ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության Դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԵԱՏՄ, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններից ժամանած առողջապահության ոլորտի պատասխանատուները, մասնագետները և գիտնականները կքննարկեն նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հակազդմանն ուղղված երկրների գիտական փորձի և ազգային ներուժի ամրապնդմանն առնչվող հարցերը: Ոլորտի մասնագետները կփոխանակվեն նոր կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում իրենց փորձով և ձեռքբերումներով: Բացի դրանից՝ միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակել համաճարակային վերահսկողության կատարելագործման մեխանիզմներ, ինչպես նաև որոշել COVID-19-ի հետագա տարածման կանխարգելման հեռանկարները: Միջազգային համաժողովին հայկական կողմը կներկայացնի COVID-19 համավարակի համաճարակաբանությունը և հակազդմանն ուղղված միջոցառումները: Քննարկվելու են հետևյալ թեմաները. Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Կանխատեսում և մոդելներ: Հակահամաճարակային միջոցառումներ:COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձը:SARS-CoV-2 մոլեկուլային գենետիկական բնութագրերը:Ախտորոշման և թեստ-համակարգերի փորձարկման նոր մոտեցումները:COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկությունները:Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները:
17:32 - 10 դեկտեմբերի, 2020
Ֆրանսահայ բժիշկ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ. հանդիպում առողջապահության նախարարությունում

Ֆրանսահայ բժիշկ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ. հանդիպում առողջապահության նախարարությունում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով:  Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների, հումանիտար օգնությունների մասին` կողմերն անդրադարձել են վիրավոր զինվորներին անհրաժեշտ վերականգնողական բուժման կազմակերպման աշխատանքներին:  Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ պատրաստ են նաև աջակցություն ցուցաբերել այդ հարցում` հավելելով, որ քննարկումներ են ընթանում  ֆրանսիական Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքների և Հայաստանի բժշկական կազմակերպությունների միջև` այս ոլորտում համագործակցություն ծավալելու վերաբերյալ:  «Բոլոր վիրավոր զինվորները տեղափոխվել են Հայաստան և իրենց բուժօգնությունն ամբողջովին կազմակերպվում է այստեղ: Սակայն նրանք կարիք ունեն նաև վերականգնողական բուժման, և այդ ուղղությամբ Հայաստանի առողջապահական համակարգը քայլեր է ձեռնարկում ոլորտը զարգացնելու նպատակով», - բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը` ասել է Արսեն Թորոսյանը: Միաժամանակ, կողմերը քննարկել են հումանիտար օգնության հնարավոր տարբերակները` ոչ միայն երկու երկրի կառավարությունների, այլև հիմնադրամների, մասնավորապես «Մերիո» հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչի կապակցությամբ էլ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ: 
15:07 - 10 դեկտեմբերի, 2020
Շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին. Արսեն Թորոսյան |1lurer.am|

Շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին. Արսեն Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին՝ կա՞ արդյոք վերականգնողական բժշկության համար անհրաժեշտ ֆինանսավորում՝ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած տղաների առողջապահական խնդիրները լուծելու համար, ասաց 2021 թ. պետական բյուջեում այդ գծով ավելացում դեռ չկա, բայց կան հաշվարկներ: «Մենք ունենք արդեն հաշվարկներ: Այդ թիվը մոտավորապես 2.8 միլիարդ դրամ է: Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշվել է ներառել առաջնահերթությունների ցանկում և տարվա սկզբում այլ առաջնահերթություններ վերանայելու արդյունքում տեղափոխել առողջապահության հատված, որ կարողանանք ծավալն ամբողջությամբ ծածկել»,- պարզաբանեց նախարարը: Իսկ մինչ հատկացումը վերականգնողական ծառայությունները մատուցվում են թողունակության ծավալին համապատասխան, և դադարեցում գումարներ չլինելու պատճառով տեղի չի ունենա: Նախարարը նշեց, որ շուտով հայտնի կդառնա վերականգնողական նոր կենտրոնի բացման մասին: «Որորտն ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր, ինչի կապակցությամբ էլ մշակում ենք «Վերականգնողական ազգային ծրագիր» անունով փաստաթուղթ, որի ընդհանուր համակարգումը կապահովի այդ ծառայությունները՝ անկախ նաև այս ռազմական գործողություններից՝ ներառելով կենտրոնական խոշոր ծառայությունների, մարզային ծառայությունների»,- նշեց Թորոսյանը:
17:59 - 09 դեկտեմբերի, 2020
Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ, ըստ տարիքային խմբերի, ունի հետևյալ պատկերը. մինչև 4 տարեկանների շրջանում գրանցված ցուցանիշն աճել է 1,5 անգամ, 5-14 տարեկանների շրջանում` 1,7 անգամ, 15-29 տարեկանների շրջանում` 1,4 անգամ, 30-64 տարեկանների շրջանում` 1,3 անգամ, 65-ից բարձր տարիքի անձանց շրջանում` 1,6 անգամ։ Ինչպես փաստում են արձանագրված տվյալները, ընդհանուր առմամբ, հիվանդացության ցուցանիշն աճել է բոլոր տարիքային խմբերում։ Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ախտորոշված թոքաբորբ հիվանդացության ինտենսիվ ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է մոտ 1,1 անգամ։ Շտապ օգնության կանչերից ՍՇՎ-ով պայմանավորված կանչերի տոկոսը կազﬔլ է 13,1%, ինչը նախորդ շաբաթվա հաﬔմատ աճել է 3,3%-ով: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում և կիրառվում է ավելի քան տասը տարի:  որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։ Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմեք պոլիկլինիկա և պատվաստվեք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին:
17:24 - 08 դեկտեմբերի, 2020
Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Գևորգ Սիմոնյանն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Գևորգ Սիմոնյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից: «Այսօր դիմումիս համաձայն ազատվեցի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կենտրոնի պրոֆեսիոնալ թիմին, որի գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր դարձավ իրականացնել մեծամասշտաբ փոփոխություններ, որոնք են․ Պատերազմի ընթացքում մեր վիրտուոզ այրվածքաբանների շնորհիվ որակյալ մասնագիտական բուժօգնություն են ստացել ծանր այրվածքներ ստացած 122 զինծառայող, կատարվել է 75 բարդ վիրահատական միջամտություն։ Պատերազմի ընթացքում Կենտրոնի ենթակայությամբ գործող շուրջ 40 շտապօգնության մեքենաներով կազմակերպվեց սահմանագոտուց վիրավորների տեղափոխման ամբողջական գործընթացը։ Ձեռք են բերվել հետևյալ սարքավորումները. ա․ 1986 թվականի խորհրդային արտադրության ռենտգեն սարքը փոխարինվել է 2020 թվականի արտադրության թվային ռենտգեն սարքով, բ․ ախտորոշիչ լաբորատորիայի անխտիր բոլոր սարքերը փոխարինվել են 2020 թվականի արտադրության ավտոմատ ախտորոշման սարքերով, ինչը, նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, անհամեմատ բարձրացրեց ախտորոշման ճշգրտությունը, գ․ վիրահատական սեղան, վիրահատարանի լույսեր, անզգայացման սարք և վիրահատական գործիքներ, դ․ թոքերի արհեստական շնչառության սարքեր և պացիենտ մոնիտորներ, ե․ շարժական ուլտրաձայնային հետազոտության սարք և այլն. 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ անձնակազմի միջին աշխատավարձը կազմում էր շուրջ 130 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն՝ 240 հազար ՀՀ դրամ. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին դրամարկղի մուտքը միայն լաբորատոր ծառայության գծով կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ (2019 նույն ժամանակահատվածում դրամարկղի մուտքը 0 է եղել). ֆինանսական վիճակը, ըստ տարիների՝ 2018 թ․՝ 37 մլն ՀՀ դրամ վնաս, 2019 թ․՝ 9 մլն ՀՀ դրամ վնաս, 2020 թվականն արդեն կփակվի շահույթով: Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանքի համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:        
20:02 - 07 դեկտեմբերի, 2020
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը` որպես գլոբալ խնդիր

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է հակաբիոտիկների կիրառմանը: «Արդեն խոսել ենք բակտերիաների այն հատկությունների մասին, որոնք էվոլյուցիայի ընթացքում դրանք ձեռք են բերել հակաբիոտիկներից պաշտպանվելու համար` ձևավորելով հակաբիոտիկային կայունություն: Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինի հայտնաբերման կապակցությամբ Նոբելյան մրցանակ ստանալիս իր ելույթի ընթացքում նախազգուշացրել է, որ «դժվար չէ մանրէները դարձնել պենիցիլինի հանդեպ կայուն», և որ մարդիկ կարող են մահանալ հետագայում բակտերիաների՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն դառնալու պատճառով: Մեծ գիտնականի կանխատեսումն իրականություն է դարձել այսօր: Գնահատումները ցույց են տալիս, որ Եվրոպայում շուրջ 25 հազար և ԱՄՆ-ում 23 հազար մարդ տարեկան մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներով հարուցված վարակներից: Մինչդեռ Ասիայում կայուն մանրէներով պայմանավորված վարակներից յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մահանում է մեկ երեխա: Հիշեցնենք, որ ոչ թե մարդիկ կամ կենդանիներն են կայուն դառնում հակաբիոտիկի նկատմամբ, այլ` բակտերիաները: Այս բակտերիաները կարող են վարակել մարդկանց և կենդանիներին` առաջացնելով դժվար բուժելի հիվանդություններ: Վարակների աճող ցանկը, ինչպիսիք են` թոքաբորբը, տուբերկուլոզը, արյան վարակները, գոնորեան և սննդային հիվանդությունները, դառնում են ավելի դժվար բուժելի և երբեմն անբուժելի, քանի որ հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը կայուն բակտերիաների հանդեպ: Այսօր հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է խոցել ցանկացած մարդու, ցանկացած տարիքի, ցանկացած երկրում: Որո՞նք են այն գործոնները, որ նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով: Աշխարհի շատ երկրներում հակաբիոտիկների վաճառքն ազատ է, այսինքն` մարդիկ այն կարող են գնել դեղատնից առանց դեղատոմսի: Մի կողմից անհրաժեշտ է սահմանափակել այս դեղերի չարաշահումը, մյուս կողմից` ապահովել նրանց բավարար հասանելիությունն իրական կարիք ունեցող հիվանդների բուժման համար: Բուժման ստանդարտ ուղեցույցների բացակայությունը կարող է նպաստել բուժաշխատողների և անասնաբույժների կողմից այս դեղերի չափազանց շատ նշանակմանը: Հակաբիոտիկների օգտագործումը բացառիկ չէ մարդկանց համար: Վերջիններս օգտագործվում են նաև անասունների և ձկների բուժման համար՝ վարակները կանխելու նպատակով: Սակայն հակաբիոտիկները շատ երկրներում վարակների բուժումից զատ օգտագործվում են կենդանիների աճը խթանելու և բերքատվությունը մեծացնելու նպատակով: Ամեն տարի արտադրվող 100 հազարից 200 հազար տոննա հակաբիոտիկների մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտներում: 1987 թվականից ի վեր չեն ստեղծվել նոր դասի հակաբիոտիկներ, որոնց նկատմամբ կայուն բակտերիալ ձևեր դեռ չեն առաջացել: Նոր հակաբիոտիկների մշակումը պահանջում է նորարարական տեխնոլոգիաներ և ֆինանսավորման լուծումներ` այս ոլորտում հետազոտությունները խթանելու համար: Դեղերի ստեղծումը շատ մեծ ներդրումներ է պահանջում: Միջին հաշվով, նորարարները կարող են ակնկալել 10-ից 15 տարի և մինչև 2,6 միլիարդ դոլարի ներդրում` ընդամենը մեկ նոր դեղամիջոց ստեղծելու համար: Քաղաքների ավելի խիտ բնակեցման, ինչպես նաև հիգիենայի բացակայության և սանիտարական անբավարար պայմանների պարագայում, քաղաքային կենտրոնները դառնում են բակտերիաների աճի և բազմացման համար իդեալական միջավայր` մեծացնելով վարակների տարածման հավանականությունը, որն էլ մեծացնում է կարիքը հակաբիոտիկների նկատմամբ: 2019-ին ՄԱԿ-ի հակամանրէային կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և կարող են այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնեն ծայրահեղ աղքատության շեմին: COVID-19 համավարակի ընթացքում հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կարող է սրել հակամանրէային կայունության ներկայիս գլոբալ հիմնախնդիրը: Ուստի խնդիրը մեղմացնելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել թե՛ անհատական և թե՛ հասարակության մակարդակներում: Թե ինչպե՞ս կարող ենք յուրաքանչյուրս աջակցել խնդրի լուծմանը որպես անհատ, և ի՞նչ ընդհանուր վերափոխումներ անել, այդ մասին` հաջորդիվ»,- տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:      
19:14 - 07 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսի ժամանակ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունել պետք չէ. ԱՆ |1lurer.am|

Կորոնավիրուսի ժամանակ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունել պետք չէ. ԱՆ |1lurer.am|

1lurer.am: Վերջին օրերին առողջապահության նախարարությունն ահազանգում է հակաբիոտիկների չարաշահման մասին: Բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ մարդիկ կորոնավիրուսով վարակվելիս առանց բժշկի դիմելու, հակաբիոտիկներ են խմում: Շատերն իրենց ծանոթ-բարեկամներից են իմանում՝ ով ինչ դեղորայք է ընդունել, նույնը կրկնում են: Ոչ մի օրգանիզմ նման չէ մյուսին, և յուրաքանչյուր մարդ կորոնավիրուսը յուրովի է տանում՝ բացատրում է նախարարի խորհրդատուն: Հետևաբար, որևէ մեկի ընդունած և նրանց օգնած դեղերը մեկ ուրիշի համար կարող են վնասակար լինել: «Անտիբիոտիկի կարիք ունենում են՝ ըստ ուղեցույցների, ըստ վիճակագրական տվյալների՝ հոսպիտալացված, թոքաբորբով հիվանդների միայն 3,5-8 տոկոսն է ունեցել բակտերիալ վարակ: Այսինքն` վիրուսային թոքաբորբը երբ կա այն 92 տոկոսում, իրենց անտիբիոտիկը օգտակար չէ, չի բուժում»,- ասում է ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը։ Հակաբիոտիկի անհրաժեշտություն, ըստ մասնագետի, առաջանում է, երբ միանում է երկրորդային բակտերիալ վարակը: Հետևաբար դա ցուցված է ընդունել նրանց, ում ջերմությունը 38-ից բարձր է, շնչառությունը ծանրացած է, թոքերում թթվածնի մակարդակը կամ, այլ կերպ ասած՝ սատուրացիան 90-ից ցածր է:   Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
18:37 - 05 դեկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։ Նախարարն այցի ընթացքում հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին, որոնք շարունակում են իրենց բուժումը կենտրոնում։ Նա հետաքրքվել է վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել նրանց բուժման ընթացքին և մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում։ Այցը շարունակվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», որտեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և կատարվող վերանորոգման աշխատանքներին։
12:41 - 05 դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերի 4-ի դրությամբ կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում. ԱՆ

Դեկտեմբերի 4-ի դրությամբ կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել.   «Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն, և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում: Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբերին Առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները: Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Սարքավորումը միակն է և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով: Մասնավորապես, դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում: Այս պահին Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»։
19:53 - 04 դեկտեմբերի, 2020