Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ. Ֆրանսիայի դեսպան

Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ Հայաստանին մաղթելով ապրել խաղաղ և անվտանգ: «Թանկագին հայ ընկերներ Հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա: Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել: Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին: Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ: Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկությանը, իր ուժին և տաղանդին: Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից: Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել: Մաղթում եմ հայերին հպարտ լինել՝ այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար: Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին: Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը: Մաղթում եմ ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։ Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ: Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձում։  
21:07 - 30 դեկտեմբերի, 2020
Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ ՀՀ-ում արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ են․ Անդրիաս Ղուկասյան

Հայ կառուցողական կուսակցության նախագահ․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանում անհրաժեշտ է քաղաքական լյուստրացիա իրականացնել՝ մաքրել պետական համակարգը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ լյուստրացիայի մասին օրինագիծ նախաձեռնելու գործընթացի մեկնարկի համար առնվազն 25 անդամ է պետք։  Այս պահի դրությամբ հավաքագրում են նախաձեռնող խմբի անդամներին՝ հասարակական եւ քաղաքական գործիչների, որոնք կիսում են այդ կարծիքը եւ կարող են կազմակերպչական ներուժ ունենալ՝ քաղաքական լյուստրացիայի մասին օրինագիծն առաջ բերելու համար։ Նախագիծը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, մշակման-ավարտական փուլում է, այն ներկայացվելու է հանրային քննարկման, որպեսզի հստակեցվեն բոլոր դրույթները, հասկանալի եւ ընդունելի լինեն շահագրգիռ ուժերին։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում օրինագիծը կներկայացվի խորհրդարան, վերջինն էլ կորոշի՝ ընդունել այն կամ մերժել։ Մերժելու դեպքում ավելի շատ քաղաքացիների ստորոագրություններ պետք է հավաքվեն, որպեսզի նախագիծը դրվի հանրաքվեի։  Քանի որ դեռեւս հստակ չէ՝ արտահերթ ընտրություններ երբ կլինեն*, Ղուկասյանը նկատեց՝ նախագիծն ամենայն հավանականությամբ մինչեւ գարուն արդեն կլինի խորհրդարանում, այսինքն՝ կներկայացվի այսօրվա կառավարող ուժին։  Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է հստակեցվի արտահերթ ընտրությունների ժամկետը եւ գործնական քայլեր պետք է արվեն երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար․ «Կարծում եմ, որ այդպիսի պայմանները ներկայումս բացակայում են։ Մասնավորապես, այն ընտրական հանձնաժողովների համակարգը, որը տարիներ շարունակ գործել է Հայաստանում, որեւէ փոփոխության չի ենթարկվել։ Այն մարդիկ, որոնք ներգրավված էին ընտրությունների արդյունքները կեղծելու, իշխանության յուրացման գործընթացներում, շարունակում են մնալ ընտրական համակարգում եւ դերակատարություն ունենալ։ Առանց ընտրական հանձնաժողովների փոփոխության, առանց ԿԸՀ-ի լյուստրացիայի՝ Հայաստանում ազատ, արդար ընտրությունների մասին խոսակցությունները դեկլարատիվ բնույթ ունեն։ Մենք կարեւորում ենք նաեւ, որ ընտրությունների ձայների հաշվարկը լինի ավտոմատացված, ինչը կբացառի քվեարկության կամ քվեարկության արդյունքում ձայների հաշվարկի ժամանակ մարդկային միջամտությւունը։ Դրանով լրացուցիչ երաշխիքներ ստեղծվեն, որ արդյունքները ճիշտ են հաշվարկվել»։ Արդար ընտրություններ կազմակերպելու համար, ըստ Ղուկասյանի, անհրաժեշտ է, որ հստակեցվի՝ քաղաքական գործունեությամբ չեն կարող զբաղվել այն կուսակցությունները, որոնք տարիներ շարունակ ընտրություններում զբաղվել են ընտրակաշառք բաժանելով։ Նրա պնդմամբ՝ «Կուսակցությունների մասին» գործող օրենքն, ըստ էության, այդ խնդիրը չի լուծում․ «Հարկավոր է քաղաքական ուժերի վերագրանցում, ինչը կբացառի այն ուժերի հետագա գործունեությունը, որոնք ընտրակաշառքով տարիներ շարունակ զբաղվել են իշխանության յուրացմամբ կամ սատարել են իշխանության յուրացմանը։ Գլխավոր խնդիրներից մեկն է սա, որովհետեւ խարդախ քաղաքական ուժերի հետ ընտրությունների գնալն արդեն իսկ այդ հանցավոր ուժերի նկատմամբ ինչ-որ կոմպրոմիսային մոտեցման դրսեւորում է․ ըստ իս՝ որեւէ կոմպրոմիս չի կարող լինել հանցագործների հետ։ Ժողովրդավարական, իրավական պետություն հնարավոր չէ ստեղծել՝ հենվելով կազմակերպված, հանցավոր խմբերի վրա։ Այս խնդիրն առ այսօր օրենսդրական լուծում չի ստացել, քրեաօլիգարխիկ ռեժիմի գնահատականը չի տվել գործող խորհրդարանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ այսօր արվող բոլոր առաջարկները նպատակ են հետապնդում իշխող ուժի համար հեշտացնել վերարտադրվելու գործընթացը․ «Այդպես եղել է Սերժ Սարգսյանի օրոք, շարունակում է պահպանվել այսօր»։ Հայ կառուցողական կուսակցության նախագահի խոսքով, սակայն, այսօր ե՛ւ «Իմ քայլը», եւ փողոցում բողոքի ցույցեր կազմակերպող երեք քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, չունեն երկրում արդար, ազնիվ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իրական մտդրություն։ Նրա համզոմամբ՝ հանրային վստահությունն այդ ուժերի նկատմամբ զգալիորեն նվազել է, ինչը տրամաբանական է, քանզի քաղաքացիները տեսնում են, որ ոչ ոք չի խոսում ժողովրդավարության, ազատ եւ արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու մասին, այլ նշված քաղաքական ուժերը գլխավորապես հետաքրքրքված են իշխանությունը պահելու կամ իշխանության գալու խնդիրները լուծելու հարցերով․ «Նման պայմաններում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը այն վստահելի գործիչները չեն, ում ղեկավարման ներքո կարող են երկրում պատրաստվել ազատ եւ արդար ընտրություններ։ Եթե «Իմ քայլը» դաշինքն իսկապես մտահոգված լիներ այդ խնդրով, ապա այնպիսի թեկնածու կառաջադրեր, որն ունի հանրային համակրանք, եւ ում ազնիվ կեցվածքի, բարեխղճության վերաբերյալ հանրության մոտ կասկած չի կարող առաջանալ։ Տեսնում ենք, որ այդպիսի բան տեղի չի ունենում, «Իմ քայլը» դաշինքը մեկ քաղաքական գործչի շուրջ ստեղծված քաղաքական միավորում է, որը բացի Նիկոլ Փաշինյանից՝ ուրիշ ազդեցիկ քաղաքական գործիչներ չունի թիմի ներսում»։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտնի հայտարարությանը եւ պնդումներին, թե հնարավոր է դրա դրույթները գոնե փոքր-ինչ շահեկան դարձնել մեզ համար, Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց, որ ինքը համակարծիք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հետ, որ կապիտուլյացիայի համատեղ որոշումն ընդունելի լինել չի կարող, այն հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ չի կարող դառնալ երկարատեւ եւ ամուր խաղաղության համար հենարան, որովհետեւ ռազմական ճանապարհով որեւէ լուծում այդպիսի հնարավորություն ինքնըստինքյան չի ստեղծում․ «Միայն խաղաղ, սպառնալիքից ազատ բանակցությունների գործընթացը կարող է ապահովել արդար լուծում, որը ժողովուրդների համար կլինի ընդունելի։ Դրա համար ըստ իս՝ կեղծ է պնդումը, որ կարելի է լավացնել անորակ եւ իրավական առումով առոչինչ որոշումը։ Ռեւանշիստական ուժերը պարզապես ասում են դա, որպեսզի մոլորության մեջ դնեն մեր քաղաքացիներին, որոնց նկատմամբ այդ ուժերը շատ մեծ կարծիքի չեն, եւ համարում են, որ մեր քաղաքացիները կարող են միամիտ լինել, եւ որ կարելի է խաբեության միջոցով հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկել։ Ես մերժում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ մարդկանց պետք է միշտ ճշմարտությունն ասել․ դա է քաղաքական գործչի գլխավոր պարտականությունը»։  Ուժով պարտադրված այդ որոշումն, ըստ Ղուկասյանի, առհասարակ մերժելի է, եւ քանի դեռ այն մնում է ուժի մեջ, պատերազմի իրավունքն անցել է Հայաստանին, եւ Հայաստանը պետք է դրան լրջությամբ վերաբերվի՝ իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը կազմակերպելու հարցերում․ «Այդ որոշումը ոտնահարում է մարդկանց իրավունքը, ոտնահարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, արցախահայության իրավունքը եւ բազմաթիվ այլ խնդիրներ է ստեղծում, որոնք անտեսելն անհնար է։ Դա անտեսում են այն ուժերը, ում համար առաջնային է սպասարկել ՌԴ շահերը այս հարցում, ինչն, ըստ իս, չի կարող լինել ազգային քաղաքական գործչի համար ընդունելի մոտեցում»,- շեշտեց Ղուկասյանը։  Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցություններն այսուհե՞տ էլ պետք է շարունակվեն Մինսկի խմբի ձեւաչափում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես այսպես եմ գնահատում իրավիճակը․ ձախողվեց ՌԴ հովանու ներքո ռազմական հրադադարի դադարեցման մասին պայմանագիր կնքելու փորձը։ Դեկտեմբերի 3-ի՝ համանախագահող պետությունների ԱԳ ղեկավարների համատեղ որոշումը վկայում է, որ այդպիսի պայմանագիր, այդպիսի համաձայնագիր կարող է կնքվել միայն Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների մասնակցեւթյամբ, այլ ոչ Միայն ՌԴ առաջարկով։ Սա այն կարեւոր դրույթն է, որի վրա, ըստ իս, հնարավոր է կառուցել քաղաքական գիծը։ Մինսկի խումբը շարունակում է մնալ այն ատյանը, որից ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող հրաժարվել, որովհետեւ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման պարտավորությունը՝ ԵԱՀԿ հովանու ներքո, եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայման 1991 թվականին դեկտեմբերի 21-ին, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը։ Այդ ժամանակ եվրոպական պետությունները պահանջ դրեցին, որ Խորհրդային միության տարածքում նոր պետությունների անկախությունը ճանաչվելու է միայն այն դեպքում, երբ այդ պետությունները համապատասխանելու են որոշակի չափանիշների։ Չափանիշներից մեկն էլ այն էր, որ գոյություն ունեցող վեճերը պետք է լուծել բացարձակապես բանակցությունների միջոցով, եւ դրա անհնարինության դեպքում նախապես համաձայնվել նաեւ դատական լուծումների»։  Ղուկասյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը մտադիր է հրաժարվել ՄԽ բանակցային գործընթացից, ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի հարցը լուծելու գործընթացից, ապա անխուսափելի է Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, եւ դրան օժանդակող նախապայման կարող է լինել միջազգային դատարան դիմելու գործընթացը, որը, ըստ մեր զրուցակցի, կբացահայտի, որ 1992 թվականի հունվարին Արցախի Հանրապետության անկախության հռչակումը միջազգային օրենքի տեսակետից եղել է օրինական գործողություն․ «Ես կարեւոր կհամարեի, որ ՀՀ-ն զեկույց ներկայացներ ՄԱԿ-ում՝ ցույց տալով այս ագրեսիայի ողջ մանրամասներն աշխարհին, պատերազմի ժամանակ հումանիտար իրավունքի խախտումները՝ առաջ բերելով այն փաստը, որ ուժով եւ ուժի սպառնալիքով ՀՀ-ին հարկադրվել է համակերպվել Արցախի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի հետ եւ ոտնահարված է այսօր ոչ միայն արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորությունը, այլ նաեւ անվտանգությունը։ Բայց վստահ եմ, որ այսօրվա կառավարությունը երբեք նման քայլ չի անի, քանի որ այս հարցում սպասարկում է ՌԴ շահերը։ ՌԴ առաքելությունն Արցախում չի կարող ապահովել արցախահայության համար խաղաղ եւ անվտանգ ապրելակերպ, որովհետեւ Արցախի բոլոր խոշոր բնակավայրերն Ադրբեջանի ԶՈւ-երի անմիջական կրակային հսկողության տակ են։ Նման պայմաններում խոսել, որ սա այսպես կարելի է մարսել եւ դա պետք է ընդունել որպես ելակետ` Ադրբեջանի հետ հարաբերություններում, ու շարժվել առաջ, անընդունելի է»։ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ Հայաստանն իրականում կարող է միջազգային հարթակներում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թե՛ ՄԽ-ում, թե՛ ԵԱՀԿ-ում, թե՛ ՄԱԿ-ի հարթակում ակտուալ կդարձնի Ադրբեջանի պատասխանատվության հարցը` կատարված ագրեսիայի համար, եւ նաեւ առաջ կքաշի արցախահայության ինքնորոշման իրավունքն իրացնելու անհրաժեշտության հարցը։ Մեր զրուցակիցը չի համարում, որ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան այդքան ներուժ ունեն տապալել ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի որոշման այս գործընթացը, այլ ընդամենը ձգտում են իրենց համար հարմարեցնել այս իրավիճակը եւ համատեղել ՄԽ գործընթացի հետ։  Իսկ թե ինչ պետք է խոսի հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ, ինչ փաստաթղթի հիմքով պետք է քննարկումներ լինեն, Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ բանակցությունների սեղանին են Մադրիդյան սկզբունքները, որի մոտեցումները բազմիցս հայտարարել են գերտերությունների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները։ Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է պնդի, որ այդ դրույթներն իրականանան, պետք է պնդի նաեւ, որ Շահումյանի շրջանը բնակեցվի հայերով, ինչպես եղել է մինչեւ պատերազմը․ «Այսինքն, որքանով ընդունվում են Ադրբեջանի փախստականների իրավունքները` վերդառանալ Ջաբրայիլ, Կուբաթլու կամ մյուս շրջանները, նույն լիարժեքությունը ունի հայերի իրավունքը՝ Շահումյանի շրջան վերադառնալու։ Արցախի Հանարապետության անկախությունը հռչակված է եղել ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի տարածքներում, եւ այդ գործողությունը եւ քաղաքական ակտը, ըստ իս, չի հակասում միջազգային իրավունքին։ Բոլոր այն տարածքները, որոնք այսօր օկուպացրել է Ադրբեջանը, պետք է ազատվեն, եւ հայերը հնարավորություն ունենան այդտեղ ազատ եւ արդար, բնականոն զարգանալու։ Սա պետք է լինի ՀՀ պնդումը, ինչպես նաեւ միջանցքը, որը պետք է կապի Արցախը Հայաստանի հետ, պետք է ունենա ողջամիտ անվտանգ լայնություն եւ դա եւս բանակցային հարց է ու հանդիսանում է Մադրիդյան սկզբունքների կետերից մեկը։ Այսինքն՝ բանակցային սեղանի շուրջ ՀՀ օրակարգը ՄԽ ձեւաչափում մեծ հաշվով այն է, ինչ եղել է, կարող է ավելի ամուր լինել Շահումյանի շրջանի հարցում, եւ այստեղ մենք ունենք բավականին ներուժ՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից աջակցություն ունենալու, որովհետեւ այս դիրքորոշումը հաստատում են նաեւ այդ պետությունները»,- եզրափակեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ * Հարցազրույցն արվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քննարկումներ սկսելու հայտարարությունից ժամեր առաջ։ Ասպրամ Փարսադանյան
17:15 - 26 դեկտեմբերի, 2020
Ֆրանսիան հաստատել է կորոնավիրսուսի նոր տարբերակի առաջին դեպքը |armenpress.am|

Ֆրանսիան հաստատել է կորոնավիրսուսի նոր տարբերակի առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am։ Ֆրանսիայում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը: BBC-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով տվյալ անձը Ֆրանսիայի քաղաքացի է, ով ժամանել էր Լոնդոնից դեկտեմբերի 19-ին: Վարակը հաստատվել է դեկտեմբերի 21-ին բուժհաստատությունում թեստավորում կատարելուց հետո: Ըստ նախարարության՝ քաղաքացու մոտ վարակը եղել է առանց ախտանշանների և ներկայում նա ինքնամեկուսացված է տանը: Այլ երկրներ նույնպես հայտնել են կորոնավիրուսի նոր տարբերակի մասին: Նախօրեին Ճապոնիայում 5 ուղևորի մոտ է հաստատվել, որոնք եկել էին Մեծ Բրիտանիայից: Ավելի վաղ նման դեպքերի մասին տեղեկացվել էր Դանիայում, Ավստրալիայում և Նիդերլանդներում: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ նոր հիմնամանրէ, որը երկիր է բերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Այդ նոր տեսակն անհանգստություն է առաջացնում, որովհետև այն ավելի ինտենսիվորեն է փոխանցվում, եւ ավելի ուժեղ է մուտացիայի ենթարկվել ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված հիմնամանրէից:
13:53 - 26 դեկտեմբերի, 2020
Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի քաղաքային խորհրդի նիստ, քաղաքապետը քաղաքային խորհրդին ներկայացնում է հետևյալը.Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ քսանհինգ տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը: Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:Մի կողմից հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների, թուրքերի և ջիհադիստների միջև վեց շաբաթ տևած անխնա բախումներից հետո Երևանը ստիպված եղավ համաձայնվել ստորագրել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, խնդրին լուծում չի տրվել:Ինչպես այդ մասին խոստովանել է նաև Ֆրանսիան, համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծում Արցախի կարգավիճակի հարցը: Մարտերից փախած 120 000 հայ փախստականներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը: Բացի այդ, հարցականներ են մնում Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության վերաբերյալ` պայմանավորված Ադրբեջանին և Նախիջևանի ինքնավար մարզին կապող ճանապարհային միջանցքով:Աշխարհի բոլոր հայերի համար նման ագրեսիայի դրսևորումները, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումը, էթնիկ և կրոնական զտումների իրականացումը արթնացնում են 1915 թ.-ի ցեղասպանության սարսափելի հուշերը:1920-ական թվականներին Իսի-լե-Մուլինո քաղաքն իր դռները բացեց բազմաթիվ հայ փախստականների առջև և այդպիսով ստեղծվեց Իլ-դը-Ֆրանսում ամենամեծ համայնքներից մեկը: Հետևաբար, Իսի-լե-Մուլինոյի ինքնությունն ու պատմությունը մեկ դար շարունակ անքակտելի են եղել հայոց հարցից: Իսի-լե-Մուլինոյի ներկան և ապագան միշտ կապված են Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են, մասնավորապես, բարեկական հարաբերությունները և համագործակցության ծրագրերը, որոնք ավելի քան 30 տարի կապում են Իսի-լե-Մուլինոն իր հայկական քույր քաղաք Էջմիածնի հետ:Հետևաբար, անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ.-ի ցեղասպանության պատասխանատու և, միևնույն ժամանակ, դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները հրավիրում են կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը:Սենատը դա լավ հասկացավ, քանի որ սույն թվականի նոյեմբերի 25-ին դարձավ առաջին արևմտյան խորհրդարանական մարմինը, որը ճանաչեց ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը: Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը նաև կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը տրամադրել զանգվածային մարդասիրական օգնություն, պահանջել միջազգային հետաքննության իրականացում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ և հաստատում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:Այս ամենից ելնելով, որպեսզի Արցախի և Հայաստանի հայերը ազատ ու խաղաղ ապրեն իրենց պապենական հողերում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝որպես իր բնակչության անվտանգություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:Քաղաքային խորհուրդը, հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և, մասնավորապես, Լ. 2121-29 հոդվածը, հիմք ընդունելով քաղաքային խորհրդի ներքին կանոնակարգը և, մասնավորապես, 9-րդ հոդվածը, սույն զեկույցը լսելուց և սյն քննարկելուց հետո, ընդունում է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման բանաձև, որոշում է ծանուցել սույն բանաձևի մասին․- Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին,- Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին,- Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ պարոնայք Արա Թորանյան և Մուրադ Փափազյանին,- Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանին,- Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանին,- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոթին»:     
10:05 - 23 դեկտեմբերի, 2020
ԱՀ առողջապահության նախարարը Գևորգ Կեպենեկյանի հետ քննարկել է վիրավոր զինծառայողների հետագա բուժմանն առնչվող հարցեր

ԱՀ առողջապահության նախարարը Գևորգ Կեպենեկյանի հետ քննարկել է վիրավոր զինծառայողների հետագա բուժմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և  «Merieux»  հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել  բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմական օրերին Արցախի առողջապահական ոլորտին ցուցաբերած  օժանդակության համար: Գևորգ Կեփենեկյանը  ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակները: Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպելու բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը, որը ենթադրում է հիվանդների առողջության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցության ցուցաբերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական գործողություններից տուժած բժշկական հաստատությունների վերականգնմանը, վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժօգնության կազմակերպմանը, բուժսարքավորումների ձեռք բերմանն ու բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր:
14:24 - 12 դեկտեմբերի, 2020
Եվրոպան թույլ չի տա Թուրքիային ապակայունացման քաղաքականություն վարել տարածաշրջանային հարևանների նկատմամբ․ Մակրոն
 |factor.am|

Եվրոպան թույլ չի տա Թուրքիային ապակայունացման քաղաքականություն վարել տարածաշրջանային հարևանների նկատմամբ․ Մակրոն |factor.am|

factor.am: Եվրոպան Թուրքիայի հետ երկխոսության համար բաց է մնում, սակայն  թույլ չի տա Եվրամիության անդամ երկրների հանդեպ իրավիճակի ապակայունացում։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։ «Եվրոպան ցույց տվեց, որ կարող է վճռական լինել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ Արևելյան Միջերկրական ծովում նրա գործողությունները  վերջ դնելու համար», – հայտարարել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Բնականաբար, Եվրոպան միշտ բաց է երկխոսության համար, սակայն թույլ չի տա ապակայունացման քաղաքականություն վարել Եվրամիության անդամների, ինչպես նաև տարածաշրջանային հարևանների նկատմամբ», – շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը: Շարունակությունը՝ factor.am-ում։
18:50 - 11 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն |1lurer.am|

Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Այսօր Բրյուսելում մեկնարկել է Եվրախորհրդի երկօրյա գագաթնաժողովը: Եվրամիության ղեկավարների հանդիպման օրակարգը բավականին հագեցած է, որի շրջանակում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Թեմաներն առնչվում են Քովիդ-19 համավարակին, կլիմայական փոփոխություններին, հակաահաբեկչական պայքարին, ԱՄՆ-ի, Եվրամիության հարավային հարևան երկրների և Թուրքիայի հետ հարաբերություններին: Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին:   «Ինչ վերաբերում է մեր հարևանությանը, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններին.  Ֆրանսիան շարունակելու է հավատարիմ մնալ հստակ դիրքորոշմանը: Մենք պետք է հետևողական լինենք հոկտեմբերին ընդունված որոշումներին, Թուրքիային ուղղված պահանջներին ու դրանից բխող բոլոր հետևանքներին: Մենք պետք է պաշտպանենք Եվրամիության երկրների ինքնիշխանությունն ու կայունությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
20:06 - 10 դեկտեմբերի, 2020
Ֆրանսահայ բժիշկ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ. հանդիպում առողջապահության նախարարությունում

Ֆրանսահայ բժիշկ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ. հանդիպում առողջապահության նախարարությունում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով:  Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների, հումանիտար օգնությունների մասին` կողմերն անդրադարձել են վիրավոր զինվորներին անհրաժեշտ վերականգնողական բուժման կազմակերպման աշխատանքներին:  Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ պատրաստ են նաև աջակցություն ցուցաբերել այդ հարցում` հավելելով, որ քննարկումներ են ընթանում  ֆրանսիական Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքների և Հայաստանի բժշկական կազմակերպությունների միջև` այս ոլորտում համագործակցություն ծավալելու վերաբերյալ:  «Բոլոր վիրավոր զինվորները տեղափոխվել են Հայաստան և իրենց բուժօգնությունն ամբողջովին կազմակերպվում է այստեղ: Սակայն նրանք կարիք ունեն նաև վերականգնողական բուժման, և այդ ուղղությամբ Հայաստանի առողջապահական համակարգը քայլեր է ձեռնարկում ոլորտը զարգացնելու նպատակով», - բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը` ասել է Արսեն Թորոսյանը: Միաժամանակ, կողմերը քննարկել են հումանիտար օգնության հնարավոր տարբերակները` ոչ միայն երկու երկրի կառավարությունների, այլև հիմնադրամների, մասնավորապես «Մերիո» հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչի կապակցությամբ էլ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ: 
15:07 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։ Այս ամսին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վրա: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։ Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծել է դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Այվազյանը նշել է, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի`հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար: Նախարարն իր ֆրանսիացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտել են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։ Տեղի է ունեցել մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:
21:10 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը՝ որպես կարևոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում:  Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի և ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին և հայ ժողովրդին:  Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահության իրավունքների և շահերի վերականգնումը և պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվեց նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը:
18:38 - 09 դեկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին փոխվարչապետն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է: Տիգրան Ավինյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը: Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ներգրավվածությունը տեղահանված անձանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության կոթողների պահպանման հարցում: Խոսելով գերիների փոխանակման գործընթացի մասին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի՝ նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց: Փոխվարչապետը նշել է, որ այժմ Կառավարությունն աշխատանք է տանում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի կազմման ուղղությամբ, որը պետք է նպաստի երկրի տնտեսական ակտիվության վերականգնմանը: Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Ժոնաթան Լաքոտն ասել է, որ հայ-ֆրանսիական օրակարգը բավականին հագեցած է, և պետք է ակտիվ աշխատանքներ տանել նոր նախագծեր կյանքի կոչելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել են գյուղատնտեսության, առողջապահության, էլեկտրաէներգիայի, ջրային ոլորտի, ենթակառուցվածքների ուղղություններով համագործակցության խորացման ու ներդրումների ներգրավման հնարավորությունները:
16:46 - 09 դեկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան |hy.armradio.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան |hy.armradio.am|

hy.armradio.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հանգստյան օրերին կլինեն Բաքվում ու Երևանում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով խորհրդականի պարտականություններ կատարող Ֆիլիպ Ռիկերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսին կից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (Հելսինկիի հանձնաժողով) անդամների համար ճեպազրույցում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀՄ Մինսկի համանախագահների ձևաչափով։ Ռիկերը հայտնել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ժնևում է ու հանդիպումներ է անցկացնում Վրաստանի հարցով ժնևյան գործընթացի շրջանակում։ «Այս շաբաթ-կիրակի նա Մինսկի խմբի այլ համանախագահների հետ կմեկնի երկու մայրաքաղաք՝ ինչպես Բաքու, այնպես էլ Երևան, որ հասկանա՝ որտեղ կարող ենք առաջ շարժվել այդ հակամարտության դիվանագիտական կարգավորման հարցում», — ասել է Ռիկերը։ Նա ավելացրել է, որ Մինսկի խմբի ձևաչափն ինքնին հաջող է, քանի որ զգալի հատված՝ 30 տարի, խաղաղություն էր, «նույնիսկ եթե փխրուն»։ Ռիկերը նշել է, որ ԱՄՆ-ն պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ «կայուն լուծում» մշակվի։
09:57 - 09 դեկտեմբերի, 2020
Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չէ հանել օրակարգից․ Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի պարոն Լը Դրիան, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջս՝ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ և, միևնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։ Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանին՝ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը և Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար։ Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը մեր թիկունքում։ Դրա ամենավառ վկայությունն ինչպես վերոնշյալ փաստերն են, այնպես էլ՝ ֆրանսիացի մտավորականների, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, պետական ու քաղաքական գործիչների հազարավոր հայտարարությունները և մամուլի հրապարակումները։ Այս համատեքստում կցանկանայի նաև հիշատակել «Le Monde» օրաթերթի երկու լրագրողներին, ովքեր ծանր վիրավորվել են Արցախում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Նրանց արագ ապաքինում եմ մաղթում։  Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։ Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրի Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Ընդգծեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը:  Անդրադարձ կատարեցինք նաև հայ-ֆրանսիական սերտ քաղաքական երկխոսության խորացման հետագա հեռանկարներին և համագործակցության ծրագրերին։  Ավարտելով խոսքս՝ կուզենայի ընդգծել, որ շատ ուրախ կլինեմ հյուրընկալել գործընկերոջս՝ Ժան-Իվ Լը Դրիանին Երևանում՝ օրակարգային հարցերի շուրջ հայ-ֆրանսիական արդյունավետ երկխոսությունը շարունակելու նպատակով։  Շնորհակալություն: Հարց. Պարոն Լը Դրիան, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուղղված էր ռազմական գործողությունների դադարեցմանը, և Դուք էլ եք նշել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման մասով: Ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով, որ այս հարցը Մադրիդյան հիմնարար սկզբունքներից միակն է, որը դեռ չի հասցեագրվել: Պարոն Այվազյան, կցանկանայի նաև Ձեր մեկնաբանությունը ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:  Արա Այվազյան. Տեսեք, ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:  Այսքանը, շնորհակալություն»։
09:20 - 09 դեկտեմբերի, 2020