ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Եվս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

Եվս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են կաշառքի տեսքով տարբեր չափի գումարներ: Հիշյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվել են համատեղ բազմածավալ օպերատիվ և քննչական գործողություներ, այդ թվում` խուզարկություններ են կատարվել 12 բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ: Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:07 - 21 հունիսի, 2021
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցների վերաբերյալ

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցների վերաբերյալ

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Ազատաշեն համայնքի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են: Նույն օրը՝ ժամը 10:10-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել՝ Գեղանիստ համայնքի երկու բնակիչների՝ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության դիմելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «Ահազանգերի հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատաշեն համայնքում տեղակայված 11/11 ընտրատեղամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի, նույն կուսակցության անդամներ, նշված տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող անձանց, այդ թվում՝ թեկնածուի որդու,  և հանձնաժողովի նախագահի միջև, որը շարունակվել է ընտրատեղամասի բակում, ինչին մասնակցել են նաև ընտրության եկած անձինք, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.4-րդ հոդվածով: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կրակոցներն արձակել է պատգամավորի թեկնածուի որդին, ով ի վիճակի չէ քննչական գործողություններին մասնակցել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:40 - 20 հունիսի, 2021
Կոտայքի մարզում ձերբակալվել են շտաբի ղեկավարն ու մեկ քաղաքացի քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ․ ՔԿ

Կոտայքի մարզում ձերբակալվել են շտաբի ղեկավարն ու մեկ քաղաքացի քվեարկության գաղտնիությունը խախտելու և քննությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ․ ՔԿ

2021թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:Նույն օրը քաղաքացին բերման է ենթարկվել: Նա հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Որոշումներ են կայացվել՝ շտաբի ղեկավարին և քաղաքացուն ձերբակալելու մասին. ժամեր անց վերջինս ձերբակալվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով:Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին փաստաբանի ներկայությամբ հրաժարվել է բացատրություն տալ և ինքնակամ դուրս է եկել քննիչի աշխատասենյակից, անտեսել չհեռանալու և քննչական գործողություններին մասնակցելու՝ քննիչի հորդորներն ու հեռացել է վարչական շենքից:Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում:Կատարվել են անհետաձգելի բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողություններ:Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
19:40 - 20 հունիսի, 2021
Պատգամավորի թեկնածուի մեքենայի վրա կրակոցի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

Պատգամավորի թեկնածուի մեքենայի վրա կրակոցի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ

2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահից` փամփուշտից արձակված գնդակի պատյան Նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:55 - 20 հունիսի, 2021
Ժամը 15:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ. ՔԿ

Ժամը 15:00-ի դրությամբ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ: Դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն: Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
16:04 - 20 հունիսի, 2021
Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով․ ՔԿ

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:   Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, խուզարկություն: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:  
11:07 - 20 հունիսի, 2021
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ․ ՔԿ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ բարեգործության արգելքը խախտելուն, իսկ 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն: Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու  1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից մեկը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուս հինգով նախաքննությունը շարունակվում է: Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերից մեկով հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է:
12:18 - 19 հունիսի, 2021
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ  գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մշակույթի կենտրոնի աշխատակցին նախընտրական քարոզարշավին մասնակցելուն խոչընդոտելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021 թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մշակույթի կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:17 - 19 հունիսի, 2021
Քննչական կոմիտեն հայտնել է անհայտ կորածների պաշտոնական թիվը

Քննչական կոմիտեն հայտնել է անհայտ կորածների պաշտոնական թիվը

2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։ Այս տեղեկությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք դրսևորելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու, զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննություն է իրականացվում ագրեսիայի ակտի հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայտնաբերման ուղղությամբ։ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ»։ Կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։ Ըստ կոմիտեի կայքի՝ 2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը։ «Մասնավորապես, հարկ է նշել, որ ռազմական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, հատուցման հիմնադրամի ստեղծման և գործունեության կարգն ու պայմանները, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը և ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով, «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ և «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշումներով, որոնց համաձայն գտնվելու վայրն անհայտ զինծառայողը ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ համապատասխան տվյալների ստուգման արդյունքում, որոնք ամփոփվում են ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ծառայողների կողմից և ուղարկվում զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Նշված միջոցառումների արդյունքում նոր անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ և ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ»,- ասվում է կոմիտեի հայտարարությունում։
09:48 - 17 հունիսի, 2021
Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին

Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչն իր կողմից «Facebook.com» համացանցային կայքում նախկինում բացված՝ «Arman Armeni Xachatryan» օգտանունով անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ:   Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել: Առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝ 40-ամյա տղամարդը «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել նրանց՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ: Օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք, հավատալով և ցանկանալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, պատասխանել են նամակին և սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ: Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը:Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերևարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 16 հունիսի, 2021
Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին

Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և  դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները:  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի: Միևնույն ժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով Ա. Առուշանյանն իր ազգականի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Այնուհետև՝ ընկերության հիմնադրման հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 14-ին, հրապարակային սակարկությունների ծանուցման կայքում հրապարակել է ձևական բնույթ կրող հայտարարություն՝ նշված հողատարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին: 2019թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած աճուրդում հաղթող է ճանաչվել Ա. Առուշանյանի ազգականը, որին, համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը: Այնուհետև Ա. Առուշանյանը, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 12,425մ2 մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, 0,555մ2, ազգականի անվամբ գրանցված ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողատարածքներում, ինչպես նաև մի շարք քաղաքացիների՝ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9309,8մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վերոնշյալ ՍՊ ընկերության միջոցով, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, ընդերքօգտագործման իրավունքի, լեռնահատկացման ակտի, ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման և դրանց նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2020թ. երկրորդ եռամսյակից մինչև 2021թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, վերը նշված հողատարածքներում ապօրինաբար իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն և առանց պայմանագրի ընդերքի օգտագործում, այն է՝ ընդհանուր 25939,1մ3 ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդման և մանրացման կայանի միջոցով վերամշակում և իրացում՝ համայնքին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառելով ընդհանուր 699,737 ՀՀ դրամի էական, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի,  պետությանը՝ ընդհանուր 28,218,821 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս: Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով դրա փաստաթղթերն իր տեղակալի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է իր փաստացի տիրապետության տակ՝ այդ կերպ աշխատակցին զրկելով գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից: Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով, հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Այնուհետև մոտենալով համայնքի բնակչի ավտոմեքենային, Առուշանյանը կրկին հայհոյել է և քաշել-պոկել համարանիշը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա : Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը : Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:    
18:11 - 14 հունիսի, 2021
Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա կինը, 2018թ. գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Այդ նպատակով վերջինս, զանգահարելով «սուրոգատ» մայր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրած՝ Երևանի 45-ամյա բնակչուհուն, հայտնել է, որ դուստրը հղի է, ծննդաբերությունից հետո պատրաստվում է երեխայից հրաժարվել և առաջարկել է 1.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց որդեգրել երեխային: Երևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2018թ. օգոստոսի 20-ին վերջինս ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ամուսնուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է: Դրանից հետո՝ 2018թ. օգոստոսի 23-ին, Երևանի բնակչուհու փաստաբանի ուղղորդմամբ, 29-ամյա կինը երևանաբնակ կնոջ ամուսնու հետ գնացել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժին և դստեր հայրությունը ճանաչելու համար սուտ տեղեկություններ հաղորդել այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի հայրը: Այնուհետև, կեղծ որդեգրման գործընթացն ապահովելու համար, օգոստոսի 29-ին, կրկին փաստաբանի ուղղորդմամբ, երևանաբնակ ամուսինները և 29-ամյա կինը գնացել են Նոտարական տարածք, որտեղ վերջինս և Երևանի բնակչուհու ամուսինը, ներկայանալով որպես նորածնի ծնողներ, համաձայնություն են տվել, որպեսզի իրենց անչափահաս դստերը որդեգրի 45-ամյա կինը, իսկ 29-ամյա կինը և նրա մայրը երեխայի վաճառքի համար մաս-մաս՝ կանխիկ և բանկային փոխանցումներով, ստացել են ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար: Սակայն երեխայի հայրը և վերջինիս մայրը, տեղեկանալով կատարվածի մասին, հետ են վերցրել երեխային: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը, նրա մորը և երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ փաստաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
15:24 - 14 հունիսի, 2021
Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է ընտրակաշառք տալու փորձի համար

Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է ընտրակաշառք տալու փորձի համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Այսպես, Ռ. Խ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պ.-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խ.-ն և Գ. Պ.-ն իրենց հանցավոր արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով. վերջիններս գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պ.-ի տան բակից: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 12.06.2021թ.-ին  Ռ. Խ.-ին և Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին  2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:24 - 14 հունիսի, 2021
Քննություն է տարվում՝ պարզելու քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հունիսի 9-ի ժամը 16:40-ի սահմաններում իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հունիսի 9-ին  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ըստ քղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:07 - 11 հունիսի, 2021
Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

factor.am: Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը  հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ «Գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշեց Թադևոսյանը։ Տեղի ունեցածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ 10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բռնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի ՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության»,- գրել է Ալեքսանյանը։
17:07 - 11 հունիսի, 2021
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկն ԻԻՀ քաղաքացի է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այն անձանց ինքնությունը, ովքեր փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով «Հերոին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցները: Քննության տվյալներով՝ 2021թ. փետրվարին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3065 գրամ «Հերոին» և 1951.3 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցները տեղադրել է Սյունիքի մարզի Ալվանք-Շվանիձոր գյուղ տանող ավտոճանապարհահատվածում՝ փայտե էլեկտրասյան և դրա հենակի միջնամասում՝ հողածածկի տակ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներն իրացնելիս  պարզվել է, որ վերոհիշյալ անձը, դրամական աջակցություն ստանալու խոստմամբ, քննությամբ դեռևս չպարզված անձի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ նշված թաքստոցում պահված թմրամիջոցներն այլ վայրեր տեղափոխելու շուրջ: Մանրակրկիտ մշակված  միջոցառման շրջանակներում «Հերոին» տեսակի թմրամիջոցի փաթեթների նմանակները  տեղադրվել  են Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում, որից հետո թմրամիջոցներն իրացնողից տեղեկանալով թաքստոցների վայրերի մասին, հայտնել է Երևանում բնակվող ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն, ով թմրամիջոցները վերցնելու պահին ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նույն մեխանիզմով կատարված ևս մեկ դեպք: 2021թ. փետրվարի 23-ին նույն եղանակով և, քննության տվյալներով, նույն անձից առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1951.3 գրամ «Ափիոն» և 730 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցներ է  ցանկացել ձեռք բերի Երևանի 37-ամյա բնակչուհին, ինչի մասին հայտնի է դարձել իրավապահներին: Բջջային հեռախոսի հավելվածների միջոցով ստացված նկարներից տեղեկանալով թմրամիջոցների գտնվելու վայրի մասին, դրանք վերցնելու համար կինը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ տղամարդու հետ։ Վերջինս, ըստ տրված ցուցումների, մեկնել է թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայր, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների փաթեթների նմանակները, վերցրել դրանք, սակայն նույն պահին բռնվել է իրավապահների կողմից: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իրանի 49-ամյա քաղաքացուն և Երևանի 37-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Թմրամիջոցներն ապօրինի իրացնողի կամ իրացնողների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր շղթային մասնակից հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
15:50 - 11 հունիսի, 2021