ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում առ այն, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և երկարատև լուծման համար։ Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը: Որպես հիմնարար լուծում՝ քննարկվում է նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ գրավոր պարզաբանումների պահանջով։Հիշեցնենք, որ Այրում խոշորացված համայնքի Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Արճիսցիների բողոքի ակցիայի պատճառը խմելու ջրի բացակայությունն է:
07:23 - 26 օգոստոսի, 2019
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ Մարդու իրավունքների պաշտպան

Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ: Նման քննարկում կազմակերպվում է առաջին անգամ, չնայած նրան, որ անհատական գործերով կողմերի միջև տեղի են ունենում քննարկումներ, որոնց կարող են բախվել մեր հայրենակիցները Ռուսաստանում: Կողմերի աշխատակազմերից նշանակված են պատասխանատու ներկայացուցիչների այդ բոլոր հարցերի առնչությամբ: Մոսկվայում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Դեսպանության հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում քաղաքացիների բարձրացրած խնդիրները քննարկվել են հանդիպմանը: Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում կարևոր է դեսպանության հետ նման սկզբունքներով իրականացվող աշխատանքը:Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Նա նույնպես բարձրացրել է հայերին հուզող առաջնային կարևորության հարցեր, որոնց լուծման համար քաղաքացիները պարբերաբեր դիմում են իրենց։Օրակարգում եղել են հարցեր, որոնք վերաբերում են ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածի հաշվարկմանը միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը, ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառությանը և այլն: Քննարկվել են նաև մամուլում առկա տեղեկությունները կապված Սոչիի օդանավակայանում աշխատող հայերի աշխատանքից ազատելու հետ։Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմանների համագործակցության արդյունքում առաջին անգամ տեղի է ունեցել ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների ընդունելություն, որոնք իրենց խնդիրները բարձրացրել էին դիմելով ինչպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին։Համագործակցության արդյունքում մի քաղաքացու նկատմամբ վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը և առաջիկայում կկարողանա միավորվել Ռուսաստանում ապրող ընտանիքին։ Մյուս թեմաներով ձեռք եր բերվել կոնկրետ պայմանավորվածություններ քաղաքացիների խնդիրներն արագ լուծում տալու նպատակով։Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել Հայաստանի քաղաքացիների կամ ազգությամբ հայերի աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքներին առնչվող խնդիրների լուծմանը։Կողմերը հանդիպման ավարտին քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
09:31 - 17 օգոստոսի, 2019
ՄԻՊ իրավական դիրքորոշումները դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ

ՄԻՊ իրավական դիրքորոշումները դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի ընթացքում թույլ են տրվել Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումներ, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմնի օրենքով չնախատեսված գործողությունների արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների հրապարակային հայտարարություններն այս հարցերի առնչությամբ, ինչպես նաև նրա վերաբերյալ քրեական վարույթի հետ կապված ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական հաղորդագրությունները: Ի գիտություն է ընդունվել Դավիթ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ փաստաբաններ Գերոգի Մելիքյանի և Երվանդ Վարոսյանի բարձրացրած հարցերը քրեական վարույթի ընթացում մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից համակարգային նշանակության են, պարունակում են մյուս գործերով առգրավմանն ու խուզարկությանն առնչվող իրավակիրառ պրակտիկայի խնդրահարույց զարգացման վտանգներ և կարող են առաջացնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները խախտող հետևանքներ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային դարձնել դրանց առնչությամբ իր իրավական դիրքորոշումներն ու նախատեսվող քայլերը: Դրանք հիմնված են ինչպես Պաշտպանի քննարկմանը ներկայացված բողոքների ու վարույթային փաստաթղթերի, այնպես էլ ՀՀ օրենսդրության ու վերաբերելի միջազգային չափանիշների համադրված ուսումնասիրության վրա: Ընդ որում, կոնկրետ գործով հարցերն առավել ուշադրության արժանի են, քանի որ բարձրացված են և վիճարկվում են պաշտպանության հատուկ երաշխիքներ ունեցող անձի՝ դատավորի վերաբերյալ գործով: Մարդու իրավունքների պաշտպանը նաև հատուկ արձանագրում է, որ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու կոնկրետ դատական ակտի և այն հարցերին, որոնք դատական վիճարկման առարկա են ու գտնվում են կոնկրետ գործով դատարանի լիազորությունների տիրույթում: Բոլոր հարցերին անդրադարձերը կատարված են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետևյալ հարցերին. 1. Նախաքննության մարմնի կողմից առգրավմանը կամ խուզարկությանը այն անձի և նրա փաստաբանի մասնակցությունը (ներկայությունը) չթույլատրելը, ում աշխատասենյակում կատարվում է քննչական գործողությունը և ով անմիջականորեն հանդիսանում է այդ աշխատասենյակում առկա գույքի տիրապետողը կամ տնօրինողը: Կոնկրետ իրավիճակում քննիչը դատավոր Դավիթ Գրիգորյանին չի թույլատրել ներկա լինել կամ մասնակցել վերջինիս աշխատասենյակում կատարվող առգրավմանը: Փոխարենը՝ քննիչն առգրավմանը մասնակից է դարձրել դատարանի աշխատակցի, ով այդ աշխատասենյակի հետ առնչություն չունի: Ընդ որում, քննիչը Դ.Գրիգորյանի մասնակցությունն իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը քննչական գործողությանը նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ անձի աշխատասենյակում կատարվող առգրավումը նրա մասնավոր կյանքին միջամտող քննչական գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնակալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը: Ուստի, անձի ներկայությունը կամ մասնակցությունը իր աշխատասենյակում կատարվող առգրավմանը, անկախ նրա դատավարական կարգավիճակից, պետք է ցանկացած գործով միշտ դիտարկվի հենց այդ տեսանկյունից: Դա ապահովելու անմիջական պարտականություն կրում է քննչական գործողությունը կատարողը, եթե իհարկե հնարավոր չէ դա օբյեկտիվ պատճառներով: Դավիթ Գրիգորյանի դեպքում այս պահանջի ապահովումն առավել առանձնահատուկ է, քանի որ խոսքը հատուկ պաշտպանվող սուբյեկտի՝ դատավորի նկատմամբ կատարվող գործողության մասին է: Նշվածից բացի, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրած բողոքում պնդել է փաստաբան Գ.Մելիքյանը, քանի որ խոսքը վերաբերում է առգրավմանը, ապա հենց առգրավման պարագայում է իր վստահորդի մասնակցությունն այդ գործողությանը եղել առանցքային: Հարցն այն է, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ առգրավման մասին որոշումը ներկայացնելուց և հրապարակելուց հետո է քննիչն առաջարկում կամովին հանձնել առգրավման ենթակա առարկաները և փաստաթղթերը, իսկ առաջարկը մերժվելու դեպքում առգրավումը կատարում է հարկադիր կարգով: Միայն առգրավման ենթակա առարկաները առգրավման մասին որոշման մեջ նշված տեղում չհայտնաբերելու դեպքում է հնարավոր կատարել խուզարկություն: Մարդու իրավունքների պաշտպանը տեղին է համարում փաստաբանի պնդումն այն մասին, որ քննիչին անհրաժեշտ առարկաների կամ փաստաթղթերի առկայության մասին ստույգ տեղեկությունների կարող էր տիրապետել միայն այն անձը, ում հատկացված է համապատասխան աշխատասենյակը կամ ով զբաղեցնում է աշխատասենյակը: Այդ անձն է հաստատապես տիրապետում առգրավման ենթակա առարկաների ու դրանց գտնվելու կոնկրետ տեղի մասին տվյալների: Ըստ փաստաբանի՝ այդ առաջարկը պետք է արվեր ու հնարավորությունը տրվեր իր վստահորդին: Միջազգային, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն առավել խիստ պահանջներ է ներկայացնում խուզարկության նկատմամբ: Բանն այն է, որ խուզարկությունն առավել մեծ ծավալով է միջամտում անձի մասնավոր կյանքին և կարող է պարունակել նաև քրեական հետապնդման տարրեր: Ուստի, սկզբունքային նշանակություն ունի աշխատասենյակում խուզարկության կատարմանն այն անձի ու իրավաբանական օգնության համար հրավիրված նրա փաստաբանի մասնակցությունը, ում դա հատկացված է և ով ունի մասնավորության ակնկալիք (expectation of privacy) այդ աշխատասենյակի նկատմամբ: Կոնկրետ գործով քննիչը չի թույլատրել փաստաբանի մասնակցությունը խուզարկությանը՝ պատճառաբանելով, թե դա նախատեսված չէ, չնայած փաստաբանի համապատասխան միջնորդությանը և նրան, որ Դ.Գիգորյանն ինքն է խնդրել թույլ տալ իր փաստաբանի մասնակցությունն իր իսկ աշխատասենյակում կատարվող խուզարկությանը: Քրեական հետապնդման մարմնի նման գործողություններն անթույլատրելի են և կոպտորեն խախտում են իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքը: Ընդ որում, փաստաբանը նշել է նաև, որ որոշ ժամանակով չի թույլատրվել նաև Դ.Գրիգորյանի մասնակցությունը խուզարկությանը: Սույն գործով պետք է նկատի ունենալ նաև, որ վերը նկարագվածից բացի, Հայաստանի օրենսդրությունը նախատեսել է դատավորի՝ իբրև պաշտպանության ենթակա հատուկ սուբյեկտի առանձին երաշխիքներ: Դրանք իրենց հերթին պայմանավորված են դատավորի աշխատանքի ու դատական իշխանության հեղինակության երաշխավորման կարևորությամբ (Բարձրագույն դատական խորհրդին ու դատավորին իրազեկում և այլն): Ուսումնասիրությունը վկայում է այս երաշխիքների հարցում ակնհայտ խնդիրների մասին: 2. Ընդհանրական ձևակերպումները խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդության ու այդ միջնորդության կապակցությամբ դատարանի կայացրած որոշման մեջ, խուզարկությունը դատարանի թույլատրած տարածքում, ինչպես նաև խուղարկությամբ որոնվող առարկաների կապը քրեական վարույթի հետ: Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով բարձրացրել են նաև հարց այն մասին, որ նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը և այդ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը պարունակում են ընդհանրական, վերացական բնույթի ձևակերպումներ: Ըստ փաստաբանների՝ դա հանգեցրել է նրան, որ քննիչը, օգտվելով այդ ձևակերպումներից, դատավորի աշխատասենյակից առգրավել է նաև այնպիսի առարկաներ ու փաստաթղթեր, որոնք առնչություն չունեն Դ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի հետ: Ըստ փաստաբանի՝ խուզարկության համար դատարանի որոշման մեջ նշված կոնկրետ տարածքից բացի քննիչը խուզարկություն է կատարել նաև այնպիսի տարածքում, որը դատարանի որոշման մեջ նշված չէ: Նախ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդունում է, որ առգրավումը և խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում հանրային իրավաչափ շահերի պաշտպանության համար կարևոր նշանակություն ունեցող քննչական գործողություններ են: Դրա հետ միասին, աշխատասենյակում կատարվող առգրավումը և խուզարկությունը ցանկացած պարագայում մարդու անձնական կյանքին միջամտող քննչական գործողություններ են, իսկ խուզարկությունն առհասարակ կարող է պարունակել քրեական հետապնդման տարրեր: Ուստի, քննչական այս գործողությունների ու հատկապես խուարկության պարագայում կարևորագույն նշանակություն ունի այն, թե որոշակիության ինչ աստիճան ունեն քննիչի միջնորդության ու առավել ևս խուզարկությունը թույլատրող դատարանի որոշման մեջ առկա ձևակերպումները: Կոնկրետ դեպքում, ինչպես վկայում է փաստաբանի բողոքն ու դատական ակտի ուսումնասիրությունը, դատավորի և նրա օգնականի աշխատասենյակներում, այդ թվում՝ դրանցում առկա չհրկիզվող պահարաններում խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել «(…) քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտորանյին կրիչներ և փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր հայտնաբերելու և վերցնելու համար» ընդհանրական ձևակերպումը: Իրականում, դատական ակտի ձևակերպումները պետք է լինեն կոնկրետ (այդպիսին պետք է լինի նաև քննիչի միջնորդությունը), հստակ ցույց տան դատարանի թույլտվության սահմանները, խուզարկության ծավալն և կանխորոշեն քննիչի գործողությունների շրջանակը: Հակառակ դեպքում խուզարկության նկատմամբ դատական վերահսկողության նշանակությունն իմաստազրկվում է և չի ծառայում իր նպատակին՝ իրական երաշխիքից վերածվելով պատրանքայինի: Այդ պարագայում խուզարկությունը չի ծառայում քննության կամ քրեական հետապնդման իրավաչափ շահի պաշտպանությանը, իսկ անձնական կյանքին միջամտությունը դառնում է ոչ իրավաչափ: Ձևակերպումների կոնկրետության պահանջը վերաբերում է ոչ միայն որոնվող առարկաներին կամ փաստաթղթերին, այլ նաև այն կոնկրետ տարածքին, որի խուզարկության համար տրվել է դատարանի թույլտվությունը: Այս կանոնից ցանկացած շեղում պետք է համարել անթույլատրելի: Դավիթ Գրիգորյանի գործով դատարանի որոշմամբ քննիչի համար խուզարկության թույլատրվող տարածք են սահմանվել միայն դատավորի և նրա օգնականի աշխատասենյակները: Այս մասին է վկայում նաև դատական ակտի ուսումնասիրությունը: Սակայն փաստաբանը Պաշտպանին ներկայացված բողոքի հիմնավորմամբ նշել է, որ քննիչը դուրս է եկել դատարանի որոշման մեջ նշված տարածքի շրջանակից և խուզարկել է նաև գործավարի ու դատական նիստերի քարտուղարի աշխատասենյակները, որոնք դատավորի կամ նրա օգնականի աշխատասենյակները չեն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունն այս հարցում հստակ է՝ առգրավում և խուզարկություն թույլատրող որոշման ընդհանրական ձևակերկուպմները և այդ որոշմամբ չնախատեսված տարածքի խուզարկությունը խախտում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվորպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը: 3. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով փաստաբանների բարձրացրած մյուս հարցն առնչվում է քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնիքվել է դատավորի աշխատասենյակի դուռը և նրան թույլ չի տրվել մուտք գործել իր աշխատասենյակ: Ըստ բողոքի՝ քննիչը դա արել է այնպիսի եղանակով, որ դատարանի աշխատակիցների ու այլ անձանց համար ակնհայտ է դարձել, որ ինքն անհնարին է դարձնում դատավորի կողմից իր լիազրությունների իրականացումը՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի նկատմամբ, վտանգելով նրա հեղինակությունն ու անկախությունը: Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել նաև ոստիկանության ծառայողի հսկողության ներքո դատավորի աշխատասենյակի կնիքված դուռը պատկերող լուսանկար: Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դատավորի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ քրեական հետապնդման մարմնի ցանկացած գործողություն պետք է արվի առավելագույն զգուշությամբ՝ խստորեն պահպանելով օրենսդրական պահանջն առ այն, որ պետք է ապահովել մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն: Սա միջազգային իրավաբանությունից բխող կանոն է: Ուստի, քննչի գործողությունը մտահոգիչ է: Այս հարցի հետ կապված՝ Պաշտպանը ողջունում է Բարձրագույն դատական խորհրդի արձանագրումն այն մասին, որ «...քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ», ինչպես նաև կարևոր է համարում խորհրդի ձեռնարկած միջոցները դատավորի անկախության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, վերը նկարագրվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում սույն գործով իր իրավասության սահմաններում ձեռնարկել հետևյալ միջոցները՝ 1) դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ հրավիրելով վերջինիս ուշադրությունը համակարգային բնույթի նկարագրված հարցերի վրա և առաջարկելով ձեռնարկել գործուն միջոցներ՝ թույլ չտալու համար մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց զարգացումներ դատական պրակտիկայում. 2) առաջադրել կոնկրետ հարցադրումներ և դրանց առնչությամբ պահանջել պարզաբանումներ Գլխավոր դատախազությունից և Հատուկ քննչական ծառայությունից յուրաքանչյուրից իր իրավասությանն առնչվող մասերով, ինչպես նաև ներկայացնել իրավակիրառ պրակտիկայի վտանգավոր զարգացումներ թույլ չտալուն ուղղված առաջարկներ: Սույն հայտարարության մեջ նշված հարցերը կշարունակեն գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:   ՄԻՊ
07:01 - 08 օգոստոսի, 2019
Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան․ ՄԻՊ

Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց: Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում: Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:
06:39 - 02 օգոստոսի, 2019
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Իջևանի դեպքերով կալանավորվածներին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Իջևանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված 10-ը անձանց հետ: Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեական վարույթին և առաջադրված մեղադրանքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք պնդել են, որ քրեական գործում չկան իրենց մեղսագրվող հանցանքի մասին վկայող ապացույցներ, և առաջադրված մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ նրանք նշել են, որ իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնված են մեկ անձի՝ ոստիկանության ծառայողի, և այն էլ անորոշ ցուցմունքի վրա: Ինչպես արդեն նշել ենք նախորդ հայտարարությամբ, այս գործով բերման ենթարկելիս և ձերբակալելիս Ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունք դրսևորելու հարցի առնչությամբ արդեն իսկ վարույթ է նախաձեռնված: Այս հարցերն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ: Քրեակատարողական հիմնարկներ այցի ընթացքում բարձրացվել են նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներ, որոնք ըստ բնույթի և անհրաժեշտության քննարկվել են քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, քրեական վարույթին ներգրավված փաստաբանի կամ ազատությունից զրկված անձի ընտանիքի անդամների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև կալանավորված անձանց փաստաբանների հետ:«Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների պայմաններից և ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրներն ամփոփվել են և լրացուցիչ գրություններ են հասցեագրվել Դատախազություն, Ոստիկանություն և Արդարադատության նախարարություն:Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռնարկել օրենքով պահանջվող բոլոր անհրաժեշտ միջոցները:
07:35 - 29 հուլիսի, 2019
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվել է Գեղարքունիքի մարզում: Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և մարզպետարանի ներկայացուցիչներին: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են ինչպես մարզի բնակիչների կողմից Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքներին, այնպես էլ մարզում մարդու իրավունքների վիճակին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, ներառական կրթության ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաներին պատշաճ բուժօգնության ապահովմանը, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բացառմանը, կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, սոցիալական նպաստների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, վթարային բնակելի շենքերի վիճակի լուծման ուղիները և այլ առաջնահերթություններ: Հանդիպման ընթացքում նշվել է, որ մարզում բնակվող փախստականների համար ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ի տարբերություն սահմանամերձ մյուս մարզերի: Քննարկվել է արծվաշենցիների բարձրացրած փոխհատուցման հարցերը:Ընդգծվել է մարզում աշխատատեղերի բացակայության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների բարձր ցուցանիշը և դրա հետևանքով ընտնիքներում առաջացող դժվարությունները (կանանց անարդարացի ծանրաբեռնվածություն, երեխաների դաստիարակության խնդիրը և այլն): Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կաջակցի քննարկված հարցերի լուծմանը: Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Գեղարքունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչների հետ:Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները, ինչպես նաև հարցեր՝ կապված աշխատանքային իրավունքների խախտումների, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, առողջության պահպանման իրավունքի հետ: Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետևողականության և հսկողության հարցում: Նշված հարցերը քննարկվել են նաև Գեղարքունիքի մարզում գործող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Այցն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում:
08:09 - 27 հուլիսի, 2019
Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգևավճարը

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգևավճարը

Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկացրել են, որ 1998թ. իրենց որդին զորակոչվել էր ԼՂՀ զինված ուժեր և ծառայության ընթացքում անհայտ կորել: Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող, քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածում, և առկա է 2008թ. դատարանի վճիռ, որն իրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած: Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ և պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար: Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան: Դիմումատուները խնդրել են Պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից: Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներ և նյութեր, այնուհետև ուսումնասիրվել են առկա փաստաթղթերն ու իրավական կարգավորումները: Գործի համակողմանի ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա՝ Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ, ինչի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում: Այսպիսով, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները, և նրանց նշանակվել է ամենամսյա պարգևավճար՝ յուրաքանչյուրին 31,000-ական (երեսունմեկ հազարական) դրամի չափով: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
07:55 - 26 հուլիսի, 2019
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանի դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանի դեպքերը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից։ 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ ճանապարհը փակելու և բախումների պատճառ է եղել այն, որ ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները: Այս տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Պաշտպանի որոշմամբ` 2019 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք: Նույն օրը՝ հուլիսի 18-ին բերման ենթարկված կամ արգելանքի վերցված անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ևս մեկ աշխատանքային խումբ է այցելել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված թվով 19 անձի հետ, իրականացրել նրանց վերաբերյալ փաստաթղթերի ու իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն: Բերման ենթարկված և ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որևէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երևանում՝ ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ­յուններով: Այս մասին նշել են նաև արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում: Ըստ բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երևանում: Ըստ պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել և որևէ ակտ չի կայացվել: Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ և ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել: Դրանից բացի, ոստիկանությունում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ Ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը և ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչև 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երևան էին տեղափոխվում Իջևանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ: Պաշտպանն ընդգծում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը և համագործակցությունը պաշտպանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները:
07:47 - 21 հուլիսի, 2019
Քրեակատարողական հիմնարկներում հրատապ է բժշկական ծառայությունների հարցը |forrights.am|

Քրեակատարողական հիմնարկներում հրատապ է բժշկական ծառայությունների հարցը |forrights.am|

forrights.am: «Քրեակատարողական հիմնարկներում հրատապությամբ առաջնային խնդիր է համարվում բժշկական ծառայությունների հարցը, անդրադառնալով փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին»,- հայտարարեց Մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը։ «Այսօր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք չեն վստահում բժիշկներին, այսինքն կա ցածր վստահելիության մակարդակ, և դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգը այնպես է կառուցված եղել, որ բժիշկը ընդամենը դիտվում է որպես քրեակատարողական ծառայող և ազատությունից զրկված մարդն էլ բժշկին չի դիտարկում որպես բժիշկ և նա էլ որպես պացիենտ», — մանրամասնեց Արման Թաթոյանը, շարունակելով, որ շատ կարևոր է նաև բժշկական անձնակազմի համալրվածության, վերապատրաստման հարցը: Այսօր քրեակատարողական հիմնարկներում լուրջ խնդիր է կոնկրետ մասնագիտություններով բժիշկների առկայությունը: Մենք ունենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ առհասարակ բժիշկ չկա»: Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց՝ Հայաստանում մինչ այս պահը գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր։ «Դեպքից դեպք է, որ իրականացվում է քննություն և չի իրականացվում արդյունքների ամփոփում, որպեսզի համալիր միջոցներ ձեռնարկվեն, վեր հանվեն պատճառներն ու նպաստող պայմանները՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ», — նշեց օբմուդսմենը:2013-16թթ․ արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Թաթոյանը ներկայացրեց խոշտանգման հանցակազմի կիրառությանն առնչվող վիճակագրական տվյալներ։ 2015-ից մինչ այսօր որևէ մեղադրական դատավճիռ չի արձանագրվել․ «2015-ի հունիսից քննվել է 113 քրեական գործ, որից 84-ը կարճվել է, 7 քրեական գործով վարույթը կասեցվել է: 4 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով արդարացվել է և 9 քրեական գործով շարունակվում է նախաքննությունը: Ուզում եմ հատուկ նշել՝ այս հոդվածով որևէ անգամ չի արձանագրվել դատապարտման դեպք: Սա շատ վատ է մեր դատական, իրավապահ պրակտիկայի համար»,-ասաց նա։ Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնցով ուղեկցում են ազատությունից զրկված անձանց, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Արձանագրել են, որ ազատազրկված անձանց ժամանակավոր պահման համար դատարաններում նախատեսված խցերը ևս հարմարեցված չեն։ Ավելին՝ կան դատարաններ, որտեղ այդ խցերը առհասարակ բացակայում են։ Հավելենք, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում, որը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: Համակարգը պարունակում է մոտ 300 հարց։ Այն հնարավորություն է տալիս գտնել այն հարցի պատասխանը, որը առնչվում է ազատությունից զրկվածին։
07:13 - 18 հուլիսի, 2019
Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ. Արման Թաթոյան |armenpress.am|

Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am։ Քրեական ենթամշակույթը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերացված չէ, և այն բերում է հանցավոր դրսևորումների: Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ արդարադատության նախարարության մեր գործընկերներն այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկում են, պարզապես դրանք պետք է առավել թիրախային լինեն: Ընդգծեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը մշակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ, որն ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ կառավարություն: Կարծում եմ`դա այնպիսի փաստաթուղթ է, որ կարող է քննարկման առարկա դառնալ: Գուցե այդ փաստաթղթի հիման վրա հարցի լուծման համար միջոցներ ձեռնարկվեն»,- նշեց Թաթոյանը: Նրա խոսքով` քրեական ենթամշակույթը, ի վերջո, տանում է հանցավոր դրսևորումների, ինչի հետևանքով շատ են լինում դեպքեր, որ քրեակատարողական հիմնարկում կատարվող տարբեր հանցանքների զոհ են դառնում քաղաքացիական անձինք:
10:09 - 17 հուլիսի, 2019
Ազատազրկվածների պահման պայմանները չեն համապատասխանում ընդունված նորմերին․ ՄԻՊ |shantnews.am|

Ազատազրկվածների պահման պայմանները չեն համապատասխանում ընդունված նորմերին․ ՄԻՊ |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանում ազատազրկված անձանց պահման պայմանները խնդիրներ ունեն՝ սկսած ամենաառաջին օղակից՝ ազատազրկվողներին տեղափոխող մեքենաներից։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ այդ մեքենաները ձեռք են բերվել խորհրդային/ռուսական ստանդարտով, բայց արդեն չեն համապատասխանում ներկայում ընդունված նորմերին։ Դա, օրինակ, վերաբերում է նրան, որ ազատազրկվածների կամ կալանավորների դեպքում նրանց պահման տեղի մակերեսը առնվազն 0,8 քառակուսի մետր պետք է լինեն, սակայն հիմա դրա կեսի չափ են։ Խնդիրներ կան նաև դատարաններում, քանի որ դատարանների սրահների մի մասը պատշաճ կահավորված չէ ազատազրկվածների ու կալանավորների՝ դատական նիստին մասնակցելու համար։ Արդյունքում ազատազրկվածներին տեղափոխում են այլ տարածքների դատարաններ, որպեսզի պատշաճ պայմաններում ապահովվի դատական ընթացքը։ Քրեակատարողական հիմնարկներում նույնպես, ըստ Թաթոյանի, խնդիրներ կան մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։ Առաջին հերթին, ըստ Թաթոյանի, դա վերաբերում է առողջապահության հարցերին, քանի որ, օրինակ, ազատությունից զրկվածները չեն վստահում բժիշկներին։ Բժիշկներին, ըստ պաշտպանի, դիտարկում են որպես ուսադիրներով մարդու։
07:40 - 17 հուլիսի, 2019
ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին |armenpress.am|

ՄԻՊ-ը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պաշտպանի գրասենյակը նախատեսում են հաջորդ տարի մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: Արման Թաթոյանն այս մասին տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում` ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: «Հաջորդ տարի նախատեսում ենք մեծ ուշադրություն դարձնել դատական իշխանությանը վերաբերող հարցերին, դատական պրակտիկայի կատարելագործմանը: ՄԻՊ-ն ունի օրենքով սահմանված գործառույթ` դատական իշխանության բարձրագույն մարմնին ներկայացնել դատական պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Դրանից բացի՝ մենք մոնիտորինգի ենք ենթարկում նաև դատական նիստերը և այլ միջոցներով նույնպես իրականացնում ենք մեր աշխատանքները: Դատական համակարգում կարևորագույն նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, և մենք այն գաղափարի ջատագովն ենք, որ ունենանք անկախ դատական իշխանություն»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին: Թաթոյանը տեղեկացրեց, որ շուտով կգործի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների իրավունքների պաշտպանության բաժին: Հիմա կանոնադրության մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում են: Նա վստահեցրեց, որ աշխատանքները տանելու են ինչպես անհատական, այնպես էլ ամբողջ իրավական համակարգում փոփոխությունների մակարդակում: Թաթոյանն առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությունը նույնպես կարևոր համարեց, օրինակ՝ փախստակաների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունը: «Բայց նաև կարևոր է և մեծ արդիականություն ունի կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը: Մենք այստեղ, ինչպես նաև մյուս բոլոր հարցերում կարևորում ենք իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու համակագային աշխատանքներ տանելը»,-նշեց ՄԻՊ-ը:
10:48 - 15 հուլիսի, 2019
ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ |armenpress.am|

ՄԻՊ-ը նախատեսում է Տավուշում և Լոռիում ևս հիմնել մարզային ստորաբաժանումներ |armenpress.am|

armenpress.am։ Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն առաջնահերթ է համարում արագ արձագանքման համար Տավուշի և Լոռու մարզերում ստորաբաժանումներ ստեղծել: Չի բացառվում, որ նույնիսկ մինչև 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծեն մարզային բաժին: Արման Թաթոյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեն» թեմայով քննարկմանը` պատասխանելով պատգամավորների հարցերին: «Այս պահին ՄԻՊ-ը ստորաբաժանումներ ունի երեք մարզերում՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի։ Մենք կարևորում ենք իրավունքների պաշտպանությունն առավել մեծացնելը, քանի որ իրավիճակներ են լինում, որտեղ արագ արձագանքի անհրաժեշտություն է լինում: Առաջնահերթ թիրախում Տավուշի և Լոռու մարզերն են: Հնարավոր է, որ մինչ 2020-ի բյուջեի հաստատումը Տավուշում ստեղծենք մարզային բաժին: Այս պահին դեռ ստեղծված չէ, գործողություններն ընթանում են»,-ասաց Թաթոյանը:
09:51 - 15 հուլիսի, 2019