Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Ռուսական կողմը իր խոր մտահոգությունն է հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների առթիվ։ Կրակի դադարեցման, լարվածության նվազեցման, ինչպես նաև սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիության կոչ է հնչեցվել», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նույն աղբյուրի համաձայն. «Սերգեյ Լավրովը ընգդծել է, որ Ռուսաստանը` թե որպես առանձին պետություն և թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, որոնց նպատակը կլինի ղարաբաղյան հիմնախնդրի՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումը»։ «Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:19 - 30 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ: Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:   Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:  ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար:
20:02 - 30 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ: Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը»:
18:43 - 30 սեպտեմբերի, 2020
ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների հետ

ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների հետ

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։
22:08 - 29 սեպտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»: ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով: Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետևելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու ադրբեջանական ագրեսիային կապահովի համարժեք պատասխան։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների։ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ»:
18:25 - 29 սեպտեմբերի, 2020
Արցախի հայ բնակչությունը խտրականության է ենթարկվել, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ փոխանցվել է Ադրբեջանին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին

Արցախի հայ բնակչությունը խտրականության է ենթարկվել, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ փոխանցվել է Ադրբեջանին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour լրատվականին․ Հարց. Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախը որևէ շահագրգռվածություն կամ  մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը և լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր: Հարց. Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը: Զոհրաբ Մնացականյան. Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը: Հարց. Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:  Զոհրաբ Մնացականյան. Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները և պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան: Հարց. Հակամարտության վերջին բռնկման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել: Դուք ընդունու՞մ եք, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Զոհրաբ Մնացականյան. Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին: Հարց. Այսպիսով՝ այդ հարցի պատասխանը «ոչ» է: Դուք չեք ընդունում, ինչպես  ամբողջ աշխարհն է ընդունում, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս:  Զոհրաբ Մնացականյան. Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. կարևորագույն խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի բանակցությունների և փոխզիջման միջոցով:  Հարց. Դուք պետք է, որ շատ անհանգստացած լինեք, որ սա կարող է վերածվել շատ վտանգավոր, լուրջ և միջնորդավորված պատերազմի: Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն աջակցում է Ադրբեջանին, այլև ասել է, որ հենց Հայաստանն է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության ամենամեծ սպառնալիքը: Զոհրաբ Մնացականյան. Նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր ազդեցությունը և իրականացնում ապակայունացնող քաղաքականություն, ինչին մենք ականատես ենք եղել Թուրքիայի ամբողջ հարևանությամբ` Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք:  Նրանք, ըստ էության, այդ ապակայունացումն արտահանում են Հարավային Կովկասի տարածաշրջան: Մենք դա չենք ողջունում և մենք դա միանգամայն մերժում ենք:  Հարց. Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի կառույցները և պաշտոնատար անձինք խիստ մտահոգված են Հայաստան ուղարկված ռուսական զենքի մեծ քանակով: Ռուսաստանն այժմ Հայաստանին սպառազինություն մատակարարո՞ւմ է: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի լիովին ապահովված լինի իրեն պաշտպանելու բոլոր կարողություններով: Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Եվ մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ:  Հարց.  Այսինքն, սա նշանակո՞ւմ է «այո», երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանից զենք ստանալուն։  Զոհրաբ ՄՆացականյան. Մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ` Հայաստանի պաշտպանության համար բավարար կարողություններով ապահովելու նպատակով:  Եվ ուղղակի անհեթեթ է լսել այդպիսի մեղադրանքներ Ադրբեջանի կողմից, որը միլիարդներ է ծախսում զինվելու համար` ի ցույց դնելով այս հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու իր մտադրությունը:  Հարց. Որքանո՞վ եք մտահոգված, որ այս հակամարտությունում կարող է լինել թուրքական միջամտություն, թուրքական ֆիզիկական միջամտություն:  Զոհրաբ Մնացականյան. Դա ավելի մեծ ռիսկ է, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար. դա ողջունելի չէ այս տարածաշրջանում: Հարց. Եվ ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը, եթե դա պատահեր:Զոհրաբ Մնացականյան. Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ: Հարց. Թշնամին Թուրքիա՞ն է։  Զոհրաբ Մնացականյան. Եթե նրանք այդպես վարվեն։  Հարց. Եվ այդ համատեքստում, որքանո՞վ է Հայաստանը ապավինում Ռուսաստանին։ Զոհրաբ Մնացականյան. Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ապավինում է իր մյուս բոլոր գործընկերներին, որոնց հետ համագործակցում է պաշտպանական առումով։ Հայաստանն աշխատում է շատ այլ գործընկերների հետ։ Եվ նրանք պետք է հիշեցնեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Եվ այս երկրներից յուրաքանչյուրն ունի շատ կարևոր դերակատարություն՝ զսպելու ցանկացած լարվածության աճ, իրավիճակի ցանկացած վատթարացում։ Եվ մենք շատ սերտորեն  աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ մասնավորապես, համանախագահող երկրների հետ։ Հարց. Ենթադրվում է, որ երբ 2018թ․ Ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, նոր խթան պիտի հաղորդվեր տևական ժամանակ փակուղի մտած խաղաղ բանակցություններին։ Եվ այնուամենայնիվ պարզվում է, որ նա որդեգրում է Ադրբեջանի հանդեպ նույն անզիջում դիրքորոշումը։ Զոհրաբ Մնացականյան․ Դեռևս 2018թ․ ամուր վճռականությամբ մենք ներգրավվել ենք բանակցային գործընթացում։ Այնուամենայնիվ, այն, ինչին շարունակում ենք բախվել Ադրբեջանի կողմից, վերջինիս առավելապաշտական դիրքորոշումն է, որում Արցախի և Հայաստանի շահերը և անվտանգության խնդիրները հիմնովին մերժվում են:
17:30 - 29 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Սեպտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին:   ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրեց արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է տարածաշրջանի ապակայունացման հետևանքների ողջ պատասխանատվությունը:   Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը:
22:06 - 28 սեպտեմբերի, 2020
Էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ Արաբիային»

Էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Ալ Արաբիային»

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:  Ալ Արաբիա. Ինչո՞ւ է այս հին հակամարտությունն այս երկու երկրների միջև կրկին իր մասին հիշեցրել։ Զոհրաբ Մնացականյան․ Այս ամենը նոր չէ, սա պարզապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում ձգտելու, ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական և հետևողական մտադրության գործնական ցուցադրումն է: Այս տարիների ընթացքում և, հատկապես, վերջին ամիսներին նրանք բավական հետևողական կերպով սպառնում էին ուժի կիրառմամբ: Հուլիսից հետո շատ ագրեսիվ հռետորաբանությունը զուգակցվում էր ագրեսիվ գործողություններով, որոնք վկայում էին ռազմական էսկալացիայի մասին, և այսօր նրանք համարձակվեցին գնալ այդ ուղղությամբ, ուժ կիրառել և հետամուտ լինել ռազմական լուծմանը, որը Հայաստանը և Արցախը կտրականապես մերժում են: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը շատ հետևողական են եղել այն հարցում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Մենք լիովին պատրաստ ենք և միանգամայն վճռական ևս մեկ անգամ հետ մղելու ագրեսիան: Մի ագրեսիան սանձազերծվեց 2016թ., և ևս մեկը՝ 2020թ.-ին, իսկ այժմ սա հակամարտության համար ռազմական լուծում գտնելու, ռազմական լուծման հանգեցնելու նրանց երրորդ փորձն էր: Սա նորից հետ կշպրտվի, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը եղել է ու կմնա շատ ամուր: Ալ Արաբիա. Հայաստանը հայտարարում է, որ Թուրքիան ագրեսիվ կերպով միջամտում է հակամարտությանը։ Ձեր կարծիքով կան արդյո՞ք ներգրավված այլ երկրներ։ Զոհրաբ Մնացականյան. Թուրքիան գործում է ծայրաստիճան ապակայունացնող կերպով, ծայրաստիճան թշնամական դիրքերից: Սա նոր զարգացում է այս հակամարտության մեջ, երբ նրանք շատ ագրեսիվ կերպով դիրքավորվել են Հայաստանի և Արցախի դեմ. նրանք ռազմական տեխնիկա են մատակարարում Ադրբեջանին, վերջին ամիսներին զորավարժություններ են անցկացրել, սարքավորումներ են տեղափոխել այնտեղ: Մենք օդում նկատում ենք թուրքական ռազմական ինքնաթիռներ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի հարևանությամբ: Մենք ահաբեկիչների հավաքագրման մասին շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում այն վայրերից, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից Սիրիայում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում ռազմական ներկայության ուժեղացմանը, և սա նույնպես ի ցույց է դնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի աջակցությունը և Հայաստանի նկատմամբ շատ ագրեսիվ հռետորաբանությունը: Ալ Արաբիա. Ի՞նչ եք կարծում եք, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ռազմական առճակատմանը։ Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը և Արցախն ունեն պաշտպանվելու լիարժեքորեն կարողություն, պաշտպանելու Արցախի ժողովրդի ազատությունը, Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը: Մեր վճռականությունը շատ ամուր է: Կա նաև միասնության և պաշտպանվելու կարողության շատ ուժեղ զգացում: Այսօր` ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն և մոբիլիզացիա: Նույնը տեղի է ունենում Հայաստանում: Ժողովուրդը միասնական է: Եվ մեր կարողությունները, ռազմական ներուժն ու ոգին շատ ամուր են` մեր ժողովրդի դեմ և մեր ժողովրդի ազատության և անվտանգության դեմ այս ագրեսիան հետ մղելու գործում: Բայց մենք մերժում ենք ռազմական լուծումը, մենք մերժել ենք այն բացարձակ վճռականությամբ այս բոլոր տարիների ընթացքում: Մեր վստահության հիման վրա է, որ մենք գիտենք, որ ռազմական լուծումն ապակայունացնելու է տարածաշրջանը և աղետաբեր է լինելու շատ մարդկանց համար` Ադրբեջանում և տարածաշրջանի այլ վայրերում: Ռազմական լուծումը տարբերակ չէ: Մենք հաստատակամ ենք եղել այդ հարցում: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ մեր դիրքորոշումն այդ հարցում մնում է շատ ամուր ու հաստատակամ: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որն իրականացվում է բանակցությունների միջոցով երեք կարևոր երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, և հանգուցալուծումը պետք է հիմնված լինի հավասարակշռված, չափելի փոխզիջման վրա: Սա եղել է Հայաստանի շատ հետևողական դիրքորոշումը: Ալ Արաբիա. Հայկական որոշ լրատվական գործակալություններ հայտարարեցին, որ որոշ սիրիացի վարձկան զինյալներ են սպանվել, հատկապես նրանք, ովքեր Ադրբեջանի կողմից էին մարտնչում: Բացի այդ, ես նաև նշեցի, որ սիրիացի վարձկան զինյալներով բեռնված ռազմական մեքենա է ռմբակոծվել: Պարոն նախարար, Թուրքիան բացահայտորեն հայտարարել է, որ հանդիսանում է այս հակամարտության կամ մարտական գործողությունների կողմ։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար, մասնավորապես, երբ խոսում ենք վարձկան զինյալների մասին, ովքեր գալիս են Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչելու, հատկապես, որ Թուրքիան է բերում նրանց: Զոհրաբ Մնացականյան. Մենք նման տեղեկություն ստանում ենք: Նման տեղեկություն ստացվել է տարբեր աղբյուրներից: Մենք շատ զգուշորեն ենք վերաբերում դրան, քանի որ պետք է վստահ լինենք դրանց արժանահավատությանը, սակայն այդպիսի տեղեկությունների ինտենսիվությունն ու ծավալը ցույց են տալիս, որ, դրանք, ըստ էության, արժանահավատ են: Մենք բարձրաձայնել ենք սա: Եվ հենց սա է դեպի Հարավային Կովկաս անկայունություն սերմանելու և արտահանելու Թուրքիայի ընտրած ուղին, որը ողջունելի չէ: Ալ Արաբիա. Պարոն նախարար, սա երևի իմ վերջին հարցն է: Դուք նշեցիք, որ Հայաստանը, պատրաստ լինելով ռազմական գործողությունների, հավատում է հիմնախնդրի քաղաքական լուծմանը և չի ցանկանում ռազմական լուծում։ Արդյո՞ք վերջինս խոսում է այն մասին, որ իրավիճակը վերահսկողության տակ է, թե հնարավոր է վերափոխվի բաց առճակատման։ Զոհրաբ Մնացականյան. Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին:
17:44 - 28 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին։ Ֆրանս 24. Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք այսօր «Ֆրանս 24»-ի հետ զրույցի համար: Ադրբեջանն ասում է, որ այս կիրակի նրանք պատասխանել են Հայաստանի կողմից սանձազերծված հրետակոծությանը: Ես կցանկանայի սկսել սրա վերաբերյալ Ձեր արձագանքով: Զոհրաբ Մնացականյան. Թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական զորքերը, թե Հայաստանի Հանրապետությունն ու իր զինված ուժերը բացարձակապես որևէ մտադրություն չունեին իրավիճակն առավել սրելու: Ադրբեջանի կողմից ագրեսիա է սանձազերծվել 2016թ.-ին, 2020թ.-ի հուլիսին, և այժմ վերսկսվեց զանգվածային էսկալացիան Ադրբեջանի հետ Արցախի շփման գծի ողջ երկայնքով: Եվ սա նախապես պլանավորված, հետևողականորեն պլանավորված լայնածավալ հարձակում է շփման գծի ողջ երկայնքով: Մեղադրանքների խաղը, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել մեզ, արդարացված չէ: Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք, որ եղել են բազում առաջարկներ՝ ձևավորելու ռիսկերի նվազեցման, հրադադարի խախտումների հետաքննության և զինադադարի ռեժիմի ամրապնդման շատ հստակ մեխանիզմներ, որոնք կտրականապես մերժվել են Ադրբեջանի կողմից, քանի որ ուժի կիրառումը հենց Ադրբեջանի գործիքն են:  Ֆրանս 24. Երկու կողմերում եղել են ռազմական և քաղաքացիական կորուստներ: Հայաստանի պարագայում Դուք կարո՞ղ եք հաստատել երկու կողմերից ռազմական և քաղաքացիական կորուստների մասին տեղեկությունները: Զոհրաբ Մնացականյան. Ինչպես ես նշեցի՝ զանգվածային հարձակում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի վրա՝ հյուսիսից հարավ ամբողջ երկայնքով: Հարձակումներ են տեղի ունենում Մարտակերտի շրջանի խաղաղ բնակավայրերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Կիրառվել են ծանր հրետանի, ավիացիա, տանկեր, ԱԹՍ-ներ: Եվ ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով և ավիացիայով: Եվ սա շատ մտահոգիչ է:  Ֆրանս 24: Մենք տեղեկություններ էինք ստանում այստեղ, որ Ադրբեջանն, ի վերջո, ռազմական դրություն է հայտարարել, ինչը Հայաստանն, իհարկե, արդեն արել է: Ինչպիսի՞ն է այժմ տեղում իրավիճակը: Զոհրաբ Մնացականյան. Արցախի բնակչությունն ու Արցախի զինված ուժերը եղել և մնում են լիովին վճռական պաշտպանելու իրենց հողերը և պաշտպանելու իրենց ազատությունը: Հայ ժողովուրդը, Հայաստանի զինված ուժերը, հայկական պետությունը եղել և մնում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մենք միանգամայն վստահ ենք և վճռական՝ հետ մղելու այս ագրեսիան և ամուր կանգնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության համար: Ֆրանս 24. Դուք մտավախություն ունե՞ք, որ իրավիճակը կարող է էլ ավելի սրվել:  Զոհրաբ Մնացականյան. Մենք շատ մտահոգված ենք այս ագրեսիվ, լայնածավալ հարձակումով. Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ: Եվ իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր զարգացմանը, որը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, բայց ինչպես ես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով: Ֆրանս 24. Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ականատես եղանք, որ ևս մեկ անգամ, ինչպես ասում են, գլուխ է բարձրացնում Լեռնային Ղարաբաղի չլուծված համակարտությունը: Դուք տեսնու՞մ եք դրա լուծումը: Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, մենք եղել և մնում ենք լիովին հավատարիմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչի համար կա միջազգայնորեն ընդունված, միջազգային մանդատ ունեցող ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում ընդգրկված են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը: Մենք լիովին հավատարիմ ենք այս գործընթացին՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և գտնելու այնպիսի լուծում, այնպիսի կարգավորում, որը բացառապես հիմնված է փոխզիջման վրա, այնպիսի մի լուծում, որն ընդունելի է, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի և նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի և մտահոգությունների որևէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել և մնում է մերժված: Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել:
09:21 - 28 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների առցանց ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների առցանց ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) ոչ պաշտոնական առցանց հանդիպմանը, որը կրում էր «Համագործակցության ամրապնդում COVID-19 համավարակից անդին՝  գործողությունների նորարարական գերակայությունների հստակեցում, որոնց հարկավոր է  անդրադառնալ ՍԾՏՀԿ շրջանակներում» խորագիրը։ Հանդիպմանը, որը նախագահում էր ռումինական կողմը, մասնակցեցին  և ելույթով հանդես եկան ՍԾՏՀԿ անդամ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի ԱԳ նախարարները, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ուկրաինայի փոխնախարարները, ինչպես նաև հրավիրյալ հյուրի կարգավիճակով Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը։ Բացման խոսքով հանդես եկավ ՍԾՏՀԿ-ում նախագահող երկրի՝ Ռումինայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, որից հետո՝ Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիսթիդեսը: Նախարար Մնացականյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռումինիայի իր գործընկերոջն արդյունավետ նախագահության և ՍԾՏՀԿ տարածաշրջանային համագործակցության բարձր մակարդակի համաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև օրակարգային հարցերի առաջմղման շուրջ գործադրած ջանքերի համար։ ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերներին նշելով, որ երկրները ոչ միայն պետք է միավորեն ուժերը՝ կանխարգելելու, կանխելու և հակազդելու դրա տարածումն ու հետևանքները, այլև քայլեր ձեռնարկեն ՍԾՏՀԿ շրջանակներում կենսունակ և հեռանկարային համագործակցություն ստեղծելու ուղղությամբ: ԱԳ նախարարը նշեց նաև, որ, հաշվի առնելով տարածաշրջանային նոր տնտեսական միտումները և հետպանդեմիկ շրջանում համաշխարհային տնտեսական վերափոխումները, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև ՍԾՏՀԿ 2012-ի տնտեսական օրակարգը, այն՝ նոր միտումներին և ավելի լայն համաշխարհային տնտեսական օրակարգին, ներառյալ՝ կայուն զարգացման նպատակներին համահունչ դարձնելու և, ի վերջո, ավելի ուժեղ և դինամիկ ինստիտուտի վերափոխելու համար: Նախարարի խոսքով՝ ՍԾՏՀԿ հետագա ամրապնդումը կարող է իրականացվել միայն համապարփակ և շարունակական բարեփոխումների գործընթացով, անդամ պետությունների հիմնավոր քաղաքական կամքի դրսևորմամբ:  Նախարարն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց նաև, որ ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել և նախագծվել է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և գործընկերության ֆորում և երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները Կազմակերպության օրակարգ մտցնելու փորձերը հակասում են Կազմակերպության Կանոնադրությանը, սկզբունքներին և չեն ծառայելու դրա նպատակին:  «Խորապես ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ-ն: Առանձնապես ցավալի է, որ վերջերս Ադրբեջանը միջազգային մշտական քարտուղարությանը փոխանցել է Կազմակերպության մեկ այլ անդամի՝ մեր հասցեին ուղղված անհիմն և ոչ փաստարկված մեղադրանքներ պարունակող գրություն: Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերն ու գործելաոճը, որոնք միանգամայն անընդունելի են: Դա անարգանք է Կազմակերպության և վերջինիս անդամության սկզբունքների նկատմամբ: Մինչ աշխարհի շատ ժողովուրդներ պայքարում էին համավարակի դեմ, հուլիսին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ ակնհայտորեն ի ցույց դնելով, թե ինչու տվյալ անդամ պետությունը նախընտրեց ոչ միայն խոսքով, այլև գործողություններով չաջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: Ավելին, նույն անդամ պետությունը հրապարակավ սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանին: Այս անխոհեմ և անպատասխանատու գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքներին»:  
20:48 - 25 սեպտեմբերի, 2020
Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը, որն ամբողջությամբ ներկայացնում են ստորեւ. «Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հանդիպման համակազմակերպիչներ Դանիային, Կոստա Ռիկային և Կատարին՝ տասներկու նախարարներին թեկուզ հեռավար միավորելու նախաձեռնության համար: Իմ առանձնահատուկ գնահատականն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ դոկտոր Սայմոն Ադամսին՝ համաշխարհային մակարդակով կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում իր հետևողական աշխատանքի համար: Շատ շնորհակալ եմ:    Տասնհինգ տարի առաջ մենք՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներս, հաստատեցինք պաշտպանելու պատասխանատվությունը՝ որպես հաստատուն քաղաքական հանձնառություն` ժողովուրդներին պաշտպանելու զանգվածային  ոճրագործություններից, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործությունից:  Պաշտպանելու պատասխանատվությունը և՛ քաղաքական, և՛ բարոյական հանձնառություն է: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայից բխող իրավական պարտավորությունների հետ մեկտեղ այն նաև կանխարգելման կարևոր գործիք է: Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը: Գրասենյակի կայուն և արդյունավետ գործունեությունն այսօր շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 2015թ.-ին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Այս կերպ մենք միասնաբար ձևավորել ենք լրացուցիչ հարթակ՝ զարգացնելու և նպաստելու կանխարգելման օրակարգին ուղղված մեր հավաքական ջանքերին: Մենք հետևողականորեն ընդգծել ենք ինչպես ազգային, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը՝ վերհանելու և հասցեագրելու վաղ կանխարգելման ազդակները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Ընդգծել ենք նաև վաղ փուլերում ցեղասպանությունն ու այլ զանգվածային ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը: Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել՝ լինի դա Հայոց ցեղասպանությունը, Հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը կամ այլ ոճրագործություններ: Ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղականության, պատերազմի քարոզչության, ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների դեմ խտրականության տարածումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա թիրախավորված հարձակումները շարունակում են ձևավորել աշխարհի տարբեր անկյուններում ներկայիս իրականությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և իր անդամ երկրները դեռևս լավ պատրաստված չեն այս ահազանգին ժամանակին և վճռական կերպով հակազդելու համար։ Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում հնչեցվող սպառնալիքները, այդ թվում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը՝ միահյուսված որոշ քաղաքական գործիչների կողմից զոհերի սերունդներին անցյալի «դասերը» հիշեցնելու մասին ագրեսիվ և վիրավորական բառապաշարով. սա չափազանց անհանգստացնող է։ Ապագա հանցագործները քաղաքակիրթ աշխարհի նորմերի նկատմամբ նման բարբարոս խախտումների մասին լռությունը մեկնաբանում են որպես սպանության թողտվություն: Ոչ մի պարագայում ինքնիշխանությունը չի կարող արդարացում դառնալ մարդու իրավունքների ծանր և կոպիտ խախտումներ իրականացնելու համար նրանց հանդեպ, ովքեր խաղաղ իրացնում են իրենց մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ` պատասխանատվություն: Ինքնիշխանությունը պետք է լինի հենց պաշտպանելու պատասխանատվության արդյունավետ կիրարկման առաջնային և ամենագործնական մակարդակը: Պաշտպանության ազգային կարողությունները հզորացնելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը շարունակում է առավել քան երբևէ կարևոր լինել: Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ժողովրդավարական հասարակության անքակտելի մասն է: Կարևոր է իրականացնել մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները և սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հետ: Այս համատեքստում նույնքան կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը պաշտպանության, վաղ նախազգուշացման, վերապատրաստման և կրթության գործում: Այս առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Համաշխարհային կենտրոնի ունեցած կարևոր դերակատարությունը։ Նման առաջնահերթություններն ամրագրվել են Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևում, որը ներկայացվել է Հայաստանի կողմից և 2020թ. հունիսին միաձայն ընդունվել Մարդու իրավունքների խորհրդի կողմից: 2015թ. ի վեր Հայաստանը պարբերաբար հյուրընկալել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ` համախմբելով ցեղասպանության կանխարգելման ոլորտում հայտնի գիտնականների և գործիչների ամբողջ աշխարհից: Սա է մեր անսասան հանձնառությունն ու ներդրումը ցեղասպանության հանցագործության և այլ զանգվածային ոճրագործությունների դեմ համաշխարհային համայնք կառուցելու գործում: Առաջիկա 4-րդ գլոբալ ֆորումը կրելու է «Կանայք և աղջիկները. մարտահրավեր զոհի կարծրատիպին» խորագիրը և հասցեագրելու է կանանց և աղջիկների նկատմամբ ցեղասպան բռնության հիմնական պատճառները և հետևանքները: Համաժողովին անդրադարձ է կատարվելու սեռական և գենդերային բռնությունները կանխարգելելու և իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը կիսում ենք բոլորս, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը` ակտիվորեն նպաստելու գլոբալ կանխարգելման օրակարգի առաջմղմանը: Շնորհակալություն»:
22:34 - 24 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ՀՀ ԱԳ նախարար

Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ՀՀ ԱԳ նախարար

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:  Այս մասին նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը:  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը, որը նախագահել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուին և շուրջ երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:   Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել իր ղազախ գործընկեր Մուխտար Թլեուբերդիին ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում Ղազախստանի արդյունավետ նախագահության և այդ շատ կարևոր օրակարգի առաջմղման գործում գործադրված ջանքերի համար: Նախարարը նաև խորին երախտագիտություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետություններին շարունակական աջակցության և վերջիններիս առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու համար:  ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պայմաններում դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած նոր մարտահրավերներին՝ նշելով, որ համաշխարհային արգելափակման միջոցառումների շրջանակներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներն առերեսվեցին կայուն և ներառական աճի ավելի մեծ սահմանափակումների: Վերջիններիս հասցեագրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար համավարակի հետևանքների մեղմացման շուրջ միջազգային համագործակցության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Վիեննայի գործողությունների ծրագիրը և դրա արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի մեկնարկը: «Համաշխարհային վայրիվերումների, մեծ դժվարությունների, տագնապների և վախերի այս տարում միջազգային հանրությունն ունի պատմական հնարավորություն` հիմք դնելու իմաստալից փոփոխությունների և լավագույնս վերականգնվելու: Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հարուցած ռիսկերն ի ցույց դրեցին, որ արձագանքման և վերականգնման ջանքերի արդյունավետության համար հարկավոր է կենտրոնանալ անհավասարության, խտրականության և ներառականության պակասի հաղթահարման վրա, այլապես հավանական է, որ այդ բացերն առավել կխորանան: Կարևոր է, որ համավարակի պատճառած վնասների հետ մեկտեղ մենք հասցեագրենք նաև զարգացման ճանապարհին նախկինում առկա խոչընդոտները. շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին:  Նրանք խարխլում են ոչ միայն տարածաշրջանային զարգացումը, այլև խաղաղությունը և անվտանգությունը:   Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:    Հայաստանը լիովին հավատարիմ է արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ուղղված գլոբալ, միջազգային և տարածաշրջանային զարգացմանը: Մենք շարունակում ենք դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական համագործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական  և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության ու ներառականության խթանումը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանի համար գերակայություններ են՝ հիմնված այն ընկալման վրա, որ մարդու իրավունքները համընդհանուր են աշխարհի բոլոր մասերի, բոլոր ժողովուրդների և անհատների համար` անկախ բնակության վայրից կամ կարգավիճակից:  Մարդու իրավունքների վրա հիմնված և մարդակենտրոն մոտեցման ապահովումը շարունակում է գերակա տեղ զբաղեցնել արձագանքման և վերականգնման ջանքերում, և Հայաստանը լիովին հանձնառու է դրան: Մարդկային ռեսուրսի ամրապնդումը և ազգային տաղանդի ընկալումը` որպես խելացի զարգացման շարժող ուժ սահմանում է Հայաստանի բարեփոխումների և վերականգնման օրակարգի էությունը, որում հատուկ շեշտադրվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նորարարության խթանումը և ՏՀՏ ոլորտի զարգացումը: Վերջիններս կարևորվում են որպես արդյունավետ գործիք ծախսերի նվազեցման և արտաքին շուկաներ մուտքի դյուրացման համար՝ այդպիսով նպաստելով արտաքին առևտրի աճին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:  Եզրափակելով ելույթը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ի աջակցություն Վիեննայի գործողությունների ծրագրի և վերջինիս արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի վեց առաջնային ոլորտների: Video Player  
21:37 - 23 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի |armenpress.am|

Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում հայկական կողմի վճռականությունը՝ շարունակել խաղաղ բանակցային գործընթացը երբեք չի նվազել, խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության: «Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով, որ այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին ի զորու են պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց շահերը, իրենց սահմանները: Եվ այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այն տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»,-ասաց Մնացականյանը: Նախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումը եղել է հունվարին, հետո եղել է համավարակի հետ կապված իրավիճակը: «Սակայն մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել: Եվ մենք պատրաստ ենք: Եվ, երբ որ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինի հստակություն, մենք կհայտարարենք»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք հստակություն բանակցությունների սեղան վերադառնալու հարցում, Մնացականյանը պատասխանեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար ոչինչ ասել չեմ կարող: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել, հիմա խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել, անմիջապես կհայտարարենք»:
11:58 - 21 սեպտեմբերի, 2020
Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Sky News Arabic»-ին

Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Sky News Arabic»-ին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել «Sky News Arabic» հեռուստաընկերությանը Հարց. Պարոն նախարար, սա Ձեր առաջին այցն է Եգիպտոս և արաբական աշխարհ, որտեղ ապրում են հազարավոր հայեր: Հաշվի առնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև պատմական հարաբերությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև այդ հարաբերությունների ապագան: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ ժողովրդի համար հանդիսանում են բնական միջավայր: Մենք ունենք համատեղ ապրելու, կենցաղ վարելու երկարատև պատմություն. մեր ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը շատ խորը արմատներ ունի: Կարծում եմ՝ ունենք փոխադարձ հարգանքի բացառիկ օրինակներ. հարգանք մեր մշակույթների, քաղաքակրթության, կրոնի հանդեպ: Միջազգային օրակարգում շատ է խոսվում քաղաքակրթությունների երկխոսության և կրոնների երկխոսության մասին: Մենք դա գիտենք մեր դարավոր պատմությունից և ամուր հիմքերի վրա կառուցված ավանդույթներից: Եվ հիրավի, դրա կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի կյանքն այս տարածաշրջանում: Եգիպտոսում հայ համայնքը հսկայական ներդրում է ունեցել մեր պետությունների միջև բարեկամության կերտման գործում: Եգիպտոսի հետ ունենք շատ հետաքրքիր օրակարգ: Մենք մեծ ոգևորությամբ ակնկալում ենք Հայաստանում հյուրընկալել Եգիպտոսի նախագահին: Հարց. Պարոն նախարար, որքան գիտեմ՝ այսօր հանդիպել եք Արաբական լիգայի Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Այս տեսանկյունից, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Արաբական Լիգայի միջև հարաբերությունների համակարգումը, հատկապես քաղաքական առումով: Զոհրաբ Մնացականյան. Ունենք Արաբական լիգայի շրջանակներում մեր գործընկերների հետ աշխատելու բավականին լավ ավանդույթ, և ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել Գլխավոր քարտուղարի կողմից: Մենք շատ կարևոր և ծավալուն զրույց ունեցանք Մերձավոր Արևելքին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մենք ունենք հաստատված դիրքորոշումներ և մոտեցումներ, և որոնց միջոցով մենք ի ցույց ենք դնում մեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ: Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բազմաթիվ զարգացումների առնչությամբ հենց այն նույն պատճառներով, որոնք արդեն նշեցի. խաղադրույքները շատ բարձր են: Արաբական աշխարհի հետ  հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ, և այս երկխոսությունը մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում: Գլխավոր քարտուղարի հետ ունեցանք վերջին զարգացումների շուրջ մտքերի և դիտարկումների լայն փոխանակում: Իհարկե, մտահոգիչ զարգացումները շատ են, և կայունության ու խաղաղության պահպանման հարցում մեր հաստատուն հետաքրքրությունը մնում է աներեր. այդ ուղղությամբ մենք աշխատելու ենք մեր բոլոր գործընկերների հետ: Հարց. Այս տեսանկյունից՝ ինչպե՞ս է Հայաստանը գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը: Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այդ վերջին զարգացումներին: Մենք շատ կարևոր օրակարգ և հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ: Վերջերս Թել Ավիվում ֆիզիկական ներկայություն հաստատեցինք՝ ի դեմս դեսպանության: Մենք Իսրայելի հետ ունենք տարբեր հարցեր և տարբեր առումներով քննարկում ենք իրականացնում այդ հարցերի շուրջ: ԱՄԷ-ի հետ ունենք համագործակցության և բարեկամության կարևոր օրակարգ և շատ դինամիկ փոխհարաբերություններ, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Եվ իհարկե, մենք ունենք մեր հաստատուն դիրքորոշումը Պաղեստինի խնդրի վերաբերյալ, որն անփոփոխ է. մենք աջակցում ենք Պաղեստինի խնդրի բանակցային, երկու պետության ճանապարհով լուծմանը: Իհարկե ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Հուսով ենք, որ այսպիսի երկխոսությունը, այսպիսի խաղաղ գործընթացը միակ ճանապարհն է բարձր զգայունություն և երկար պատմություն ունեցող հակամարտությունը հասցեագրելու համար: Հուսով ենք, որ նմանօրինակ զարգացումները իրենց ողջ զգայունությամբ նպաստելու են բոլոր կողմերի շահերին, մտահոգություններին և առաջնահերթություններին: Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին և լիահույս ենք, որ այս զարգացումները նպաստելու են խաղաղությանը: Հարց. Դուք նշել եք, որ «մեր երկիրն ունի բավարար ուժ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը»: Ու՞մ էր հասցեագրված այդ հայտարարությունը: Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ` հայերիս համար, մեր հայրենակիցների էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարց է: Այս հարցը հիմնված է անվտանգության շատ ուժեղ գիտակցության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այդ իրավունքների ճանաչումը մշտապես եղել է շատ կարևոր գերակայություն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության կայուն միջավայրի հետ մեկտեղ: Նաև այն, որ հնարավոր է միայն խաղաղ բանակցային լուծում` հիմնված փոխզիջումների վրա: Փոխզիջում նշանակում է քրտնաջան աշխատանք, որը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և գտնում է կողմերի ստանձնած պարտավորությունների այդ կարևոր հավասարակշռությունը, որը հանգեցնելու է կարգավորման: Ցանկացած միակողմանի առավելապաշտական մոտեցում չի կարող լուծում հանդիսանալ, քանի որ, ինչպես նշեցի, այս հարցը վերաբերում է էքզիստենցիալ անվտանգությանը, ուստի պաշտպանելու վճռականությունը շատ ուժեղ է: Այնուամենայնիվ, մենք շատ հստակ ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ, որը հանդես է գալիս ուժի, ագրեսիվ հռետորաբանության  և գործողությունների դիրքերից: Այդ գործողությունները դրսևորվում են Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության ցուցաբերմամբ և այնտեղ ռազմական ներկայության ամրապնդմամբ: Մենք նաև շատ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Մերձավոր Արևելքի որոշակի հատվածներում հավաքագրվող ահաբեկիչների մասին, որոնք պետք է տեղափոխվեն կամ արդեն իսկ տեղափոխվել են Ադրբեջան: Սա ողջունելի քաղաքականություն չէ, սա ազդեցության տարածում է` Թուրքիայի հարևանության ողջ երկայնքով: Մենք մտահոգված ենք, մենք դիտարկում ենք, մենք հետևում ենք Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և տեսնում ազդեցության տարածումը` որպես այս քաղաքականության դրսևորում: Դա չի նպաստում խաղաղությանը, դա շատ ապակայունացնող քաղաքականություն է: Հարց. Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Թուրքիայի վարքագիծը ազդում է Հարավային Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Միջերկրականի անվտանգության վրա: Ինչպե՞ս կարելի է հասցեագրել թուրքական գործողությունները: Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ՝ Դուք գիտեք, որ մեր քաղաքականությունը բացառապես ուղղված է եղել կայունությանը, ինչը հնարավոր է հասնել դիվանագիտության, երկխոսության, զրույցների և բանակցությունների միջոցով, և, դժբախտաբար, մենք ականատես ենք լինում Թուրքիայի կողմից նման մեթոդների մերժմանը: Դեռևս 2009թ.-ին Հայաստանը որդեգրեց շատ լուրջ և բարդ ուղի. հասկանում եք մի ազգ, որը, լինելով Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության զոհ և մինչ օրս կրելով ժխտված արդարության խորը սպիերը, աշխատանքներ իրականացրեց այս ուղղությամբ: Սակայն այս ջանքերը մերժվեցին Թուրքիայի կողմից, արձանագրությունները մերժվեցին Թուրքիայի և երկրի ներկայիս վարչակազմի կողմից, իսկ մեր քաղաքականությունն առերեսվեց բանակցությունների սին խոստումներին: Իհարկե սա մի ջանք է, որը պահանջում է համախմբում և համերաշխություն, և մենք համերաշխ ենք բոլոր կողմերի հետ: Մենք ունեցանք այդ հնարավորությունն արտահայտելու դա այստեղ՝ Կահիրեում, ունեցած հանդիպումների ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Միջերկրականին, մենք նույն կերպ արտահայտում ենք մեր համերաշխությունը Եգիպտոսին, ինչպես արել ենք Հունաստանի և Կիպրոսի պարագայում: Մենք աշխատում ենք այլ ուղղություններով, որպեսզի կարողանանք օգնել Մերձավոր Արևելքին, և միայն տարածաշրջանի բոլոր դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի, ջանքերի համադրման շնորհիվ  հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել լարվածության թուլացման և բանակցությունների վրա հիմնված լուծման ուղղությամբ: Կարծում եմ, դա վերաբերում է ողջ միջազգային հանրությանը՝ համախմբել կարողությունները՝ ի շահ անվտանգության ամրապնդման: Հարց. Պարոն նախարար, Դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, և վերջերս բանակցություններ եք անցկացրել Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ: Զոհրաբ Մնացականյան. Այո, Իրանի հետ մենք ունենք շատ ընդգրկուն երկխոսություն` միջազգային և տարածաշրջանային բազում հարցերի շուրջ, և իհարկե, մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից է՝ մի գործընկերոջ հետ հարաբերությունները չկառուցել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին, անկախ նրանից, դա վերաբերում է Իրանին կամ որևէ այլ գործընկերոջը: Եվ սա շատ հիմնարար սկզբունք է, որը, բնականաբար, հեշտ գործ չէ: Հարց. Եվ վերջին հարցը, Կահիրե այցի շրջանակներում Դուք հանդիպում ունեցաք  Գերագույն Իմամ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի և Ալեքսանդրիայի Պապ Թավադրոս Բ-ի հետ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր տարբեր դավանանք ունեցողների միջև կառուցել խաղաղության և հանդուրժողականության վրա հիմնված հարաբերություններ՝ աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դարձնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի՝ արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի ժողովրդի հետ համերաշխ ապրելու պատմությունն ուղեցույցային է, թե ինչպես կառուցել փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա հիմնված հարաբերություններ: Մենք խորը հարգանք ենք տածում իսլամի նկատմամբ և ունենք իսլամի հետ ապրելու պատմական փորձ: Մեր ինքնությունը մեզ սովորեցրել է արժևորել և կարևորել ուրիշների պատմությունը, աշխարհընկալումը և հոգատարությունը` ժխտելով կրոնի քաղաքականացման ցանկացած փորձ: Վերջինիս մենք երբեմն առերեսվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, երբ ականատես ենք լինում որոշ ծայրահեղ անպատասխանատու քաղաքական գործիչների փորձերին՝ ներդնելու կրոնի փաստարկը, ինչը մեզ համար անհեթեթ է, որովհետև մենք՝ որպես քրիստոնյա, իսլամի հետ համերաշխ ապրող ազգ ենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացարձակապես կրոնի մասին չէ:
21:49 - 19 սեպտեմբերի, 2020