Պահանջում ենք անվավեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը». հայտարարություն
14:00 - 11 մայիսի, 2023

Պահանջում ենք անվավեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը». հայտարարություն

Պահանջում ենք անվավեր ճանաչել «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք ՀԿ-ներ:

Հայտարարությունում ասվում է. «2022 թվականի օգոստոսի 5-21-ը e-draft հարթակում օնլայն ձևաչափով քննարկվել է «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ կազմակերպությունները տվյալ նախագծի 4 տարբերակների վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում ներկայացրել են առաջարկություններ, ինչպես նաև հիշեցրել պատասխանատու գերատեսչություններին, որ ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը ենթակա են ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԵԳ)։ Վերջին՝ չորրորդ նախագծի վերաբերյալ  ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության առաջարկությունները, ի լրումն նախապես ներկայացված՝ մեկնաբանություններով աշխատանքային տարբերակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել վերջինիս հետ համաձայնեցված ժամկետում՝ 2022թ. օգոստոսի 26-ին, սակայն դրանք չեն հրապարակվել e-draft հարթակում տեղադրված տեղեկանքում, դրանց վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային լսումներ, չեն ներկայացվել դրանք չընդունելու պատճառները:

Հաշվի առնելով նախագծի հետագա առաջխաղացման մասին տեղեկատվության բացակայությունը, մեր խմբակցության անդամներից մեկի՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անունից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարին խնդրել ենք  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված 5-օրյա ժամկետում տեղեկացնել, թե ինչ ընթացքում է նախագիծը, երբ են նախատեսվում ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացները և առնչվող հանրային քննարկումները: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ս.թ. մայիսի 8-ին ստացել ենք պատասխան, որ ռազմավարության փաթեթը չի ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի արձագանքել։

Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացել ենք, որ ս.թ. մայիսի 6-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Մեկ շաբաթ այց, այսօր, մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստին ընդունվել է տվյալ փաստաթուղթը՝ հավանաբար զեկուցելով, որ անցել է համապատասխան քննարկումներ։

Հարկ ենք համարում հրապարակային շեշտել, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրա  իրականացման գործողությունների ծրագիրը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում են հիմնադրույթային փաստաթուղթ և, 14-րդ հոդվածի համաձայն, ենթակա են ռազմավարական էկոլոգիական գնահատման, ինչպես նաև դրա շրջանակում՝ հանրային քննարկումների համապատասխան շահագրգիռ շրջանակների հետ։

Շրջակա միջավայրին առնչվող ռազմավարական փաստաթղթերը հանրային քննարկման ենթակա են նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության հասանելիության» (Օրհուս, 1998թ․) կոնվենցիայի համաձայն։ Արժե հիշել, որ տվյալ կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արդեն իսկ բազմիցս է արձանագրել Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայի դրույթների խախտումները։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում ՀՀ գործադիրին ապահովել տեղական և միջազգային օրենսդրության պատշաճ կիրարկումը։ Պահանջում ենք

ՀՀ կառավարությունից՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ի 1-ին մասի համաձայն՝ Օրհուսի կոնվենցիային և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմքով անվավեր ճանաչել 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը և Շրջակա միջավայրի նախարարությանը՝  իրականացնել ՌԷԳ և կազմակերպել համապատասխան հանրային քննարկումներ քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբերի, ներառյալ՝ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության մասնակցությամբ՝ պատշաճ հաշվի առնելով կարծիքները․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը՝ տալ պաշտոնական բացատրություն Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը ապօրինի եղանակով առաջ մղելու համար:

ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ

Վիկտորյա Բուռնազյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Օլեգ Դուլգարյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ

Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Սուրեն Ներսեսյան, Երևանի պետական համալսարան

Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել