ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին
 |1lurer.am|
11:43 - 08 մայիսի, 2025

ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրա­պետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարան­ցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրին և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարու­թյունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի՝ Աշգաբաթի համաձայնագրի իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի՝ չզեկուցվող հարցերի ցանկում:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին (այսուհետ՝ Աշգաբաթի համաձայնագիր) ՀՀ-ի միանալը կստեղծի նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում իտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային և տարանցիկ պոտենցյալից օգտվելու համար։

Աշգաբաթի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։

Աշգաբաթի համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։

Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը»:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ համաձայնագիրը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ու տնտեսական համագործակցության խորացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել