Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Եզդի երեխաների կրթության շարունակականությունը խթանելու նպատակով նախատեսվում է հիմնել Եզդիերենի ուսուցման ամբիոն. ՀՀ ԿԳՄՍ նախարար

Եզդի երեխաների կրթության շարունակականությունը խթանելու նպատակով նախատեսվում է հիմնել Եզդիերենի ուսուցման ամբիոն. ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է եզդիական համայնքի պատվիրակությանը՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի (Թամոյանի) և եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը դարերի պատմություն ունեն. «Մենք մեկ պետություն և հայրենիք ունենք: ՀՀ կառավարությունն իր քաղաքականության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ազգային փոքրամասնություններին: Կարևորում եմ, որ միասնական ենք. ընդհանուր ենք ընկալում մեր բոլոր խնդիրները, ցավերն ու ուրախությունները: Պատրաստ ենք գնալ բոլոր խնդիրների լուծման ճանապարհով»: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ եզդիաբնակ ամենամեծ համայնքում՝ Ալագյազում, կառուցվում է մանկապարտեզ, որը սպասարկելու է նաև շրջակա բնակավայրերի երեխաներին: Նույն համայնքում նախատեսվում է կառուցել նաև Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա գնահատանքի և երախտիքի յուրատեսակ միջոց է, որով ևս մեկ անգամ արժևորվելու է այս մարզիկների կատարած հսկայածավալ աշխատանքը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ բուհերի ընդունելության կարգում կատարվել է լրացում, ինչը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում ազգային փոքրամասնությունների ներառականության միտումով: Այն հնարավորություն կտա իրականացնել տվյալ ուստարվա համար հատկացված՝ մինչև 7 անվճար տեղերի վերաբաշխում՝ նախապատվությունը տալով համապատասխան մասնագիտությունների վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքած և քննություններից առավել բարձր միավոր ունեցող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը կարևորել են ՀՀ կառավարության մշտական ուշադրությունն ազգային փոքրամասնությունների ամենամեծ համայնքի նկատմամբ: «Բազմիցս այցելել եք եզդիաբնակ համայնքներ և Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում մեր համայնքի խնդիրները, ինչի համար շնորհակալ ենք: Հայաստանն առաջին երկիրն է, որը եզդիներին որպես ազգություն է ճանաչել: Եվս մեկ կարևոր ձեռքբերում է այն, որ Հայաստանը մեր երեխաներին ընձեռել է եզդիերենի ուսուցման հնարավորություն: Ամբողջ աշխարհում սա եզակի ու բացառիկ դեպք է: Այս օրինակը բազմիցս բերում ենք միջազգային հարթակներում և գնում ենք դեպի միջազգային ճանաչման»,- ասել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը: Հյուրերը բարձրացրել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված եզդիերենի ուսուցիչների աշխատավարձերի, մասնագիտական վերապատրաստման և եզդի երեխաների կրթամշակութային զարգացման խթանման հետ: Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ ԿԳՄՍ նախարարը համայնքի ներկայացուցիչներին հորդորել է խթանել ուսուցիչներին՝ մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին և աշխատավարձի բարձրացման հնարավորություն ունենալ: Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ նախարարությունը, համագործակցելով Եզդիների ազգային միության հետ, պատրաստ է նաև վերապատրաստումներ կազմակերպել ուսուցիչների համար: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գործընթացն առավել լավ կազմակերպելու, ինչպես նաև եզդի երեխաների կրթության շարունակականությունը խթանելու նպատակով նախատեսվում է հիմնել Եզդիերենի ուսուցման ամբիոն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
14:22 - 16 մայիսի, 2023
«Համագործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում Հնդկաստանի նոր դեսպանին

«Համագործակցության շատ լավ փորձ և ավելի մեծ ներուժ ունենք». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում Հնդկաստանի նոր դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-հնդկական բարեկամական կապերի զարգացման: Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։ «Մենք համագործակցության շատ լավ փորձ ունենք: Վստահ եմ՝ Ձեր նշանակմամբ այդ համագործակցությունը կխորանա բոլոր ուղղություններով, որը, իսկապես, շատ կարևոր է: Ուրախ ենք, որ մեր բուհերում ավելի քան 2800 Հնդկաստանի քաղաքացի է սովորում: Կարծում եմ՝ այս թիվը կարող է էապես աճել. մենք միայն ուրախ կլինենք միջբուհական համագործակցության զարգացման հնարավորության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով համագործակցության խորացումը՝ քննարկելով նաև  ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: Նախարարը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարի հաստատվել է «ՀՀ  կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որը  ռազմավարական  նշանակություն ունի: Նա ներկայացրել է նախանշված թիրախները՝  մասնավորապես  առանձնացնելով ակադեմիական քաղաքի նախագիծը, որը բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության նոր հեռանկարներ է ապահովում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում: ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները: «Միջբուհական համագործակցությունը խորացնելը մեզ համար առաջնային է: Այս համատեքստում հետաքրքրված ենք ակադեմիական քաղաքի նախագծով՝ ինչպես ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավելու, այնպես էլ ներդրումների տեսանկյունից»,- նշել է դեսպան Նիլակշի Սահա Սինհայը: Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև սպորտային բժշկության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը:   ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել հնդկական կողմի՝ Գյումրիում մշակութային կենտրոն, մասնավորապես՝ առանձին ցուցասրահ-թանգարան հիմնելու, ինչպես նաև համատեղ ցուցադրություններ և փառատոններ անցկացնելու հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
12:07 - 15 մայիսի, 2023
ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության դպրոցների հարցերով պետնախարարի հետ․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության դպրոցների հարցերով պետնախարարի հետ․ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարին հանդիպման համար՝ կարևորելով հայ-բրիտանական երկկողմ կապերի զագացումը կրթության ոլորտում։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում մեկնարկած լայնածավալ փոփոխությունները՝ ընդգծելով, որ կրթության բոլոր աստիճաններն ընդգրկող բարեփոխումների շղթայում առավել դինամիկ են հանրակրթության փոփոխությունները։ Նախարարը նշել է, որ ՀՀ դպրոցներում առաջիկա ուսումնական տարվանից ներդրվելու է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը մեծ պատասխանատվություն և հավելյալ ջանքեր է պահանջում։«Բարեփոխումների գլխավոր նպատակը կրթության որակի բարելավումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։ Այս համատեքստում քննարկվել է երկկողմ համագործակցության հնարավորությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների մասնագիտական զարգացման, կրթության տեսչության՝ որպես վերահսկող մարմնի գործունեության բարելավման, ինչպես նաև գնահատման նոր մոտեցումների արդյունավետ կիրառման ուղղություններով։ Անդրադարձ է եղել նաև արտադպրոցական ծրագրերի զարգացմանը՝ կարևորելով համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
13:12 - 09 մայիսի, 2023
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում է․ կհանդիպի ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարի հետ

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում է․ կհանդիպի ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և  նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եռօրյա այցով մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն` մասնակցելու կրթության համաշխարհային համաժողովին: Կրթության համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է  «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում»  խորագրի ներքո և համախմբում է ավելի քան 118 երկրների կրթության ոլորտի ղեկավարների: Յուրաքանչյուր տարի անցկացվող համաժողովում նախարարները, նրանց տեղակալներն ու կրթության համակարգի պատասխանատուներն ամբողջ աշխարհից քննարկում են կրթության հիմնական խնդիրները՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավորությունները և ձեռքբերված հաջողությունների մասին փորձը: ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համաժողովի «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով նիստին հանդես կգա ելույթով: Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 1000  պատվիրակ: Համաժողովի շրջանակում ներկայացվելու են ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու կրթության հիմնական բաղադրիչներին՝ ուսուցման վաղ տարիքից հմտությունների զարգացումը և տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում  կունենա նաև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի  և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) և Դպրոցական համակարգի և ուսանողների ֆինանսավորման նախարար Բարոնուհի Բարանի հետ (Baroness Barran, Minister for the School System and Student Finance): ԿԳՄՍ նախարարն այցելելու է նաև Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի պատմության թանգարանի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացառիկ ցուցանմուշները:
11:29 - 08 մայիսի, 2023
Ժաննա Անդրեասյանն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

Ժաննա Անդրեասյանն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են կրթության զարգացման ծրագրերը

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացում. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մեզ համար շատ կարևոր ու լուրջ գործընկեր է, որի հետ տարիների արդյունավետ համագործակցություն ունենք: Մենք պատրաստ ենք համատեղ քննարկել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող միջոցառումների շրջանակը՝ համագործակցության հեռանկարները հասկանալու և ընդլայնելու համար, քանի որ ծրագրում սահմանվել են շատ հավակնոտ թիրախներ: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ջանքերը ռազմավարական այս փաստաթղթի նախագծման և մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության համար»: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացված ծրագրերը, մասնավորապես՝ հեռավար ուսուցման հարթակը, որի ներդրման անհրաժեշտությունն առաջնային էր դարձել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ժամանակաշրջանում: Հարթակն այժմ ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն: Քրիստինե Վայգանդը բարձր է գնահատել ՀՀ կառավարության մշակած կրթական բարեփոխումների նախագիծը: Նա նաև վերահաստատել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատրաստակամությունը՝ աջակցելու ինչպես տեխնիկական և մեթոդական հարցերում, այնպես էլ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացմանը: Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստ է սերտորեն համագործակցել  դպրոցների աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման կրթական ծրագրերի ներդրման հարցերում: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու կառույցների միջև արդյունավետ փոխգործակցությունը՝ լավագույնս արձագանքելու հանրակրթության ոլորտի մարտահրավերներին և լուծելու առկա խնդիրները:
16:47 - 03 մայիսի, 2023
Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը

Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը

Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե․ ԱԺ-ն 60 կողմ, 30 դեմ ու 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության ու գիտության ոլորտների բարեփոխմանը և նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ: Նրա խոսքով՝ նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա: «Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագրերի հետ»,- ասել էր նախարարը և հավելել, որ կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնելու իրականություն: Վերակազմավորված կոմիտեն գործելու է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ փաթեթում ներառված են երկու դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության բարեփոխմանը: ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել էր, թե կոմիտեի վերակազմավորումից հետո Բարձրագույն որակավորման կոմիտեի և Գիտության կոմիտեի աշխատակիցները շարունակելո՞ւ են աշխատել կառույցում: Նախարարը հայտնել է, որ փաթեթի ընդունումից հետո մշակվելու և ՀՀ կառավարության կողմից հաստատվելու է կոմիտեի կանոնադրությունը, այնուհետև տեղի է ունենալու հաստիքացուցակի ու մնացած մանրամասների հաստատման գործընթաց: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաշվի է առնվելու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և փորձառությունը: Կա նաև սահմանված իրավական գործընթաց, թե ինչպես է դա իրականացվում: «Պետք է հստակեցնեմ, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում ստորաբաժանումները մեխանիկորեն չեն վերացվելու և միավորվելու: Մենք խոսում ենք նոր տիպի գործառույթների, ծրագրերի մշակման և համակարգման, քաղաքականության իրականացման մասին»,- պարզաբանել էր ԿԳՄՍ նախարարը:    
10:30 - 03 մայիսի, 2023
Տիկին Գալստյան, Ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան |panorama.am|

Տիկին Գալստյան, Ձեր ելույթը բովանդակազուրկ է, անիմաստ եմ համարում ժամանակ վատնել. Անդրեասյան |panorama.am|

panorama.am: «Կուզեի այստեղ ժամանակը ծախսել բովանդակային քննարկումների վրա»,- Ազգային ժողովում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ  ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով քննարկման ժամանակ հնչած ելույթներին։ Նա կոնկրետ դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ ասելով. «Տիկին Գալստյան,  չեմ անդրադառնա ձեր ելույթին։  Կարծում եմ՝ ձեր ելույթը բոնադակազուրկ է մեղադրանքների իմաստով,  ուղղակի անիմաստ եմ համարում ժամանակ վատնել նույն ոճի ու տրամաբանության մեջ պատասխանելու համար։ Թույլ չտվեցի անդրադառնալ «ազգայինին»,  կարծում եմ՝ ուղղակի ի ցույց կդնեմ, որ չեք կարդացել օրենքը և չեք տեսել, որ «ազգային» բառի հետ ոչինչ չի լինում, ինչպես և «ազգային» գործունեության հետ։ Այսքանով սահմանափակվեմ»։ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն էլ իր ելույթում անդրադարձավ Լիլիթ Գալստյանի ելույթին. «Կարծես թե այստեղ ամեն անգամ բացում է Աճառյանի բառարանը, դժվարընթեռնելի բառերով գալիս ու ասում է  արգահատելի, եսիմ ինչ ... Տիկին Գալստյան, գոնե ձեր ֆրակցիայի քարտուղարին լսեք, ով ասում է՝ մենք ունենք Գիտությունների Ազգային ակադեմիայի մասին օրենք։ Կամ դուք չեք լսում ձեր ֆրակցիայի քարտուղարին, կամ չգիտեմ էլի...»։ Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ Լիլիթ Գալստայանն ասել էր. «Ինչո՞ւ է «ազգային» անվանումը դուրս մնացել Գիտությունների ազգային ակադեմիայի անունից։ Ես սա իրապես տեղավորում եմ ազգայինի նկատմամբ ներկա քաղաքական ուժի, իշխանություն իրականացնող քաղաքական ուժի  տոտալ արգահատանքով և ալեգիայով ազգային բառի նկատմամբ»։ Նշենք, որ ԱԺ-ն Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունեց 55 կողմ, 28 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
12:23 - 02 մայիսի, 2023
Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

Կկազմավորվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ «Այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում, որը մեր կարևորագույն խնդիրներից է։ Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Եվ, կարծում ենք, այսպիսով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծում ներառված են համապատասխան դրույթները և օրենքի ընդունումից հետո նախատեսվում են մի շարք գործընթացներ, որոնք կբերեն կոմիտեի վերակազմավորմանը։ «Կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ, ոլորտի լիազոր մարմինը նախարարությունն է»,-հավելեց Անդրեասյանը։
11:46 - 02 մայիսի, 2023
Երևանում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը
 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում բացման պաշտոնական արարողությամբ մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց երիտասարդների առաջնությունը:  «Միկա» մարզահամալիրում կայացած բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանես Ֆիլիպատոսը, հայկական բռնցքամարտի ներկայացուցիչներ, աշխարհի չեմպիոններ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հաջողություն մաղթեց երևանյան մրցաշարի բոլոր մասնակիցներին: «Մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ հյուրընկալել եվրոպական նմանատիպ խոշորագույն մրցաշար»,-առանձնացրեց նա: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, հայտարարելով առաջնությունը բացված, ասաց. «Կարծես, ավանդույթ է դառնում Երևանում խոշոր սպորտային իրադարձություն անցկացնելը: Ուրախ եմ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից մեկ օր անց մեկնարկում է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Ուրախ ենք, որ այս կերպ կարող են նպաստել մեր հայրենակիցների սպորտով զբաղվելուն»: Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի  «Միկա» մարզահամալիրում, որին 30-ից ավել երկրի մոտ 250 մարզիկ է մասնակցում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 2-ին:
18:51 - 25 ապրիլի, 2023
«Չափորոշիչն արդեն ընդունված է եւ այն չի փոխվում». ԿԳՄՍ նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին |news.am|

«Չափորոշիչն արդեն ընդունված է եւ այն չի փոխվում». ԿԳՄՍ նախարարը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մասին |news.am|

news.am: Եկեղեցու կողմից բարձրացված մտահոգությունները կամ իրենց դիրքորոշումը նոր չեն. մենք կարծում եմ՝ արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետեւ չափորոշիչի քննարկման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր, որ իրենց համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ ռարկաների մեջ տարալուծելու  մոտեցումը եւ առաջարկել են շարունակել քննարկումը: 2021-ին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները. Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից. Սա է իրավիճակը եւ այն չի փոխվում: «Ես չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերում պետք է ունենանք մեկ մոտեցում եւ մեկ տրամաբանություն: Շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր լինել եւ տարբեր էլ մնալ անգամ քննարկումներից հետո: Բայց ես կարեւոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել մեր տարբեր կարծիքների մասին: Մենք բավականին բաց խոսակցություն ենք ունեցել, ես ներկայացրել եմ չափորոշչի մեր մեթոդաբանությունը, մեր մոտեցումը եւ  վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որ մենք ունենք, չպետք է վտանգեն այն կարեւոր արժեքների փոխանցման հարցում, որը բոլորս կարեւորում ենք: Տեսնում եմ, որ դիմացի կողմից կա տարբեր ընկալում, որ մեթոդը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ: Մենք այդպես չենք պատկերացնում եւ ես բացատրել եմ՝ ինչու: Խոսքը միայն եկեղեցու պատմություն առարկայի մասին չէ, այլ տարբեր առարկաների մասով ուսուցման մասին է: Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել:  Մենք մեր դպրոցում ունեինք իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկա ինքնաբավ գործում էր եւ շատ հաճախ երեխաների մոտ չէր ձեւավորվում միասնական պատկերացում, օրինակ, նույն բնության երեւույթի մասին: Ինտեգրված մոտեցումը հնարավոր է դրաձնում խաչվող գաղափարները տարբեր առարկաների մեջ դարձնել ավելի հասկանալի, տեսանելի, ընկալելի»,-հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ մեր մոտեցումները շատ հիմնավոր են եւ իհարկե, հարգանքով եմ վերաբերվում եկեղեցու դիրքորոշմանը»:   Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսը հայտարարել էր, որ ճիշտ չեն գտնում եւ հստակ ժխտական դիրքորոշում են արտահայտել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տարրալուծմանը այլ առարկաների, այդ թվում հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ․  «Վերջնանպատակը ո՞րն է այդ առարկայի ուսուցման, ինչի՞ ենք ուզում հասնել, ի՞նչ ենք ուզում արձանագրել․ մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը ձեւակերպումն է տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր դիրքորոշումներում արտահայտված է», - նշել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
16:55 - 21 ապրիլի, 2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք օրերս մեդալներով վերադարձել են Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդների և Եվրոպայի մեծահասակների առաջնություններից: Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է վերջին հաջողությունների առթիվ և նշել՝ մարզիկների հաղթանակները շատ ոգևորիչ են և պետության համար մեծ արժեք են ներկայացնում: «Չեք էլ կարող պատկերացնել, թե ձեր հաղթանակներով և լավ ելույթներով որքան եք ոգևորում բոլորիս: Համարում եմ, որ ձեր հաղթանակները միայն անձնական նվաճումներ չեն. դրանց շնորհիվ դուք ներկայացնում եք պետություն, բարձրացնում եք երկրի դրոշն ու հնչեցնում օրհներգը: Ձեր հաղթանակը նաև պետության հաղթանակն է: Այս օրերին, երբ մենք անընդհատ բախվում ենք նոր մարտահրավերների, խնդիրների և դժվարությունների, սպորտն այն ոլորտն է, որը նաև մեր ժողովրդին է ոգևորում: Իսկապես, շատ ենք հպարտանում ձեր հաղթանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ հատկապես ոգևորիչ է, որ մեր երկրի հիմնը հնչում է նաև այն երկրներում, որտեղ դա մեզ համար առանձնահատուկ կարևոր է և խորհրդանշական: Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է, որ մարմնամարզության երբեմնի լավ ավանդույթներն ու լեգենդար անուններն այսօր վերականգնվում են. «Պետության պարտքը պետք է լինի հասկանալ, թե ինչպես կարող ենք ավելի խրախուսել, որպեսզի դուք ունենաք բոլոր անհրաժեշտ պայմանները և կենտրոնանաք ձեր մարզումների, առաջիկա մրցաշարերի և մրցելույթների վրա: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք լավ տրամադրությամբ մեկնեք մրցումների և նոր հաղթանակներ գրանցեք: Ձեր հաղթանակներից հետո մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տղաների և աղջիկների թիվն ավելանում է, ինչը շատ կարևոր է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի վերջին հաղթանակին, նշել է՝ Դավթյանն իր բազմաթիվ մեդալներով ապահովում է այն որակական շեմը, որին պետք է ձգտեն ավելի երիտասարդ մարզիկները. «Դուք մեզ սովորեցրել եք մշտապես սպասել հաղթանակների և մեդալների: Թե՛ Դուք, թե՛ Վահագնը, առանձնանում եք կայուն մրցելույթներով և շարունակական առաջընթացով: Շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդը ևս այսքան լավ և ոգևորիչ արդյունքներ է գրանցում»: ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ կարևոր է, որ Երևանում 2027 թվականին կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում երկրպագուները կկարողանան մեր երկրում հետևել հայ մարմնամարզիկների մրցելույթներին: Ժաննա Անդրեասյանը մարմնամարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին՝ կատարած անգնահատելի աշխատանքի համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարմնամարզիկներին և կարևորել նրանց կայուն հաջողությունները. «Եթե մի քանի տարի առաջ մենք ունենում էինք առկայծումներ ու անակնկալ հաղթանակներ, ապա այսօր այդ հաջողությունները շատ տրամաբանված են: Դրանց հիմքում ընկած են Հակոբ Սերոբյանն ու իր թիմի անդամները՝ իրենց խանդավառությամբ և նվիրված աշխատանքով»: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզիկները զգում են պետության մշտական աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված մարզումային պայմանների, մարզագույքի, ինչպես նաև առաջիկա մրցաշարերին նախապատրաստվելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման հետ: Մարմնամարզիկների խոսքով՝ պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ սպորտային նպաստների և անվանական թոշակների տեսքով, ստանում են ժամանակին՝ առանց ուշացումների: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դեռևս կան չլուծված խնդիրներ՝ մարզումային պայմանների բարելավման հետ կապված: ԿԳՄՍ նախարարը հավաստիացրել է, որ մարզիկների բարձրացրած հարցերը պետության ուշադրության կենտրոնում են և կստանան համապատասխան արձագանք և լուծում: Հիշեցնենք՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել; Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Ավելի վաղ, հայ երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել էին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում երիտասարդական ԱԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։
18:38 - 20 ապրիլի, 2023
Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կհաստատվի մինչև սեպտեմբեր. նախարար |armenpress.am|

Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կհաստատվի մինչև սեպտեմբեր. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր ելույթում: «Ակադեմիական քաղաքը երևի թե ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է: Մեր նախնական պատկերացումներով այստեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ: Այսինքն՝ մենք խոսում ենք շատ մասշտաբային մի ծրագրի մասին»,- ասաց Անդրեասյանը: Նրա խոսքով պետությունը պլանավորել է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից․ «Հայֆիլմի» տարածքում պլանավորում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում պլանավորում ենք տեխնոլոգիական կլաստերը: Ունենալու ենք նաև երրորդ կլաստերը»։ Անդրեասյանը կարծում է, որ երրորդ կլաստեր կարող են տեղափոխվել նաև որոշ միջպետական բուհեր, որոշ միջազգային բուհեր: Քննարկվում է, որ այդ տարածքում կարողանան իրականացնել նաև ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը: Անդրադառնալով ժամանակացույցին՝ նախարարն ասաց. «Այս պահին ստեղծում ենք ծրագիրն իրականացնող կառույցը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Ես կարծում եմ, որ հիմնադրամի ստեղծումն օրերի հարց է, որն իր վրա կվերցնի բոլոր նախապատրաստական, իրականացման, նաև հետագա կառավարման աշխատանքների պլանավորումը»: Անդրեասյանը հիշեցրեց, որ վարչապետի որոշմամբ դեռ նախորդ տարի ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը երկար աշխատանք է տարել: Խոշորացված բուհերը՝ գիտահետազոտական գործառույթի հետ միասին, կտեղակայվեն արդեն Ակադեմիական քաղաքում՝ կլաստերային տրամաբանությամբ: «Հայեցակարգի նախնական տարբերակն ունենք, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր»,- նշեց նախարարը:
17:30 - 19 ապրիլի, 2023
ԿԳՄՍ նախարարը կարծում է, որ ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է պակաս լինի 1000 դրամից |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը կարծում է, որ ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է պակաս լինի 1000 դրամից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է պակաս լինի 1000 դրամից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված: Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարն ասաց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն իր ելույթում: «Նախորդ տարի միայն ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1 մլն 78 հազար մարդ, որը շուրջ 15 տոկոսով գերազանցում է 2021 թ այցելությունները: Միաժամանակ թանգարաններում տոմսերի գինը տարիներ շարունակ ոչ թե արժևորել, այլ արժեզրկել է թանգարան այցելությունը, որովհետև հիմա հենց այս օրերին ունեինք նույնիսկ 60 դրամ մուտքի տոմս ունեցող թանգարան: Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ է հնարավոր ձեռք բերել 60 կամ 100 դրամով: Որոշել ենք հրաժարվել այս գնային քաղաքականությունից, մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված»,-ասաց Անդրեասյանը: Նախարարը նաև հայտնեց, որ այս տարվա մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը նախարարության թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաների և ուսանողների համար կգործի տոմսի կես գին, մյուս սոցիալական խմբերի համար նույնպես կգործեն սոցիալական քաղաքականությունները: Սակայն նախարարը միաժամանակ կարծում է, որ տոմսի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից: Նա հայտնեց, որ էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ներդրման փուլում են՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի այն արդեն կգործի:
15:50 - 19 ապրիլի, 2023
Միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի. ԿԳՄՍ նախարարը՝ Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին
 |armeniasputnik.am|

Միջադեպը պատիվ չի բերում որևէ երկրի. ԿԳՄՍ նախարարը՝ Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի, և պետք է անենք հնարավորը, որ այդպիսի դեպքեր առաջիկայում չկրկնվեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքին։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է իր թիկնազորի աշխատակիցներին բռնել իրեն եւ թքել է իր այն բանից հետո, երբ ինքն Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել։ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր միջադեպին․ «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը: «Ես այստեղ տեսնում եմ կրթական համակարգի մեծ դերը։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և մեր վերաբերմունքի հարցով։ Կարծում եմ` այստեղ մեծ անելիք ունենք, և առաջին հերթին դա ընկալում եմ իբրև անելիք»,–ասաց Անդրեասյանը։ Հարցին, թե ի՞նչ կաներ Անդրեասյանն ինքը, եթե փողոցում որևէ մեկը «դավաճան» անվաներ նրան` նախարարը պատասխանեց, թե իրավիճակները խիստ տարբեր են և մարդու արձագանքն էլ կարող է տարբեր լինել. «Կարծում եմ` պետական պաշտոնն ու դիրքը որոշակի հանրային վարքագիծ են ենթադրում»։  
12:48 - 06 ապրիլի, 2023