբանությունը քո ունեցած ամենահզոր գործիքն է: Անհրաժեշտ է նաև կարգապահ մտածողություն և գործելու վճռականություն»:
15:31 - 15 փետրվարի, 2020
Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

Երկկողմ հանդիպումներ, ղարաբաղյան հարցով քննարկում. Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած աշխատանքային այցի երրորդ օրը շարունակվելու է Մյունխենում՝ երկկողմ հանդիպումների հագեցած օրակարգով։ Աշխատանքային երրորդ օրվա առաջին հանդիպումը կկայանա ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Նախատեսված են երկկողմ հանդիպումներ նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու, Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ֊Համադ Ալ Սաբահի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Նախատեսված է նաև ձեռքսեղմում Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ։ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցի համատեքստում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր հանդիպումն էր։ Այդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա, այդ մասին նշված է Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքում։ Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը։ Այն տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը: Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
11:43 - 15 փետրվարի, 2020
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ փետրվարի 12-ին, ստորագրել է մի շարք օրենքներ, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ստորագրել է՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» օրենքը, «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքը:
19:46 - 12 փետրվարի, 2020
 ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը

ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է և հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Արքայական Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում: «Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Նորին Մեծություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը: Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը: «Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում: Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա: Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հորդանան: Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը: Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև:
19:56 - 11 փետրվարի, 2020
Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է. Աբդալլահ Երկրորդ |armenpress.am|

Հորդանանի և Հայաստանի զարգացման հիմնական շարժիչ ուժը մարդկային կապիտալն է. Աբդալլահ Երկրորդ |armenpress.am|

armenpress.am: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը. երկու երկրները երկկողմ համագործակցությունից քաղելու շատ բան ունեն: ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: «Երևանը՝ ամենահին քաղաքներից մեկը, ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկրները և ժողովուրդները իրենց ուրույն տեղն ունեն ժամանակակից աշխարհում՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային կապիտալը դարձրել է դեպի զարգացում տանող հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները համագործակցությունից քաղելու շատ բան ունեն, որպեսզի կապիտալիզացնեն այս շատ խոստումնալից ներուժը»,- նշեց նա: Հորդանանի թագավորն ընդգծեց, որ հազարավոր հորդանանցիներ արմատներով Հայաստանից են: «Նրանք մեր երկրներին պատիվ են բերում և կենսական դերակատարություն ունեն արվեստում, կրթության, հանրային ծառայության, բիզնես և շատ այլ ոլորտներում: Նրանք այն հենքն են ձևավորում, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»,- հավելեց Աբդալլահ Երկրորդ թագավորը:
14:36 - 11 փետրվարի, 2020
ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը |armenpress.am|

ՀՀ նախագահն ու Հորդանանի թագավորը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի հետ կապված հարցեր: ՀՀ նախագահի նստավայրում Հորդանանի թագավորի հետ հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մենք Նորին մեծության հետ երեկ և այսօր հոյակապ քննարկումներ ենք ունեցել: Քննարկել ենք մեր երկրների համագործակցության ներուժը զբոսաշրջության, կրթության և գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում»,- ասաց ՀՀ նախագահը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստան պատմական է. «Ես կարծում եմ, որ սա պատմական այց է ոչ միայն այն իմաստով, որ Նորին մեծությունն առաջին անգամ է Հայաստան այցելում, այլ նաև այն իմաստով, որ երկու երկրների, ժողովուրդների բարեկամությունը հարյուրամյակների, միգուցե, հազարամյակների պատմություն ունի: Սա ինձ համար լավ հնարավորություն է որպես հայ իմ երախտիքը հայտնել Ձեր ժողովրդին և Ձեր ընտանիքին, որովհետև մենք բոլորս հիշում ենք, որ ձեր ապուպապը 100 տարի առաջ արաբական աշխարհին ուղերձ ուղարկեց՝ խնդրելով  ապաստան տալ այն հայերին, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից: Ցանկանում եմ գլուխ խոհարհել Ձեր ընտանիքի և Ձեր նախնիների առջև, նաև ցանկանում եմ մեր ժողովրդի կողմից ձեզ շնորհակալություն հայտնել»,- ասաց Արմեն Սարգսյանը:  
14:05 - 11 փետրվարի, 2020
ՀՀ նախագահը հանրաքվե նշանակելուց հետո չի բացառում հետագա քննարկումների շարունակումը

ՀՀ նախագահը հանրաքվե նշանակելուց հետո չի բացառում հետագա քննարկումների շարունակումը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին վերաբերող ԶԼՄ-ների հարցերին: Այն ներկայացրինք ստորև։ «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի՝ հայտնում ենք. Հանրապետության նախագահը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Միաժամանակ, կարևորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը: Հանրապետության նախագահը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին»:
13:39 - 11 փետրվարի, 2020
Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է: Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։
20:18 - 10 փետրվարի, 2020
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:  
21:43 - 09 փետրվարի, 2020
Հայաստանը կարող է միջուկային ոլորտում համագործակցել ԱՄԷ-ի և Ճապոնիայի հետ․ Արմեն Սարգսյան |shantnews.am|

Հայաստանը կարող է միջուկային ոլորտում համագործակցել ԱՄԷ-ի և Ճապոնիայի հետ․ Արմեն Սարգսյան |shantnews.am|

shantnews.am: Արաբական Միացյալ Էմիրություններ վերջին այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գիգավատտ հզորություն։ Սա հնարավորություն է տալիս հայկական կողմին միջուկային ոլորտում համագործակցել այս պետության հետ։ Նախագահն այս հզորության հետ համեմատել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որ 400 մեգավատտ հզորություն ունի, եթե ամբողջ հզորությամբ աշխատի։ «Կարծում եմ` մեր միջուկային էներգետիկայի մասնագետները կարող են [նրանց հետ] համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտներում»,- ասել է նախագահը։ Սարգսյանը պատմել է, որ Ճապոնիա այցի ժամանակ էլ երկրի վարչապետի միջնորդությամբ հանդիպել է միջուկային ռեգուլյատորին, որտեղ մոտ 1000 մարդ է աշխատում։ Նախագահի խոսքով՝ այդ կազմակերպությունը հսկայական փորձ ունի Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։ «Եվ մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տերը, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք շատ մոտ աշխատել իրենց հետ, և դա բնականոն ձևով կարող է մեկ օր էլ ոչ միայն իրականանա միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման, ներդրումների ոլորտում, այլ միգուցե նաև մեկ օր` նոր միջուկային կայանի»,- հավելել է նախագահը։
11:00 - 08 փետրվարի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը կարևորել է նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երեք մասից կազմված այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններ՝ զբաղվելու արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեքենայական ուսուցման ոլորտների զարգացմամբ և կրթական ծրագրերի իրականացմամբ։ Նախագահը տեղեկացրել է, որ շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների հետ արդեն իսկ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքականությանը, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները կարևորել են նախագահի հետ հանդիպումը, նրա աջակցությունը Հայաստանում նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում, նշել, որ պատրաստ են համագործակցել և հանդես գալ առաջարկներով:
10:29 - 07 փետրվարի, 2020