ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Միրզոյանի և Բոռելի հանդիպմանը շեշտվել է ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Միրզոյանի և Բոռելի հանդիպմանը շեշտվել է ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բոռելի հետ։ Հայտնում են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովին վերաբերող հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ 44-օրյա պատերազմից հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման հրամայականը և այս խնդրի քաղաքականացման անընդունելիությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ դեէսկալացիայի և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։
10:48 - 25 սեպտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը

Ալեն Սիմոնյանը և Անդրեա Վիկտորինը կարևորել են խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովում ձևավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձևավորման փուլում է: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել է 2021 թվականի՝ արդար և ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատել է ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը: Անդրադարձ է եղել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը: 
14:12 - 23 սեպտեմբերի, 2021
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

1lurer.am: Օրեր շարունակ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում տեղակայված, երեկ էլ Արցախից Հայաստան ուղևորվող պատանիների ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի ծառայողների գործողությունների մասին խոսել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Դեսպանը հերթական անգամ շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել բանակցային գործընթացի վերսկսմանը: «Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել կայուն լուծում, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել տարատեսակ միջադեպերով վտանգել քաղաքացիներին: Վերջերս Հայաստան այցելեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, և հենց այս թեմաները մենք քննարկեցինք վարչապետի, արտգործնախարարի հետ: Ընդգծեցինք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, հեշտացնել բանակցությունների սեղան վերադառնալու գործընթացը, որովհետև խաղաղությունն իրոք կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ դրա համար կարևոր է ագրեսիայի ու ատելության խոսքի կրճատումը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
16:25 - 18 սեպտեմբերի, 2021
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:   Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերությունը, թվայնացման խնդիրները, էկոհամակարգի ձևավորումը և նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը։    ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշել, որ մեծապես կարևորում է ոլորտը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի: Դեսպանն անդրադարձել է ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը և նշել, որ ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից կարևոր է նաև իրականացված աշխատանքը հանրությանը ներկայացնելը:   Խոսելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության մասին՝ Անդրեա Վիկտորինը հատուկ անդրադարձ է կատարել մի շարք ծրագրերի, որոնք միտված են եղել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, էլեկտրոնային փաստաթղթավորմանը, ինչպես նաև նորարարություններին, ստարտափների խթանմանը, համավարակի հաղթահարմանը։ ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար: Անդրեա Վիկտորինի հավաստմամբ՝ ԵՄ աջակցությունը շարունակական կլինի:   Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախարարության ծրագրերին աջակցելու, ինչպես նաև Եվրամիության ջանքերի համար՝ Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման հարցում։ Նախարարը հավելել է նաև, որ նախարարությունը բաց է ԵՄ գործընկերների կողմից և՛ խորհուրդներ, և՛ քննադատություն լսելու առումով, և դեսպանի կողմից արված դիտարկումը ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ իր կողմից ընկալվում է որպես ուղենիշ:   Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը երկարատև համատեղ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ հասարակության և հայկական տեխնոլոգիական զարգացման։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը քննարկել Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգ համաձայնագրի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։    Քննարկվել են նաև Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ուղենշային ծրագրերը։
20:09 - 16 սեպտեմբերի, 2021
Միրզոյանն ու Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Միրզոյանն ու Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման համար կարևոր են հրադադարի ռեժիմի պահպանումը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ՝ կարևորելով նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը, ինչպես նաև հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը։ Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրեջանի զինված ուժերի անօրինական ներկայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զորավարժությունների իրականացումը խաթարում են տարածաշրջանում դե-էսկալացիայի ջանքերը, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ասել է Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր։
17:11 - 13 սեպտեմբերի, 2021
Փաշինյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման կարևորությունը

Փաշինյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում Կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ: Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին: ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ:
17:02 - 13 սեպտեմբերի, 2021
ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ

ԵՄ-ն դրական դիրքորոշում ունի ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ

 ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանը հայտնել է ԵՄ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ և անդրադարձել  ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ «Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ, ամփոփելով հանդիպումը, կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում:
21:34 - 09 սեպտեմբերի, 2021
Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են մեծ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք |azatutyun.am|

Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են մեծ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Չեխիան, Ավստրիան և Սլովակիան մերժում են ավելի շատ թվով աֆղան ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ աֆղան միգրանտների համար ԵՄ-ում տեղ չկա և նրանք պետք է մնան Աֆղանստանում կամ հարևան երկրներում։ Այս երեք երկրները, ԵՄ մյուս երկու անդամ Լեհաստանի և Հունգարիայի հետ միասին, որոշել են կոշտ դիրքորոշում որդեգրել միգրացիայի հարցում։ ԵՄ-ն անհանգտություն ունի, որ կարող է կրկնվել 2015-ին Եվրոպայում տեղի ունեցած միգրացիոն ճգնաժամը, երբ Մերձավոր Արևելքից պատերազմից և աղքատությունից փախած ավելի քան 1 միլիոն մարդ ժամանեց Միություն: Ավստրիայի կանցլերն իր հերթին ասել, է որ օգնության նպատակով իր երկիրն ավելի քան 21 միլիոն դոլար կհատկացնի՝ Աֆղանստանի հարակից երկրներում գտնվող աֆղաններին: «Մենք կփորձենք մեղմել նրանց տառապանքը, բայց 2015 թվականը չպետք է կրկնվի: Մենք դեմ ենք անօրինական միգրացիային և պայքարելու ենք թրաֆիքինգի դեմ», - ասել է Սեբաստիան Կուրցը։
10:43 - 08 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրիչ գործողություններն

Արարատ Միրզոյանը Անդրեա Վիկտորինի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրիչ գործողություններն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական զարգացմանը ու օրենքի գերակայության ապահովմանը: Նրանք կարևորել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտներում փոխգործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը և դեսպան Վիկտորինը հատկապես շեշտել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: «Առանձնահատուկ ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման և վերջինիս ընձեռած համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության «Ետ-2020» տեսլականի, ինչպես նաև Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովի աշխատանքների իրականացման շուրջ»,- հայտնում են դիվանագիտական գերատեսչությունից: Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և կայուն զարգացմանը: Կողմերն անդրադարձ են կատարել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը։ Նախարար Միրզոյանը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։
13:19 - 07 սեպտեմբերի, 2021
Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է բանակցություններ վարի թալիբների հետ |armenpress.am|

Բորելը կարծում է, որ ԵՄ-ն պետք է բանակցություններ վարի թալիբների հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել ԵՄ-ի կողմից «Թալիբան» շարժման հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթում հրապարակված հարցազրույցում: «Թալիբները մեզ համար դառնում են բանակցություններում անխուսափելի զրուցակիցներ: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում ու պետք է ձգտենք խուսափել այլ տերությունների կողմից այնտեղից դուրս մղվելուց»,- ասել է Բորելը: Նա հատուկ շեշտել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների ու իրական ձախողում՝ Արևմուտքի համար»: «Դա խիստ փոփոխություններ կբերի ուժերի միջազգային հարաբերակցության մեջ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գալ բոլոր այն եզրակացություններին, որոնք թույլ կտան հետագայում խուսափել այլ երկրներում նման սցենարի կրկնվելուց»,- հավելել է Բորելը: Նա շեշտել է՝ «անթույլատրելի է ուղղակի փակել Քաբուլի էջը՝ կարծելով, թե Աֆղանստանում իրավիճակը մեզ չի վերաբերում»: «Խոսքը թալիբների իշխանությունը ճանաչելու, նրանց աշխարհայացքի հետ համաձայնելու կամ դրա վրա հիմնված նրանց գործողություններին հավանություն տալու մասին չէ: Մենք պետք է թալիբներին հասկացնենք, որ իրենց շահերից չի բխում օտարերկրյա, մասնավորապես՝ եվրոպական տերություններից պարփակվելը: Մեր երկխոսության մակարդակը կախված կլինի մեզ ընդառաջ գնալու՝ մեր զրուցակիցների կարողությունից», - հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն նախատեսում է չորս անգամ ավելացնել Աֆղանստանին հատկացվող հումանիտար օգնությունը:    
13:12 - 05 սեպտեմբերի, 2021