ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է Արցախի հերոսների մանկավարժներին

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է Արցախի հերոսների մանկավարժներին

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար նախարարության բարձրագույն պարգևի՝ մեդալի են արժանացել Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ, Երևանի թիվ 78 հիմնական, Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ, Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ, Երևանի թիվ 150 հիմնական, Արարատի մարզի Վեդու թիվ 1 հիմնական դպրոցները, ինչպես նաև Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը, ԱՀ Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցը։ Միաժամանակ, «Ուսուցչի օրվա» կապակցությամբ մի խումբ մանկավարժներ ևս համավարակի պայմաններում հեռավար ուսուցման կազմակերպման ընթացքում տեղեկատվական հաղորդակցական գիտելիքներ և հմտություններ կիրառելու, առարկայական պատրաստվածություն ցուցաբերելու, ստեղծագործական աշխատանք կատարելու համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով։   ԿԳՄՍ նախարարության մեդալի են արժանացել Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի պատմության ուսուցիչ Արամ Ղանդիլյանը, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի լեզվի ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանը, Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մարինե Քամալյանը, Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջի զինղեկ Կարեն Սարգսյանը։ Պատվոգրով են պարգևատրվել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Կարինե Կոստանյանը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Կարապետյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նազելի Գիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը, ՀՀ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Ալինա Մովսիսյանը։ Եվս երեք տասնյակ մանկավարժներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրով։
09:59 - 06 հոկտեմբերի, 2020
Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստման համակարգի սկզբունքային նոր մոտեցում ցուցաբերել: Ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի հաստատած ժամանակացույցով: Գործընթացը զգալի չափով թվայնացվելու է՝ կրճատելով ժամանակն ու վարչարարությունը։ Մասնավորապես, ատեստավորման և վերապատրաստման ենթակա ուսուցիչների մասին ուսումնական հաստատությունների տնօրենները նշում են անելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ներբեռնելով նաև անհրաժեշտ տվյալները։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում լրացրած տվյալների հիման վրա նախարարությունը ինքնաշխատ կերպով կձևավորի ատեստավորման ենթակա ուսուցիչների ցուցակները: Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կիրականացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները, որոնք մշակում են համապատասխան մոդուլներ՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Ուսուցիչը նախարարության հրապարակած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ընտրում է իր ցանկացած ընկերությունը, որի ծառայության դիմաց վճարում է դպրոցը՝ դրա համար հատկացվող միջոցներից: Գործընթացի էական փոփոխությունն է, որ ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորելու է նաև դասընթացներ, այդ թվում՝ առցանց: Ուսուցիչները կարող են ընտրել ինչպես երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկի վերապատրաստումը, այնպես էլ երաշխավորված դասընթացներ։ Ընդ որում, հաշվի կառնվեն նաև ուսուցիչների՝ նախորդ տարիներին արդեն իսկ անցած վերապատրաստումները։ Այդ տեղեկատվության հիման վրա ուսուցիչները կստանան համապատասխան կրեդիտներ և հնարավորություն կունենան բաց թողնել վերապատրաստման տվյալ բաղադրիչը՝ կրճատելով դրա վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները։ Վերապատրաստման ավարտից հետո ուսուցչին տրվում է վկայական, որտեղ նշվում է դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների մասին։ Վերապատրաստման ծրագրի բաղադրիչ են համարվում ՏՀՏ գործիքների և նոր մեթոդների կիրառումը: Վերապատրաստման մասնակից ուսուցիչները ներկայացնում են ավարտական հետազոտական աշխատանքներ: Վերապատրաստող կազմակերպությունը հաստատում է դրանցում ակադեմիական ազնվությունը և գրագողության բացակայությունը, ինչպես նաև հրապարակում իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում (https://lib.armedu.am/): Վերապատրաստման դասընթացի առնվազն երկու երրորդին մասնակցած և սահմանված նվազագույն կրեդիտները հավաքած ուսուցչին դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական՝ 5 տարի ժամկետով, որը վավեր է ինչպես նույն դպրոցում, այնպես էլ աշխատանքի վայրը փոխելու դեպքում` այլ դպրոցում:
16:33 - 05 հոկտեմբերի, 2020
Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է ձեր դաստիարակած սերունդը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է ձեր դաստիարակած սերունդը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով «Մեծարգո՛ Ուսուցիչ, Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն: Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, որ խորապես ճանաչում ու զգում է հայրենասիրությունը, որ անձնվիրաբար սիրում ու հերոսաբար պաշտպանում է իր Հայրենիքը: Այդ սերն ու նվիրումը Դո՛ւք եք նրանց ներարկել, պայքարի անկոտրում ոգին Դո՛ւք եք նրանց մեջ կերտել: Եվ ուրեմն, խոնարհվելով Ձեր վաստակի առաջ՝ փա՛ռք մեր զինվորներին: Երբ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով, ճակատում պայքարը համառ է ու հաղթանակող: Սիրելի՛ ուսուցիչներ, ձեզ բախտ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում է դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր սահմանին ուժեղ պահում: Ձեր կոչումն անփոխարինելի է, գործը՝ բարդ ու պատասխանատու։ Դուք չերկնչեցիք համավարակի պայմաններում և ջանք չխնայեցիք կրթության շարունակականության համար՝ ինքներդ հընթացս հաստատակամորեն սովորելով և նախաձեռնելով։ Եվ այսօր ձեր գործն անում եք կրկնակի մարտահրավերներին դիմակայելով՝ փոխանցելով ոչ միայն գիտելիք, այլև կամք, համառություն և լավատեսություն, ուստի, թող այն այսօր պսակվի սահմանին կանգնած զինվորի հաղթանակով՝ ի նշանավորումն այս կարևոր տոնի: Շնորհակալ եմ, որ այս օրերին ճակատում զավակ, եղբայր, ամուսին ունենալով՝ դասարան մտնելիս երեխաներին ապագայի նկատմամբ լուսավոր հավատի, հայրենասիրության ու խիզախության դասեր տալու ուժ եք գտնում ձեր մեջ… Կեցցե՛ թիկունքը պահող Ուսուցիչը, Փա՛ռք սահմանին կռվող Զինվորին»:
10:19 - 05 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ԵԽ Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի (Steering Committee for Education Policy and Practice, CDPPE) 14-րդ լիագումար նիստի ամփոփման օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիան, որն սկսվել է սեպտեմբերի 27-ից և շարունակվում է առ այսօր: Հայաստանի ներկայացուցիչը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանն ըստ էության այն միակ երկիրն է, որ համավարակի պայմաններում լայնածավալ ագրեսիա է սկսել՝ անտեսելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիրեշի դեռևս այս տարվա մարտի 23-ին հնչեցրած կոչը, որով նա աշխարհի բոլոր պատերազմող կողմերին հորդորել էր զենքերը վայր դնել` պատերազմելով համամարդկային սպառնալիք հանդիսացող COVID-19-ի դեմ: Ընդգծելով, որ ԵԽ-ի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտեի առաջնային խնդիրներից է բոլոր սովորողների համար կրթական ապահով միջավայրի ստեղծումը, յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը և շարունակականության ապահովումը՝ Ա.Մարտիրոսյանը կոչ է արել միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանում և Արցախում ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում ուսումնական հաստատությունների թիրախավորումը: Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի կառավարման կոմիտե հեռավար նիստը ընթացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Մասնակցել են շուրջ 50 պետությունների կրթության ոլորտի բարձրաստիճան պատասխանտուներ, կրթական հիմնախնդիրներով զբաղվող եվրոպական և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է «Կրթության արձագանքը COVID-19 ճգնաժամին» քաղաքական հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ԵԽ անդամ երկրների նախարարների մասնակցությամբ հոկտեմբերի վերջին կայանալիք նիստում: Հռաչակագիրը առնչվում է 4 հիմնական ոլորտների՝ կրթության միջոցով ժողովրդավարության ամրապնդում, սովորելու և ուսուցանելու եղանակների նորացում, որակավորումների գնահատում և ճանաչում, առավել խոցելի ուսանողների կրթության իրավունքի ապահովում: Մասնակիցները քննարկել են նաև ԵԽ-ի «Իրավասություններ ժողովրդավարական մշակույթի համար» փաստաթղթի կատարման ընթացքը, մասնակից երկրների մոտեցումները ներառական կրթության ոլորտում, Եվրոպայում պատմության ուսուցանման ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրումը, թվային քաղաքացիական կրթությունը, փախստականների, միգրանտների և խոցելի խմբերի համար կրթության կազմակերպումը և այլն:
15:12 - 04 հոկտեմբերի, 2020
Արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

Արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցի դպրոցահասակ երեխաները, առանց փաստաթղթերի մասին մտածելու, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը։   «Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։   Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»,- գրել է նա։
22:04 - 03 հոկտեմբերի, 2020
ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի նիստի ընթացքում խորհուրդը նախագահող ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, որոնք թիրախավորել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնական հաստատությունների թիրախավորումն անթույլատրելի է և պետք է արժանանա միահամուռ դատապարտման: Հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ»,-նշել է Արկադի Պապոյանը: Առանձնահատուկ կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում՝ արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զինված հարձակումներից կրթությունը պաշտպանելու Համաշխարհային կոալիցիայի հիմնադիր անդամ է, խորհրդի նախագահը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Նիստին ընդունվել է 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը, քննարկվել են խորհրդի գործունեության ռազմավարական նոր մոտեցումները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակային իրավիճակով պայմանավորված կրթության ոլորտի նոր մարտահրավերները: Նշենք, որ 2020 թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ՝ 2020-2021 թթ. համար։
22:21 - 02 հոկտեմբերի, 2020
ԿԳՄՍ ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

ԿԳՄՍ ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 6-րդ առցանց նիստի շրջանակում (6th Armenia-EU Sub-committee meeting - People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and Science and Technology”) Հայաստանի ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են նաև Արցախի և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին։  ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նիստը, որին մասնակցում էին Եվրոպական Հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ, հայկական կողմից համանախագահել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Եվրոպական հարևանության ռազմավարության և գործիքակազմի բաժնի ղեկավարի տեղակալ Բեատրիս Սալվադոր Գարսիան: Հայկական կողմը ԵՄ գրասենյակի գործընկերներին ներկայացրել է COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարող ագրեսիայի մասին՝ ուշադրություն իրավիրելով այն փաստի վրա, որ հարձակումներ են իրականացում խաղաղ բնակչության դեմ և ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Նա կարևորել է, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտի սովորողների, դասավանդողների և ուսումնական հաստատությունների հանդեպ ադրբեջանական թիրախավորված հարձակումները: Հայկական կողմը նաև ներկայացրել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին ադրբեջանական ագրեսիայի ներկա և հնարավոր ազդեցության մասին։ Տարին մեկ կազմակերպվող ենթակոմիտեի նիստի շրջանակում մանրամասն ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, աշխատանքի և տեղեկատվական հասարակության ոլորտներում բարեփոխումների (այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության և ԵՄ աջակցության շնորհիվ) ներկա ընթացքը և հետագա քայլերը:
10:33 - 02 հոկտեմբերի, 2020
Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ

Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ

Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանամերձ որոշ բնակավայրերի ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Հեռավար ուսուցման արդյունավետությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկել սահմանամերձ համայնքներում սովորողներին տեխնիկական սարքավորումներով և ինտերնետ կապով ապահովելու ուղղությամբ: Մարզպետարանների գույքագրած կարիքներին համապատասխան՝ սարքավորումներ են տրվել դրա կարիքն ունեցող սովորողներին։ Բջջային կապի օպերատորների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` սահմանամերձ համայնքների սովորողները կապահովվեն նաև անվճար ինտերնետ հասանելիությամբ։ Հեռավար ուսուցումը կազմակերպվում է դպրոցների կողմից՝ համաձայն հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի և ուսումնական պլանի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ապահովում է նաև իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։ Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կապահովվեն անհրաժեշտ դասագրքերով։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացն իրականացվում է սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացն իրականացվում է համավարակի պայմաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի 24-Ն հրամանով սահմանված սանիտարական կանոնները։ Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում դպրոցը ժամանակավորապես անցնում է հեռավար ուսուցման՝ դադարեցնելով առկա ուսուցման գործընթացը և վերադառնալով դրան դպրոցում գրանցված վարակի դեպքերում մեկուսացման և ինքնամեկուսացման ժամկետների ավարտից հետո։ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում կրթության ոլորտի կազմակերպիչներին ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, խստագույնս հետևել պաշտոնական լրահոսին և լիազոր մարմնի ցուցումներին:
22:34 - 01 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին

Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին

2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ առցանց նստաշրջանը, որը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների երկրների այս տարվա առաջին խորհրդակցությունն է: Արտահերթ առցանց նստաշրջանին մասնակցել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների շուրջ 40 երկրի ավելի քան 80 պատվիրակ: Քննարկվել է 2020 թ. Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում:ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մասնագիտական քննարկումներին զուգընթաց, միջազգային հարթակն օգտագործել են` միջազգային գործընկերներին իրազեկելու COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած և առ այսօր շարունակվող պատերազմի և քաղաքացիական, այդ թվում ուսումնական հաստատությունները թիրախավորելու մասին: Մասնավորապես, ներկայացվել է Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները ոտնահարող գործողությունները, որոնք ծավալվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ավիահրթիռային ու ցամաքային հարձակման միջոցներով: Առանձնակի շեշտադրվել են խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների և ուսումնական հաստատությունների դեմ կատարվող հարձակումներ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծվել է նաև, որ Հայաստանը՝ հանդիսանալով «Ապահով դպրոցների հռչակագրի» անդամ-պետություն, խստորեն պաշտպանում է յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրացումը՝ առանց որևէ բռնության կամ հարձակման սպառնալիքի: Կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ և ուսումնական ու այլ քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։ Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի ընդունմանը զուգահեռ հոկտեմբերին կայանալիք հանդիպումն ակնկալվում է, որ բացառիկ հարթակ կդառնա պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախարարների մակարդակով քննարկումների և փորձի փոխանակման համար՝ ուղղված հետհամաճարակային պայմաններում կրթության պաշտպանությանը, ինչպես նաև կրթության վերականգնման և առաջընթացի նպատակով համընդհանուր առաջնահերթ քայլերի վերանայմանը:
20:36 - 01 հոկտեմբերի, 2020
Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

Սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան թշնամին հարձակվել է Արցախի Հանրապետության վրա՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրեր, ավերելով քաղաքացիական հաստատություններ, այդ թվում՝ դպրոցներ: Ցավոք, արձանագրվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաների շրջանում: Դատապարտելի և անթույլատրելի է խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախավորելը, դպրոցները նշանակետի տակ վերցնելը։Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Այս պայմաններում, ինչպես նաև համավարակի լարված իրավիճակում, յուրաքանչյուրիս պարտքն է խստագույնս հետևել կառավարության որոշումներով և այլ իրավական փաստաթղթերով սահմանած կանոններին, որ պետությունը ստիպված չլինի երկու ճակատով պայքարել հակառակորդի և համավարակի դեմ:Ուստի, խնդրում եմ ցուցաբերել զգոնություն, պահպանել հակահամավարակային կանոնները, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, զերծ մնալ սադրիչ և ուսումնական գործընթացը խափանելուն ուղղված ցանկացած հայտարարությանը հետևելուց: Կրթության ոլորտի կազմակերպիչներին կոչ եմ անում խստագույնս հետևել այն կարգավորումներին, որոնք կհրապարակի լիազոր մարմինը, ոչ մի դեպքում թույլ չտալ ինքնագործունեություն:Առաջիկա ժամերին անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ շրջաբերական գրությունները կուղարկվեն հաստատություններին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։ Մյուս ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը կիրականացվի սահմանված ընթացակարգերով՝ առանց ընդհատումների: Վաղն առաջին դասերը կնվիրվեն ստեղծված պատերազմական իրավիճակին և անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվական կանոնները ներկայացնելուն:Մենք հաղթել ենք ու հաղթելու ենք նաև այս պատերազմում: Մեր գործն արդար է, մեր հողում ապրելու ու արարելու մեր հաստատակամությունը՝ անկոտրում»:
18:26 - 27 սեպտեմբերի, 2020
Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ |armenpress.am|

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ |armenpress.am|

armenpress.am: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: Միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով: «Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը: Համերգը կազմակերպել  էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
21:43 - 26 սեպտեմբերի, 2020
Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով |tert.am|

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով |tert.am|

tert.am: Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։ «Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց »,-ասաց նա։ Օֆելյա Կամավոսյանի խոսքով ՝ սա միակ դպրոցը չէ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, Տավուշի մարզի Նոյմբերյան քաղաքի դպրոցներում ևս գրանցվել են դեպքեր։ Ըստ նրա՝ դպրոցները ժամանակավորապես փակելու մասին խոսք չկա։ Հիշեցնենք,որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003): Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:
16:18 - 26 սեպտեմբերի, 2020
Կոմիտասը մեր հոգևոր էությունն է. Մեկնարկում են Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները |armenpress.am|

Կոմիտասը մեր հոգևոր էությունն է. Մեկնարկում են Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները |armenpress.am|

armenpress.am: Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկելու են «Կոմիտաս» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոնով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: «Այս տարի, Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել այսօր երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու բոլոր պետական երգչախմբերը և մեկ մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև դաշնակահար Հայկ Մելիքյանը»,- նշեց Կոստանդյանը: Հաջորդիվ լինելու է 2 դաշնամուրային համերգ՝ պրոֆեսորներ Արմեն Բաբախանյանի և Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն անց է կացվելու Հառիճավանքում, որտեղ կհնչի Կոմիտաս պատարագը Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը: ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան նշեց, որ Կոմիտասը հոգևոր կենսագրության այն դեմքն է, ում գործունեությունն ու ժառանգությունը պետական քաղաքականության մեջ չի կարող պայմանավորված լինել զուտ հոբելյանական իրադարձություններով: «Կոմիտասը մեր հոգևոր կեցությունն ու էությունն է, մեր երաժշտական աղոթքն է: Մենք մշտապես պետք է աշխատենք Վարդապետի ժառանգության հանրայնացման և միջազգայնացման ուղղությամբ»,- ասաց Խզմալյանը: Վարդապետի ծննդյան 151-ամյակին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Արա Խզմալյանը և մի խումբ մտավորականներ ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի շիրմին, մատուցվեց հոգեհանգստի կարգ։ Թանգարանում հնչեց նաև ավանդական զանգը՝ ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:
16:14 - 26 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը մասնակցել է նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն  Էջմիածնում մասնակցել է հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին, որոնցով տրվել է հոբելյանին նվիրված փառատոնի մեկնարկը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք նախ մասնակցել են Եղիշե Թադևոսյանի՝ Էջմիածնի Ռ. Մելիքյան փողոցում գտնվող հայրական տան մոտ տեղադրված հուշատախտակի բացման արարողությանը։ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատն արդեն ունի տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Անվանի նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում, որտեղ բացվել է Ե.Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցասրահի բացման կապակցությամբ, Ա․Հարությունյանը, վստահություն է հայտնել, որ այն դառնալու է մարզի մշակութային կենտրոններից մեկը։ «Մեծանուն արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումները տոն են բոլորիս համար։ Ուրախ եմ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո նման փառատոն կազմակերպելու հնարավորություն ունենք։ Այս ցուցասրահի բացմամբ Էջմիածինը դառնում է Եղիշե Թադևոսյանի մեծարման մեկամյակի կարևոր կենտրոնը, ինչը բխում է մեր՝ տարածքային համաչափ զարգացման տրամաբանությունից։ Վստահ եմ, որ ցուցասրահ այցելելու են ոչ միայն էջմիածնի, այլև հանրապետության մյուս համայնքների բնակիչները։ Մեզ համար կարևոր է նաև փառատոնի ընթացքում իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ Եղիշե Թադևոսյան արվեստագետն այն օրինակն է, որը մենք ցանկանում ենք ունենալ կրթամշակութային ոլորտում․ նա իր տաղանդին գումարել է կրթություն ստանալու և իր արվեստը լավագույնս ներկայացնելու ջանքը»,- ասել է նախարարը՝ արվեստասեր հանրությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել նկարչի 150-ամյակին նվիրված միջոցառումներին։ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ասել է, որ Եղիշե Թադևոսյանի հոբելյանին նվիրված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ «Ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել ցուցասրահի և հուշատախտակի բացման արարողությունները։ Կարծում եմ՝ անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված կրթամշակութային ծրագրերի պակաս չենք զգա»,- ասել է քաղաքապետը։ Ցուցասրահի բացմանը զուգահեռ թանգարանին կից այգում անցկացվել է պլեներ՝ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այս միջոցառումները մեծ կարևորություն ունեն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման և իմաստավորման տեսանկյունից: Մ․ Հակոբյանը ներկայացրել է, որ ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված են տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում մի շարք երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Քրիստոսը և փարիսեցիները», «Արարատը», «Մեր փողոցը Վաղարշապատում» և այլն, ընդ որում` դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրության կարևոր մաս են նաև էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները: Միջոցառումն ամփոփվել է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Եղիշե Թադևոսյանի 150 և հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված երեկոյով: Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կենդանի կատարման ներքո հյուրերը ծանոթացել են Եղիշե Թադևոսյանի՝ մինչ այսօր երբևէ չցուցադրված աշխատանքներին, որոնք տրամադրել էին Վահագն Գրիգորյանը և Մկրտիչ Պապոյանը՝ իրենց անձնական հավաքածուներից: Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը կիրականացնի կրթական ինտերակտիվ ծրագրեր և դասախոսություններ:
11:21 - 26 սեպտեմբերի, 2020