ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ:   «ՀՀ դատախազությունը հստակ իրավական մոտեցում ունի առ այն, որ քրեական օրենսգրքի իմաստով խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի: Այդ դիրքորոշումը բխում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված իրավական մոտեցումներից:   Ինչպես հայտնի է, Գրիշա Վիրաբյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռով ճանաչել էր Գ. Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման փաստը:   Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազության կողմից 2016թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Գ. Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զորգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Եվ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ 2018թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:   Դատաքննության արդյունքում 2019թ. փետրվարի 22-ի դատավճռով նշված երկու անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքների կատարման մեջ, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից (հանցագործության դեպքը կատարվել էր 2004թ..): Հետագայում ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի այդ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները, այն թողել էր օրինական ուժի մեջ՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիմքերի հետ:   Երկու ատյանների դատարանների իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում գործող օրենսդրության իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս խոշտանգմանը վերաբերող գործերով անմիջականորեն առաջնորդվելու՝ ՄԻԵԴ մի քանի գործերով արտահատված՝ խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ չկիրառելու իրավական դիրքորոշմամբ: Հետևաբար, ըստ դատարանների, քանի որ ՀՀ ներպետական օրենսդրությունը ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքով սպառիչ թվարկվող այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով, ապա վաղեմության ժամկետների չկիրառումը կհանգեցնի ամբաստանյալների իրավունքների և օրինական շահերի խախտման, կարող է առաջացնել իրավական անորոշություն և որակվել կամայականություն:   ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը վիճարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ ներկայացնելով համապատասխան բողոք այն հիմնավորմամբ, որ ստորադաս դատարանները, իրենց որոշումներով խախտել են Միջազգային քրեական դատարանի, ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք որոշումներով արտահայտված մոտեցումը, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչպես նաև՝ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերը խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ:   Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումներով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի կիրառման արգելք խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված որոշ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:   Բացի այդ, օրենսդիրն ամրագրել է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետի կիրառման արգելք է սահմանված:   ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը, սակայն 2021թ. դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել (որը ՀՀ դատախազությունը նոր է ստացել) նշված գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ՝ այն հարցադրմամբ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համահու՞նչ կլինի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախատեսված չէ»,- գրել է Աբրահամյանը:        
18:58 - 05 փետրվարի, 2021
Ապօրինի անտառահատումներին դեմ պայքարի շրջանակներում դատախազությունն առաջարկներ է ներկայացրել ՇՄ նախարարությանը

Ապօրինի անտառահատումներին դեմ պայքարի շրջանակներում դատախազությունն առաջարկներ է ներկայացրել ՇՄ նախարարությանը

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը:  ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Այդ շրջանակներում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով: Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող  մի շարք խնդիրրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։ Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են և հնարավոր չէ լամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների և անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով  վերազինելը։   Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունն ստուգելը, քանի որ անտառապահների և անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տևողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը: Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաև պահաբաժիններում կամ անտառապետություններում անտառապահների և անտառապետերի պարբերաբար փոխությունը, կամ  մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում  հնարավոր չէ բացառել նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի և անտառապահների միջև ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։ Խնդիր է նաև անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ 09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները և անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։ Խնդիրը լուծելու հնարավոր միջոց կարող է լինել շուրջօրյա աշխատանքային գրաֆիկի սահմանումը։ Թեև նման դեպքում կարող է անտառապահների հաստիքների ավելացման անհրաժեշտություն առաջանալ, սակայն ելնելով անտառների պահպանության հարցում պետության որդեգրած քաղաքականությունից, ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը հսկայական վնասներ պատճառվելու հանգամանքից, նշված լուծումը կարող է էական դեր ունենալ անտառախախտումների դեպքերը կանխելու, հայտնաբերելու, թերացած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառների համապատասխան պահաբաժիններում պահպանություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունելիս և վերջիններիս արձակուրդ տարամադրելիս համապատասխան պահաբաժնի հանձնում-ընդունում հիմնականում չի կատարվում։ Նման պայմաններում դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունն անգամ հնարավորություն չի տալիս պարզելու, թե արդյոք ապօրինի ծառահատումը կատարվել է տվյա՞լ պաշտոնատար անձի փաստացի աշխատանքի մեջ գտնվելու ընթացքում, թե՞ ոչ։ Բացի այդ, անտառատնտեսությունների կողմից տրվող հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող ապրանքի՝ տվյալ դեպքում ծառատեսակի անվանումը հաճախ չի նշվում:  Վերինս, հայտնաբերված և վաճառված ծառատեսակների համապատասխանությունը որոշելու առումով, հրատապ է դարձնում տրվող այդ հարկային հաշիվներում ներառվող՝ դուրս գրվող բոլոր ծառատեսակները հստակ նշելու պարտադիր կարգ սահմանելու խնդիրը: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս, անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձևաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետև մի քանի օր անց այն վերարտադրել և վերակազմել են արդեն սահմանված ձևաթղթով, սակայն, անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման՝ օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։ Վերոգրյալ արձանագրված խնդիրները լուծելու ուղղւոթյմաբ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Գրությամբ բարձրացված խնդիրները և առաջարկվող լուծումները  «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արդեն իսկ դարձել են քննարկումների առարկա, որոնցում ներգրավված է նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական և բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը, բնության վերականգնման տրամաբանությունից բխող՝ վնասի հաշվարկման նոր  մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:   
14:09 - 05 փետրվարի, 2021
1.2 մլրդ դրամի չարաշահումներ՝ Հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում

1.2 մլրդ դրամի չարաշահումներ՝ Հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում

Գլխավոր դատախազությունը հաղորդում է Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների գործընթացում արձանագրված շուրջ 1.2 մլրդ դրամի առերևույթ չարաշահումների հայտնաբերման մասին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015թ. ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապատրաստվել և ներկայացվել են Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար գնման հայտերը՝ ծառայությունների ձեռքբերման նախահաշվային գինը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 700 մլն 344 հազար դրամ: Հայտարարված գնումների ընթացակարգերում յուրաքանչյուր տարի հաղթող է ճանաչվել միակ մասնակից «Յ...» ՍՊԸ-ն, որի հետ էլ կնքվել են հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման պայմանագրեր՝ համապատասխանաբար՝ շուրջ 716մլն դրամ, 700մլն դրամ, 700մլն դրամ և 703մլն դրամ արժեքներով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման գործընթացի շրջանակում ծառայությունների նախահաշվային գինը սահմանելու համար շուկայի ուսումնասիրություն չի կատարվել: Իսկ նույն Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների նպատակով 2017-2019թթ. նույն ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմել է շուրջ 400 մլն դրամ, ինչը 300 միլիոնով պակաս է 2012-2015թթ. կնքված պայմանագրերից: Ըստ դատախազության` ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրավանորմերի պահանջները, Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների ընթացակարգերում չեն իրականացրել շուկայի ուսումնասիրություն, ինչի արդյունքում սահմանվել են չհիմնավորված նախահաշվային գներ, որոնց հիման վրա 2012-2015թթ. ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 1 մլրդ 200 մլն դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
15:27 - 04 փետրվարի, 2021
Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

tert.am: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց. «Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ -ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»:Հարցին, թե Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ է և դատավարական կարգավիճակ ունեցող անձ կա, Արևիկ Խաչատրյանն ասաց. «Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա»:Նշենք, որ ՀՀ ՔՕ -ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը: Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը վիրավորում է ստացել Արցախյան 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ։ Վիրավորման պատճառով նա ազատվել էր Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Միքայել Արզումանյանը։
14:17 - 30 հունվարի, 2021
Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի վերաբերյալ լուրերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 19-ի դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած զրույցի մասին տարածված տեղեկությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: «Yerevan today» լրատվական կայքը, վկայակոչելով «Dejavu» տելեգրամյան ալիքին ու վերջինիս՝ «դատախազությանը մոտ կանգնած աղբյուրին», մտացածին հերյուրանքներ է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով երեկվա դատական նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի, իբր, հոգեվիճակի և դրանով պայմանավորված՝ նրա ու ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի միջև, իբր, կայացած զրույցի վերաբերյալ, ինչը տարածվել է նաև այլ լրատվամիջոցներով: Հրապարակման բովանդակությունը հեքիաթասացության չհաջողված փորձ է, հակառակ դեպքում «տեղեկատվության սեփական աղբյուրը» չպետք է զլանար նաև նշելու թե ով կամ ովքեր են ՀՀ գլխավոր դատախազի աշխատասենյակում իբրև թե կայացած դրամատիկ առանձնազրույցը սղագրողները: Այս առումով դժվար չէ հասկանալ, թե ինչու է ոմանց հետաքրքրում միայն փող ուզելու, գրդոն անելու երևույթը՝ այդ չափանիշով այլոց մասին դատողություններ անելու համար։ Սահմանափակվում ենք ընդամենը արձանագրելով, որ ակնհայտ կազմակերպված այս անորակ կեղծիքը նախորդ օրը դատական նիստերի դահլիճում իրականացված սադրանքի, գործով մեղադրողների նկատմամբ վերջին շրջանում ակտիվացած քարոզչական, բարոյահոգեբանական անպտուղ ճնշումների գործադրման տրամաբանական, բայց անթույլատրելի շարունակությունն է: Իսկ դատական նիստի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալի հոգեվիճակի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար խորհուրդ է տրվում նորից, ցանկալի է՝ մի քանի անգամ, դիտել միջադեպի տեսանյութը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:28 - 20 հունվարի, 2021
Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները․ Սեյրան Օհանյան

Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կրկին բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազին։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։ Այնինչ ստացա քնարական զեղումներով, իրավական մասնագիտական հարթությունից դուրս, լղոզված մի շարադրանք, որտեղ երեք անգամ օգտագործվում է «տարակուսանք» բառը (հոմանիշներից մեկը՝ զարմանք), և հետևություն արեցի, որ պարոնայք դատախազները շատ զարմացած են։ Սակայն իրականում ոչ միայն դատախազության պատասխանը, այլև դատախազության գործունեությունն ինքնին այս դեպքում ոչ թե տարակուսելի է, այլ տարօրինակ: Պարզաբանեմ. դատախազության պատասխանում պարունակում է հղում իրենց պաշտոնական հաղորդագրություններին, որում գնահատական են հնչեցրել Ադրբեջանի զինված ուժերի և այդ զինված ուժերում ներգրավված ահաբեկչական խմբավորումների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ կատարված մի շարք, այդ թվում՝ միջազգային հանցագործությունների վերաբերյալ: Ակնհայտ է, որ դատախազությունն ունի ավելի լայն լիազորություններ, քան հասարակական կազմակերպությունները, և բացի հաղորդագրություններ տարածելուց՝ պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: Մասնավորապես, եթե ՀՀ դատախազությունը իրապես հարուցել է քրեական գործեր պատերազմական հանցագործությունների առնչությամբ, ապա իսկապես տարօրինակ է, որ մինչև այսօր որևէ մեկը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, հատկապես նման գործողությունների հրաման տված պաշտոնատար անձինք չեն ներգրավվել որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ ևս չի հայտարարվել հետախուզում: Դատախազությունը պատերազմի ընթացքում տարածում էր լայնածավալ հաղորդագրություններ (Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում…), բայց արդյունքում ոչ միայն ադրբեջանցի ոչ մի հրամանատարի կամ ռազմաքաղաքական ղեկավարի պատասխանատվության չեն կանչել, այլև արդյունքում Ադրբեջանն է հետախուզում հայտարարում իմ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Այս հանգամանքը, իսկապես, տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Ես մասնակցել եմ ինչպես 1991-1994թթ․, այլև ապրիլյան պատերազմին, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները երբեք չեն հանդգնել ո՛չ իմ, ո՛չ էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս՝ հայտարարել հետախուզում: Իսկ այս 44-օրյա պատերազմից հետո, երբ ես և ամբողջ հայ ժողովուրդը պաշտպանում էինք մեր հայրենիքը ադրբեջանական ագրեսիայից, արդյունքում իմ և Արցախի ղեկավարների նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Դատախազության պատասխանում նշվում է, որ ապօրինի հետախուզումների հարցը բարձրացվել է ՌԴ դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, դուք ընդունում եք, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, սակայն չի՞ բարձրացրել ապօրինի հետախուզումների հարցը և այդ մասին խոսել է միայն ՌԴ դատախազի հետ: Համաձայնեք, որ սա արդեն ոչ թե տարօրինակ է, այլ զավեշտ: Այստեղ շատ հետաքրքիր է, եթե այդ հարցով չեն խոսել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ, ապա ի՞նչ ավելի կարևոր հարց կարող է լինել, բացի ռազմագերիների և ապօրինի հետախուզումների հարցը: Տարօրինակ չէ՞, տարօրինակ է: Դատախազության գործունեության մեջ և պատասխանում կա մեկ օրինաչափություն: Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Տարօրինակ չէ՞, ո՛չ, սա օրինաչափ է: Իսկ ինչ վերաբերում է ինդուլգենցիային, ապա եթե դուք խորությամբ հասկանայիք այդ տերմինի իմաստը, չէիք օգտագործի, քանի որ դուք եք ձեր պաշտոնն ինքնին դիտարկում որպես ինդուլգենցիա՝ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելով և ապօրինի մեղադրանքներ կազմելով, ինչը, վստա՛հ եղեք, ժամանակավոր է և կունենա իրավական հստակ ձևակերպումներ ապագայում: Եվ վերջապես, ափսոսում եմ, որ ՀՀ դատախազության գործունեությունը սահմանափակվում է իր կողմից տարածված հաղորդագրություններով, իսկ գործունեության արդյունավետությունը՝ այդ հաղորդագրությունների քանակով և ծավալով և ոչ թե իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հարթությունում հայ ռազմագերիների կամ ապօրինի հետախուզումների հարցերը փաստացի լուծելով: Ամո՛թ»։ Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը ևս մի բաց նամակ էր հղել գլխավոր դատախազին, իսկ դատախազությունն արձագանքել էր նամակին։
12:41 - 16 հունվարի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Սեյրան Օհանյանի գրառմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Սեյրան Օհանյանի գրառմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառմանը՝ նշելով, որ այն տարակուսանքի տեղիք է տալիս։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ գացմունքայնություն ցուցաբերելով  և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Արդբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ  բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ: Տարակուսանքով պարզեցինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ: Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում  և դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ և միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեիսվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև՝ ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի և անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների: Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին: Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձևաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձևաչափերով տեղի ուենցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարևոր խնդիրների լուծմանը միտված եռակող ձևաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին և ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում: Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյուկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունանա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն  շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, ալևս ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը: Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել: Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում:  Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ցավոք, կրում ենք»,- ասվում է պատասխանում:Հիշեցնենք, որ այսօր Սեյրան Օհանյանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նամակում Օհանյանը գրել էր․«Պարո՛ն դատախազԵս՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին, անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրբեջանական բանտերում որպես ահաբեկիչներ պահվող հայ ռազմագերիների շահերը, առավել ևս՝ ապահովել նրանց վերադարձը։Ինչպես կարող է այս իշխանության ներկայացուցիչը խոսել ռազմագերիների մասին, երբ միջազգային ատյաններում որևէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 2020թ․ 44-օրյա պատերազմը սանձազերծելու համար՝ միևնույն ժամանակ փաստացի արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել 1992-1994 թթ․ Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմները, որոնք ուղեկցվել են ռազմական ծանրագույն հանցագործություններով»։
19:28 - 15 հունվարի, 2021
Քրեական գործ է հարուցվել «Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

Քրեական գործ է հարուցվել «Այբ»-ի ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը.    «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության, ապա ՀՀ ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված հնարավոր չարաշահումների, մասնավորապես ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից նվիրատվությամբ հատկացված միջոցներից շուրջ 8.3 մլն ՀՀ դրամ ենթադրաբար վատնման եղանակով հափշտակելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:
16:50 - 15 հունվարի, 2021
Զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Զինդատախազը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հանդիպել է ՀՀ զինվորական դատախազության առջև հավաքված՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ, լսել ընդհանուր գծերով հնչեցվող նրանց մտահոգությունները, հուզող հարցերը: Անմիջական հաղորդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ պատերազմին և դրա աղետալի հետևանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ «Առավել առարկայական քննարկում ունենալու, քաղաքացիների հուզող հարցերը, պահանջներն ու առաջարկությունները հստակ արձանագրելու նպատակով ՀՀ զինվորական դատախազը հավաքված քաղաքացիներին առաջարկել է ընդունելության կազմակերպում ՀՀ զինվորական դատախազությունում, որը կայացել է հաջորդ օրը՝ հունվարի 14-ին:             Պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած զինծառայողների շուրջ մեկ տասնյակ ծնողներին և հարազատներին ընդունել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետը, Երևանի կայազորի զինվորական դատախազը, այլ դատախազներ: Քաղաքացիները ներկայացրել են պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների տարբեր ուղղություններում ԱՀ ՊԲ առանձին ստորաբաժանումների, հրամանատարական կազմի գործողությունների, պատերազմի ընթացքում զորքերի կառավարման, սպառազինության և զինամթերքի մատակարարման՝ իրենց գնահատմամբ պարզման ենթակա կոնկրետ իրավիճակներ և հանգամանքներ, կիսվել իրենց մտահոգություններով՝ կապված զոհված զինծառայողների դիերի նույնականացման գործընթացի տևականության, անհետ կորած զինծառայողների փնտրողական աշխատանքների բարդությունների վերաբերյալ:     ՀՀ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ բարձրացված հարցերի մեծամասնությունը արդեն իսկ գտնվում է քրեական գործերով դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազների ուշադրության կենտրոնում, իսկ լրացուցիչ տվյալները, որոնք ներկայացվել են՝ պետք է դառնան դետալային քննության առարկա: Միաժամանակ ծնողներին տեղեկացվել է, որ բարձրացված բոլոր հարցերով քննության առարկան ենթադրում է լայնածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների կատարում, ինչի համատեքստում ստացված ու իրենց վերաբերելի տվյալները անպայման հասանելի են դառնալու: Միաժամանակ, Տիգրան Ամբարյանը հորդորել է համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի աբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով»,- նշված է հայտարարության մեջ։
15:32 - 15 հունվարի, 2021
Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Այվազյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։ Միհրան Պողոսյանն ասաց, որ դատախազության բողոքի գործով դատական նիստ է նշանակված եղել հունվարի 8-ին, սակայն նիստը հետաձգվել է։ Քրեական գործով Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, պաշտպանը նաև խուզարկության թույլտվություն տալու որոշումն է բողոքարկել։ Վերաքննիչ դատարանից տեղեկացանք, որ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։  
20:09 - 13 հունվարի, 2021
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են էքստրադիցիայի ոլորտներում գործակցության հարցեր

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են էքստրադիցիայի ոլորտներում գործակցության հարցեր

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները երկուստեք գոհունակություն են հայտնել  իրենց ղեկավարած կառույցների միջև առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել դրանք առավել խորացնել՝ երկու պետությունների միջև ռազմավարական դաշնակցության, բարեկամության ոգուն համապատասխան:   Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ միմյանց երկրներում իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետությունն բարձրացնելու համար:   Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:      Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:  Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության  մի շարք ոլորտներում: Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:
13:22 - 13 հունվարի, 2021
Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:   Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:   Այդ շրջանակում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:   ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:   Այս իմաստով Արթուր Դավթյանը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը:   Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:
18:55 - 12 հունվարի, 2021
Դատախազությունը հերքում է փոխվարչապետի եւ մյուս պաշտոնատար անձանց վերաբերյալ քրգործերի մասին Միքայել Մինասյանի ներկայացրած տեղեկությունները

Դատախազությունը հերքում է փոխվարչապետի եւ մյուս պաշտոնատար անձանց վերաբերյալ քրգործերի մասին Միքայել Մինասյանի ներկայացրած տեղեկությունները

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է մի շարք անձանց, այդ թվում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի , պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործերին : Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:   Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»:
00:19 - 10 հունվարի, 2021
Դատարան է ուղարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի մասնակցությամբ կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ «Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին: Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Լ. Ս.-ի և Ս.Ղ.-ի վերաբերյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար մի շարք անձինք 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:07 - 08 հունվարի, 2021
Նոյեմբերի 10-ի միջադեպերի առթիվ 14 հոգու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 4 քրեական գործ ուղարկվել է դատարան

Նոյեմբերի 10-ի միջադեպերի առթիվ 14 հոգու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 4 քրեական գործ ուղարկվել է դատարան

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող  ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են  բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ, հնչեցվել են սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչպես նաև տեղ են գտել ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը որոշակի գործողություններ պարտադրելու, բնակարան ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի ու փաստաթղթերի բացահայտ  հափշտակությունների դեպքեր: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ «Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ:  Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ:  Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ 14 անձի նկատմամբ անջատվել է 4 քրեական գործ, որոնցով նախաքննությունն ավարտվել է:  Նախաքննության օրինականություն նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել են այս գործերով կազմված մեղադրական եզրակացությունները, և քրեական գործերը՝ ըստ մեղարդանքի 14 անձի, դեկտեմբերի 29-ին ուղարկվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
16:42 - 30 դեկտեմբերի, 2020