Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել անվտանգության կանոնների պահպանումը երկրում

ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել անվտանգության կանոնների պահպանումը երկրում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երեւանում եւ մարզերում շարունակվում են վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։ Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։ Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման եւ ջերմաչափման, դրանց գրանցամատյանների վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման, դիմակների պատշաճ կրման կանոնները։ Դեղատներում, փակ արտադրություններում, բանկերում խախտումների առավել փոքր թիվ է նկատվում։Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը եւ մանրէազերմանը։ Ստեղծված իրավիճակում հատուկ ուշադրություն է դարձվում հյուրանոցներին եւ հյուրատներին։Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության ավելացումը եւ թեժ գծով ստացվող ահազանգերը` ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում։ Միաժամանակ տեսչական մարմինը տեղեկացնում է՝ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։
18:46 - 16 հոկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի հետկանչի մասին

ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի հետկանչի մասին

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին։   ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝ – 1877105, – 1877106, – 1877107, – 1902440, – 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։   Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 0101178120 փորձագիտական եզրակացությունն է։ Դրա համաձայն՝ «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի պիտանիության ժամկետի 18-րդ ամսում իրականացված ընթացիկ կայունության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լաբորատորային ստուգման տվյալները դուրս են ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիայի սահմաններից:   ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է դեղերի շրջանառությամբ զբաղվող տնտեսավարողներին անմիջապես դադարեցնել նշված դեղի շրջանառությունը եւ վերադարձնել նշված սերիաների ողջ խմբաքանակները մատակարարներին։
12:55 - 25 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն պլանային ստուգումներ է իրականացնում դեղերի և աշխատանքային անվտանգության ոլորտներում

ԱԱՏՄ-ն պլանային ստուգումներ է իրականացնում դեղերի և աշխատանքային անվտանգության ոլորտներում

Տարեկան ծրագրով նախատեսված պլանային իր ստուգումները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն սկսել է։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, դրանք այս փուլում ընթանում են, մասնավորապես, դեղերի եւ աշխատանքային անվտանգության ոլորտներում։ Ստուգումների պատշաճ անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր են քննարկվել Շիրակի եւ Լոռու մարզերը սպասարկող ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում, ուր այսօր աշխատանքային այց էին կատարել ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Հախվերդյանը։ Սուրեն Ամիրյանը մեկնարկած եւ անցկացվելիք ստուգումների ընթացքին առնչվող հանձնարարականներ է տվել։ «ԱԱՏՄ տարեկան ստուգումները լինելու են ուղեցուցային եւ առաջին անգամ անցկացվելու են կառավարության հաստատած ստուգաթերթերով, ուստի ոլորտային ստուգումների գործընթացում հարկ է բացառել որեւէ խախտում կամ կոռուպցիոն ռիսկ, լրջագույնս հետեւել ուղեցույցով հաստատված կարգին, ստուգումներն անցկացնել օրենքով ԱԱՏՄ-ին տրված լիազորությունների սահմանում»,-շեշտել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը։ Համավարակով պայմանավորված՝ ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը հետաձգվել էր։ Սակայն ներկայում խնդիր է դրված տարեկան ծրագիրն իրականացնել պատշաճ եւ ժամանակին։ Աշխատանքային քննարկման ժամանակ ամփոփվել են նաեւ համավարակի տարածումը կանխելու նպատակով Հյուսիսային տարածքային կենտրոնի իրականացրած լայնածավալ ստուգայցերի արդյունքները։ Այս ստուգայցերը, որպես այդպիսին, լուրջ փորձառություն էին ստուգում իրականացնող մասնագիտական խմբերի համար՝ նկատել է Ամիրյանը։
20:40 - 10 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 51 դիմում բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 29-ին փոփոխություն կատարվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչը հնարավորություն տվեց տեսչական մարմնին արտակարգ դրության ընթացքում քննել քաղաքացիներից ստացված դիմում բողոքները, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներն: Դիմում բողոքների հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ, վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին՝ ի դեմս կազմակերպության ղեկավարների տրվել են պարտադիր կատարման կարգադրագրեր և կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ»,- գրել է նա։
19:40 - 10 սեպտեմբերի, 2020
Բագրատաշենի ՍԲՀԿ-ի վերահսկողական աշխատանքն առավել ուժեղացվել է

Բագրատաշենի ՍԲՀԿ-ի վերահսկողական աշխատանքն առավել ուժեղացվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով։ Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ սահմանային այս անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից, ինչի բերմամբ եւ վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։ Դրանք պատշաճ և օպերատիվ իրականացնելու նպատակով հսկիչ կետը համալրվել է լրացուցուցիչ ուժերով․ տեսչական մարմնի մյուս՝ Գոգավան-Պրիվոլնոյեի և Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները հերթափոխով միանում են Բագրատաշենի հսկիչ կետի թիմին։ Վերջինս իրականացնում է, մասնավորապես, նաև ՀՀ տարածք մուտք գործող բեռնատարների վարորդների և դրանց ուղևորների ստուգում՝ հարցման, վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների արտաքին զննման, հեռահար ջերմաչափման միջոցով, ծանուցում է ինքնամեկուսացման պարտադիր պայմանի մասին՝ տրամադրելով ծանուցման թերթիկներ․ առանց վերջիններիս լրացման եւ ստորագրման որեւէ անձ երկիր մուտք գործել չի կարող։ ՀՀ ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետերում ՀՀ մուտք գործող անձանց տրամադրվում են նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: ՍԲՀԿ-ներն ուժեղացված վերահսկողական ռեժիմի անցել են դեռ հունվարի 24-ից։
17:20 - 09 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր. պարզաբանում

ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր. պարզաբանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել մի շարք լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունների վերաբերյալ:  «Որոշ լրատվամիջոցների շրջանառած «պահուստային ֆոնդի փոշիացումների» չճշգրտված ձեւակերպումներին անդրադառնալով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շեշտում է, որ ԱԱՏՄ կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով հատկացված գումարը տրամադրվել է նույն տեսչական մարմնի խնայողությունների հաշվին, որոնք ուղղվել էին կառավարության պահուստային ֆոնդ։ Հատկացված 37,9 մլն դրամի հաշվին նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին ձեռք է բերվել տեսչական մարմնին խիստ անհրաժեշտ գույք և տեխնիկա՝ ապահովելով բնականոն գործունեության համար նվազագույն պայմաններ․ ԱԱՏՄ-ում կիրառվող համակարգչային տեխնիկան գործածության ենթակա չէր, մի քանի աշխատող միաժամանակ աշխատում էր մեկ հնամաշ համակարգչով։ Ինչ վերաբերում է ԱԱՏՄ-ին մեքենաների տրամադրմանը, ապա մեկ անգամ չէ, որ տեղեկացվել է՝ այդ մեքենաները տեսչական մարմնին նվիրաբերվել են Եվրասիական տնտեսական միության կողմից՝ երկկողմ գործակցության շրջանակներում․ դրանց համար բյուջեից առհասարակ գումար չի տրամադրվել։ Ընդ որում՝ այդ մեքենաների տրամադրումը համավարակով պայմանավորված չէ։ Դա հիմնավորվում է ԱԱՏՄ գործունեության օպերատիվության ապահովման խիստ անհրաժեշտությամբ»։  
21:45 - 07 սեպտեմբերի, 2020
Անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Անվտանգության ի՞նչ կանոններ պետք է պահպանվեն վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ներկա փուլում վարսավիրանոցները և գեղեցկության սրահները գործուննեություն պետք է իրականացնեն պարետի հաստատած կանոնների պահպանմամբ: Մասնավորապես՝ * Անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ: * Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: * Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի համալիր ախտահանում՝ օգտագործելով առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ * Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համարնախատեսված (առնվազն 70% սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով: * Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո: * Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: * Յուրաքանչյուր այցելուից հետո ախտահանել օգտագործված գործիքները՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով: * Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր։ Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:
21:23 - 07 սեպտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը

ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ողջ Երևանը։Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։Աշխատանքի մեկնարկը տրվել է վաղ առավոտյան հավաքով։ Ամիրյանը շեշտել է, որ արձանագրվող խախտումների և ըստ այդմ՝ կասեցումների կտրուկ նվազմամբ հանդերձ էլ ԱԱՏՄ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ․ այն բացառություններ չի ճանաչում ոչ ոլորտների, ոչ էլ տնտեսավարողների առումով։Գրիգորյանն անդրադարձել է ստուգումների ամփոփ պատկերին՝ նկատելով, որ արտակարգ դրության սկզբում տնտեսավարողների մեծ մասն անտեղյակ էր համավարակի կանխման նորմերին, ու դրանց խախտման հիմքով պարետի որոշմամբ կասեցվում էր ստուգվածների մոտ 50-60 տոկոսը։ Մինչդեռ ներկայում կասեցվում է դիտարկվածի 7-8 տոկոսն ընդամենը։ Խախտումները նվազել են մոտ 80 տոկոսով։ Գրիգորյանը սա բնորոշում է որպես նախ լայն իրազեկման, ապա խիստ վարչարարության արդյունք։Արձանագրվող խախտումների մեջ գերակշռում են ախտահանման եւ ջերմաչափման խնդիրները, դրանց գրանցամատյանների պատշաճ չվարելը, սոցիալական հեռավորություն չպահպանելը։Ուժեղացված վերահսկողական աշխատանքներն ամեն օր են՝ առանց հանգստյան օրերի։ Ավելին, դրանք այժմ ավելի ինտենսիվ են․ ամեն մարզում՝ օրական հարյուրավոր տնտեսավարողների մոտ ստուգայցեր են։ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու անվտանգության նորմերը, այլապես վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
12:21 - 07 սեպտեմբերի, 2020
Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ

Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում , թեև մի շարք տնտեսավարողների մոտ դեռևս շարունակում են գրանցվել խախտումներ, սակայն, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է արձանագրվել: Այսօր դիտարկված հինգ տասնյակից ավելի տնտեսավարողներից միայն երկուսի մոտ են արձանագրվել կոպիտ և կասեցման ենթակա խախտումներ: Մայրաքաղաքում և մարզերում հիմնական խախտումները կապված են ջերմաչափմանև ախտահանման մատյանների վարման թերացումների, դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ չունենալու, իրազեկման պաստառներ չլինելուն, ինչպես նաև դիմակ չկրելու հետ: Թերացումների վերաբերյալ տնտեսավարողներին տրվում է խորհրդատվություն և տեղում դրանք վերացնելու ցուցում։ Խախտումերի վերաբերյալ կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:
18:21 - 22 օգոստոսի, 2020
Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. ԱԱՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. ԱԱՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Մանրամասնում է, որ ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝ Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։ Ներկայացված ցանկը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
12:53 - 22 օգոստոսի, 2020