Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան
 |1lurer.am|
12:47 - 03 մայիսի, 2024

Ուզում եմ խնդրել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, որ միասին այս բարդ ճանապարհն անցնենք. Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Կիրանցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ կարծիք հայտնելով, թե կիրանցիների հույզերի վրա ազդում են կեղծ լուրերը, թե իբրև թուրքը հայկական բարձունքներ է գրավում, գյուղերը տրվում են:

Հակոբ Արշակյանը ներկայացրեց նաև կիրանցիների և փակված ճանապարհն անցնող քաղաքացիների միջև գրանցված միջադեպը և այս համատեքստում պետության պարտավորությունը:

«Քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և  չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով: Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում: Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են: Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն, պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել: Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել»,- ասաց նա և անթույլատրելի համարեց նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ, ինչպես նաև մեքենանր կոտրելը, մարդկանց ահաբեկելը, ստերով ծայրահեղություններ արդարացնելը:

Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցնիների հույզերի վրա:

«Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել