ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ով պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել․ ԱՆ ղեկավար անձակազմն ու նախարարը պատվաստվել են

ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ով պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել․ ԱՆ ղեկավար անձակազմն ու նախարարը պատվաստվել են

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած ՌԴ դաշնային ծառայության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ, ՌԴ-ի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի  կողմից Հայաստանին՝ որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները, այնուամենայնիվ այդ պահին դեռ գրանցված չէր, ուստի բնակչության շրջանում վստահության բարձրացման և հնարավոր շահարկումներից խուսափելու նպատակով՝ առաջինը պատվաստվեց Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Հարկ է նշել, որ պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել և բոլորի ինքնազգացողությունը լավ է: Մեկ անգամ ևս կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութի դերն ու նշանակությունը՝ Առողջապահության նախարարությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը վարակիչ հիվանդությունների, այդ  թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրում հանրային առողջության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:  
13:52 - 30 դեկտեմբերի, 2020
Մի քանի փաստ 2020 թ. ՀՀ առողջապահության նախարարության և համակարգի մասին

Մի քանի փաստ 2020 թ. ՀՀ առողջապահության նախարարության և համակարգի մասին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է մի քանի փաստ 2020 թվականի ընթացքում առողջապահության նախարարության և համակարգի մասին: «1. Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից՝ ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի, համակարգի բարձր պատրաստվածության, մեր կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին տարհանվել են նախարարության կողմից ներդրված համակարգերի միջոցով) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով սանիտարական կորուստները (վիրավորների մահացության) 1.65%-ի: Տվյալ ցուցանիշը աննախադեպ է աղվանական պատերազմի, չեչենական 1-ին, 2-րդ, սիրիական և ցանկացած վերջին 30 տարվա այլ պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների հետ: Շնորհակալությունս եմ հայտնում մեր բոլոր-բոլոր բժիշկներին` բժշկական օգնության այսպիսի աննախադեպ որակի համար: Կրկին անգամ շնորհակալ եմ նախարարության կողմից գործուղված հարյուրավոր բժիշկներից, ովքեր հակառակորդի հրթիռակոծման ներքո կատարել են իրենց պարտքը: 2. Կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի շրջանակներում շուրջ 160 հազար քաղաքացու մոտ հայտնաբերվել է Covid-19: Տարվա ընթացքում, կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնություն իրականացնելու համար, ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել է շուրջ 30 հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն և սպասարկում են ստացել ավելին քան 36000 պացիենտ, ովքեր ունեցել են հիվանդանոցային բժշկական օգնության կարիք:   Կրկին շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի, առողջապահական համակարգի արագ վերազինման, որը հնարավոր դարձավ կառավարության կողմից ֆինանսական և գործառնական հսկայական աջակցության շնորհիվ:   Փրկվել են հազարավոր կյանքեր՝ մահացության ցուցանիշը հասցնելով վարակակիրների շրջանում 1,76%-ի (համաշխարհային ցուցանիշը կազմում է 2,18%):   3. Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմով առողջապահական համակարգը շարունակում է պատշաճ բժշկական օգնություն մատուցել անհետաձգելի բուժօգնություն պահանջող մեր բոլոր քաղաքացիներին, թերևս իրագործելով անհնարինը:   4. Կրկին բժշկական օգնության որակի մասին. մոլեգնող համավարակի պայմաններում, շնորհիվ առողջապահության նախարարության ոլորտային քաղաքականության բարեփոխումների, 2020 թվականի ընթացքում հնարավոր դարձավ առավել քան կրկնակի կրճատել մայրական մահացությունը` ի համեմատ 2019-ի:   Ցավով պետք է նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ունեցել ենք 7 մայրական մահ, որից 5-ը կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Առողջապահության նախարարությունը տարեսկզբից հաստատակամ գտնվեց չտրվելով ոչ մասնագետների սենտիմենտալ քննադատություններին, շահարկումներին, սխալ պատկերացումներին և անձնավորված մոտեցմանը որոնք որևէ աղերս չունեն ապացուցողական, արժանիքահեն մասնագիտական մոտեցումների հետ: Եվ, այո ՛, քաղաքականության վերանայման արդյունքում փակվեցին մի շարք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որոնք չէին համապատասխանում սահմանված չափանիշներին և այո ՛, նեղ մասնագիտական հիվանդանոցային ծառայությունները պետք է կենտրոնացվեն, որպեսզի բժշկական օգնության որակը բարձրանա ի հաշիվ կատարված միջամտությունների թվի (փորձի), կադրային և բժշկական սարքավորումներով, պարագաներով հագեցվածության:   5. Աշխատելով գերծանրաբեռնված ռեժիմում, անմիջապես մասնակից և ղեկավար լինելով Ստեփանակերտում, Գորիսում և Վարդենիսում վիրավորների տարհանման կազմակերպմանը, այնուամենայնիվ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցները արեցին անհնարինը: Առաջին անգամ ՀՀ 30-ամյա պատմության մեջ բժշկական կենտրոննները տարեսկզբից առաջ ստացան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծառայությունների մատուցման մասին 2021 թվականի պայմանագրերը:   Համեմատության համար նախքան 2018 թվականը բժշկական կենտրոնների հետ պայմանագրերը կնքվում էին մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: 2020 թվականի համար պայմանագրերը կնքվել էին ռեկորդային վաղ՝ հունվարի 9-ին»,- գրել է Սմբատյանը:      
13:16 - 30 դեկտեմբերի, 2020
Սյունեցիներն արդեն կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան

Սյունեցիներն արդեն կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ ամերիկահայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆիայի սարքը տեղադրվել է Կապանի բժշկական կենտրոնում: «Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է, և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում։ Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։ Առաջին հետազոտություններն արդեն իրականացվել են։ Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով։ Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի մեր գործընկերներին՝ նման կարևոր նվիրատվության համար»,- Ֆեյսբուքի էջում գրել է Թորոսյանը։
09:15 - 29 դեկտեմբերի, 2020
Փոխնախարարի խոսքով՝ ծխախոտին առնչվող նախագծի ընդունման դեպքում տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար

Փոխնախարարի խոսքով՝ ծխախոտին առնչվող նախագծի ընդունման դեպքում տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար

ՀՀ առողջապահության նախարարությունը դեմ է հակածխախոտային օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգող նախագծին, փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար, կունենանք 310 մահ: Նանուշյանն այս մասին ասաց ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վլադիմիր Վարդանյանի, Հովիկ Աղազարյանի ու Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծի քննարկմանը: «Կորոնավիրուսային հիվանդության ընթացքում մենք հասկացանք, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել, և ծխախոտի դեմ պայքարը մեզ օգուտներ է բերելու, որովհետև ուղեկցող հիվանդություններից են այսօր մահանում, իսկ ուղեկցող քրոնիկական հիվանդությունների համար առաջին ռիսկը ծխախոտն է: Միջազգային փորձագետները գնահատել են, որ եթե մեր ամբողջ բնակչությունը հիվանդանա, ապա ամբողջ բնակչությունից 117 հազար մարդ բարձր ռիսկի տակ է գտնվում՝ հոսպիտալացվելու, ծայրահեղ ծանր տանելու հիվանդությունը և մահանալու՝ ծխելու պատճառով»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ մի քանի օրվա ընթացքում միջազգային փորձագետների հետ փորձել են գնահատականներ տալ ու հաշվարկներ անել: Նրա խոսքով՝ ծխախոտը շատ թանկ է նստում երկրի վրա: «Մեր երկրի տնտեսությունը տարեկան կորցնում է 273 մլրդ դրամ, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 4.2 տոկոսին: Գնահատեցինք, թե այս նախագիծը ինչքան կնստի մեր երկրի վրա: Եթե մենք ընդունենք այս նախագիծն ու հետաձգենք ևս մեկ տարի՝ բոլոր նշված 3 դրույթները, երկրի տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար՝ միայն 2021 թվականի ընթացքում: Եվ միայն այս նախագծի արդյունքում մենք կունենանք 310 մահ»,-ասաց Նանուշյանն ու հորդորեց դեմ քվեարկել՝ հանուն առողջ սերունդների: «Իմ քայլը»-ից Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ վարակվածների քանի՞ տոկոսն է եղել ծխող, վիճակագրություն կա՞, թե ոչ: Պատգամավորը, անդրադառնալով 310 հոգու հավանական մահվան մասին փոխնախարարի խոսքին, հարցրեց. «Այսինքն այդքան հստա՞կ է կորելացիան, դուք այդ 310-ին հստակեցրե՞լ եք, հիմա կարողանում եք կանխե՞լ նրանց մահը և այս օրենքի կանոնակարգումից հետո փոխվելո՞ւ է»: Փոխնախարարը արձագանքեց. «Կորոնավիրուսի և ծխելու հետ կապված մենք հետազոտություն չենք արել: Բայց արվել են միջազգային մի շարք հետազոտություններ, և արդյունքը տեղին է: Երկու անգամ ավելանում է ռիսկը: Հայաստանի համար գնահատվել է, որ 117 հազար մարդ միայն ծխախոտի պատճառով բարձր ռիսկայնություն ունի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդանալու, ծանր տանելու և մահանալու առումով»: Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն:
15:46 - 28 դեկտեմբերի, 2020
Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում

Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամանորին ընդառաջ առողջ սնվելու կանոնները: Ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը. «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու տեսանկյունից։ Բացի այդ, առողջ սնուցումը նվազեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը։ Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, սնուցումը ճիշտ կազմակերպելու և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդատեսակներին, սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ, նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով և ածխաջրերով, սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ չափաբաժիններով՝ օրվա ընթացքում 4-5 անգամ՝ ընդմիջումներով: Հիշե՛ք՝ որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, սահմանափակել աղի օգտագործումը՝ օրական օգտագործելով 5 գրամից ոչ ավելի, չմոռանալ ջրի մասին, օգտագործել բավարար քանակությամբ ջուր»։
15:40 - 28 դեկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը շարունակում է COVID-19-ի դեմ պայքարի կարողությունների հզորացումը

Առողջապահության նախարարությունը շարունակում է COVID-19-ի դեմ պայքարի կարողությունների հզորացումը

Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում: Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։ Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ՝ տեղեկացրել է նախարար Թորոսյանը:  
11:40 - 26 դեկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

Առողջապահության նախարարությունն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին:2020 թվականի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր և 10 Ֆորդ Տրանզիտ մակնիշի շտապօգնության մեքենա: Եվս 15 Նիսան շտապօգնության մեքենաներ նվիրաբերվել են Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից:Բացի այդ, նվիրատվությամբ ստացվել է 12 շտապօգնության մեքենա (Նիկոլայ Սարկիսովի կողմից` 5, «Մանթաշով» գործարարների միության կողմից` 5 և «Վեբբ ֆոնտեյն հոլդինգի կողմից` 2):Բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերված 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը:Շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթացը սկսվելու է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով:
10:40 - 26 դեկտեմբերի, 2020