ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Երևանի պետական համալսարանի դեկաններ ու ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեկանները հայտարարություն են տարածել, որը հրապարակել է «ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից, բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար: Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ անձինք. Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ
15:55 - 04 դեկտեմբերի, 2020
Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն

Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն

ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-2021 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը. բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Այս մասին հյտրարություն է տարածել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որեւէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: Կորոնավիրուսի համավարակի եւ բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, եւ հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարեւորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռեւս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է եւ պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին: Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։ Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ: Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ եւ մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաեւ մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է եւ կա որպես հայերենագիտության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»:  
14:17 - 04 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարությունը նշում է, որ Երևանի մշակույթի ու Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջների միավորումից հետո ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների փոփոխությունն աշխատակազմի շրջանում հարուցել էր անհամաձայնություններ, որոնք շտկելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարը տարակարծիք կողմերի հետ ունեցել է ինչպես առանձին, այնպես էլ համատեղ քննարկումներ։ Նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում այդ հարցը չպետք է խաթարի քոլեջի բնականոն աշխատանքը, առաջարկել է ներկայացնել տնօրենի պարտականությունները կատարողի՝ ամբողջ աշխատակազմի և ուսանողների համար ընդունելի միասնական թեկնածու, որը կպաշտոնավարի մինչև մրցութային կարգով ընտրված տնօրենի կողմից լիազորությունների ստանձնումը: Ընդունելով նախարար Վ. Դումանյանի առաջարկը` Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներն առաջարկել են ուսումնական հաստատության տնօրենի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Արսեն Ղազարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության նկատմամբ աշխատակազմի դրական վերաբերմունքը։ Առաջիկայում համապատասխան կարգավորմամբ Արսեն Ղազարյանը կստանձնի տնօրենի պարտականությունների կատարումը։ Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է համախմբել բոլորի ջանքերն ու ռեսուրսները կրթական ոլորտի բարեփոխումներն ամբողջացնելու և քոլեջի զարգացման ուղղությամբ:
23:30 - 03 դեկտեմբերի, 2020
62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 62 ուսուցչի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2020 թվականի նոյեմբերի 30-ի հրամաններով շնորհվել է որակավորման առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Մասնավորապես, ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցներում աշխատող 52 ուսուցիչ ստացել է առաջին, 9 ուսուցիչ՝ երկրորդ, 1 ուսուցիչ՝ երրորդ աստիճանի տարակարգ։ Որակավորման տարակարգերի շնորհման համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշումը։Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգի»` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով. երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով. երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով:
13:09 - 03 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Հիմք էր ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացիների մի մասը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել է և չի կարող մասնակցել մրցույթներին։ Դեկտեմբերից մրցույթների իրականացման գործընթացը շարունակվում է։ Մասնավորապես, վերսկսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների կասեցված մրցույթների գործերի ընդունման և կասեցված մրցույթների անցկացման գործընթացը:
19:37 - 02 դեկտեմբերի, 2020
Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍՆ

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍՆ

Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարության՝ դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման, սակայն ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով: Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում  COVID-19 համավարակի համատեքստում ռիսկի խմբում են համարվում այն երեխաները, ովքեր՝   վարակված են COVID-19-ով կամ ունեն COVID-19-ով վարակված ընտանիքի անդամ․   ունեցել են ուղղակի շփում վարակակրի հետ կամ ունեն բարձր ջերմություն և ցուցված են անցնել ինքնամեկուսացման։   Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել հեռավար դասերին առհասարակ   Ըստ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգի 8-րդ կետի՝   կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝   եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը․   արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն)․   դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ արտերկրում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում․   այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք․   այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից․   այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:   Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:   Պաշտոնական հայտարարությունը՝ https://escs.am/am/news/7487   Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգը https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142945      
18:52 - 02 դեկտեմբերի, 2020
Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ:  Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի հունվարի 14-ից: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 03-Ն հրամանով որոշ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1031-Ն հրամանի հավելվածով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում:Նախ՝ փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալու մասին կետը: Եթե նախկինում ուսուցիչները պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա այժմ ընդունվում է նաև նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը: Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։ Որպես բնութագրիչ ներկայումս ընդունվում են նաև ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 1) դիմում` ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, 2) անձնագրի պատճենը, 3) հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը, 4) կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, 5) աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը, 6) բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:
10:03 - 02 դեկտեմբերի, 2020
Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ): Գալիք՝ 2021/22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան: Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։ Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։   Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները։ Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն։ Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ։ Հավելենք, որ գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ անվճար տեղերի բաշխումը։ Այդ որոշմամբ՝ ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 35 անվճար տեղ՝ հաշվի առնելով գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը։ Նախապատվությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ու հայագիտության ոլորտի մասնագիտություններին։ Սահմանվել է, որ 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բաշխման ժամանակ առաջնահերթությունը տրվում է մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի։ Անհրաժեշ­տու­թյան դեպքում հաշվի է առնվում նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
19:15 - 01 դեկտեմբերի, 2020
Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով․ ԿԳՄՍՆ

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։ Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի։Հիշեցնենք, որ այս մասին ավելի վաղ հայտնել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։
21:39 - 30 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել |armenpress.am|

ԿԳՄՍ-ն նախատեսում է ներդնել նախադպրոցական ծառայության ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ներդնել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների նախագիծ: ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը նշեց, որ նախագիծը փորձում են ներդնել, քանի որ հանրապետության ոչ բոլոր բնակավայրերում է մատուցվում նախադպրոցական ծառայություն: Դրանք ներդրվելու են բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում: «Հայաստանի բոլոր մարզերում կա շուրջ 270 բնակավայր, որտեղ առհասարակ չի իրականացվում նախադպրոցական որևէ ծառայություն: Կան նաև բնակավայրեր, որտեղ կան մանկապարտեզներ կամ դպրոցներին կից նախակրթարաններ, որոնք նախատեսված են 5-6 տարեկան երեխաների համար: Նման մոդել ներդնելու համար ԿԳՄՍ նախարարությանը գումարը հատկացվել է պետական բյուջեից: Գերատեսչության բյուջեում լինելու է այդ գումարը, և տարեկան դրամաշնորհ է տրամադրվելու. կարգն այդպես է լինելու: Որոշ չափորոշիչներ կլինեն՝ հաշվի են առնվելու համայնքի պատրաստակամությունը, երեխաների թիվը: Նախակրթարանների շենքերի վերանորոգման հարցերը լուծվելու են դրամաշնորհի շրջանակում, սակայն հետագայում դրանց պահպանման ծախսերը, բնականաբար, համայնքինն են լինելու»,- ասաց Կարախանյանը: Նրա խոսքով՝ առաջարկվել է մի քանի տարբերակ, որոնք հիմնականում ծախսարդյունավետ են: Տարբերակներից մեկի դեպքում մատուցվելու են 3.5-4 ժամ տևողությամբ ծառայություններ`առանց ցերեկային քնի ապահովման: «Խմբում երեխաների առավելագույն քանակը նախատեսվում է 30։ Այս տարբերակը նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։ Առաջարկվում է նաև մեկ այլ ծառայության տեսակ՝ 4-4.5 ժամ տևողությամբ, որը կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և չկա այլ մոդելներ իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար կլինի կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։ Այս պարագայում խնամակալ ընտանիքի մայրը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն: Մենք ունենք այդպիսի փորձ: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նման ծրագիր է արվում Սյունիքի և Լոռու մարզերում: Բնակավայրեր ունենք, որտեղ նույնիսկ միջին մասնագիտական կրթության խնդիր կա, այդ պատճառով ցենզը տնաին պայմաններում դրել ենք, որ միջակարգ կրթությամբ կանայք լինեն, ովքեր պարտադիր կանցնեն վերապատրաստում: Երեխաների խնամքն էլ կիրականացվի հենց իրենց կողմից»,- նշեց մասնագետը: Ներկայացնելով ծախսարդյունավետ և այլընտրանքային մոդելի մեկ այլ տարբերակ՝ Կարախանյանը նշեց, որ կարող է լինել նաև շրջիկ ծառայություն: Այդ դեպքում խումբը ձևավորվելու է մի քանի բնակավայրի մասնագետների օգնությամբ: «Նման ծառայություն կարող է իրականացվել, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար մասնագետների խնդիր կա։ Ենթադրվում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։ Մոդելների ներդրումը տեղի կունենա մի քանի փուլով. համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում: Կարախանյանն ընդգծեց, որ կարգն այս պահին շրջանառվել է, Արդարադատության նախարարությունից վերադարձվել է, կա եզրակացություն, դիտարկումներ կան, դրանք հիմնականում իրավական հարցերին են վերաբերում:
14:41 - 30 նոյեմբերի, 2020
Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը

Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը

ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը։ Հրամանում որևէ փոփոխություն դեռ չի արվել, այն գործում է։ Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ. ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունն ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանի համաձայն: Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:
23:47 - 27 նոյեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։ «Ողջունում եմ բոլորիդ, այստեղ շատերին ես ճանաչում եմ։ Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում, և ես եկել եմ այստեղ աշխատելու, իմ հնարավորություններն ու ներուժն օգտագործելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, իհարկե, ձեզ հետ միասին»,- նշել է նախարար Վ.Դումանյանն աշխատակազմի հետ հանդիպմանը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այս պահին ծառացած հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները։ Անդրադարձ է եղել մինչև տարեվերջ պարտադիր իրականացման ենթակա բյուջետային ծրագրերին, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված դպրոցականների կրթության կազմակերպման, պատերազմական գործողություններին մասնակցած ուսանողների համար նախարարությունում քննարկվող սոցիալական ծրագրերին, մշակութային ժառանգության պահպանմանը և ոլորտային այլ խնդիրների։
20:04 - 27 նոյեմբերի, 2020