ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

Դատախազությունը հաստատել է Վլադիմիր Գասպարյանի ու Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործը ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Տեղեկությունը հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ բացահայտվել են Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: Նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն դրամը: Միևնույն ժամանակ, պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:  Շարունակությունը՝ factor.am-ում։
15:53 - 26 հունիսի, 2020
Ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու արդյունքում այլ անձանց հնարավոր վարակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու արդյունքում այլ անձանց հնարավոր վարակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020 թվականի հունիսի 24-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի ծննդատան մոտ կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող տաքսու վարորդը շարունակում է տաքսի ծառայություն մատուցել: Քաղաքացին հայտնել է, որ տաքսու վարորդին՝ Ա. Ն.-ին, մի քանի անգամ տեսել է տաքսի ծառայություն մատուցելիս, իսկ 2020թ. հունիսի 24-ին ժամը 8:40-ի սահմաններում տեսել է, որ տաքսու վարորդները վիճաբանում են վերջինիս հետ 7 պահանջում, որ տաքսի ծառայություններ չմատուցի, քանի որ ունի երկկողմանի թոքաբորբ, և /կորոնավիրուս/ հիվանդության հետազոտման արդյունքը դրական է եղել: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Ն.-ն 24.06.2020թ. ժամը 8:50-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ծննդատան կանգառից /տոյոտա քեմրի/ մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բնակության՝ ինքնամեկուսացման վայր, որտեղ ըստ Ա. Ն.-ի իրականացրել է տաքսի ծառայություն: 2020թ. հունիսի 24-ին Աբովյան ԲԿ-ից ստացված գրության համաձայն Ա. Ն.-ն 20.06.2020թ. հանձնել է /covid 19/ նմուշառման տեստ՝ Նորք կլինիկական հիվանդանոցում,  և թեստի դրական պատասխանը 23.06.2020թ. փաստացի հաստատվել է. տարածքային ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի կողմից: Նույն օրը հիվանդը հեռախոսազանգով իրազեկվել է արդյունքների վերաբերյալ և տրվել է տեղեկատվություն իր և ընտանիքի անդամների ինքնամեկուսացման մասին: 2020թ. մարտի 16-ին ՀՀ կառավարության  N 298-Ն որոշմամբ   ՀՀ ամբողջ տարածքում 2020թ. մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն, որը երկարաձգվել մինչև 2020թ. հուլիսի 13-ը: Նկատի ունենալով վերոնշյալը և այն հանգամանքը, որ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում  ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի  մարզային քննչական վարչության Աբովյանի  քննչական բաժնին: Միաժամանակ, ոստիկանության Կոտայքի բաժնին հանձնարարություն է տրվել ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Ա. Ն.-ի տաքսի ծառայություններից օգտված և ինքնամեկուսացման կանոնները խախտելու արդյունքում հնարավոր վարկված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
14:36 - 25 հունիսի, 2020
Մտահոգությունը որևէ հիմք չունի. Գոռ Աբրահամյանը՝ «Հրապարակի» հոդվածի վերաբերյալ «Մեդիա պաշտպանի» հայտարարության մասին

Մտահոգությունը որևէ հիմք չունի. Գոռ Աբրահամյանը՝ «Հրապարակի» հոդվածի վերաբերյալ «Մեդիա պաշտպանի» հայտարարության մասին

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությունն այսօր, հղում կատարելով «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ քրեական ոստիկանությունից ստացված ինչ-որ զանգի վկայակոչմամբ նշվել է, թե դատախազը հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը», շտապել է իր մտահոգությունը հայտնել, իբր, այլակարծությունը Հայաստանում արդեն քրեական գործերով դատապարտվելու կապակցությամբ։ Ուզում եմ հստակ նշել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ: Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում տպագրված վերոնշյալ հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ, և այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Այսինքն հոդվածի հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու հանձնարարություն չի տրվել և չէր կարող տրվել, քանի որ ուղղակի անհեթեթություն և մասնագիտական անգրագիտություն է հանցագործության հատկանիշների ստուգման փուլում որևէ մեկի քրեական պատասխանատվության հարցի առաջադրումն ընդհանրապես: Իսկ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությունը պայմանավորված է հոդվածում նշված այն տեղեկատվության ստուգմամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը «...իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից...»: Ո՛չ առաջին և ո՛չ էլ, վստահաբար, վերջին օրինակն է, երբ որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակման կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից հետաքննության մարմնին տրվում է դրանում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունն ստուգելու հանձնարարություն: Իսկ իրեն մասնագիտական հասարակական նախաձեռնություն համարող «Մեդիա պաշտպանին» հորդորում եմ նախքան որևէ հարցով միակողմանի անհիմն մտահոգություններ հայտնելը, հայտարարություն տարածելը և չեղած քրեական գործերի վկայակոչմամբ փաստերը խեղաթյուրելը նախևառաջ փորձել նաև պաշտոնական աղբյոււրներից ստուգել հրապարակման մեջ նշված հանգամանքների իսկությունը»:
12:51 - 25 հունիսի, 2020
Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ հայտնեց |news.am|

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինքնաբացարկ հայտնեց |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի քննության հարցով դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնեց։ Պաշտպանական կողմը 2-րդ անգամ դատավոր Գաբրիելյանին ներկայացրել էր  ինքնաբացարկով հանդես գալու միջնորդություն։ Ավելի վաղ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել էր, որ Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար հիմք է հանդիսացել մեկ անձի ցուցմունքը, որն այդ գործով նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
12:32 - 24 հունիսի, 2020
Հայաստանի հարուստ դատախազները |civilnet.am|

Հայաստանի հարուստ դատախազները |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնատար որոշ անձինք տպավորիչ ունեցվածք են տնօրինում՝ առանձնատներ, բնակարաններ, տարբեր ընկերություններում բաժնեմասեր և այլն։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել 2019-ի գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։  Գագիկ Հարությունյանի որդու բաժնեմասերն ու բնակարանները Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն է։ Երևանի կենտրոնում Հարությունյանն ունի երկու բնակարան, որոնցից մեկը գնել է 2012-ին, իսկ մյուս նվիրատվություն է ստացել 2018-ին։ Այդ նվիրատվության հետ նույն օրը Հարությունյանը Ջրվեժում հողամաս է նվեր ստացել։ 2019-ին նա նաև ավտոկայանատեղի է նվեր ստացել, իսկ մինչ այդ մի ավտոկայանատեղի էլ գնել էր 2012-ին՝ Կենտրոնի իր բնակարանի հետ միասին։  Հարությունյանը 2019-ին 2 միլիոն դրամով վաճառել է իր Lexus-ը, 16,5 միլիոն դրամի չափով փոխառոթյուն է ստացել «Արփիմեդ» ՍՊԸ-ից, որտեղ բաժնեմաս ունի (դրան դեռ կանդրադառնանք): Գլխավոր դատախազության պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 25 000 դոլար և 14 միլիոն դրամ։ Եկամուտներից 10 միլիոն դրամը գոյացել է աշխատավարձից, 15 միլիոն դրամի չափով վարկ է ստացել «Հայբիզնեսբանկից», ևս 12,5 միլիոն դրամ կազմել է «Արփիմեդ»-ի շահաբաժնից առաջացած եկամուտը։  Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Հարությունյանը «Արփիմեդ»-ի 3 տոկոսի բաժնետերն է։ «Արփիմեդ»-ը հայկական դեղագործական ընկերություն է, որն իր արտադրանքն արտահանում է նաև Վրաստան, Բելառուս, Ուզբեկստան, Ուկրաինա, Եմեն, Ղազախստան։ Ընդհանուր առմամբ, «Արփիմեդը» 150 դեղի արտադրութամբ է զբաղվում։ Արտակ Հարությունյանը իր բաժնեմասը ձեռք է բերել 2008-ին՝ «Արփիմեդի» հիմնադրման ժամանակ։ Ընկերության մյուս բաժնետերը քաղաքացի Վաչագան Ղազարյանն է։  Արտակ Հարությունյանի կինը՝ Աննի Հարությունյանը, ընդգրկված է տարբեր բիզնեսներում, որոնցից ամենահայտնին «Իզի փեյ» ՍՊԸ-ն է։ «Իզի փեյ»-ը վճարահաշվարկային կազմակերպություն է, որը ՀՀ տարածքում ունի 2 000 վճարային տերմինալներ, նաև էլեկտրոնային դրամապանակի ծառայություններ է մատուցում։ Հիմնվել է 2014-ին։  Ընկերության հասույթը 2018-ին կազմել է 1,9  միլիարդ դրամ։  Աննի Հարությունյանի բաժնեմասը նախկինում կազմել է 30 տոկոս, սակայն ներկայում 20 տոկոս է։ Ուշագրավ է, որ «Իզի փեյ»-ի 7 տոկոսի բաժնետերը ևս դատախազի կին է. Նարինե Նազարյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի կինն է, որը ևս իր բաժնեմասը ձեռք է բերել 2014-ին։ Նարինե Նազարյանը նաև գործարար Ֆրեդ Նազարյանի դուստրն է։ «Իզի փեյ»-ի բաժնետոմսերի մնացյալ 73 տոկոսը պատկանում է Կարինե Փաշինյանին՝ գործարար Ֆրեդ Նազարյանի կնոջը։  Բաժնետոմսերի նույն հարաբերակցությամբ Աննի Հարությունյանն ու մյուսներն անցյալ տարի հիմնել են նաև «Իզի տերմինալ» ՍՊԸ-ն, իսկ այս տարվա ընթացքում Աննի Հարությունյանը, Կարինե Փաշինյանն ու Նարինե Նազարյանը՝ յուրաքանչյուրը 33,3 տոկոս բաժնեմասով նոր ընկերություն են հիմնել՝ «Գարանտ ինկասացիա» ՍՊԸ-ն։ Ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերության գործունության ոլորտը «դրամի և թանկարժեք արտադրատեսակների» տեղափոխումն է։ Ուշագրավ է, սակայն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 18-ի նիստում «Գարանտ ինկասացիա»-ին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն է տրամադրել։ Վերը նշված երկու ընկերություններում ունեցած բաժնեմասերը Աննի Հարությունյանը չի հայտարարագրել։  Աննի Հարությունյանը 10 տոկոս բաժնեմաս է տնօրինում «Պռոբիզնես» ՍՊԸ-ում, որը զբաղվում է գազալցակայանի շահագործմամբ։ Այն գտնվում է Սևան-Երևան մայրուղու հատվածում։ «Պռոբիզնես»-ում 20  տոկոս բաժնեմաս ունի Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանը։ «Պռոբիզնեսի» 40 տոկոսի բաժնետերը Միքայել Ամյանն է, 30 տոկոս էլ ունի Սուրեն Ուլիխանյանը։  2019-ի իր հայտարարագրում Աննի Հարությունյանը հայտարարագրել է 92 միլիոն դրամի բաժնեմաս «Իզի փեյ»-ում։ Դրամական միջոցները կազմել են 22 միլիոն դրամ և 45 000  դոլար։ «Իզի փեյ»-ից Հարությունյանի շահաբաժինը կազմել է 28 միլիոն դրամ, իսկ «Պռոբիզնես» ՍՊԸ-ից՝ 500 000։  Գարեգին Իսախանյան. ընկերություններ ՀՀ-ում ու Լիտվայում Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գարեգին Իսախանյանը ևս ընդգրկված է մի քանի ընկերություններում՝ այդ թվում արտերկրյա։ Մինչ դրան անդրադառնալը ներկայացնենք Իսախանյանի 2019-ի հայտարարագիրը։  Իսախանյանը հայտարարագրել է երկու բնակարան Արաբկիրում, մեկ ավտոտնակ, նաև՝ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ժառանգությամբ հողամաս է նվեր ստացել, ևս մեկ հողամաս Իսախանյանը նվիրատվություն է ստացել Իջևանում։  Դատախազության պաշտոնյան փոխառությամբ 541 միլիոն դրամ է տվել «Արբումրպոմ» ընկերությանը, որի բաժնետերերից է, իսկ բանկում ունի ընդհանուր առմամբ 32 միլիոն դրամի ավանդ։ Իսախանյանի դրամական միջոցները կազմում են 2,5 միլիոն ռուբլի, 100 000 դոլար և 80 000 եվրո։ Գարեգին Իսախայանն իր շահերի հայտարարագրում նշել է, որ 50 տոկոս բաժնեմաս ունի «Արբումպրոմ» ՍՊԸ-ում։Ընկերության գործունեության վերաբերյալ բաց աղբյուրներում հասակասական տեղեկություններ կան։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը «Արբումպրոմ»-ին 2011-ին թույլ է տվել արտարժույթի առքուվաճառք իրականացնել Շենգավիթի Աերացիա 1 հասցեում։ Վարչական դատարանում «Արբումպրոմ»-ը տարիներ առաջ մի վեճ է ունեցել Պետեկամուտների կոմիտեի կազմած ակտի շուրջ։ Դրանից պարզ է դառնում, որ «Արբումպրոմ»-ը ավտոլվացման և հանրային սննդի ծառայություններ է մատուցում նշված հասցեում։ 2017-ին ՊԵԿ-ը ավելի քան 3 միլիոն դրամի հարկային պարտավորությունը կատարել չկարողանալու պատճառով դիմել է սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Արբումպրոմ»-ին։ Հայցը բավարարվել է։  Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Իսախանյանը 53 տոկոս բաժնեմաս ունի «Բար» ՍՊԸ-ում։ Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերությունը զբաղվում է շուկայի իրավիճակի ուսումնասիրությամբ ու հետազոտություններով։ Այս ընկերության մասին Իսախանյանի հայտարարագրում ոչինչ նշված չէ։  Գարեգին Իսախանյանի կինը՝ Հերմինե Իսախանյանը, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հիմնել է Gintra UAB ընկերությունը, որում 80 տոկոս բաժնեմաս ունի։ Նա նաև այդ ընկերության տնօրենն է։ Gintra UAB-ի գործունեության մասին այլ տվյալներ հայտնի չեն։ Հերմինե Իսախանյանը 2019-ի ընթացքում 4 միլիոն դրամով Nissan մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել։ Նրա դրամական միջոցները կազմել են 4,5 միլիոն դրամ, 100 000 դոլար և 50 000 եվրո։  Արթուր Խաչատրյան. բնակարաններ Ռուսաստանում Արթուր Խաչատրյանը գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանի կենտրոնում երկու բնակարանի և երկու ավտոտնակի սեփականատեր է։ 2014-ին նա շինություն է գնել Սևանում։ Խաչատրյանը մեկ բնակարան և երեք ավտոտնակ ունի Ռուսաստանի Չերյոմուշկի ավանում, նաև երեք մեքենա), որոնք ձեռք է բերել 2004, 2008 և 2010 թվականներին, նրա բանկային ավանդները կազմում են 10 000  դոլար։  Արթուր Խաչատրյանի դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 50  000 դոլար և 50 000 եվրո։ Դատախազության պաշտոնյայի եկամուտներից 7 միլիոն դրամը ձևավորվել է աշխատավարձից, 2 միլիոն դրամի չափով էլ նա եկամուտ է ստացել միջպետական բանկի [չի նշվում՝ խոսքը ո՛ր միջպետական բանկի մասին է] ՀՀ ներկայացուցչությանը վարձակալությամբ գույք տրամադրելուց։  Գլխավոր դատախազի տեղակալների ունեցվածքը  Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն այդ պաշտոնին է 2015-ից։ Մինչ այդ նա Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը չորս բնակարան ունի Երևանի կենտրոնում, մեկ ավտոտնակ, երկու հողամաս Ձորաղբյուրում, մեկ հողամաս Կոտայքի մարզի Արտավազ համայնքում, առանձնատուն Կոտայքի մարզի Արգել համայնքում, հասարակական նշանակության շինություն Բերդ քաղաքում։ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 48 միլիոն դրամ։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:03 - 24 հունիսի, 2020
«Դատախազն իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակությունը»․ ինչու՞ է կարճվել Դավիթ Գրիգորյանի գործը |hetq.am|

«Դատախազն իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակությունը»․ ինչու՞ է կարճվել Դավիթ Գրիգորյանի գործը |hetq.am|

hetq.am: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Դատավոր Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատավոր Դավիթ Բալայանի որոշումը։ Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող  դատավոր Դավիթ Գրիգորյանի և դրան օժանդակելու մեջ մեղադրվող դատավորի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով՝ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում։ 2020 թվականի մայիսի 21-ին, երբ դատավոր Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղարի գործը դատավոր Դավիթ Բալայանի վարույթում էր, դատարան է մուտքագրվել մեղադրյալների պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Հունան Բաբայանի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնելու մասին։ Միջնորդության մեջ պաշտպանական կողմը համոզմունք է հայտնել, որ դատարանը վերը նշված որոշումը պարտավոր է կայացնել առանց դատաքննության․ Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներն առաջին ատյանի դատարանին նման հնարավորություն ընձեռում են։ 2020 թվականի հունիսի 1-ին դատարան է մուտքագրվել պաշտպան Երվանդ Վարոսյանի գրությունը, որով վերջինս նշել է, որ մայիսի 23-ին, դատարանում ծանոթանալով քրեական գործի վերջին հատորի նյութերին, պարզել է, որ գործին կցված չէ գլխավոր դատախազի որոշումը, որով վերջինս մերժել է պաշտպանների բողոքը՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու քննիչի որոշման դեմ։ Գլխավոր դատախազի այս որոշումը կցվել է գործին։ Ուսումնասիրելով նյութերն, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերը նշված որոշումը՝ դատարանը գտել է, որ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման ու մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցման, և դա հնարավոր է առանց դատաքննության։ Դատարանը որոշման մեջ դատավարական բնույթի էական խախտումներ է արձանագրել Դատարանը որոշման մեջ մատնանշել է դատավարական բնույթի այն էական խախտումները, որոնք հիմք են հանդիսանում մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու եզրահանգման գալու համար: Այսպես՝ Քրեական գործի նախապատմությունից դատարանի համար ակնհայտ է, որ գործը հարուցվել է առանց դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել քաղաքացի Սերգո Փանոսյանը։ 2019 թվականի փետրվարի 18-ին Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով  քննիչ Խորեն Մեջլումյանը քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Հետագայում Փանոսյանը բողոքարկել է որոշումն ու գլխավոր դատախազը 2019 թվականի հունիսի 28-ին վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։ Դատավոր Դավիթ Բալայանն իր կայացրած դատական ակտում նշել է, որ  փետրվարի 18-ին քրեական գործ հարուցելը մերժելու որոշում կայացնելիս քննիչ Մեջլումյանը հաստատված է համարել, որ խոսքը վերաբերում է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ենթադրյալ կեղծիք կատարելու դեպքի բացակայությանը: Ընդ որում, նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը դիմել է դատավորին՝ նրանից բացատրություն ստանալու ակնկալիքով, իսկ հետագայում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ուղարկել է դատավորին` նրա աշխատանքի վայրի հասցեով՝ պարզաբանելով նաև որոշման բողոքարկման կարգը և ժամկետները։ Դատարանն անձանագրել է նաև, որ գլխավոր դատախազի որոշումը՝ քննիչի կայացրած որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին, վերաբերում է հենց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առիթով քրեական գործի հարուցմանը, ըստ որում՝ դատախազը, քրեական գործ հարուցելով հիմնավոր է համարել դատավորի արարքում հանցակազմի տարրերից առնվազն մեկի առկայությունը: Այս հանգամանքն, ըստ դատավոր Դավիթ Բալայանի, գալիս է հիմնավորելու, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ թեև ոչ ձևական (փաստաթղթային), սակայն բովանդակային (գործնական)  իմաստով հարուցվել է քրեական հետապնդում: «Գտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազն, իր որոշմամբ ըստ էության քրեական հետապնդում է սկսել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ու այդ հետապնդումն իրականացվել է առանց օրենքով նախատեսված անձեռնմխելիության արգելքի հաղթահարման, ինչը պարտադիր էր, քանի որ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը արգելում են դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել՝ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,- որոշման մեջ գրել է Դավիթ Բալայանը, մեջբերել մի շարք իրավադրույթներ, որոնցից ակնհայտ է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության առկայությունն  իմպերատիվ պայման է, որի բացակայության դեպքում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը դառնում է անհնարին: Դատավոր Բալայանը նշել է, որ թեև Քրեական դատավարության օրենսգրքով «քրեական հետապնդման հարուցում» եզրույթը արտահայտվում է դատավարական որոշումների ձևով, այսինքն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշումներով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նաև (ոչ պաշտոնապես) սկսվել ավելի վաղ: Ըստ դատարանի՝ գլխավոր դատախազին չէր կարող ծանոթ չլինել դատավոր Լեւիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը Դատարանը մեջբերել է 2011 թվականին Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը՝ դատավոր Լևիկ Պողոսյանի գործով, որում վճռաբեկը նշել է, որ  «այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը»։ Նույն գործով վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում, նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ պաշտպանության իրավունքից, այսինքն՝ եթե  քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ դատավորը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը  նշված գործով քննիչի կողմից կայացված որոշման արդյունքում դատավոր Լևիկ Պողոսյանին, ըստ էության, քրեական մեղադրանք է առաջադրվել և արձանագրել, որ  Հատուկ քննչական ծառայության կողմից չեն պահպանվել դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը, Դատավոր Լևիկ Պողոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել՝ առանց ՀՀ արդարադատության խորհրդի միջոցով ՀՀ Նախագահի համաձայնությունն ստանալու, ինչի հետևանքով դատավորը փաստացի զրկվել է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից: Նշենք, որ այժմ «Արդարադատության խորհուրդ» գոյություն չունի, և  դրան փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Դատավոր Դավիթ Բալայանը գրել է, որ վերը հիշատակված որոշումը պարզապես չէր կարող հայտնի չլինել գլխավոր դատախազին, քանի որ վերջինս հունիսի 28-ին կայացրած «քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին» որոշման մեջ հղում է կատարել հենց դատավոր Լևիկ Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի որոշման կետերից մեկին, սակայն անուշադրության է մատնել նույն որոշման մեջ նշված մյուս իրավական դիրքորոշումները: «ՀՀ գլխավոր դատախազն իր իսկ կողմից կայացված որոշման մեջ արձանագրելով, որ  «...2019 թվականի փետրվարի 18-ին կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի օբյեկտիվ հատկանիշների առկայության մասին վկայող բավարար տվյալներ, այն է՝ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր...», գործնականում քրեական մեղադրանք է առաջադրել դատավոր Դավիթ Գրիգորյանին, ինչով խախտել է Լևիկ Պողոսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ զրկելով դատավոր Դավիթ Գրիգորյանին ոչ միայն օգտվելու դատավարական երաշխիքներից, այլև նաև դատավորի անկախության երաշխիքից: Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազը, փաստացի իրականացնելով քրեական հետապնդում և ձեռնպահ մնալով Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը ստանալուց, իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակությունը։ Նման պայմաններում գտնում եմ, որ քրեական գործը հարուցվել է, առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու, հետևաբար առանց օրինական հիմքի, ուստի իրականացվող քրեական հետապնդումն ի սկզբանե եղել է ապօրինի, ինչը հանգեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված հիմքով հետապնդումը բացառող հանգամանքի»,- ասված է որոշման մեջ։ Գլխավոր դատախազը վարույթն իրականացնող մարմնին զրկել է  բազմակողմանի, լրիվ եւ օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հնարավորությունից Դատավոր Բալայանը նաև հարկ է համարել նշել, որ Վերաքննիչ քրեական դատարանը քրեական գործի նախաքննության ընթացքում,  քննության առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու որոշման դեմ բողոքը՝ այն բավարարել է, բեկանել խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշումը՝ արձանագրելով, որ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում, այդ թվում նաև՝ բովանդակային (գործնական) իմաստով, իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի համար պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը, ինչը, սակայն, թե՛ ՀՀ գլխավոր դատախազի որոշման կայացման, և թե՛ քննիչի միջնորդության ներկայացման պահի դրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ստացված չի եղել»: Ի դեպ, այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Այս դատական ակտը գլխավոր դատախազը բողոքարկել է  Վճռաբեկ դատարան, և բողոքի մեջ գրել է․ «Ավելորդ չէ նկատել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նման տրամաբանությունը դեռևս կատարվելիք նախաքննության փուլում քրեական գործը կտանի փակուղի, քրեական գործով վարույթի բացառման, որի վերջնարդյունքն էլ, փաստորեն, վարույթն իրականացնող մարմնին կզրկի բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հրամայականից»: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 2-ին որոշում է կայացրել ինչպես գլխավոր դատախազի, այնպես էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին»։ Դատավոր Դավիթ Բալայանը դատական ակտում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դատախազը, մոռացության մատնելով իր վերը հիշատակված տեսակետն այն մասին , որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման առկայությունը քրեական գործը կտանի փակուղի, քրեական գործով վարույթի բացառման, որոշում չի կայացրել քրեական հետապնդումը դադարեցրելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, և դրանից հետո երեք անգամ երկուական ամսով երկարացրել է գործի նախաքննության ժամկետը: «Նման պայմաններում հարկ է արձանագրել նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալու հարուցելով քրեական հետապնդում դատավոր Դ. Գրիգորյանի նկատմամբ՝ ինքն է զրկել վարույթն իրականացնող մարմնին բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հրամայականից և հնարավորությունից»,- գրել է Դավիթ Բալայանը։ Դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի եւ դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ-ի որոշումները հիմնված են անթույլատրելի ապացույցների վրա Անդրադառնալով գլխավոր դատախազի այն փաստարկին, որ 2019 թվականի հուլիսի 27-ին ստացվել է Բարձրագույն դատական խորհուրդի համաձայնությունը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչից հետո ձեռք են բերվել Դավիթ Գրիգորյանի մեղադրանքը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի բավարար ապացույցներ, Բալայանը դիրքորոշում է հայտնել, որ հիշյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման և մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու հիմքում գլխավոր դատախազի պաշտոնակատարը դրել էր ապօրինաբար հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի ձեռք բերած, գործին կցած և Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացված անթույլատրելի ապացույցները։ Այս հանգամանքն, ըստ դատական ակտի, փաստվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշմամբ, որով բեկանվել է դատավորի աշխատասենյակում խուզակություն կատարելու թույլտվության մասին որոշումը։ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ արձանագրվել է քրեական գործի՝ ապօրինի հարուցված լինելու փաստը, արձանագրվել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելը թույլատրելու դատախազի միջնորդության, այդ միջնորդության կապակցությամբ ԲԴԽ-ի տրված համաձայնության ոչ իրավաչափ լինելը, քանի որ դատավարական վերոնշյալ գործողությունները և որոշումների կայացումը հաջորդել են քրեական գործ հարուցելուն, բացի այդ՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի և դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ-ի որոշումները հիմնված են ապօրինաբար հարուցված քրեական գործով ձեռքբերված անթույլատրելի ապացույցների վրա․ հարուցման պահից ևեթ ողջ վարույթը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ եղել է անօրինական, ուղեկցվել նրա իրավունքների, մասնավորապես՝ դատավորի անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներով: Դատարանն արձանագրել է, որ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն տալն ինքնին չի «օրինականացնում» նույնիսկ այդ որոշումից հետո նախաքննության մարմնի ձեռնարկած քննչական և դատավարական գործողությունները, դրանց արդյունքներով ձեռք բերված ապացույցները, քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները, կազմած և հաստատած մեղադրական եզրակացությունը: Ըստ դատարանի՝ գլխավոր դատախազը Դավիթ Գրիգորյանի գործի հետ ոչ համադրելի նախադեպ է մեջբերել ՀՀ գլխավոր դատախազի մյուս փաստարկն այն է, որ  «Վճռաբեկ դատարանը քաղաքացի Արթուր Կարապետյանի վերաբերյալ 2019 թվականի հունիսի 12-ին կայացված մեկ այլ որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարող մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները։ Շարունակությունը՝ hetq.am-ում
14:25 - 23 հունիսի, 2020
Սեդրակ Առուստամյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. պաշտպան
 |news.am|

Սեդրակ Առուստամյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. պաշտպան |news.am|

news.am: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով։ Այս մասին տեղեկանում ենք Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանից։ Սուքիասյանն ասաց, որ վաղը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ։ Անդրադառնալով Դատախազության՝ հունիսի 10-ի հաղորդագրության այն հատվածին, որտեղ նշվում է Առուստամյանի տված ցուցմունքից մի հատված, որ Առուստամյանն իր պապի ոսկիներն է գումարի վերածել, որը բերել է Պարսկաստանից, պաշտպանն ասաց. «Այս հատվածի հրապարակման նպատակն էլ այն էր, որ ցույց տան, թե Առուստամյանը սուտ ցուցմունք է տալիս։ Իրականություն է դա, որ պապի կողմից Պարսկաստանից բերված ոսկիներն են եղել ժամանակին։ Վարույթն իրականացնող մարմինը կասկածում էր, որ 40-ականներին Պարսկաստանում սովետական զորքեր են մտել եւ այնտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ Առուստամյանի պապը։ Մենք ստիպված ենք եղել Հայկական սովետական հանրագիտարանից համապատասխան էջը պատճենահանել ու ներկայացնել քննիչին եւ ցույց տալ, որ 1941 թվականի օգոստոս ամսին սովետական զորքերը ներխուժել են Պարսկաստան։ Զորքերը Պարսկաստանից դուրս են եղել 1942 թվականի հունվար ամսին, երբ կքնվել է դաշինք Սովետական միության, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի միջեւ։ Հետո Առուստամյանի պապը մեկնել է Արցախ, մասնակցել Հայրենական պատերազմ ու զոհվել է»։ Նշենք, որ ըստ Դատախազության հաղորդագրության՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ինչպես նաեւ, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար վերջիններիս եւ Ս․Ա-ի միջեւ կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 եւ 13.400.000 ԱՄՆ դոլարի Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):
20:20 - 22 հունիսի, 2020
Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու որոշման հետ, միաժամանակ վստահեցնում է, որ գործը զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարր չկա: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Գաբրիելյանը նախ չցանկացավ արձագանքել ընթացող գործին՝ նկատելով, որ դատախազությունը բողոքարկելու է, գործը կքննվի նաև Վերաքննիչ դատարանում: «Հետևաբար այս պահին լրացուցիչը կարծիքը գուցե ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական գործընթացների վրա»,-ասաց նա: Այնուամենայնիվ լրագրողների տարբեր հարցերից հետո պատգամավորը որոշակիորեն հայտնեց իր վերաբերմունքը. «Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի»: Գաբրիելյանը հիշեցրեց, որ ինչպես դատախազն էր նշել՝ հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել էր դեռ փետրվարից: «Ինձ համար տարօրինակ չէ, որ այդ փաստաթղթի հայտնաբերումից հետո, երբ հարցաքննվել են որոշ անձինք, տեղի է ունեցել Ծառուկյանի հայտարարությունը (խմբ.-կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին)»,-նշեց նա ու շնորհավորեց ԲՀԿ-ին, որովհետև ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը, և այդ պահանջից դեռ 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել:  Պատգամավորի խոսքով՝ նախկինում տարբեր առիթներով ուղիղ հարցադրմանը, թե պահանջու՞մ են արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ի կողմից միշտ եղել է խուսափողական պատասխան:  «Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտում, և դրանից շատ կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,-նշեց նա: Պատգամավորը նշեց՝ եթե չի սխալվում, ապա հարցաքննվել է մի անձնավորություն, որն առնչություն է ունեցել ԲՀԿ-ի հետ: «Երբ այս ամենը համադրում ենք ժամանակագրությամբ, պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այդ ինֆորմացիան»,-ասաց նա: Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ անտրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն հակառակը չպնդեր և չասեր, որ քաղաքական հետապնդում չկա, և կուսակցության առաջնորդը մեղավոր է և պետք է պատժվի: «Պարզ բան ասեմ, եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,-նշեց Գաբրիելյանը:
13:11 - 22 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. «Պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում եւ որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ այժմ խնդիրը կներկայացնեմ առավել հակիրճ եւ մատչելի: Այսպես, քննչական ենթակայությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի 6-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /…/ 154.2, /…/ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, նրա վերաբերյալ քրեական գործն էլ հարուցվել եւ քննվում է վերը նշված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որի նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Ընդ որում, նույն հոդվածի 10-րդ մասով շատ ուղիղ սահմանված է, որ. «Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա եւ սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես Հատուկ քննչական ծառայության քննիչները /…/»: Եթե դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ մեկ նախաքննական մարմնից վերցնել եւ հանձնել այլ նախաքննական մարմնի, ապա հարց է ծագում, թե ինչու է օրենսդիրը շատ ուղիղ սահմանել, որ 6-րդ մասում նախատեսված քրեական գործերը քննում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Նորից եմ հարցնում՝ ինչ նպատակով է նախատեսված այս բացառությունը եւ ում համար, եթե ոչ դատախազի : Այն, որ դատախազությունն այսպիսի անօրինական պրակտիկա է իր համար ձեւավորել, որի համաձայն ՀՔԾ ենթակայության քրեական գործերը հանձնում է ԱԱԾ-ի քննությանը, դա դեռ չի նշանակում, որ դա օրինական է: Այն, որ բազմաթիվ դատավորներՙ լավ հասկանալով, որ դատախազի այդ գործողության անօրինականությունը հաստատելով, անօրինական է դառնալու նաեւ ամբողջ քրեական գործը, ուստի դեռեւս խուսափում են այդ պրակտիկան վերացնելու հարցում առաջինը լինելուց, դա դեռ չի նշանակում, որ այդ պրակտիկան օրինական է: Եթե անգամ այս քրեական գործով եւս դատարաններն այդ խախտումն արձանագրելու համարձակություն չունենան, վստահեցնում եմ, որ մի օր այդ անօրինական պրակտիկան կվերացվի եւ դատախազությունը կվերադառնա օրինականության դաշտ: Իսկ վերջում, որպեսզի այնպես չլինի, թե սա միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն է, ցանկանում եմ ներկայացնել նաեւ այս խնդրի վերաբերյալ երրորդ՝ գործի ելքով չշահագրգռված կողմի, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Դատախազական անհնազանդություն քննչական ենթակայության նկատմամբ» աշխատությունից մի հատված. «Դատախազի լիազորությունը: ՀՀ Քր.ԴՕ-ի 190-րդ հոդվածում, որպես կանոն, հստակ սահմանված է նախաքննության այն մարմինը, ով իրավասու է տվյալ քրեական գործով նախաքննություն կատարել (քննչական ենթակայության իմպերատիվ կանոններ): Դատախազը միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում կարող է փոխել կամ որոշել ենթակայությունը (քննչական ենթակայության որոշման հայեցողություն): Քննչական ենթակայության իմպերատիվ կանոնների առկայության պայմաններում դատախազը չունի հայեցողություն՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնել եւ հանձնել մեկ այլ նախաքննության մարմնի: /…/ Գործնականում դատախազությունը, անտեսելով քննչական ենթակայության իմպերատիվ կանոնները, ինքն իրեն լիազորություն է վերապահել ցանկացած քրեական գործ մի նախաքննության մարմնից վերցնել եւ հանձնել նախաքննության այլ մարմնին։ Նման պրակտիկան ոչ այլ ինչ է, քան անհնազանդություն քննչական ենթակայության ինստիտուտի նկատմամբ»: Սա էլ երրորդ՝ անկողմնակալ անձի, գիտնականի օբյեկտիվ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին: Իսկ վերջում նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանն այս հարցին չի անդրադարձել՝ նշելով, որ այս փուլում նման իրավասություն չունի: Քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի եւ ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, ուստի այս հարցը եւս կլինի բողոքարկման առարկա»:
10:18 - 22 հունիսի, 2020
Անհարկի շահարկվում է այն պնդումը, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է․ Գլխավոր դատախազի խորհրդական

Անհարկի շահարկվում է այն պնդումը, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է․ Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր շարունակ անհարկի շահարկվում է այն պնդումը, որ 2017թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է և չի բխում քննչական ենթակայության օրենսդրական իրավակարգավորումներից՝ հաշվի առնելով, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ով քրեական դատավարության օրենսգրքի իմաստով ՀՀ ՀՔԾ սուբյեկտ է: Նախ՝ պետք է նշեմ, որ չնայած տարատեսակ մեկնաբանություններին, Գ. Ծառուկյանի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ դատական ակտի շրջանակում դատարանն այդ հարցին չի անդրադարձել։ Բայց խնդիրն անգամ դա չէ։ Իրականում, սակայն, քննչական ենթակայության հետ կապված օրենսդրությանը հակասող որևէ իրավիճակ այստեղ չկա և շահարկումներն ի սկզբանե անհիմն էին և անօգուտ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազի բացառիկ լիազորությունն է քրեական գործը նույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:Դատախազի վերը նշված լիազորությունը սահմանող իրավադրույթը նախաքննության մեկ մարմնից մյուսին քրեական գործի փոխանցման համար որևէ նախապայման կամ սահմանափակում չի նախատեսում և դատախազի լիազորության իրականացումը պայմանավորում է բացառապես քրեական դատավարության հանրային շահով, այն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից իրավակիրառական պրակտիկան անշեղորեն հետևել է վերը մեջբերված իրավանորմի նշված տրամաբանությանը: Դատարանների կողմից այդ իրավադրույթը մշտապես կիրառվել է վերոնշյալ բովանդակությամբ, և քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաքննության մարմնին հանձնարարված բազմաթիվ քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, կայացվել և օրինական ուժի մեջ են մտել մեղադրական դատավճիռներ: Այս իմաստով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի միջև արհեստական հակասություն «ստեղծելու» փորձերն անհեռանկար են: Նույնիսկ նման ենթադրական հակասության առկայության դեպում, հիմք ընդունելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը), կգործի 53-րդ հոդվածի 2-րդ մասը: Չէր խանգարի ծանոթանալ, բոլորովին վերջերս՝ 2020թ. փետրվարի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՇԴ/0001/01/20 գործով կայացված որոշմանը, որի պատճառաբանական մասից մեջբերում եմ ընդամենը մեկ հատված. «...Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քրեական գործերի քննչական ենթակայության կանոնները իրենց բնույթով անփոփոխելի չեն, և համապատասխան հանրային մասնակիցների կողմից կարող են փոխվել կոնկրետ գործերով օրենքով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Դատարանը գտնում է, որ քննչական ենթակայության կանոնների փոփոխման ճկունությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ինչպիսինը կարող են լինել՝ քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը, տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հսկող դատախազը, նրա վերադասը կարող են որոշել քրեական գործի ենթակայությունը, բացառությամբ միայն Գլխավոր դատախազի բացառիկ լիազորության մեջ մտնող վերոնշված դեպքի: ....Դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նշելով «190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին» ձևակերպումը չի կանխորոշել դրանով իսկ ենթակայության փոփոխության որևէ սահմանափակում, այլ միայն հղում է կատարել այն հոդվածին, որտեղ նշված են Հայաստանի Հանրապետությունում գործող և նախաքննության կատարելու լիազորություն ունեցող քննչական մարմինները և գործերի օրենքով որոշված ենթակայության կանոնները: Բացի այդ Դատարանը կարևոր է համարում նաև այն, որ և΄ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, և΄ 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված քննչական ենթակայության փոփոխման նպատակը նույնն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելը: ...» Վերոգրյալի հաշվառմամբ էլ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում սույն թվականի հունիսի 10-ին հարուցված քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հանձնարարվել է նախաքննության նույն մարմնին»:
21:42 - 21 հունիսի, 2020
Դատարանը կայացրել է ապօրինի դատական ակտ, դատախազությունն այն բողոքարկելու է․ գլխավոր դատախազի խորհրդականը՝ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին

Դատարանը կայացրել է ապօրինի դատական ակտ, դատախազությունն այն բողոքարկելու է․ գլխավոր դատախազի խորհրդականը՝ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, և բազմաթիվ հարցեր եմ ստանում լրագրողներից, ուզում եմ տեղեկացնել, որ ստացել ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել։ Ըստ այդմ՝ նախ՝ ուզում եմ նշել, որ միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածի հետ, այսինքն՝ դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է, այլ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքին։ Դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը: Հետևաբար, քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»։
18:42 - 21 հունիսի, 2020
Հանցագործության դեպքերը չարձանագրելու երևույթները բացառելու միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն

Հանցագործության դեպքերը չարձանագրելու երևույթները բացառելու միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն

ՀՀ դատախազությունը, Ոստիկանությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները շարունակում են հետևողական պայքարը իրավասու մարմիններում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունները միտումնավոր թաքցնելու հանցավոր երևույթի դեմ՝ բացահայտելով և իրավական գնահատականի արժանացնելով նմանատիպ հնարավոր բոլոր առանձին դեպքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․ «Մասնավորապես ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. մայիսի 16-ին Վանաձոր քաղաքի մի բնակչի բնակարանից կատարվել է երկու բջջային հեռախոսների և մեկ պլանշետի գողություն, ինչի մասին վերջինս ահազանգել է ոստիկանություն: Ահազանգի կապակցությամբ  բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի երեք աշխատակիցներ, որոնք, բնակչի կողմից նույնիսկ հնարավոր գուղություն կատարող անձի ինքնության վերաբերյալ կասկածներ հայտնելու պարագայում, ծանր հանցագործության դեպքի վերաբերյալ նրանից գրավոր հաղորդում չեն ընդունել, հանցագործությունը բացահայտելու, այն կատարած անձին ի հայտ բերելու համար սահմանված ընթացակարգով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել՝ հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու դրդումներից ելնելով: Փոխարենը բանավոր խոսքով հայտնել են, որ կզբաղվեն այդ հարցով, իսկ հաջորդ օրը քաղաքացուն վստահեցրել են, որ վերջինիս կողմից մատնանշված անձին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա չի ընդունել գողություն կատարելու հանգամանքը, նրան բաց են թողել: Ապա քաղաքացուն հրավիրել են ոստիկանության բաժին և հորդորել դիմում ներկայացնել, թե իբրև բջջային հեռախոսը կորցրել է ու չնշել գողության մասին: Վերջինս ամուսնու հետ ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցների հորդորով և թելադրանքով դիմում է ներկայացրել, թե իբրև 2019թ. մայիսի 16-ին կորցրել է իրեն պատկանող բջջային հեռախոսը՝ չնշելով նաև գողացված մյուս բջջային հեռախոսի ու պլանշետի մասին:  Արդյունքում, ենթադրաբար կատարված ծանր հանցագործության դեպքը չի արձանագրվել, չի հաշվառվել, հանցագործությունը մնացել է չբացահայտված, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել անձի իրավունքներին և օրինական շահերին, խաթարվել է արդարադատության շահը: Վերոնշյալ հանգամանքների մասին ավելի ուշ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քաղաքացին տվել է բացատրություն: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալին, քրեական հետախուզության բաժանմունքի պետին և նույն բաժնի օպերլիազորին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործությունը լիովին բացահայտելուն, զղջացել կատարածի համար: Նրանց մեղսագրվող հանցավոր արարքները հիմնավորվել են նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցներով:   Նկատի ունենալով ինչպես ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները սահմանված կարգով հաշվառելու և ստուգելու գործընթացում նմանատիպ հանցավոր չարաշահումներին նպաստող պայմաններն ու պատճառներն արմատապես վերացնելու, այնպես էլ նման երևույթները թույլ չտալու ուղղությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Տարոնի բաժնի վերահսկողական լիազորություններով օժտված իրավասու պաշտանատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելը բացառելու անհրաժեշտությունը՝  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալին: Մասնավորապես, առաջարկվել է գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանությունում տեղ գտած նման դրսևորումները բացառելու, նշված խախտումները և դրանց պատճառները պարզելու, խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց խիստ պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:31 - 20 հունիսի, 2020
Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, նշվում է, որ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։  ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը․ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ Ավելին, դրանից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձևակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձևակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան․ պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն: Ինչևէ, քրեական օրենսդրության մեջ առկա դրույթների մեծամասնությունը անուղղակիորեն հղում է կատարում սահմանադրությանը՝ մեջբերելով սահմանադրական սկզբունքները՝ ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները կամ վերաբերում կոնկրետ սահմանադրական ինստիտուտների, ինչպիսին խորհրդարանն է: Կարևոր է շեշտել Հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: Շատ, անդամ պետություններ վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու արարքին որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար և անիրավաչափորեն փոփոխելու մտադրություն կամ փաստացի փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում: Հանձնաժողովը նշում է նաև, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք են դավաճանությունը, ապստամբությունը կամ խռովությունը սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր՝ զուգակցված նշված բռոնությունը կամ հարկադիր գործողություններն ընդդեմ սահմանադրական կարգի կամ վերաբերելի այլ պաշտպանվող շահի դեմ ուղղորդելու դիտավորության (կամ փաստացի փորձի) հետ: Այն դրույթները, որոնք չեն պահանջում բռնություն կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման դիտավորություն, սովորաբար նախատեսում են ավելի հատուկ արարքներ (օրինակ, հակասահմանադրական կուսակցության կամ միավորման գրությունների և խորհրդանիշերի տարածում և օգտագործում ), որոնք ևս, էստ էության, համարվում են հակասահմանադրական: Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հարգելով քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքի սկզբունքը և օրենքներում հանցավոր արարքների բավարար չափով հստակ և ճշգրիտ սահմանումների առկայության պահանջը,  սահմանադրական կարգը և սահմանադրական կարգը տապալելու հասկացությունների վերաբերյալ անճշտությունների քննադատությունը կարող է մեղմացվել, քանի որ  կարծես թե  անդամ պետությունների միջև «համաձայնություն» կա այս հասկացությունները թողնել անորոշ կամ չսահմանված: Վերոգրյալը թույլ է տալիս հանգել հետևության, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձևակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ և ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձևակերպումներից։Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող «սահմանադրական կարգ» կամ «սահմանադրական կարգը տապալել» հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն և դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում, ինչպես քրեաիրավական՝ ճնշող մեծամասության նորմերի դեպքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ Հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները ևս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։Հանձնաժողովն այդ և ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը: Եվ այնպիսի տարբերություններն, ինչպիսիք արտահայտված են հանցակազմում օգտագործվող եզրույթներում, չեն դիտվել որպես դրանք անորոշ դարձնող։ Ավելին, Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որևէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության մասին քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։ Կարևոր է փաստել, որ «սահմանադրական կարգ» հասկացության՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մեկնաբանությունը սահմանված է եղել և սահմանված է սահմանադրական իրավունքի գիտական, ուսումնական և ուսումնաօժանդակ գրականության մեջ, ինչը կարևոր նշանակություն ուներ, նաև մասնագիտական խորհրդատվությամբ, արարքը կատարելիս թույլատրելի վարքագծի սահմանները գիտակցելու և այն դրան համապատասխան կառուցելու համար։ «Սահմանադրական կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավունքում, որում շեշտադրված են սահմանադրաիրավական այն արժեքները, որոնք միջազգային փորձի ուսումնասիրությամբ թվարկված են նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, ընտրություններ և այլն։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությոնների հանցակազմերի որոշակիության ապահովման համար, ըստ միջազգային փորձի, կարևոր նշանակություն ունեցող՝ բռնության հատկանիշը ևս Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին և այն հետևանքները՝ սահմանադրական կարգի տապալման բովանդակությունը կազմող սահմանադրաիրավական արժեքների վնասումը, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում»։
17:18 - 19 հունիսի, 2020
Ծառուկյանի փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը. Աբրահամյանը՝ հայտարարության մասին

Ծառուկյանի փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը. Աբրահամյանը՝ հայտարարության մասին

Շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք շարունակում է անողոքաբար կիրառվել, բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամարություններ գեներացնելու նպատակով: Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր ՀՀ գլախավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք, որը ստացվել է միջնորդություններն Ազգային ժողովում մուտքագրվելուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը, որովհետև հայտարարության մեջ նշվածը չի համապատասխանում իրականությանը: «2020թ. հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, սույն քրեական գործով ձերբակալվել է Ռ. Մուրադյանը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Դրանից անմիջապես հետո՝ նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, օրենքով սահմանված կարգի համաձայն՝ վերջինս կասկածյալի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է, և նրա հայտնած տեղեկությունները ներառվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված միջնորդագրերում: Հաջորդ օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 17:40-ից մինչև ժամը 19:00-ն, Ռ. Մուրադյանը պաշտպանի մասնակցությամբ երկրորդ անգամ է հարցաքննվել կասկածյալի դատավարական կարգավիճակով, որի ընթացքում պնդել է նախկինում տված ցուցմունքը՝ հայտնելով լրացուցիչ տվյալներ և հստակեցնելով գործով անցնող անձնանց դերակատարությունը: Երկրորդ ցուցմուքնում Մուրադյանի հայտնած հանգամանքերը չեն ներառվել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերում, սակայն օրենքով նախատեսված կարգով ներկայացվել են դատարան Գ. Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման միջնորդության քննության ընթացքում: Նշված պայմաններում փաստաբանը, ձեռքի տակ ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից դատարանին ներկայացված որպես խափանման միջոց կալանավորման համար հիմնավոր կասկածի ամենաբարձր շեմը հաղթահարելու համար անգամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, սակայն իրավաչափորեն չտիրապետելով քրեական գործում առկա մյուս նյութերին, մասնավորապես՝ Ռ. Մուրադյանի 14.06.2020թ. տված ցուցմունքին, տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Նման ապատեղեկատվություն տարածելը դատավարության մասնակիցներին պրիմիտիվ մակարդակի մանիպուլյատիվ գործընթացների մեջ ներքաշելու փորձ է՝ միտված նաև քրեական գործի շուրջ ավելորդ և անհարկի իրարանցում առաջացնելուն, ինչն անընդունելի վարքագիծ է»,- գրել է Աբրահամյանը:
13:44 - 19 հունիսի, 2020
Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

 |armenpress.am|

Դատախազությունը կբողոքարկի գրավի դիմաց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը: Ընդ որում գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել, և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
19:15 - 18 հունիսի, 2020