Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ․ հարցվածների 52%-ը բացասական կարծիքի է
15:16 - 03 մայիսի, 2023

Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ․ հարցվածների 52%-ը բացասական կարծիքի է

Նախօրեին հրապարակվեցին Հայաստանում հանրային կարծիքի վերաբերյալ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում, մասնավորապես հունվարի 23-մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով։ Իսկ հարցումներում ընդգրկվել է 18 տարին լրացած 1513 ՀՀ քաղաքացի։

Մասնակիցները, ի թիվս այլնի, պատասխանել են հարցին՝ արդյոք բավարարվա՞ծ են մեր երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքով, թե՞ ոչ։ Հարցվածների 17%-ը պատասխանել է, որ բավարարված է, եւ որ փոփոխությունը կատարվում է ճիշտ տեմպերով, 42%-ը բավարարված չէ, կարծում է՝ փոփոխությունը դանդաղ է կատարվում։ 4%-ն այն կարծիքին է, որ փոփոխությունը շատ արագ է կատարվում, եւ որ բավարարված չէ ընթացքով, 35%-ը կարծում է, որր ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ ահա 2%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հարցվածների 52%-ը կարծում է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է սխալ ուղղությամբ, 36%-ը՝ ճիշտ ուղղությամբ, իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հարցվածների 29%-ը հայտնել է, որ շատ հետաքրքրված է քաղաքականությամբ, 35% պատասխանել է, որ ընդհանրապես հետաքրքրված չէ, 14%-ն ավելի շոտ հետաքրքրված է, իսկ 22%-ն ավելի շուտ հետաքրքրված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել