ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված տոմսերով․ ԿԳՄՍՆ

Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված տոմսերով․ ԿԳՄՍՆ

«Դպրոցական բաժանորդային համակարգի» (աբոնեմենտային) ծրագիրը շարունակվում է նաև 2021 թ.: Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ. նոր տոմսեր չեն տրամադրվի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ՝ յուրաքանչյուրը մեկ անգամ: Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր 10 աշակերտի տրամադրվում է 1 լրացուցիչ տոմս, որը նախատեսված է ուղեկցող ուսուցչի համար: Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում: Անհրաժեշտ է (հատկապես թատրոն և համերգասրահ այցելելուց առաջ) նախապես կապ հաստատել համապատասխան հաստատության հետ և ամրագրել այցը: Մշակութային հաստատությունը (թատրոն, համերգասրահ) իրավասու է սահմանել ծրագրի շրջանակում դպրոցականներին հատկացվող տեղերի քանակը, ինչպես նաև տվյալ ներկայացմանը, համերգին աշակերտների մասնակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տարիքային խումբը: Հավելենք՝ բաժանորդային տոմսերն աշակերտներին բաշխվում են դպրոցների միջոցով, որոնց վրա պարտադիր է դպրոցի կնիքը: Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը: 
14:15 - 06 փետրվարի, 2021
Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների 12-օրյա ռազմամարզական ճամբարի կարգը

Հանրային քննարկման է ներկայացվել 11-րդ դասարանի աշակերտների 12-օրյա ռազմամարզական ճամբարի կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կարգը»: Այն սահմանում է ռազմամարզական ճամբարի կառուցվածքը, օրվա կարգացուցակը, նյութատեխնիկական միջոցները, ծրագիրը, պատասխանատուները և նրանց գործառույթները, ինչպես նաև կարգավորում է ճամբարի կազմակերպման և անցկացման ընթացքն ու այլ իրավահարաբերություններ: Ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և ստացած գիտելիքների ամրապնդմանը գործնական ճանապարհով, իրավիճակային կողմնորոշման, նախաձեռնողականության և հմտությունների զարգացմանը, արտակարգ իրավիճակներում դիմակայելու, դրսևորվելու և արդյունավետ գործելու ունակությունների զարգացմանը, սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների բարձրացմանը, ինչպես նաև դժվարին պայմաններում առաջադրանքների  կատարման վճռականության ձևավորմանը: Ճամբարին մասնակցելու են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանում սովորող պատանիներն ու աղջիկները: Ճամբարի ծրագիրը համարվում է ՆԶՊ առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարը հաշվարկվում է ՀՀ զինված ուժերի բանակի գնդի հաշվարկով: Տևողությունը 12 օր է: Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական պատրաստություն, կրակային, համազորային կանոնադրություններ, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն,  առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, հոգեբանական պատրաստություն և գոյատևման հիմունքներ: Ճամբարի ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև փետրվարի 25-ը ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
17:32 - 05 փետրվարի, 2021
Ինձ քննադատում են ճշմարտությունն ասելու համար, որ մեր շատ լավ երիտասարդները գնում են արտասահման ու ստանում սարսափելի բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Ինձ քննադատում են ճշմարտությունն ասելու համար, որ մեր շատ լավ երիտասարդները գնում են արտասահման ու ստանում սարսափելի բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը Ազգային ժոողովի ամբիոնից ելույթ ունեցավ՝ ասելով, որ տաղանդավոր երիտասարդները, որոնք լքում են հայրենիքը, շատ ճիշտ են անում: «Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում, և ճիշտ են անում»,- ասել էր Վահրամ Դումանյանը: Այսօր Վահրամ Դումանյանը նշեց՝ իրեն քննադատում են ճշմարտությունը ասելու համար: «Իմ ելույթից հետո անգամ ինձ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո համեմատեցին այլ հայտնի անձանց հետ, որ իմ մտքում կար անիմաստություն: Հիմա ես կբացեմ փակագծերը, հարցը նա է՝ երիտասարդները գնում են ակադեմիա, գնում են գիտություն, այո՝ գնում են, և այդ երիտասարդներին մենք լավ գիտենք, մի մասն էլ մեր ուսանողներն են եղել, հա, լավն են, բայց էն շատ-շատ լավերն էլ ունենք, որ չեն գնում ակադեմիա և գնում են արտասահման ու ստանում են սարսափելի բարձր աշխատավարձ»,- մեկնաբանեց Վահրամ Դումանյանը:
17:02 - 05 փետրվարի, 2021
Բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է. ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

Բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է. ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու տարի աշխատել է բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող մայր օրենքի վրա, որը երկար է քննարկվել, փոփոխության է ենթարկվել, արժանացել կարծիքների բախումների:  Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ իր՝ նախարար նշանակվելուց հետո հայտարարել է, որ նախագծի որոշ դրույթների համամիտ չի եղել, սակայն գիտակցել է, որ այն չպետք է ուշանա և պետք է ժամանակին ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ուստի, ըստ նրա, ինտենսիվ աշխատանք է կատարվել, և գործադիրի ու օրենսդիրի ջանքերով ներկայացվել է ընդունելի նախագիծ:  Դումանյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: Ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ նախարարի, կրթական համակարգի կառավարչական մասի ոչ լիարժեքությունն է: «Այն, ինչ հիմա, կա, բավարար չէ: Ցավալի բան կա՝ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը, կարծես, դարձել են հակամարտող կողմեր, ինչն անընդունելի է: Չի կարող ուսանողը կամ դասախոսը լինել այն մարմնում, որտեղ նա պետք է գնահատի իր վերադասին, այսինքն՝ ռեկտորի ենթական չի կարող հաշվետվություն լսել ռեկտորից, այստեղ շահերի բախում կա: Եթե այնտեղ կա մի սեփականատեր, դա պետությունն է, քանի որ պետական բուհ է, պետությունը ֆինանսավորում է, բայց երբ կառավարման մասով պետությունը ցանկանում է իր կամքը հայտնել, ասում են՝ դուք միջամտում եք, խոչընդոտում մեր ինքնավարությանը»,- նշեց նա: Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից (կլինեն դասախոս, ուսանող՝ կորոշի բուհը): Նա նշեց, որ խորհուրդը կարող է անվստահություն ներկայացնել լիազոր մարմնին, և խորհուրդը կարող է բուհի ղեկավարին ազատել պաշտոնից:    Վ.Դումանյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ, ինչը, ըստ նրա, վաստակած կարգավիճակ է: Նրա խոսքով՝ դա պետք է արվի օրենքով, որպեսզի հարցը չմնա այդ օրվա պետության ղեկավարի հայեցողությանը:  Կառավարությունն առաջարկում է արգելել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին նույն կարգավիճակն ունենալ նաև բուհում: «Այդ անձը, ուզի թե ոչ, իր ղեկավար դիրքը, միևնույն է՝ արտահայտելու է բուհում»,- հստակեցրեց նախարարը: Դումանյանի խոսքով՝ առաջարկվում է նաև, որ բուհերի մասնաճյուղերի տնօրենները նշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության: Միաժամանակ, ըստ նախարարի, օրենքի ընդունումից հետո գործող ռեկտորների փոփոխություն չի նախատեսվում մինչև նրա ժամկետի ավարտը, քանի որ նրանք ընտրված ռեկտորներ են: Նոր բացվող բուհում ռեկտոր կնշանակվի մեկ տարի ժամկետով, հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթ:  Նախագծով, նախարարի խոսքով, ԳԱԱ ինստիտուտներին տրվելու են ինքնավարություն և ուղիղ կառավարման հնարավորություն: «Նրանք դեմ են, քանի որ գտնում են, որ մեկ տեղից կառավարումն ավելի ճիշտ է, սակայն, վստահեցնում եմ՝ կառավարում լինելու է՝ գործող ԳԱԱ գործող ղեկավարությամբ կամ այլ տարբերակով: Այնուհանդերձ, այս տեսքով Գիտությունների ակադեմիան խնդրահարույց է»,- ասաց նա: 
15:30 - 05 փետրվարի, 2021
2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը |factor.am|

2019-ին Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ՀՀ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը |factor.am|

factor.am: ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար: Այս մասին տեղեկանում ենք 2019-ի բյուջեի կատարողականից: ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»: Որոշում է կայացվել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հիշեցնենք, երեկվանից լուրեր էին շրջանառվում՝ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո:
10:45 - 04 փետրվարի, 2021
Պետք է ներկայացված լինենք միջազգային կառույցներում. փոխնախարար Գիլոյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Պետք է ներկայացված լինենք միջազգային կառույցներում. փոխնախարար Գիլոյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի համատեղ ուժերով հնարավոր կլինի դիմակայել մարտահրավերներին. «Սա մեր առաջին հանդիպումն է և համատեղ աշխատանքի սկիզբը: Պատերազմը, համավարակը, տնտեսական խնդիրներն անհետևանք չեն մնացել նաև սպորտի ոլորտի համար: Կան դժվարություններ, բայց հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանանք վերականգնվել, ապա առաջընթաց գրանցել»: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտի կարգավորմանն ուղղված իր ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Կ. Գիլոյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է միջազգային համագործակցությունների ընդլայնումը և միջազգային սպորտային կառույցներում մեր երկրի ներկայացվածությունը: «Պետք է վերականգնենք մեր երբեմնի ավանդույթները և ներկայացուցիչներ ունենանք միջազգային կառույցներում, ֆեդերացիաներում: Այդ ներկայացվածությունը միմիայն դրական է ազդելու մեր մարզիկների՝ միջազգային հարթակներում ելույթների և մեր երկրի հեղինակության բարձրացման վրա: Նախարարությունն առաջիկայում կսկսի աշխատանքներն այդ ուղղությամբ՝ համակարգելով միջազգային կառույցների հետ ձեր կապերը»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ միջազգային ասպարեզում լավագույնս ներկայանալու համար պարբերաբար կազմակերպվելու են սեմինարներ և վերապատրաստումներ մարզչական, մրցավարական և տեխնիկական անձնակազմերի համար:  Կ. Գիլոյանը ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ շուտով ստեղծվելու է Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին հոգեբանական ծառայությունների տրամադրման խումբ. «Մարզիկները, հատկապես նախամրցումային փուլում գտնվողները չեն կարող չունենալ հոգեբանական խորհրդատվության կարիք: Բացի դրանից՝ շուտով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կգործի մարզիկների համար առանձնացված մասնաշենք, որտեղ նրանք կանցնեն անհրաժեշտ ստուգումները և կստանան պատշաճ բուժումներ»: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են նաև Հայաստանի առաջնությունները մարքեթինգային տեսքի բերելու և դրանով իսկ ֆեդերացիաների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու, վարպետության բարձրագույն դպրոցը վերականգնելու, հավաքական թիմերի բարձրակարգ մարզահագուստի հետ կապված հարցերը, իսկ հեռակա ծրագրերում է միջազգային պահանջներին համապատասխան մարզահամալիրներ ունենալը, ինչը թույլ կտա Հայաստանում հյուրընկալել խոշորագույն մարզական միջոցառումներ:  Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Գիլոյանը պատասխանել է ֆեդերացիաների ներկայացուցիչների հարցերին և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում է նրանց հետ ունենալ նաև առանձին հանդիպումներ, որոնց ընթացքում կլինեն առավել հասցեական քննարկումներ:
18:28 - 03 փետրվարի, 2021
Փոփոխություններ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

Փոփոխություններ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու  նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Առաջարկվում է լրացնել և խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման գործընթացը:  Մասնագիտական հանրույթի կողմից հաճախ է հարց բարձրացվում, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների ուսուցիչների համար գործող կարգը  հավասար հնարավորություններ չի ապահովում, ինչի հետևանքով  ուսուցիչների մի խումբ չի կարողանում օգտվել որակավորման տարակարգ ստանալու իր իրավունքից: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում որակավորման տարակարգ ստանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարին դիմում ներկայացրած 74 ուսուցչից 19-ի փաթեթները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերի և գործող կարգի`  ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված պահանջների միջև առկա անհամապատասխանությունների և որոշ բնութագրիչների անհստակությունների պատճառով: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տարակարգի փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը կարգավորել և գործընթացը հստակեցնել: Մասնավորապես հաշվի առնելով, որ «Ֆիզկուլտուրա» առարկան ընդգրկված չէ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների ցանկում, քննարկման դրված նախագծով առաջարկվում է որպես բնութագրիչ ներառել նաև հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ուսուցիչների համապատասխան փաստաթղթերը: Առաջարկվում է տարակարգի տրամադրման պայմանների ցանկում ներառել նաև օլիմպիադաներում կամ առարկայական տարբեր մրցույթներում մրցանակակիր սովորողներ ունենալու հանգամանքը (գործող կարգում պարտադիր էր մեդալակիր լինելը, այնինչ շատ դեպքերում հաղթանակի համար մեդալի փոխարեն այլ մրցանակ է տրվում)։ Համավարակի պայմաններում ներդրված հեռավար կրթությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ են վարել նաև հեռավար եղանակով: Նկատի առնելով այդ իրողությունը` առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցող հարթակներում վերապատրաստման դասընթաց վարելու, ինչպես նաև եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրով վերապատրաստում իրականացնելու փաստերը ներառել տարակարգի բնութագրիչների ցանկում` վերապատրաստող ուսուցչի գործունեությունն ամփոփելով մեկ ընդհանրական բնութագրիչի մեջ:   Առաջարկվում է հստակեցնել նաև հրապարակումներ ունենալու բնութագրիչը` խուսափելով երկիմաստ մեկնաբանություն ենթադրող ձևակերպումներից։ Մեկ այլ փոփոխությամբ ուսուցչի վարպետության մակարդակի բնութագրիչը կդիտարկվի միայն լավ և գերազանց մակարդակների դեպքում, քանի որ գործող կարգով, ըստ էության, պահանջվում է միայն վարպետության մակարդակի փաստաթղթերի ներկայացում՝ անկախ նրանից, որ  գնահատականը կարող է լինել վատ կամ ոչ բավարար։ Նախագծի կարևոր նորություններից է գիտական աստիճան կամ կոչում ունենալու վերաբերյալ բնութագրիչի ներառումը, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ մասնագիտական գիտելիքների զարգացման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` գործող կարգում ընթացիկ փոփոխությունների կատարումն արդեն հասունացած էր` հաշվի առնելով որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամանակ ի հայտ եկող անհամաձայնությունները:  Սակայն հետագայում՝  «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո,  նախատեսվում են տարակարգի շնորհման գործընթացի առավել արմատական փոփոխություններ` մանկավարժական ներուժի զարգացման նպատակով: Նշենք նաև, որ շահագրգիռ մասնագետներն ու կառույցները իրենց առաջարկները կարող են ներկայացնել մինչև փետրվարի 10-ը:
10:44 - 03 փետրվարի, 2021
Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

Քննարկվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի նախագիծը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը ծանոթացել է խորհրդի անդամների հետ՝ ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտների վերաբերյալ իր մոտեցումները, զարգացման միտումները և տեսլականը: «Ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը, որը մեր անվտանգության հիմքն է: Կրթությունը և մշակույթը փոխկապակցված են. կրթությունը կտուժի, եթե դրա մեջ չկա մշակույթի բաղադրիչ և՝ հակառակը: ԿԳՄՍ նախարարության ոլորտները բազմաշերտ են, հետևաբար մեր գործունեությունն առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Այդ պատճառով հանրությունը վերահսկում մեր յուրաքանչյուր քայլ և բարեփոխում, ինչը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Մենք շահագրգիռ ենք լսել մեր ոլորտների և պետության զարգացմամբ մտահոգ ցանկացած քաղաքացու արդարացի և առողջ գնահատական: Այդ առումով հասարակական խորհուրդը լավագույն հարթակն է, քանի որ այստեղ ներկայացված են ԿԳՄՍ բոլոր ոլորտների ներկայացուցիչներ»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ հասարակական խորհուրդը պետք է իրական դերակատարություն ունենա, այն է՝ քննարկումների միջոցով հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի համապատասխան բարեփոխումներ իրականացվեն: Նախարարությունը նշում է, որ նիստի օրակարգում ներառված էր «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծի քննարկումը: Այն հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Ցանկացած փոփոխություն, մասնավորապես, հանրակրթության ոլորտում ի սկզբանե դատապարտված է անհաջողության, եթե հաշվի չի առնվում դրա կարևոր բաղադրիչը՝ մարդկային ռեսուրսը, այս դեպքում՝ ուսուցիչը»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ուսուցիչներին ուղղված նոր քաղաքականությունը: Ըստ բանախոսի՝ առկա հիմնական խնդիրներն են՝ ուսուցիչների աշխատանքային պայմաններն ու խրախուսման գործիքները, ուսուցչի մասնագիտության հեղինակությունն ու նոր մասնագետների մուտքը համակարգ, ուսուցչական կադրերի որակն ու մասնագիտական շարունակական զարգացումը, ինչպես նաև մանկավարժական նորարարությունն ու ստեղծարարությունը: «Ընդհանուր առմամբ ուսուցիչների 40 տոկոսն ավելի քան քսանհինգ տարվա աշխատանքային ստաժ ունի։ Սրա համեմատ՝ դպրոց նոր մուտք գործող ուսուցիչները կազմում են ընդամենը 2 տոկոս, ինչը նշանակում է, որ սերնդափոխությունը տեղի է ունենում դանդաղ: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կազմում են ուսուցիչների ընդհանուր թվի շուրջ 11.7 տոկոսը։ 60-ն անց ուսուցիչների թիվը գերազանցում է համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների թվին»,- այսպիսի փաստական տվյալներ է ներկայացրել Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այժմ հերթական ատեստավորման է ենթակա ուսուցչական համակազմի 56 տոկոսը։ Նրա խոսքով՝ ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրված որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը գործում է կամավորության սկզբունքով: Ըստ փոխնախարարի՝ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջվում է առնվազն 9 տարի: 2020 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից միայն 2226-ն ունի առաջին, 122-ը՝ երկրորդ և 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ, ինչը կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 6,2 տոկոսը: Ժաննա Անդրեասյանը որպես առաջարկվող լուծումներ առանձնացրել է արդեն ներդրված մի շարք գործիքներ, այն է՝ ուսուցիչների գործուղման և տրանսպորտային ծառայությունների և ֆինանսավորման նոր կարգերը, «Տարվա լավագույններ» դրամաշնորհային ծրագրերի մրցույթը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը և այլն: Անդրադառնալով նոր գործիքի՝ սեփական նախաձեռնությամբ ատեստավորման համակարգի ներդրման ծրագրի նախագծին՝ բանախոսը նշել է, որ այն լինելու է ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման արդյունքում նախատեսվում է, որ 90 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած և հավելավճար կստանան 50 տոկոսի չափով, 80 տոկոս և ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները ևս կհամարվեն ատեստավորումն անցած ու հավելավճար կստանան 30 տոկոսի չափով: Երկու դեպքում էլ ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի, իսկ 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը մեկ տարի անց պարտադիր վերաատեստավորման ենթակա կլինի: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, և պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաև պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող՝ համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև հերթական ատեստավորման գործընթացում, այն է՝ գործընթացի թվայնացում, վերապատրաստման իրականացում երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների միջոցով, ուսուցչի կողմից կրեդիտների ինքնուրույն հավաքագրման հնարավորություն, վերապատրաստման համակցված եղանակի հնարավորություն՝ առկա և հեռավար միջոցների համադրմամբ, վերապատրաստման ծրագիր և չափորոշիչ: Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Նրանք նաև մի շարք հարցեր են ուղղել բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգին, նախկին վերապատրաստումների արդյունավետությանը, միասնական կամ այլընտրանքային մոդուլների օգտագործմանը, վերապատրաստման գործընթացում մասնավոր կազմակերպությունների հնարավոր ներառմանը, կամավոր և հերթական ատեստավորումների համեմատությանը, դրանց ժամանակացույցին, թեմաների ընտրությանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև գիտնական ուսուցիչների, մանկավարժների ինքնակրթությանը, էթիկայի կանոններին և այլ խնդիրների: Նիստի ավարտին հասարակական խորհուրդն ընդունել է որոշում՝ «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի» նախագծին հավանություն տալու մասին:
22:27 - 02 փետրվարի, 2021
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում դարձել է նոր մարտահրավեր և դիտվում է որպես կրթության զարգացման խոչընդոտ: Համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական բարդ ժամանակաշրջանում համակարգի գործունեությանը չվնասելու նախապայմանը մեր երկրում ևս առաջնահերթ խնդիր է: «Հատկապես այս պայմաններում կրթությունն ունի առաջնային նշանակություն հասարակության և պետության զարգացման համար: Ակնկալում ենք ձեզ հետ համագործակցությամբ ստանալ փաստարկված առաջարկություններ և հիմնավորումներ, որպեսզի դրանք հետագայում ներկայացնենք կառավարության քննարկմանը` ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեքստում»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժ. Անդրեասյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ներկա պահին որևէ նախագիծ չի շրջանառվում, և կրթության ոլորտի հարկային դրույքաչափերի փոփոխության որևէ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել:  Սակայն, ըստ փոխնախարարի, նախատեսվող նախագծերի շուրջ այս փուլից քննարկումներ սկսելը կարևոր է դրանց մշակման ընթացքում կրթության ոլորտի խնդիրներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։ Մասնավոր դպրոցների ներկայացրած նախնական հետազոտության համաձայն՝ ոչ պետական հաստատություններում սովորող շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց, ինչը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա: Ընդգծելով, որ ոչ պետական դպրոց հաճախելը ծնողի և երեխայի սահմանադրական իրավունքն է, հանդիպման մասնակիցները կարևորել են մասնավոր և այլընտրանքային դպրոցների գործունեության միջազգային փորձի դիտարկումը, նաև ընդգծել, որ մեր երկրում այս ոլորտը զարգացել է` ապահովելով կրթական շերտերի մրցակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու և խնդիրը շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետից դիտարկելու նպատակով ներկայացված առաջարկները քննարկել կառավարությունում: Հանդիպման ընթացքում մասնավոր դպրոցների պատասխանատուները ներկայացրել են հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետևանքները, կարևորել ոչ պետական հաստատությունների տնտեսական նշանակությունն ու ներդրումը ոլորտում, ինչպես նաև բարձրացրել իրենց գործունեությանն առնչվող այլ հարցեր:
17:03 - 02 փետրվարի, 2021
ԱԺ-ում քննարկեցին գիտության ու անվտանգության խնդիրները |armtimes.com|

ԱԺ-ում քննարկեցին գիտության ու անվտանգության խնդիրները |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ- ում տեղի ունեցան «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գիտության եւ կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Նիստի մեկնարկին ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը խորապես մտորելու, բայց անհապաղ գործողությունների մղելու ազդակ հանդիսացավ: Նա հույս հայտնեց, որ լսելով եւ հաշվի առնելով շատերի տեսակետները ՝ հետագայում՝ ոլորտային քաղաքականություն եւ ռազմավարություն մշակելու աշխատանքներում, ընդգրկելու են նաեւ այստեղ առաջ քաշված լավագույն մոտեցումները: «Այս ամբիոնից քանիցս հայտարարվել է, որ գիտությունը հիմքն է թե՛ անվտանգության, թե ՛առողջապահության, թե՛ տնտեսության, մի խոսքով՝ բոլոր ոլորտների. չկա մի ոլորտ, որ հնարավոր է զարգացնել առանց գիտական հիմքի: Ես իրավամբ հույս ունեմ, որ այս միջոցառման արդյունքում մենք կունենաք գաղափարների եւ մտքի ծաղկաքաղ ու դրանով կշարժվենք առաջ», - ասաց Մխիթար Հայրապետյանը: ՀՀ բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ խոսելով անվտանգային լեզվական, մշակութային, հայագիտական, սոցոլիոգիայի եւ այլ ուղղությունների մասին՝ նշեց, որ այս դեպքում մենք գտնվում ենք խիստ ագրեսիվ միջավայրում. հարեւան պետությունները ամեն օր խեղաթյուրում են քարտեզներ, պատմություններ, եւ դա անում են կազմակերպված, միջազգային ամբողջ հանրությանը ներառելով: Այս ուղղություններով էլ ավելի շատ եւ կոորդինացված աշխատանք տանելու խնդիր կա: Խոսելով ռազմական արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ  վերջին տարիներին համարյա  2.5 անգամ ավելացել է պետբյուջեից  տրվող գումարը՝  ռազմաարդյունաբերության ուղղությունը  զարգացնելու նպատակով: «Այստեղ մեկ շեշտադրում պետք է անեմ. մենք, այնուամենայնիվ,  հրաշքների չսպասելու պարագայում էլ, պետք է առավելագույնը ներդնենք  եւ օգտագործենք մեր գիտական ներուժը: Հասարակության մեջ հույսի, սպասումի այս հոգեբանական վիճակը երբեմն կարող է բերել մեծ խնդիրների. ուստի համբերատարորեն, բայց ուժերի գերլարումով պիտի  հասնենք իսկապես արդյունավետ, զարգացած  արդյունաբերության», - խոսքը եզրափակեց Հակոբ Արշակյանը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի այն խոսքին, թե գիտական աշխարհում նման համեստ գումարների դեպքում որեւիցե հրաշքի պետք չէ սպասել, ասաց, որ ինքն անձամբ ուզում է հրաշքների սպասել, բայց ոչ թե անիրականանալի հրաշքների, այլ ձեռքից բաց թողած հրաշքների: «Ժամանակակից պատերազմները չեն լինում առանց գիտության ներգրավման:  Այսօր կան քրեական գործեր, եւ կան մարդիկ, որոնց  անտարբերության  եւ կոռուպցիայի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին: Այս առումով այսուհետ մեր անելիքները պետք է լինեն անկեղծ ու հստակ: Գեղեցիկ խոսելը մի բան է, մի բան՝ ճիշտ  գործելը: Գիտությունը միշտ պետք է լինի բանակի մեջ. պաշտպանության նախարարությունը ինքը պետք է պատվերներ իջեցնի՝ անվտանգության համակարգը ավելի ամրապնդելու համար: Օրվա հրամայականն է ներդրումներ անել. դա պետք է անենք  ամեն մեկս մեր մասով: Ռազմաարդունաբերության կարողությունները պետք է վերանայենք. վաղվա պարտադրված պատերազմը կարող է լինել հեռահար պատերազմ՝ հեռահար կառավարվող: Գիտությունը այդ առումով այսօր պետք է դառնա այդ կարողությունների առաջատար ու ղեկավարող ուժը», - նշեց նա: ՀՀ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորեց բնագիտական ուղղության հզորացումն ու գիտնականի դերի արժեւորումը, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում մշակույթի զարգացման համար:Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
20:08 - 01 փետրվարի, 2021
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկվել են տեսչական մարմնի 2020 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ գործողությունների իրականացմանն առնչվող հարցեր: Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշել է, որ որպես նպատակ ամրագրված է եղել վերահսկողության արդյունավետության բարձրացման միջոցով նպաստել առավել որակյալ կրթություն ունենալուն: Ա. Շագաֆյանը տեղեկացրել է, որ համավարակով և պատերազմով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ծրագիրն ամբողջությամբ կատարել, բայց ստուգումները մեծ մասամբ իրականացվել են. «Նախատեսված էր իրականացնել 103 ստուգում նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, փաստացի իրականացվել է 81-ը, որոնց արդյունքում նախադպրոցական կրթության ոլորտում արձանագրվել է 125 խախտում, հանրակրթության ոլորտում՝ 321, միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների պարագայում՝ 97: Մինչև այս պահը նախադպրոցական կրթության ոլորտում շտկվել է արձանագրված խախտումների 33%-ը, հանրակրթության ոլորտում՝ 59%-ը, իսկ միջին մասնագիտական ոլորտում՝ 55%-ը: Ըստ խախտումների տեսակների՝ նախադպրոցական կրթության ոլորտում ամենատարածվածները մանկավարժական աշխատողների հաստիքային միավորի պակասը կամ դրանց չհատկացումը և խմբերի խտության գերազանցումն են: Հանրակրթության ոլորտում խախտումների մեծ մասն առնչվել է տնօրենի կողմից մանկավարժական կադրերի ընտրությանը և դպրոցի կանոնադրության՝ օրինակելի ձևին անհամապատասխանությանը, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում հիմնականում գրանցվել են ընդունելության և ուսանողների իրավունքների վերականգնման հետ կապված խախտումներ»: 2020 թվականի տարեկան ծրագրով նախատեսված է եղել նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի որակի գնահատում: Համավարակով պայմանավորված՝ գնահատումն արվել է միայն առաջին եռամսյակում՝ 9 դպրոցում: Ա. Շագաֆյանը որպես դրական դինամիկա է առանձնացրել հանրակրթության ոլորտում ռիսկայինության նվազումը. «Արդեն երրորդ տարին է՝ ստուգումների արդյունքում ուսումնական հաստատությունների գնահատված ռիսկայինությունը նվազում է: 2018 թվականին միջին ռիսկային ցուցիչը եղել է 11.6, 2019 թ․-ին՝ 9.8, իսկ 2020 թ․-ին՝ 7.6»: Ա. Շագաֆյանը նաև նշել է, որ աջակցելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ մասնակցել են ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ստուգումներին և ուրախությամբ արձանագրել, որ գերակշիռ մեծամասնության դեպքում կանոնները պահպանվում են: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԿՏՄ-ի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև կառույցի՝ ստուգումների և ուսումնասիրությունների մեթոդաբանության, գործիքակազմի հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, առաջարկ է հնչել համագործակցել նորաստեղծ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) հետ: Նախարար Վահրամ Դումանյանը դրական է արձագանքել առաջարկին՝ ընդգծելով, որ հատվող գործառույթների դեպքում պետք է աշխատել իրար լրացնելու սկզբունքով:
19:24 - 01 փետրվարի, 2021
ՀՀ-ի շուրջ 270 բնակավայրում նախադպրոցական հաստատություններ չկան. ԿԳՄՍՆ-ն առաջարկում է դրամաշնորհ

ՀՀ-ի շուրջ 270 բնակավայրում նախադպրոցական հաստատություններ չկան. ԿԳՄՍՆ-ն առաջարկում է դրամաշնորհ

Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի շուրջ 270 բնակավայրում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաև համապատասխան կրթական ծառայության  հասանելիությունը: Նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է, ուստի այդ համայնքներում դասական մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ: Խնդրի լուծման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոքրաթիվ երեխաներ ունեցող համայնքներում նախատեսում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովումն իրականացվելու է պետական դրամաշնորհի միջոցով: Այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների դրամաշնորհային ծրագրի մրցույթը նախատեսվում է անցկացնել առաջիկայում: Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող  8 մոդելային նախագծերից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Առաջարկվող տիպային մոդելները տարբեր են. օրինակ՝ նախադպրոցական ծառայությունը կարող է կազմակերպվել տվյալ համայնքի դպրոցում կամ  համայնքային որևէ կառույցի տարածքում: Կարող է այդպիսի ծառայություն մատուցվել նաև համապատասխան պայմաններ ունեցող անհատական բնակելի տանը:  Ըստ տիպային մոդելների` առաջարկվում է նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն: Առաջնային խնդիրը նախադպրոցական հաստատությունների համար սահմանված նորմատիվ պահանջների ապահովումն է: Ժաննա Անդրեասյանի խոսքով` 2021 թվականի պետական բյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է շուրջ 154 մլն դրամ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքից զարգացման և կարողությունների ընդլայնման հնարավորություն ունենալուն: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ հետագայում համայնքները պահպանեն ստեղծված ենթակառուցվածքները` ապահովելով նախադպրոցական ծառայությունների շարունակություն: Բոլոր պահանջներն ու պայմանները մանրամասն կներկայացվեն դրամաշնորհի մրցույթի կարգում: Նշենք, որ ներկայումս, համավարակով պայմանավորված,  նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սահմանափակված է. մանկապարտեզներում նոր ընդունելություն առայժմ չի կատարվում: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով քննարկումներ են ընթանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և Տարածքային կառավարման նախարարությունների միջև: Ծառայությունների ընդլայնման վերաբերյալ քննարկվում են որոշ տարբերակներ, որոնց մասին կիրազեկվի վերջնական որոշման կայացումից հետո:
11:53 - 01 փետրվարի, 2021
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ նպաստում են բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: ՌԴ դեսպանը ևս կարևորել է վերոնշյալ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը՝ որպես ռազմավարական նշանակության բնագավառներ:   Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՌԴ-ի հանրակրթական դպրոցներում հայերենի, ինչպես նաև ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդիրներին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ինչպես դասագրքերի հարցին, այնպես էլ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որոնք 2020 թվականին կազմակերպվել են առցանց՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Դիտարկվել է համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը՝ լուծումներ առաջադրելու համար: Քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ և ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում սովորել երկու երկրների լավագույն բուհերում: Հատուկ կարևորվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը՝ որպես երկու երկրների գիտակրթական և մշակութային ջերմ հարաբերությունները խորհրդանշող կառույց: Նախարար Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ այդ հարցում ակնկալելով ՌԴ աջակցությունը: Նշվել է, որ այս տարեվերջին ավարտվում է մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀՀ և ՌԴ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ուսումնասիրում, ինչպես նաև գործընկերային կապերի զարգացում: Առաջարկվել է մշակել և ստորագրման ներկայացնել մշակույթի ոլորտում առաջիկա տարիների համար համագործակցության նոր ծրագիր:   Կողմերը նաև փաստել են, որ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում էր անցկացնել Ռուսաստանի մշակույթի օրեր, իսկ 2021 թվականին՝ Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այդ աշխատանքները հետաձգվել են: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ իրավիճակն առաջիկայում կկարգավորվի, և այն չի խոչընդոտի հետագա նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրակրթության բարեփոխումներին և, մասնավորապես, «Կրթության միջազգային գործընկերության»՝ վերջերս ձեռք բերված դրամաշնորհի շրջանակում կրթության ոլորտում ձևավորված տեղական կրթության խմբի աշխատանքներին այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներգրավման հնարավորությունը: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
18:57 - 29 հունվարի, 2021
Քննարկվել է համավարակի կանոնների պարզեցման հարցը. այդ թվում՝ դասարաններում սովորողների առավելագույն թվի, սննդի կազմակերպման, նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու․ ԿԳՄՍՆ

Քննարկվել է համավարակի կանոնների պարզեցման հարցը. այդ թվում՝ դասարաններում սովորողների առավելագույն թվի, սննդի կազմակերպման, նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու․ ԿԳՄՍՆ

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում: Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը՝ պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարևորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետևողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։ Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձրացրել է նաև նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով։ Ներկայումս մանկապարտեզներ են հաճախում միայն 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, և նրանք չունեն խնամող: Աշխատանքի վերադառնալ ցանկացող և այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն:  Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։
13:02 - 28 հունվարի, 2021
ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են
 |armtimes.com|

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են |armtimes.com|

armtimes.com: Հունվարի 25-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը բողոքի ակցիա էր անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։   Ուսուցիչները հանդիպում էին պահանջում կա՛մ ԿԳՄՍ նախարարի, կա՛մ այլ ներկայացուցչի հետ։ Նրանց պահանջն էր, որ պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, այլ ոչ թե տնօրենի նոր թեկնածուն։ Ի վերջո, ակցիայի մասնակիցներից 6 հոգի ԿԳՄՍՆ շենքում հանդիպման էին հրավիրվել։ Ինչպես փոխանցեցին կրթության, գիտության մշակույթի, սպորտի նախարարության լրատվական վարչությունից, ուսուցիչները, այդ թվում՝ գործող տնօրենը և նոր թեկնածուն, հանդիպել են ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Փոխնախարարը լսել և գրավոր ընդունել է երկու կողմերի առաջարկ-դժգոհությունները։ Առաջիկա օրերին էլ որոշումը կընդունվի։
20:49 - 27 հունվարի, 2021
Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի  երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի երիտասարդների ձանը լսելով. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Նախարարի հրամանով՝ ձեւավորվել է երիտասարդության ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են երիտասարդության ոլորտի ակտիվ դերակատարներ. բացի ֆորմալ զեկույցներ ընթերցելուց, կկազմակերպվեն  նաեւ հանրային լայն քննարկումներ, որը ինքնին կդառնա կարիքների գնահատման մի նոր ձեւաչափ»,- այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Հատկապես մարզերում ունենք մեծ խնդիր, որը վերաբերում է երիտասարդների՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներին մասնակցության մեխանիզմների կատարելագործմանը եւ հնարավորությունների ընդլայնմանը: Կուսումնասիրենք եւ կիմանաք մարզային ու  երեւանյան երիտասարդության առանձնահատկությունները: Պետության մոտեցումն այստեղ այն է, որ երիտասարդության ռազմավարությունը պետք է մշակվի՝  երիտասարդների ձանը լսելով եւ երիտասարդական կառույցների կողմից»,- նշեց նախարարի տեղակալը: Նրա խոսքով՝ այս տարի ԿԳՄՍ նախարարությունը պետք է բացի երկու երիտասարդական կենտրոն: «Հիմա փորձում ենք վերաիմաստավորել մարզային կենտրոնների գործունեությունը եւ մտածում ենք տանել այնպիսի քաղաքականություն, որ ոչ թե միայն լինեն պետական ծրագրով բացվող կենտրոններ, այլ տանք մեթոդական ուղեցույց, թե ինչպես պետք է աշխատեն, հստակեցնենք այդ կենտրոնների նպատակները, որը կօգնի նաեւ  երիտասարդական հասարակական կազմակերպություններին, որպեսզի այս տրամաբանությամբ նրանք կենտրոններ բացեն ու աշխատեն: Այս գործընթացում շատ կարեւոր է նաեւ ՏԻՄ-երի մասնակցությունը, որովհետեւ ի վերջո  իրենք են առաջնային պատասխանատուն իրենց համայնքի զարգացման համար, եւ երիտասարդներին այս իմաստով պետք է աջակցել», - խոսքը եզրափակեց Արթուր Մարտիրոսյանը։  
20:35 - 27 հունվարի, 2021