Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ

Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։ Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները: Նրանք անդրադարձել են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվս մեկ անգամ ընդգծելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության իրենց պատրաստակամությունը` ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Հայաստանը ունի բարձրակարգ մարդկային կապիտալ, լավ կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, ինչը Thales-ի նման ընկերության համար շատ կարևոր է և ամուր հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:
13:07 - 20 հունվարի, 2020
Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի հրավերով նախագահ Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը: «Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումը ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության, նոր քվանտային տեխնոլոգիաների, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ»,-նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում, մասնավորապես, նշել էր Կլաուս Շվաբը: Հունվարի 20-24-ը շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո: Տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներն ու ավելի քան 3000 մասնակիցները քննարկելու են տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար հանրության ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Ֆորումի այս տարվա բանախոսների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի և բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլոք: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների մասին: Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես կգա տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի շարք պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
06:25 - 20 հունվարի, 2020
Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում

Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում: «Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին։ Հուսով եմ, որ այդ օրը դուք կհիշեք ինձ և հիսուն տարի հետո ինձ ձեր ողջույնները կուղարկեք,- ասել է նախագահը՝ դիմելով երիտասարդներին։-Դուք ապագան եք։ Կարծում եմ՝ ժամանակը մեր կյանքի մեծագույն արժեքներից մեկն է»: Նախագահն առաջարկել է մի պահ ետ պտտել ժամանակի անիվն ու, օրինակ, հարյուր տարով ետ գնալ․ «Գնանք Հայաստանի փոքր գյուղերից մեկը, հանդիպենք կոշկակարի և ասենք. «Ողջույն վարպետ Պետրոս, ինչպե՞ս ես»։ «Ես կոշիկներ եմ կարում, ողջ գյուղը կրում է իմ կոշիկները։ Իմ ընտանիքը շարունակելու է իմ գործը, քանի որ դա շատ կայուն աշխատանք է»։ Նա կպատմի, թե որքան դժվար է գնալ և օգտվել կողքի գյուղի կոշկակարի ծառայություններից։ Ես նրան կասեմ, որ ապագայից եմ եկել, և նա կհարցնի, թե ով է ապագայում գյուղում կոշիկ կարողը։ Եվ ես կպատմեմ, որ չեմ ապրում գյուղում, շատ եմ ճամփորդում և կրում եմ կոշիկներ, որոնք հաճախ են բերվում Իտալիայից։ Նա կզարմանա, թե որտեղ է գտնվում Իտալիան, և ես կպատասխանեմ, որ այն հազարավոր քաղաքներ ու գյուղեր այն կողմ է... Հարյուր տարի առաջ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցում էին իրենց երեխաներին, սակայն հիմա, երբ մենք քաղաքակրթությունների, ժամանակի, նոր տեխնոլոգիաների խաչմերուկում ենք, կայունությունն ամեն րոպե փոփոխվող աշխարհում նախ և առաջ ենթադրում է, որ չես կարող հույս ունենալ, որ արածդ աշխատանքը հավերժ կշարունակվի»: Նախագահի խոսքով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ «Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում։ Եթե տարիներ առաջ ասեիք, որ մեկը կարող է միլիարդատեր դառնալ 25 տարեկանում, մարդիկ կծիծաղեին ձեզ վրա։ Սակայն այսօր, երբ խոսում եմ երիտասարդների հետ, բոլորը ցանկանում են լինել ապագա Բիլ Գեյթս, Սթիվ Ջոբս։ Սա ցույց է տալիս, որ աշխարհը փոխվում է։ Հաջողության է հասնում նա, ով կարողանում է վերցնել տեղեկատվությունը, ուսումնասիրել և օգտագործել այն, ունի տեսլական և կարողանում է մշակել այդ տեղեկատվությունն ու գնալ 30-40 տարի առաջ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու տարիներ հետո։ Նա պետք է ունենա տեսլական, ծրագիր, ռազմավարություն և ամեն օր կյանքի կոչի դա»: Որպես օրինակ ներկայացնելով տիեզերք թռչելու իր երազանքը՝ նախագահն ասել է ․«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»: Նախագահ Սարգսյանն արձանագրել է, որ աշխարհը փոխվում է, սակայն մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է։ «Մենք չպետք է վախենանք այդ փոփոխություններից,- նշել է նա։ -Ամեն բան շատ ավելի արագ է փոխվելու, փոխվելու է ամեն օր։ Եթե 1960-70-ականներին կային միայն երկու գերտերություններ, որոնք կարող էին տիեզերք մարդ ուղարկել, ապա հիմա անգամ մասնավոր ընկերություններն են մտածում այդ մասին։ Տիեզերք թռչելը դառնալու է սովորական մի բան։ 30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն։ Այն կօգնի ձեզ ստեղծելու ռոբոտներ, կբազմապատկի ձեր ֆիզիկական ուժը, քանի որ դուք կօգտագործեք ռոբոտներ, այն ձեր կյանքն ավելի ստեղծարար կդարձնի։ Դուք կզբաղվեք ոչ թե ֆիզիկական գործերով, այլ ստեղծագործելով։ Մենք սկսել ենք գիտակցել, թե որքան օգուտներ ունենք արդյունաբերական հեղափոխությունից, սակայն, միևնույն ժամանակ, մենք մեծ վնաս ենք հասցրել բնությանն ու կլիմային։ Սակայն, օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որը ստեղծում ենք արդեն հարյուրավոր տարիներ, կկարողանանք բուժել աշխարհի վերքերը։ Նոր տեխնոլոգիաների ու ձեր տաղանդի միջոցով կարող ենք մաքրել մեր աշխարհը։ Աշխարհը բուժելու և մեզ առաջ տանելու երեք լուծում կա՝ առաջինը տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծել են մարդկության հանճարները։ Եվ դուք շարունակելու եք այդ գործը։ Երկրորդը մարդկային ներուժն է, որը լիարժեք օգտագործված չէ․ դա երիտասարդների, այդ թվում և՝ կանանց տաղանդն է։ Եվ երրորդը՝ պետք է լինել խելացի։ Թող Աստված օգնական լինի մեզ, որպեսզի մենք լինենք բավարար չափով խելացի։ Մենք չպետք է վախենանք տեխնոլոգիաներից։ Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս։ Մենք կարող ենք ցանկացած հիանալի գաղափար օգտագործել հօգուտ կամ ի վնաս։ Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»:
11:39 - 15 հունվարի, 2020
Հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. փաստել են Հայաստանի նախագահն ու Սերբիայի վարչապետը

Հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. փաստել են Հայաստանի նախագահն ու Սերբիայի վարչապետը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։ Նրանք գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում: Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում: Սերբիայի վարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին կբացվի Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանությունը: Նշվել է, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել ևս մեկ պայմանավորվածություն՝ սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու վերաբերյալ: Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկրները կարող են փոխշահավետ համագործակցել: Կողմերն ընդգծել են նաև փոխշահավետ գործակցության մեծ ներուժը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: Այս համատեքստում նրանք խոսել են ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:
07:50 - 14 հունվարի, 2020
«Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ»․ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

«Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ»․ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ «Հարգելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց: 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կազմակերպված՝ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանելու քաղաքականության հետևանք էին: Շուրջ մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բռնության և սպանությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց հասնել իրենց նպատակին. 1905 և 1918 թվականների ադրբեջանական վայրագությունները վերապրած Բաքվի հայկական համայնքը 1990 թվականի հունվարին դադարեց գոյություն ունենալ, իրենց ծննդավայրից զրկվեցին մարդիկ, որոնք Բաքուն համարում էին հարազատ և իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը: Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը: Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը»:
12:58 - 13 հունվարի, 2020
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, շուրջ 4000 պատվիրակներ ավելի քան 175 երկրներից:  «Աբու Դաբի կայունության շաբաթը» անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: «Ալ Ամալի»-ն Մարոկկոյի այն սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը: «Զայեդ կայունության մրցանակ»-ը շնորհվում է 2008 թվականից՝ նպատակ ունենալով խրախուսել առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով:
11:11 - 13 հունվարի, 2020
Կարևորվել է համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահի հետ

Կարևորվել է համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։ Բարձր գնահատելով Հայաստանի նախագահի հետ հանդիպումը՝ Ինդոնեզիայի նախագահն անդրադարձել է հայ-ինդոնեզական պատմական առնչություններին՝ մասնավորապես հիշատակելով Սարգիս ընտանիքի մասին: Կարևորելով ավանդույթների շարունակումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է քաջալերել երկու երկրների փոխգործակցության ընդլայնումը, առկա ներուժի ու հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Նշելով, որ հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են` Արմեն Սարգսյանն ասել է, որ հայերի և հայկական բիզնեսի տարածվածության շնորհիվ համագործակցության ներուժն անհամեմատ մեծանում է։ Երկու երկրների նախագահներն առանձնահատուկ կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը»: Ծրագիրը նպատակ ունի նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Խոսվել է հիշյալ նախաձեռնության շրջանակում ինդոնեզական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունների մասին։ Նախագահները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ իր երկիրն ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որքան մեծ ու դինամիկ լինի կազմակերպությունը, այնքան դա շահեկան կլինի անդամ երկրների փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար։ Նախագահ Սարգսյանը նշել է Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնց շնորհիվ ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ կբացվեն։ Հանդիպմանը խոսվել է նաև երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների և շփումների դյուրացման, զբոսաշրջության խթանման կարևորության, Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին։ Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է արտահանել բարձրորակ միրգ և բանջարեղեն, ջրային հիմքի վրա պատրաստված արտադրանք ու ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն Ինդոնեզիայում։
10:12 - 13 հունվարի, 2020
Սուրբ Ծննդյան տոնը հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան հանդեպ. ՀՀ նախագահ Սարգսյան

Սուրբ Ծննդյան տոնը հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան հանդեպ. ՀՀ նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։  նախագահն իր ուղերձում նշել է. «Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ: Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ: Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում դրական փոփոխությունների հույս: Այստեղ կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է մարդու կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ: Ուստի կարողանանք այնպես ապրել, որ այդպիսի փոփոխությունները միմիայն դրական հետևանքներ ունենան բոլորիս համար: Մեր ազգը շատ իղձեր ունի ամբարած իր հոգում, թող Աստծո զորությամբ այդ իղձերն ի կատար ածվեն: Մաղթում եմ առողջություն, հոգեկան և մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ ավետիս»:
07:18 - 06 հունվարի, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով: Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ: Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ։ Եվ ես բոլորիս մաղթում եմ ողջամտություն, կարգապահություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն: Ամեն Աստծո օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների մասին՝ մեր տան ու մեր Հայրենիքի մասին: Հայրենիքը սկսվում է ընտանիքից: Իսկ ընտանիքից սկսվում է մեր միասնական Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության պաշտպանությունը: Մեր հավաքական կամքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ունի դրսևորման մեկ ճակատ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգություն և հզորություն: Ընտանիք... Ընտանիքը նաև հոգևոր ու բարոյական անվտանգության երաշխիքն է, մեր արժեհամակարգի հիմքը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները, մեր բանակը, մեզ պահապան հուսալի ամրոցը... Չմոռանանք նաև, որ մեր ընտանիքի անդամ են մեզ անծանոթ անցորդը, հացթուխը, որը գիշերով մեզ համար հաց է թխում, սահմանին կանգնած զինվորը, որի ծնողը և ընտանիքը սրտատրոփ սպասում են նրան, բժիշկը, որը մարդու կյանքը փրկելով՝ դառնում է նրա հարազատը, ծաղկավաճառը, որից գնած ծաղիկներով ուրախացնում ենք մեր սիրելիներին,հող մշակող գյուղացին, որն իր բարիքներն է հասցնում բոլորիս, մանկապարտեզի դայակը, որը խնամում է մեր փոքրիկին, յուրաքանչյուրը, ով սեր, երջանկություն, ուշադրություն, հոգատարություն է պարգևում մանուկներին... Սերը, համերաշխությունը և հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ընտանիքներում, նաև մեր քաղաքական և հասարակական կյանքում... Հոգատարությունը ընտանիքի հանդեպ հոգատարություն է Հայրենիքի հանդեպ՝ Գյումրիից Գորիս, Սյունիքից Լոռի, Արցախից Տավուշ... Եկեք ընտանիքով ճանաչենք Հայրենիքը։ Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Ապագան հիմնված է կրթության, գիտելիքի, մշակույթի և նոր տեխնոլոգիաների վրա: Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դասվի այն երկրների շարքը, որոնք փոքր են, սակայն՝ հաջողած ու հզոր, որոնք ունեն լսելի ձայն։ Մենք ունենք շատ հստակ առավելություն. փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Լինենք նավահանգիստ համաշխարհային տվյալների օվկիանոսում: Ծրագրավորումից գնանք դեպի արհեստական բանականություն, մաթեմատիկայից՝ դեպի մաթեմատիկական մոդելավորում, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից՝ դեպի գիտական նորարարություններ: Բայց հիշենք, որ անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում: Հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, սակայն անհանդուրժող՝ անհանդուրժողականության, կոռուպցիայի և հասարակական պարսավելի երևույթների հանդեպ: Հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր լինել, եթե այնտեղ գերակայողն օրենքը չէ։ Մենք պետք է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենք ընդունելով, այլև օրենքը հարգելով և կիրառելով: Սահմանադրությունը և օրենքները պետք ընկալվեն ոչ թե որպես սոսկ իրավաբանական փաստաթուղթ, այլ՝ որպես մշակույթ և կենսակերպ։ Սիրելի՛ հայրենակիցներ, Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին: Առանձնահատուկ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին եւ նահատակված հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում գտնվող հայրենակիցներին, բազմազավակ ընտանիքներին, առողջապահության աշխատակիցներին եւ նրանց խնամքի տակ գտնվող հիվանդներին, Հայաստանի Հանրապետության մանուկ քաղաքացիներին, Բոլորին... Թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ հայ Ժողովրդին: Շնորհավոր Նոր տարի»:
06:43 - 01 հունվարի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորելով նախագահ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին՝ վստահություն է հայտնել, որ 2020 թվականին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և բազմաոլորտ փոխգործակցությունը կշարունակվի: Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդին:
09:22 - 28 դեկտեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է` «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
08:15 - 26 դեկտեմբերի, 2019
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարեվերջյան հանդիպումները քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Շաղիկ Մարուխյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի և այլոց հետ: Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքական և տնտեսական խնդիրներին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքին և մի շարք այլ հարցերի:
07:13 - 26 դեկտեմբերի, 2019
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ: Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությունն առավել սերտացնելուն և այն ինստիտուցիոնալ դարձնելուն վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ նման ձևաչափը կնպաստի ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությանը։ Անդրադարձ է եղել նաև խմբակցության աշխատանքներին և օրենսդրական գործունեությանը: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների՝ մասնավորապես գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների՝ Մտքերի հայկական գագաթնաժողովի, STARMUS 6֊րդ փառատոնի, ինչպես նաև մեր երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին: Նախագահը կարևորել է բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։
13:29 - 20 դեկտեմբերի, 2019
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. «Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը: Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան լրջորեն վերաբերվող համակարգ: Ժամանակակից աշխարհը առաջ է շարժվում խելահեղ արագությամբ: Դրան զուգահեռ՝ մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն ավելանում ու բարդանում են, այլև փոխում իրենց բնույթն ու դրսևորման ձևերը: Սակայն անփոփոխ է մնում ազգային, պետական շահը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս և, հատկապես, ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների աներեր ուղեցույցը: Անվտանգության մարմինների գործունեության առանցքում են երկրի ինքնիշխանության, անվտանգության ու տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանությունն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովումը: Շատ բան է կախված նաև անվտանգության ծառայության համակարգի յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, անձնական գործողություններից, պարտքի ու պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից, բարոյական կերպարից: Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների ու գաղափարների մրցավազքը և մրցակցությունը, պետք է կարողանալ արդյունավետ համադրել փորձը, գիտելիքը և տեխնոլոգիաները: Մեծարելով ծառայության վետերաններին, այսօր մենք արժանին ենք մատուցում մեր հայտնի ու անհայտ հերոսներին, անտեսանելի ճակատի մարտիկներին, վերհիշում ենք Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին, նրա մարտական ընկեր, զինակից ու կողակից Գոհար Վարդանյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին, Աշոտ Հակոբյանին, մեր ժողովրդի շատ մյուս ներկայացուցիչներին, որոնք մեծ ծառայություններ են մատուցել արտաքին հետախուզության արդյունավետ գործունեության, պետական անվտանգության ապահովման գործում։ Ծառայության վետերաններն այսօր իրենց հարուստ փորձն ու հմտությունը, լավագույն ավանդույթները հաջողությամբ փոխանցում են երիտասարդներին։ Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ ձեր դժվարին աշխատանքում, խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին»:
07:37 - 20 դեկտեմբերի, 2019