ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Վերջին տարիներին հնարավոր է դարձել նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը. ԱՆ

Վերջին տարիներին հնարավոր է դարձել նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը. ԱՆ

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով:   Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով:   Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Mycobacterium tuberculosis-ն է: Այն տարածվում է օդային ճանապարհով՝ թոքերի կամ շնչուղիների մանրէազատ տուբերկուլոզով հիվանդ մարդուց, որը հազալիս, խոսելիս կամ փռշտալիս արտազատում է վարակիչ փոքրիկ, 1-5 միկրոն չափերով կաթիլներ, որոնք էլ կարող են օդում մնալ մի քանի ժամ: Երկրագնդի բնակչության մոտ 1/4-ը վարակված է տուբերկուլոզով, և նրանց 1/10-րդի դեպքում կյանքի ընթացքում զարգանում է ակտիվ տուբերկուլոզ:   Տուբերկուլոզի դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որտեղ առանցքային են կանխարգելումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և հարբժշկական միջոցառումները՝ աջակցելու հիվանդին և ընտանիքին` հիվանդության բուժման երկար, երբեմն մինչև 2 տարի տևողությամբ ճանապարհ անցնելու համար:   Վերջին տարիներին մեր երկրում իրականացված հակատուբերկուլոզային արդյունավետ համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել կանգնեցնել և նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը՝ 2020 թվականին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հիվանդության 13.3 դեպք (2010-ի հետ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 37%-ով):   2020 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 1.5 (2010 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 1,7%-ով):   ԱՆ-ից հայտնում են՝ 2020 թվականը մարդկության համար լուրջ մարտահրավեր էր պատրաստել: COVID-19-ի` կորոնավիուսային հիվանդության (COVID-19) համավարակը վտանգներ ու սպառնալիքներ առաջացրեց տուբերկուլոզային ծառայությունների իրականացման ճանապարհին՝ համաշխարհային մակարդակով ազդելով տուբերկուլոզային դեպքերի հայտնաբերման, բուժման կազմակերպման վրա:   Մեր փորձը տուբերկուլոզով պացիենտների շրջանում COVID-19 համավարակի վերաբերյալ առայժմ սահմանափակ է, և հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքն ու հնարավոր բոլոր ելքերը:   Սա հիմք է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և վարակի ռիսկերը նվազեցնելու նպատակով համալիր միջոցառումների և տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաև գիտական հետազոտություններ իրականացնելու համար:  
12:58 - 24 մարտի, 2021
ԱՆ-ն պատվաստանյութերի ազդեցության վերաբերյալ հոդված է հրապարակել

ԱՆ-ն պատվաստանյութերի ազդեցության վերաբերյալ հոդված է հրապարակել

Առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հոդված պատվաստանյութերի մշակման և տարածման մասին: «ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն»,- հայտնում են նախարարությունից: Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։ Մարդու օրգանիզմում կան հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմներից՝ ախտածնից (պաթոգեն), պաշտպանվելու բազմաթիվ եղանակներ: Մաշկը, լորձաթաղանթը և թարթիչները (օտար մասնիկները հեռացնող շնչառական ուղիների մակերեսային թարթչային շերտ) ծառայում են որպես ֆիզիկական պատնեշ՝ առաջին հերթին  հարուցիչների մուտքը մեր օրգանիզմ ներթափանցելու համար: Երբ հարուցիչն ախտահարում է օրգանիզմը, խթանվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այսպես կոչված, իմունային համակարգը, որը հարձակվում և ոչնչացնում է հարուցիչը կամ էլ հաղթում դրան: Օրգանիզմի բնական արձագանքը Հարուցիչը մանրէ, վիրուս, մակաբույծ կամ սունկ է, որն օրգանիզմում կարող է առաջացնել հիվանդություն: Յուրաքանչյուր հարուցիչ բաղկացած է մի քանի մասնիկներից, որոնք սովորաբար բնորոշ են տվյալ հարուցչին և իր հարուցած հիվանդությանը: Հակամարմիններ առաջացնող հարուցչի մասնիկը կոչվում է հակածին (անտիգեն): Հարուցչի հակածնին ի պատասխան արտադրվող հակամարմիններն իմունային համակարգի կարևոր մասն են կազմում: Դրանք համարվում են մեր օրգանիզմի պաշտպանական համակարգի զինվորներ: Յուրաքանչյուր հակամարմին կամ զինվոր հրահանգավորված է ճանաչել կոնկրետ մեկ հակածնի: Մեր օրգանիզմում կան հազարավոր այլ հակամարմիններ: Երբ առաջին անգամ մարդու օրգանիզմը ենթարկվում է հակածնի ազդեցությանը, ժամանակ է պահանջվում, որ իմունային համակարգը արձագանքի և կոնկրետ այդ հակածնի նկատմամբ հակամարմիններ արտադրի:  Այդ ընթացքում անձը ընկալ է հարուցիչը և կարող է հիվանդանալ:   Տվյալ հակածնի նկատմամբ հատուկ հակամարմիններ արտադրելուց հետո հակամարմինները համագործակցում են իմունային համակարգի հետ, որպեսզի ոչնչացնեն հարուցչին և կասեցնեն հիվանդությունը: Մեկ հարուցչի նկատմամբ արտադրված հակամարմինները սովորաբար չեն պաշտպանում այլ հարուցչից, բացառությամբ, երբ երկու հարուցիչ չափազանց նման են, ինչպես զույգ եղբայրները: Երբ օրգանիզմն առաջին անգամ հանդիպած հարուցչի նկատմամբ հակամարմիններ է արտադրում, այն նաև ստեղծում է հակամարմիններ արտադրող հիշողության բջիջներ, որոնք մնում են կենդանի նույնիսկ այն դեպքում, երբ հակամարմինները ոչնչացնում են հարուցչին: Եթե օրգանիզմը մի քանի անգամ է հանդիպում նույն հարուցիչին, հակամարմիններն ավելի արագ ու արդյունավետ են արձագանքում, քան առաջին անգամ, քանի որ հիշողության բջիջներն արդեն պատրաստ են տվյալ հակածնի դեմ արտադրելու հակամարմիններ: Սա նշանակում է, որ հետագայում, եթե մարդը հանդիպում է այդ վտանգավոր հարուցչին, ապա նրա իմունային համակարգը կարողանում է անմիջապես արձագանքել՝ պաշտպանելով  մարդուն հիվանդությունից: Ինչպե՞ս են օգնում պատվաստանյութերը Պատվաստանյութերը պարունակում են կոնկրետ միկրոօրգանիզմի (հակածնի) թուլացած կամ ոչ ակտիվացված մասնիկներ, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան: Նոր պատվաստանյութերը պարունակում են հակածին արտադրելու ծրագիր, ոչ թե հակածին: Անկախ նրանից, թե պատվաստանյութը ստեղծված է հակածնից կամ նա պարունակում է հակածին արտադրելու ծրագիր, այդ թուլացված տարբերակը պատվաստվող մարդու մոտ չի առաջացնում հիվանդություն, սակայն կստիպի իմուն համակարգին արձագանքել այնպես, ինչպես կարձագանքեր տվյալ հարուցչին առաջին ներգործության ժամանակ: Որոշ պատվաստանյութեր պահանջում են բազմակի դեղաչափերի ներմուծում`մի քանի շաբաթ կամ ամիս ընդմիջումներով: Սա երբեմն անհրաժեշտ է երկարակյաց համակարմիններ արտադրելու և հիշողության բջիջներ ձևավորելու համար: Այս կերպ կուտակելով հակածնի նկատմամբ հիշողություն, օրգանիզմը սովորում է պայքարել կոնկրետ հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմների դեմ, որպեսզի հակածնի ներգործության ժամանակ կարողանա արագ ոչնչացնել։ Հավաքական (կոլեկտիվ) իմունիտետ Երբ մարդը պատվաստված է, հավանականությունը մեծ է, որ նա պաշտպանված է տվյալ հիվանդությունից: Սակայն, ոչ բոլորը կարող են պատվաստվել: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց իմուն համակարգը (օրինակ՝ քաղցկեղ կամ ՄԻԱՎ վարակ) թուլացած է կամ պատվաստանյութի որոշ բաղադրիչների հանդեպ ծանր ալերգիա ունեցողները, հնարավոր է չկարողանան ստանալ որոշ պատվաստումներ: Սակայն, այս անձինք կարող են պաշտպանված լինել այն դեպքում, եթե նրանք ապրում են պատվաստվածների միջավայրում: Երբ համայնքի բնակիչների մեծամասնությունը պատվաստված է, հարուցիչը դժվար է շրջանառվում, քանի որ համայնքի մարդկանց մեծամասնությունը նրա նկատմանբ ունի անընկալություն: Հետևաբար, որքան շատ մարդ է պատվաստված, այնքան քիչ հավանական է, որ մարդիկ, ովքեր չեն կարող պաշտպանվել պատվաստումներով, կենթարկվեն վնասակար հարուցիչների ազդեցությանը: Սա կոչվում է կոլեկտիվ իմունիտետ, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ոչ միայն չեն կարող պատվաստվել, այլև կարող են ավելի ընկալունակ լինել այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ ուղղված են պատվաստումները: Ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100% պաշտպանություն, և կոլեկտիվ իմունիտետը նույնպես չի ապահովում լիարժեք պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարող անվտանգ պատվաստվել։ Մինչդեռ կոլեկտիվ իմունիտետի պարագայում այդ մարդիկ էապես պաշտպանված կլինեն՝ իրենց շրջապատող պատվաստված անձանց շնորհիվ:  Պատվաստանյութերը պաշտպանում են ոչ միայն պատվաստված անձանց, այլև համայնքի այն բնակիչներին, ովքեր չեն կարող պատվաստվել: Եթե Դուք չունեք հակացուցում, ապա պատվաստվե՛ք: Պատմության ընթացքում մարդիկ հաջողությամբ ստեղծել են պատվաստանյութեր, կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդությունների դեմ, այդ թվում՝ մենինգիտի, փայտացման, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ: 1900-ականների սկզբին պոլիոմելիտը տարածված էր ամբողջ աշխարհում, հաշմանդամ դարձնելով հարյուր հազարավոր մարդկանց։ 1950-ականներին արդեն ստեղծվել էին երկու արդյունավետ պատվաստանյութ այդ հիվանդության դեմ։ Սակայն, աշխարհի որոշ երկրներում, մասնավորապես` Աֆրիկայում, պատվաստումները դեռևս բավականաչափ լայնորեն չէին կիրառվում, որպեսզի կանխեին պոլիոմիելիտը: 1980-ականներին սկիզբ դրվեց աշխարհում պոլիոմիելիտի արմատական վերացման գործընթացին։  Տասնամյակներ շարունակ բոլոր մայրցամաքներում իրականացվել են պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ՝ ինչպես պլանային, այնպես էլ` զանգվածային արշավների տեսքով: Պատվաստվել են միլիոնավոր մարդիկ։ 2020 թվականի օգոստոսին Աֆրիկա մայրցամաքը ստացել է վայրի պոլիովիրուսից ազատ կարգավիճակի հավաստագիր՝ միանալով աշխարհին, բացի Պակիստանից և Աֆղանստանից, որտեղ պոլիոմիելիտը դեռ չի վերացել։      
17:44 - 23 մարտի, 2021
Լուծվել են որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձերի ուշացման պատճառ դարձած տեխնիկական խնդիրները

Լուծվել են որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձերի ուշացման պատճառ դարձած տեխնիկական խնդիրները

Բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր տեխնիկական խնդիրների պատճառով, բանկային 1 օրվա ընթացքում կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․ «Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք,որ  2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները լուծվել են: Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում»:
15:07 - 23 մարտի, 2021
ՀՀ ԱՆ Անպտղության հաղթահարման ծրագրի ֆինասնավորումը գրեթե երեք անգամ ավելացել է  |armenpress.am|

ՀՀ ԱՆ Անպտղության հաղթահարման ծրագրի ֆինասնավորումը գրեթե երեք անգամ ավելացել է |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակում արդեն ծնվել է 62 երեխա: ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ այս թիվն ավելանալու է, որովհետև ոչ միայն ծրագրի շահառու հղիներ կան, այլև ժամանակ առ ժամանակ ընդլայնվում է նրանց շրջանակը: «Համավարակով, պատերազմով պայմանավորված՝ արտամարմնային բեղմնավորման ընդհանուր գործընթացն ինչ-որ չափով ետ ընկավ: Բազմաթիվ արտամարմնային բեղմնավորումներ կատարվեցին, ստացվեցին սաղմիկներ, սակայն չեն տեղադրվել կնոջ արգանդի խոռոչում՝ պատճառը համավարակն է: 2020 թվականին եղել է 49 տեղադրում արգանդի խոռոչում, բայց 2021 թվականի առաջին ամիսներին արդեն 44 տեղադրում ունենք: Դա պայմանավորված էր տարեսկզբին կորոնավիրուսի որոշակի նահանջով»,- ասաց Նունե Փաշայանը: Նրա խոսքով, այս տարվա համար միայն այս ծրագրի շրջանակում նախատեսված է 917 մլն դրամ, ինչը գրեթե եռակի անգամ ավելին է 2020 թվականի համեմատ: Նախորդ տարի տրամադրվել էր 300 մլն դրամի ծառայություն: Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: 2019-ի վերջին մեկնարկած ծրագրի համար սահմանվեցին շահառուների մի շարք խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ ընդլայնվում են: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքի բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: «Վերջին փոփոխությունը 2021 թվականի փետրվարին էր, ըստ որի, շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների ծողները: Ասեմ, որ այս խմբի վրա չի տարածվում ծրագրով նախատեսված ոչ մի սահմանափակում»,- ասաց նա: Շահառուները կարող են դիմել  5 կենտրոններից որևէ մեկը՝«Fertility center» պտղաբերության կենտրոն, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Շենգավիթ» ԲԿ, «Աստղիկ» ԲԿ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, օգտվել պատճառագիտության ախտորոշման, բուժման ծառայություններից: Անվճար է նախատեսված արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը, երկորրդ փորձն իրականացվում է 50 տոկոս զեղչով, Սերմնավորման վեց փորձը ևս անվճար է: Նունե Փաշայանը նշեց, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշի նվազում է նկատվում: Ներկայում այդ ցուցանիշը կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ: Դրանով պայմանավորված՝ ծնելիության գործակիցը կրճատվել է 1.8 անգամ ՝ համեմատած 1990 թվականի հետ: «Եթե դրան ավելացնենք անպտղության մակարդակը, որ վերջին տվյալներով կանանց մոտ գրանցվել է 14.9 տոկոս, տղամարդկային գործոնով պայմանավորված 9.5 տոկոս, ապա արդեն հասկանում ենք, որ կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև»,- ասաց Նունե Փաշայանը: «Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անպտղության 14.9 տոկոս ցուցանիշն անհանգստացնող է: «Սա բավական բարձր շեմ է համարվում, և կարելի է ասել դեմոգրաֆիկ աղետի առջև ենք կանգնած: Այստեղ շատ կարևորվում է վերարտարդողական բժշկության դերը, որի բարելավման, բացերը լրացնելու համար զգալի աշխատանք պետք է կատարել: Վերարտադրողական բժշկությունը մեզ մոտ քաոտիկ ձևով է զարգանում: Վերջերս բացվեց վերարտադրողական բժշկության ամբիոն, որի ղեկավարը ես եմ, և մենք հիմա փորձում ենք դիմպլոմավորել, վերապատրաստման ծրագրեր իրականացնել»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: Ինչ վերաբերում է անպտղությանը հանգեցնող պատճառներին, ապա մասնագետը նշեց, որ այդ տեսանկյունից Հայաստանում առանձնահատուկ միտումներ չկան: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ տարածված են ձվարանի պոլիկիստոզային համախտանիշը, որոշ չափով նաև ինֆեկցիաները, հորմոնային խանգարումները: «Եթե ժամանակին կարողանանք ախտորոշել և բուժել, ապա այսքան բարդություններ չենք ունենա: Վերջին տարիների ցուցանիշը ցույց է տալիս, որ մեզ մոտ արտամարմնային բեղմնավորման տոկոսը շատ բարձր է: Վերջին տվյալներով մոտ 40 տոկոսի սահմաններում է: Անպտղությանն ուղղված ծրագրերից բացի, կուզենայի կոչ անել նաև պտղաբեր զույգերին մտածեն երեխաներ ունենալու մասին, չսահմանափակվեն մեկով կամ երկուսով»,- հավելեց մասնագետը:
16:05 - 22 մարտի, 2021
Առցանց հանդիպում Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ

Առցանց հանդիպում Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի հետ

Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղեկալ Լենա Նանուշյանի և Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի միջև՝ հայտնում են ՀՀ ԱՆ-ից:   Հանդիպումը միտված էր երկու գերատեսչությունների միջև վերջերս ձևավորված համագործակցության խթանմանը և նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում ձեռքբերված փորձի փոխանակմանը:   Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալն ընդգծել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար:   «Առողջապահության բնագավառում հայ-ուրուգվայական համագործակցության շրջանակների ընդլայնումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների փոխգործակցության զարգացմանը»,- նշել է Լենա Նանուշյանը:   Անդրադառնալով COVID-19 համավարակի շրջանում ծավալված աշխատանքներին` ուրուգվայական կողմը հանդես է եկել հատուկ ռազմավարական նախագծով` ներկայացնելով համավարակի վերաբերյալ զեկույց:   Խոսվել է կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առկա գործելակարգերին, պատվաստմանն ու պատվաստանյութերին առնչվող հարցերի, ծավալվող լաբորատոր աշխատանքների, ինչպես նաև COVID-19-ի բուժման մեխանիզմների մասին:   Միաժամանակ քննարկվել է Ուրուգվայում կիրառվող չինական արտադրության «Սինովակ» պատվաստանյութի արդյունավետությունը: Մասնավորապես ընդգծվել է, որ տեղի մասնագետները դրական են գնահատում պատվաստման գործընթացը:   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առցանց հանդիպումները շարունակական դարձնել` առարկայական քննարկումներ ծավալելու ձևաչափով:
14:43 - 22 մարտի, 2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝  2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%: Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։ Վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) 16.03.2021-ի դրությամբ կազմում է 1.48, ինչը նշանակում է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, մասնավորապես՝ դիմակի կրումը բաց և փակ տարածքներում, ձեռքերի ախտահանումը կամ լվացումը օճառով, ինչպես նաև սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր, ապա մոտակա 7 օրվա ընթացքում կարձանագրվի հիվանդության մոտ 6820 նոր դեպք, ինչը կազմում է այսօրվա բուժում ստացողների մոտավորապես 69%-ը: Հատկապես ուշադրություն է պետք դարձնել փակ կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի կոնտակտավորների հայտնաբերման և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված պահանջների պահպանմանը, մասնավորապես՝ նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում` հերթափոխային սկզբունքով, դրա անհնարինության դեպքում էլ կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
14:03 - 21 մարտի, 2021
Ինչպես են արտադրվում ու ներգործում պատվաստանյութերը, իմացիր ավելին. ՀՀ ԱՆ

Ինչպես են արտադրվում ու ներգործում պատվաստանյութերը, իմացիր ավելին. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ընթերցել Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հոդվածը պատվաստանյութերի մասին:   «Սույն հոդվածը պատվաստանյութերի մշակման և տարածման մասին հրապարակումներից մեկն է (https://www.who.int/.../the-race-for-a-covid-19-vaccine...): ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին` սկսած, թե ինչպես են արտադրվում ու ներգործում պատվաստանյութերը, մինչև ապահով ու հավասար հասանելիություն (https://www.who.int/.../nove.../covid-19-vaccines/explainers): 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ` մշակվում էին COVID-19 հիվանդության դեմ 200-ից ավելի պատվաստանյութ։ Դրանցից առնվազն 52-ը փորձարկվում էին մարդկանց վրա։ Ներկայումս ևս մի քանիսը գտնվում են I/II փուլում (կլինիկական փորձարկումների փուլերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս պատվաստանյութերի մասին մեր բացատրական հրապարակումների շարքը) և առաջիկա ամիսներին կանցնեն III փուլ։ Մանրամասներն այստեղ` https://www.moh.am/#1/3679»  
13:41 - 21 մարտի, 2021
Իրականացվել է ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն. ԱՆ

Իրականացվել է ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն. ԱՆ

Նոր կորոնավիրուսային համավարակը (COVID-19) 21-րդ դարի ամենախոշոր մարտահրավերներից է։ Աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 120 մլն մարդ, մահացել՝ 2.6 մլն: Հաշվի առնելով վարակի հարուցչի փոփոխականությունը` հարց է առաջացնում կորոնավիրուսով պայմանավորված կրկնավարակի հավանականությունը, որի կապակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արձանագրված կորոնավիրուսային վարակի ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն։Հետազոտությունն իրականացվել է ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական արդյունքով 73 անձանց շրջանում, որոնց մոտ հետազոտություններն իրականացվել են 90 օր միջակայքով: Ուսումնասիրված 73 դեպքից 30–ը (41%) արական սեռի են, 43-ը (59%)՝ իգական։ Առավել հաճախ դեպքերն արձանագրվել են 30-39 և 60-69 տարիքային խմբերում: 9 անձ ունեցել է ուղեկցող հիվանդություններ. շաքարային դիաբետ՝ 6 անձ, որից մեկն ունեցել է նաև գայլախտ, քաղցկեղ, սրտամկանի ինֆարկտ, քրոնիկ երիկամային անբավարարություն՝ 1-ական անձ: 73 դեպքից 36-ում (49%) հիվանդության երկու դեպքում պացիենտներն  ունեցել են անախտանիշ՝ թեթև ընթացք։ 29 (40%) դեպքում առաջին անախտանիշ՝ թեթև նախադեպից հետո դիտվել է թոքաբորբով ուղեկցվող 2-րդ նախադեպը։ 7 (10%) դեպքում թոքաբորբով ուղեկցվող առաջին նախադեպից հետո արձանագրվել է անախտանիշ՝ թեթև ընթացքով 2-րդ նախադեպը։ Թոքաբորբ երկու նախադեպերի ընթացքում հաստատվել է միայն 1 (1%) անձի մոտ:Ինչ վերաբերում է կլինիկական պատկերին, ապա ամենահաճախ կրկնվող ախտանշաններն էին 37C0-ից բարձր ջերմությունը (25%), մկանացավը (8%) և հոտի զգացողության կորուստը (5.5%)։ Մնացած ախտանշանների համար համընկնումները չեն գերազանցել 4%-ը։Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից դեռևս սահմանված չէ նոր կորոնավիրուսային վարակի կրկնավարակի ստանդարտ բնորոշումը, հնարավոր չէ պարզել` արդյո՞ք այդ 2 դրական արդյունքներն իրենցից ներկայացնում են երկու տարբեր աղբյուրներից վարակման դեպք, թե՞ վիրուսն ունի օրգանիզմում երկարատև պահպանվելու (թաքնվելու) և հիվանդության ռեցիդիվ առաջացնելու առանձնահատկություն:Ելնելով իրավիճակից՝ առողջապահության նախարարությունը հորդորում է բարձրացնել զգոնությունը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման  անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ՝ կրել դիմակներ, լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել ախտահանիչ միջոցով, ինչպես նաև պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
21:42 - 20 մարտի, 2021
Առողջապահության նախարարությունն արձագանքել է լուրին, թե բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել

Առողջապահության նախարարությունն արձագանքել է լուրին, թե բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել

Առողջապահության նախարարությունն արձագանքել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել:  «Հայտնում ենք`  առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են: Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- ասված է պարզաբանման մեջ:
15:39 - 19 մարտի, 2021