ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության ծրագրերի մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնության ծրագրերի մասին

1992 թվականին ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ն ընդունվել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Ամբողջ աշխարհում այդ օրը կազմակերպվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ միջոցառումներ՝ նրանց պայմանները բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար՝ տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Վերջին 2 տարում առողջապահության նախարարությունը բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել` ընդլայնելով հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման անվճար ծառայությունները: Մասնավորապես, 1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք կարող են օգտվել` Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում. Վիրահատական և թերապևտիկ բուժում, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող հետևյալ բժշկական ծառայություններից (բացառությամբ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց). 1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ.5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտներով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա.8) սրտի կաթետերային աբլացիա.9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում.10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը).11) արթրոսկոպիկ վիրահատություններ.12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները.13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով.14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ.15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.,16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում): Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանադմություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետական պատվերի շրջանակներում իրականացվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման ծառայություններից` ըստ բժշկական ցուցումների. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաներին (մինչև 18 տարեկան) տրվող արտոնությունը` դեղերը դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց` 50 տոկոս զեղչով տրամադրելու վերաբերյալ: Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում.  1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվելու պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից, այդ թվում՝ թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական բժշկական օգնությունից  ու սպասարկումից, իսկ 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք` արտոնյալ պայմաններով` համավճարի սկզբունքով (բացառությամբ ատամի հեռացումը)՝ հայտնում է ՀՀ ԱՆ-ից:
18:56 - 03 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսը խթանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը

Կորոնավիրուսը խթանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը

COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակումը և չարաշահումը կարող է վատթարացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը` ունենալով աղետալի հետևանքներ գլոբալ մակարդակով: Այսօր կփորձենք հասկանալ` ի՞նչ է  հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը: Այս ամսին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, սակայն այսօր համարվում են ժամանակակից աշխարհի ամենամեծ «չարիքներից» մեկը: Այս ծայրահեղ փոփոխության հիմքերը պատմության մեջ են: Մինչև հակաբիոտիկների հայտնաբերումը մարդիկ վարակները բուժում էին բորբոսով կամ բուսական էքստրակտներով, օրինակ` եգիպտացիները բորբոքված վերքերի վրա բորբոսնած հաց էին դնում: Բակտերիաներով հարուցված վարակները, ինչպիսիք են` թոքաբորբը, փորլուծությունը, որոնք համարվում էին մահվան թիվ մեկ պատճառ նույնիսկ զարգացած երկրներում, հակաբիոտիկների շնորհիվ դարձան հեշտ բուժելի: Հակաբիոտիկը շատ պատահական հայտնաբերել է Ալեքսանդր Ֆլեմինգը: 1928 թվականին արձակուրդից վերադառնալուն պես նա նկատել է, որ բորբոսն աղտոտել է ստաֆիլակոկի մանրէներով տարան, որը նա պատահաբար չէր ծածկել: Այն հատվածներում, որտեղ աճել էր բորբոսը, ստեղծվել էին մանրէներից ազատ գոտիներ: Ֆլեմինգը մեկուսացրել է բորբոսը և աճեցրել առանձին տարայի մեջ: Այսպիսով, նա ստացել է մաքուր պենիցիլին, որը նույնիսկ փոքր քանակով արդյունավետ պայքարում էր ստաֆիլակոկի դեմ: Այն լայնորեն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բորբոքումները բուժելու նպատակով և նույնիսկ անվանվել է «հրաշք դեղ»` փրկելով շատ ու շատ կյանքեր: Բակտերիաների էվոլյուցիան բնական ընտրության օրինակ է և սատարում է Դարվինի էվոլյուցիայի տեսությանը: Սա նշանակում է, որ ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, այնպես էլ բակտերիաներն օժտված են միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու հատկությամբ: Այս հատկության շնորհիվ բակտերիաները գոյատևել են մոլորակի վրա միլիոնավոր տարիների ընթացքում` լինելով նրա ամենավաղեմի բնակիչները: Ի՞նչ մեխանիզմներ օգտագործեցին բակտերիաները հակաբիոտիկային դարաշրջանում գոյատևելու համար. չէ՞ որ այս դեղերը ստեղծվել էին պայքարելու մասնավորապես բակտերիաների դեմ` սպանելով դրանց կամ կանխելով վերարտադրողականությունը: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը ներկայացնում է այս մեխանիզմներից հետևյալները. Բակտերիաները կարող են ձևափոխել կամ սահմանափակել իրենց «մուտքի դարպասները»: Օրինակ, ճանաչելով «թշնամի-հակաբիոտիկը», ընտրողաբար սահմանափակում են դրանց թափանցումը բակտերիալ բջիջ` արտաքին պաշտպանիչ թաղանթի միջոցով: Բակտերիաները կարող են արտադրել պոմպեր՝ բջիջ ներթափանցած հակաբիոտիկ դեղամիջոցները հեռացնելու համար: Բակտերիաները արտադրում են ֆերմենտներ, սպիտակուցներ, որոնց միջոցով քայքայում են հակաբիոտիկները: Որոշ հակաբիոտիկներ ազդում են բակտերիաների հատուկ թիրախների վրա: Ի պատասխան` բակտերիաները կարող են ձևափոխել այս թիրախներն այնպես, որ հակաբիոտիկների կողմից դառնան անճանաչելի: Վերոնշյալից երևում է, որ բակտերիաներին հաջողվել է ձեռք բերել բավականին կատարյալ բնական գոյատևման մեխանիզմներ, ինչը նշանակում է, որ չարաշահելով հակաբիոտիկների անպատեհ օգտագործումը COVID-19-ը համավարակի պայմաններում` հնարավոր է, որ մարդկությունը կորցնի վարակիչ հիվանդությունների հանդեպ տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված վերահսկողությունը: Կոչ անելով միջազգային գործողությունների նախաձեռնությանը` ԱՀԿ-ն  արտահայտում է մտահոգություն. «Խնդիրն այնքան լուրջ է, որ սպառնում է ժամանակակից բժշկության նվաճումներին: Հետ-հակաբիոտիկային դարաշրջանը, որում սովորական վարակները և աննշան վնասվածքները հաճախ մահվան ելքով կարող են ավարտվել, 21-րդ դարի հավանական իրականությունն է»: Հաջորդիվ կներկայացնենք, թե հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ի՞նչ գլոբալ խնդիրների առջև է կանգնեցրել մարդկությանը և կդիտարկենք այս խնդիրները COVID-19-ի համատեքստում:
14:21 - 02 դեկտեմբերի, 2020
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում:  Այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդիական է հնչում: Միայն համընդհանուր պատասխանատվության և համերաշխության մթնոլորտում բոլորի` պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր կլինի դիմակայել այսօրվա մարտահրավերներին` հաղթահարել կորոնավիրուսային վարակը, հայտնաբերել, կանխարգելել, բուժել և, ի վերջո, վերացնել ՄԻԱՎ-ի համաճարակը բնակչության խոցելի խմբերի շրջանում` Կայուն զարգացման նպատակներին համահունչ: Վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 38 միլիոն, որոնց շուրջ 68%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 700 հազար նոր դեպք և 690 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 448-ը` 2019թ. ընթացքում: 1988թ. մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 221 դեպք օտարերկրացիների շրջանում, որոնցից 198-ը` 2019թ. ընթացքում: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող և իր կարգավիճակն իմացող 2326 մարդ: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։ Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումների գրեթե չի հանգեցրել (այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` այն ցածր է եղել 5%-ից): Քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ` հնարավոր եղավ դեղեր հասցնել բուժում ստացող անձանց, ներառյալ` արտերկրում ժամանակավորապես գտնվող մեր հայրենակիցներին: Այսօր մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ կշարունակենք ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակին` մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանը հասնելու ուղղությամբ` մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում և բուժվողների 95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։
16:07 - 01 դեկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերի հետ կապված հաշվետվություն է ներկայացրել

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերի հետ կապված հաշվետվություն է ներկայացրել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։  1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  4 945 270 160  2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  705 948 100  3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  954 504 059  4  Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր  393 021 823  5  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  982 327 805  6  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  2 446 097 104  7  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  3 362 427 040  8  Բժշկական կենտրոնների վերանորոգում  981 716 259  9  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  397 088 237    Հանրագումար  15 168 400 586    
14:26 - 28 նոյեմբերի, 2020
Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:  Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում: «Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը: Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
10:30 - 28 նոյեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկների օգտագործումը, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել: Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությամբ հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե' անհատական, թե' սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք:  Հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել ծանր ախտանիշներով հիվանդներին՝ բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկներն օգտագործվել են նաև մեղմ ախտանիշները բուժելու համար, նույնիսկ թոքաբորբի զարգացման ցածր ռիսկի պարագայում: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ:  Այսպիսով, COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել, ինչը վտանգավոր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել հակամանրէային դեղերի անհասանելիության այն հիվանդների համար, ովքեր իրապես դրանց կարիքն ունեն: Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, հակաբիոտիկների ցածր որակը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը:   Ավելի մանրամասն հասկանալու համար, թե ի՞նչ գլոբալ խնդիրներ կարող է առաջացնել հակաբիոտիկների չարաշահումը COVID-19-ի բուժման ընթացքում, կարող եք ծանոթանալ հաջորդիվ:
16:06 - 27 նոյեմբերի, 2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին՝ նշելով, որ վերջնարդյունքում երկրների մեծ մասն ունենալու է մոտավորապես նույն արդյունքները: «Ինչ-որ մի շրջան կար, երբ Հայաստանը 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս, բայց հիմա որ վիճակագրությունը նայում ես, այն դառնում է փոխանցիկ: Ինչ-որ մի ժամանակ Հայաստանն է, ինչ-որ մի ժամանակ Վրաստանն է, ինչ-որ մի ժամանակ Իտալիան է, Բելգիան է, Բրազիլիան է, ԱՄՆ-ն է և այլն: Հույս ունեմ, որ այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք: Չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ պատվաստանյութ չկա, այս ցուցանիշը բոլոր երկրները դրոշի նման վերցրել են կամ վերցնելու են: Շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100 հազար բնակչի թվով ամենամեծ վարակելիություն ունեցող երկիրը»,- նշեց Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մանրամասներ ներկայացրեց պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ: «Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Ինչպես բազմաթիվ երկրներ, մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա՝ ինչպես ամբողջ աշխարհի համար»,- նշեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերջնական պրոդուկտի մասին է, փորձնականներ հիմա շատ երկրներ են կիրառում: Պատվաստանյութը կլինի 300 հազար բնակչի 600 հազար դոզա: Քանակը սահմանափակված չէ, հետագայում կավելացի ըստ անհրաժեշտության: Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութի համար հստակ խմբեր են լինելու՝ քրոնիկական հիվանդություն ունեցող, տարեց մարդիկ, փակ հաստատություններում ապրողները, բուժաշխատողները և այլն:
12:14 - 26 նոյեմբերի, 2020