Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն. ահազանգում է ԵԽ պատգամավորը |armenpress.am|

Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն. ահազանգում է ԵԽ պատգամավորը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին ԵԽ պատգամավորը գրել է La Croix-ում հրապարակված հոդվածում: Լուազոն արձանագրել է, որ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ, ինչպիսիք են՝ Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը կամ Մատաղիսում վանդալիզմի ենթարկված Սուրբ Եղիշեն: «Ամեն օր ոչնչացվում են հուշարձաններ կամ գերեզմաններ: Կան բոլոր հիմքերը վախենալու, որ այս ոչնչացումը շարունակվելու է և մեծ թափ ստանա»,- գրել է եվրապատգամավորը՝ հիշեցնելով Նախիջևանում հայկական եկեղեցիների ու տապանաքարերի ոչնչացումը, Հին Ջուղայի հայկական գերեզմանատունն ամբողջությամբ հողին հավասարեցնելը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այսօր արվող հայտարարություններն արդեն հուշում են, թե ինչ կարելի է ակնկալել. օրինակ, Ադրբեջանի ճարտարապետների միության տնօրենը հույս էր հայտնել, որ «Արցախի բոլոր եկեղեցիները կավերվեն»: Իսկ նախագահ Ալիևը կոչ էր արել եկեղեցիներից հեռացնել հայկական արձանագրությունները՝ խեղաթյուրելով պատմությունն ու հայտարարելով, թե դրանք «Կովկասի ալբանացիների շենքեր են»: Եվրախորհրդարանի պատգամավորը փաստել է, որ այս իրավիճակում միջազգային հանրությունը, փոխանակ անի առավելագույնը մշակութային ժառանգության պահպանման համար, անտարբերություն է դրսևորում: Մինչդեռ ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտման մաս է: «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է, որ մենք ավելի համընդգրկուն գործողություններ իրականացնենք և ավելի մեծ վճռականություն ցուցաբերենք, բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու ելքերը դեպի Ղարաբաղ պետք է բաց լինեն, ականազերծումը պետք է ավարտին հասցվի: Այս ամենի համար հարկավոր է ուժեղ միջազգային ներկայություն»,- նշել է Լուազոն՝ հավելելով, որ այս տարածքի ճակատագիրը չի կարելի թողնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքերում, որը վերջին հակամարտությունում ցույց տվեց, որ կողմնակից չէ խնդրի հավասարակշռված ու խաղաղ կարգավորման: «Այս ամենը ժամանակ կխլի: Սակայն Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել: Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին միջամտել Ադրբեջանին: Կոչ եմ անում Եվրամիությանն օգտագործել Արևելյան գործընկերության կապերը՝ հստակ հավաստիացումներ ստանալու Բաքվից, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի»,- գրել է Լուազոն: Նա դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝  կոչ անելով չենթարկվել սպառնալիքներին: «Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները ոչնչացվեն»,- եզրափակել է եվրապատգամավորը:
14:49 - 05 ապրիլի, 2021
Գարեգին Բ-ն հույս է հայտնել՝ Ադրբեջանի ագրեսիան կարժանանա Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին

Գարեգին Բ-ն հույս է հայտնել՝ Ադրբեջանի ագրեսիան կարժանանա Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիին և պատգամավորի գործընկեր Ժիսլեն Ֆրնաքվիլին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ: Մայր Աթոռի տեղեկատվականա համակարգը տեղեկացնում է, որ նույն օրն առավոտյան ֆրանսիացի հյուրերը Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա էին գտնվել Հայրապետական Ս․ Պատարագին։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին, որոնք հայ ժողովրդի համար նվիրական՝ Սուրբ Հարության տոնի այս օրը գտնվում են Հայաստանում: Հանդիպման առթիվ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին բոլոր ժամանակներում ծանր և դժվարին օրերին Հայաստանին օժանդակելու և զորակցելու համար։ Հայոց Հայրապետը հույս հայտնեց նաև, որ բարեկամ երկրների զորակցությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և արդարության վերականգնմանը: Այնուհետև տիար Ֆրանսուա-Քսավիե Բելամին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը զատկական բարեմաղթանքների և օրհնության համար՝ ընդգծելով, որ ինքն առաջին անգամ է այցելում Հայաստան և մեծ պատիվ է համարում լինել հինավուրց քրիստոնեական երկրում, որի ժողովուրդը հարության հաղթական արժեքների կրող է: Եվրախորհրդարանի պատգամավորն անդրադարձավ այցի նպատակներին՝ ծանոթանալ հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանգամանորեն ներկայացնելով արցախյան երկրորդ պատերազմի պատճառած վնասները և առկա մարտահրավերները, հույս հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։ «Վեհափառ Հայրապետը նշեց, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար, մեր երկրի և մեր ժողովրդի համար, որպեսզի այս ծանր վիճակից կարողանա դուրս գալ՝ հարության խորհուրդը աչքերի առջև ունենալով, ապավինելով Աստծուն, նախնյաց հավատքին, որ դարեր շարունակ մեզ դուրս է բերել բոլոր դժվարին իրավիճակներից և օրհնությունն ու ողորմությունն ավելացրել հայոց կյանքում»,-ասված է հաղորդագրությունում:
10:08 - 05 ապրիլի, 2021
Եվրախորհրդի ներկայացուցիչը Վրաստան կվերադառնա երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդական առաքելության համար |tert.am|

Եվրախորհրդի ներկայացուցիչը Վրաստան կվերադառնա երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդական առաքելության համար |tert.am|

tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Վրաստանի հարցով ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան՝ երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդական առաքելության համար: Այս մասին Եվրախորհրդի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։ «Ամփոփել ենք Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում արձանագրված առաջընթացի արդյունքները։ Եկել է Վրաստանի քաղաքացիների շահերի համար անհրաժեշտ փոխզիջումներ ձեռնարկելու ժամանակը։ Ներկայացուցիչը (Քրիստիան Դանիելսոնը- Tert.am) կվերադառնա Վրաստան՝ միջնորդական առաքելությունը շարունակելու համար»,- գրել է Միշելը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրախորհրդի ղեկավարի որոշումը։ «Դա պարզ նշան է, որ ԵՄ-ն ոչ մի տեղ չի հեռանում» -Twitter-ում գրել է Զուրաբիշվիլին։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը կառավարությունը ղեկավարում էր 2019 թվականի սեպտեմբերից, վարչապետի պաշտոնը լքել է պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության և այդ հարցի շուրջ իր թիմի հետ տարաձայնությունների ֆոնին։ Մելիայի ձերբակալությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել, որը Վրաստանում սկսվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերին, քանի որ ընդդիմությունը չի ճանաչում աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները և հրաժարվում է աշխատել խորհրդարանում: Նախօրեին լրագրողների հետ զրույցի ժամանակ Գախարիան հայտարարել էր, որ չի հեռանում քաղաքականությունից։
10:00 - 23 մարտի, 2021
Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը

 |armenpress.am|

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում: Բանաձևում այդ մասին շեշտվում է երկու կետերով: Առաջին կետում ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»: Իսկ երկրորդ կետում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները: «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում:
19:12 - 16 մարտի, 2021
Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել
 |1lurer.am|

Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսի ներկայացուցիչ Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ բոլոր հիմնական խմբակցությունների 30 պատգամավոր hրատապ հարցում են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները ցանկանում են իմանալ, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի գերեվարած հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիների և կանանց վերադարձն ապահովելու համար: «Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 2020 նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը»,- նշել են պատգամավորները: Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն՝ հայ ռազմագերիների հարցի չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք ԵՄ-ն Ադրբեջանից հայցե՞լ է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը, և եթե այո, ապա ի՞նչ տեղեկություն է տրամադրվել:    
21:12 - 08 մարտի, 2021
Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը |armenpress.am|

Եվրոպական հանձնաժողովը դատապարտում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը: Այս մասին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից: Եվրապատգամավոր Ֆուրլասի կողմից ուղղված հրատապ հարցման մեջ նշվում էր, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020թ. հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցնում է, թե արդյոք վերջինս նախատեսում է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»: Ի պատասխան Եվրապատգամավորին՝ Եվրահանձնաժողովը հայտնում է, որ խիստ դատապարտում  է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը և ընդգծում է մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը: Իր պատասխանում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը նաև հիշատակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործությունները: Եվրահանձնաժողովը ողջունում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը: Մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշել է. «Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020թ. պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար: Դրանց թվում են Արցախի քաղաքացիական բնակավայրերը և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը թիրախավորելը: Միջազգային հանրությունը և պատկան կազմակերպությունները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի ևս մեկ մշակութային ցեղասպանություն, ինչպիսին 2006թ. ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնած Նախիջևանի հազարավոր հայկական միջնադարյան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայության աղավաղման ցանկացած փորձ պետք է կանխվի և խստորեն դատապարտվի»:
10:41 - 04 մարտի, 2021
Եվրախորհուրդը խիստ մտահոգված է Վրաստանի ներքաղաքական ճգնաժամով |1lurer.am|

Եվրախորհուրդը խիստ մտահոգված է Վրաստանի ներքաղաքական ճգնաժամով |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ խիստ մտահոգված է Վրաստանում տիրող քաղաքական ճգնաժամով՝ փոխանցում է Euronews-ը: Եվրոպացի բարձրաստիճան ղեկավարը Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին ընթրիքի է հրավիրել երկիր կատարած այցի ժամանակ՝ փորձելով միջնորդել Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում: «Ես խիստ մտահոգված եմ  Վրաստանում խորացող ներքաղաքական ճգնաժամով: Ներկա քաղաքական ճգնաժամն ու բևեռացումն այս բարդ տարածաշրջանում վտանգում է Վրաստանի՝ դժվարությամբ ձեռք բերված երիտասարդ ժողովրդավարությունը»,- հայտարարել  է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը: Եվրոպացի բարձրաստիճան ղեկավարը նշել է, որ Վրաստանում քաղաքական բևեռացումը պետք է դադարեցվի: Շառլ Միշելը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և միասնաբար վերսկսել քաղաքական երկխոսությունը:
15:02 - 02 մարտի, 2021
Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |1lurer.am|

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ առաջնորդներին կոչ է արվում պահպանել միասնությունը, «քայլեր ձեռնարկել և կոշտ պատժամիջոցներ կիրառել  ի պատասխան Թուրքիայի «անօրինական գործողությունների»՝ հաղորդում է Reuters-ը: Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրամիության խորհուրդը: Եվրամիության դիվանագետներից մեկի կարծիքով՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան ԵՄ-ի առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, հետևաբար, այդ հարցում ԵՄ կառավարությունների ներսում միասնականություն չկա: Եվրախորհրդարանի բանաձևը պաշտպանել է 631 պատգամավոր, երեքը դեմ են քվեարկել, 59-ը ձեռնպահ են մնացել: Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Անկարայի հետ հարաբերությունների հարցը պետք է քննարկեն դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում:
10:21 - 27 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար. Եվրախորհրդարանի պատգամավոր |pastinfo.am|

Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար. Եվրախորհրդարանի պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբ Ռոսն աշխարհին կոչ է անում անհապաղ դատապարտել դժվար ու ծանր ժամանակներ ապրող հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ Պատգամավորը թվիթերի իր էջում հայերին սատարող տեսաուղերձ է հրապարակել։ «Թանկագին հայեր, դուք ապրում եք աշխարհի համար գրեթե բացառիկ մշակութային նշանակության երկրում։ Հիմա դուք դժվար ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ բարբարոսական հարձակման են ենթարկվում: Եվրամիությանը կոչ եմ անում ամենայն խստությամբ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ։ Այս երկու ռեժիմները սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար: Իմ կողմից ես ամեն ինչ կանեմ` Եվրախորհրդարանում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար։ Ուժեղ մնացեք»,- ասել է նա:
11:53 - 05 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը պետք է ուժեղացվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը կոչ է անում ուժեղացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, քանի որ ԼՂ հակամարտության գոտում առանց այդ էլ փխրուն հրադադարը դառնում է ավելի ու ավելի փխրուն: Այս մասին տեղեկանում ենք Լարի Պատրիկ Բերգի տարածած հայտարարությունից: Պատգամավորը նաև շեշտել է իր անհանգստությունը Հարավային Կովկասում Անկարայի դերակատարության վերաբերյալ: Հղում կատարելով ռազմական և դիվանագիտական աղբյուրներին ՝ Բերգը վկայակոչել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի միջամտության վերաբերյալ մանրամասները ՝ մեջբերում անելով ռուսական «Կոմերսանտ» թերթից: Հոդվածի համաձայն՝ Անկարան 600 թուրք զինծառայողներ է ուղարկել զորավարժությունների, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում հուլիս- օգոստոս ամիսներին: Այդ զինվորներն այնուհետև մնացել են տեղում ՝ աջակցելու ադրբեջանական հարձակմանը: ԵԽ պատգամավորը շեշտել է, որ թերթը նկարագրել է նաև կոնկրետ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան և անձնակազմը օդային ճանապարհով Թուրքիայից տեղափոխվել են Ադրբեջան: Նա նկատել է նաև, որ Մոսկվան մերժում է Անկարայի մասնակցությունը ԼՂ խնդրի լուծմանը: Ըստ Կրեմլի՝ այս առաքելությունը պետք է իրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
19:25 - 27 հոկտեմբերի, 2020
Եվրախորհրդարանից կոնկրետ քայլեր են ակնկալվում. Բրյուսելում բողոքի ակցիա է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ |armenpress.am|

Եվրախորհրդարանից կոնկրետ քայլեր են ակնկալվում. Բրյուսելում բողոքի ակցիա է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում հազարավոր մարդիկ՝ հայեր և նրանց միացած օտարերկրացիներ, հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի մոտ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պետք է բարձրաձայն խոսի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, չլինի խուլ և համր, գործի անհապաղ՝ կանխելու արյունահեղությունը: Ակցիայի մասնակիցները վանկարկումներով շեշտում են, որ Էրդողանն ահաբեկիչ է, Ադրբեջանն՝ ագրեսոր: Նրանք պարզել են «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Կանգնեցրեք Ալիևին», «Արցախը Հայաստան է» գրություններով պաստառներ:   Ցույցն անցկացվել է այն պահին, երբ Եվրախորհրդարանում քննարկվում էր Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հարցը:  «Մենք ամբողջ հայ ազգի անունից մեղադրում ենք եվրոպական կառույցներին ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար: Թուրքիան ներգրավված է այս հակամարտության մեջ իր աշխարհագրական նպատակներին հասնելու համար, իսկ Եվրոպան մնում է կույր և համր: Հայերը զգուշացնում են, որ այս պատերազմի իրական նպատակը  ցեղասպանությունն է, իսկ Եվրոպան մնում է խուլ»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիների, որոնք չեն ցանկանում պատերազմել: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ կան փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է արգելված զենքեր, ինչպիսին է կասետային ռումբը, որի կիրառումը խաղաղ բնակավայրերում ռազմական հանցագործություն է համարվում, իսկ Եվրոպան լուռ է: «Բոլորն արդեն գիտեն, որ Թուրքիան հավաքագրում է ջիհադիստների Սիրիայից և Լիբիայից, նրանց ուղարկում է Ադրբեջան հայերի դեմ կռվելու համար: Դա փաստ է, որը հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Եվրոպան լուռ է: Իսրայելը տևական ժամանակ է՝ զենք է վաճառում Ադրբեջանին ու բոլորը գիտեն, որ զենքերն օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, բայց Եվրոպան լուռ է: Երբ լրագրողները  վիրավորվում են խաղաղ բնակավայրերում,  բոլոր միջազգային կառույցները լուռ են: Մեր կոչը նրանց է ուղղված՝ բացեք ձեր աչքերն ու ականջները, գործեք»,-շեշտում են մասնակիցները: Նրանք նաև հիշեցնում են, որ Ադրբեջանը իր երկրում ապրող փոքրամասնություններին ճնշելով՝ ուղարկում է առաջնագիծ, իսկ Եվրոպան կրկին լուռ է։ «Ինչպես այս պատերազմը, այնպես էլ հուլիսյան դեպքերը տեղի ունեցան համավարակի ժամանակ, և մենք նրանց մեղադրում ենք։ Մենք Եվրախորհրդարանից շատ կոնկրետ քայլեր ենք ակնկալում, քանի որ այն դեռ չի անում ամենը, ինչ կարող է: Ամոթ, ամոթ, ամոթ»,-վանկարկում են ցուցարարները:
15:45 - 07 հոկտեմբերի, 2020