Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան

 |armenpress.am|

Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Ինչպես փոխանցում  է Սենատի պաշտոնական կայքը, քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից: Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայուն, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը, Էլիան Ասսասսին և Գիյոմ Գոնտարը։  Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:
19:52 - 24 նոյեմբերի, 2020
Ֆրանսիական «Ֆոնեթոն»-ից մինչև «Հեռուստամարաթոն 2020». համազգային դրամահավաքը շարունակվում է

Ֆրանսիական «Ֆոնեթոն»-ից մինչև «Հեռուստամարաթոն 2020». համազգային դրամահավաքը շարունակվում է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է Ֆրանսիայի տեղական մարմնի անցկացրած «Ֆոնեթոն»-ի հանգանակված գումարների  և նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում կայանալիք «Հեռուստամարաթոն 2020»-ի ընթացքում հավաքվելիք միջոցների հատկացման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։ Հաղորդագրության մեջ նշված է. «2020 նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն: Չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին՝ հարյուր հազարավոր նվիրատուներ կրկին համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։ Հավաքագրված գումարը հիմնականում ուղղվելու է Արցախի բնակչության ամենահրատապ կարիքներին: Նախատեսվում է իրականացնել 3 միջոցառում՝ Աջակցություն Արցախ վերադարձող մեր հայրենակցներին Արցախ վերադարձող ընտանիքներին կտրամադրվի իրենց կարիքներին համապատասխան աջակցություն: Գյուղատնտեսները կստանան սերմեր, դիզելային վառելիք գյուղ տեխնիկայի համար և այլ անհրաժեշտ օգնություն: «Հայաստան» հիմնադրամը կստանձնի նաև այդ ընտանիքների 1 տարվա կոմունալ ծախսերի վճարումը: Աջակցություն Արցախից տեղահանված բնակչությանը Այն ընտանիքները, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում այս պահի դրությամբ վերադառնալ Արցախ կստանան սննդի և հիգիենիկ պարագաների ամենամսյա ամբողջական փաթեթներ: Վերակառուցում Աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց տները ավերվել են պատերազմի արդյունքում: «Հայաստան» հիմնադրամը մեծապես կնպաստի ենթակառուցվածքների վերականգնմանը: Նշենք նաև, որ «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում սեպտեմբերի 27-ից սկսած Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցով արդեն հավաքագրվել էր ավելի քան 5 մլն եվրո գումար, իսկ himnadram.org կայքի միջոցով ֆրանսիայից նվիրաբերվել է ավելի քան 425 հազար ԱՄՆ դոլար գումար: Նմանատիպ դրամահավաքներ վերջին օրերին տեղի են ունեցել Արևմտյան Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում, իսկ նոյեմբերի 26–ին կայանալու է ավանդական դարձած Հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում: Հաշվի առնելով ետպատերազմական իրավիճակը և հարգելով զոհերի հիշատակը՝ այս տարի Հեռուստամարաթոնը հանդես կգա նոր ձևաչափով: Այն կտևի ընդամենը 4 ժամ և կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, ժամը 4ին (ամերիկյան ժամանակով): Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հեռուստամարաթոն 2020-ի հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և հայրենիքի համար զոհված զինվորների ընտանիքների աջակցմանը: Նպատակն է ֆինանսապես աջակցել այս ընտանիքներին, ապահովել բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ տարրական պարագաներով, ինչպես նաև կազմակերպել տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը: #ArtsakhStrong արշավի առաջին ամսվա ընթացքում ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամն արդեն իսկ հավաքագրել էր գրեթե 80 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախից տեղահանվածներին օգնելու համար, որոնց մեծ մասը ստիպված էր եղել դատարկ ձեռքերով լքել իրենց տները: Հիմնադրամը յուրաքանչյուր նվիրատվություն ուղղում է ամենահրատապ մարդասիրական կարիքներին՝ ապահովելով ժամանակավոր կացարաններ, սնունդ, բժշկական պարգաներ, փոխադրամիջոցներ, և այլն: Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք համախմբված՝ օգնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին վերակառուցել, բարգավաճել և հզորանալ»:
19:12 - 24 նոյեմբերի, 2020
Գրենոբլ-Ալպ մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի ճանաչման վերաբերյալ

Գրենոբլ-Ալպ մետրոպոլի խորհրդի բանաձևը Արցախի ճանաչման վերաբերյալ

Ֆրանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ Գրենոբլ-Ալպ մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ:   «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսը եղանք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) զինվորականների և խաղաղ բնակչության դեմ արգելված զենքերի, մասնավորապես, կլաստերային զենքերի, անօդաչու թռչող սարքերի և ֆոսֆորային ռումբերի գործածմամբ ադրբեջանա-թուրքական դաշինքի վարած 43-օրյա պատերազմին, որը կանգ առավ 2020 թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Ցավոք, միայն հրադադարի այս համաձայնագրով չի լուծվում Լեռնային Ղարաբաղի հայության հարցը:   Հիշեցնենք, որ Արցախը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ. Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ․-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերադարձնել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, անխնա պատերազմ սկսեց նրա դեմ: Միջազգային հարթակում ստեղծվեց Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու համար գտնել խաղաղ լուծում, ցավոք՝ ապարդյուն։   Իրենց կեղեքողից փախչելով՝ բոլորովին անօգնական խաղաղ բնակիչները գաղթի ճամփան բռնեցին դեպի Հայաստան: Արցախի տարածքը գրեթե կիսով կրճատվել է: Հիվանդանոցներն ու բուժկետերը խիստ ծանրաբեռնված են և այլևս համապատասխան քանակությամբ դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ չունեն հատկապես COVID-ի համաճարակից ստեղծված իրավիճակում, երբ թեստավորված անձանց 50%-ը վարակակիր է: Սա մարդասիրական աղետ է Արցախի Հանրապետության գրեթե ողջ 150.000 տեղահանված բնակիչների համար:   Սփյուռքի և հատկապես Ֆրանսիայի հայերը համախմբված կերպով օժանդակության ալիք բարձրացրեցին՝ հավաքելով դրամական օգնություն և դեղորայք, սակայն ավիափոխադրումները բավականին թանկ են, իսկ կարիքներն օրեցօր ավելի ու ավելի են մեծանում:   Մետրոպոլը երկար տարիներ ի վեր ընդհանուր պատմություն ունի հայազգի ֆրանսիացիների կամ Հայաստանի հետ (հումանիտար օգնություն, համագործակցություն, մշակութային միություններին աջակցություն): Բացի այդ, մեր տարածքի գրավչությունն ու էությունը միշտ կրել են օգնության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներ:   Ադրբեջանի նոր տարածքային նկրտումներից Արցախին մնացած տարածքները մեկընդմիշտ պաշտպանելու և մեր շրջանի տարածքում և ամբողջ Ֆրանսիայում առաջ եկած զորակցության ոգուն արձագանքելու համար Մետրոպոլի խորհուրդը՝   Հայցում է կառավարությանը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ որպես իր բնակչության անվտանգության և տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական»,- ասված է բանաձևում:
16:38 - 24 նոյեմբերի, 2020
Դեսին-Շարպիո քաղաքը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Դեսին-Շարպիո քաղաքը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ֆրանսիական Դեսին-Շարպիո քաղաքը բանաձև է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիացի վարձկանների աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի արտասովոր հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ հայ բնակչության դեմ: Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս տարածքը, որ քրիստոնեության բնօրրանն է, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: 1921 թ.-ին Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն կցվել է Ադրբեջանին: 1988 թ-ից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, անմիջապես ճանաչում ստացան: Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցն անցնում է միայն իր բնակիչների ապագայի սահմաններից: Եվ բոլորը դա պետք է գիտակցեն։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց ցավալի զինադադարը, և չնայած որ մենք ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը հանդես եկավ մարտերը դադարեցնելու կոչով, այնուամենանիվ մենք ցավում ենք, որ վերջինս, ինչպես նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն չմիջամտեցին՝ կանգնեցնելու նվաճողական Ադրբեջանին, որի նպատակը հայ բնակչության դեմ կրկին հանցագործություններ կատարելն է և Արցախի տարածքները աստիճանաբար զավթելը: Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում: Ուստի մենք ցավով ենք արձանագրում Արցախի տարածքների կորուստը ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի արդյունքում: Հետևաբար, Դեսին-Շարպիյոյի քաղաքային խորհուրդը արտահայտում է հետևյալ կոչը. Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես իր բնակչության անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ կայունության գրավական, մասնակցություն միջազգային մարդասիրական օգնության ալիքին՝ բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը»:
12:52 - 24 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ  |armenpress.am|

Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով որ Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։ «Հանրապետության Նախագահի և Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարի խնդրանքով Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչությանը: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային իրավիճակների և աջակցության կենտրոնի կողմից ղեկավարվող կոմիտեի շրջանակներում համակարգվող սույն միջոցառումը մոբիլիզացնում է պետությանը, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաներին, «Coordination Sud»-ի շրջանակներում համախմբված մարդասիրական կազմակերպություններին, բիզնես հիմնադրամներին և հիվանդանոցներին: Այն հիմնված է երեք առանցքների վրա:   1/ Վերջին շաբաթների ընթացքում իրականացված առաջին արտակարգ գործողություններին հաջորդիվ, որոնք կայանում էին վիրաբույժներ և բժշկավիրաբուժական սարքավորումներ Հայաստան ուղարկելում, կազմակերպվում են բազմաթիվ մարդասիրական չվերթներ: Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր [կիրակի] կեսօրին ժամանել է Երևան: Այն Երևան է փոխադրում Ֆրանսիայի իշխանությունների կողմից ստանձնած միջոցներ` շտապ բուժօգնության սարքավորումներ, մասնավորապես, շարժական բուժկետ, որը հնարավորություն է ընձեռում սպասարկելու 500 անձի, ինչպես նաև ծածկոցներ և հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին: Երկրորդ ինքնաթիռն արդեն իսկ նախատեսված է նոյեմբերի 27-ին, որի բեռը կհամախմբի պետական ռեսուրսներ, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես, Ազնավուր հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ:   2/ Ի շարունակություն հոկտեմբեր ամսից միմյանց հաջորդած բժշկական առաքելություններին, աշխատանքի երկրորդ առանցքը վերաբերում է երկու երկրների բուժհաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Վերջինս կդյուրացնի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությունը: Ֆրանսիայում արդեն իսկ մոբիլիզացված են Փարիզի և Մարսելի հիվանդանոցներն ու Լիոնի հոսպիտալները:     3/ Երրորդ առանցքը նպատակ ունի աջակցել մարդասիրական կազմակերպությունների կամ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Ֆրանսիան ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրի տեղում գործող այս կառույցներին:   Ի վերջո, տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից որոշներն արդեն իսկ ակտիվորեն աջակցում են Հայաստանում իրականացվող նախագծերին, հրավիրվել են իրենց ներդրումն ունենալու այս համակարգի երեք առանցքներում: Գործարկված մարդասիրական օգնության սույն համակարգն արձագանքում է վերջին շաբաթների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մնում է նաև լիովին մոբիլիզացված սույն հակամարտության տևական լուծմանը հանգելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
21:30 - 23 նոյեմբերի, 2020
Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար |hetq.am|

Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար |hetq.am|

hetq.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի առաջարկը, որը Ֆրանսիայի Հանրապետության Սենատը քվեարկության է դնելու նոյեմբերի 25-ին, իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Այն զուտ բանաձեւ է, ոչ թե օրինագիծ եւ «հրավիրում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։ Նման կոչ-հրավերի հիմքում, ըստ բանաձեւի, բազմաթիվ հանգամանքեր են ընկած, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունն ապահովելու անհրաժեշությունը, որոնք չեն երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Չնայած այն Ֆրանսիայի նախագահի կողմից պարտադիր ստորագրման  ենթակա չէ, սակայն, ըստ մեր աղբյուրի, մեկ քայլ առաջ է Արցախի միջազգային ճանաչման գործում։ Մինչ այս ֆրանսիական տարածքային կառավարման մի շարք մարմիններ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետարանը, ճանաչել են Արցախի անկախությունը։ Եվ եթե կա աշխարհաքաղաքական կշիռ ունեցող մի երկիր, որը հնարավոր է ճանաչի Արցախի անկախությունը, դա Ֆրանսիան է։   Բանաձեւում հատուկ շեշտվում է Թուրքիայի ունեցած բացասական դերը սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններում՝ ինչպես ցուցաբերած ռազմական աջակցության, այնպես էլ սիրիացի ահաբեկիչների ներգրավման միջոցով։ Սենատը կոչ է անում Էմանուել Մակրոնի կառավարությանը՝ պահանջել միջազգային հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում մասնավորապես քաղաքացիական բնակչության դեմ, ինչպես նաև միջազգային օրենսդրությամբ արգելված զենքերի օգտագործմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ եւ ձեռնարկել հնարավորը, որպեսզի հակամարտության բանակցային և տևական կարգավորման շուրջ քննարկումները, որոնք կապահովեն 1994 թ. սահմանված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, կարողանան անհապաղ վերսկսվել Ֆրանսիայի համանախագահած Մինսկի խմբի շրջանակներում։ Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն արդեն իսկ հատարարել է, որ Ֆրանսիան, համատեղ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, կգործադրի բոլոր ջանքերը՝ պաշտպանելու ԼՂ մշակութային ժառանգությունը: «Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- իր թվիթերյան հաշվում գրել էր Էմանուել Մակրոնը:   Իսկ երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:10 - 23 նոյեմբերի, 2020
Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ |1lurer.am|

Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 մլն եվրոյի խոստում-նվիրատվություն. «Հայաստան» հիմնադրամ |1lurer.am|

1lurer.am:  «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ նոյեմբերի 22-ին հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: «Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին հաջակցություն հայրենիքի և արցախահայության:   Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։   Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով:   Մանրամասների համար զանգահարեք 0 809 54 26 26»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:    
14:43 - 23 նոյեմբերի, 2020
Մեծ քսանյակի երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը |hetq.am|

Մեծ քսանյակի երկրները մտադիր են ապահովել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդար բաշխումը |hetq.am|

hetq.am: Մեծ քսանյակի երկրների առաջնորդները առցանց գագաթնաժողովի ժամանակ խոստացել են ջանքեր չխնայել, որպեսզի ապահովվի կորոնավիրուսի պատվաստանյութի, դեղամիջոցների և թեստերի արդար բաշխումը երկրագնդի վրա։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Մեծ քսանյակի (G20) տարածած հաղորդագրությանը։ «Մենք ընդունում ենք մասշտաբային պատվաստման դերը որպես գլոբալ հանրային բարիք»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները միտված են աջակցելու աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարի հարցում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է, որ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել այն սցենարից, երբ միայն հարուստ երկրները կկարողանան պաշտպանվել վիրուսից և վերագործարկել բնականոն կենսպայմանները, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել մինչև 2020 թվականի վերջ ներդնել 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հասանելիությունն արագացնելու գործընթացում։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:50 - 22 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան սկսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացումը. ԱԳՆ |tert.am|

Ֆրանսիան սկսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերին աջակցություն տրամադրելու ծրագրի իրականացումը. ԱԳՆ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի իշխանությունները հավանության են արժանացրել և սկսում են իրականացնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած հայերին լայնամասշտաբ օգնություն տրամադրելու ծրագիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հրամանագրով Ֆրանսիան սկսում է կյանքի կոչել ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված համակարգված ջանքերը: Օգնության համակարգի շրջանակներում, որը ղեկավարելու են հատուկ հանձնաժողովն ու ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը, կմոբլիզացվեն պետական կառույցները, Հայաստանի հետ համերաշխության ասոցիացիաները, հումանիտար ասոցիացիաները, որոնք ընդգրկված են Coordination Sud կազմակերպության կազմում»,- ասվում է ֆրանսիական գերատեսչության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ օգնությունը տրամադրվելու է երեք ոլորտներում: Առաջին ոլորտը վերաբերում է բժշկական օգնությանը: «Վիրաբույժների և բժշկական սարքավորումների տեսքով առաջին շտապ օգնության ուղարկումից հետո այժմ նոր ավիաչվերթների ամբողջական շարք կիրականացվի: Նման ինքնաթիռներից մեկը կիրակի արդեն ժամանել է Երևան: Այն բժշկական իրեր, մասնավորապես՝ 500 մարդու համար նախատեսված դաշտային շարժական հիվանդանոց, ինչպես նաև ծածկոցներ, հիգիենայի պարագաներ է հասցրել»,- հայտնում է աղբյուրը: Երկրորդ ինքնաթիռի չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին: Այն տեղ կհասցնի սոցիալական նշանակության ապրանք, այդ թվում՝ Ազնավուրի հիմնադրամի և Հայերին աջակցության հիմնադրամի կողմից: Աջակցության երկրորդ ոլորտը կլինի երկու երկրի միջև հիվանդանոցային համագործակցության ուժեղացումը, ինչը կֆինանսավորվի ֆրանսիական ԱԳՆ-ի կողմից: «Զվարթնոց» օդանավակայանն էլ տեղեկացրել է, որ արեն Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։
21:25 - 22 նոյեմբերի, 2020
Ադրբեջանն Արցախի տարածքը դիտարկելու համար օգտագործել է ֆրանսիական արտադրության արբանյակ

Ադրբեջանն Արցախի տարածքը դիտարկելու համար օգտագործել է ֆրանսիական արտադրության արբանյակ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմի եւ Ադրբեջանի սպառազինությունները, ինչպես նշում են փորձագետները, թե՛ քանակապես, թե՛ հզորությամբ, եղել են անհամեմատելի։ Արցախում ընթացած 5-րդ սերնդի այս պատերազմի ժամանակ օգտագործվեցին գերժամանակակից միջոցներ, այդ թվում՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ, գերձայնային կործանիչներ եւ այլն․ 45 օրերը որակվեցին որպես վերջին տասնամյակներում տեղի ունեցած աննախադեպ ռազմական գործողություններ։ Պատերազմի ընթացքում ունեցած հաջողությունների մասին փաստերը կողմերը ներկայացրել են հիմնականում տեսանկարահանումների միջոցով։ Հայկական կողմը միայն վերջին օրերին էր սկսել նկարահանումներն իրականացնել ԱԹՍ-ների միջոցով։ Հակառակորդի պարագայում պատկերն այլ էր․ առաջին իսկ օրերից Ադրբեջանը ակտիվ կերպով օգտագործել է ԱԹՍ-ներ՝ հետախուզական տվյալներ ստանալու եւ նկարահանումներ անելու համար։ Սակայն հետախուզության համար օգտագործված ԱԹՍ-ները միակ սպառնալիքը չէին Արցախի տարածքը դիտարկելու եւ ճշգրիտ տեղադիրքեր ստանալու համար։ Ադրբեջանի «զինանոցում» հետախուզություն իրականացնելու, ճշգրիտ կոորդինատներ ստանալու եւ նկարահանումներ իրականացնելու համար կա նաեւ այլ գործիք՝ արբանյակ։  Ադրբեջանն ունի երեք արբանյակ, որոնցից մեկի միջոցով կարողանում է տեսնել ինչպես մեր դիրքերում, այնպես էլ թիկունքում իրականացվող ցանկացած շարժ։ Ադրբեջանական Azercosmos արբանյակային ընկերությունը հիմնադրել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ 2010 թվականին՝ հեռահաղորդակցային նպատակով։ Ադրբեջանական առաջին արբանյակը եղել է Azerspace-1-ը, որն ընդգրկել է Եվրոպան, Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը, Կենտրոնական Ասիան եւ Կովկասը։ Նախատեսված է եղել ռադիոյի եւ հեռուստատեսային հեռարձակման ծառայությունների մատուցման համար։ Երկրորդը եղել է Azerspace-2 արբանյակը (գործում է 2018 թ-ից), որի գործառույթները նույնպես տրամագծորեն չեն տարբերվում նախորդից։  2014 թվականին Ադրբեջանը Ֆրանսիայից գնել է եւս մեկ արբանյակ՝ Spot7-ը, որը հետագայում վերանվանվել է Azersky, դրա միջոցով էլ իրականացրել է տարածքների դիտարկումը եւ անհրաժեշտ նշանակետերի տեղորոշումը։ Ինչ է Azersky-ը Ադրբեջանական Azersky արբանյակը նախատեսված է Երկրի դիտման համար։ Azercosmos արբանյակային ընկերությունը ֆրանսիական Airbus Defense and Space ընկերության հետ կնքել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ Ադրբեջանը գնում եւ շահագործում է Spot 7 արբանյակը։ Ըստ պայմանագրի՝ երկու կողմերի համագործակցությունը նախատեսում է նաեւ ադրբեջանական Azersky եւ ֆրանսիական Spot-6 արբանյակների համատեղ շահագործում եւ արբանյակային որակյալ նկարահանումների համատեղ ստացում, ինչը նշանակում է, որ երկրագնդի ցանկացած կետ ամեն օր կարող է դիտվել բարձր որակով։ Սա հաստատել է նաեւ Azercosmos-ի կոմերցիոն գծով գլխավոր տնօրեն Դեն Ռադուն։ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհ, նկարը՝ Azersky արբանյակից Լուսանկարն արվել է Azersky արբանյակից։ Արբանյակը ֆրանսիական Spot-6-ի հետ համատեղ կարող է նկարել օրական 6 մլն քառակուսի կիլոմետր տարածք, որը Հայաստանի տարածքից ավելի է մոտ 201 անգամ։ Պայմանագրային համագործակցությունը նախատեսում է ոչ միայն տվյալների համատեղ մշակում եւ միմյանց փոխանցում, այլեւ մասնագետների պատրաստում եւ հմտությունների փոխանակում։  Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում հակառակորդը դիտարկել է մեր տեղանքը, ստացել անհրաժեշտ կոորդինատները՝ հենց այս արբանյակի շնորհիվ։ Մարտավարատեխնիկական բնութագրի համաձայն՝ արբանյակը կարող է Հայաստանի եւ Արցախի տարածքները նկարահանել ամեն օր։ Երկու արբանյակները միասին կարող են ստեղծել տեղագրական քարտեզներ 1։25000 մասշտաբային հարաբերակցությամբ, կարող են դիտարկել նույնիսկ մառախլապատ եղանակային պայմաններում, ինչպես նաեւ կարող են պատրաստել ռելիեֆի թվային մոդելներ՝ 5-10 մետր ճշգրտությամբ։ Փաստորեն, Արցախում մեր նշանակետերը հայտնաբերելու, ճշգրիտ կոորդինատներն իմանալու եւ խոցելու համար օգտագործվել են ֆրանսիական արտադրության արբանյակներ՝ ինչպես Ադրբեջանի գնած Azersky-ը, այնպես էլ այս պահին ֆրանսիական ընկերության շահագործման տակ գտնվող Spot-6-ը։ Բերձոր(Լաչին), նկարը՝ Azersky արբանյակից Շուշին՝ Ադրբեջանի գրավումից հետո, նկարը՝ Azersky արբանյակից Նարեկ Մարտիրոսյան
19:12 - 22 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա պատասխանատվություն է դրված ԼՂ հարցի շուրջ, սակայն մեզ անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տրվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար |tert.am|

Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա պատասխանատվություն է դրված ԼՂ հարցի շուրջ, սակայն մեզ անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տրվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է ֆրանսիական LSI հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած: Քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտականությունների կատարմանը: Որպես Մինսկի խմբի համանախագահներ` մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ են եղել, մասնավորապես՝ իմ ռուս և ամերիկացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից, որպեսզի հասնենք մարտական գործողությունների ավարտի, սակայն այն պահին դրանք արդյունք չեն տվել»,- ասել է Լե Դրիանը:   «Մեզ վրա պատասխանտվություն է դրել միջազգային հանրությունը: Եվ Հայաստանը ինքը ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը: Այդ ամենը մեզանից պահանջում է հավատարիմ մնալ հավասարաշռված դիրքորոշմանը»,- հավելել է նախարարը: «Սակայն հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն է առկա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել նրան, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ընդգծել է դիվանագետը: «Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Լե Դրիանը: Վերջինս շեշտել է, որ միայն այս հարցերի կարգավորումից հետո կարելի է անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներին: Նա հավելել է, որ ԼՂ հարցը քննարկել է վերջերս Փարիզ այցելած ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ:
19:03 - 22 նոյեմբերի, 2020
Ֆրանսիայում անցկացվեց ավանդական ֆոնետոնը |1lurer.am|

Ֆրանսիայում անցկացվեց ավանդական ֆոնետոնը |1lurer.am|

1lurer.am:  Այս տարի ևս Ֆրանսիայում անցկացվեց «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-հեռախոսամարաթոնը։ Այն նվիրված է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայերի կարիքներին։ Նոյեմբերի 19-ին մեկնարկած 2020 թվականի դրամահավաք-հեռախոսամարաթոնը, թերևս, ամենատագնապալին էր և օրհասականը, քանի որ հանգանակվող գումարները ծառայելու են ինչպես արցախցիների ամենօրյա նյութական կարիքները հոգալուն, այնպես էլ կենսական կարևորության հեռահար խնդիրներ լուծելուն:Մարաթոնն այս տարի, նախնական տվյալներով, Հայաստան կուղղի 2 միլիոն եվրո, ինչը շուրջ մեկ միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Մարաթոնի միջոցով Արցախին զորավիգ լինելու այս տարվա կոչը հնչեցնում էր հանրահայտ դերասան, դրամատուրգ Սիմոն Աբգարյանը: Նա 2020 թվականի հեռախոսամարաթոնի կնքահայրն է: Աբգարյանը պատերազմի և դրա հետևանքների մասին խոսելիս թեև մի պահ հուզվում է, սակայն մուսալեռցի և էրզրումցի պապերի քաջությունները վերհիշելով՝ կրկին գոտեպնդվում և է խոսում կարևորի՝ ժողովրդավարության և միասնության մասին:Հանրահայտ կատակերգու, հայկական հնագույն ճաշատեսակների գրքի հեղինակ Կողին Զարզավադջյանը, թողնելով բեմը, այսօր, որպես կամավոր, հեռախոսամարաթոնի միջոցով հորդորում է կրկին սատարել Հայրենիքին այս դժվարին շրջանում:Կողին Զարզավաջյան (կատակերգու) - Առաջին անգամ եմ որպես կամավոր հանդես գալիս հեռախոսամարաթոնին: Սեպտեմբերի 27-ից սկսած՝ մեր բոլորիս կյանքը փոխվեց: Պետք է նշեմ, որ կան մարդիկ, ովքեր պատերազմի օրերին արդեն հանգանակություններ են արել և հիմա կրկին մասնակցում են՝ գիտակցելով պահի լրջությունը: Յուրի Ջորկաեֆ (ֆուտբոլիստ) - Ֆրանսիան, մասնավորապես Էմանուել Մակրոնը, Եվրոպային ցույց է տվել բազմիցս, որ մեր կողքին է, սկսած մարդասիրական օգնությունից և ավարտված՝ այլ ոլորտում: Մեր առաջին քայլն է, որպեսզի իրականացնենք տեղահանվածների անվտանգ և ապահով վերադարձն Արցախ և նրանց կեցության խնդիրները հոգալը:Յուրի Ջորկայեֆը մարաթոնից հետո շտապեց օդանավակայան: Նա ուղեկցելու է Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռին: Երկրորդի ժամանումը նախատեսված է նոյեմբերի 27-ին։    
17:24 - 22 նոյեմբերի, 2020
Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը սատարում է ԼՂ ճանաչման մասին Սենատի առաջարկին

Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը սատարում է ԼՂ ճանաչման մասին Սենատի առաջարկին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի բանաձևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին:  Օ-դը-Ֆրանսը, որն ունի շուրջ 6 միլիոն բնակչություն, հանդիսանում է Ֆրանսիայի երրորդ ամենաբնակեցված ռեգիոնը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զենքի օգտագործման լուրջ կասկածը, Հաշվի առնելով Ֆրանսիայի ունեցած պատասխանատվությունը՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «Մինսկի խմբի» անդամ ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն լուծում գտնելու գործում, Հաշվի առնելով ջիհադիստ աշխարհազորայինների անհերքելի ներկայությունը ադրբեջանական բանակի շարքերում, Հաշվի առնելով հակամարտության ողբերգական ազդեցությունը տեղի բնակչության վրա, հազարավոր մարդկային կյանքերի կորուստը, հազարավոր տների ավերածությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը փաստացի ենթակայության կամ աքսորի դատապարելը, Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունն ու միջամտական աջակցությունը, որոնք մեծապես ապակայունացրեցին հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի, Հաշվի առնելով նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, որը սառեցնում է հակամարտությունը ի օգուտ վերջինիս, առանց որևէ միջազգային ճանաչված ատյանի ներգրավման, Հաշվի առնելով, որ տվյալ համաձայնագրով խախտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքը ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո «միջանցքի» ստեղծմամբ, Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չկարգավորելու փաստը հղի է զինված հակամարտության վերսկսման վտանգով, Հաշվի առնելով 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախության օգտին կատարած և մշտապես վերահաստատած՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ընտրությունը, ովքեր օժտված են ժողովրդավարական կառույցներով և գործելակերպով Արցախի Հանրապետության անվան ներքո, Հաշվի առնելով հայկական դարավոր մշակութային ժառանգության ոչնչացման լուրջ սպառնալիքները՝ պայմանավորված դրանց՝ Ադրբեջանի հսկողության տակ փաստացի անցնելու հանգամանքով, Հաշվի առնելով Ֆրանսիային և Հայաստանին միավորող պատմական և մշակութային կապերը և մասնավորապես այն ժամանակից ի վեր, երբ Ֆրանսիան իր դռները բացեց 1915 թ. հայոց ցեղասպանության մազապուրծների առջև, Օ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհուրդը. Արտահայտում է իր եղբայրական զորակցությունը թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի, թե ողջ աշխարհի, և թե Ֆրանսիայի ու Օ-դը-Ֆրանս շրջանի բոլոր հայերին, Սատարում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածի համաձայն 2020 թ. նոյեմբերի 18-ին Սենատում ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի առաջարկը, Դիմում է Կառավարությանը՝ վերահաստատելու դեռ 2007 թ.-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի արտահայտած առարկությունը Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցում: Կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) դատապարտել Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և վերջինիս հանդեպ առևտրային հակազդամիջոցներ ձեռնարկել՝ դեպի ԵՄ նրա արտահանումների վրա մաքսատուրքեր կիրառելու միջոցով, Դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Միացյալ Թագավորությանը՝ չեղյալ հայտարարելու նոյեմբերի 10-ի համաձայնագիրը և գտնելու համաձայնություն, որը կերաշխավորի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն՝ միևնույն ժամանակ հարգելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը իր տարածքի վրա, Կոչ է անում ՄԱԿ-ին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը` ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքի հարգումը և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի միջև այս ճգնաժամի համատեքստում, Կոչ է անում ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու նպատակով, Կաջակցի, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ֆրանսիայում կազմակերպվող նախաձեռնություններին, որոնք մարդասիրական օգնություն կտրամադրեն հակամարտության հայազգի զոհերին:
12:46 - 22 նոյեմբերի, 2020
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։ Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։
10:56 - 22 նոյեմբերի, 2020