Սպանության, սահմանն ապօրինի հատելու համար մեղադրվող ադրբեջանցին ընդունել է մեղքը. տուժող կողմի փաստաբան
 |azatutyun.am|
20:46 - 09 հունիսի, 2023

Սպանության, սահմանն ապօրինի հատելու համար մեղադրվող ադրբեջանցին ընդունել է մեղքը. տուժող կողմի փաստաբան |azatutyun.am|

azatutyun.am: Կապանի դատարանում այսօր մեկնարկեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավարությունը։ Ապրիլի սկզբին Նախիջևանից Սյունիք ներթափանցած զինծառայողը մեղադրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության, Հայաստանի սահմանն ապօրինի հատելու ու հրազեն և ռազմամթերք տեղափոխելու համար։

Դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը ցանկացել է ապօրինի հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ նպատակով էլ հափշտակել էր պահակի բջջային հեռախոսը, փորձել գործարկել տարածքում կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել էր փախուստի:

Ախունդովին ու նրա համածառայկացին՝ Ագշին Բաբիրովին հայտնաբերել էին Սյունիքի բնակիչներն ու հանձնել իրավապահներին։ Բաբիրովն արդեն դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման պետական սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք տեղափոխելու համար։

Ախունդովի՝ այսօր մեկնարկած դատավարությունը դռնփակ անցավ։ Նման միջնորդությամբ դատարանին դիմեց դատախազը՝ նշելով, որ նախաքննական նյութերը պետական անվտանգությանն առնչվող տեղեկություններ են պարունակում։ Ու թեև սպանված Հարություն Մելիքսեթյանի հարազատները հրապարակային դատավարություն էին պահանջում, դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը։

«Ազատությանը» հաջողվեց նկարահանել միայն նիստի սկիզբը, ադրբեջանցի զինծառայողը թարգմանչի օգնությամբ էր պատասխանում դատավորի հարցերին։ Նա հանրային պաշտպան ունի։

Նիստի սկզբում միջադեպ տեղի ունեցավ. սպանված կապանցու դուստրը, տեսնելով հոր սպանության համար մեղադրվող ադրբեջանցուն, հեռախոսը նետեց նրա ուղղությամբ. նախաքննությունից որոշ մանրամասներ փոխանցեց մեղադրող դատախազը։

Դատական նիստից հետո տուժող կողմի փաստաբան Կարեն Ալավերդյանն ասած, որ Ախունդովն ընդունել է մեղքը. - «Մեղադրյալը, այո, հայտարարեց, որ ամբողջությամբ ընդունում է իր մեղքը, զղջած կատարվածի համար։ Խափանման միջոցի հետ կապված՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց երեք ամսով»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 21-ին, փաստաբանը ենթադրում է, որ հավանաբար հենց այդ օրն էլ վճիռը կհրապարակվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել