ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Սուրեն Պապիկյանին․ ՊՆ-ից խոստացել են օր ու ժամ նշանակել |news.am|

Զոհված զինծառայողների ծնողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել Սուրեն Պապիկյանին․ ՊՆ-ից խոստացել են օր ու ժամ նշանակել |news.am|

news.am: Պաշտպանության նախարարության դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին այսօր այդպես էլ չհաջողվեց հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ծնողներից մեկի խոսքով, սակայն, նախարարությունից խոստացել են հանդիպման օր ու ժամ նշանակել։ Վահիդ Սահակյանը ասաց, որ ՊՆ-ից հայտնել են՝ նախարարությունը ի զորու չէ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին կանչել առերեսման: «Մեզ ասացին, որ Քյարամյան Պավլիկին առերեսման բերելու հարցը քննիչի իրավասության ներքո է: Այս մասով դեռևս կորոշենք մեր հետագա քայլեր: Բայց մենք այստեղ ենք մեր պահանջով: Մենք ցանկանում ենք հանդիպել պաշտպանության նախարարի հետ, քանի որ կան հարցեր, որոնք մեզ հուզում են: Հիմա սպասում ենք, թե երբ է Սուրեն Պապիկյանը մեզ ընդունելու»,- ասաց զոհվածի հայրը: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ծնողների որդիները Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակից են: Ծնողները պահանջում են հանդիպել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։ Նշենք նաև, որ ծնողները պահանջում են հանդիպում կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ: Տևական ժամանակ է՝ ծնողները փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները: Զինծառայողների ծնողներին վրդովվեցրել է այն, որ նույն գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան այն դեպքում, երբ մարտական գործողություններին չի մասնակցել: Նշենք նաև, որ այսօր զոհվածների ծնողները փորձել են Պաշտպանության նախարարություն մուտք գործել, սակայն նրանց թույլ չեն տվել:
17:41 - 10 օգոստոսի, 2022
Հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հրամանատարական հավաք- պարապմունքներ

Հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հրամանատարական հավաք- պարապմունքներ

 N զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։    
17:10 - 10 օգոստոսի, 2022
ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, զոհված զինծառայողների ծնողները մուտք գործեցին շենք |news.am|

ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, զոհված զինծառայողների ծնողները մուտք գործեցին շենք |news.am|

news.am: Պաշտպանության նախարարության դիմաց քիչ առաջ իրավիճակը լարվեց, երբ առավոտից բողոքի ակցիա իրականացնող՝ 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մտան շենք։ Մի քանի րոպե ռազմական ոստիկանության հետ բանակցելուց հետո ծնողները շենքից դուրս եկան՝ հայտնելով, որ ներսում իրենց տեղեկացրել են՝ նախարար Պապիկյանը ՊՆ-ում չէ։ «Մեզ ասեցին, որ չի կարելի, այսինքն մենք իրավունք չունենք նախարարություն մտնել»,-ասաց պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը: Ծնողները վրդովված են, որ շուրջ 2 ժամ է՝ իրենց հրաժարվում են ընդունել։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ավելի քան մեկ ժամ է՝ սպասում էին Պաշտպանության նախարարության շենքի առջեւ՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամ փոխնախարար Արման Սարգսյանի հետ:  Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահրիդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անցած անգամ իրենց ասել են, որ նախարարը  չի ընդունի իրենց, քանի որ ժամանակ չունի: «Պապիկյանը պարտավոր է մեզ ընդունել, քանի որ մենք այս երկրի համար զոհել ենք մեր ամենաթանկը: Մենք որքան պետք է՝ սպասելու ենք: Պապիկյանն ու Սարգսյանը պետք է պատասխան տան՝ ո՞ւմ հրամանով է Մարտակերտի 5-րդ պաշտպանականը տեղափոխվել Մարտունի 2»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:   Վահրիդ Սահակյանը նշեց, որ իրենք պահանջում են նաեւ հանդիպում գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ. «Պավլիկ Քյարամյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ հանգամանքներում են զոհվել մեր տղաները, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ հետնահանջի հրաման չի տրվել, ո՞ւմ հրամանով է գումարտակը 5-րդ պաշտպանականից տեղափոխվել 2-րդ պաշտպանական եւ այլն»,- ասաց նա: Ծնողները ասացին, որ իրենք կհեռանան այստեղից, երբ ստանան իրենց հարցերի պատասխանները:  «Մեզ այստեղից հանգստացնում, ուղարկում են տները: Բայց մենք մինչեւ օրս ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց նա:
13:54 - 10 օգոստոսի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թ. օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ, իսկ առաքելությունն ավարտած գնդապետ Արտյոմենկոյին շնորհակալություն հայտնել՝ ՀՀ-ում ռազմադիվանագիտական ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում վերջին օրերին արձանագրվող զարգացումները: Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ծրագրված միջոցառումների ընթացքը:
16:51 - 09 օգոստոսի, 2022
Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։  Infocom-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ (առավոտյան 10։30-ի սահմաններում) ՀՀ սահմանին լարվածություն չկա։  «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։ Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք Տավուշի սահմանին ադրբեջանական զորք կամ տեխնիկա է կուտակված, Պն խոսնակը նշեց՝ իր մեկնաբանությունը վերաբերում էր հենց Տավուշի սահմանին տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ ՊԲ-ի փոխանցմամբ՝  ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:      
11:08 - 04 օգոստոսի, 2022
ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր՝ հուլիսի 30-ին, արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը։  «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հերքել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
21:33 - 30 հուլիսի, 2022