ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Այսօր  կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված դրությանը՝ նշելով, որ վերջին օրերին Հայաստանում վարակի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչը անհանգստացնող է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կոնկրետ վիճակագրական տվյալներ։ Վերջինս հաստատեց, որ վերջին օրերին կա հիվանդացության թվերի աճ, և երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից դրական է ախտորոշվել 491 դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Ավանեսյանը հավելեց․ «Եթե մենք հունվարին և փետրվար ամսվա սկզբին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, մինչև 16 տոկոս ունենք, և մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը և եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ՝ նոր սահմանափակումների կիրառումից, ապա ամեն բան պետք է անենք մեր կողմից, որ կանխենք հհիվանդության տարածումը»։ Նախարարը վերահսկողական մարմինների ուշադրությունը հրավիրեց գալիք  տոնական օրերի իրադարձությունների՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում շարժի ավելացման վրա և ընդգծեց, որ այդ օրերին նշված վայրերում պետք է իրականացվի հստակ վերահսկողություն։ Նրա խոսքով՝ հանրությունը իր կարգապահությամբ պետք է ներդրում ունենա պաշտպանելու բոլորի առողջությունը, երկրի տնտեսությունը և ստեղծի հնարավորություն պահպանելու հիվանդացության թվերի կառավարելիի շրջանակները։ «Այսօր մենք արդեն իսկ վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները , ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ճ-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Եթե նույնիսկ մենք իվիճակի լինենք բոլորին պատշաճ բուժօգնություն տրամադրելու գիտեք, որ հիվանդացությունը ունի 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց նախարարը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որ թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացում իրականացվի։ «Ինչպես մեր սեփական փորձն է ցույց տալիս, մենք լավ հաջողություններ ենք ունեցել՝ դա անելով ամռանը, աշնանը կարողացել ենք դիմանալ։ Հույս ունեմ, որ այա ալիքին նույնպես կարող ենք դիմանալ»,- նշեց Թորոսյանը։  Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք նորություններ չկան պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, առողջապահության նախարարը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են, «Կովաքսի» հարթակում բանակցությունները շարունակվում  են, ընդհանուր պրոցեսի դանդաղեցում կա, սակայն նախարարությունը փորձում է իր այլ երկրների գործընկերների հետ քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունը ապահովվի։ «Հույս ունենք, որ գարնանը պետք է ունենանք առաջին խմբաքանակը։ Ռուսական կողմի հետ  էլ բանակցությունները ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքվում է, ակնկալում ենք նաև առաջին ամսվա մեջ այս խմբաքանակի ներկրումը»,- տեղեկացրեց Ավանեսյանը։ Նախարարը նաև շեշտեց, որ պատվաստման գործընթացին զուգընթաց էլ պետք է շարունակվի դիմակների կրումը, որը համընդհանուր որոշում է։ Ավանեսյանը անդրադարձավ նաև հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե մեկ անգամ վարակված անձը այլևս չի վարակվում և նշեց, որ ապացուցված գիտական որևէ մոտեցում չկա, որ այլ շտամներով նրանց կողմից վարակումը բացառված է։ Նախարարը նշեց, որ վարակված և առողջացած քաղաքացիները նույնպես պետք է կրեն դիմակներ։
11:49 - 04 մարտի, 2021
Կորոնավիրուսից հիվանդացության աճ ունենք, խնդրանքս է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ ռեժիմի. Ավանեսյան |1lurer.am|

Կորոնավիրուսից հիվանդացության աճ ունենք, խնդրանքս է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ ռեժիմի. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հետ հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մշտապես հետևում են միջազգային մասնագիտական կառույցների խորհրդատվություններին, և դիմակների կրումը՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում, դրանց շարքում է: «Ճիշտ եք նկատում, որ լավ թվերը, որոշակի ցածր ցուցանիշները հանգստություն են առաջացրել բնակչության շրջանում, և շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց մենք վերջին 2 շաբաթում տեսնում ենք հիվանդացության որոշակի աճ: Այսօր թեստավորված անձանց մեջ 14 տոկոս են եղել դրական թեստերը: Իմ խնդրանքն ու հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի, և փորձենք կանխարգելել քովիդի տարածումը»,- նշեց նախարարը: Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ դիմակների կրումն օգնել է նաև գրիպի վիրուսի նվազեցմանը: Բոլոր սուր շնչառական հիվանդությունների մասով կա նվազում, ինչն ապացուցում է, որ ոչ միայն Քովիդ-19-ից, այլ նաև մյուս վարակներից դիմակները պաշտպանում են և կանխարգելում դրանց տարածումը:
18:12 - 03 մարտի, 2021
Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Անահիտ Ավանեսյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության շրջանակները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են հետագա գործակցության շրջանակները, կորոնավիրուսային իրավիճակի և պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ հարցեր: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Չինաստանի կառավարության կողմից առողջապահության նախարարությանը ցուցաբերված աջակցությանն ու նշել. «Բժշկական սարքեր, ՊՇՌ թեստեր, դիմակներ... բայց առանձնահատուկ շնորհակալ ենք Հայաստանին տրամադրված շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների համար, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ պատերազմի և համավարակի թեժ օրերին` երկրի համար ծանր պայմաններում կազմակերպել վիրավորների ու հիվանդների ժամանակին և պատշաճ սպասարկումը»: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութերի բավարար խմբաքանակի առկայության դեպքում հնարավոր կլինի խուսափել համավարակի ավելի լայն տարածումից: Դեսպան Ֆան Յունը ևս շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսային հիվանդության առաջին բռնկման ընթացքում Հայաստանից ստացած օգնության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Հանդիպման վերջում երկուստեք փաստել են` երկրների միջև բազմամյա բարեկամական հարաբերությունները հիմք են շարունակական համագործակցության համար, որն ուղղված է առողջապահության համակարգի զարգացմանն ու բարելամանը:
17:50 - 03 մարտի, 2021
2020-ի այս օրը Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը. ԱՆ-ն ամփոփում է մեկ տարվա աշխատանքը
 |1lurer.am|

2020-ի այս օրը Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը. ԱՆ-ն ամփոփում է մեկ տարվա աշխատանքը |1lurer.am|

1lurer.am:  2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի հիվանդացության առաջին դեպքը: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, մեկ տարվա ընթացքում համակարգը կարողացավ իրավիճակը կայունացնել:   «Մինչ կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքն արձանագրվելը առողջապահական համակարգը արդեն իսկ իրականացնում էր նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ բոլոր բժշկական կազմակերպություններում գնահատվեցին կարողությունները՝ դեղորայքով, սարքերով և սարքավորումներով, անհատական պաշտպանության միջոցներով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովման տեսանկյունից, մեկնարկեցին բուժանձնակազմի շրջանում դասընթացները՝ ինչպես վարակի հսկողության, այնպես էլ պացիենտների խնամքի, վարման և բուժման հարցերով, որոնք կրում էին շարունակական բնույթ։ Առաջին դեպքի արձանագրումից հետո, կանխատեսելով դեպքերի ավելացումը ԱՀԿ առաջարկների հիման վրա, մշակվեց արտակարգ իրավիճակին արձագանքման պլան՝ որը ներառում էր հիվանդության տարածման դեպքում արագ արձագանքման տարբեր սցենարներին բնորոշ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։   Ընտրվեցին ռեֆերալ կենտրոններ, որոնք համապատասխանեցվեցին վարակի հսկողության և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման առումով ԱՀԿ մոտեցումներին։ Ձեռնարկվեցին մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես հայտարարվեց արտակարգ իրավիճակ, մշակվեցին և ներդրվեցին անվտանգության կանոնների և հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներ։ Սահմանի անցման կետերում իրակակացվեց ջերմաչափում և հասցեական քարտերի լրացում, իսկ ցամաքային անցման կետերում՝ թույլատրվեցին բեռնափոխադրումները՝ բոլոր վարորդների հսկողության պայմանով։   Կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լրամշակվում են՝ հիմնվելով ինչպես ԱՀԿ առաջարկների վրա, այնպես էլ ելնելով առկա համաճարակային իրավիճակից, որի արդյունքում հնարավոր է լինում նվազեցնել հիվանդության տարածման ռիսկը, ինչպես նաև առողջապահական համակարգի վրա բեռը։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում ու հորդորում է պահպանել հակահամաճարակաբանական բոլոր կանոնները.   կրե՛ք դիմակ,   տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով,   սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք պահպանմանը,   սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:   Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- ասված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
21:50 - 01 մարտի, 2021
Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Մեկնարկել է Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800 քմ մակերեսով, մեկհարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։ Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:Մրցույթը կիրականացվի ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլգնումների համակարգի կողմից։
10:54 - 27 փետրվարի, 2021
Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները

Ամփոփվել են «Պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում իրականացված աշխատանքները

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱՆ Պրոբացիայի ծառայության և «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունքում իրականացված «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» ավարտական միջոցառումը։ Վերջինին մասնակցել են ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ԱՆ Քրեակատարողական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի փորձագետ Օդդի Հոլովեյը, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ծրագրի փորձագետները, այլք: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից: Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: «Պրոբացիայի ծառայությունը 2020 թվականին իրականացրել է շուրջ 3 հազար 500 վարույթ։ Նախորդ տարի պրոբացիայի 46 շահառուի ապահովել ենք աշխատանքով, 784 շահառուի հետ իրականացրել ենք իրավաբանական – խորհրդատվական, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական աշխատանքներ։ Ներկայում ունենք պրոբացիայի 3 հազար շահառու։ Տարեցտարի ավելանում է շահառուների թիվը, ինչը նշանակում է, որ Ծառայության գործառույթների նկատմամբ դատարանների վստահությունը բարձրանում է»,- ընդգծել է Գևորգ Սիմոնյանը՝ ձեռքբերում համարելով նաև շահառուների շրջանում կրկնահանցագործությունների ցածր ցուցանիշը՝ մոտ մեկ տոկոս։  Ծառայության պետը ևս մեկ անգամ կարևորել է միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացված ծրագրի վերջնարդյունքը և շնորհակալություն հայտնել մասնագիտական չորս ձեռնարկներ մշակելու համար։ ԱՆ ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել  «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղին և Բյուրոյին Արդարադատության նախարարության նորաստեղծ ծառայության կողքին մշտապես լինելու և ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանն աջակցելու համար։ «Ծրագրի շրջանակում արձանագրված ձեռքբերումները համահունչ են Կառավարության ծրագրի այն կետերին, որոնք վերաբերում են պրոբացիայի ոլորտին, մասնավորապես, պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատությանն անցնելուն, որի հիմքում Պրոբացիայի ծառայության արդյունավետ գործունեությունն է ու որակյալ անձնակազմի առկայությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ծրագրի միջոցով հնարավոր է եղել թիրախային վերապատրաստումներ իրականացնել, ինչպես նաև մշակել մասնագիտական ձեռնարկներ։  Օդդի Հոլովեյը շնորհավորել է բոլորին Ծրագրի ավարտին լավ արդյունք գրանցելու համար և նշել, որ պրոբացիայի ծառայությունը ամենամարդասիրական ու արդյունավետ եղանակներից մեկն է՝ օրենքի հետ խնդիր ունեցողների կյանքը բարելավելու, նրանց հասարակություն վերադարձնելու համար։  «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանն ու ԱՆ պրոբացիայի ծառայությանը արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև Ծրագրի փորձագետներ Գայանե Հովակիմյանին, Արտակ Կիրակոսյանին և Արշակ Գասպարյանին՝ իրենց գիտելիքներն ի նպաստ Ծրագրի ներդնելու  համար։ Փորձագետները կարևորել են Ծրագրի շրջանակում արձանագրված ձեռքբերումները և ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։ Տեղեկացնենք, որ 2018 թվականի մարտից մեկնարկած այս Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները․ Պրոբացիայի ոլորտի ամերիկացի, ինչպես նաև եվրոպացի փորձագետների հեղինակմամբ, ազգային խորհրդատուների հետ համատեղ մշակվել են 4 մասնագիտական ձեռնարկներ՝ Պրոբացիայի ծառայողի, ծառայության ղեկավար անձնակազմի և ծառայության համար վերապատրաստումներ իրականացնող մեթոդական խմբի համար։  Նշված ձեռնարկների հիման վրա Պրոբացիայի ծառայությունից, քրեակատարողական վարչությունից և գործընկեր ՀԿ-ներից առաջադրված 15 թեկնածուների համար միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպվել է դասընթացավարների տասնօրյա խորացված դասընթաց, որոնցից լավագույնները հետագայում վարելու են դասընթացներ ՀՀ Պրոբացիայի ծառայության նոր աշխատակիցների նախնական պատրաստման դասընթացները, ինչպես նաև արդեն աշխատող ծառայողների ընթացիկ վերապատրաստումները։  Տեղայնացվել, փորձարկվել, բարելավվել, վալիդացվել և գործարկվել է պրոբացիայի շահառուի ռիսկի և կարիքների նախնական գնահատման կամ սկրինինգի միջազգային գործիքը, որի համար իրականացվել է երկրում աննախադեպ հետազոտություն։ ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներից 500 դատապարտյալների, 200-ն առաջին անգամ դատապարտված և 300-ը 2 և ավելի անգամ դատապապարտված անձանց գործերի ուսումնասիրության հիման վրա լայնածավալ հետազոտություն է իրականացվել՝ բացահայտելու գիտահետազոտական աշխարհում հայտնի կրիմինոգեն գործոններին վերաբերող օրինաչափությունները ուսումնասիրվող գործերում և դրանք հաշվի առնելու հայկական գնահատման գործիքի մշակման հիմքում։ Այժմ գործիքի էլեկտրոնային տարբերակը տեղակայված է առցանց տարածքում և գործարկվում է Ծառայության կողմից։ Գործընկերներ ՀԿ-ների հետ փորձարկվել է շահառուի ռիսկի և կարիքների խոր գնահատման գործիքը, որը օգնում է առավել նպատակային կազմակերպել շահառուի վերահսկման և վերասոցիալականացման գործընթացները։  Մշակվել են ՀՀ Պրոբացիայի ծառայողի կոմպետենցիաները ստուգող մի քանի թեստեր, որոնք փորձարկվել են ՀՀ Պրոբացիայի ծառայության 70 ծառայողների համար կազմակերպված խորացված դասընթացների ժամանակ։  ՀՀ Պրոբացիայի ծառայությանը տրամադրվել են նոր ձեռք բերված 11 դյուրակիր համակարգիչներ և 11 բազմաֆունկցիոնալ սարքեր՝ օժանդակելու ծառայության գործունեությանը։
19:43 - 26 փետրվարի, 2021
Լենա Նանուշյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Լենա Նանուշյանն ու Սերգեյ Կոպիրկինն այցելել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: Տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին: Նախարարությունը նշում է, որ բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություններից և արդյունքներից: Կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը: Լենա Նանուշյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:    
18:17 - 26 փետրվարի, 2021