Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի Հանրապետության գործող վարչապետն է։ Ծնվել է 1982 թվականի հունիսի 28-ին՝ Թբիլիսիում։ Վրացի քաղաքական և պետական գործիչ։ 

Դպրոցական տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտով։ 1998-2002 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական համալսարանում։ 2004 թվականին ավարտել է Փարիզի (Ֆրանսիա) Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի համատեղ հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի մամուլի համատեղ հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։ Երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հայտարարությունների տեքստի ամբողջական սղագրությունը ներկայացվում է ստորև. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի – Պարոն վարչապետ, պատվիրակության անդամներ, ողջունում եմ բոլորիդ։ Ողջունում եմ իմ բարեկամին, իմ գործընկերոջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Վրաստանում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պարոն վարչապետին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Սա, իհարկե, լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։ Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ։ Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ. դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս։ Վրաստանը, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։ Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր հետագա համագործակցության։ Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում։ Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Հենց այդ մասին էլ մենք քննարկում ունեցանք։ Մեր երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։ Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին ժամանման համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և ուրախ եմ հյուրընկալել նրան։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն վարչապետ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Իհարկե, մեր երկրներին, մեր ժողովուրդներին իրար կապում է դարավոր բարեկամությունը, և ես պիտի շարունակեմ վարչապետ Ղարիբաշվիլիի արտահայտած միտքը՝ այսօրվա մեր քննարկումների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մեր խոսակցության մի հսկայական մասը նվիրված էր մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, ինչի վերաբերյալ մենք՝ ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը։ Պիտի ևս մեկ անգամ վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնեմ հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտ շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան։ Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում նորից կակտիվացնենք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Պիտի ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ նախկինում ընդգծվել է. մեր հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, որ մեր երկրները շարունակաբար ի ցույց են դնում իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին, և սա, կարծում եմ, նույնպես՝ մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Այնուամենայնիվ, ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։ Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորությունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։ Պիտի արձանագրեմ, որ նաև կորոնավիրուսի համավարակի համատեքստում մեր մասնագետները բավական ակտիվ համագործակցել են և շարունակում են համագործակցել։ Այստեղ էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու մեր կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Իհարկե, մեր հարաբերությունների համար չափազանց կարևոր գործոն է Վրաստանում հոծ հայկական համայնքի ներկայությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանի հայությունը՝ որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացիներ, պետք է շարունակեն ծառայել, լինել կարևորագույն առանցքային գործոն Վրաստանի կայունության, միասնության, զարգացման գործում, և սա այն դիրքորոշումն է, որը մենք ունենք, արտահայտում ենք։ Նաև պիտի շնորհակալութուն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական։ Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և կարծում եմ՝ նաև ժամանակը դա ցույց տվեց։ Մեր համագործակցության օրակարգը շատ լայն է, և ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք պայմանավորվեցինք, որ պիտի ավելի շատ կենտրոնանանք արդյունքների վրա, որպեսզի մեր քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կոնկրետ թվերով արտահայտություն ունենա տնտեսության ամենատարբեր ոլորտներում։ Շնորհակալ եմ։
20:30 - 08 սեպտեմբերի, 2021
Մեզ համար մեծ կարևորություն ունի տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի կայունությունը․ Ղարիբաշվիլի |armenpress.am|

Մեզ համար մեծ կարևորություն ունի տնտեսական և քաղաքական ոլորտներում Հայաստանի կայունությունը․ Ղարիբաշվիլի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային համագործակցությանը և տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։ Ղարիբաշվիլին նշեց, որ Վրաստանի համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ «Այդ ամենն անմիջապես կապված է մեր երկրի կայունության հետ։ Համապատասխանաբար, մեր տարածաշրջանային նպատակները երեքն են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։ Ինչպես հայտնի է, Վրաստանը Հարավային Կովկասում միշտ եղել է խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, որոշ ժամանակ առաջ դա գործով ապացուցեցինք։ Մի քանի ամիս առաջ 3 երկրի առաջնորդներով՝ Վրաստանի և, հատկապես, իմ միջնորդությամբ, պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։ Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ մեդիատոր միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է»,- ասաց Ղարիբաշվիլին։ Նա շեշտեց, որ Վրաստանը պատրաստ է նոր համագործակցության գաղափարներ, նոր նախագծեր քննարկել։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի առաջնորդները քննարկել են նաև հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապերի հետ, այդ թվում՝ խոսել են Փաշինյանի մասշտաբային նախագծերի մասին։ «ՀՀ վարչապետի հետ խոսել ենք նաև զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի ոլորտների մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք մենք քննարկեցինք և որոնց շուրջ ունենք լրիվ նույն պատկերացումները։ Ցանկանում եմ ասել, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ, ինչի մասին նույնպես քննարկում ունեցանք։ Այդ ներուժը պետք է ամբողջությամբ օգտագործվի։ Տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարում բազմաթիվ հակամարտություններ են եղել, որոնք լուծելու մեր ընդհանուր տեսլականն ու ջանքը պետք է լինի այն, որպեսզի փուլերով հնարավորություններ ստեղծվեն տարածաշրջանի համար։ Մենք հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել»,- նշեց Ղարիբաշվիլին։
17:21 - 08 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան |armenpress.am|

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը կդառնա  ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործ ընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում: «Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։ Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,-  ասաց վարչապետ Փաշինյանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասաց Ղարիբաշվիլին։
15:50 - 08 սեպտեմբերի, 2021
Պետք է աջակցենք իրար՝ մեր պետությունների զարգացումն ապահովելու գործում. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Պետք է աջակցենք իրար՝ մեր պետությունների զարգացումն ապահովելու գործում. կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Վրաստանի կառավարության ղեկավարը ժամանել է Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վրաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, սիրելի Իրակլի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Վերջին շրջանում կորոնավիրուսի պատճառով մեր շփումները բարձր մակարդակով մի փոքր դանդաղել էին։ Ուրախ եմ, որ հիմա վերականգնում ենք բարձր մակարդակի փոխայցերը։ Երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ լայն է՝ սկսած տրանսպորտային կոմունիկացիաներից, ավարտած էներգետիկայով, հաղորդակցության ուղիներով։ Իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարը նույնպես մեր համատեղ օրակարգի կարևոր հարցերից է։ Մեր երկրների քաղաքական հարաբերություններն ավանդաբար ջերմ են և հիմնված են մեր ժողովուրդների, երկրների պատմական բարեկամության և եղբայրության վրա։ Մեր օրակարգում, կարծում եմ, ունենք և պետք է քննարկենք նաև տարածաշրջանի իրադրությանը և հեռանկարներին վերաբերող հարցեր, փորձենք համադրել մեր պատկերացումները՝ իհարկե, մեր ավանդական կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ուղղություներով խորացնելու համար։ Եվ, իհարկե, մեր երկրներն ու ժողովուրդները պետք է աջակցեն իրար՝ մեր պետությունների բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու գործում։ Կրկին ողջունում եմ Ձեզ և համոզված եմ, որ այսօր մենք արդյունավետ բանակցություններ կունենանք»։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել. «Պարոն վարչապետ,ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ հանդիպելը։ Դուք հիշատակեցիք կորոնավիրուսի համավարակը, դա բոլոր երկրներին և ժողովուրդներին անդրադարձավ։ Չնայած դրան՝ ես մեծ պատվով և հարգանքով եկա և հյուրընկալվեցի։ Մեր ժողովուրդների միջև, ինչպես գիտենք, բարեկամական կապեր են, ոչ միայն զուտ հարևանային։ Մեր հարաբերություններն ու բարեկամությունն ունեն դարերի պատմություն, և մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղություն, կայունություն, զարգացում։ Դուք հիշատակեցիք նաև մեր այսօրվա օրակարգը, որը կարող է լինել բազմակողմանի։ Մենք պետք է քննարկենք՝ ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ էլ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով։ Եվս մեկ անգամ նշեմ՝ այստեղ գտնվելն ինձ համար մեծ պատիվ է։ Վստահ եմ, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի։ Շնորհակալություն»։ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը: Զրուցակիցները ևս մեկ անգամ գոհունակությամբ փաստել են հայ-վրացական հարաբերությունների դարավոր բարեկամական բնույթը, որն ամուր հիմք է բարեկամության և փոխշահավետ գործակցության խորացման համար: Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հարցին և փոխանակվել դրանց վերացման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ տեղեկատվությամբ:
17:55 - 12 մայիսի, 2021
ՀՀ-ն ընդգծել է Վրաստանի հետ տարածաշրջանային տրանսպորտային ուղիների, տարանցման ներուժի զարգացման կարևորությունը. Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ն ընդգծել է Վրաստանի հետ տարածաշրջանային տրանսպորտային ուղիների, տարանցման ներուժի զարգացման կարևորությունը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում: Նա ուրախություն հայտնեց Վրաստանի իր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվելու համար: «Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է երկու պետությունների գործընկերությունը: «Վրաստանում բնակվող հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որը էլ ավելի ամուր է կապում է մեր երկու երկրներին: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կառուցողական որակելով Վրաստանի կառավարության հետ հաստատված երկխոսությունը:Վարչապետների հանդիպմանն անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: «Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից մասնավորապես նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը: Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերը: Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,-ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
17:00 - 12 մայիսի, 2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան

 |armenpress.am|

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացանք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 10-ին ստորագրած որոշումից, որը հրապարակվել է կառավարության կայքում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի և Զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է ապահովել Բյուրականի աստղադիտարանի տարածքի մասնակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացումը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
19:53 - 10 մայիսի, 2021
Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը |azatutyun.am|

Բաքվում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը Ադրբեջանի հետ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները, այսօր Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ադրբեջանի առաջնորդն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ «Այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ Եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման ու համագործակցության համար», - ասել է Ալիևը։ 3500 կիլոմետրանոց այդ խողովակաշարը անցած տարվանից ադրբեջանական գազը հասցնում է Եվրոպայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով, նվազեցնելով Արևմուտքի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։
16:17 - 05 մայիսի, 2021
ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր առաջնահերթությունն է. Ղարիբաշվիլի
 |tert.am|

ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր առաջնահերթությունն է. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր առաջնահերթությունն է, այն այնքան կարևոր է, որ նույնիսկ արտացոլվում է մեր սահմանադրության մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Грузия Онлайн պորտալը:Ղարիբաշվիլին նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկ և բովանդակային օրակարգը և ինտեգրման գործընթացը:Իրակլի Զարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները՝ անդամակցությանը նախապատրաստվելու համար, և երկիրը դաշինքի ամենամոտ, հուսալի և փոխադարձ համատեղելի գործընկերներից է:
22:22 - 17 մարտի, 2021
Վրաստանի խորհրդարանը հաստատեց Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության նոր կազմը |factor.am|

Վրաստանի խորհրդարանը հաստատեց Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության նոր կազմը |factor.am|

factor.am: Վրաստանի խորհրդարանը 89 «կողմ» և երկու «դեմ» ձայներով վստահություն հայտնեց Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նախարարների կաբինետի նոր կազմին։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։ Նոր նախարարների կաբինետին վստահություն հայտնելուն զուգահեռ՝ Վրաստանի խորհրդարանը նաև վստահություն հայտնեց կառավարության ծրագրին՝ «Եվրոպական պետություն կառուցելու համար»: Ղարիբաշվիլիի ներկայացրած ծրագրի հիմնական առաջնահերթությունները տնտեսական ճգնաժամի լուծումն է, առողջապահական և պետական ​​հաստատությունների հզորացումը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:  Վարչապետի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այդ պաշտոնին առաջադրել էր երկրի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
11:42 - 23 փետրվարի, 2021