Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ․ԱԳՆ

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով այսօր Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը:
23:07 - 08 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու պարտավորության խախտում էր. ԱԳ նախարարը՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու պարտավորության խախտում էր. ԱԳ նախարարը՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ, ԵԽԽՎ-ում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Կիմո Կիլյունենին և Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը՝ նշելով, որ այս ոլորտներում առանցքային բարեփոխումներ իրականացնելու գործում ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների, մասնավորապես՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Հայկական կողմն ընդգծել է, որ ԵԽ-ին անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են բացառապես խաղաղ միջոցներով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած այս պարտավորության բացահայտ խախտում էր։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ Արցախում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է 2021թ. ապրիլին հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում կայացած ընթացիկ քննարկումը և 2021թ. սեպտեմբերին պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցի ընդունումը: Ընդգծվել է նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը:
09:25 - 05 նոյեմբերի, 2021
Վահե Գևորգյանը հայտնեց առաջիկայում Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հնարավոր նոր հանդիպման մասին |armenpress.am|

Վահե Գևորգյանը հայտնեց առաջիկայում Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հնարավոր նոր հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` մոտ ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստան-Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար: Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արդյունքներ կան:  «Կարծում եմ` ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ արտգործնախարար-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ առանձին հանդիպումն էր, որին հետևեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Կարծում եմ, այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկման համար»,- ասաց Գևորգյանը:
12:59 - 04 նոյեմբերի, 2021
Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում․ ՀՀ ԱԳ նախարար

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում․ ՀՀ ԱԳ նախարար

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում: Այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել  է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․ -Ինչպիսի աշխարհաքաղաքական վիճակում է գտնվում Հայաստանը 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց: Ինչպե՞ս եք տեսնում տարածաշրջանի ապագան: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։  Թեև նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից վերոնշյալ հայտարարությամբ ստանձնած որոշ հանձնառությունների չկատարմամբ, մասնավորապես՝ որոշ դրույթների աղավաղմամբ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառությամբ, ինչպես նաև ռազմատենչ ու ծավալապաշտական հռետորաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով և ուժի կիրառման նոր սպառնալիքով: Ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին մենք առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով: Ցավոք, երրորդ երկրների կողմից այս վարքագծի, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանության խրախուսումը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։ Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է իր ջանքերը տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։ Մեր երկրի  կառավարության ծրագրում հստակ արձանագրված է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ ներդրում ունենալու պատրաստակամությունը: Վստահ եմ, որ մյուս երկրների կողմից  համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և կառուցողական քայլերի իրականացման պարագայում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ վերոնշյալ օրակարգի շուրջ ակտիվ քննարկումներ սկսելու համար։ -Այս տարվա սեպտեմբերին՝ երկար դադարից հետո, Նյու Յորքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Արդյո՞ք սա նշանկում է, որ խաղաղ գործընթացը վերսկվել է, ի՞նչ հեռանկարներ կան այս առումով:  Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։  Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:  Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ  կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։  -Արդյո՞ք Ֆրանսիան և ԱՄՆ այսօր որևէ իրական դերակատարութուն ունեն հակամարտության կարգավորման գործընթացում: Պատերազմից հետո ՄԽ-ի համանախագահող երկրների դիրքորոշման մեջ արդյո՞ք որևէ փոփոխութուն է նկատվում՝ համեմատ պատերազմից առաջ նրանց կողմից որդեգրված կեցվածքին։ -Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ հանդիսանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամներ, մշտապես իրենց կարևոր դերակատարությունն են ունեցել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։ 44-օրյա ագրեսիայի ընթացքում համանախագահ երկրները ջանքեր են գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, ինչի արդյունքում հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 17-ին՝ Ֆրանսիայի և հոկտեմբերի 25-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ հակամարտության գոտում հրադադար է հաստատվել, որը, սակայն, խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։  Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները, ինչպես նաև՝ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարություններով, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանը, տեղում ստեղծված մի շարք հումանիտար խնդիրների հասցեագրմանը։ Այս համատեքստում հիշեցնեմ 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։  Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։ Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանը: -Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյո՞ք տեսանելի ապագայում կարելի է այս առումով զարգացումների սպասել: -Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։  Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։ Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։  Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում:  -Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է ռազմական առումով սերտ համագործակցել ՌԴ-ի հետ և միևնույն ժամանակ բացվել դեպի Եվրոպա։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները արձանագրված են կառավարության ծրագրում։ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշելու, մենք ունենք դաշնակցային հարաբերություններ, և մեր բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև  տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։ Միևնույն ժամանակ,  Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:  Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործացության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։ Արևելյան գործընկերությունը նույնպես համագործակցության շատ կարևոր և ամուր հարթակ է, և մենք շարունակում ենք մեր ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։  -Ի՞նչ զարգացում են ապրում Հայաստան-Իրան հարաբերությունները:  Մեր երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ:  Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ  ոլորտներում շահավետ համագործակցությունը։  Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն,  կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն  վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար: Ի՞նչ փուլում են հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ ընթացող բանակցությունները։ -Մեզ համար շարունակում է առաջնային խնդիր մնալ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը: Կրակի դադարեցումից հետո Հայաստան են վերադարձել 100-ից ավելի գերիներ: Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին: ՀՀ-ն հետևողական աշխատանք է տանում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ: Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին, իսկ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, խորհրդարանականներ տասնյակ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ (Human Rights Watch, Freedom House) բարձրաձայնել են խնդիրը։  Հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում։ Նշեմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իրավական այս գործընթացին։   -Ի՞նչ ակնկալիքներ ունենք հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման առումով:  Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային առնչությունների և բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ  հարաբերություններ։ Ֆրանսիայի հետ առկա է բարձրաստիճան քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, որն ակտիվ է նաև օրենսդիր մարմինների և տեղական իշխանությունների մակարդակով։ Մեր երկու երկրների միջև  բազմաոլորտ համագործակցությունը ներառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, իսկ պատերազմի հետևանքների և համաճարակի դիմակայման համատեքստում նաև՝ հումանիտար փոխաջակցությունը։   Ֆրանսիան առաջատարներից մեկն է Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների առումով։ Հայ-ֆրանսիական համագործակցության կարևոր ձեռքբերումներից է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն իր 20-ամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հայաստանյան շուկայում բարձր որակավորմամբ մասնագետներ պատրաստող դարբնոցի հեղինակություն։     Ֆրանսիան առաջինն է, որ օրենքի ուժով ճանաչե է,  և Հայաստանի կողքին ապրիլի 24-ը որպես հիշատակի ազգային օր ոգեկոչող բացառիկ երկրներից է: Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ֆրանսիան թե' հասցեական հայտարարություններով, թե' պատերազմի հետևանքները հաղթահարելուն ուղղված քայլերով ու համազգային բացառիկ համերաշխությամբ մշտապես մեր կողքին է եղել, որն, ի դեպ, արտացոլվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, ինչպես նաև շուրջ հարյուր շրջանների, դեպարտամենտների և քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման և արցախահայությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներում։ Օրեր առաջ էլ Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող ընդարձակ հատվածներից մեկը, որտեղ տեղակայված են Կոմիտաս Վարդապետի արձանը և Երևանի այգին, անվանակոչվեց Հայաստանի էսպլանադ՝ ի նշան հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և Հայաստանի ու հայ ժողովրդի համար դժվարին փորձություններով լի այս ժամանակաշրջանում՝ ի նշան Ֆրանսիայի սատարման։  Ֆրանսիան որպես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին առանցքային  դերակատարում ոնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, և մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին։ Ֆրանսիայի հետ մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել համագործակցության օրակարգը, ուստի կարող եմ ասել, որ այս հարցում հեռանկարները հստակ են, քանի որ միջպետական ամենաբարձր մակարդակով առկա է մեր ակնկալիքների և պատրաստակամության լիարժեք փոխադարձություն։
18:26 - 03 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակը

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակը

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։Արարատ Միրզոյանը և Էրիկա Օլսոնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներում առկա երկխոսության դրական դինամիկայի առնչությամբ։Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործկացությունը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակում ձեռնարկվելիք համատեղ քայլերին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանում իրականացվող ծրագրերին:Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում․ այդ առումով կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հնգակողմ հանդիպումը:Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:
19:30 - 02 նոյեմբերի, 2021
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր |armenpress.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Նախարարները քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով այն, որ լրանում է լիակատար զինադադարին ուղղված նոյեմբերյան եռակողմ փաստաթղթի մեկ տարին: Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար՝ պահվող անձանց վերադարձի, ականապատ տարածքների քարտեզների տրամադրման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապ խնդիրների լուծմանը: Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել հայ-ռուսական համագործակցության արդիական ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները: Երկու երկրների ԱԳ ղեկավարները փաստել են դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացումը: Նրանք քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցեր:
20:52 - 01 նոյեմբերի, 2021
ԱԳ նախարարը և Հայ Կաթողիկե Եկեղեցու հովվապետը քննարկել են լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրները

ԱԳ նախարարը և Հայ Կաթողիկե Եկեղեցու հովվապետը քննարկել են լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրները

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։
19:55 - 29 հոկտեմբերի, 2021
Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ

Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց օրեր առաջ պաշտոնապես հրապարակված հայտարարությունը, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա նշեց, որ այս պահին եւ առհասարակ քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, եւ նման հնարավոր հանդիպումների արդյունքում կլինի համաձայնեցված որեւէ տեքստի հրապարակում․ Ինչ վերաբերում է վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե նոյեմբերի 9-ին  հանդիպում է լինելու եւ ապա ստորագրվելու է փաստաթուղթ, որտեղ կետեր են լինելու դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ու տնտեսական ուղիների շրջափակման մասին, Միրզոյանը վստահեցրեց, որ նման փաստաթղթերի ստորագրում անշուշտ չի նախատեսվում։ «Իսկ այդ հանդիպումնեը մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն, դրանք եւս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան հումանիտար խնդիրների ամբողջությունը եւ ռազմագերիների, բռնի պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ ազատումը, Ադրբեջանի հսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգության հարցը։ Այդ հանդիպումները հնարավորություն են նաեւ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում, եւ ջանքեր գործադրելու ավելի երկարատեւ կայունություն ու խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Սա է նման հանդիպումներին հաճախելու մեր մոտիվացիան, առաջարկներ կան, բայց մամուլում քննարկվածը նախատեսված չէ»,- շեշտեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ, ընդհանրապես, բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենտ ենթադրում են, բայց, ինչպես վստահեցրեց նա, փակ դռների հետեւում վարվող բոլոր բանակցություններում, խոսակցություններում բոլոր դիրքորոշումները համապատասխանում են իրենց քաղաքական թիմի, վարչապետի հրապարակավ հայտնած դիրքորոշումներին․ «Կհիշեք տարբեր հանդիպումներից առաջ շահարկումները․ ուղղակի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հանգամանքի վրա, թե բազմաթիվ այլ առիթների դեպքում ինչ շահարկումներ են եղել, հետո ինչ հայտարարություններ, եւ թե որքանով են այդ շահարկումները համապատասխանել իրականությանը»։
17:17 - 27 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանը՝ ԿԽՄԿ փոխնախագահի հետ հանդիպմանը

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Միրզոյանը՝ ԿԽՄԿ փոխնախագահի հետ հանդիպմանը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորելով ԿԽՄԿ իրականացրած աշխատանքները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է կազմակերպության առանձնահատկությունը՝ որպես չեզոք, անկողմնակալ կառույցի, որը 1992 թվականից գործունեություն է ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ-ում և Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության իրականացմանը՝ երեք տասնամյակ ի վեր գոյություն ունեցող աշխատակարգի համաձայն: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԿԽՄԿ՝ որպես Արցախում այս պահին ներկա միակ միջազգային կառույցի գործունեության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակչությանն օժանդակություն ցուցաբերելու համատեքստում: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ  շարունակում է առաջնային խնդիր մնալ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը։ Խախտելով Ժնևի կոնվենցիայի և 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել գերիների վերադարձի հարցում։  Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ չնայած հայկական կողմի ներկայացրած ապացույցներին՝ Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում ենթադրելու, որ առկա է բռնի անհետացումների իրավիճակ։ ԿԽՄԿ պատվիրակությունն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու իր օժանդակությունը ՀՀ իշխանություններին՝ հետպատերազմյան իրավիճակում ստեղծված հումանիտար խնդիրները հաղթահարելու նպատակով:
17:57 - 22 հոկտեմբերի, 2021
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, ընդունել հավատարմագիրը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին, ընդունել հավատարմագիրը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ-ի համար նախատեսված 2021-2025 թվականների ծրագրային փաստաթղթին, որը հանդիսանում է սոցիալական ծառայությունների, կրթության, առողջապահության և երեխաների իրավունքների ոլորտներում բավարար առաջընթաց գրանցելուն միտված համապարփակ շրջանակ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցած տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է հակամարտությունից տուժած երեխաների անվտանգության, կրթության և այլ իրավունքների ապահովման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
13:26 - 22 հոկտեմբերի, 2021
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:  ԱԳՆ-ն նշում է, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը:  Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:  Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:
19:52 - 21 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Բրազիլիայի դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարարը և Բրազիլիայի դեսպանն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։ Նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով: «Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԱԳ նախարար Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում: «Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: Քննարկվել են Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։  
19:03 - 20 հոկտեմբերի, 2021
ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

ՄԹ–ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, դեսպանն ասել է ՀՀ ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած շարունակական աջակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ առանձնացնելով առևտրի, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտները որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ:Կողմերը քննարկել են նաև այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրումը և համախմբումը: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը: Դեսպան Գալագերը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: ՀՀ ԱԳ նախարարը նաև կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը:
16:00 - 20 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԵԽ ներգրավումը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:Նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵԽ կողմից տրամադրվող աջակցության հիմնարար դերը: Այս համատեքստում կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:«Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:
20:10 - 18 հոկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 15-ին Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ նախարարները մանրամասն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում։ Հարաբերությունների հետագա զարգացման առումով երկուստեք կարևորվել է բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների իրականացումը։Նախարարները գոհունակություն են հայտնել վերջերս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև Մինսկում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքների կապակցությամբ։ Նշվում է, որ երկուստեք ընդգծվել է տնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, և այդ համատեքստում կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը: Որպես հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, առանձնացվել են բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո տևական և համապարփակ կարգավորման կարևորությունը։
14:53 - 15 հոկտեմբերի, 2021