Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում և հանդիպել է ղեկավար կազմի հետ:  Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հանդիպում և առարկայական քննարկում ծավալվեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ծանոթացա կենտրոնի գործունեությանը և առկա խնդիրներին։ Արձանագրեցինք, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև օգտավետ մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն»,- նշել է Պետրոսյանը: Նրա խոսքով` քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։ Խոսելով կադրային քաղաքականությունից՝ ՇՄ նախարարը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ հետհեղափոխական իրականության մեջ որևէ թափուր պաշտոնի մրցույթ կոնկրետ անձի համար չի հայտարարվում և, որ բոլոր թափուր հաստիքները պետք է զբաղեցնեն կոմպետենտ, բանիմաց ու գրագետ մասնագետներ, իսկ ստորին օղակի լավագույն մասնագետներն առաջխաղացման ու ինքնադրսևորման հնարավորություն ստանան։ «Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու քաղաքական կշռի բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում»,- գրել է Պետրոսյանը: Նա հորդորել է ՊՈԱԿ-ի աշխատակազմին հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել և ինստիտուցիոնալ ու աշխատանքային անձնական խողովակներով վեր հանել դրանք։ Կարճաժամկետ տեսանելի ապագայում նախարարը նպատակ ունի տաբեր խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Նրա պնդմամբ` շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն։
22:08 - 14 օգոստոսի, 2020
Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերը պետք է բխեն Կառավարության քաղաքականությունից․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ծրագրերը պետք է բխեն Կառավարության քաղաքականությունից․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության (հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում) բաժինը կազմել է 2.8%։ Հարկային տարվա խոշոր հարկատուների առաջին տասնյակում 2-ը ներկայացնում են այս ոլորտը։Հանքարդյունաբերության ազդեցությունը մեր երկրում մրցունակ տնտեսություն ունենալու, ներդրումային ոլորտի խթանման, սոցիալական խնդիրների լուծման և տարածաշրջանի զարգացման վրա շարունակում է մնալ կարևոր և ենթադրում է խիստ զգուշավոր վերաբերմունք։Շրջակա միջավայրի կառավարումը և հանքարդյունաբերության ոլորտի ինովատիվ ծրագրերը պետք է բխեն Կառավարության կողմից իրականացվող քաղաքացիակենտրոն և պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությունից ու չստեղծեն բնապահպանական և առողջապահական այնպիսի իրավիճակներ, որոնք անդառնալի հետևանքներ կունենան թե՛ մեր ժողովրդի, թե՛ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա»։
13:24 - 14 օգոստոսի, 2020
Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ տեղում վեր հանված իրավախախտումներին: Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է: Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսավարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է խոսնակը:
11:53 - 13 օգոստոսի, 2020
Որևէ քաղաքացի Կարմիր կատար բարձունքի խառնարանային լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի․ ՇՄ նախարարության մամուլի խոսնակ

Որևէ քաղաքացի Կարմիր կատար բարձունքի խառնարանային լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի․ ՇՄ նախարարության մամուլի խոսնակ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Ըստ օգտատերերի, մի քաղաքացի՝ պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը։Հարկ է նշել, որ այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք շրջայցի ավարտից հետո։Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում նմանօրինակ խնդիրներն արձանագրելիս և օպերատիվ արձագանքում։Հատկապես այս փուլում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվումը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն»։
13:54 - 12 օգոստոսի, 2020
Գերնպատակ է վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը․ Ռոմանոս Պետրոսյան

Գերնպատակ է վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։ Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։ Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական եւ օրգանական ծագման թափոնների տեսակարար կշռի անթույլատրելի չափերի հասնող պարունակությունը ջրերում, ինչը հետեւանքն է նաեւ հարակից մի շարք բնակավայրերի եւ առափնյա հանգստի գոտիների կոյուղու անարգել նեթափանցման լճի ավազան։ Բոլոր այս խնդիրները ենթակա են մանրամասն գույքագրման, ուսումնասիրության եւ վերլուծության, որպեսզի խելամիտ եւ իրատեսական լուծումներ առաջադրվեն ողջամիտ ժամանակային կտրվածքով։ Այս փուլում խնդիր ունենք հետեւողականորեն հասնել Սեւանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երեւույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։ Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը»։
20:22 - 08 օգոստոսի, 2020
Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, եւս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման, ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Եւ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության եւ կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:Սա միայն ափամերձ հողերի մասով։Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման եւ քանդման։Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարեւորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սեւանա լճի էկոհամակարգը»,- գրել է նա:
17:15 - 08 օգոստոսի, 2020
Նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրասենյակներ

Նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գրասենյակներ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց է կատարել «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ անելիքները։ Շրջակա միջավայրի նախարարության կառավարման ներքո գտնվող այս ենթաոլորտում առկա են բավականին կուտակված խնդիրներ, որոնք վճռական միջամտություն ու շրջադարձային գործելաոճ են պահանջում։ Անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ոլորտի բարեփոխումների հիմքում դրվելու է ինստիտուցիոնալ հարթությունների զարգացման և օրենսդրական այն իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որով ամրագրվելու են այդ փոփոխությունները, ինչպես նաև փայտագողության, անտառխախտումների ու ապօրինի անտառահատումների դեմ պայքարում բեկումնային վերահսկողության գործիքակազմի ներդրումը։ Նախարարը դարձյալ հղում արեց այն հայեցակարգային մոտեցմանը, որ շրջակա միջավայրի կառավարմանը զուգահեռ, չափազանց կարևոր է հանրակրթության բնագավառում էկոլոգիական գիտելիքների ուսուցանման, էկոլոգիական դաստիարակության խթանումը և էկոլոգիական մշակույթի արմատավորումը։ Քաղաքացուն պետք է սովորեցնել սիրել ու փայփայել շրջակա միջավայրը դեռ նախակրթական հաստատությունից։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց ընթացիկ ծրագրերը, COVID19 համավարակով պայմանավորված վերջնաժամկետների փոփոխություններն ու շոշափելի ապագայում սպասվելիք արդյունքները։ Ամփոփելով հանդիպումները՝ ՇՄ նախարարը գործընկերներին հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ խնդիրների ձևակերպման, հանրամատչելի, ամբողջական գույքագրմանը և համապատասխան խողովակներով վերհանմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր առկա իրավիճակի բարելավմանը, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված գործուն քայլեր անել։
11:25 - 07 օգոստոսի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժՊ Գնել Հասրաթյանին և ստորաբաժանումների ղեկավարներին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժՊ Գնել Հասրաթյանին և ստորաբաժանումների ղեկավարներին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ընդունեցի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։ Քննարկեցինք ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման արժանացավ տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների, անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հիմնախնդիրներին, համակարգային փոխգործակցության հատվածում բացերին, վերահսկման և կանխարգելման նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտությանը։ Անդրադարձա նկատելի թերություններին ու իրավասու մարմինների միջև գործողությունների հետևողականության և համագործակցության տեսանելի բացերին։ Ըստ իս՝ այսօր առկա է իրական կյանքում՝ շրջակա միջավայրում արձանագրված բազմաթիվ իրավիճակային խնդիրների և դրանց հակազդելու կանխարգելելու, հետևանքները վերացնելու ընթացակարգերի և օրենսդրական իրավակարգերի խիստ անհամապատասխանություն։ Շատ հաճախ վերահսկողական գործառույթներով օժտված տեսչական մարմնի բարեվարքության վրա ազդում է այդ լիազորություններն իրացնելու գործընթացի բարդ ընթացակարգը և արդյունքում տեսուչին հնարավորություն չի ընձեռվում շրջակա միջավայրի ամենատարբեր իրավախախտումներին տալ արագ գնահատական և օպերատիվորեն հակազդել իրավախախտների գործողություններին։ Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունը կատարելագործվելու և ավելի ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու կարիք կա։Պետությունը տեսչական մարմնին օժտել է գործիքակազմով, որպեսզի վերջինս յուրաքանչյուր խնդրի ու ապօրինի գործողության արագ և տեղում արձագանքեն, հետամուտ լինեն դրանց հետևողական ու ամբղջական լուծմանը։Մեր երկու գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում։ Հանդիպաման ընթացքում մշակվեց առաջիկա կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ։ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրները շատ են, և կարիքը կա խիստ համագործակցության ու փոխգործակցության ավելի լայն մասշտաբների և արդյունավետ, երկուստեք իրականացվող գործընթացների։ Ամփոփելով հանդիպումը, հույս հայտնեցի, որ ամենասեղմ ժամկետներում նոր քաղաքականության շրջանակներում կմշակվի փոխգործակցության ավելի արդյունավետ համակարգ, կստեղծվեն հաղորդակցության ու հետադարձ կապի ինտերակտիվ խողովակներ և երաշխավորեցի, որ ձեռնամուխ կլինեմ տեսչական մարմնի ինստիտուցիոնալ հզորացման ու կարողությունների ընդլայնման գործին»։
16:07 - 05 օգոստոսի, 2020
Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, Ամուլսարում իրավիճակը գնալով բարդանում է։ Շատերը նշում են, որ Ամուլսարը, որտեղ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, փորձաքար է Ձեզ համար: Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաները, դրանք ի՞նչ ցույց տվեցին, և այս խնդիրն ինչպիսի լուծում է ունենալու: Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: Այսինքն՝ Դուք դեռ ուսումնասիրո՞ւմ եք խնդիրը: Այո, դրա համար ես չեմ ուզում հիմա գնահատականներով հանդես գալ: Ես ասել եմ, որ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը այս օրերի զարգացումներին միջամտելու ոչ մանդատ ունի, ոչ էլ ասելիք: Պարզ է, որ մեր ոլորտն է և ասելիք ունենալու եմ և ունեմ, բայց երեկվա զարգացումները, տնակներ տանել-բերելը շրջակա միջավայրի հետ ոչ մի կապ չունի: Երկու սուբյեկտների միջև խնդիր է ծագել, բողոքի ակցիաներ են ընթանում: Շրջակա միջավայրի նախարարությունն այդտեղ բովանդակային հարց ունի լուծելու, ոչ թե կոնկրետ երեկվա զարգացումների վերաբերյալ: Ես կրկնեմ, որ դեռ հարցը պետք է ուսումնասիրեմ, և իմ կարծիքը, բնականաբար, պետք է կառուցվի բացառապես փաստերի, փաստարկների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատելուց հետո: Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու և դիրքորոշում արտահայտելու համար: Ժամկետ չեմ կարող ասել, բայց շատ չենք ուշացնի: Հատկանշական էր նախարարի պաշտոնում Սևանի խնդրի շուրջ Ձեր առաջին քայլը. Ինչո՞ւ սկսեցիք Սևանի ափին հենց ձեր թիմակցի կողմից շահագործվող ապօրինի կառույցի գործունեությունից՝ արգելելով այն: Քանի որ այդ հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, և դա համընկավ իմ նշանակման հետ, բնականաբար, ես այդ դեպքով էլ անմիջապես սկսեցի զբաղվել: Իմ թիմակցի անվան հետ կապվում է, բայց առնվազն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերն ու տվյալները դե յուրե ոչ մի աղերս չունեին իմ թիմակցի հետ, բացառությամբ այն դրվագի, որ վերջինս ասաց, որ ընկերական հարաբերություններ ունի և պարզապես այցելում է այնտեղ: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է տնօրինում այդ ափը, ով է տնտեսվարող և ով ինչ կապ ունի մեր թիմակցի, մեր պատգամավորի հետ, մենք այդ առումով որևէ անձով չենք պայմանավորում աընդունելի երևույթները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ափի տնտեսվարողը ափի տնօրինման իրավական կարգավիճակ չունի, և ապօրինի է թե տաղավարների, թե մնացած ժամանցի ենթակառուցվածքների տեղակայումն այդ ափին: Հետևաբար, ես կարգադրեցի «Սևան ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ամենասեղմ ժամկետներում կասեցնել դրա գործունեությունը և ապամոնտաժել տաղավարները: Տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից հետո այսպիսի երևույթներ կան, հատկապես, եթե դրան թեկուզ անուղղակի առնչություն ունի ձեր թիմակիցը: Ինձ համար ոչ միայն տարօրինակ է, այլև շատ անընդունելի է, և իմ նախկին կարգավիճակում գործունեությունս նաև մեծապես միտված է եղել նոր Հայաստանում բացառելու նման երևույթները ոչ միայն նախկինից ժառանգած, այլև մեր իշխանության ընթացքում եղած նման փորձերը: Այդ պատճառով էլ Կոտայքի մարզում ունեցել ենք բավականին թեժ կետեր, թեժ զարգացումներ, տարբեր, այդ թվում օլիգարխիկ, կլանային շահեր հետապնդող շրջանակների թեժ դիմադրությանն ենք հանդիպել: Այժմ արդեն կարծես ավելի լայն մասշտաբի շրջափուլ է մտել դա: Այո, պետք է բոլոր նմանատիպ ապօրինի հողազավթումները կասեցնել, վերադարձնել նախկին տեսքին, ապա միայն ըստ նպատակահարմարության և բացառապես պետական շահից ելնելով, մրցույթների միջոցով, ամենաօբյեկտիվ ընթացակարգերով դրանք տրամադրել տնտեսվարողներին: Բոլոր ափերի հետ կապված նմանատիպ ուսումնասիրություններ արդեն արվո՞ւմ են: Այո, արդեն արվում են, և մոտ 300 այդպիսի ապօրինի գործող տնտեսվարող կա: Այս պահին «Սևան ազգային պարկի» տարածքում 970 պայմանագիր կա, և հաստատ դրանց շարքում կլինեն ապօրինի գործողներ, նմանատիպ դրվագներ ունենալու ենք: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:25 - 05 օգոստոսի, 2020
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am: Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման մասին իր տեսակետի և տեղի ունեցող գործողությունների հարցին: Օգտատերերի հիմնական հարցն այն էր, որ երկու տարին բավարար էր, որ Կառավարությունը հստակ հանգուցալուծում տար խնդրին: Պետրոսյանը համաձայնեց, որ տեղի ունեցող իրադարձությունները մեծամասամբ գտնվում են շրջակա միջավայրի կառավարման տիրույթում: «Բայց ես ժամանակ եմ խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետեմ թեմային և իմ գնահատականները հնչեցնեմ ավելի ուշ, քանի որ շուրջ երկու տարվա ընթացքում ես կոմպետենտ չեմ եղել այդ խնդրին»: Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե եթե հանքը շահագործվի, ապա պետք է բոլոր երաշխիքներն ունենանք՝ մտահոգությունների փարատման առումով: Նա շեշտեց, որ խորհրդակցելու է նաև բնապահպանական կազմակերպությունների հետ: «Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխովորում եմ և՛ անձամբ և՛ ի պաշտոնե»: Խոսելով այս պահին Ամուլսարում տեղի ունեցող գործողությունների, ակցիաների և պահնորդական թիմի կողմից Ամուլսարի պահապանների տարածք մտնելու և տնակները դուրս բերելու մասին՝ նախարարը նշեց, որ այս գործողությունները Շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում, քանի որ գերատեսչության հիմնական միջամտությունը կարելի է ակնկալել հանքի շահագործման և չշահագործման հարցերում: «Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ»:
18:50 - 04 օգոստոսի, 2020
Ռոմանոս Պետրոսյանը վարել է մրցութային հանձնաժողովի նիստը

Ռոմանոս Պետրոսյանը վարել է մրցութային հանձնաժողովի նիստը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ գլխավորել է Շրջակա միջավայրի նախարարը, որպես հանձնաժողովի նախագահ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Վարձակալության և կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացված 5 հողակտորներից հանձնաժողովը հաստատել է միայն 1 հողամասի փաթեթը։ «Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով և հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հաստատվեց «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս» մասնաճյուղի ռեկրեացիոն գոտում 1,9 հա հողամասը վարձակալության իրավունքով՝ բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով մրցույթի ներկայացնելու մասին փաթեթը։ Կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացնելու մասին մյուս նախագծերը հանձնաժողովի կողմից չհաստատվեցին։ Նախարար Ռ. Պետրոսյանի առաջարկով հանձնաժողովի նիստին քննարկվեց բնության պահպանվող հատուկ տարածքներում հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացման առժամանակ կասեցման հարցը, քանի դեռ չեն վերանայվել ու մշակվել գործուն ընթացակարգեր՝ պայմանավորված բնապահպանական, քաղաքաշինական և այլ առանցքային գործոններով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
16:00 - 04 օգոստոսի, 2020
Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպում ունեցավ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։ Այստեղ առկա են տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենք ամենասեղմ ժամկետներում։ Քննարկեցին Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակվեն խորքային բարեփոխումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր։ նախարարը դիտարկումներ արեց ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։ Առաջիկայում ավելի հանգամանալից անդրադարձ կկատարվի այս խնդրին։ Անդրադարձան «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո նախարարի առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։ Նախարարի կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։ Նախարարի խոսքով, իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։ Շրջակա միջավայրի նախարարը երաշխավորում է, որ հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։ Նախարարի առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում կանգ կառնեն նաև այդ ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։
21:05 - 03 օգոստոսի, 2020