ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Գավառի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն նյութեր է նախապատրաստում Գավառի ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գավառի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2021թ. մարտի 18-ին, ժամը 09:20-ին՝ Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը: «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին, ժամը 7-ի սահմաներում դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում և կինը ունեցել է հավանական մահացած պտուղ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
18:28 - 19 մարտի, 2021
Նազիկ Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Նազիկ Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

 ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Նազիկ Ամիրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:  «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով: 2001թ.մարտին կազմված բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտով Նազիկ Ամիրյանը ձեռք է բերել դրանք, իսկ ՓԲ ընկերությունը վերակազմավորվել է «Հայբյուրեղապակի» բաց բաժնետիրական ընկերության: Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նախնական դիտավորության իրականացման շրջանակներում այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ընկերությունը միտումնավոր կառավարել է անարդյունավետ, վերջինս ոչ միայն չի մարել ընկերության կրեդիտորական պարտքերը, այլև իր գործողություններով ավելացրել է դրանց ծավալը, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը: Ն. Ամիրյանի խնդրանքով վերջինիս մտերիմը, իր անունից մասնակցելով ԴԱՀԿ ծառայության կողմից  «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի անշարժ գույքի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին և ճանաչվելով հաղթող, 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով շուկայականից էականորեն ցածր գնով՝ 8,318,880 ՀՀ դրամով, ձեռք է բերել ընկերությանը պատկանող 9263,32քմ ընդհանուր մակերեսով արդյունաբերական արտադրամասը, որի վերանորոգմանն էլ հիմնականում ուղղված են եղել Նազիկ Ամիրյանի կողմից կատարված մասնակի ներդրումները: Այսինքն՝ Ն.Ամիրյանը կանխամտածված կերպով մասնակի ներդրումներ է կատարել այն արտադրամասում, որն ի սկզբանե նպատակ է ունեցել դուրս բերել ընկերության գույքային ֆոնդից և հափշտակել՝ դարձնել իրենը: Այնուհետև, ձեռք բերված գույքն իրեն փաստացի պատկանող մեկ այլ կազմակերպության հաշվեկշռում ներառելու, ընկերությանը պատկանող այլ գույքեր ձեռք բերելու և այդպիսով հափշտակություն կատարելու մտադրությունը վերջնականապես իրագործելու նպատակով Նազիկ Ամիրյանը նույն մտերիմի անվամբ ձևականորեն հիմնադրել է ՍՊ ընկերություն, որի միջոցով կրկին մասնակցել է ԴԱՀԿ ծառայության կողմից ընկերության շարժական գույքերի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին, որի արդյունքներով ճանաչվելով հաղթող՝ վերոնշյալ ՍՊԸ-ի լիազորված անձը ԴԱՀԿ ծառայության հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր և 86 անվանում շարժական գույքերը ձեռք է բերել էականորեն ցածր գնով՝ ընդամենը 547,500 ՀՀ դրամով: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում: Այնուհետև, կարճ ժամանակ անց՝ 2004թ. մայիսի 4-ին Նազիկ Ամիրյանն իր մտերիմի միջոցով ՍՊԸ-ի 100% բաժնեմասն (222,020,000 ՀՀ դրամ արժողությամբ) օտարել է մեկ այլ անձի, իսկ 2004թ.  հունիսի 2-ին նշված ընկերության հիմնական միջոցները, ֆինանսական միջոցները, ապրանքանյութական պաշարները, պատրաստի արտադրանքը և պարտքերը փոխանցվել է մեկ այլ փակ բաժնետիրական ընկերության: Նազիկ Ամիրյանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծվել և ավելացել են անվճարունակության հատկանիշներ, ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել պարտավորությունները և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հայցի հիման վրա՝ դատարանի 2003թ. դեկտեմբերի 29-ի վճռով ճանաչվել է անվճարունակ, և ընկերության գործունեությունը դադարեցվել է՝ պարտապանին՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ին, պատճառելով խոշոր չափի՝ 213,103,620 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, պետությունը զրկվել է իրեն պատկանող 80% բաժնեմասն արդյունավետ տնօրինելու հնարավորությունից, որի հետևանքով բաց է թողել ընդհանուր 205,700,000 ՀՀ դրամ ներդրման ձևով արտահայտված օգուտը՝ կրելով խոշոր չափի վնաս:    Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»:  
15:08 - 19 մարտի, 2021
ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով

ԱՀ ՊԲ զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ի.Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020 թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի հետևանքով զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հրամանատար Ի.Վահանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և վերջինս տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
12:39 - 18 մարտի, 2021
Չորս անչափահասի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Չորս անչափահասի մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 4 անձի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2006թ., իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Թալին քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ուղեմասից ձախ, բախվել դաշտամիջյան քարերին՝ վթարի ենթարկվել, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 4 անչափահաս ուղևորներին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
17:07 - 15 մարտի, 2021
«Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատում թույլ տալու նպատակով քաղաքացուց կաշառք ստանալու համար

«Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատում թույլ տալու նպատակով քաղաքացուց կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի հիման վրա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ապօրինի ծառահատման ժամանակահատվածը, պատճառված վնասի նախնական չափը, ծառահատում  կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ: Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամաս-մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, ունենալով հիշյալ պահաբաժնի բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու, իրեն ամրակցված պահաբաժնի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմը խախտող ցանկացած գործողություն կանխելու պարտականություններ, Դիլիջան քաղաքի բնակչի կողմից ապօրինի կերպով ծառեր հատելու  և այդ ծառերից ստացված յուրաքանչյուր մեկ խմ վառելափայտի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար վերցնելու հարցի շուրջ  վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել: Արդյունքում, չկատարելով իր վրա դրված պարտավորությունները և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելով, թույլատրել է 2020թ. նոյեմբերի վերջերին հիշյալ պահաբաժնից ապօրինի հատել 8 հատ բոխի, 3 հատ լորենի, 2 հատ հաճարենի,  1 հատ հացենի և 1 հատ թեղի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով, նախնական տվյալներով, 1.925.000 ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, առերես հարցաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` անտառապահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:32 - 15 մարտի, 2021
Լոռու մարզում անտառհատումների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

Լոռու մարզում անտառհատումների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված և վարույթը կասեցված քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2021թ.-ի մարտի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել են 11 քրեական գործեր: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դրանք վերաբերում են նշված մասնաճյուղերի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս և առաջացել են այլ ծանր հետևանքներ: Դատախազների կողմից նշված գործերով վարույթները կասեցնելու վերաբերյալ որոշումների օրինականությունը ստուգելու և գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսությունների մի քանի անտառպետությունների 10 պահաբաժիններում 2020թ.-ին արձանագրվել են անտառախախտման բազմաթիվ դեպքեր, որոնցով արձանագրվել է տարբեր տեսակի և տրամագծերով ընդհանուր 4416 ապօրինի հատված ծառերի կոճղեր: Դրանց հետևանքով բուսական աշխարհին և պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր  չափերի՝  ընդհանուր շուրջ 182 մլն ՀՀ դրամի վնաս: Նախնական քննությամբ, սա­կայն, հանցա­գոր­ծութ­­յունները բացա­հայտ­ել չի հաջողվել, չեն պարզ­­­վել առերևույթ ապօրինի անտառահատումների կատարած անձինք, ինչով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված նշված գործերով կայացվել էին վարույթը կասեցնելու որոշումներ: Գործերի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, սակայն, որ մեծաքանակ ապօրինի ծառահատումները կարող են կատարված լինել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի և Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերի համապատասխան իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատախազները վերացրել են այդ որոշումները և կայացրել քրեական գործ հարուցելու որոշումներ, որոնցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: Մարզի դատախազի կողմից նախաքննական մարմնին տրվել է ցուցում՝ նշված պաշտոնատար անձանց արարքներին հնարավորինս արագ քրեաիրավական գնահատական տալու համար իրականացնել պատշաճ քննություն՝ տալով համապատասխան առարկայական գործողություններ կատարելու հանձնարարություն:         Միաժամանակ, մարզի դատախազության կողմից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու, իսկ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականության համաձայն՝ հատկապես մեծաքանակ ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքում անտառների տվյալ պահաբաժինների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի ծառահատումներին հնարավոր հանցակցության հանգամանքները պարտադիր պետք է դարձվեն քննության առարկա, ինչը և տվյալ դեպքում ապահովվել է:    
17:23 - 11 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանի կոչերի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն

Վազգեն Մանուկյանի կոչերի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
12:00 - 11 մարտի, 2021
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կատարված ապօրինի ծառահատումների և պաշտոնեական հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի 1-ին Հաղարծին համայնքի բնակիչն իրեն պատկանող «Գազ 53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի կերպով ձեռք բերած փայտանյութ է տեղափոխել և ճանապարհին նրան կանգնեցրել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Պարզելով, որ փայտանյութի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր չկան՝ նշված բեռնատար ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, և դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որը ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին: Քրեական կամ վարչական պատասխանատվությունից խուսափելու և ապօրինի կերպով ձեռք բերված փայտանյութն իբր օրինական ներկայացնելու նպատակով բեռնատարի վարորդը խնդրանքով դիմել է նույն համայնքի մեկ այլ բնակչի, որն էլ հիշյալ անձին օգնելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետին, ով, ընդառաջելով իրեն խնդրած անձին և առերևույթ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր հերթին համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի պետի հետ, որից հետո՝ պայմանավորվածությունների շրջանակում, բեռնատարի վարորդի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել կեղծ հաշիվ ապրանքագիր, որի հիման վրա` հետագայում որոշում է կայացվել այդ դեպքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:48 - 10 մարտի, 2021
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը: Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու և  նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաև չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված և անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաև դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաև որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաև այլ պաշտոնատար անձի կաշառք տալ՝ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու և իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով, Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին, դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու և աշխատանքի ընդունելու համար, անձամբ նրան որպես  կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ): Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:06 - 09 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով Քննչական կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ. միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը. Արամ Վարդևանյան

Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով Քննչական կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ. միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը. Արամ Վարդևանյան

Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ առհասարակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ: Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»,- գրել է Վարդևանյանը: Նշենք, որ ավել վաղ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ին հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել էին, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով: Վազգեն Մանուկյանը հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը:
10:34 - 09 մարտի, 2021
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի 5 անդամի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի 5 անդամի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաք ապօրինի փոխադրելու նպատակով, Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել էր իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, սակայն ճանապարհին հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ նշված ավտոմեքենայի զննությամբ: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել էր, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան: Նշված քրեական գործից անջատված մասով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել են այլ հանցադրվագներ ևս, պարզվել հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից ևս 5-ի ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման, իրացման մեխանիզմը, թաքստոցները: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի՝ հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել են նաև այլ անձանց միջոցով: Մասնավորապես պարզվել է, որ Կոտայքի մարզի՝ 1987թ. ծնված բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով վերջինս Հայաստանի տարածքով պետք է տեղափոխեր թմրամիջոց:  Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ 2878 գրամ «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին», 751,27 գրամ քաշով «Հերոին» և 2888 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ: Բացի այդ, տվյալներ են ստացվել նաև ԻԻՀ-ից Հայաստանի Հանրապետություն թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ ԻԻՀ-ից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով՝ 112,5 գրամ «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց: Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական ոտիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով,  պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Նախաքննությունը շարունակվում է:
16:12 - 05 մարտի, 2021
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այսպես, 2020 թվականի ապրիլին ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և հարկային տեսուչ Վ. Ս.-ն այցելել են Երևան քաղաքում գործող քաղցրավենիքի վաճառքի խանութ, որտեղ կատարված հսկիչ գնման ժամանակ նրանց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Բացի այդ, խանութում վաճառք իրականացնող անձը գրանցված չի եղել որպես աշխատող։ Հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար հարկային տեսուչները խանութի տնօրենից պահանջել են կաշառք։ Այնուհետև, հետագայում ևս խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու համար, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով և նախնական համաձայնությամբ խանութի տնօրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք։ Վերը նշված արարքների կատարման համար 04.03.2021թ.-ին Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ա. Պ.-ին դեռևս 28.01.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:53 - 05 մարտի, 2021
Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական հանդերձանքը ոչնչացնելու փորձ կատարելու համար

Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական հանդերձանքը ոչնչացնելու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: Քննությամբ պարզվել է, որ Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորությամբ, վառելանյութի օգտագործմամբ, հրկիզման եղանակով  փորձել է ոչնչացնել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 17.375.000 ՀՀ դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում  հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնկված հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղվարդ քաղաքի 30-ամյա  բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
10:53 - 05 մարտի, 2021
Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
12:09 - 04 մարտի, 2021