Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար․ Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար․ Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը․ Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ, որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները: Արա Այվազյան. Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական ​​և ազգային շահերի պահպանության և պաշտպանության: Հարց. Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար։ Արա Այվազյան. Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ: Հարց. Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա, պարոն նախարար: Արա Այվազյան. Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Հարց. Պարոն նախարար, Հայաստանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում։  Արա Այվազյան. Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ լայնամասշտաբ պատերազմը Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ էր անցկացրել՝ թուրքական օդուժի ներգրավմամբ: Այդ երկիրը դիմեց ոչ սովորական գործիքակազմի. իր ծավալապաշտական քաղաքականության նպատակով մեր տարածաշրջան արտահանեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:  Պատերազմում Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումն արդեն իսկ հայտնի փաստ է, որը հաստատվել է միջազգային մամուլի, համաշխարհային առաջնորդների, բազմաթիվ միջազգային մարմինների կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը: Դա հաստատվել է նաև ձերբակալված ահաբեկիչների կողմից, ովքեր բացահայտել են ողջ շղթան՝ հավաքագրումից մինչև իրենց տեղափոխումը տարածաշրջան:  Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում:  Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ: Հարց. Պարոն նախարար, Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերի մասին և ասացիք, որ Թուրքիան էր ապահովում ահաբեկիչների ներկայությունը հակամարտությունում: Թուրքիան հիմա՞ էլ է շարունակում իր այդ դերակատարությունը։ Արա Այվազյան. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և վարձկաններին, որոնք արտահանվել և տեղափոխվել են մեր տարածաշրջան, կարծում եմ, որ դա միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիր է, որը պետք է լուծում ստանա միջազգային հանրության միանշանակ դիրքորոշման միջոցով։ Զինյալ ահաբեկիչներն ու վարձկանները պետք է դուրս բերվեն մեր տարածաշրջանից։ Հարց. Պարոն նախարար, արդյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար: Արա Այվազյան. Նախևառաջ, Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։ 
17:08 - 12 մարտի, 2021
Արա Այվազյանը վերահաստատել է՝ Հայաստանը մտադիր է առավել խորացնել հարաբերություններն ԱՄԷ-ի հետ

Արա Այվազյանը վերահաստատել է՝ Հայաստանը մտադիր է առավել խորացնել հարաբերություններն ԱՄԷ-ի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:  Նախարար Այվազյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ համագործակցության համար:  Նախարարներ Այվազյանը և Ալ Նահյանը հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվել է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով:  Որպես առևտրատնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ ընդգծվել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:  ԱԳ նախարարները կարևորել են ԱՄԷ հայ համայնքի կամրջող դերակատարությունը փոխվստահության վրա խարսխված հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Այդ համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը ԱՄԷ-ի՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության հանձնառության վկայությունն է:  Հանդիպման օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի համապարփակ անվտանգային միջավայրում, և վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին, թե որքանով փոխկապակցված է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Նախարարները համակարծիք են եղել, որ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, և ծայրահեղականության ցանկացած դրսևորում սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
10:47 - 12 մարտի, 2021
ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում

ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում

Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:  Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և դրա ուժի մեջ մտնելն իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն ոչ միայն մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը, այլև ինքնին հանդիսանում է մեր բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը։ Հարկ է նշել, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելիորեն կազդի մեր քաղաքացիների կյանքի և բիզնեսի տարբեր ոլորտների վրա: Բոլորս գիտակցում ենք, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կխթանի համագործակցությունը ենթակառուցվածքների, տնտեսության, շրջակա միջավայրի և մի շարք այլ ոլորտներում»։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով ելույթ ունեցավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն՝ ընդգծելով. «ՀԸԳՀ֊ի լիարժեք վավերացումը ՀՀ և ԵՄ միջև հարաբերություններում ձեռքբերված անկյունաքարային իրադարձություն է։ Եվրոպական Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում` ի շահ ՀՀ և նրա քաղաքացիների զարգացման»: Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարևոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու և ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»: Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Եվրոպական միության և իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար և ուղղված է լավ զարգացած և տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել և ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տևեց 44 օր և ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»: Նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի համար առաջնային կարևորության հարցի՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման և անվտանգ վերադարձի վրա՝ այդ առնչությամբ բարձր գնահատելով ԵՄ դիրքորոշումը: «Կարծում ենք, որ այս հարցում թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության և կայունության, այլև կոնկրետ մարդկանց կյանքի մասին»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
20:18 - 04 մարտի, 2021
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի՝ ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ։Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայության առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա: Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
19:04 - 03 մարտի, 2021
Գերիների հարցը քաղաքականացնելն անընդունելի է. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին |1lurer.am|

Գերիների հարցը քաղաքականացնելն անընդունելի է. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արված խնդրահարույց ձևակերպումները, մասնավորապես՝ գերեվերված անձանց վերաբերյալ: Արա Այվազյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, և յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է իր աշխատանքը:  ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը, ինքը և մամուլի խոսնակը արտահայտել են իրենց կարծիքը՝ նշելով, որ հումանիտար այս կարևորագույն հարցը քաղաքականացնելն անընդունելի է, ինչը նաև, Այվազյանի խոսքով, հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Նա ասաց, որ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ արդեն ավելացնում են Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումն այդ հարցում՝ հավելելով, որ երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևոր հարցին: Անդրադառնալով գերիների վերադարձի շուրջ իրականացվող քայլերին՝ Այվազյանն ասաց, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այդ հարցի ուղղությամբ: «Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ զրույցներում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակում: Այդ հարցը բազմաթիվ իմ հեռախոսազրույցների ընթացքում արտասահմանյան գործընկերների հետ առաջնային կարևորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում, և եթե հետևում եք արձագանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասաց ԱԳ նախարարը:
17:55 - 03 մարտի, 2021
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգողի հետ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգողի հետ

Մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ:  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:  Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:  Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:
12:45 - 03 մարտի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։ Երկուստեք կարևորվեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:    
21:21 - 02 մարտի, 2021
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում հայ դիվանագիտության ակունքներում կանգնած պետական այրերին: Դիվանագետի օրվա առիթով գրված ուղերձում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  «Հարգելի գործընկերներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում հայ դիվանագիտության ակունքներում կանգնած պետական այրերին: Հայկական պետականության կայացմանը զուգահեռ նորովի էր ձևավորվում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմնասյուներից մեկը հանդիսացող դիվանագիտական ծառայությունը: Մենք միասնաբար անցել ենք երկար և մարտահրավերներով լի ճանապարհ: Անցյալ տարի Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան լրջագույն փորձություն էր բոլորիս, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության համար: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական ապարատում և արտերկրում ծառայող բոլոր դիվանագետներին պատերազմական դրության ընթացքում կատարած աշխատանքի և իրենց առջև դրված խնդիրները պատվով իրականացնելու համար։ 2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո հասարակության ակնկալիքները դիվանագետներից էլ ավելի են մեծացել, ինչն առավել ընդգծում է մեր ծառայության դերը՝ Հայաստանի համալիր անվտանգության ապահովման, հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության գործում: Մեր առջև ծառացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ հավատարիմ մնալով հայ դիվանագետի բարձր կոչմանը: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր ժողովրդի արժեքների և շահերի վրա: Մեզ համար բացարձակ արժեք է հայ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, հայրենի երկրում ապրելու և արարելու անկոտրում կամքը, և դրա ապահովման համար մենք առավել հետևողական և նպատակաուղղված պետք է  հետապնդենք մեր պետության շահերը: Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն, ոչ թե ջլատեն մեր ուժերը, այլ ամրապնդեն Հայրենիքին նրա բարդ օրերում պատվով ծառայելու մեր կամքը: Հարգելի գործընկերներ, Անցած քսանինը տարիների ընթացքում մեր բոլորի ներդրած ջանքերի, վճռական ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կուռ և աներեր պահել Հայաստանի արտաքին գերատեսչությունը, շարունակաբար բարձրացնել նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ապահովել կադրային դիվանագետների սերնդափոխությունը: Այս առումով անգնահատելի ներդրում ունի Հայաստանի դիվանագիտական դպրոցը: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը և ինքնիշխանությունը: Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ և մաղթում բոլոր գործընկերներիս հավատ մեր ուժերի նկատմամբ, ստեղծարար նախաձեռնություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում:
19:14 - 02 մարտի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։  Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:  ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվեց Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման իրագործման հրամայականը։ 
10:10 - 02 մարտի, 2021
Արա Այվազյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ամուր հիմքի մասին |armenpress.am|

Արա Այվազյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ամուր հիմքի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական և շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը: «Մենք մտադիր ենք համակարգված կերպով իրականացնել այս աշխատանքը՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերի ապահովման անհրաժեշտությունից:  Բնականաբար, այս աշխատանքի ամուր հիմքը եղել և շարունակելու է մնալ մեր ժողովուրդների բարեկամությունը: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում համապատասխան զարգացումները չեն վերաբերելու փոխգործակցության առանձին վերցրած ոլորտի. դրանք ազդեցություն են ունենալու նաև այլ ոլորտների վրա, որոնք ամբողջությամբ ներառված են մեր դաշնակցային համագործակցության օրակարգում:  Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել համագործակցության միջպետական մեխանիզմների շրջանակներում: Խոսքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, միջխորհրդարանական երկխոսության մասին է, աշխատանք է տարվելու նաև մեծ հանձնաժողովի և համապատասխան ոլորտային կոմիտեների շրջանակներում, այն նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով: Բնականաբար, այս ամենն իրականացվելու է մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգմամբ»,- ասել է նախարարը: Այվազյանը առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակով առկա ինտենսիվ երկխոսության կարևորությունը՝  հայտնելով, որը մտադիր են առավել զարգացնել այն:
17:30 - 27 փետրվարի, 2021
Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան |armenpress.am|

Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի բերված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:   «Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ սեփական երկիրը վերածել թուրքական արբանյակի և ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմում օտարերկրյա զինյալների առկայությունը ճանաչվել է տարբեր երկրների և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Միաժամանակ, հստակորեն ընդգծվել է Թուրքիայի դերակատարումը վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխելու գործում: Արա Այվազյանը հայտնել է նաև, որ Արցախի տարածքում ձերբակալվել են մի քանի օտարերկրյա զինյալներ, որոնք խոստովանական ցուցմունք են տվել: «Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններ»,- նշել է նա:
15:14 - 27 փետրվարի, 2021
Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում |armenpress.am|

Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, մասնավորապես վերջին ագրեսիայի հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  Նա նշել է, որ դա ակնհայտորեն երևաց, երբ Թուրքիան պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներից Արցախի դեմ ուղարկեց ահաբեկիչների և զինյալների, ինչպես նաև ակտիվորեն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին: «Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Այվազյանը: Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի համար կարող է ընդունելի լինել Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝  նա հայտարարել է, որ բանակցային գործընթացում կարող են մասնակցել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Թուրքիան, որն առանց թաքցնելու հովանավորեց մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, իր զինվորական անձնակազմն ու ռազմական անօդաչուները գործադրեց ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, արդեն ապացուցել է ոչ միայն հակամարտությունում իր ներգրավվածության մակարդակը, այլև այն, թե որքան հետու է բանակցային գործընթացից»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
14:49 - 27 փետրվարի, 2021
Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում է համարում |armenpress.am|

Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում է համարում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանն արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ հետ վերադարձի համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ ռազմագերիների ու գերիների վերադարձը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այդ ուղղությամբ տարվում է համակարգված միջգերատեսչական աշխատանք, և Հայաստանն արդեն կատարել է իր պարտականությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հետ վերադարձնելով ռազմագերիներին: «Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերի պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն մի քանի ռազմագերիների դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում հորինված մեղադրանքներով: Ադրբեջանի նման վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, այլև խախտում է եռակողմ հայտարարությունը»,- նշել է Արա Այվազյանը՝ հայտարարելով, որ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը առաջնահերթություն է: ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը ռազմագերիներին վերադարձնելու հարցում բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը: «Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել հայ գերիների մի մասին: Այս հումանիտար հարցի հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն ավելի է խորացնում հայ հասարակության ցավը, այլև մարտահրավեր է նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորի, ինչպես նաև առհասարակ միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը:
14:30 - 27 փետրվարի, 2021