ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Գլխավոր դատախազը գործընկերներին ներկայացրել է Արցախի պատերազմին ահաբեկիչների ներգրավման մասին տվյալները

Գլխավոր դատախազը գործընկերներին ներկայացրել է Արցախի պատերազմին ահաբեկիչների ներգրավման մասին տվյալները

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս հոկտեմբերի 7-ին  գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավուքնների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազն իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Նշելով, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից միջազգային ահաբեկչության փաստով հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների վարձկանների՝ ռազմական գործողություններում ներգրավվածությունը հաստատվել է նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով ու փաստական տվյալներով՝ հավելելով, որ ըստ բաց աղբյուրներով ստացվող տեղեկատվության, հակամարտության գոտի ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է: Արթուր Դավթյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով: Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները: Ելնելով վերոնշյալից` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցելով դրան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:
18:35 - 21 հոկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանարպետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան երեք շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված հարվածների թիրախներ է դարձվել նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մահացել կամ վիրավորում են ստացել ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված՝ հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին և կատարված հանցագործություններին նրանց ներգրավելու իրողությունը: Նա շեշտել է, որ նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով անկախ սահմաններից խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»: Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տերածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանն սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում:      
17:29 - 20 հոկտեմբերի, 2020
Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

Գլխավոր դատախազությունը արձագանքել է ադրբեջանցիների կողմից ՊԲ զինծառայողի մարմինը խոշտանգելու լուսանկարների տարածման փաստին

ՀՀ գլխավոր դատախազությունը նախաքննական մարմնին է ուղարկել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարները, որոնք պատկերում են ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց. «Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով: Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»:
21:30 - 16 հոկտեմբերի, 2020
Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազի խորհրդական

Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Արցախի Հանրապետութան դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչների դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա, մասնավորապես, գրել է․«Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ակնհայտ ազգային ատելության շարժառիթներից ելնելով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա: Սպանություն կատարելու նշված՝ դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում»:
22:58 - 15 հոկտեմբերի, 2020
Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները

 |armenpress.am|

Գլխավոր դատախազությունը ՌԴ-ին և Իրանին է փոխանցել Ադրբեջանում վարձկանների առկայության ապացույցները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության և Իրանի գործընկերներին է փոխանցել քրեական գործերով հաստատված ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերում առկա են վարձկաններ: Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Զինվորական դատախազ, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը: «Դատախազությունը ակտիվ համագործակցում է օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հետ: Նրանց փոխանցել ենք մեր ձեռքի տակ առկա, հաստատված ապացույցներն ու կարելի է ասել ամենօրյա աշխատանքի գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի քրեական գործերով արդեն իսկ հաստատված այն հանգամանքով, որ վարձկաններ կան Ադրբեջանի զինված ուժերի կազմում, համապատասխան միջոցառումներ իրականացվեն նրանց ներթափանցումը կանխարգելելու, նրանց անձը պարզելու, ինքնությունը հաստատելու, հայտնաբերելու և այլ ուղղություններով»,- ասաց Հարությունյանը: Վահե Հարությունյանը նշեց, որ արդեն իսկ շուրջ երկու տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, այնպես էլ այլ հանցագործությունների վերաբերյալ: «Արդեն փաստերը հաստատագրված են, իրականացվում են համապատասխան միջոցառումներ դրանց իրավական գնահատականը լիարժեք տալու, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին հետամուտ լինելու նպատակով»,- նշեց ՀՀ Զինվորական դատախազը:
18:32 - 15 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է

Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ վարվող ագրեսիվ պատերազմը և դրա ընթացքում ծանրագույն հանցագործությունների կատարումը շարունակվում է

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. հուլիսից առ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ վարում է ագրեսիվ պատերազմ:  Ընդհանուր առմամբ սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ՀՀ տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ: Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված ՀՀ 11 զինծառայողներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված ձևով ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի բնակավայրերը, որտեղ հայտնաբերվել է հիշյալ հրետակոծությունների ընթացքում արձակված արկերից մեկը:  2020թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ազգային ատելության շարժառիթով, հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը, որի արդյունքում այրվել է այնտեղ գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակիչների բնակելի տների պատուհանների ապակիները, պատերը, տանիքը, ցանկապատը, միջնակարգ դպրոցի հարակից տարածքը՝ պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:  2020թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02-ի սահմաններում, հրթիռահրետանային հարվածներով վնասել են Վարդենիս քաղաքի բնակչի առանձնատանը գտնվող  նյութական միջոցները, գույքը: Արձակված հրթիռի դետալը հայտնաբերվել է տան բակում: 2020թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրթիռահրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման թիրախ են դարձրել և պայթեցրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղի բնակչի բնակելի առանձնատունը, ինչի արդյունքում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս երկուսի առողջությանը պատճառվել է վնաս: 2020 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:55-ից մինչև 23:24-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի դաշտամիջյան հատվածում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը:  Հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Սոթք,  Կութ գյուղերի, Նորաբակ համայնքի տարածքներում և ՀՀ ՊՆ զորամասին կից կրակային ուսումնական կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել են Ադրբեջանի զինված ուժերի  կողմից սպառազինության տարբեր միջոցներից արձակված արկեր և դրանց արդյունքում առաջացած բեկորներ:  Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի Նոր Առաջաձոր համայնքի վարչական տարածքում ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել և խոցվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքը: Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օգտագործմամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձվել Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրը, որի արդյունքում սպանվել է երեք զինծառայող, վնասվել են նույն բնակավայրի՝ մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:  Հոկտեմբերի 14-ին խախտելով հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների կողմից համատեղ ընդունված համաձայնությունը՝ ադրբեջանական զինված ուժերը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախային հարված են հասցրել ՀՀ տարածքում, Վարդենիսի տարածաշրջանի Շատվան  համայնքին հարակից տարածքում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային: Իրականացված հարվածների հետևանքով զոհվել է երկու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 10 զինծառայող: Այդ ընթացքում ԱԹՍ-ների կողմից թ  իրախավորվել են նաև հարակից դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչներ, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:  Նշված հանգամանքները փաստագրված և հաստատված են ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող դատավարական, քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում:  Համապատասխան գործողությունները շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կատարած ագրեսիվ հանցագործության և այլ բնույթի հանցագործություններին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:
12:31 - 15 հոկտեմբերի, 2020
ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նիստին Արթուր Դավթյանը բարձրացրել է ԼՂ հակամարտության գոտում միջազգային ահաբեկչության հաստատման հարցը

ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նիստին Արթուր Դավթյանը բարձրացրել է ԼՂ հակամարտության գոտում միջազգային ահաբեկչության հաստատման հարցը

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի հերթական, առցանց նիստը: Օրակարգում քննարկված 15 հարցերի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, դրա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ծանրագույն հանցագործություններին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումներին, արձանագրված դեպքերին, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով իրականացվող նախաքննությանը: Գլխավոր դատախազն ուշադրություն է հրավիրել  հանգամանքի վրա, որ այդ հանցավոր գործողությունները, լայնածավալ ռազմական գործողություններն իրականացվում են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների, մասնավորապես՝ միջազգային կոնվենցիաներով խստորեն արգելված զինատեսակներով, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակներով և  դրանց հետևանքով սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, շատերն ստացել են մարմնական վնասվածներ, անձանց գույքին պատճառվել է մեծ չափերով վնասներ: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ քրեական գործերի քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները վկայում են իրականացվող ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան գրոհայինների ներգրավվածության մասին: Համակարգող խորհրդի նիստին մասնակցող ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների ուշադրությունը հրավիրելով այդ խմբավորումների՝ հակամարտության գոտում տեղակայելու միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանի բոլոր երկրների ներքին ու արտաքին անվտանգության համար ստեղծվող լրջագույն սպառնալիքի վրա՝ Արթուր Դավթյանը շեշտել է միջազգային ահաբեկչության և դրա տարածման անընդունելի դրսևորումների կանխման, բացահայտման, նման որջերի ոչնչացման, դրանցում ընդգրկվող անձանց պարտադիր պատասխանատվության ենթարկելու նպատակով անդամ երկրների ջանքերը համատեղելու և լայն համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Հայաստանը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել այդ աշխատանքներում: ԱՊՀ անդամ երկրների դատախազների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Ի. Կրասնովն իր խոսքում, որպես առաջնահերթ խնդիր, ընդգծել է քաղաքացիների պաշտպանության և անվտանգության ապահովումը՝ հատկապես կոնֆլիկտի տարածքում վարձկանների և ահաբեկիչների ներգրավման ցանկացած փորձ կասեցնելու եղանակով:
17:48 - 08 հոկտեմբերի, 2020
Զորահավաքի միջոցով զորակոչվածների համար նախատեսված են նույն պատասխանատվության միջոցները, ինչ հիմնական զինծառայողների համար

Զորահավաքի միջոցով զորակոչվածների համար նախատեսված են նույն պատասխանատվության միջոցները, ինչ հիմնական զինծառայողների համար

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով և բնականոն հունով շարունակվում է ընդհանուր զորահավաքի իրականացումը, որի շրջանակներում զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր և պատվով ու անձնվիրաբար կատարում իրենց առջև դրվող մարտական խնդիրներն ու պարտականությունները: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ զինվորական դատախազությունը հանրային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև նախազգուշացման նկատառումներով հարկ է համարում տեղեկացնել և պարզաբանել հետևյալը: Զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի օրենքի 5-րդ հոդվածի, համարվում է զինվորական ծառայության տեսակներից: Այսինքն զորահավաքի միջոցով զորակոչված անձանց համար նախատեսված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար: Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազությունը զգուշացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն ինչպես զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, այնպես էլ նույն նպատակով ծառայության չներկայանալը համարվում է դասալքություն: Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում նշված արարքների կատարումը պատժվում է ազատազրկմամբ վեցից տասներկու տարի ժամկետով: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված նաև զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելու համար, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ։ Այս արարքները ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարելը  պատժվում է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով։ Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում, այնուամենայնիվ, նշելու, որ նմանատիպ հնարավոր դրսևորումներին տրվելու են խիստ քրեաիրավական գնահատականներ:
13:22 - 08 հոկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

Արթուր Դավթյանը Ադրբեջանի կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների խնդիրը բարձրացրել է դատախազական միջազգային կառույցներում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում: Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ: Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:   Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար:   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը  և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ:    Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով  գործադրվող ջանքերին: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ և ԵՄ անդամ պետությունների դատախազություններ ներկայացված նամակներով բարձրացվել է հատկապես ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բազմակողմ միազգային պայմանագրերով սահմանված կարգով ահաբեկիչների, ինչպես նաև խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ապահովման ուղղությամբ արդյունավետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի բանակը ագրեսիվ պատերազմական գործողություններ է ծավալում անմիջականորեն Իրանի հետ սահմանին ահաբեկիչների հայտնաբերման ու չեզոքացման հարցը բարձրացվել է նաև ԻԻՀ գլխավոր դատախազին հղված Արթուր Դավթյանի նամակով:    
11:10 - 08 հոկտեմբերի, 2020
Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց. ՀՀ դատախազություն

Իրականացվում է ապացույցների հավաքագրման ծավալուն գործընթաց. ՀՀ դատախազություն

2020թ. հուլիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ վարել է ագրեսիվ պատերազմ:  ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը  գնացել է դրան՝ խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած ԼՂՀ-ի, ԱՀ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի, 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևյան կոնվենցիային կից 1-ին Լրացուցիչ արձանագրության, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի պահանջները:   Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և այդ նպատակով խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ագրեսիան կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները ճնշելու, և խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների, վեճերի կարգավորմանը հասնելու, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա ազգերի բարեկամական հարաբերությունները զարգացնելու միջազգային-իրավական պարտավորությունը, ոտնահարելով ագրեսիայի դրսևորման, անպաշտպան բնակավայրերի վրա հարձակվելու և ռմբակոծելու արգելքն ու ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջը և հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կիրառվող բանակցային ձևաչափը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող շուրջ մեկ տասնյակ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Այդ թվում, թիրախ են դարձրել ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի և շփման սահմանագծին հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող մանկահասակ երեխաներին, կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները: Այդ հանցավոր գործողությունների արդյունքում սպանվել են բազմաթիվ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, ռազմական գործողություններին չմասնակցող անձինք, վիրավորվել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, մեծ վնասներ են հասցվել ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներին, այդ թվում՝ բնակչության քաղաքացիական պաշտպանությունն ապահովող կառույցին, ֆիզիկական և իրավաբականական անձանց անշարժ և շարժական գույքին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում կատարված ագրեսիվ պատերազմին բնորոշ  հետևյալ նոր հանցավոր գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից խոցվել է Գեղարքունքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը, որի հետևանքով սպանվել է ՀՀ ԶՈՒ օդաչու, մայոր Վալերի Դանելինը: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի գործողությունների արդյունքում այրվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար Համայնքի Սոթք բնակավայրում գտնվող մարդատար ավտոբուսը, վնասվել են նույն բնակավայրի մի շարք բնակելի տները: Հարվածային անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված զորամասի շինությունները, ռմբակոծվել են նույն տարածաշրջանի խաղաղ բնակչությամբ բնակեցված մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով սպանվել է խաղաղ բնակիչ: Հակառակորդը հրետանի է կիրառել ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վիրավորում: Հակառակորդի կողմից հրետակոծվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Վարդենիսի Կութ գյուղը: Հակառակորդի չորս անօդաչու թռչող սարքեր, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, հայտնվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում, որոնք չեզոքացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել և արկակոծել են Արցախը ՀՀ-ին կապող ավտոճանապարհի վրա գտնվող՝ Հակարի գետի վրայով անցնող կամուրջը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ վարելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերը, ձգտելով հասնել ռազմական գերազանցության, ամբողջ ծավալով օգտագործելով բոլոր տեսակի զորամիավորումները, կիրառելով ծանր հրթիռահրետանային և համազարկային կրակի ռեակտիվ ժամանակաից համակարգեր, Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով, շարունակաբար, գործնականում անդադար, ռազմական լայնածավալ հարձակողական գործողություններ են իրականացնում շփման գծում տեղակայված ԱՀ ԶՈՒ հենակետերի, ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սահմանագծից զգալիորեն հեռու, թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերի, այդ թվում մայրաքաղաքՍտեփանակերտի նկատմամբ՝ կիրառելով միջազգային հիշատակված կոնվենցիաներով խստորեն արգելված հրթիռահրետանային արկեր և այլ զինտեխնիկա: Բացի այդ, դիտավորությամբ թիրախավորվել են առաջնագծից զգալիորեն հեռու, բնակավայրերում կամ դրանց հարակից տարածքներում իրենց մասնագիտական պարտքը կատարող, մամուլի ներկայացուցիչ լինելու տարբերանշան և համապատասխան արտահագուստ կրող լրագրողները, նրանց տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցները: Մարդկության և խաղաղության դեմ ուղղված այս հանցավոր գործողությունները քննության առարկա են  Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում: Նշված բոլոր դեպքերի կապակցությամբ իրականացվում են ակտիվ դատավարական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների մանրամասն փաստագրման և ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:    ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվորեն համագործակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետ՝ քննության ընթացքում ձեռք բերված՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները տրամադրելու գործընթացի շրջանակներում: 
12:42 - 04 հոկտեմբերի, 2020
Դատախազությունը արձագանքում է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների միջնորդությանը |factor.am|

Դատախազությունը արձագանքում է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների միջնորդությանը |factor.am|

factor.am: Ինչպես տեղեկացրել էինք, երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին իրենց նկատմամբ հետախուզումը վերացնելու միջնորդությամբ։ Նրանք նշել են, թե ցանկանում են վերադառնալ հայրենիք այստեղ օգտակար լինելու։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, թե ինչ դիրքորոշում ունեն այս միջնորդությունների վերաբերյալ, պատասխանում են․ «Նման խնդիրները բացառապես քրեական դատավարության տիրույթում գտնվող հարցեր են և յուրաքանչյուր դեպքում լուծումներն էլ են միայն քրեադատավարական ընթացակարգ ենթադրում ու չեն կարող պայմանավորված լինել որևէ այլ հանգամանքով: Հետևաբար Դատախազությունը նման հարցերում չի առաջնորդվում հայտարարություններով: Իսկ կոնկերտ մեղադրյալների պաշտպանի կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունների քննարկման արդյունքում կկայացվեն պատճառաբանված որոշումներ: Շարունակությունը՝ factor.am-ում։
12:10 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն

Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների  նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա։ «2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ: Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական  բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ և վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին: ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի  կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն և գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գանահատականների արժանացնելու նպատակով: Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների  նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով,  կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ: ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները: Քրեադաիրավական ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դատախազության, նախաքննական մարմինների կողմից պարբերաբար կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:32 - 27 սեպտեմբերի, 2020
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը տրամաբանություն չի կարող ունենալ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին անձանց կողմից, ըստ էության, նախապես պատրաստված գրառումների ուղղորդմամբ, մանիպուլյատիվ էֆեկտով սահուն կերպով տեղափոխվեց որոշման անձնավորման, դրա իրավական նշանակությունը զրոյացնելու, իրավական հարությունից դուրս հանելու տիրույթ: Այս տեսանկյունից հարկ եմ համարում հանրության ուշադրությունը բևեռել մի քանի ակնհայտ իրողությունների ու փաստերի վրա, որոնք փորձ է արվում համառորեն թողնել ստվերում՝ արժեզրկելով ի սկզբանե դատախազության կողմից ներկայացվող փաստարկներն ու հիմնավորումները և քաղաքական պաստառ հաղորդելով դրանց: Նախ՝ կարծես թե ոչ ոք չի ուզում նկատել, որ նախքան Առաջին ատյանի դատարանի կողմից այս որոշման կայացումը, եղել էր ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով, ըստ էության, գրեթե ամբողջությամբ հիմնավոր էին համարվել դատախազության վերաքննիչ բողոքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկները՝ ինչպես Գ. Ծառուկյանի կողմից իրեն մեղսագրվող հանցավոր արարքներին հնարավոր առնչության մասին հիմնավոր կասկածի առկայության, այնպես էլ կալանավորման հիմքերի, քննչական ենթակայության հարցի որոշման դատախազության լիազորության, Գ. Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու և այլնի վերաբերյալ: Եվ հենց Վերաքննիչ դատարանի կողմից դրանց վերաբերյալ հիմնավորումների, արված պատճառաբանությունների, իրակավան վերլուծության ամբողջականությունը հաշվի առնելով էր ՀՀ դատախազությունը գտել, որ այդ պայմաններում Վերաքննիչ դատարանն ինքը կարող էր իր իսկ տված իրավական գնահատականների, եզրակացությունների հիման վրա կայացնել հարցը լուծող դատական ակտ, և հենց այդ մասով էր որոշման դեմ ներկայացրել վճռաբեկ բողոք:Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը այս որոշումը կայացրել է՝ ունենալով հիմնական վիճարկվող հարցերի ճնշող մեծամասնության վերաբերյալ վերադաս դատարանի կողմից արված եզրահանգումները, հստակ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք որևէ պարագայում հաշվի չառնել չէր կարող: Ընդ որում, հարկ է նկատել, որ մինչ այս որոշումը ինչպես Առաջին ատյանի դատարանը միջնորդության կապակցությամբ իր առաջին՝ հունիսի 21-ի որոշմամբ, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ իր հուլիսի 8-ի որոշմամբ, հաստատված են համարել իրեն մեղսագրվող արարքների կատարմանը Գ. Ծառուկյանի հնարավոր առնչության հիմնավոր կասկածի առկայությունը:Իսկ կալանավորման հիմքերի բավարարության կապակցությամբ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, ուղղակիորեն էր արձանագրել, որ, մասնավորապես, մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը բամզակողմանի և խորը վերլուծության չէր ենթարկել, օրինակ, գործի կոնկրետ փաստական այն հանգամանքները, որոնք վերաբերում են Գ. Ծառուկյանի տան խուզարկությամբ հայտնաբերված՝ պատգամավորների թեկնածուների ձեռագիր «հայտարարություններ»-ի մասով Գ. Ծառուկյանից նրանց ունեցած ենթադրյալ անվերապահ կախվածությանը: Ավելին. Վերաքննիչ դատարանն ինքն է գտել, որ «նշված հանգամանքի» քննարկումը էական և վճռորոշ նշանակություն ունի մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելու համար, քանի որ դա կարող է վկայել ոչ թե հնարավոր և/կամ ենթադրյալ ազդեցության մասին, այլ ուղղակի և/կամ իրական ազդեցության մասին: Բացի այդ, վերաքննիչ դատարանն արդեն իսկ գտել էր, որ հիմնազուրկ է Գ. Ծառուկյանի նկատմամբ նշանակվող կալանքի հրատապությունը կորսված լինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արած պատճառաբանությունը:Քանի որ բազմիցս առիթ ունեցել ենք ներկայացնելու նաև կոնկրետ այս գործով քննչական ենթակայության և Գ. Ծառուկյանի անձեռնմխելիության հաղթահարման դատախազության հիմնավորումներին, որոնց հետ, ըստ էության, գրեթե ամբողջությամբ համակարծիք է նաև ՀՀ վերաքննիչ դատարանը, չեմ ուզում դրանց անդրադառնալ:Ընդամենը հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքների քննարկման համատեքստում անդրադարձել է Գ. Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու պնդումներին՝ հստակ արձանագրելով, որ այդ կապակցությամբ որևէ նյութ, ապացույց կամ փաստ չի ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից արվող հայտարարություններն առ այն, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, չեն նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը, քանի դեռ այն չի ապացուցվել և հիմնավորվել: Իսկ Գ. Ծառուկյանի անձով, կարգավիճակով, և զբաղեցրած պաշտոնով պայմանավորված՝ նրա նկատմամբ իրականացվող ցանկացած վարույթ, ըստ Վերաքննիչ դատարանի, կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում: Նման իրողությունների պայմաններում Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված երեկվա որոշումը անձնավորելու, քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը որևէ տրամաբանություն չի կարող ունենալ, և հորդորում եմ դադարեցնել նման շահարկումները: Հ.Գ. Հարկ եմ համարում նշել նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից 21.06.2020թ. կայացված կալանքի միջնորդությունը մերժելու որոշմամբ խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը և խեղաթյուրվել են կալանավորման հիմքերի կանխատեսական բնույթի մասին ՄԻԵԴ-ի վճիռներում և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Մասնավորապես, չնայած դատարանն ինքն էր իրական համարել մեղադրյալի, տվյալ դեպքում Գ. Ծառուկյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու և գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ ոչնչացնելու միջոցով խոչընդոտելու հնարավորությունը, սակայն այդ պայմաններում ակնհայտ անհիմն եզրահանգում էր կատարել այդ հիմքով կալանքի բացառման մասին: Հաշվի առնելով, որ Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բեկանելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ՝ ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց»:
14:25 - 26 սեպտեմբերի, 2020
Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել

Բացառել խոշտանգման, բռնությունների ենթարկվելու մասին կալանավորված, ձերբակալված անձանց պնդումները համարժեք արձագանքի չարժանացնելը. ՀՀ գլխավոր դատախազը պահանջներ է դրել

ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի կատարելագործման, դատավարական պրակտիկայի բարելավման իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը։ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ որոշ դեպքերում արգելանքի տակ գտնվող մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, կամ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման ընթացքում վերջիններիս կողմից դատարանում արվում են հայտարարություններ ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություն գործադրելու, ինքնախոստովանական կամ հանցակցին մերկացնող ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ: Սակայն միջնորդությունների քննարկմանը մասնակից քննիչների կողմից այդ հայտարությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, փոխարենը այդ անձանց առաջարկվում է հայտարարությունների կապակցությամբ հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններին։ Օրինակ՝ ՀՀ ՔԿ-ում քննված քրեական գործով 2019թ. օգոստոսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք առաջադրված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության դատական քննության ժամանակ մեղադրյալը հայտարարել է, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից գործադրվել է բռնություն, ինչպես նաև բռնություն է գործադրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնում` հետաքննիչի կողմից: Դրա վերաբերյալ հայտարարություններ է կատարել նաև մեղադրյալի պաշտպանը: Դատարանը վարույթն իրականացնող մարմնի ուշադրությանն է հրավիրել մեղադրյալի և պաշտպանի կողմից արված հայտարարություններում ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու մասին տվյալների վրա։ Միջնորդության քննարկման ժամանակ հիշյալ գործով վարույթն իրականացնող քննիչը բավարարվել է մեղադրյալին և պաշտպանին պարզաբանելով, որ ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների վերաբերյալ կարող են հաղորդում ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Ավելին՝ մեղադրյալը և վերջինիս պաշտպանը ոստիկանների կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու վերաբերյալ հայտարարություններ են կատարել հետագայում՝ նաև երկու ամիս անց դատարանում մեղադրյալի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության դատական նիստին՝ հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել և որ այդ մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ՀՔԾ: Որոշ դեպքերում անձանցից բացատրություն վերցնելիս, հարցաքննելիս, վերջիններս հայտնում են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի, բռնության վերաբերյալ տեղեկություններ, բայց այդ տվյալները տևական ժամանակ չեն փոխանցվում իրավասու մարմինների քննարկմանը։ Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել համապատասխան նախաքննական մարմինների ղեկավարներին՝ անհրաժեշտ համարելով ձեռնարկել գործուն միջոցներ նման դեպքերը բացառելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ենթակա ծառայողներին հանձնարարել դատավարության մասնակիցների կողմից արված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն անհապաղ փոխանցել դատավարական ղեկավարում իրականացնող համապատասխան դատախազներին՝ իրավասու, անկախ մարմնի քննարկմանը ուղարկելու, այդպիսով խոշտանգման, պաշոնեական լիազորությունները բռնության զուգորդմամբ անցնելու դեպքերով օպերատիվ քննության արդյունավետության վտանգումը բացառելու համար:  Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության, վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ անձանց բողոքների և պնդումների մասին քննությունը օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ կատարելու, դրա պատշաճ արագությունը երաշխավորելու նպատակով ապահովել, որպեսզի նշված բողոքները և պնդումները դրանք ստացվելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ ուղարկելու հարցը օպերատիվ կերպով լուծելու համար։ Դատախազներին հանձնարարված է նաև մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցների հարցերով վերաքննիչ բողոքների կամ գործի՝ ըստ էության քննության դատական նիստերին մասնակցության ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն դարձնել իրենց նկատմամբ ոստիկանության բաժանմունքներում, ԶՊՎ-ներում, քրեակատարողական հիմնարկներում պաշտոնատար անձանց կողմից բռնության, ճնշումների ենթարկվելու վերաբերյալ ձերբակալված, կալանավորված անձանց կողմից արվող պնդումներին՝ դրանցով անհապաղ պատշաճ ընթացքակարգ սկսելու և քրեական վարույթի շրջասնակներում դրանց իսկությունը և հանգամանքները պարզելու նպատակով:      
15:41 - 25 սեպտեմբերի, 2020