Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար։ 

Ծնվել է 1956 թ. ապրիլի 28-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 

1978 թ. -ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ոազմական ուսումնարանը
1991 թ.-ին՝ Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան։

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1991-1992 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար,  ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ 1992-1994 թթ եղել է ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, 1994-1999 թ.՝ ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

1999թ-2000 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2020թ.-ի օգոստոսի 19-ից եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը։ 
2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021 թ․-ի հուլիսի 20-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1994 թ. ստացել է գեներալ-մայորի, 1996 թ․-ին՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի,
ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:
Պարգևատրվել է անվանական զենքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից:
Արցախյան պատերազմի մասնակից է:

ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու. պաշտպանության նախարարը՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու. պաշտպանության նախարարը՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հայտնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը: Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝  ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու։
22:18 - 17 դեկտեմբերի, 2020
Պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

Պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ:    Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ:   Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ծավալներն ավելացել են: Նաև հայտնել է, որ Արցախում ընթացող որոնողական աշխատանքները համակարգում է ՊՆ ներկայացուցիչը, և նշել, որ զինծառայողների հարազատներին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ:
20:22 - 16 դեկտեմբերի, 2020