ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն. չհայտարարված այց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն. չհայտարարված այց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում: Նա պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և բուժում է ստանում Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ որդու առողջական խնդիրը պարզելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն: ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ բողոքի ուսումնասիրության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար և բժշկական անձնակազմի հետ, ուսումնասիրել զինծառայողի բժշկական փաստաթղթերը, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ քննարկման արդյունքում որոշվել է զինծառայողի լրացուցիչ հետազոտությունը:Պաշտպանի ներակայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հոսպիտալում բուժում ստացող՝ Պաշտպանին բողոք հասցեագրած այլ զինծառայողների հետ, ուսումնասիրել նրանց բժշկական փաստաթղթերը: Հոսպիտալի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում զինծառայողների բժշկական հետազոտություններն առաջնահերթ և սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Խնդրի կապակցությամբ գրություն կուղարկվի ՀՀ առողջապահության նախարարություն: Մարդու իրավունքների պաշտպանը նման հարցերում կարևորում է համագործակցությունը Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության հետ:
07:00 - 08 ապրիլի, 2019
2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են․ ՄԻՊ տարեկան հաղորդում

2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են․ ՄԻՊ տարեկան հաղորդում

2018 թվականի ապրիլյան հավաքների մասնակիցների իրավունքները կոպիտ խախտվել են, նրանց նկատմամբ կիրառվել են խիստ անհամաչափ վարչական միջոցներ ու անհիմն ձերբակալումներ․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  տարեկան հաղորդում։ «Ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար այնպիսի փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Հավաքների խաղաղ բնույթը մեծապես կանխեց իրականացվող քաղաքացիական անհնազանդության ընթացքում մասշտաբային բախումների ու բռնությունների վտանգը: Այս ամենն արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա աշխատանքն այդ օրերին արձանագրեց խախտումներ Ոստիկանության գործողություններում: Մասնավորապես, 1. Տեղի են ունեցել վարչական իրավախախտման վարույթում ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների (այդ թվում՝ փաստաբանի և բժշկի մատչելիություն, տեղեկացնելու իրավունք և այլն) կոպիտ խախտումներ: Վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական համակարգում առկա են լուրջ խնդիրներ, որոնք ունեն սկզբունքային վերանայման կարիք: 2. Բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք Ոստիկանության բաժիններում պահվել են օրենքով նախատեսված ժամկետից ավելի, այսինքն՝ անօրինական: Սա երբեմն պատճառաբանվում էր Ոստիկանության կազմակերպական և մարդկային ռեսուրսների անբավարարությամբ, սակայն դա ոչ մի դեպքում չի կարող արդարացում լինել և պետք է բացառվի: 3. Խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառված վարչաիրավական միջոցները, այդ թվում՝ վարչական ձերբակալումներն ու բերման ենթարկելը եղել են խիստ անհամաչափ: Իրականում դրանք պետք է ուղղված լինեին խաղաղ հավաքների ազատությանը չարդարացված որևէ միջամտություն բացառելուն, այլ ոչ թե պարզապես մարդկանց հավաքի վայրից մեկուսացնելուն: 4. Ոստիկանության բաժիններում անչափահասների նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վարույթի շրջանակներում տեղի են ունեցել նրանց իրավունքների կոպիտ խախտումներ, այդ թվում՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց ազատությունից զրկելու հարցերում հատուկ ընթացակարգերի բացակայության պատճառով: 5. Բազմաթիվ դեպքերով վարչական ձերբակալումը կիրառվել է քրեական գործով վարույթին պարզապես անձի ներգրավվածությունն ապահովելու ու դրանով իսկ բաժնում նրա գտնվելը երկարացնելու նպատակով: Սա խիստ անթույլատրելի մոտեցում է և պետք է բացառել որևէ դրսևորում: Այդ կերպ, փաստորեն, գործել է «վարչական ձերբակալում-վկայի կարգավիճակով անձին նախաքննության մարմնին ներկայացնել-քրեադատավարական ձերբակալում» մեխանիզմը՝ քրեադատավարական պահանջները շրջանցելու նպատակով: Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ տարեկան հաղորդման մեջ»:
05:39 - 04 ապրիլի, 2019
Բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակն անընդունելի է. ՄԻՊ |factor tv|

Բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակն անընդունելի է. ՄԻՊ |factor tv|

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր արտահերթ զեկույցը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ։ 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված: «Մեր մշտադիտարկման ժամանակ երեխաներից շատերը նշել են, որ խուսափում են օգտվել սանհանգույցներից սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում չեն եղել սանհանգույցներ՝ դրսում տեղակայված լինելու պատճառով: Ավելին, եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում կամ առանձնացված չեն եղել միջնորմերով»,- նշել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ կրթական հաստատություններում ջրի և սանիտացիայի անհասանելիությունը և անմատչելիությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի առողջության պահպանման, զարգացման, աշխարհընկալման, հիգիենիկ դաստիարակության, ինչպես նաև կրթական իրավունքի իրացման վրա: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝121 դպրոցից միայն 8-ի, իսկ 80 մանկապարտեզից միայն 2-ի սանհանգույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն խմբերի երեխաների համար, սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ առանձնացված չեն միջնորմերով, դպրոցների 71% դեպքերում սանհանգույցների սենքերը և սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանգամյա օգտագործման սրբիչներով ապահովված են ընդամենը դպրոցների 7%-ի սանհանգույցների սենքերը միայն, հաստատությունների զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները սարքին վիճակում չեն եղել, դպրոցների 86% դեպքերում բացակայել է տաք ջրամատակարարումը, իսկմանկապարտեզների միայն 44%-ի սանհանգույցներն են ապահովված տաք ջրամատակարարմամբ, դպրոցների 61% դեպքերում աշակերտները ջուր խմում են հիմնականում ծորակներից՝ ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների և վարակների տարածման մեծագույն ռիսկ է, դպրոցների 35% դեպքերում, շենքերի յուրաքանչյուր հարկում ըստ սեռերի առանձնացված սանհանգույցներ բացակայում են, ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության վերաբերյալ պարբերական բնույթ կրող միասնական և տարբերակված վիճակագրություն չի վարվում, հաստատության անձնակազմը պատշաճ կերպով իրազեկված չէ ներպետական օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների մասին և այլն Զեկույցում ներկայացվել են նաև օրենսդրական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ։ «Տեղեկացնենք, որ ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ, շենքային և սանիտարական պահանջները ամրագրված իրավասու մարմինների հրամաններով ու որոշումներով, որոնքից որոշները ավելի ուշ են ընդունվել քան կառուցվել են դպրոցները, բայց այս հանգամանքը չի կարող անբավարար պայմանների հիմնավորում լինել և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գույքագրելու առկա վիճակը նոր նորմերի համեմատությամբ և մշակի համալիր գործողությունների ծրագիր բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ»,- գրված է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ։
08:02 - 28 մարտի, 2019
ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է դիմել․ ՀԴՄ-ների համար չկա տուգանքների հստակ մեխանիզմ

ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան է դիմել․ ՀԴՄ-ների համար չկա տուգանքների հստակ մեխանիզմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:  Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։ Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։  Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:    
07:35 - 27 մարտի, 2019
Չհայտարարված այցեր «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Չհայտարարված այցեր «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 21-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձի հետ: Հացադուլը պայմանավորված է քրեական գործի քննության, ինչպես նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու պահանջով: Նշվածի կապակցությամբ կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրել է նաև գրավոր բողոք: Ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձի բժշկական փաստաթղթերը, իսկ առողջական վիճակի հարցերը քննարկվել են բուժանձնակազմի հետ։ Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով քննությանը, բժշկականօգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելուն, Համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման պայմաններին, պահման պայմաններին, ինչպես նաև կալանքը կրելու համար այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն: Հարցերից շատերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված մյուս հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ իրավասու մարմիններին ուղղված գրավոր հաղորդակցությամբ։
09:47 - 23 մարտի, 2019
ՄԻՊ-ը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

ՄԻՊ-ը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

ՄԻՊը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետին ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դպրոցի հետ կապված՝ Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև այսօր ահազանգով տեղեկություն է փոխանցվել այն մասին, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ»:
12:20 - 19 մարտի, 2019
ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացուն

ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացուն

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում: 1) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Է. Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր: 2) Քրեական վարույթին ներգրավված է ադրբեջաներենի՝ լիցենզավորում ունեցող թարգմանիչ: 3) Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է. Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները: 4) Հայաստանի Օմբուդսմանի առանձնազրույցը Էլվին Իբրահիմովի հետ տեղի է ունեցել ադրբեջաներենի թարգմանչի մասնակցությամբ:Մարդու իրավունքների պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է ներկայացրել իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալու և թարգմանչի միջոցով հաղորդակցվելու, իրավաբանական օգնություն ստանալու, արտաքին աշխարհի, այդ թվում՝ ընտանիքի հետ կապ հաստատելու իրավունքները և այլն: Է. Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից: 5) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Է. Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը այդ հարցում: Արման Թաթոյանը հարցը քննարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ հաշվի առնելով ընտանիքի հետ կապի կարևորությունը: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցներով: Ավելին, Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես անկախ պաշտոնատար անձ, պատրաստ է իր լիազորությունների սահմաններում աջակցելու Է. Իբրահիմովի ընտանիքի հետ նրա կապի, այդ թվում՝ հանդիպման կազմակերպմանը: 6) Մարդու իրավունքների պաշտպանի այցին ներգրավվել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Ուսումնասիրվել են Է. Իբրահիմովի առողջական վիճակն ու նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, հիվանդանոց է ընդունվել աջ ստորին վերջույթի սրունքի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով: Հիվանդանոցային պայմաններում իրականացվել է նրա ստորին վերջույթի վրա առկա վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային օստիոսինթեզ: Այցի ընթացքում արձանագրվել է որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն` բուժման արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով: 7) Առանձնազրույցի ավարտին Պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է տրամադրել Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: 8) Այցի ավարտից հետո Հայաստանի Օմբուդսմանը խոսել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Նրան է ներկայացրել տեղեկությունները Էլվին Իբրահիմովի առողջական վիճակի, ինչպես նաև ընտանիքի հետ նրա կապի ապահովման պատրաստակամության մասին: Հիշեցում. Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
19:31 - 18 մարտի, 2019
35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ

35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «35 օր հացադուլ հայտարարած կալանավորը համաձայնել է բուժօգնություն ստանալ Պաշտպանի միջամտությունից հետո։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ երեկ այցելել են 35 օր հացադուլի մեջ գտնվող և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձի: Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում կալանավորը նշել է, որ հրաժարվում է տրամադրվող բուժօգնությունից ու ցանկանում է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ պահման պայմանները բավարար չեն։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը տեղում ուսումնասիրել են կալանավորված անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ՝ կալանավորված անձը տեղափոխվել է առանձին հիվանդասենյակ՝ պատշաճ պայմաններով։ Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու 7 օրերի ընթացքում բուժօգնությունից հրաժարված կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հորդորից հետո համաձայնել է բուժօգնություն ստանալ»։  
07:47 - 16 մարտի, 2019
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ: Արման Թաթոյանը Ժնևում Պատրիկ Վիալի հետ հանդիպմանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։ Բարձրացվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը ներկայումս իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձրացրել է նաև գլխավոր հարցը, որը վերաբերում է Կարեն Ղազարյանի վերադարձին՝ հաշվի առնելով, իհարկե, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես անկախ և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, չի տանում կողմերի անունից բանակցություններ նմանատիպ հարցերով, այլ միայն ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն և իրականացնում է դրա կազմակերպական աշխատանքները։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները այս և մյուս հարցերով։  
07:15 - 12 մարտի, 2019
ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Ոստիկանություն Ամիրյան18 հասցեում տեղի ունեցած միջադեպով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով։ Ի գիտություն ընդունելով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Հաշվի առնելով միջադեպը, դրան նախորդած ու հաջորդած մարդու իրավունքների տեսանկյունից մտահոգիչ զարգացումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է՝ Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում բռնության ցանկացած դրսևորում, ինչպես նաև անձի արժանապատվությունը նսեմացնող հրապարակային ցանկացած խոսք։ Պետք է հարգել  այլոց իրավունքներն ու ազատությունները։  Մարդու ֆիզիկական անձեռնմխելիությունը պետության մեջ ենթակա է անվերապահ պաշտպանության: Այն երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար։  Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ․նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։ Նմանօրինակ միջադեպերին պետք է հաջորդի պետական իրավասու մարմինների արագ արձագանքը՝ երաշխավորելով իրավունքի գերակայության անվերապահ գործողությունը։          ՄԻՊ 
09:49 - 05 մարտի, 2019