Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ Արա Այվազյանի հարցազրույցը РИА Новости-ին |armenpress.am|

Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ Արա Այվազյանի հարցազրույցը РИА Новости-ին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք է նախ և առաջ լինի Արցախի կարգավիճակի հստակեցումը: Ղարաբաղյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ: Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի»,- ասել է Արա Այվազյանը: ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝  նշելով, որ այդ բոլոր վայրագությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրենությունները հերթական ապացույցն էին նրա, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել սեփական պատմական հողի վրա հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը: Անդրադառնալով խնդրի կարգավորման ձևաչափին՝ Այվազյանը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որի շրջանակում էլ պետք է լինի հակամարտության վերջնական լուծումը: «Այս առումով մեր տեսակետն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Սա ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին, ինչը հստակորեն արտահայտվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ»,- ասել է նա: Այվազյանը նշել է, որ Արցախի դեմ ագրեսիան՝ որպես խնդրի կարգավորման մեթոդ, մարտահրավեր է համաշխարհային հանրությանը, այն վնասում է միջնորդական ջանքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անգամ, համանախագահ երկրների հեղինակությանը: Նախարարը հույս է հայտնել, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատն ու արդյունավետ կգլխավորեն խաղաղության գործընթացը: Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Այվազյանը նշել է, որ «Երևանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին»: «Այսօր մեր օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
14:08 - 27 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։  Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվել փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու այդ օրակարգի հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։  Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:      Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:
18:35 - 26 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ

Փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:  Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար:  Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը:  Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: 
12:29 - 26 փետրվարի, 2021
ԱԳ նախարարը «Դաշինք հանուն բազմակողմանիության» նախարարական առցանց հանդիպմանը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը

ԱԳ նախարարը «Դաշինք հանուն բազմակողմանիության» նախարարական առցանց հանդիպմանը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը

Փետրվարի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին հանդիպումը նախաձեռնելու համար՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ առիթ է անդրադառնալու բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից: «Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը: Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»: Իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել. «Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»: Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և  կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները: «Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
20:20 - 24 փետրվարի, 2021
Վստահ եմ՝ եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն․ ԱԳ նախարարը՝ որոնողական աշխատանքներն արգելելու՝ Ադրբեջանի որոշման մասին |tert.am|

Վստահ եմ՝ եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն․ ԱԳ նախարարը՝ որոնողական աշխատանքներն արգելելու՝ Ադրբեջանի որոշման մասին |tert.am|

tert.am: Ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերին, նշեց ԱԳ նախարար Արա Այվազյանը: Հարցին, թե ինչու է  Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը, Այվազյանը նշեց. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»: Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը և 2018 թվականին Արցախյան հարցը լուծելու հեռանկարների և հնարավորությունների մասին՝ ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են այսպիսի հույսի շրջաններ, երբ բոլորիս, այդ թվում՝ համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ Հայաստանինը: Շատ անգամ, ինչպես օրինակ, Կազանի բանակցությունների ժամանակ, Ադրբեջանը վերջին պահին առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»:
13:33 - 23 փետրվարի, 2021
ԱԳ նախարարը վստահեցնում է՝ Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով միջազգային ճնշումը |armenpress.am|

ԱԳ նախարարը վստահեցնում է՝ Ադրբեջանի վրա հետզհետե աճում է գերիների հարցով միջազգային ճնշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ նաև միջազգային գործընկերներն ամեն ինչ անում են՝ ստիպելու Ադրբեջանին հրաժարվել պատանդառությունից և վերադարձնել հայ ռազմագերիներին: Այվազյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նախարարը վստահեցրեց, որ ռազմագերիների հարցը ՀՀ իշխանությունների առաջնային ուշադրության ներքո է՝ օրը 24 ժամ: «Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Միջազգային ճնշումը հետզհետե աճում է: Ինչպես և ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք՝ Ադրբեջանի համար: Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա՝ հումանիտար այս կարևորագույն հարցին»,- ասաց Այվազյանը: Նա հորդորեց համբերությամբ լցվել, լավատես լինել՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, մեծ ջանքեր են գործադրում նաև Հայաստանի միջազգային գործընկերները:
13:08 - 23 փետրվարի, 2021
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով |armenpress.am|

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի 11 ամիսներին կրճատվել է 2 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումների արդյունքում 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը՝ ընդամենը 2 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախարարը նախ նկատեց, որ եվրասիական տարածաշրջանի վրա վստահաբար կազդի տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում: Նա շեշտեց՝ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժը՝ առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, տնտեսական ներուժի բացահայտման և արդյունավետ իրացմանը: Արդյունքում մինչև 2020-ը, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը: Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքով»,-ասաց Այվազյանը: Այսպիսով՝ 2020-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ դոլար: Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3.9 տոկոսով: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020-ի նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2.03 մլրդ դոլար: Նախարարի խոսքով՝ սակայն միության անդամ պետությունների կողմից պետությունների օժանդակության ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազել է, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվել է մեղմել տնտեսական բացասական հետևանքները: Նա շեշտեց, որ ԵԱՏՄ-ի շուկան արտահանման առումով ՀՀ-ի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի:
12:13 - 23 փետրվարի, 2021
Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը: Նախարարը նախ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում: Սակայն դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: «Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում»,-ասաց նախարարը: Նա շեշտեց, որ տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը: «Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը»,-ասաց Այվազյանը: Նախարարը շեշտեց, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը»,-ասաց Այվազյանը:
11:46 - 23 փետրվարի, 2021
Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը․ Արա Այվազյան

Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը․ Արա Այվազյան

Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը։ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը․ «Տիկին նախագահ, Տիկին Բարձր Հանձնակատար, Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։ Այն փաստը, որ աննախադեպ հումանիտար ճգնաժամերի պայմաններում այս մարմինը շարունակում է իր աշխատանքը և իրականացնում իր մանդատը, վկայում է բազմակողմանիության առանցքային ձեռքբերումներից մեկը հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական դերակատարության մասին: Մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված և կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը և այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի և նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Հատկապես ոգեշնչող է այն փաստը, որ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևը, որն իմ երկիրը պատիվ է ունեցել նախաձեռնել, ստացել է միջտարածաշրջանային լայն աջակցություն և ընդունվել է կոնսենսուսով: Այս բանաձևի էվոլյուցիոն զարգացումը բխում է մի շարք այնպիսի մարտահրավերները հասցեագրելու հրատապ անհրաժեշտությունից, ինչպիսիք են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ և կոպտագույն խախտումները, խտրականության կաղապարված դրսևորումները, էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական ծագմամբ պայմանավորված խմբերի պաշտպանության անտեսումը, ատելության խոսքը և բռնության հրահրումը և դրանց արդարացումը, կողմնակալ վերաբերմունքը և անցյալի հանցագործությունների ժխտումը։ COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական և սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին։ Տիկին նախագահ, Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը և, հետևաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, այլ նաև օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ։ Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Առավել դատապարտելի է այն, որ վարձկանների և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ էր արվում ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը, ինչը ճանաչվել է միջազգային դերակատարների, այդ թվում այս հեղինակավոր կառույցի հատուկ ընթացակարգերի կողմից: Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետևանքով լրջագույնս վնասվել է հայկական ինքնության կարևոր բաղադրիչը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Արցախի Շուշի քաղաքում։ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը և այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։ Տիկին նախագահ,  Ադրբեջանական զինուժի կողմից  Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն:   Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում: Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, և ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարևորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից: Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք և զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաև Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական պարգևների, ներառյալ ազգային հերոսի կոչումների։  Այս համատեքստում խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին: Ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում: Տիկին նախագահ,  Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն երկրներին և կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախին, ինչպես նաև ներդրել են  իրենց դիվանագիտական և քաղաքական լիարժեք ներուժը խնդրի կարգավորման համար: Արցախի ժողովրդի արդարության և խաղաղության պահանջը պետք է անհապաղ հասցեագրվի, քանի որ մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ապրելու իրավունքի, իրենց ապագան առանց հարկադրանքների և բռնազավթման որոշելու իրավունքի համար, այսօր էլ իրենց նախնիների հողում առերեսվում են գոյութենական սպառնալիքի»:
20:52 - 22 փետրվարի, 2021
Արգենտինայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

Արգենտինայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

Փետրվարի 22-ին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վեռգառան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին։  ԱԳՆ հանրային դիվանագիության վարչության տեղեկացմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց դեսպան Վեռգառային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների և միջպետական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում: Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ ընդգծվեցին առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և սպորտի ոլորտները: Նախարար Այվազյանը և դեսպան Վեռգառան բարձր գնահատեցին արգենտինահայ համայնքի դերը Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ օրակարգի առաջմղման գործում։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
20:09 - 22 փետրվարի, 2021
Արա Այվազյանը Լուիս Ալմագրոյի հետ հեռախոսազրույցում կարևորել է ռազմագերիների վերադարձը

Արա Այվազյանը Լուիս Ալմագրոյի հետ հեռախոսազրույցում կարևորել է ռազմագերիների վերադարձը

Փետրվարի 19-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Նախարար Այվազյանը և Գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվեց երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին: Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին ներկայացրեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: Որպես առաջնահերթություն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ Գլխավոր քարտուղարը շեշտեցին ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը:
21:00 - 19 փետրվարի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։  Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական ջանքեր ձեռնարկել երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։ԱԳ նախարարներն ընդգծել են միջազգային կառույցների շրջանակում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը և սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում նախարար Այվազյանը նախարար Ջայշանկարին շնորհավորել է Հնդկաստանի՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այդ անդամակցությունը կծառայի ի շահ խաղաղության և անվտանգության համընդհանուր նպատակների առաջմղման: Նախարարներ Այվազյանը և Ջայշանկարն անդրադարձել են միմյանց տարածաշրջաններում անվտանգության և խաղաղության հարցերի: Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների՝ բոլորի շահերը հասցեագրող խաղաղ կարգավորման հրամայականը: Այդ առնչությամբ Արա Այվազյանը երախտագիտություն է հայտնել գործընկերոջը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում հայ ժողովրդին հայտնած համերաշխության համար: Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև COVID-19 համավարակի հաղթահարման և այդ գործընթացում միջազգային համագործակցության շուրջ՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում առաջնահերթ պետք է լինի միասնականությունը։ Այս համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել նախորդ տարեսկզբին COVID-19 համավարակի ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունը։
19:44 - 19 փետրվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։  Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։  Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:  Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
09:29 - 18 փետրվարի, 2021