Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի Հարության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Քրիստոսի Հարության տոնի առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քրիստոսի Հարության տոնի առիթով պատգամ է հղել․ Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ» (Ժամագիրք)։   Սիրելի հավատավոր զավակներ,   Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված ու շփոթահար առաքյալները և Հարության բերկրությունն ու մխիթարությունը իրենց սրտում՝ Քրիստոսի կենարար վարդապետությունը տարածեցին աշխարհում և տերունապատվեր սիրո պատգամը հաստատեցին հավատացյալների հոգիներում։   Այսօր մենք և ազգիս աշխարհասփյուռ հավատավոր զավակները համախմբված եկեղեցիներում՝ Վերնատանը հավաքված առաքյալների պես զգում ենք Տիրոջ օրհնաբեր ներկայությունը, յուղաբեր կանանց հետ տեսնում թափուր գերեզմանը, լսում Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Այստեղ չէ, այլ հարություն առավ»։   Քրիստոսի Հարության տոնը մարդու հանդեպ աստվածային անսահման սիրո, մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակի տոնն է։ Փրկչի սերը թեև հանդիպեց ատելության ու թշնամանքի, սակայն Տերը երբեք չտարակուսեց և չընկրկեց։ Մարդկանց նկատմամբ Նրա հոգատարությունը թեև բախվեց մերժումի, Նրա բերած ճշմարտությունը հակադարձվեց կեղծիքով, բայց Քրիստոս իրագործեց Իր առաքելությունը՝ հանուն մարդկության փրկության, և հարություն առնելով հաշտություն հաստատեց աշխարհի և Աստծո միջև։ Արդարև, հարությունը այնտեղ է, որտեղ տերունավանդ սերն է հաղթանակում։ Հարության փրկարար շնորհով զորանում են հավատացյալ անձերը և արժանի դառնում հավիտենական կյանքի։ Հարությունը կենդանություն է բերում մեղքերով ծանրաբեռնված հոգիներին և մարդու ընթացքը ամուր պահում հույսի, սիրո և արդարության մեջ։   Քրիստոսի փրկագործությամբ արշալույսված դարերի հոլովույթում հարության հավատն ու շնորհը վերափոխել են անձերի ու ժողովուրդների, գոտեպնդել պատուհասների ու փորձությունների մեջ, զորություն պարգևել հաղթահարելու խաչելությունները, վեր հառնելու գողգոթաներից և հաղթանակած քայլելու հարուցյալ կյանքի ճանապարհով։ Այս ճշմարտությամբ ներշնչված է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը օրհնաբանում Տիրոջ հրաշափառ Հարությունը՝ ասելով. «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ»։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր մարդկության կյանքը ալեկոծված է պառակտումներով, հակառակություններով, ազգամիջյան ատելության կորստաբեր ընթացքներով։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի վտանգների մեջ է աշխարհը ծավալվող քաղաքական զարգացումներով, որոնք հանգեցնում են միջպետական, տնտեսական և սոցիալական լրջագույն խնդիրների, խաթարում են երկրների և ժողովուրդների ներդաշնակ համակեցությունը։ Աղոթենք, որ փոխհասկացողության և համերաշխության ոգին առավել զորանա մարդկանց մեջ, և խաղաղությունը տիրի ողջ աշխարհում, հատկապես այս օրերին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի եղբայր ժողովուրդների կյանքում: Թող Աստծո առաջնորդությամբ մարդկության կյանքում շուտափույթ հանգուցալուծում գտնեն բոլոր բարդ ու մտահոգիչ իրավիճակները՝ զերծ պահելու աշխարհը նոր աղետներից։ Մեր Տերը այսօր էլ մարդկությանը տալիս է խաղաղության, եղբայրսիրության պատգամները և կոչում ապրելու աստվածապաշտությամբ ու մարդասիրությամբ։ Միայն հարուցյալ ընթացքով, Քրիստոսի պատվիրանների համաձայն ապրելով կարող ենք նոր կյանք արարել, որպեսզի, ըստ առաքյալի հորդորի, «ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4)։   Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Հարության ավետիսն այսօր առանձնակի մխիթարություն ու սփոփանք է բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի պատերազմի արհավիրքներ ապրած մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր այս պահին էլ վշտերի, նեղությունների մեջ են, անկայուն խաղաղության ու անապահովության պայմաններում։ Հատկապես այս դժվարին ժամանակներում մեր կյանքը հավատքի և հավատո գործոց կարիքն ունի, որպեսզի հարատևի հարության ուրախության մեջ և բարեզարդվի նորանոր իրագործումներով ու հայրենաշեն ձեռքբերումներով։ Ազգային մեր անդաստանում հարուցյալ կյանքը նաև նշանակում է ողջախոհություն, անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից՝ առ հայրենին հավատարմություն և ազգին անսակարկ նվիրում։ Այս ոգով մեր կյանքից պիտի մերժենք անտարբերությունը, անհանդուրժելի, աղետաբեր հարմարվողականությունը և հզորություն, միաբանություն ու առաջընթաց ապահովենք աշխարհասփյուռ մեր ժողովրդին և շեն ու բարօր ապագա՝ սերունդներին։   Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, ներհասարակական ու ներքաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ։ Մտահոգ ենք մեր հայրենյաց սրբազան մասունքի՝ Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները։ Սիրելի արցախցիներ, Մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը։ Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարությունների հանդիման և շենացնելու եք ձեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրությունն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ազգովի զորակից լինենք ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, նեցուկ դառնանք կարիքի մեջ գտնվող մեր ազգակիցներին և գոտեպնդված հարության հույսով՝ նվիրական մեր երկիրը դարձնենք հրաշափառ հարության իրական վկայարան։ Հայրապետիս հայցն է առ հարուցյալ Տերը, որ ազգս հայոց տեսնի իր կրած տառապանքների վարձքը և կերտի սրբազան հայրենիքի վերածնունդը։   Մաղթանաց այս աղոթքը Մեր շուրթերին և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով հարուցյալ Փրկչի երկնառաք օրհնությունն ու օգնականությունը և գահակալության արևշատ ու արդյունավոր տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։   Զատկական այս լուսապայծառ առավոտ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված և խնդրում, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, Իր Հարության շնորհները հեղի մարդկության կյանքին, Իր Սուրբ Աջի ներքո պահպանի մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ պարգևելով խաղաղություն, բարօրություն ու ապահովություն։ Թող հարության կենարար խորհրդով զորացյալ ազգս հայոց իրականության առաջնորդի նախնյաց և մեր նվիրական իղձերն ու տեսիլքները՝ ի փառս մեր երկրի և ի հավետ պայծառություն մեր ժողովրդի։ Տիրոջ սերը, խնամքը և ողորմությունը թող հովանի լինեն ազգիս ու հայրենյաց, այսօր և միշտ և հավիտյան. ամեն։   Քրիստոս յարեաւ ի մեռելոց,   Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի  
16:23 - 17 ապրիլի, 2022
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ծաղկազարդը հռչակվել է նաև մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:   Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:   Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:   Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն: Նյութը՝ Qahana.am-ից
12:34 - 10 ապրիլի, 2022
Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը Կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը Կաթողիկոսը իր մտահոգությունն է հայտնել Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին`Նորին Սրբությունը կարևորեց նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը, անդրադառնալով անկախության տարիներին երկու երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, նկատեց, որ հայ և վրաց ժողովուրդները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները: Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու երկրները անկախ իրենց շահերից և դիրքորոշումներից պետք է զորավիգ լինեն միմյանց հանուն հավատակից եղբայր ժողովուրդների բարօրության և անվտանգության։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս պարոն Պապուաշվիլիի, իր երախտագիտությունը հայտնեց վրաց իշխանություններին հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, Նորաշենի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների ամրակայման աշխատանքների, ինչպես նաև ռազմագերիների վերադարձման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:   Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին: Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի և այն երկու երկրների զարգացման ամենակարևոր գրավականն է: Պարոն Պապուաշվիլին նաև գոհունակությամբ խոսեց այցի դրական արդյունքներից, երկու երկրների միջև առկա փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին՝ տեղեկացնելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահը ևս կարևորեց երկու ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացումը։ Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ։
13:15 - 07 ապրիլի, 2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստանի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներին՝ գլխավորությամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի։   Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։   Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության այցը Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է բերել ներկաներին Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում աջակցության և մշտական ուշադրության համար։   Նորին Սրբությունն իր մտահոգություններն է հայտնել Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է նկատել միջազգային հանրության հետևողական ջանքերը գերության մեջ գտնվողների վերադարձման ուղղությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ արձանագրել է ՄԹ Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի և Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ գործակցությունը։   Իր խոսքում խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարևորել է ջանքերի գործադրումը հանուն Արցախում խաղաղության հաստատման և արցախահայության ապահով կյանքի իրավունքի, նաև պատրաստակամություն հայտնել  այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցությունը բերելու հայ ժողովրդին։   Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ ու նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ միջազգային տարբեր ատյաններում արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության և Արցախին մշտապես ցուցաբերվող զորակցության համար։   Զրույցի ընթացքում ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի և Լորդերի պալատի անդամ, Անգլիական Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսվորթը Նորին Սրբությանը փոխանցել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջույնները։ Քովենթրիի եպիսկոպոսը նաև հետաքրքրվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի մասին։ Վեհափառ Հայրապետը տեղեկություններ է փոխանցել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի կողմից սրբավայրերի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
17:08 - 05 ապրիլի, 2022
Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրումը

Մայր Աթոռն ընդունելի չի համարում Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրումը

Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը: Արձանագրվեց, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները: Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.  «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:
16:19 - 24 մարտի, 2022
Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը . Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել

Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը . Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձը է հղել մարտի 8-ի առիթով: Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:   Որղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։ Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության և բազում այլ կարևոր բնագավառներում։ Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղթահարված չեն պատերազմի ծանր հետևանքները և շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ և արիությամբ հանձնառու են իրենց առաքելությանը։ Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո քաջառողջ պահպանի ձեզ և հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը և մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին։ Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը ապագայի հանդեպ,հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։ Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի և համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը։ Ապրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. «Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սղմ. 105. 4)։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»:
10:50 - 08 մարտի, 2022
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում խստագույնս արձագանքել Բաքվի մշակութային անթաքույց եղեռնագործությանը

Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում խստագույնս արձագանքել Բաքվի մշակութային անթաքույց եղեռնագործությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային անթաքույց եղեռնագործությանը։ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Օրերս Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս մշակույթի նախարարի, հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ: Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»:  
21:15 - 08 փետրվարի, 2022
Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին՝ անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայորդիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունները մշտապես ցուցաբերել են հոգածու վերաբերմունք։ Այս առիթով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ֆրանսահայությունը ևս իր մեծ նպաստն է բերում հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զորացման գործում։ Հայոց Հայրապետն, ի դեմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճաանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև՝ 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձևի ընդունումը։ Տիկին Վալերի Պեկրեսը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, խոսեց հայ համայնքի հետ ունեցած փոխհարաբերությունների, կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության տեսլականների մասին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել  խորացումն ու ամրապնդումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության, պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։
21:50 - 21 դեկտեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու սերտ փոխգործակցությունն ունեն հարուստ պատմություն։ Երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում, ըստ նորին սրբության, իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։ Իր հերթին Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցեց իրենց այցի ծրագրերի և ակնկալիքների վերաբերյալ։ Վերջինս հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևոր է նկատել նաև երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Սեյեդ Մեհդի Ֆարշադանը, անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում Գարեգին երկրորդ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանն արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։ Իր բարեմաղթանքները բերելով Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն՝ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումները բարի արդյունքներ կարձանագրեն ի նպաստ բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացման:
20:28 - 20 դեկտեմբերի, 2021
Մայր Աթոռը խորը անհանգստությամբ է հետևում ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին

Մայր Աթոռը խորը անհանգստությամբ է հետևում ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու՝ իրենց պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը հանձնելու հիշյալ դատապարտելի գործողությունները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում և խաթարում թանկ գնով հաստատված փխրուն խաղաղությունը։Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հոգևոր դասը աղոթող են հայոց պետականության անսասանության, ազգի միասնականության ու ամուր կամքի և հայրենյաց պաշտպանների արիասիրտ ոգու համար՝ հաղթահարելու այս մարտահրավերները և վերականգնելու խաղաղ, ապահով և արժանապատիվ կյանքը մեր ժողովրդի։
19:51 - 16 նոյեմբերի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին

Նոյեմբերի 15-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝  ուղեկցությամբ  «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելյանն Ամենայան Հայոց Կաթողիկոսին ներկայցրեց «Սինոփսիս» ընկերության նախագահին։ Ապա պարոն Մուսայելյանը անդարդարձավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության  կողմից կազմակերպած ամենամյա մցանակաբաշխությանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհվում տեղեկատվական տեխնոլոգյաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց՝ տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխության դափնեկիրը  «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն է։Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր  շնորահվորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Չի-Ֆուն Չանին՝ ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով և մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։Իր հերթին  Չի-Ֆուն Չանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել Հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։Վերջում ներկաները փոխանակվեցին մտքերով՝ քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները։
20:59 - 15 նոյեմբերի, 2021
Գերագույն հոգևոր խորհուրդը լիահույս է՝ ԱԺ-ն դրական կարձագանքի հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին

Գերագույն հոգևոր խորհուրդը լիահույս է՝ ԱԺ-ն դրական կարձագանքի հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 8-13-ը հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին և այդ շրջանակում հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր պահելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին։ Ինչպես փոխանցեցում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։ «Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու և հիշյալ օրերը ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ։ Ժողովականները հույս հայտնեցին, որ առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում և մեր հավատավոր ժողովուրդը կկարողանա Ճրագալույցին և Մեռելոց հիշատակին, օրվա խորհրդի վերապրումով, անարգել իր քայլերն ուղղել դեպի եկեղեցիներ, խունկ և աղոթք մատուցել սիրելիների անմար հիշատակին»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
16:21 - 13 նոյեմբերի, 2021