Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը |armenpress.am|
18:11 - 07 մայիսի, 2025

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ Այս մասին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Պատգամավորը բարձրաձայնեց Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի լճերի», ինչը վկայում է երկար տարիներ չլուծված համակարգային խնդիրների մասին։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի միայնակ միջոցներն ու հնարավորությունները բավարար չեն խնդրին ֆունդամենտալ լուծում տալու համար։

Նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
«Քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք։ Նմանատիպ խնդիրներ ունեն նաև հարթավայրային մարզերի քաղաքային բնակավայրերը։ Մենք մեր փողոցաշինական բոլոր ծրագրերում ընդգրկում ենք նաև ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման ու արդիականացման բաղադրիչը։ Արդեն իսկ նմանատիպ ծրագրեր իրականացվել են Երևանում և մի շարք այլ քաղաքներում»,- ասաց Խուդաթյանը։

Խուդաթյանը տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ մայրաքաղաքի առավել խնդրահարույց վայրերում, իսկ 2026 թվականին նախատեսվում է ջրահեռացման համակարգերի արդիականացման ֆինանսավորումը զգալիորեն ավելացնել։

«Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կիրականացնենք, որոնց արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար», – եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել