ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյանը-խմբ․) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Մասնավորապես` պարզվել է, որ Վ. Ն.-ն, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը և միաժամանակ իրականացնելով մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հանձնաժողովների նախագահի գործառույթները, մասնակից ընկերությունների հայտերը որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում գնահատել է բավարար: Այնուհետև հաղթող ճանաչված «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում հսկողություն չի իրականացրել ծառայությունների ամբողջ ծավալով ու պատշաճ իրականացման նկատմամբ և հաստատել է չմատուցված ծառայությունների դիմաց գումարները փոխանցելու հայտերը, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքի և համայնքի բնակչության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Քննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ վերջինիս պատկանող` Երևան քաղաքում գտնվող երեք տարածքները ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարձակալությամբ  տրամադրելու մասին: Հիշյալ հանգամանքով պայմանավորված` Վ. Ն.-ն, նյութական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ: Արդյունքում` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման: Երևանի քաղաքապետարանի ու «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊԸ-ի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերությունների հետ կնքված աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների պայմանագրերին կից հավելվածներով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների պայմաններում Վ. Ն.-ն հաստատել է դրանց դիմաց վճարման ենթակա գումարները փոխանցելու հայտերը, որոնց հիման վրա հիշյալ ընկերություններին փոխանցվել է պայմանագրերով նախատեսված ողջ ծառայությունների մատուցման գումարը: Այսինքն` չմատուցված ծառայությունների համար հիշյալ ընկերություններին անհիմն վճարվել է  ընդհանուր 3.002.486.270  ՀՀ դրամ: Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն  կոմիտեի քննիչը 2022 թվականի դեկտեմբերի 6-ին Վ. Ն.-ի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Վ. Ն.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:15 - 06 դեկտեմբերի, 2022
Դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալից գումար հափշտակելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել դատապարտյալից գումար հափշտակելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 8-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման: Դրանից հետո` 2017 թվականի հունիսի 21-ին, դատապարտյալի պաշտպանը դիմում է մուտքագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Հ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ: Դատավորի օգնական Ռ. Ս.-ն, տեղեկացված լինելով վերը նշված դիմումի մասին և նպատակ ունենալով դատապարտյալից խարդախությամբ գումար հափշտակել, Ս. Հ.-ին հայտնել է, որ որպես պատժատեսակ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու համար անհրաժեշտ է 300.000 ՀՀ դրամի պետական վճարում կատարել, մինչդեռ օրենքով որևէ նման վճարում սահմանված չի եղել: Արդյունքում` Ռ. Ս.-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ.-ի հետ և նրանից ստացել 300.000 ՀՀ դրամ գումարը: Քննության առնելով Ս. Հ.-ի պաշտպանի դիմումը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հիշյալ դիմումն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ, որից հետո դատապարտյալ Ս. Հ.-ի պահանջով Ռ. Ս.-ն հիշյալ գումարը վերադարձրել է նրան: Ռ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
15:13 - 25 նոյեմբերի, 2022
Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:  Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ պարեկ Գ. Պ.-ն իր երկու ծառայակիցների հետ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Գ. Շ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ տվյալ տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում` ալկոհոլի ազդեցության տակ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Գ. Շ.-ն պարեկ Գ. Պ.-ին  առաջարկել է 20.000 ՀՀ դրամ, որը վերջինս չի վերցրել` վարորդին զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին:  Կաշառք առաջարկելուց զերծ մնալու՝ պարեկի հորդորներից հետո վարորդը գրպանից ևս մեկ 20.000 ՀՀ դրամ է հանել` որպես կաշառք առաջարկելով արդեն 40.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ վարորդ Ռ. Ե.-ն իր կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը չարձանագրելու համար դարձյալ կաշառք է առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկին: Նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներ Հ. Ա.-ն և Ռ. Մ.-ն Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում տեղադրված են եղել սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային ազդանշաններ արձակող սարքավորումներ։ Վարորդ Ռ. Ե.-ն իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներից մեկին առաջարկել է 2000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին: Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Գ. Շ.-ին և Ռ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերը նշված երկու վարույթների նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:04 - 24 նոյեմբերի, 2022
Բացահայտվել են ՊՆ  պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է

Բացահայտվել են ՊՆ պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։  Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից վերադաս պաշտոնատար անձին 734 040 ՀՀ դրամին համարժեք 1 500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է նույն զորամասի հրամանատար, իր մտերիմ Վ. Ա.-ին, ով, իր հերթին, համաձայնել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու: Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին Տ. Չ.-ն Վ. Ս.-ին է փոխանցել 1 500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին: Արդյունքում՝ Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, որից հետո Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին: Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետև Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով ընդունել է 906 520 ՀՀ դրամին համարժեք 2 000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու: Արդյունքում՝ Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը և մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում: 15.11.2022 թ.-ին Վ. Ա.-ն, Վ. Ս.-ն, Տ. Չ.-ն և Հ. Ա.-ն ձերբակալվել են: Նույն օրը Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/, Վ. Ս.-ին՝ 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, Հ. Ա.-ին և Տ. Չ.-ին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ա.-ի և Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:01 - 16 նոյեմբերի, 2022
Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել անապահովության համակարգում հաշվառված անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար

Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել անապահովության համակարգում հաշվառված անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակիցները անապահովության համակարգում հաշվառված անձանց ընտանիքների օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար նրանցից անձամբ ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն: Մասնավորապես, 2020 թ. աշնանը ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու խնդրանքով Միասնական սոցիալական ծառայության Ախուրյանի տարածքային կենտրոնի աշխատակից Գ. Հ.-ին է դիմել վերջինիս կողմից սպասարկվող տարածքի բնակիչ Ն. Ղ.-ն: Տեղեկանալով վերջինիս կողմից կնոջ և երեխաների հետ տարբեր հասցեներում հաշվառված լինելու հանգամանքի մասին՝ Գ. Հ.-ն Ն. Ղ.-ի ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ կնոջ և երեխաների հաշվառման հասցեն փոխելու հարցում ուղղորդելու համար, Ն. Ղ.-ից պահանջել է 29.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերջինս, սակայն, չի համաձայնվել և խոստացել է նպաստի իրավունքից օգտվելու դեպքում իր կարողությունների սահմաններում նրան տալ որոշակի գումար: 2020 թ. դեկտեմբերի 25-ին Ն. Ղ.-ի ընտանիքը հաշվառվել է անապահովության գնահատման համակարգում և սկսել օգտվել ընտանեկան նպաստի իրավունքից, որից հետո Գ. Հ.-ն Ն.Ղ.-ից ստացել է 5000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ մեկ այլ նպաստառուի ընտանիք ոչ պատշաճ փաստաթղթերի հիման վրա ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք, որի հետևանքով որպես ընտանեկան նպաստ ավելի վճարված 306.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնել չկարողանալու պատճառով նպաստառուի ընտանիքի անդամը դիմել է Գ. Հ.-ին, ով խոստացել է օգնել նրան: Գ. Հ.-ի օգնությամբ նպաստառուի ընտանիքի անդամը ներկայացրել է հետգանձման ենթակա գումարը զիջելու վերաբերյալ դիմում, և արդյունքում վերադարձվել է գումարի մի մասը: Հիշյալ նպաստառու ընտանիքի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերադարձման ենթակա գումարի մի մասը զիջելու հարցում ուղղորդելու համար, 2021 թվականի նոյեմբերի 30-ին Գ. Հ.-ն նպաստառուի ընտանիքի անդամից ստացել է 10000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նախաքննության ընթացքում բացահայտվել է Ախուրյանի տարածքային կենտրոնի մեկ այլ աշխատակցի` Վ. Խ.-ի կողմից անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու դեպք: Մասնավորապես` 2021 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում Վ. Խ.-ն փաստագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձից ընդունելու և ընթացք տալու համար նպաստառուից ստացել է 18000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Հ.-ին և Վ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
15:40 - 14 նոյեմբերի, 2022
Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար

Գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք պահանջելու և ստանալու համար

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Բ. Հ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի գերեզմանատներից մեկի վարիչի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, Է. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 200 000 դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես, 2022թ. մայիսին Բ. Հ.-ն իր գործառութային պարտականություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ գերեզմանատանը հուղարկավորված Մ. Պ.-ի գերեզմանատեղիի չափերը գերազանցում են օրենսդրությամբ սահմանված 2.5x5 քմ-ն, որից հետո, հայտնաբերված խախտման կապակցությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու փոխարեն, զանգահարել է հանգուցյալի որդուն՝ Է. Պ.-ին, ներկայացրել հայտնաբերված խախտումը, այնուհետև հանդիպել վերջինիս և խնդիրը կարգավորելու համար նրանից պահանջել կաշառք: Արդյունքում` Բ. Հ.-ն 2022թ. մայիսի 12-ին Է. Պ.-ի կնոջ կողմից կատարված բանկային փոխանցմամբ Է.Պ.-ից որպես կաշառք ստացել է 200 000 դրամ, ինչի դիմաց դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ ձեռնպահ է մնացել իր գործառութային պարտականությունները կատարելուց: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Բ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի  (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին և ուժը կորցրել 2022 թվականի հուլիսի 1-ին) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Է. Պ.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 
17:26 - 11 նոյեմբերի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեն ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար. Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին սերտ համագործակցության համար` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրել է Կոմիտեի կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առանցքային ձեռքբերումներն ու հիմնական մարտահրավերները` փաստելով, որ Կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար: Որպես կարևոր առաջընթաց` Կոմիտեի նախագահն առանձնացրել է հատկապես պետական պաշտոնյաների և հանրության շրջանում պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորումը, ինչի վկայությունն են հենց պետական կառավարման համակարգի և իրավապահ մարմինների կողմից իրենց մոտ հանդիպող կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համատեղ աշխատանքների արդյունքներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը միտված տեխնիկական օժանդակության ծրագրերը, կադրերի համալրմանը, վերապատրաստմանն ու օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերը: Ջեյմս Ափլգեյթը, իր հերթին, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված համագործակցային կապերի արդյունավետությանը, կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը` փաստելով, որ այն արդեն իսկ նկատելի է Հայաստանում: Վերջինս կարևորել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների և քննչական կազմի համար նախատեսված վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ INL-ն իր պատրաստակամությունն է հայտնում նորաստեղծ կառույցի հետ համագործակցությունը խորացնելու և Կոմիտեին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու համար:
13:20 - 10 նոյեմբերի, 2022
Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստանալու դեպքով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան հոկտեմբերից ազատվել է աշխատանքից |armenpress.am|

Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստանալու դեպքով ձերբակալված ՊԵԿ պաշտոնյան հոկտեմբերից ազատվել է աշխատանքից |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, մասնակցելով մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և ազատված է եղել աշխատանքից: Այս մասին նշվում է դեպքի վերաբերյալ ՊԵԿ-ից տրամադրված պարզաբանման մեջ. «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ նոյեմբերի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ «Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4անձ, այդ թվում ՊԵԿ պաշտոնյա» վերնագրով հաղորդագրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՊԵԿ-ը հայտնում է, որ հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը դեռևս ամիսներ առաջ մասնակցելով Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և սույն թվականի հոկտեմբերի 17-ից ազատվել է աշխատանքից»:
10:49 - 10 նոյեմբերի, 2022
Ապօրինի ուղևորափոխադրում իրականացնող ընկերության աշխատակիցներից կաշառք ստանալու համար մեղադրվող ոստիկանության պաշտոնյան կալանավորվել է

Ապօրինի ուղևորափոխադրում իրականացնող ընկերության աշխատակիցներից կաշառք ստանալու համար մեղադրվող ոստիկանության պաշտոնյան կալանավորվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ տարբեր ավտոմեքենաներով առանց հատուկ թույլտվության կազմակերպվել և իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ապօրինի գործունեությունն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա. Ս.-ի հետ: Վերջինս, տեղեկանալով առանց հատուկ թույլտվության վերոհիշյալ գործունեության մասին, Ս. Հ.-ի և Գ. Ե.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` առերևույթ վարչական իրավախախտումը չկանխելու և չբացահայտելու համար, նրանցից պահանջել է կաշառք: Արդյունքում Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով: 03.11.2022 թ. Ա. Ս.-ն, Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 04.11.2022 թ. Ա. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
16:27 - 07 նոյեմբերի, 2022
Բացահայտվել է Տավուշի նախկին մարզպետի կողմից հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելու դեպք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել է Տավուշի նախկին մարզպետի կողմից հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելու դեպք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ Տավուշի նախկին մարզպետի կողմից հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները թաքցնելու դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ Հ. Ա.-ն, 2014 թվականի մայիսի 15-ից զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ունենալով պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու դեպքում գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի հունիսի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել` թաքցրել է հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 2003 թվականի օգոստոսի 1-ին, ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրում տվյալները դիտավորությամբ թաքցնելը): Հ. Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:11 - 02 նոյեմբերի, 2022
Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Այսօր հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, որը պետք է լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քննիչներ, պաշտոնատար այլ անձինք: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման և գործունեության մեկ տարում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել կառույցի նախագահ Սասուն Խաչատրյանը: Նա նշել է, որ ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող միակ քննչական մարմինը լինելու հանգամանքն արդյունավետ քննության նոր հնարավորություններ և միաժամանակ մեծ սպասումներ է ձևավորում Կոմիտեից: Ներկայացնելով քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` Սասուն Խաչատրյանն ասել է, որ մեկ տարում քննիչների վարույթում գտնվող գործերի թիվն ավելի քան եռապատկվել է. 2021թ. հոկտեմբերի 23-ից մինչև օրս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1042 քրեական վարույթ, մինչդեռ նախորդող մեկ տարվա ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել էր 565 քրեական գործ: Այժմ քննվում է 366 քրեական վարույթ, մինչդեռ 2021թ. հոկտեմբերի 23-ին գործունեությունը սկսելիս Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում քննվել է 114 քրեական գործ: Կոմիտեի նախագահը նաև անդրադարձել է միջազգային համագործակցությանը և նշել, որ Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով ամենից առաջատար դիրքերն է զբաղեցնում: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի նախագահ, Պետական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի աշխատողներ, Այսօր մենք նշում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման առաջին տարեդարձը և նաև սահմանված է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օր: Ցանկանում եմ բոլորիս և հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողներին շնորահավորել այս օրվա առիթով: Պիտի ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարը մեր իշխանության, մեր կառավարության ամենակարևոր հանրային պարտավորություններից է, այսինքն՝ հանրության առաջ ստանձնած պարտավորություններից: Եթե փորձենք պատասխանել հարցին, թե որքանով է կատարվում այդ պարտավորությունը, թերևս առաջինն ընդունված է դիմել միջազգային համաթվերին և վարկանիշներին: Եվ կտեսնենք, որ միջազգային բոլոր զեկույցներում Հայաստանի Հանրապետությունը հիշատակվում է որպես հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկիր, ընդ որում՝ այդ առաջընթացը շարունակական է: Այսինքն՝ արձանագրվում է, որ ոչ թե իրադարձություն է տեղի ունեցել, այլ պրոցես է, որը շարունակում է ընթանալ: Նաև պարոն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ Արևելյան գործընկերության երկրների շրջանում Հայաստանը հակակոռուպցիոն պայքարի առումով բացարձակ առաջատար է: Հիմա միջազգային հարթակներից վերադառնանք Հայաստանի Հանրապետություն և ինքներս մեզ հարց տանք, թե արդյոք մենք գոհ ենք Հայաստանում վարվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքներից և արդյունավետությունից: Պիտի արձանագրենք, որ մենք մեծ հաշվով, չենք կարող ասել, որ դժգոհ ենք, բայց, մյուս կողմից, նաև չենք կարող ասել, որ գոհ ենք: Ոչ թե այն պատճառով, որ աշխատանքներ չեն արվել, և արդյունքներ չկան, այլ ամենաշատը այն պատճառով, որ, այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարի առումով՝ հանրության ակնկալիքները - ընդ որում, դրանք կարող են լինել օբյեկտիվ և չափազանցված - հանրության ակնկալիքների մի օբյեկտիվ հատված մենք չենք իրագործել, և դա պետք է ընդունենք ու խոստովանենք: Մյուս կողմից, դեռ 2018 թվականին կառավարության ծրագրում մենք, նկատի ունենալով, որ կոռուպցիան, այնուամենայնիվ, կազմակերպված երևույթ է կամ կազմակերպվածության որոշակի տարր է պարունակում, կոռուպցիայից զերծ երկիր ունենալու տեսլականն ենք որդեգրել, և այն շարունակում է լինել առաջնահերթություն: Երկու առումով չենք կարող ասել, որ լիարժեք գոհ ենք մեր կատարած աշխատանքներից, կրկին եմ ասում՝ երկու պատճառով, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրենց շփումներում հանդիպում են կոռուպցիոն երևույթների, իհարկե, այդ կոռուպցիոն երևույթները բացահայտվում են, չեն հովանավորվում պետության կամ կառավարության կողմից: Մյուս պարագայում՝ ասացի, որ հանրության ակնկալիքների և նաև մեր ակնկալիքների օբյեկտիվ մի հատված մենք իրապես չենք կարողացել իրագործել: Հարց է ծագում, թե ինչու չենք կարողացել իրագործել՝ արդյոք քաղաքական կամքն է պակաս եղել, թե արդյոք քաղաքական կամքի նվազում է տեղի ունեցել: Բացարձակապես ոչ: Ընդհակառակը, երբ նախկինում ես հիշում եմ կառավարությունում մի քանի անգամ ունեցած մեր խորհրդակցությունները, այդ թվում՝ ներկաների մասնակցությամբ, խնդիրներ էինք առաջադրում, թե ինչու, այնուամենայնիվ, չենք կարողանում բավարար չափով, ծավալով և խորությամբ արձանագրել հաջողություններ, մենք, ի վերջո, եզրահանգում էինք, որ այստեղ շատ կարևոր է անել ինստիտուցիոնալ որակի բարեփոխումներ, որոնք հնարավոր կդարձնեն քաղաքական կամքի արձանագրումը: Որովհետև, եթե շատ կոպիտ օրինակ բերեմ՝ քանի որ «կոռուպցիա» և «ձուկ» բառերն իրար հետ ասոցացվել են և ասոցացվում են՝ ձուկ բռնելու կամքը դեռևս չի նշանակում ձուկ բռնել, որովհետև դրա համար հարկավոր է նաև կարթ ունենալ և էլ չեմ ասում՝ այլ գործիքակազմ: Ճիշտ է, մենք Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման օրվա առիթով ենք հավաքվել, ուզում եմ հարցի հենց ինստիտուցիոնալ կողմը նշել, որովհետև, այո, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը շատ կարևոր և քաղաքական կամք պահանջող ինստիտուցիոնալ բարեփոխում է: Որովհետև նախ, առաջին հերթին, մենք ձևավորեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որի ձևավորման պրոցեսը տարբերվում է մեր ունեցած պատկերացումներից և ընդհանրապես, գործունեության ոլորտը շատ կոնկրետացված է. հենց հատկապես հակակոռուպցիոն գործերով է զբաղվում, և մեր առաջին քննչական մարմինն է, որը, բացի քննչական գործունեությունից, նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորություն ունի: Սա շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարի առումով, որովհետև, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեն իր ինստիտուցիոնալ ձևավորման պրոցեսում լիարժեք հնարավորություն ունի իրական և ոչ թե տիտղոսային պայքար մղել կոռուպցիայի դեմ: Չնայած մեծ հաշվով պիտի արձանագրենք, որ կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների դեմ պայքար վարում է ոչ միայն Հակառուպցիոն կոմիտեն: Ըստ էության, առաջին շարքում նստած մեր բոլոր գործընկերները շատ էական դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարում: Նաև դա էլ է պետք է արձանագրել, որ առանձին վերցրած մարմինը չի կարող ընդհանրապես պայքարել կոռուպցիայի դեմ կամ արդյունավետ արմատախիլ անել, եթե դրա համար չկա քաղաքական կամք և համագործակցություն: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի մեր ինստիտուցիոնալ կամքի, այսինքն՝ կարթի ձևավորման պրոցեսում ես շատ կարևոր եմ համարում հիշատակել նաև հետևյալը, որ, ի վերջո, ձևավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը շատ կարևոր ինստիտուտ է և նույնպես կայացման ճանապարհ է անցնում: Դատական համակարգի հակակոռուպցիոն ճյուղը ձևավորվեց՝ Վճռաբեկ հակակոռուպցիոն պալատով և դատավորներ, որոնք քննում են կոռուպցիոն գործեր: Այսինքն՝ դատական համակարգում նույնպես այս ճյուղը ձևավորվեց: Պիտի ընդգծենք Գլխավոր դատախազությունում ապօրինի գույքի բռնագանձման ստորաբաժանման ձևավորումը, այդ գործառույթի համար Գլխավոր դատախազի տեղակալ նշանակվեց, ընդ որում՝ կրկին սովորականից որոշակիորեն տարբերվող ընթացակարգերով: Նաև պիտի ընդգծեմ, որ, բացի այդ ստորաբաժանումից, մենք հիմա տեսնում ենք, որ նաև Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը որոշակի նախաձեռնություններ է ցուցաբերում, որոնք առնչություն ունեն կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիոն երևույթների պատճառած վնասի հաղթահարման հետ: Շատ կարևոր է ընդգծել նաև այն օրենսդրական մի շարք փոփոխությունները, որոնք լիարժեք ձևով ոչ միայն ցույց են տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու, կոռուպցիան կանխարգելելու իշխանության քաղաքական կամքը, այլև շատ կոնկրետ գործիքներ են ստեղծում դրա համար: Կոռուպցիան ընդհանրապես, էլի ցանկանում եմ հիշեցնել բոլորիս, կապված է իշխանություն և լծակներ ունեցող մարդկանց հետ: Ուզում եմ ընդգծել այն փոփոխությունները, որ արեցինք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգերում: Մենք այդ հայտարարագրման համակարգերն այնքան ենք զարգացրել - իհարկե, չեմ համարում, թե դա արդեն կատարելության է հասել - որ պետական պաշտոնյաների վարքագծի և հայտարարագրման եկամուտների վերահսկման մեխանիզմներում շատ էական փոփոխություններ ենք կատարել: Ուզում եմ հատկապես կարևորել - այս հանգամանքին ուշադրություն հաճախ չի դարձվում - բայց, օրինակ, կանխիկի շրջանառության կրճատման օրենսդրությունը էական նշանակություն ունի հակակոռուպցիոն պայքարում, որովհետև, կներեք, ոչ ոք կաշառք չի տալիս և ստանում անկանխիկ: Չնայած արդեն նշվեց կրիպտոարժույթների պարագան, բայց, համենայնդեպս, դա հետագծելի է, կարելի է նաև ավելի տեսանելի դարձնել: Ուզում եմ արձանագրել, որ մենք հակակոռուպցիոն պայքարի շատ էական ինստիտուտներ ենք ներդրել Հայաստանի Հանրապետությունում: Այո, մենք 2018 թվականին, 2019 թվականին անընդհատ դրա վրա աշխատում էինք, բայց նաև այս կա, որ ենթադրենք մի իշխանություն կամ կառավարություն կարող է ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի ավելի կամք, մյուս կառավարությունը կարող է ունենալ պակաս կամք: Շատ կարևոր է, որ անհատների կամքից կախված չլինի երկրում կոռուպցիայի պայքարի ոչ թե մակարդակը, որովհետև տարբերություններ միշտ էլ կլինեն, այլ մեծ հաշվով լինի մի նշաձող, որից ներքև չի կարող իջնել երկրում հակակոռուպցիոն պայքարը: Այս ամենն ասում եմ հետևյալի համար. եթե մինչև հիմա մենք ունեցել ենք ամենատարբեր օբյեկտիվ պատճառները և պատճառաբանությունները, թե ինչու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը բավարար խորություն չունի, և ինչու Հայաստանում կոռուպցիայի հասցրած վնասների պատշաճ վերականգնում չկա, հիմա այսօր, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ամբողջությամբ համալրված չէ, այսինքն՝ դեռևս թափուր հաստիքներ կան, պարզ է, որ աշխատանքի մեջ դեռ դժվարություններ կան, բայց ուզում եմ ասել, որ մենք՝ հանրության առաջ և ինքներս մեր առաջ, մենք էլ հանրության մաս ենք և մեզ եկեք այս առումով չտարբերենք հանրությունից, մենք հիմա բոլոր ինստիտուցիոնալ հիմքերը ձևավորել ենք: Եթե այն ժամանակ ասվում էր, որ օրենսդրական խոչընդոտներ կան՝ սկսած բանկային գաղտնիքից շարունակած այլ հանգամանքներով, ապօրինի գույքի բռնագանձում և այլն, այժմ այդ բոլոր մեխանիզմները ստեղծված են, և ես Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով, բայց ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է շատ կոնկրետ արդյունքներ ցույց տանք: Շատ լավ է, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված արդեն կոնկրետ գործեր գնացել են դատարան: Հույս ունեմ, որ մեր օրենսդրությունը բավարար չափով բարեփոխված է, որպեսզի նախադեպեր ստեղծվեն, և գործընթացները պատշաճ ձևով առաջ գնան: Կրկին ուզում եմ ասել, ընդգծել և ուրախ եմ, որ գործնականում դա նաև ապացուցվել է. մենք բազմիցս ենք ասել, որ կոռուպցիայի վերաբերյալ, այսինքն՝ ոչ միայն կոռուպցիայի, մնացած բոլոր դեպքերում էլ օրենքի կիրառության առումով մեզ համար չկա նախկին իշխանություն և ներկա իշխանություն: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է անվերապահորեն իրականացվի: Եվ, իհարկե, այդ առումով Հակակոռուպցիոն կոմիտեի դերը շատ կարևոր է: Նաև, իհարկե, դատական ընդհանուր համակարգի մեջ Գլխավոր դատախազությունը շատ առանցքային դերակատարում ունի, դատական համակարգը առանցքային դերակատարում ունի: Ես ուզում եմ ասել, որ մենք այդ նախապատրաստական ինստիտուցիոնալ աշխատանքն իրականացրել ենք: Պիտի ուրախությամբ ընդգծեմ, որ հակակոռուպցիոն պայքարի մեր կամքն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ ետպատերազմական շատ ծանր շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, ետընտրական շրջանում, քաղաքական ինչ-որ սրացումների շրջանում մենք այս բարեփոխումների գործընթացը ոչ մի րոպեով չենք կանգնեցրել: Հենց սրա համար, որ առիթ լինի, և իհարկե, առիթը ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեի օրվա առիթով՝ արձանագրելու, որ ինստիտուցիոնալ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի հանրությունը ստանա պատասխաններ, մենք բոլորս ստանանք պատասխաններ, և մենք բոլորս տեսնենք արդյունքներ: Ընդհանրապես ես ասում եմ, որ մեր երկրում առկա բոլոր պրոբլեմների արմատները գտնելու համար մենք կարող ենք ուսումնասիրել այն խնդիրները, որոնք ունենք կրթական համակարգում, այդտեղից բխում է, և ես դա հաստատում եմ: Բայց որպեսզի հասկանանք՝ իրապես ինչ է տեղի ունեցել մեզ հետ, ինչու են շատ իրադարձություններ տեղի ունեցել և ինչ պատճառահետևանքային կապեր ունեն դրանք, պետք է մինչև վերջ խորանանք և հասկանանք Հայաստանում կոռուպցիայի իրական ծավալները և իրական հետևանքները: Բայց սա ուղղակի քաղաքական հայտարարություն պետք է չլինի: Դա պիտի կոնկրետ հանրությանը, պետությանը հասցված վնասի վերականգնումով արտահայտվի: Ամեն տարի, այո, նախկինում Հատուկ քննչական ծառայության օրն էր, ես հիշում եմ՝ այս դահլիճում մենք արձանագրեցինք, որ աննախադեպ ծավալի՝ 4.2 մլրդ դրամի վերականգնում էր տեղի ունեցել պետական բյուջե, բայց այն ժամանակ դա մեծ թիվ էր թվում և մեծ էր, որովհետև, եթե չեմ սխալվում, պարզվեց, որ մեկ տարվա ընթացքում ավելի շատ վերականգնում է եղել՝ 3, 4, 5 կամ նույնիսկ 10 անգամ, քան Հատուկ քննչական ծառայության ստեղծման օրվանից սկսած: Այո, սա որպես վիճակագրություն հետաքրքիր է, բայց ուզում եմ ասել, որ հիմա թվերի կարգերը պետք է փոխվեն, որովհետև մենք գիտենք, որ այդ թվերը կան ինչ-որ տեղերում, ծվարած են, այդ գույքերը, այդ թվերը, այդ մարդիկ: Թվերն իրենց հերթին պետք է արտահայտվեն ամեն տարի: Շատ ուրախ եմ, որ Գլխավոր դատախազի հետ այս թեմայի շուրջ մենք պայմանավորվել ենք, որովհետև ընդհանուր վերահսկողությունը քննչական մարմիններինն է՝ և՛ Քննչական կոմիտեի, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեի, և՛ Ազգային անվտանգության ծառայության, և՛ Ոստիկանության, և՛ Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը պարզ է: Մենք ամեն տարի պետք է հանրությանը ցույց տանք, որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում - կապ չունի, թե որ մարմինը - պետական բյուջե վերադարձվել է այսքան գույք, այսքան գումար, պատասխանատվության է ենթարկվել այսքան մարդ՝ կապ չունի ներկա, թե նախկին, գործող, թե չգործող: Սա պետք է լինի այսօրվա մեր հանդիպման ամենակարևոր արձանագրումը, որովհետև, կրկին եմ ասում, նախկինում շատ է եղել, ներկաները կհիշեն, որ ես հրավիրել եմ, ասել եմ և նույնիսկ կարծիք եմ հայտնել, և այդ կարծիքն ամենևին էլ անհիմն չի եղել, ես տեսել եմ և զգացել, որ կան պետական կոնկրետ օղակներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում, որտեղ չերևացող, անապացուցելի դիմադրության որոշակի երևույթներ, դրսևորումներ կան: Բայց եղել են նաև օբյեկտիվ պատճառներ առ այն, որ գործիքակազմի սահմանափակության հետ կապված խնդիր կա: Այսօր մենք այդ խնդիրը հաղթահարել ենք, և հիմա ժամանակն է, որպեսզի մեր խոսակցության թեման, ոճը, արդյունքները և տեսանելիությունը փոխենք էականորեն: Ցանկանում եմ նաև ասել, որ այս, ինչի մասին ես ասում եմ, ոչ թե քաղաքական նպատակահարմարության կամ ճաշակի հարց է, այլ կոռուպցիան մի երևույթ է, որի կողմից երկրի անցյալին և ապագային հասցված վնասը շատ կոնկրետ բովանդակություն ունի: Այդ բովանդակությունը մեծ մասամբ պարզաբանված է, բայց նաև շատ կոնկրետ թվաբանություն ունի: Այդ թվաբանությունը պետք է պարզաբանվի, այսինքն՝ մենք պետք է այդ թիվը կոնկրետ ունենանք, ամեն տարի ունենանք և նաև հանրագումարում ունենանք, և այդ թիվը պետք է երևա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մեջ: Եվ այն մանկապարտեզները, որոնք չեն կառուցվել կոռուպցիայի պատճառով, պիտի կառուցվեն այդ թվում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում վերականգնված գումարից, դպրոցները, զինվորի աշխատավարձը, որն այդպես էլ մնացել է անհասկանալի, մնացած ամեն ինչը՝ ճանապարհները, ենթակառուցվածքները, անվտանգությունը և այդպես շարունակ: Եվ, իմիջիայլոց, հակակոռուպցիոն պայքարի առումով ես չափազանց կարևորում եմ այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը: Մենք նաև դա անընդհատ քննարկում և խոսում ենք, և կրկին եմ ասում՝ շատ կարևոր է և ուրախ եմ, որ, ի վերջո, հանրությունն այս ուղերձն ընկալել է: Որովհետև ամեն անգամ, երբ հարց է ծագում, որ պետք է քննիչների, դատավորների, դատախազների, ոստիկանների աշխատավարձը բարձրացնել, առաջին ռեակցիան այն է լինում, որ այս երկրում այսքան սոցիալական պրոբլեմ կա, դուք էլի «էլիտայի», այսպես ասած, աշխատավարձն եք բարձրացնում և սոցիալական երաշխիքներ ստեղծում: Բայց իրականում մենք դա անում ենք ոչ թե այդ մարդկանց համար, ովքեր աշխատավարձ են ստանում, այլ ժողովրդի, հանրության համար, որովհետև այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն: Այստեղ էլ կոռուպցիայի կանխարգելման շատ կարևոր նպատակ կա, որ քննիչը, իր աշխատասենյակից դուրս գալով և փողոցում քայլելով, պետք է մարդկանց աչքերին ուղիղ նայելու բարոյական իրավունքը չկորցնի: Բայց մենք նաև նրա թիկունքը պետք է ապահովենք, որպեսզի այդ երևույթներն ավելի զորեղ չգտնվեն, քան այն առաքելությունը, որ հանրությունը, պետությունը, օրենսդրությունը դնում է նրանց առաջ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, և օգտվելով առիթից, որ այսօրվա միջոցառմանը ահա այսպիսի ներկայացուցչական լսարան կա, չնայած ոչ բոլոր շահառուներն են ներկա, իրենք էլ կլսեն կամ իրենց հետ էլ առիթ կունենամ այս թեմայով խոսելու, մեզ հաջողություն եմ մաղթում: Պիտի արձանագրեմ՝ այո, ուրախ եմ, որ մեր քաղաքական կամքը ոչ մի միլիմետրով չի նվազել: Սա շատ կարևոր է, որովհետև իշխանության գալով հեղափոխությամբ, շատ հեշտ է ասել՝ կոռուպցիայի դեմ կպայքարենք և այլն: Ճշմարտության ժամը հիմա է: Մենք, 4 տարուց ավելի իշխանության մեջ լինելով, այդ հնարավորություններին պոտենցիալ առնչվելով և այլն՝ որքանո՞վ է մեր քաղաքական կամքը մնացել նույնը: Ես ուզում եմ հստակ ասել, որ մեր քաղաքական կամքը նույնիսկ ավելացել է, ավելին, որովհետև այն ժամանակ գուցե մենք ի վիճակի չէինք, նույնիսկ ընդդիմադիր լինելով, գնահատել, թե կոռուպցիան ինչպիսի խորը և ողբերգական հետևանքներ է ունեցել և ունենում մեր իրականության վրա: Հիմա մենք դա գիտենք առավել մանրամասն, մենք ամեն օր առնչվում ենք այդ պրոբլեմի հետ, մենք ամեն օր մեր մաշկի վրա դա զգում ենք որպես պատասխանատու մարդիկ, ովքեր պետք է երկրի ճակատագրի հետ կապված խնդիրներ լուծեն: Ամեն անգամ, երբ գնում ենք որևէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, և հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել: Կրկին շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում: Բայց ես կրկին ցանկանում եմ ասել հետևյալը՝ մենք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառաբանությունների տեղ այլևս չունենք: Ես կոնկրետ՝ որպես Կառավարության ղեկավար, որպես ժողովրդի մանդատը ստացած պաշտոնյա, արձանագրում եմ, որ մենք այլևս չունենք ասելու վայ, գիտեք օրենքի այս կետը կարծես, բանկային գաղտնիքը, դատական համակարգը և այլն: Հակակոռուպցիոն համակարգ է ձևավորվել, պետք է այս մեխանիզմը լիարժեք աշխատի, և կոռուպցիայի՝ մեր երկրին հասցված վնասը պետք է վերականգնվի: Կրկին եմ ասում՝ սա քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ: Սա մեր պետության ինքնիշխանության, անկախության, անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է: Շնորհակալ եմ»: Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը, երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը և ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Առաքելյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին, ևս մեկ անգամ շնորհավորել ու մաղթել արդյունավետ ծառայություն:
16:46 - 24 հոկտեմբերի, 2022
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Ըստ ձեռք բերված տվյալների պարզվել է, որ քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժնի առաջին կարգի մասնագետ Է. Վ.-ն 2022 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Կենտրոն վարչական շրջանում առևտրային գործունեությամբ զբաղվող Հ. Հ.-ի, Ա. Ս.-ի, Լ. Մ.-ի և Ս. Հ.-ի օգտին ապօրինի անգործության, այն է՝ նրանց կողմից իրականացվող գործունեության հետ կապված իրավախախտումները չարձանագրելու և նրանց պատասխանատվության չենթարկելու ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համապատասխան գործողություն չկատարելու համար հիշյալ անձանցից պահանջել և ստացել է կաշառք: Մասնավորապես՝ Է. Մ.-ն Ս. Հ.-ից, Հ. Հ.-ից և Լ. Մ.-ից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցման միջոցով 2022 թվականի հունիսից օգոստոսը ներառյալ պարբերաբար ստացել է 10000-25000-ական ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Է. Վ.-ն 2022 թվականի հուլիսի 11‑ին Ա. Ս.-ից առձեռն ստացել է 493.152 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար կաշառք: 17.10.2022 թվականին Է. Վ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` կաշառք տվողի օգտին ապօրինի անգործության համար կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածանքով: Պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով նույն օրը ձերբակալվել են նաև Հ. Հ.-ն, Ա. Ս.-ն, Լ. Մ.-ն և Ս.Հ.-ն: Նախաքննությունը շարունակվում է:
18:01 - 17 հոկտեմբերի, 2022
5,6 մլրդ ՀՀ դրամի 11 հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

5,6 մլրդ ՀՀ դրամի 11 հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնյայի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահատվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։  Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող փաստեր այն մասին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ Գ. Մ.-ն և Դ. Մ.-ն, իրենց մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար Հ. Ա.-ի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու հետևանքով խարդախությամբ հափշտակել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամ շուկայական արժեքով 11 հողատարածքներ: Բացի այդ, Հ. Ա.-ն իր մտերիմ Գ. Մ.-ի և նրա ներկայացրած անձի՝ Ծ. Գ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող 209 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասի վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա կեղծ փաստաթղթերը ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ ապօրինի մուտքագրելու գործընթացը կազմակերպելու համար 2020 թվականին Գ. Մ.-ից ստացել է 2 մլն ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2020 թվականի ապրիլի 9-ին վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը Հ. Ա.-ի կազմակերպմամբ մուտքագրվել են կադաստրային գործերի էլեկտրոնային համակարգ, որտեղ ներառվել են տեղեկություններ այն մասին, թե իբր հողամասի սեփականատեր է հանդիսանում Ծ. Գ.-ն: Դրանից բացի, պաշտոնատար անձ Հ. Ա.-ն, տեղեկացված լինելով, որ Գ. Մ.-ն արդեն իսկ անմիջական մասնակցություն է ունեցել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի հողամասերի հափշտակությանը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով մի շարք հողամասերի կադաստրային գործերում առկա կեղծ փաստաթղթերի առանձնահատկությունների մասին, Գ. Մ.-ին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2021 թվականի ընթացքում ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում ապօրինի կերպով որպես նշված հողամասերի սեփականատերեր է մուտքագրել տարբեր անձանց տվյալներ: Հ. Ա.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 2,343,611,164 ՀՀ դրամ արժողությամբ 5 հողամասեր դուրս են բերվել պետության հաշվեկշռից և անցել այլ անձանց տնօրինության տակ: Հ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընդհանուր առմամբ, հիշյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 11 անձի: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների հափշտակության հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:41 - 17 հոկտեմբերի, 2022
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքերով հերթական մեղադրական դատավճիռներն են կայացվել․ Դատախազություն

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքերով հերթական մեղադրական դատավճիռներն են կայացվել․ Դատախազություն

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների ընթացքը ևս հանգուցալուծվել է մեղադրական դատավճիռների կայացմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով Ա.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Իրականացված համակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Ա.Ն.-ն Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկին առաջարկել է 16 հազար դրամ կաշառք՝ իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար, որից անմիջապես հետո պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին: 2022 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ա.Ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երեք տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մ.-ն 2022 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5-րդ կիլոմետր հատվածում պաշտոնատար անձին` Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկին անձամբ տվել է 15 հազար դրամ կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար: Նշվածից անմիջապես հետո Կ.Մ.-ն կաշառք տալու կասկածանքով տեղափոխել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին: 2022 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Կ.Մ մեղավոր է ճանաչելով Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով: Մինչ այս, Ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 5 քրեական վարույթներով ևս կայացվել են մեղադրական դատավճիռներ: Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ ևս մեկ անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու հանցավոր դրսևորումներից: Յուրաքանչյուր նմանօրինակ դեպք արժանանալու է իրավապահ համակարգի համարժեք հակազդմանը և հանցավոր արարք կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,-նշված է Դատախազության հաղորդագրությունում։
13:53 - 15 հոկտեմբերի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեին 761 մլն դրամ հատկացվեց՝ վարձատրության եւ այլ ծախսերի համար
 |news.am|

Հակակոռուպցիոն կոմիտեին 761 մլն դրամ հատկացվեց՝ վարձատրության եւ այլ ծախսերի համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց 2022-ի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնել 761,6 մլն ՀՀ դրամ, որից Կոմիտեի «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն» միջոցառման իրականացման համար 750,4 մլն դրամ, «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ»  միջոցառման իրականացման համար 11,2 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Սահմանվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի չափաքանակները կրճատել ՀՀ հատուկ քննչական ծառայության համար նախատեսված ծավալի հետ համադրելի չափով՝ պայմանով, որ տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության կքննարկվի անհրաժեշտ ֆինանսավորման հարցը: Միաժամանակ, 2022 թվականի բյուջեի մասին օրենքով առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել է 1 269,4 մլն դրամ: Պայմանավորված մրցույթների արդյունքում հաստիքների համալրմամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կոմունալ, արտագերատեսչական, ներքին գործուղումների, վարչական, կառավարչական, մեքենաների և սարքավորումների նորոգման, տրանսպորտային նյութերի և այլ ծախսերի համար անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեի միջոցներից հատկացումներ կատարել Կոմիտեին՝ ըստ համապատասխան ծախսերի:  
12:30 - 13 հոկտեմբերի, 2022
Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից; Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն, 2022թ. սկզբին տեղեկանալով, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը կարող են առաջադրվել շուրջ 126.000.000 ՀՀ դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ, իր մտերիմ, նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ ձեռք է բերել հիշյալ ՍՊԸ ներկայացուցիչներից կաշառք ստանալու վերաբերյալ համաձայնություն` ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելուն նպաստելու դիմաց: Հիշյալ պաշտոնատար անձինք նախ մտադրվել են նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից էականորեն զեղչված արժեքով ստանալ երկու բնակարանի գնման իրավունք՝ դրանք հետագայում վաճառելու կամ վարձակալությամբ հանձնելու նպատակով, իսկ կաշառքի մյուս մասը որոշել են ստանալ գումարի տեսքով: Ա. Ա.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նշված ՍՊԸ-ի համասեփականատեր Ն. Մ.-ի հետ, վերջինիս հետ հանդիպման ընթացքում նրան ներկայացրել է ընկերության կողմից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը նվազեցնելու դիմաց 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալու, ինչպես նաև բազմաբնակարան շենքում զեղչված գնով երկու բնակարանի գնման իրավունք տրամադրելու՝ իր և Հ. Մ.-ի պահանջը: Ընդունելով առաջարկը՝ Ն. Մ.-ն  Ա. Ա.-ին և Հ. Մ.-ին Երևան քաղաքի Հ. Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան` տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափերի` 2.297.997 ՀՀ դրամ կաշառք: Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն, ՍՊԸ-ի համասեփականատերը Ա. Ա.-ին է փոխանցել կաշառքի մյուս մասը` 2.443.850 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը, որը վերջինս 2022 թվականի մարտի 21-ին տվել է Հ.Մ.-ին: Այնուհետև, Հ. Մ.-ն ու Ա. Ա.-ն նախնական համաձայնությամբ, որպես կաշառք զեղչված արժեքով ձեռք բերված բնակարանների իրական ծագումը թաքցնելու նպատակով, օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` բնակարանների գնման իրավունքները գրանցել են այլ անձանց՝ Ա. Ա.-ի և Հ. Մ.-ի երկու մտերիմների անուններով: Արդյունքում` 2022 թվականի ապրիլի 12-ին կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրերով նշված երկու բնակարանները հաշվառվել են հիշյալ անձանց անուններով: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՊԵԿ երկու պաշտոնյաներին և ՍՊ ընկերության երկու համասեփականատերերին: ՊԵԿ պաշտոնյաներ Հ. Մ.-ին ու Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացումը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը): Եվս երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հիշյալ 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
14:55 - 10 հոկտեմբերի, 2022